ԿԱՐՕՏ

Մորս՝ Վարդուհիին

Քույր կարոտիս ծովերեն

Դուն կարապի պես կանցնիս։

Վանե Վահյան

Մայր, կարոտիս ծովերուն
Թող ալիքները հասնին
Գեթ ծամերուդ սպիտակ։
Ու րոպեի մը համար
Գան օրերը կյանքով լի,
Ապրիս խաբկանքը գարնան։
Ու ես դառնամ երբեմնի
Չար ու բարի այն տղան
Ու գամ նստիլ ծունկերուդ,
Մայր, համբույրիդ ծարավեն
Անջուր ծաղիկը ինչպես
Պիտ օրեօր ես թոշնիմ։
Մայր, չմեռած թող հասնիմ
Գեթ սպիտակ ծամերուդ…

Բ.



Մայր, անհաշիվ դուն հատնում
Զավակներուդ ճամփուն վրա,
Չիրագործված իղձերու


Առհավական դուն գումար,
Այս նամակը իմաստուն
Գրել ինչպե՜ս դուն կրցար,
Որ հրաշքի հանդիպող
Հիվանդի մը պես ահա,
Սիրտիս խորեն, որ սիրտիդ
Տրոփին տակ ուռճացավ,
Հազար ողջույն քեզ կուղղեմ։
— Որդի, կը գրես ինձի,
Լավ է ըլլաս յոթ լեռան
Ու յոթ բլուրի ետև,
Քան թե պառկիս քարի տակ,
Լեռը լեռան չի հասնիր
Մարդը մարդուն, բայց գիտես՝
Կը հանդիպի, իմ որդի…

Ու սիրահար մը ինչպես
Իր սիրածեն ստացած
Գիրն առաջին կը տանի
Իր շրթներու բոցերուն,
Կապրիմ հույսերդ բոլոր,
Ու պատմաբան մը ինչպես
Մագաղաթի պահապան
Կը ծալլեմ գիրդ հեռվի,
Ու սիրտիս տակ կը պահեմ…
Մայր, գիրեդ վերջ սրտալի,
Քեզ տեսնելու հույսերուս
Ծիածանին տակ կապրիմ։

Սոֆիա