Կայծեր
 Լ
ԼԲ 

ԼԱ

ԱՍՏՂԱԲԵՐԴ

Մյուս օրը, վաղ-առավոտյան, ես և Ասլանը, մեր հյուրընկալի ծառաներից մեկին մեզ հետ առնելով, ճանապարհ ընկանք դեպի Աստղաբերդ: Արփիարը ինչ-որ գործերի համար մնաց նրա տանը:

Չգիտեմ ինչո՞ւ, ես միշտ ուրախություն էի զգում, երբ Ասլանը տանում էր ինձ մի հին ամրոց կամ բերդ ցույց տալու: Նրանց ավերակները միշտ իմ վրա ազդու տպավորություն էին թողնում: Արդյոք նրա՞ համար, որ նրանց մեջ ես տեսնում էի անցյալ փառքի և զորության խորտակված հիշատակները, թե՞ նրա համար, որ նրանց մեջ ետևում էր ժողովրդի իշխանների կյանքը, սովորությունները և նրանց հարաբերությունները` թե յուրայնոց և թե օտարների հետ:

Այդ բերդի անունն անգամ ինձ համար հրապուրիչ էր. Աստղաբե՜րդ գեղեցիկ անուն է: Ասլանը ասում էր, Աստղկա-բերդ անվան փոփոխությունը պետք է լինի:

Ճանապարհը ոլորվում էր հարթ դաշտավայրի միջով: Ես և Ասլանը նստած էինք ձիաների վրա, իսկ մեր առջևից ոտքով գնում էր մեր առաջնորդը:

Ես այժմ միայն առիթ ունեցա Ասլանի հետ խոսել Արփիարի մասին: Այդ երիտասարդը ինձ խելքից հանել էր: Բայց դեռ չգիտեր` ո՞վ էր նա, ո՞րտեղից հայտնվեցավ, ի՞նչ նպատակով էր եկել Մուշ և այլն: Ասլանը ինձ շատ բան չասաց նրա մասին, բայց որքան էլ ասաց, այն էլ բավական էր իմ հարցասիրությունը գոհացնելու համար: Ես տեղեկացա, որ նա բնիկ տրապիզոնցի էր, սովորել էր Վենետիկի Մխիթարյանների վանքում, ուսումնասիրել էր պատմություն, գլխավորապես հայոց պատմություն և հայոց լեզու, գիտեր և մի քանի հին ու նոր լեզուներ: Բայց ինչ որ ավելի զարմացրեց ինձ, նա կրոնով հայ-կաթոլիկ էր, և այնպես դառնացած կերպով խոսում էր հայ-կաթոլիկների մասին.

«Ահա՛ մի երկրորդ Ջալլադ, — մտածում էի ես, — նա կրոնով հայ բողոքական, բողոքում էր հայր-բողոքակաների հակաազգային հակումների դեմ, իսկ դա կրոնով հայ կաթոլիկ, բողոքում էր հայ կաթոլիկների հակաազգային հակումների դեմ: Բայց Ջալլադը քահանա էր, չլինի՞ թե դա ևս մի նորընծա աբեղա լիներ»:

— Ո՛չ, — ասաց Ասլանը, — սկզբում թեև ուխտած է եղել կրոնավորական կարգը մտնել, բայց հետո թողել է:

— Նա կմնա՞ այստեղ:

— Կմնա:

— Ի՞նչ պիտի շինե:

— Պիտի գործե այստեղի հայ-կաթոլիկների մեջ:

— Նա Վենետիկի վանքի կողմի՞ց է ուղարկված:

— Ո՛չ, նա ազատ մարդ է, կգործե իր սեփական միջոցներով: Նա հորից բավական ժառանգություն է ստացել:

— Եզվիտները չե՞ն հալածի նրան:

— Կհալածեն: Բայց եթե հալածանքից մարդիկ վախենալու լինեին, պետք է ոչինչ չշինեին: Իսկ նա բավական քաջություն ունի իր գործի համար:

Քաղաքից մոտավորապես երկու ժամ ճանապարհի տևողությամբ գնում էինք դեպի արևելք, անցնելով մշակված դաշտերի և գեղեցիկ, կանաչազարդ հովիտների միջով: Հեռվից երևաց Աստղաբերդը: Նա կանգնած էր Տավրոսի թևքերից մեկի վրա և, կարծես, զայրացած դեմքով նայում էր դեպի իր առջևը դրված խորին ձորերը ու լայնածավալ հովիտները: Իմ սիրտը սկսեց դողալ: Մենք մոտենամ էինք հայոց դիցուհու ամրոցին: Այստեղ էր հյուրասիրում Տարոնի աստվածուհին մեր անպարտելի հսկաներից մեկին` Վահագնին: Այստեղ, գեղեցիկ աստվածուհու գրկի մեջ, հանգիստ էր առնում հսկան` իր ահռելի կռիվներից հետո վիշապների հետ: Սերը, գգվանքը, հեշտությունը ամոքում էին վաստակած քաջի խոնջությունը:

Երբ հասանք լեռան ստորոտին, մեր առաջնորդը ներքևում պահեց ձիաները, իսկ ես և Ասլանը սկսեցինք վեր բարձրանալ: Ամրոցի վիթխարի աշտարակներից մի քանիսը, բարձր պարիսպների մեծ մասը, դեռ կանգուն էին մնացել: Ներսի շինությունները փլատակների մի տխուր տեսարան էին ներկայացնում: Երևում էին զանազան վիմափոր սենյակներ, քարանձավներ, որոնք կիսով չափ կամ բոլորովին հողով լցված էին: Պարզ երևում էր, որ ոչ թե ժամանակը պարբերաբար մաշել, տրորել էր այդ գեղեցիկ ամրոցը, այլ նա միանգամից մի սոսկալի կործանման զոհ էր դարձել: Տեղ-տեղ հողի և քարակույտի տակից դուրս էին նայում այրված, ածուխ դարձած գերանների ծայրերը: Ակներև էր, որ մի ժամանակ կրակը այստեղ սարսափելի գործ էր կատարել:

Ասլանը նստեց մի քարի վրա, ուր մամուռը սփռել էր իր թավիշյա կանաչագույն գորգը: Նա հրավիրեց ինձ նստել իր մոտ: Վաղորդյան արեգակը լուսավորում էր նրա մտախոհ դեմքը: Ես երբեք չէի տեսել նրան այնպես ընկղմված մտածությունների մեջ: Մի քանի րոպե լուռ նայում էր նա փշոտ դժնիկի վրա, որ բուսել էր մի սյունի խորտակված պատվանդանի ճեղքից և իր մանր տերևներով ծածկում էր նրա հրաշալի քանդակները: Հետո դարձավ դեպի ինձ այդ խոսքերով:

— Ես բերեցի քեզ, Ֆարհատ, այստեղ ոչ թե ամրոցը ցույց տալու համար, այլ բոլորովին այլ նպատակով: Մենք ամրոցներ, բերդեր, ավերակներ շատ տեսանք մեր ճանապարհորդության ժամանակ: Այնքանն էլ բավական էր քեզ` քո հայրենիքի մասին գաղափար տալու: Բայց ես քեզ բերեցի այստեղ, որ հենց կատարված տեղի վրա պատմեմ քեզ այն, ինչ որ մինչև այսօր ծածուկ է պահվել քեզանից, ինչ որ գուցե շատ անգամ զբաղեցրել է քո հարցասիրությունը: Այդ պետք է գիտենաս դու, որովհետև մենք շուտով բաժանվելու ենք միմյանցից...

