***

Բոլորի նման շիրիմ ես դու էլ,
Գերեզմանվել ես դու արդեն վաղուց,
Քո գալ-գնալուց բան չհասկացար,
Քո գալ-գնալուց ոչինչ չփոխվեց:
Փնտրեցիր Աստված, և՛ խիղճ, և՛ վայելք,
Ե՛վ բարեկամներ` հեռու ու մոտիկ,
Փնտրեցիր կանանց` գեղեցիկ, թովիչ,
Փնտրեցիր դու սեր` վեհ, նվիրական:
Ու այդպես ճամփիդ մաշեցիր դանդաղ
Դու քո օրերը` երկնային պարգև,
Բայց ամենից շատ գտար տառապանք:
Դու շատ քրտնեցիր ազնիվ քո հացը
Դժխեմ օրերում գտնելու համար:
Ու այդպես շփոթ, աննկատ անցավ
Կյանքդ խաբուսիկ բախտի ճամփեքով,
Ամենից վերջը շիրիմն այս գտար,
Որ երբե՜ք, երբե՜ք դու չէիր փնտրել:
Կփչի քամին դաշտերի վրա,
Ժամանակները երբ շատ խունանան,
Քո շիրիմին ծեր թե որ այցի գան,
Այն էլ չեն գտնի երբեք ոչ մի տեղ:
Սիրելի՛ս, այդպես դու միշտ կգնաս
Դեպ հեռուները խենթ ժամանակի,
Կգնաս այդպես, էլ ետ չես դառնա
Դու մոռացության ճամփեքի վիհից:
Գերեզմանվել ես վաղուց, սիրելիս,
Այս դաշտերի մեջ` անշուք, փրկարար,
Բոլորի նման շիրիմ ես դու էլ...
Դարեր են թևել ինչպես երազում
Եվ մոռացության շղարշն է իջել,
Ավա՜ղ, կարծես թե ոչինչ չի փոխվել...