Կանթեղ (Վարդան Հակոբյան)

ԿԱՆԹԵՂ


Երբ տուն էր մտնում,
առաջինը մոր դեմքին էր նայում
իմ մանկությունը
ու թե ուրախ էր իմ մայրը լինում,
                ինքն էլ ժպտում էր,
թե մորս դեմքին ստվեր երեւար
(ինչքան թաքցներ՝ նա նկատում էր),
քաշվում մի անկյուն
եւ մեծավարի ո՜նց էր տառապում
այդ փոքրիկ ու մեծ, խենթխելոք տղան։

Օրը վաղ անցավ,
եւ իմ մայրիկը տատիկ է հիմա,
դեմքը գարունքվա գորգադաշտ է պարզ,
որտեղ ամեն թոռ ծաղիկ է հինում,
չհասկանալով հաճախ էլ թողնում
իր չարաճճի խզբզանքները,
որոնց տակ էլի ալավ է տալիս
մորս ժպիտը ջերմ ու մշտավառ՝
մեր Եխծուն տակի խաչքարի վրա
աստծո վառած կանթեղի նման։
Ժամանակին՝ ի՞նչ...
«Տատիկ» մի ասեք մորս, բալիկներ,
թվում է՝ նրան դուք եք դարձնում ծեր,
                        բայց չէ, ներեցեք,
ախր, վերջապես, տատիկն է նա ձեր։
Սակայն եւ որքան ես կուզենայի
ձեր տատի մասին երկու խոսք ասել.
խոնարհությունն է նա ողջ աշխարհի,
նա ձեզ համար է ջահելությունը
                         «մոռացել» մի օր
եւ դարձել տատիկ,
ձեր ամեն կանչին ասում է՝ ա ջա՜ն...
-Տատն էլ այդքան մայրի՞կ կլինի...
Թե ճամփա ելնեմ՝ ճակատիս վրա
մորս համբույրի տաք հետքը միշտ կա
եւ այդ ճակատին էլ ոնց կհաղթեն
ցավ ու ձնաբուք,
ամենաուժգին հողմերը անգամ։
Երբ տուն է մտնում,
առաջինը մոր դեմքին է նայում
ջահելությունս
ու թե ուրախ է իմ մայրը լինում,
                         ինքն էլ ժպտում է,
թե մորս դեմքին ստվեր երեւաց
(ինչքան թաքցնի՝ նա նկատում է)
քաշվում մի անկյուն
եւ մանկան նման ո՜նց է տառապում
այդ մեծ ու փոքրիկ, հայրացած տղան։