Վերջին խոսքը նետի պես ծակեց իմ սիրտը: Ես ամբողջ մարմնով սոսկացի: Բաժանվել այն մարդից, որին այնքան սիրել էի, որին այնքան հարգում էի, որը այնքան մեծ ազդեցություն էր գործել թե իմ բնավորության և թե իմ զարգացման վրա, այդ անտանելի էր: Նա ժամանակ չտվեց ինձ մի բան ասելու և շարունակեց.

— Ես թողնում եմ այդ բերդի հին պատմական ավանդությունները, թողնում եմ և դրա վրա պատմված ժողովրդական զրույցները, այդքանը միայն կասեմ, որ այդ բերդը պատկանում էր Տարոնի հայ իշխաններին, հետո կործանվեցավ Մահմեդի քեռորդի Աբդուռահիմից, երբ նա արշավեց դեպի Հայաստան: Այնուհետև ի՞նչ վիճակների է ենթարկվել, ինձ հայտնի չէ, միայն վերջին ժամանակներում նորոգեց այդ բերդը և բնակվում էր դրա մեջ քո և մեր ամենի բարերարը` որսորդ Ավոն:

Լսելով Որսորդի անունը, ինձ զսպել չկարողացա: Ես նստած էի այն ազնիվ, առաքինի մարդու ավերակների վրա:

— Այդ նրա՞ ամրոցն է, — բացականչեցի ես, — այստե՞ղ կատարվեցավ այն սարսափելի կոտորածը, որով բնաջինջ եղավ նրա տունը, այստե՞ղ հայերի դավաճանությամբ ընկավ նա թշնամու սրերի տակ, այդ բոլորը տեսնում եմ, տեսնում եմ և հրդեհի հետքերը... բոլո՜րը տեսնում եմ...

— Այո՛, այստեղ... — կրկնեց Ասլանը նույնպես զգացված ձայնով: — Բայց Որսորդի բնակության տեղերը նույնքան փոփոխական են եղել, որքան փոփոխվել է նրա անողորմ բախտը: Մի ժամանակ բնակվում էր նա Սասունի լեռների մեջ, մի ժամանակ` Մոգաց երկրում, իսկ վերջը` այստեղ: Ամեն տեղ շուտ հաջողվում էր նրան, բայց և ամեն տեղ աղետալի արկածներ պակաս չէին լինում նրանից: Կարծես այդ մարդը ծնված էր իր ամբողջ կյանքում ծանր պատահարների հետ պատերազմելու համար... Դու գիտես, Ֆարհատ, թե ի՜նչ անցյալ է ունեցել նա, դու գիտես, թե ո՛վ է նա և ո՛րպիսի տխուր հանգամանքներից ստիպված ընկավ նա Պարսկաստան: Կրկնել քեզ այդ ամենը ավելորդ է: Դու գիտես և այն, թե Պարսկաստանում որպիսի աղքատ կյանք էր վարում Աստղաբերդի տերն ու իշխանը, պահելով իրան բոլորովին անհայտության մեջ, մի հասարակ որսորդի անվան տակ: Բայց մի բան չգիտես դու, և այդ է, որ ա՛յժմ ես պետք է պատմեմ քեզ:

Ես բոլոր ուշադրությունս լարեցի. նա շարունակեց.

— Դու, իհարկե, հիշում ես, Ֆարհատ, որ ես, Կարոն և Սագոն` երեքս միասին, թողեցինք տեր Թոդիկի դպրոցը և անհայտացանք: Անցան տարիներ, մեր հայրենիքում ոչ ոք տեղեկություն չուներ մեր մասին: Ամենքը մեզ կորած էին համարում: Բայց թե ո՞րտեղ էինք այդ ժամանակ, ի՞նչ էինք շինում, այդ դու չգիտես, ահա ա՛յդ է, որ պետք է պատմեմ քեզ, որովհետև դրա հետ կապ ունի այդ ամրոցի տիրոջ, Որսորդի առաքինության մի այլ կողմը, որ քեզ հայտնի չէ:

Նա մի քանի րոպե լուռ կացավ իր հիշողությունները ամփոփելու համար:

— Այո՛... հենց նույն օրերում, երբ մենք թողեցինք տեր Թոդիկի դպրոցը, Սալմաստով անցավ մի ամերիկացի ճանապարհորդ, մի ծերունի գիտնական, որ զանազան ուսումնական նպատակներով ուղևորություններ էր անում Պարսկաստանում: Հիվանդության պատճառով նա մի քանի շաբաթ մնաց Սալմաստում: Մի դիպվածով նա ծանոթացավ Որսորդի հետ: Որսորդը լսելով, որ ծերունի ճանապարհորդը հետաքրքրվում է նաև հնություններով, ցույց տվեց նրան մի թուր, որ Բաղդադի հին խալիֆներից մեկի անունն էր կրում իր վրա: Ամերիկացին բավական նշանավոր գումար առաջարկեց այդ հազվագյուտ զենքը գնելու համար: Որսորդը մերժեց նրա արծաթը, հայտնելով, թե ինքը մեծ հաճությամբ կընծայե նրան այդ զենքը, եթե նա կընդունե կատարել իր մի խնդիրքը: Այդ խնդիրքը կայանում էր նրանում, որ ամերիկացին հանձն առներ ինձ, Կարոյին և Սագոյին տանել իր հայրենիքը և այնտեղ տալ մի որևէ դպրոցում ուսում առնելու: Ճանապարհի ծախքը և բոլոր ծախքերը` մինչև մեր ուսման ավարտելը` իր վրա էր առնում Որսորդը:

— Փող նա ո՞րտեղուց ուներ, — ընդհատեցի ես Ասլանի պատմությունը:

— Ուներ: Այդ բերդի կործանման միջոցին նրա գանձը մնաց ծածկված իր տեղում, թշնամու ձեռքը չընկավ: Տարիներից հետո, երբ նրա մասին ամեն ինչ մոռացվեցավ, երբ նրան ամենքը սպանված էին համարում, նա ուղարկեց Մըհեին այստեղ և, իր գանձը դուրս բերելով, փոխադրեց Պարսկաստան: Այդ թող մնա, նա փող ուներ... Ծերունի ամերիկացին սիրով ընդունեց Որսորդի առաջարկությունը, որովհետև նրա համար խավար, եվրոպական լուսավորությունից զուրկ Ասիայից երեխաներ տանել և ուսում տալ, այդ մի շատ մեծ բավականություն էր: Ես դեռ չեմ մոռացել այն խոսքերը, որ նա մեզ ընդունելու միջոցին ասաց Որսորդին. «Ես այդ սիրուն պատանիներին կտանեմ ինձ հետ, և դրանք ավելի մեծ հետաքրքրություն կպատճառեն իմ հայրենակիցներին, քան թե Ասիայից տարած իմ բոլոր հազվագյուտ իրեղենները»: Որսորդը համբուրեց մեզ, օրհնեց և ճանապարհ դրեց:

Իմ սիրտը դողում էր բարի նախանձից. ինչո՞ւ ինձ էլ չուղարկեց սրանց հետ, ինչո՞ւ ես էլ չգնացի լույսի և արհեստի աշխարհը, ինչո՞ւ ինձ թողեց բթանալու տեր Թոդիկի դպրոցում: Ասլանը շարունակեց.

