Ինչքան կուզեն իրենց տանջեն,
Երբ ընկերներն համերաշխ չեն,
Օգուտ չունեն բռնած գործից.
Ա՛յ, մի առակ կյանքի փորձից:
Թեև անցուկ,
Բայց ոչ մոռցուկ:
Մի կարապ, մի խեցգետին, մի գայլաձուկ
Բարձած սայլը տեղից քաշել ուզեցին
Եվ երեքով եկան սայլին լծվեցին:
Ի՜նչ են անում,
Ի՜նչ չեն անում,
Սայլը տեղից հո չի շարժվում.
Շատ թեթև է բեռը թվում,
Բայց կարապը վեր է թևում,
Խեցգետինը քաշում է ետ,
Գայլաձուկն էլ հո՜ դեպի գետ:
Ով էր արդար, ով մեղավոր՝
Մենք չդատենք: Բանն այն է, որ
Մինչև այսօր
Թե՜ սայլ, թե՜ բեռ
Նույն տեղն են դեռ: