Ա

Գառագեղ մը չէր աս, ոչ ալ առյուծ մը մեջինը: Մարդու հասակի բարձրությամբ վանդակ մը որան երկաթե ցանցին մեջ զետեղված թառին վրա՝ բարակ շղթայով կապված կապիկ մը կը խաղա առտվընե մինչև իրիկուն. դեմն ալ թռչունի փոքրիկ վանդակի մը մեջ թութակ մը, որուն խնդալե ճաթող մարդու քահքահը փողոցի անցորդները կկեցնե ու դրացի տղաքը դրան առջև կը հավաքե ամեն օր:

Ամեն անգամ որ այցելության կ’երթամ տանտիրոջ՝ որուն իշխանավայել հյուրասիրությունը, ազնվական օսմանցիի վարքը՝ զինքը ճանչցողները կգրավե, վայրկյան մը կանգ կ’առնեմ պարտեզին մեջ, ներս մտնելե առաջ, և թութակին աղմկալից խնդուքը, այս անհիմն ու անտեղի ուրախությունը, մարդոց շատերուն ուրախությանը պես, ինծի մտածել կուտա:

Վայրկյան մըն ալ կկենամ կապիկին մոտ, իր ճարտար լարախաղացի մարզանքներուն կհետևիմ աչքովս, սուր և խելացի ակնարկը կը դիտեմ. իր ջղային, գերազանցապես ջղային արարածի տագնապներուն վրա կզմայլիմ: Հարկավ բան մը կպակսի անոր՝ կատարյալ մարդ ըլլալու համար. ի՞նչ արդյոք. ամեն պարագայի մեջ, պակսածը զգացումը չէ:

Եվ ամեն անգամ որ ծանոթներու, հետաքրքիրներու հետ կ’անցնինք կդառնանք քովեն, միշտ բառ մը կփոխանակենք իր վրան, ո´րը՝ այն օրվան հնարած անոր մեկ խաղը կամ չարությունը կը պատմե. ո´րը՝ խելքին կամ զգացումին նոր մեկ վարձին վրա կը խոսի. օրվան... մարդն էր այս կապիկը Փրինքիփոյի մեջ:

Բ

Տանը ծառաներեն զինքը խնամողներուն մեջ իր նախընտրածը սպասուհի մըն էր. persona grata-ն այս դժվարահաճ ու անհամբույր կենդանիին. պե՞տք էր արդյոք ավելցնել իսկույն որ եկող գացող հյուրերուն ալ հաճելի էր այս ուժով լուսով աղջիկը որ Արշիպեղագոսի կղզյակեն մեկտեղ բերած էր՝ դրսեցիի առույգ ու աննենգ աղվորությանը հետ՝ նայադի մը վրդովիչ հրապույրը:

Ծանոթներես նրբամիտ թյուրք օրագրող մը որ ինծի հետ այս տունը կհաճախեր, ու ինծի չափ այս կապիկին կյանքովը կը հետաքրքրվեր, տարօրինակ բաներ կպատմեր անոր վրա:

— Կհավատա՞ս,— կ’ըսեր ինծի օր մը՝ խնդալով,— որ այս հեք կապիկը սիրահարած է տանը սպասուհիին, ապացույց՝ որ ճաշակի մեջ ալ մենե ետ չի մնար այս կենդանին. խել մը գիրքերու մեջ կարդացած եմ որ Ամերիկայի օրանկութանները, հին ատեններու ասպետներուն պես, ճշմարիտ առևանգություններ և անվավեր ամուսնություններ կատարած են իրենց սիրած կիներով. չեմ զարմանար ուրեմն թե որ մեր կապիկն ալ Մարիղոն սիրե:

Եվ իմ տարակուսական ձևիս վրա՝

— Հավտա´,— կ’ավելցներ բարեկամս,— որ իրողություն մըն է ըսածս. ես այս կենդանին ուսումնասիրելու վրա եմ. հիմար ու բուռն սիրո մը ապացույցները ունիմ, Ռոմեո եւ Ժյուլիեթի սեր մը:

Իրոք, ամեն անգամ որ Մարիղոն կմոտենար կապիկին, դող կ’ելլեր անիկա, հրճվանքի սարսուռ մը կվազեր իր մազոտ մորթին վրա, աչքերը կը փայլեին. ցնորած, երջանկութենե արբշիռ էակի մը անկարգ ու անկապ բաները կ’ըներ, վայրկենական կերպով հլու և հնազանդ կդառնար, և սպասուհիին ձեռքին տակ կդներ փոքրիկ գլուխը որ այնքան չարությամբ լեցուն էր ուրիշներուն համար. իր նիհար թաթիկը փայփայանքի մը մեղմությամբ ու անհուն հեշտության մը դողովը աղջկան դպցնել կ’ուզեր միշտ: Ասոնք և ասոնց նման հազար մանր ու չնչին բաներ այս սիրո տառապանքը կմատնեին, մինչդեռ թութակը, դեմեն, ծաղրանքի խլացուցիչ քրքիջով մը կծիծաղեր, իր հավիտենական հեգնությունը կդներ իր չզգացած այս ցավին ու կսկիծին վրա:

Գ

Քիչ-քիչ ճշմարիտ գայթակղության մը համեմատությունները առավ այս տարփանքը: Կապիկը կնախանձեր և սուր ակռաները կկճրտեցներ Մարիղոյին մոտեցող ու խոսող էրիկ մարդոց դեմ: Իր փոքրիկ բանտին վիզին փակչող նուրբ բայց անփշրելի շղթային արտոնածին չափ՝ ցասմնակոծ ատելություն մը կհայտներ իր բոլոր ոսոխներուն դեմ և վախ կ’ազդեր: Այնքան որ հույն սպասուհին, իր կանացի բնազդովը, այս կաշկանդված անասունին վրա առաջ բերած տպավորութենեն կ’ամչնար, կպահվըտեր, և մյուս ծառաները կտանեին կերակուրը, որուն, կապիկը սրդողած հիմա, հազիվ կդպցներ իր շրթունքը. և այսպես օրերով իր զրկանքը այնքան հոժարությամբ հանձն կ’առներ որ տերը անոր անոթութենե մեռնելեն կվախնար:

Իր խոլ խաղերը, իր հիմար ոստումները դադրեր էին. ժամերով անկյուն մը սմքած կկենար ան որ հանգիստ ու դադար չէր գիտեր: Միայն՝ երբոր աղջիկը դիպվածով անցներ իր վանդակին քովեն, անսահման բերկրանքի խանդով մը կը ցատկեր տեղեն, կը քաշեր շղթան, կը դառնար, կ’ելևեջեր իր փոքրիկ տնակին մեջ:

Օր մըն ալ Մարիղոն ձգեց գնաց բոլորովին և փոքրիկ կենդանին ալ իզուր սպասեց տեսնել՝ իր կապված, գամված անկյունեն՝ զգացված էակը, վայելքի պատկերը որուն իրավունք ունենալ կկարծեր:

Դ

Թղթախաղերնուս էն տաք մեկ վայրկյանին էր երբոր լուրը բերին. ամենքնիս իսկույն ձգեցինք ելանք խաղը, սա անհավատալի բանը աչքով տեսնելու համար:

Փայտե թառին վրա ոլորված շղթային ծայրեն, որ այսպես կարճըցած հիմա՝ մինչև գետին չէր հասներ ա´լ, կապիկը կախված էր ուղղաձիգ և անշարժ. իր աջ թաթիկովը ուժով մը կսեղմեր դեռ, կարծես թե կփայփայեր, շղթան որ իր սրտահոժար մահվան գործիքը եղած էր. աչվըները գոց էին ու բոլոր դեմքին վրա, հարափոփոխ ու ծաղրածու դեմքին վրա, չեմ գիտեր ի՛նչ ծանր ու լուրջ բան մը որ այս մեռելի մանկական երեսին՝ ազատագրության մը՝ վերջնական փրկության ու հանգստի մը վեհությունը կու տար:

Ի՞նչպես, ե՞րբ պատահեր էր ասիկա. պարզ դիպվա՞ծ արդյոք. և կապիկը, այնքան փորձ ու ճարտար, կարելի՞ էր որ մեկանց այնքան ապիկար եղած ըլլար՝ իր շղթային ոլորումներուն մեջ շնչահեղձ մնալու չափ:

Ծառաները, որոնք սակայն ամենեն աղեկ կճանչնային այս կապիկը, հավաստեցին թե անիկա կամովին սպաննած էր ինքզինքը, մարդոց շատերեն ավելի մեծ արհամարհանք մը ցուցնելով կյանքին:

Ու ես, զարմացած, դեռ կարծես կդիտեմ սա շղթային ծայրեն կախված փոքրիկ մարմինը, իր վար ծռած գլխովը, ու սա փոքրիկ թաթը որ վար չիյնալու համար շղթան բռներ է:

Ժամերով պիտի կենայի ասանկ, թե որ թութակը հանկարծ իր խնդալե մարելու մոտ մարդու քահքահովը, որ կյանքն ու մահը չի զանազաներ, չգար զիս սթափեցնել:

<1899>