— Այդ պարոնին, որ տարավ մեզ, կոչում էին մստեր Ֆիշեր. նա ազգով անգլիացի էր և Նյու-Յորքի մի գիտնական ընկերության անդամ: Ամիսներ անցան, մինչև մենք անցանք Պարսկաստանը, Ավղանստանը, Հնդկաստանը և այնտեղից ծովային ճանապարհով հասանք Ամերիկա: Ավելորդ է ասել, թե ո՛րպիսի հայրական խնամք էր տանում մեզ վրա բարեսիրտ ծերունին այդ երկար, տաժանական ճանապարհորդության միջոցին, այդքանը միայն կասեմ, երբ հասանք Նյու-Յորք, մենք ամենքս շատ առողջ էինք: Իրավ, մեծ հետաքրքրություն շարժեցինք մենք այդ ամերիկական բազմամարդ քաղաքում մեր հագուստներով, մեր տիպերով, մեր սովորություններով: Գիտնական ճանապարհորդը իր հավաքած իրեղենների թվում դրեց և մեզ: Նա կազմել էր մի շարք դասախոսություններ իր ճանապարհորդությունների մասին, և նրա առաջին դասախոսության առարկան ներկայացնում էինք մենք: Դահլիճը լցված էր ունկնդիրների բազմությամբ, և դասախոսի ամբիոնի մի կողմում նստած էինք ես և Կարոն, իսկ մյուս կողմում` Սագոն և մի հնդկացի հայ տղա, որ նա վեր էր առել Ջավա կղզուց: Մեզ վրա նայում էին որպես մի անհայտ երկրից բերված վայրենիների վրա: Պերճախոս ճանապարհորդը խոսում էր և ձեռքով ցույց էր տալիս մեզ վրա: Նախ ընդհանուր գծերով նկարագրեց Ասիայի մտավոր խավարը, անկրթությունը և ժողովրդի թշվառությունը ուսման պակասության պատճառով: Հետո, մասնավորելով իր նկատողությունները, խոսեց հայոց ազգի վրա, թե ի՞նչ պատմական անցյալ է ունեցել նա, ի՛նչ նշանակություն է ունեցել Հռոմի և Բյուզանդիայի կայսրների ժամանակ, ինչ դեր է խաղացել խաչակրաց արշավանքերի ժամանակ, ո՛րքան պատերազմել է մահմեդականների դեմ և ինչ հասարակական պետք ունի ներկայումս: Իր դատողությունները առաջ տանելով, գիտնական դասախոսը այն եզրակացության հասավ, թե հայերը ընդունակ են լինելու մի հաջողակ միջնորդ` լուսավոր աշխարհների կրթությունը Ասիայում տարածելու: «Մենք մոտեցանք Ասիային մեր միսիոնարներով ու ավետարանով, — ասաց նա, — և դրանով ավելի զայրացրինք նրանց, որովհետև կրոնական ավանդապահությունը, դարերի ընթացքում, խիստ խորին արմատներ է ձգել նրանց մեջ: Մենք դիպանք նրանց հոգու և զգացմունքների ամենափափուկ լարերին և դրանով զզվանք հարուցինք նրանց մեջ` թե դեպի մեզ, և թե դեպի այն լույսը, որ տարածել էինք ուզում: Մենք մեր միսիոնարների ձեռքով կատարեցինք մի վատ ծառայություն՝ ուրիշի տան մեջ երկպառակություն ձգեցինք: Փորձենք ձեռք մեկնել Ասիային ճշմարիտ գիտության և լուսավորության առաքյալներով, այն ժամանակ, ես հավատացած եմ, որ նրանք կսիրեն մեզ: Թո՛ղ տանք կրոնի գործը իրանց: Ասիան, կրոնքների հեղինակը, գիտե իր համար նոր կրոնքներ ստեղծել, եթե այդ պետք է նրան»: Նա վերջացրեց իր դասախոսությունը այդ խոսքերով. «Ասիան տվեց մեզ գիտության նախագիտելիքները և ինքը ծերացավ անշարժության մեջ: Մենք նրա հառաջադեմ աշակերտներն ենք: Երախտագիտությունը պահանջում է, որ մենք տոկոսներով վերադարձնենք մեր ծերունի վարժապետին մեր ստացածը, որպեսզի նա դարձյալ մանկանա նոր աշխույժով և նոր կյանքով: Եվ ես այդ նպատակով բերեցի խորին Ասիայից այդ մանուկներին, որ այժմ զարդարում են իմ ամբիոնի շուրջը»... Խուռն ծափահարություն թնդացրեց ընդարձակ դահլիճը: Այդ միջոցին հանդիսականներից չորս հոգի մոտեցան դասախոսին, սեղմեցին նրա ձեռքը, առաջարկելով, թե իրանցից յուրաքանչյուրը կցանկանար մեզանից մեկին որդեգրել և իր հաշվով ուսում տալ: Ինձ վեր առեց մի այրի կին: Կարոյին վեր առեց մի կալվածատեր. Սագոյին վեր առեք մի գործարանատեր, իսկ Ռափայելին, այդպես էր հնդկացի պատանիի անունը, վերառեց մի արհեստավոր:

— Մենք բաժանվեցանք, բայց կիրակի և տոն օրերին տեսնվում էինք միմյանց հետ: Իմ բարերարուհին հայտնվեցավ մի շատ բարեպաշտ և առաքինի կին: Նա ամուսնից բավական մեծ ժառանգություն էր ստացել, և այդ ժառանգությունը պետք է մնար նրա երկու աղջիկներին, որոնցից մեկը տասնևվեց տարեկան էր, իսկ մյուսը տասնևութ տարեկան: Նրա աղջիկները մոր քնքուշ սիրտն էին կրում: Բարեպաշտ կինը ամեն հնար գործ էր դնում, որ ես հայրենիքի կարոտություն չզգամ, որ միշտ ուրախ լինեմ: Նրա գութը ավելի եղավ դեպի ինձ, երբ իմացավ, որ ես մի որբ տղա եմ, երեխայությունից զրկված եմ եղել իմ ծնողներից: Մի օր ամբողջ քաղաքը որոնել էր նա և վերջապես գտել էր մի զմյուռնացի հայ ընտանիք: Այդ ընտանիքի հետ ծանոթացավ նա, խնդրում էր միշտ իր տունը հաճախել, միայն ինձ հաճեցնելու համար, որպեսզի ես հայեր տեսնեմ և ինձ միայնակ չզգամ: Համարյա ամեն կիրակի Կարոն, Սագոն, Ռափայելը և այդ հայ ընտանիքը բոլորում էին նրա սեղանի շուրջը, և նա ուրախությունից չգիտեր, թե որպես գոհացներ իր հյուրերին: Նա խնդրում էր մեզ հայերեն խոսել և ինքը մեծ բավականությամբ լսում էր, ասելով, թե մեր լեզվի մեջ գտնում է շատ ախորժելի հնչյուններ: Նա սիրում էր լսել և հայոց երգեր, և շատ անգամ մեզ երգել էր տալիս հայ պանդուխտի երգը.

Կռունկ, ուստի՞ կուգաս,
Ձայնիկդ ի հոգիս,
Կռո՛ւնկ, մեր աշխարհեն
Խաբրիկ մը չունի՞ս...

