Կարոտ

Եղիշե Չարենց

Կարոտ


Մի ռուս աղջկա

I


Հիմա ես հեռու եմ, հիմա
Օրերը ուրիշ են արդեն.
Անցած դառնությունն էլ չկա,
Անցած տխրությունը այն թեն:
Ու փողոցները չկան,
Ու կրակները հիվանդ.
Կարմիր փոթորկվել է ներկան —
Վառել է ա՜յլ կարոտ ու խանդ:
Բայց ես, քո սիրով օրորուն,
Հրեղեն օրերում այս անգին,
Հաճա՛խ երազում եմ քո հեռուն,
Քո գորշ հմայքները այն հին:
Երազում եմ փողոցները տամուկ,
Քո ծախվող հմայքներն անթով —
Ու ճչում է հոգիս մանուկ`
Հուսահատ, շրջմոլիկ, անտուն...

lI


Կապույտ իրիկուն էր իջնում —
Ելնում էի փողոց:
Գալիս էիր միշտ դու՝
Լուռ, հոգնաբեկ, անխոս:
Աչքերիդ մեջ միշտ մի
Մեղքի փայլ էր լինում.
Ու շորերդ — խամրած,
Ու թթված բույր գինու:
Ո՜չ խոսք էր պետք, ո՜չ վեճ,
Ո՜չ ակնարկներ զգույշ.
Շրջում էինք անվերջ.
Փողոցներում մշուշ:
Իսկ հոգնելիս — էժան
Հյուրանոցում մի մութ
Քնում էինք մեկտեղ,
Որպես եղբայր ու քույր:
Մոռացե՞լ ես արդյոք
Գիշերները այն մեր...
Ես քեզ հիշում եմ միշտ,
Ես քեզ սիրում եմ դեռ:


1920