Կանաչ տերևով ծառը ծածկվեց․․․

Կանաչ տերևով ծառը ծածկվեց․․․

Թարգմանությունը՝ Հակոբ Հակոբյանի

* * *


I


Կանաչ տերևով ծառը ծածկվեց
Եվ կոկոններով քնքույշ հագնվեց․
Կենսատու ցողով մարգարտանման
Ուռճանում էր նա շնչովը գարնան։
Բայց նորա դալար շյուղերին մոտիկ
Թաքնվեց դաժան ծեր— սառնամանիք։
— Է՜յ, տուր ինձ, ասաց, մանուկ կոկոններ,
Չե՛ս տալ, տե՛ս, զոռով ինքս կըխլեմ․․․
— Ա՜խ, թողի՛ր հանգիստ իմ բողբոջներին
Նորա ծաղիկներ գոնե բացվեին․․․
Սառնամանիքին ծառը շշնջաց
Եվ ողջ էությամբ արմատից դողաց։



II



Եվ ահա կամաց-կամաց բացվեցան
Անուշ բուրմունքով ղումաշ կոկոններ
Եվ արեգակից ջերմ փայփայվեցան,
Իսկ թռչունների անհոգ երամներ
Հնչեցին ուրախ, սիրահար երգեր։
Հանկարծ ծառի մոտ թռավ չար քամին․
— Է՛յ, տուր ինձ, ասաց, սիրուն ծաղիկներ,
Կը հափշտակեմ թե չէ այս ժամին․․․
— Ա՜խ, խնայիր ինձ և մի՛ արգելիր
Իմ ծաղիկներին պտղատու լինել․․․
Կատաղի քամուն ծառը շշնջաց
Եվ սարսափելով վախից դողդողաց։



III



Բայց ահա մատաղ պտուղներին խակ
Ջերմացրեց սիրով ամռան արեգակ,
Եվ ծառը զուգվեց հասուն մրգերով։
Մոտեցավ նորան հուշիկ քայլերով
Հրաշալի կույսը տապիցը նեղված․
— Ա՜խ, տո՛ւր ինձ, ասաց, անուշիկ մրգեր,
Զոռով չեմ խլիլ երեխայրիքներ․․․
— Ա՛ռ քեզ, նազելի, ահա իմ ճղներ
Քեզ են սպասում վաղուց անհամբեր,
Որ գաս հեշտացնես նորանց ծանր բեռ․․․
Եվ ծառը սիրով նորան ողջունեց
Ու խոնարհվելով ճղները կախեց․․․