— Այդ երգի անգղիերեն թարգմանությունը գիտեր տիկինը: Նրա մեծ աղջիկը շուտով հորինեց երաժշտական խաղեր այդ երգի եղանակով, նա ածում էր դաշնամուրի վրա, և մենք խումբով երգում էինք: Բարեսիրտ կինը նայում էր մեզ վրա և թաշկինակը սեղմում էր աչքերին:

Այդ միջոցին Ասլանը նույնպես զգացվեցավ, և նրա ձայնը սկսեց դողալ:

— Սկզբում, — շարունակեց նա, — մենք սովորում էինք զանազան տարրական դպրոցներում, որոնց մեջ մեզ տեղավորեց ինքը մստեր Ֆիշերը: Նա միշտ իր հոգաբարձության տակ էր պահում և չէր դադարում ամեն կերպով հսկել մեզ վրա: Նրա տունը մեզ համար հայրական տուն էր, ուր գնում էինք ամենայն սիրով: Մի անգամ ես հիվանդ էի, բարեսիրտ ծերունին ամբողջ գիշերներ ոտքի մատների վրա ման էր գալիս իմ մահճակալի շուրջը, ուղղում էր իմ անկողինը և փոխում էր իմ սպիտակեղենները: Երբ բավական սովորեցինք, մեզանից յուրաքանչյուրը ընտրեց մի մասնագիտական առարկա: Ես ընտրեցի բժշկություն և շարունակեցի մինչև վերջը: Ռափայելը սիրում էր արհեստներ, մեքենայագործություն, ճարտարություն, նա ընտրեց այդ մասը: Բայց Կարոն և Սագոն անդադար մի առարկայից դեպի մյուսն էին անցնում, մեկը ընտրում էին. մի քանի ամիս սովորում էին, հետո ձանձրանալով թողնում էին և մի այլն էին սկսում: Դրանց փոփոխամտությունը ոչ սակավ հոգսեր պատճառեց թե՛ մստեր Ֆիշերին և թե՛ իրանց բարերարներին, որոնց ծախքով սովորում էին: Մեր շրջանում առակ էր դարձել ասել` թե «Կարոն իր մասնագիտությունը այնպես շուտ է փոխում, որպես իր շապիկը»: Սագոն իր փոփոխամտության մեջ ավելի չափավոր էր: Իսկ Կարոն այն ծայրահեղության հասավ, որ մի անգամ թողեց մաթեմատիկան և մտավ զինվորական դպրոց: Հետո այնտեղից ևս դուրս գալով, մի ագարակում, ուր գործնական կերպով գյուղատնտեսություն էին սովորեցնում, սկսեց երկրագործությամբ պարապել: Երբ նրան հարցնում էին, թե ինչո՞ւ ես այդպես անում, նա սովորաբար պատասխանում էր. «Ախար այդ բոլորն էլ մեր երկրին պետք են»... Եվ այդպես, Կարոն շատ բան սովորեց, բայց ամեն առարկա թերի կերպով սովորեց: Նրա անհագ եռանդը միշտ ձգտում էր միանգամից կլանել բոլոր ուսմունքները: Բայց Սագոն վերջը մտավ մի վաճառականական դպրոց և այնտեղ ավարտեց:

— Ջալլադի հետ մենք ծանոթացանք շատ ուշ. նա սովորում էր մի հոգևոր դպրոցում և ուղարկված էր այնտեղ Զեյթունի բողոքական միսիոնարների ձեռքով: Նա բնիկ զեյթունցի էր: Սկզբում նա խույս էր տալիս մեզանից, հետո այնքան ընտելացավ, որ սկսեց շուտ-շուտ հաճախել մեզ մոտ: Նա իր դպրոցի հառաջադեմ աշակերտներից մեկն էր և, դեռ չավարտած, նրան ուղարկում էին Նյու-Յորքի շրջակա գյուղերը, փորձնական քարոզներ կարդալու: Կարոն չէր սիրում նրան, իսկ մենք ամենքս հարգում էինք: «Ի՛նչ էլ որ լինի, տերտերի հոտ է գալիս դրանից», միշտ այդ էր կրկնում Կարոն և հեռանում էր նրանից: Մստեր Ֆիշերը խորհուրդ էր տալիս նրան` թողնել աստվածաբանությունը և մի այլ առարկա ընտրել, բայց նա չէր ընդունում:

— Եվ շատ լավ էր անում, — ընդհատեցի ես Ասլանի պատմությունը, — հիմա նրա աստվածաբանությունը մեզ պետք է գալիս, թեև միսիոնարների օգտին չէ ծառայում:

— Բայց նա հետո փոխվեցավ, — պատասխանեց Ասլանը, — երբ վերադարձավ իր հայրենիքը և տեսավ միսիոնարների անպիտանությունները: Սկզբում նա, նույն հոգվով կրթված, մի մոլեռանդ միսիոնար էր: Այդ թողնենք, անցնենք դեպի մեր պատմությունը:

— Մի անգամ արտասուքը աչքերում մտավ ինձ մոտ Կարոյի բարերարի քույրը: Դա մի պառավ աղջիկ էր, որ ուխտել էր ամուսնական մխիթարությունը փոխարինել բարեգործական մխիթարությամբ և մի որբանոցի հոգաբարձուհի էր դարձել: — «Նա չկա», — բացագանչեց գունաթափ օրիորդը և թուլացած կերպով ընկավ իմ բազկաթոռի մեջ. — «երեք օր է, որ տուն չի վերադարձել, ոչ մի նամակ չի թողել և անհայտացել է»... Օրիորդը սկսեց դառն կերպով հեկեկալ: Ինձ անհնար եղավ մխիթարել նրան, մինչև ներս մտան իմ տան տիկինը և նրա աղջիկները: — «Նրա բոլոր ծանոթների մոտ գնացի», — կրկնում էր խեղճ օրիորդը արտասվալի ձայնով, — «ոչ ոք նրա մասին ոչինչ չգիտե... ես նրան ճանաչում եմ... նա մի արկածախնդիր տղա է... անպատճառ նրա հետ մի բան պատահած կլինի»... Ես օրիորդին թողեցի իմ սենյակում և իսկույն վազեցի մստեր Ֆիշերի մոտ: Սկզբում մտածում էի, թե ո՞վ է իմանում, Կարոն է, տեսնես ինչ քամի է փչել քթին, թողել է մեզ, և մի որևէ ծակուծուկ մտել է: Բայց հետո անցքը ինձ շատ ծանր երևաց: Կարոն այնքան անխոհեմ չէր, որ առանց իմացում տալու հեռանար քաղաքից: Մստեր Ֆիշերը զարմանքով լսեց, երբ բոլորը պատմեցի նրան: Հետո աջ ձեռքը թափ տվեց, զարկեց սեղանին, ասելով. — «Մի բան կա... գրավ կբռնեմ, եթե այնպես չլինի»... — «Ի՞նչ բան, ասացեք խնդրեմ, ես նրա մասին շատ անհանգիստ եմ»: Ծերունին այդքանը միայն ասաց, թե վերջին ժամանակներում նկատում էր, որ նա մտնում էր զանազան շրջաններ, — ի՞նչ շրջաններ, — այդ մասին նա ոչինչ չխոսեց, միայն ավելացրեց. — «Թեև ցավալի է, բայց նրա ձգտումներն ազնիվ են»... Այդ մթին խոսքերով ծերունին ավելի սաստկացրեց իմ անհանգստությունը, ես թողեցի նրան և վազեցի Սագոյի մոտ: Նա շվարած մնաց, երբ լսեց այդ անցքը: Նա նույնպես ոչինչ չգիտեր, միայն այդքանը ասաց, թե վերջին ժամանակներում խիստ սակավ էր տեսնում Կարոյին, և միշտ ինչ-որ մտատանջության մեջ էր գտնում: Ես սկսեցի զանազան տարակուսանքների մեջ ընկնել: Անցավ մի ամիս, երկու ամիս և մի ամբողջ տարի, նրանից ոչինչ լուր չունեինք: Մենք ամենքս նրան կորած էինք համարում: Հանգիստ էր միայն մստեր Ֆիշերը: Հանկարծ նրանից մի նամակ եմ ստանում: Ի՞նչ եք կարծում, ո՞րտեղից, Հարավային Ամերիկայից: Նա անթիվ ներողություններ էր խնդրում, որ, առանց մեզ հայտնելու, հեռացավ մեզանից: Այդ նամակը խիստ ուրախալի տպավորություն գործեց իմ վրա: Բանից դուրս եկավ, որ նա գնացել էր այնտեղ տեղային ագարակները ուսումնասիրելու և տեղային բանվորների դրությունը հետազոտելու: Ո՞րքան ուրախ էր նա իր նամակի մեջ. գրում էր, թե մի հարուստ կալվածատիրոջ դաստակերտում կառավարչի պաշտոն էր ստացել, իր ձեռքի տակ աշխատում էին մի քանի հարյուր բանվորներ: Երբ այդ մասին հայտնեցի մստեր Ֆիշերին, նա իր սովորական բարի ժպիտը երեսին ասաց. «Կարոն ուզում էր ամեն բան սովորել, ամեն բան փորձել, ասելով, թե իր հայրենիքին պետք են»:

