Կեղտոտ մամուլ
Աղբյուր. ԵԼԺ հ6, էջ 208
ծ. ― էջ 604

Խոսքեր ու ձևեր կան, որ իրենց մեջ ամբողջ պատմություններ են պարունակում։ Էդ տեսակ խոսքերը միայն հանճարները կարող են գտնել, մին էլ ժողովուրդները, որ հազար-հազար աչքերով, հազար-հազար ականջներով, հազար-հազար խելքերով երկար տարիների ընթացքում նայում, լսում, քննում ու դատում են կյանքը ու վերջը հանում են մի կարճ եզրակացություն, իրենց որոշումը մի բացականչությունով, մի ածականով կամ մի դարձվածքով։ Եվ զարհուրելի են դրանք, անողոք ու անմերժելի։

Մեր ժողովուրդն էլ ունի էդ տեսակ կարճ ու խիստ դատավճիռներ։ Ով ուշադրությամբ հետևել է, նկատած կլինի, թե նա ինչ ածականով է որակում, երբ խոսում է, օրինակ, մեր գրականության, հոգևորականության կամ մամուլի վրա։ Ուրիշ կերպ չի անվանում, եթե ոչ միայն «մեր աղքատիկ գրականությունը», «մեր ընկած հոգևորականությունը», «մեր կեղտոտ մամուլը»։ Եվ սրանցից ոչ մինը չի կարող մերժել իր ծանր ածականը, ամենքն էլ վաստակել են ամենայն իրավունքով, արժանի են։ Եվ իզուր են գրողները գանգատվում, թե մեր գրվածքները չեն կարդում, իզուր են հոգևորականները լաց լինում, թե մեզ չեն հարգում, իզուր է մամուլը հասարակությանը հանդիմանում, թե բաժանորդ չեն գրվում։ Չեն կարդում և չեն կարդալ, քանի որ դուք «աղքատիկ» եք, չեն հարգել և չեն հարգելու, որովհետև դուք «ընկած եք», բաժանորդ չեն գրվում և չեն գրվիլ, որովհետև դուք «կեղտոտ» եք։

Եվ շատ լավ են անում։ Դեռ կարիք կա ավելի խիստ լինելու, մինչև որ զգան, և խոր զգան ու զգաստանան։

Եվ ահա, «Հորիզոնի» էսօրվա համարում հաճույքով տպագրելով Պետերբուրգի մի խումբ ուսանողների բողոքը, մեր ընթերցողների ուշադրությունն ենք հրավիրում նրա վրա ու խոստանում ենք վերադառնալ էս շատ տխուր խնդրին։