— Չգիտեմ, Սագոն նամակ ստացե՞լ էր Կարոյից, թե ոչ, բայց ես նրան ոչինչ չասացի իմ ստացած նամակի մասին: Միայն նկատում էի, որ նա էլ, ինչպես ասում են, իր խելքումը չէր: Անդադար ճանապարհորդություններ էր անում, շատ անգամ շաբաթներով բացակա էր գտնվում Նյու-Յորքից: «Այդ ո՞րտեղ ես թափառում», — մի անգամ հարցրի նրանից: «Ես Ամերիկայի գաղթականների կյանքն եմ ուսումնասիրում», — պատասխանեց նա: «Այդ մասին հարյուրավոր գրքեր կան, կարող ես կարդալ», — նկատեցի ես: «Գրքի մեջ գրածի և աչքով տեսածի մեջ մեծ զանազանություն կա», — ասաց նա: «Վերջապես ի՞նչ նպատակ կա դրանում», — հարցրի ես, փոքր-ինչ վիրավորվելով նրա ծածկամտությունից: Նա բավական սառն կերպով պատասխանեց. «Մի՞թե չգիտես, որ հայերը սիրում են գաղթականություն, մի՞թե չգիտես, որ գաղթականությունը մեր ազգի կյանքում մի պատմական երևույթ է, որ կրկնվել է ամեն դարերում և շարունակվում է մինչև այսօր: Ուրեմն, մեզ պետք չէ՞ ուսումնասիրել գաղթականության պայմանները, նրա հետևանքները, մի խոսքով, նրա բոլոր լավ և վատ կողմերը: Եվ ո՞րտեղ կարող ենք ավելի հիմնավոր կերպով ուսումնասիրել, եթե ոչ այստեղ, որ գաղթականների մի ընդարձակ աշխարհ է»:

— Ես Կարոյի նամակի պատասխանը գրեցի, հայտնելով գլխավորապես այն միտքը, թե նա մեր երկու բարերարների` որսորդ Ավոյի և մստեր Ֆիշերի, հույսերը արդարացրած չի լինի, եթե չի վերադառնա իր հայրենիքը և իր ստացած ուսումը իր հայրենակիցների օգտին չի ծառայեցնի և այլն: Ինչպես երևում է, իմ նամակը ազդել էր նրա վրա: Ամիս չանցավ, նա կրկին հայտնվեցավ Նյու-Յորքում և իր բարեկամներին մեծ ուրախություն պատճառեց: Բայց նա այլևս առաջվա Կարոն չէր: Հաճախ տեսնում էի նրան լուռ, մտախոհ և վրդովված տրամադրության մեջ: Ի՞նչ էր պատահել նրա հետ: Այդ մասին ոչինչ չէր ասում: Ինձ թվում էր, որ նա մինչև անգամ աշխատում էր խույս տալ ինձանից, և ավելի տեսակցում էր Ռափայելի ու Սագոյի հետ: Մի անգամ երեքն էլ եկան ինձ մոտ: Իսկույն հասկացա, որ մի բան կա: Մի քանի րոպե լուռ մնացին, հետո Կարոն ասաց. «Մենք գնում ենք»: «Ո՞ւր — հարցրի ես զարմանալով»: «Բավական է, որքան մնացինք այստեղ, գնում ենք մեր հայրենիքը»: Ես մտածեցի, որ դրանք որքան կարող էին սովորել, սովորեցին, և եթե ավելի ևս մնալու լինեին, գուցե մի ուրիշ հոսանքի մեջ կընկնեին, այդ պատճառով ես էլ բարվոք համարեցի, որ գնան: «Մստեր Ֆիշերը իմանո՞ւմ է», — հարցրի ես: «Իմանում է», — պատասխանեց Կարոն: «Իսկ դու մեզ հետ չե՞ս գալու»: Ես բացատրեցի, որ ինձ անկարելի է նրանց հետ ուղեկից լինել, որովհետև դեռ մի տարի մնում է, մինչև մասնագիտությունս կվերջացնեի: «Ո՞ր ճանապարհով եք գնում», — հարցրի ես: «Այն ճանապարհով, որ բերեց մեզ այստեղ», — պատասխանեց Կարոն խորհրդավոր ձայնով: «Ուրեմն Հնդկաստանո՞վ, Ավղանիստանո՞վ», — կրկնեցի իմ հարցը: «Այո՛», — ասաց Կարոն:

— Այդ խոսակցությունից մի շաբաթ հետո, Նյու-Յորքի հյուրանոցներից մեկում ճաշ էր պատրաստված: Սեղանի շուրջը բոլորել էին այն ընտանիքները, որ որդեգրել էին մեզ և որոնց բարերարությամբ մենք ուսում ստացանք: Նրանց թվումն էր և մստեր Ֆիշերը: Անկարելի էր նկարագրել ազնիվ ծերունու ուրախությունը: Նա այնօր պետք է ճանապարհ դներ իր սրտին շատ մոտ գաղափարի արդյունքը դեպի հեռավոր Ասիա: Սեղանի մի կողմում շարքով նստած էին ճանապարհորդները` Կարոն, Սագոն ու Ռափայելը: Ես, իբրև մնացող, նստած էի մստեր Ֆիշերի մոտ: Կարոյի բարերարի քույրը շաքարից և զանազան քաղցրավենիքից շինել էր տվել մի բիբլիական նշանաբան, որ դրած էր սեղանի վրա: Մենք ամենքս ուտում էինք, խմում էինք, նայում էինք այդ շաքարեղեն լեռան վրա: Կենացները, բարեմաղթությունները չափ ու սահման չունեին: Այստեղ վերջին անգամ մեզ երգել տվեցին հայ պանդուխտի երգը: Ճաշը վերջացավ մստեր Ֆիշերի ճառով, որի մեջ բացատրեց նա գիտության բարձր նշանակությունը և, դառնալով դեպի ճանապարհորդները, խոսեց նրանց, թե որքան մեծ պարտականություններ ունեն նրանք կատարելու թե՛ դեպի գիտությունը և թե՛ դեպի այն ժողովուրդը, որի մեջ գնում են նրանք և որը կարոտ է գիտության: Կարոն իր ընկերների կողմից պատասխանեց նրա ճառին և հանդիսավոր կերպով ուխտեց, որ թե՛ ինքը և թե՛ իր ընկերները միշտ հավատարիմ կմնան գիտության և կարդարացնեն իրանց բարերարների ցանկությունները: Ճաշից հետո մենք ամենքս կառքերով գնացինք մինչև երկաթուղու կայարանը, և այնտեղ, համբուրվելով, բաժանվեցանք միմյանցից: Վագոնները շարժվեցան, նրանք դեռ նայում էին լուսամուտներից, ճոճում էին իրանց գլխարկները, իսկ ամերիկացի աղջիկները, երկար կանգնած, իրանց թաշկինակներով ողջույններ էին ուղարկում նրանց ետևից:

— Պետք է ասած, որ մեր երիտասարդները լավ անուն թողեցին: Նրանք սիրված էին բոլոր ընտանիքների մեջ, ուր ծանոթություններ ունեին. երկար չէին մոռանում նրանց, հիշում էին նրանց խոսքերը, հիշում էին հայ պանդուխտի երգը և միշտ հարցնում էին ինձանից, արդյոք նամակ չունե՞մ նրանցից: Բայց անցան ամիսներ, անցավ ավելի քան մի տարի, ես ոչինչ լուր չունեի: Ես արդեն վերջացրել էի ուսումս, պատրաստվում էի հայրենիք վերադառնալ, երբ Բաթավիայից ստացա մի նամակ, որը ավելի մի փոքրիկ գրքույկ կարելի էր կոչել, քան թե նամակ: Գրում էր Ռափայելը: Անկարելի է նկարագրել, թե ո՜րքան տխրությամբ կարդացի ես այդ նամակը, որի մեջ իմ ընկերների ամբողջ ապագան փչացած էի տեսնում: Բայց նախքան նամակի բովանդակության մասին խոսելը, ես, իբրև միջանկյալ, պետք է հիշեցնեմ քեզ մի փոքրիկ մանրավեպ, որով ավելի հասկանալի կլինի քեզ նամակի բովանդակությունը: Դու, իհարկե, չես մոռացել, որ իմ պատմության սկզբում ասացի, թե մստեր Ֆիշերի հետ Ամերիկա գնալու ժամանակ` Պարսկաստանից անցանք Ավղանիստան, այնտեղից Հնդկաստան, հետո Ամերիկա: Լավ լսիր: Ավղանիստանից անցնելու միջոցին Քաբուլի մոտակայքում, անապատի մեջ, մեզ պատահեց տեսնել հայ-բոշաների մի բանակ, որ բաղկացած էր մի քանի հարյուր ընտանիքներից: Նրանք բնակվում էին եղեգնյա շարժական տաղավարների մեջ, որ չվելու ժամանակ ման էին ածում իրանց գրաստների վրա: Այդ թափառականները այնքան հետաքրքրեցին մեզ, մանավանդ մստեր Ֆիշերին, որ մնացինք նրանց բանակում մի ամբողջ շաբաթ: Չափազանց հյուրասեր, ուրախ, անհոգ և պարզ մարդիկ էին: Մի հալածանքի պատճառով նրանք գաղթել էին Սպահանի կողմերից և անցել էին դեպի Ավղանիստանի անապատները: Խոսում էին պարզ հայերեն, պահպանել էին լուսավորչական կրոնը, ման էին ածում իրանց հետ շարժական եկեղեցի և քահանաներ: Թե ի՞նչ պատմական հանգամանքներից ստիպված, կամ ո՞ր ժամանակներից սկսել էին նրանք թափառական կյանք վարել, այդ դժվար էր ստուգել, միայն այդքանը պարզ էր, որ նրանք դարերի ընթացքում այնքան էին փոխվել, որ բոլորովին սեփականել էին իրանց բոշաների սովորությունները: Կարոն համարյա սիրահարվեցավ նրանց վրա. մենք դժվարությամբ կարողացանք բաժանել նրան այդ թափառականներից: Ահա այդ հայ-բոշաներն էին գլխավորապես Ռափայելի նամակի առարկան:

Ես անհամբերությամբ լսում էի. Ասլանը նայեց իր ժամացույցին և շարունակեց.

— Կարոն իր ընկերների հետ, երբ հասնում են Հնդկաստան, մոռանում են այն ուխտը, որ հանդիսավոր կերպով հայտնեցին` Նյու-Յորքից մեկնելու միջոցին, վերջին ճաշի ժամանակ, իրանց բարեկամների շրջանում, այո՛, մոռանում են և հրապուրվում են բոլորովին այլ մտքերով: Նրանք նախ մտնում են Ջավա կղզու Բաթավիա քաղաքը, որտեղ բնակվում էր Ռափայելի մայրը և նրա ազգականները: Այդ քաղաքում կային նշանավոր հայ վաճառականներ և հարուստ հայ կալվածատերներ, որոնք իրանց սեփական դաստակերտներում շաքարի և լեղակի գործարաններ ունեին: Դրանք Շահ-Աբասի Սպահան տարած գաղթականներիցն էին, որոնք ԺԸ-րդ դարու սկզբում թողեցին Սպահանը և գաղթեցին Ջավա կղզու վրա: Բացի Բաթավիայից, որ կղզու մայրաքաղաքն է, Ջավայի փոքրիկ քաղաքներում ևս, ինչպես են` Սուրբայիա, Չրիբոն, Թըգալ, Բանիումաս, Ջըպարա, Սըմարանգ և այլն, կային նույնպես հայ գաղթականներ, որ ապրում էին հոլանդացոց իշխանության ներքո և պարապում էին հողային արդյունագործությամբ: Անջատված լինելով Հայաստանից, այդ հեռավոր կղզու վրա դեռ նրանց մեջ վառ էր պահված սերը` թե՛ դեպի իրանց ազգը և թե դեպի իրանց հայրենիքը: Եթե հեռվից այլ կերպով չէին կարողանում օգնել իրանց ազգին, բայց փող չէին խնայում: Կարոն ծանոթանում է կղզու հարուստներից մի քանիսի հետ: Այստեղից երեքը միասին անցնում են Հնդկաստանի մյուս քաղաքները, և ամեն տեղ, ուր հայ գաղթականներ էին բնակվում: Լինում են Կալկաթայում, Սինգապուրում, Դաքայում, Չիչրայում, Մադրասում, Բասրայում, Սուրաթում, Բոմբայում և ուրիշ շատ տեղերում: Տարածվելով Հնդկաստանի ընդարձակ թերակղզու վրա, հայ գաղթականները իրանց ձեռքն էին առել երկրի վաճառականությունը ու հարստությունը: Փողի հարստության հետ նրանք պահպանել էին և ազգային զգացմունքների հարստությունը, որի ապացույցը կարող է լինել այն նշանավոր բարեգործությունը, որ զանազան ժամանակներում կատարել են Հնդկաստանի հայերը: Գուալիերում մեր երիտասարդները ծանոթանում են հայազգի զորապետ Կոռնել Հակոբի հետ, որ մեծ դեր էր խաղում: Կարոն դեռ Ամերիկայում եղած ժամանակ, երբ խոսվում էր Հնդկաստանի հայերի մասին, նա միշտ այն միտքն էր հայտնում, թե Հնդկաստանի հայերին, չնայելով նրանց հարստությանը, պետք է կորած համարել: Նա ասում էր, թե հայ գաղթականները, փոքրիկ խումբերով, ցրված լինելով թերակղզու զանազան տեղերում, միմյանցից հեռու, միմյանցից անջատված, առանց որևէ կապի, այսպես կարող են մի ժամանակ կլանվել, անհետանալ ուրիշ ավելի զորեղ տարրերի մեջ: Եվ որպեսզի այդ վտանգի առաջն առնվի, անհրաժեշտ է նրանց բոլորին ի մի խմբել և կազմել մի ազատ, անկախ գաղթաշենք: «Ինչո՞ւ, — ասում էր նա, — եվրոպացի մի սափրիչ մի խումբ սրիկաներով կգա Հնդկաստան, մի տեղ կգրավե և իր համար ազատ գաղթաշենք կհիմնե, իսկ հայերը, իրանց հարուստ խելքով ու հարուստ քսակով մի այդպիսի բան չե՞ն կարող անել»: Այդ Կարոյի մտածության վաղեմի ցնորքն էր: Եվ այդ նպատակով նա իր ընկերների հետ թափառում էր Հնդկաստանի թերակղզու վրա և անցավ մինչև Բիրմանիայի պետությունը: Բայց այդ նպատակին հասնելու համար հարկավոր էր, որ մի այսպիսի գաղթաշենքի հիմքը իրանք դնեին, որտեղ, իբրև կենտրոն, հետզհետե հավաքվեին զանազան տեղերում սփռված մյուս գաղթականները: Իսկ մի ազատ գաղթաշենք հիմնելու համար նախ հարկավոր էր մի երկիր գրավել, և այդ գուցե առանց արյան չէր կարող հաջողվիլ: Բայց Կարոն և նրա ընկերները կարողացել էին մի բան հաջողացնել: Պետք է ասած, որ այդ ժամանակներում անգլիացոց իշխանությունը դեռ շատ չէր տարածված Հնդկաստանի թերակղզու վրա, դեռ կային զանազան մանր հնդկական իշխանություններ, կային և բոլորովին ամայի, անտեր և անբնակ երկրներ: Այդ անբնակ երկրներից մի ամենահարմարը ընտրում են նրանք, պայման են կապում մի հարևան հնդիկ ռաջայի հետ և խոստանում են միմյանց փոխադարձ օգնականություն: Արդեն երկիր կա, իսկ այդ երկիրը լցնելու համար պետք էր ունենալ բնակիչներ: Կարոն մտաբերում էր Ավղանիստանում տեսած հայ-բոշաներին: Այդ հալածական, տոկուն, ամեն կլիմայի դիմացող մոլաշրջիկների մեջ գտնում է նա մի ամենահարմար հասարակություն` մի ազատ գաղթաշենք հիմնելու համար, ընտելացնելով նրանց հաստատաբնակության և աշխատասեր կյանքի: Այդ նպատակով թողնում են նրանք Հնդկաստանը և գնում են Ավղանիստան: Հայ-բոշաներին գտնում են միևնույն անապատներում, ուր առաջ տեսել էին: Նրանց առաջին ջանքը լինում է` համոզել բոշաներին, որ հանձն առնեին մի այնպիսի հեռավոր գաղթականություն, հետո սկսում են նախապատրաստել ու վարժեցնել նրանց անձնապաշտպանության, որ եթե հարկ լիներ զենքի դիմել, բոլորովին անզոր չգտնվեին: Այդ պատճառով նրանք բավական ժամանակ մնում են բոշաների մեջ: Երևում էր, որ Կարոյին հաջողվել էր Հնդկաստանի հայերից նպաստներ ընդունել, եթե ոչ, մի այնքան բազմություն շարժել իր տեղից` առանց ծախքերի չէր կարող լինել: Ամեն ինչ խոստանում էր հաջողություն, միայն բոշաները դեռևս տատանվում էին գաղթել մի հեռավոր աշխարհ, որ բոլորովին անծանոթ էր նրանց: Այդ էր պատճառը, որ Կարոն ստիպված էր կրկին վերադառնալ Հնդկաստան, տանելով իր հետ բոշաների մի քանի գլխավորներին, որ նրանք աչքով տեսնեին իրանց համար պատրաստված «ավետյաց երկիրը» և հավատային, որ այնտեղ ավելի լավ կանցներ նրանց կյանքը: Այստեղ դու պետք է լսես մի սիրավեպ, Ֆարհատ, այդ հարկավոր է քեզ գիտենալ: Ինչպես ասացի, Կարոն իր ընկերների հետ բավական ժամանակ մնում է բոշաների մեջ: Մի այդպիսի ուրախ, մշտազվարթ և ջերմ կրքերով լի հասարակության մեջ, շատ բնական է, որ մեր երիտասարդների տնտեսական մեծ գաղափարները չէին կարող անցնել առանց սիրահարական մանր արկածների: Մի սևաչյա աղջիկ գրավում է Կարոյի զգայուն սիրտը: Կարոն խոստանում է նրան իր սերը և իր ձեռքը, խոստանում է փութով վերադարձ, և բոշաների ներկայացուցիչների հետ ճանապարհ է ընկնում: Ռափայելը և Սագոն մնում են բոշաների բանակի մեջ: Բայց մինչև Կարոյի վերադառնալը պատահում է մի մեծ դժբախտություն: Սկսվում է ավղանների և պարսից պատերազմը: Պարսիկները հաղթում են, անցնում են ավղանների երկիրը, կողոպտում են և միևնույն ասպատակության ժամանակ, հանդիպելով բոշաների բանակին, թալանում են նրանց, գերի տանելով բազմաթիվ կանայք և աղջիկներ, որոնց թվում գտնվում է և Կարոյի նշանածը: Եվ երբ Կարոն ուրախ, լի մեծամեծ հույսերով վերադառնում է Հնդկաստանից, գտնում է բոշաների բանակը ցրիվ եկած, և անապատում նրանց հետքն անգամ չէ տեսնում: Կարող ես երևակայել Կարոյի դրությունը: Մի ավղանցի, որ անապատում ուղտեր էր արածացնում, պատմում է նրան ցավալի եղելությունը: Կարոյի նման մի ամուր բնավորություն միայն կարող էր դիմանալ մի այդպիսի ծանր հարվածի: Նա մի անգամից ունենում է երկու մեծ կորուստ, որ այնքան մոտ էին նրա սրտին, որ այնքան գրավել էին նրա մտածությունները, մեկը` անկախ, ազատ գաղթականությունը Հնդկաստանում, մյուսը` իր սիրած աղջիկը... Երկար որոնումներից հետո Քաբուլի հայոց եկեղեցու բակում գտնում է Ռափայելին և Սագոյին, հիվանդության մահճի մեջ դրված: Նրանց վերքերը դեռ չէին բժշկվել, որ ստացել էին պարսից սարվազների հարձակման ժամանակ: Նրանցից տեղեկանում է Կարոն աղետալի անցքի մանրամասնությունները: Նրանք պատմում են, թե հարձակումը տեղի ունեցավ գիշերով, իրանք, խառնված լինելով կռվի մեջ, չկարողացան նկատել, թե ո՛վ հափշտակեց, կամ ո՛ր կողմը տարան նրա նշանածին: Բայց երբ առավոտյան լույսը բացվեցավ, նրանք գտան իրանց վիրավոր ընկած, որոնց թշնամին, սպանված համարելով, թողել, հեռացել էր: Իսկ բոշաների մասին դեռ չգիտեին, թե ի՞նչ եղան, կամ ո՞ւր գնացին: Կարոն մնում է վիրավորների մոտ, մինչև առողջանում են: Հետո, Սագոյին իր հետ առնելով, գնում է Պարսկաստան, իսկ Ռափայելը վերադառնում է Ջավա կղզին: Ահա՛ այդ էր Ռափայելի նամակի բովանդակությունը, որ ես ստացա Բաթավիայից, այդ էր, որ ստիպեց ինձ շտապել և շուտով իմ հայրենիքը վերադառնալ: Ես ավարտել էի իմ ուսումը, Ջալլադը նույնպես ավարտել էր: Երկուսս միասին թողեցինք սիրելի Ամերիկան, տանելով մեզ հետ շա՜տ և շա՜տ անմոռանալի հիշատակներ...

Ասլանը իր պատմությունը հասցրեց մինչև այստեղ, իսկ նրա շարունակությունը ես արդեն գիտեի... Այո՛, ես գիտեի, ես դեռ չէի մոռացել այն խոսքերը, որ մի օր անզգուշությամբ թռցրեց իր լեզվից պառավ Սուսանը, երբ առաջին անգամ հանդիպեցի նրան, արաբական մինարեթի մոտ: «Երբ Դինբուլի խանը կողոպտեց, կոտորեց մեր ցեղը, Սուսանը կապեց իր քամակին Կարոյի երեխան և մենակ անցավ Հերաթի անապատներից»... Արդյոք Հյուբբին Կարոյի երեխան չէ՞ր, որին պառավ բոշան ման էր ածում իր հետ: Արդյոք Դինբուլիների ամրոցում փակված կինը Կարոյի կորցրած նշանածը չէ՞ր, որ Սուսանի միջոցով աղաչում էր Կարոյին ազատել իրան գերությունից: Արդյոք այդ պառավ բոշան. Սուսանը, Կարոյի նշանածի մայրը չէ՞ր, որ կախարդի անունով մտնում էր Դինբուլիների ամրոցը, իբր թե կանանց համար գուշակություններ անելու և, այդ առիթից օգուտ քաղելով, տեսնում էր իր աղջկան: Ես դեռ չէի մոռացել այն խոսքերը, որ մի անգամ, ավերակ մատուռի մոտ, այն նվիրական ծառերի տակ Հյուբբին միամտաբար ասաց ինձ. «Հյուբբին Սուսանի թոռն է, Հյուբբին անբախտ աղջիկ է, նրա մայրը կորած է, Հյուբբին պտրում է իր մորը...»: Այդ բոլորը ինձ համար պարզ էր: Բայց մի բան դեռ մթության մեջ էր մնում, թե ի՞նչ եղավ հնդկացի Ռափայելը, որի մասին այնքան համակրությամբ էր խոսում Ասլանը: Ես Ասլանի կամ Կարոյի բոլոր ընկերներին ճանաչում էի, բայց այդ երիտասարդին դեռ չէի տեսել: Ես ստիպված եղա հարցնել.

— Իսկ Ռափայե՞լը, ի՞նչ եղավ Ռափայելը, նա մնա՞ց Հնդկաստանում, թե եկավ Պարսկաստան:

— Եկավ, — պատասխանեց Ասլանը:

— Ի՞նչպես է, որ ես չեմ տեսել նրան:

— Դու նրան տեսնել չէիր կարող. նա զոհ եղավ մի անտեղի կասկածանքի...

— Սպանեցի՞ն նրան: Ո՞վ սպանեց:

— Այդ մի հարցրու, — ասաց Ասլանը տխուր ձայնով և երեսը շուռ տվեց:

«Նա զոհ եղավ մի անտեղի կասկածանքի...»: Համարյա միևնույն խոսքերը, որ մի անգամ ասաց ինձ Մարոն, երբ արտասուքը աչքերում զգուշացնում էր ինձ` չբարկացնել Կարոյին, և օրինակ էր բերում, թե ինչպես նա մի «կասկածանքի» համար սպանեց իր ամենալավ ընկերներից մեկին, մի հնդկացի երիտասարդի: Այդ ևս պարզվեցավ: Բայց ես դարձյալ հարցրի Ասլանից, թե ի՞նչ կասկածանքի համար սպանվեցավ նա:

— Ինչ որ հարկավոր էր քեզ գիտենալ, ես բոլորը պատմեցի քեզ, Ֆարհատ, — ասաց նա ծանր կերպով, — պատմեցի, գլխավորապես այն նպատակով, որ դու հասկանաս, որ եթե մեր բարեկամները իրանց գործունեության մեջ որևէ սխալ են գործել, — այդ առաջ է եկել նրանց մեջ` եռանդի չափազանցությունից և գիտության պակասությունից: Թե չէ, իբրև լավ մարդիկ, նրանց նմանները խիստ սակավ են գտնվում: Նրանց անձնանվիրությունը, բաղձանքները և բոլոր ձգտումները անկեղծ են եղել: Իսկ իրանց ձգտումներին հասնելու չափ` գիտություն չեն ունեցել: Լսի՛ր, Ֆարհատ, առանց հիմնավոր գիտության մարդ չէ կարող օգուտ բերել ոչ իր ազգին, ոչ իր հայրենիքին և ոչ մարդկությանը: Ես բերեցի քեզ այստեղ, որ այդ բոլորը պատմեմ քեզ, որովհետև մենք շուտով բաժանվելու ենք միմյանցից:

Դարձյալ իմ սիրտը խոցվեցավ, դարձյալ իմ աչքերը լցվեցան արտասուքով: Ամեն անգամ, երբ լսում էի այդ խոսքը, թե բաժանվելու ենք միմյանցից, կարծես բոլոր աշխարհը մթնում էր ինձ համար:

— Գիտությունը գլխավոր ուժն է, Ֆարհատ, որ տնօրինում է մարդկային բարին, նրա երջանկությունը, նրա խաղաղությունը: Բայց դու ոչինչ գիտություն չունես, Ֆարհատ, քո մեջ պակաս է ամենահասարակ զարգացումն անգամ: Քո մեջ կա միայն լավ սիրտ, կան և լավ հակումներ: Եթե դու զարգանաս, կարող ես օգտավետ մարդ լինել: Այսօր տանելու եմ քեզ մի վանք, այնտեղ կենում է մի մարդ, մի ճշմարիտ գիտնական մարդ, քեզ հանձնելու եմ այդ մարդուն: Դու կմնաս նրա մոտ, նա այնքան բարի է, որ սիրով կհոժարի պարապել քեզ հետ: Նրա մոտ եթե դու մեծ գիտություն ևս սովորելու չլինես, բայց զարգանալ կարող ես: Դու այժմ ունես այնքան պաշար, թեև հում և անմշակ պաշար, որ կարող է շատ նպաստել քո զարգացմանը: Դու անցար մեր հայրենիքի եթե ոչ բոլորը, գոնե նրա նշանավոր մասը: Դու քո աչքով տեսար և տեղի վրա ծանոթացար մեր ժողովրդի դրության հետ, նրա անցյալի և ներկայի հետ: Հայրենագիտությունը գլխավոր ուսմունքն է այն անձանց համար, որոնք նվիրվում են ծառայելու հայրենիքին: Ով որ հայրենիք չի տեսել, չի ճանաչել, և կամենում է նրա համար մի ծառայություն անել, նման է այն դերձակին, որ մարդուն չտեսած, նրա չափսը չառած, նրա համար հագուստ է ձևում: Եթե դերձակը լավ արհեստավոր ևս լինի, բայց հագուստը կամ նեղ կդուրս գա կամ` լայն, կամ կարճ կդուրս գա կամ երկար: Մի խոսքով, այլանդակ բան կլինի: Մի այդպիսի սխալի մեջ չընկնելու համար ես ցույց տվի քեզ մեր հայրենիքը. շատ երևույթների պատճառները բացատրեցի քեզ, շատ տեղերի և շատ ցեղերի հետ ծանոթացար դու: Ես ձգեցի քո մեջ ապագա և առաջադիմության սերմերը միայն: Իսկ գիտության լույսը կծլեցնե, կաճեցնե և պտղաբեր կկացուցանե նրանց: Այդքանը բավական է, այժմ գնանք:

Մենք սկսեցինք ցած իջնել Աստղաբերդից:

— Ո՞ւր պիտի գնաս, — հարցրի նրանից:

— Հնդկաստան, — պատասխանեց նա:

— Ե՞րբ կվերադառնաս:

— Այդ ես էլ չգիտեմ:

— Գոնե ասա ինձ, թե ինչի՞ համար ես գնում:

— Այժմ հարկավոր չէ քեզ գիտենալ... Դու միայն կարող ես համոզված լինել, որ վատ բանի համար չեմ գնում: