Կենդանի դիակ
թարգմանությունը՝ Նար-Դոսի

ԿԵՆԴԱՆԻ ԴԻԱԿ

(Դրամա 6 գործողությամբ)

(Լև Ն. Տոլստոյից)



ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

ՖԵՈԴՐ ՎԱՍԻԼԵՎԻՉ ՊՐՈՏԱՍՈՎ (Ֆեդյա)։

ԵԼԻԶԱՎԵՏԱ ԱՆԴՐԵԵՎՆԱ ՊՐՈՏԱՍՈՎԱ (Լիզա).— Նրա կինը։

ՄԻԿԱ.— Նրանց որդին։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Լիզայի մայրը,

ՍԱՇԱ.— Լիզայի քույրը:

ՎԻԿՏՈՐ ՄԻԽԱՅԼՈՎԻՉ ԿԱՐԵՆԻՆ:

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ ԿԱՐԵՆԻՆԱ.— Նրա մայրը։

ՍԵՐԳԵՅ ԴՄԻՏՐԻԵՎԻՉ ԱԲՐԵԶԿՈՎ.— Իշխան։

ՄԱՇԱ.— Գնչուհի։

ԻՎԱՆ ՄԱԿԱՐՈՎԻՉ.— Ծեր գնչու, Մաշայի հայրը։

ՆԱՍՏՅԱ ԻՎԱՆՈՎՆԱ.— Պառավ գնչուհի, Մաշայի մայրը։

ՄԻԽԱՅԻԼ ԱՆԴՐԵԵՎԻՉ ԱՖՐԵՄՈՎ.—
ՍՏԱԽՈՎԻՉ.—
ԲՈՒՏԿԻՎԻՉ.— Ֆեդյայի բարեկամները,
ԿՈՐՈՏԿՈՎ.—

ԻՎԱՆ ՊԵՏՐՈՎԻՉ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎ.—

ՊԵՏՈՒՇԿՈՎ.— Նկարիչ։

ԱՐՏԵՄԻԵՎ.—

ՎՈԶՆԵՍԵՆՍԿԻ.— Կարենինի քարտուղարը։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉԻ ԳՈՐԾԱՎԱՐԸ։

ՄԵԼՆԻԿՈՎ: ՊԵՏՐՈՒՇԻՆ.— Փաստաբան։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՓԱՍՏԱԲԱՆ։

ԲԺԻՇԿ:

ՕՖԻՑԵՐ.— Ցիգանների մոտ։

ԵՐԱԺԻՇՏՆԵՐ:
ԿԱՏՅԱ.— Գնչուհիներ:
ԳԱՇԱ.-

ՏԻԿԻՆ.— Դատարանում:

ՕՖԻՑԵՐ.— Դատարանոում:

ԴԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱ:

ՊՐՈՏԱՍՈՎՆԵՐԻ ԴԱՅԱԿԸ:

ԴՈՒՆՅԱՇԱ.— Պրոտասովների սպասուհին:

ՊՐՈՏԱՍՈՎՆԵՐԻ ԼԱԿԵՅԸ:

ԿԱՐԵՆԻՆՆԵՐԻ ԼԱԿԵՅԸ:

ՍՊԱՍԱՎՈՐ ՊԱՆԴՈԿՈԻՄ:

ՔԱՂԱՔԱՊԱՀ ՈՍՏԻԿԱՆ:

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ:

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ, ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐ, ՎԿԱՆԵՐ:

ԳՆՉՈՒՆԵՐ ԵՎ ԳՆՉՈՒՀԻՆԵՐ.— (երգեցիկ խումբ):

ԳՈՐԾՈՂՈԻԹՅՈՒՆ I

Պատկեր 1-ին

ՏԵՍԻԼ 1

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Լիքը, սպիտակահեր կին, կորսեթով, նստած է մենակ թեյի սեղանի մոտ։

ՏԵՍԻԼ 2

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ ԵՎ ԴԱՅԱԿ.— (Թեյնոցը ձեռքին):

ԴԱՅԱԿ.— Կարելի՞ է մի քիչ ջուր վերցնել։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Կարելի է։ Ի՞նչպես է Միշեչկան։

ԴԱՅԱԿ.— Անհանգիստ է։ Դրանից վատ բան չկա, երբ տիրուհին ինքն է ծիծ տալիս։ Այնտեղ նա իր դարդերն ունի, իսկ երեխան տանջվում է։ Էլ ի՞նչ կաթ պիտի ունենա, երբ ողջ գիշերները չի քնում, լալիս է:

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Բայց կարծեմ, հիմա հանգստացել է:

ԴԱՅԱԿ.— Լա՜վ հանգստություն է։ Մարդ խղճահարվում է նայի։ Ինչ որ գրում էր ու լալիս:

ՏԵՍԻԼ 3

Նույնք և Սաշա (ներս է մտնում):

ՍԱՇԱ (դայակին).— Լիզան ձեզ է որոնում։

ԴԱՅԱԿ.— Գնում եմ, գնում եմ։ (Դուրս է գնում):

ՏԵՍԻԼ 4

Աննա Պավլովնա և Սաշա

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Դայակն ասում է, որ նա շարունակ լալիս է: Այդ ի՞նչպես է, որ չի կարողանում հանգստանալ։

ՍԱՇԱ.— Զարմանալի կին եք, մամա: Թողնել ամուսնուն, իր զավակի հորը, և դուք ուզում եք, որ հանգիստ լինի:

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Հանգիստ չէ։ Ինչ որ եղել է, եղել է։ Եթե ես, որ մայրն եմ, ոչ միայն թույլ եմ տվել, այլ և ուրախանում եմ, որ աղջիկս ձգում է ամուսնուն,— նշանակում է, որ ամուսինը արժանի է այդ բանին։ Պետք է ուրախանալ, և ոչ թե տխրել, որ կարողանում ես ազատվել այդպիսի վատ մարդուց, ազատվել այդպիսի բարի պտուղից:

ՍԱՇԱ.— Մամա՛, ինչո՞ւ եք խոսում այդպես։ Դուք հո գիտեք, որ այդ ճիշտ չէ։ Նա վատ չէ, այլ, ընդհակառակը, զարմանալի, զարմանալի մարդ է, չնայելով իր թուլություններին։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Հա՛, հենց զարմանալի մարդ։ Հենց որ ձեռքին փող կա,— իրենը, թե ուրիշինը...

ՍԱՇԱ.— Մամա, նա երբեք ուրիշի փողերը չի վերցրել:

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Միևնույն է, կնոջ փողերը:

ՍԱՇԱ.— Բայց չէ որ նա իր ամբողջ կարողությունը կնոջն է տվել։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Չէ մի, չտար, երբ գիտե, որ բոլորը պիտի փչացնի։

ՍԱՇԱ.— Կփչացնի, թե չի փչացնի,— չգիտեմ, ես միայն գիտեմ, որ չի կարելի բաժանվել ամուսնուց և մանավանդ այնպիսի ամուսնուց, որպիսին Ֆեդյան է։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.- Քեզ որ նայենք, պետք է սպասենք, որ նա ունեցած-չունեցածը ուտի վերջացնի և իր գնչուհի-սիրուհիներին տուն բերի։

ՍԱՇԱ.— Նա սիրուհիներ չունի։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.- Հենց ցավն էլ այդ է, որ նա ձեզ ամենքիդ էլ խելքահան է արել։ Բայց ոչ ինձ, ոչ, ներողություն կանես։ Ես նրան ճանաչում եմ, և նա գիտե այդ։ Լիզայի տեղը որ լինեի, ոչ թե այժմ, այլ մի տարի առաջ արդեն կթողնեի նրան։

ՍԱՇԱ.— Ի՜նչպես դուք այդ հեշտ եք ասում։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.- Ո՜չ, հեշտ չեմ ասում։ Հեշտ չէ, որ մայրն իր աղջկան ամուսնուց բաժանված տեսնի։ Հավատա, ամենևին էլ հեշտ չէ։ Բայց այդ ավելի լավ է, քան թե մի ջահել կյանք կործանվի։ Չէ, շնորհակալ եմ աստծուց, որ Լիզան այժմ վճռել է, և ամեն ինչ վերջացած է։

ՍԱՇԱ.— Գուցե և վերջացած չէ։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Հա՛։ Թող մի ապահարզան տա։

ՍԱՇԱ.— Հետո այդ լա՞վ կլինի։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Այն կլինի, որ Լիզան ջահել է և դեռևս կարող է բախտավոր լինել։

ՍԱՇԱ.— Ախ, մամա՛, այդ սարսափելի է, ինչ որ ասում եք։ Լիզան չի կարող ուրիշի սիրել։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ինչո՞ւ չի կարող։ Եթե նա ազատ լինի: Կգտնվեն ձեր Ֆեդյայից էլ հազարապատիկ ավելի լավ մարդիկ և բախտավոր կլինեն, որ ամուսնանան Լիզայի հետ։

ՍԱՇԱ.— Մամա՛, այդ լավ չէ։ Դուք, հո ես գիտեմ, մտածում եք Վիկտոր Կարենինի մասին։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ինչո՞ւ չպիտի մտածեմ նրա մասին։ Տասը տարի է, որ սիրում է Լիզային, և Լիզան էլ սիրում է նրան։

ՍԱՇԱ.— Սիրում է, բայց ոչ այնպես, ինչպես ամուսնուն։ Դա մանկական հասակից ի վեր շարունակվող բարեկամություն է։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Գիտե՛նք մենք այդ բարեկամությունները։ Դու ասա միայն, որ արգելքներ չլինեն։

ՏԵՍԻԼ 5

Նույնք: Մտնում է սպասուհին:

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ի՞նչ ես ուզում։

ՍՊԱՍՈՒՀԻ.— Տիրուհին դռնապանի ձեռքով նամակ էր ուղարկել Վիկտոր Միխայլովիչին։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ի՞նչ տիրուհի։

ՍՊԱՍՈՒՀԻ.— Ելիզավետա Անդրեևնան, տիրուհի։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Է, հետո՞:

ՍՊԱՍՈՒՀԻ.— Վիկտոր Միխայլովիչը հրամայել է ասել, որ այս րոպեիս կգա ինքը։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ (զարմացած).— Հենց նոր նրա մասին էինք խոսում: Միայն թե չեմ հասկանում ինչո՛ւ։ (Սաշային): Դու չգիտե՞ս։

ՍԱՇԱ.— Գուցե գիտեմ, գուցե և չգիտեմ։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Միշտ գաղտնիքներ։

ՍԱՇԱ.— Լիզան կգա, նա կասի ձեզ։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ (գլուխը շարժելով, սպասուհուն). իսկ հեշտաեռը պետք է տաքացնել։ Առ տար, Դունյաշա։

(Սպասունին վերցնում է հեշտաեռը և գնում է):


ՏԵՍԻԼ 6

Աննա Պավլովնա և Սաշա

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ (Սաշային, որ վեր է կացել և ուզում է գնալ).— Հենց այնպես էլ դուրս եկավ, ինչպես որ ասում էի. իսկույն ուղարկել է նրա ետևից։

ՍԱՇԱ.— Ուղարկել է, գուցե բոլորովին ոչ այն նպատակով։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Հապա ինչո՞ւ է ուղարկել։

ՍԱՇԱ.— Այժմ, այս րոպեին, Կարենինը նրա համար նույնն է, ինչ որ Տրիֆոնովնան։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ա՛յ, կտեսնես։ Չե՞մ ճանաչում նրան, ինչ է։ Նա կանչում է Կարենինին, ուզում է, որ մխիթարի իրեն։

ՍԱՇԱ.— Ախ, մամա՛, ինչքան քիչ եք ճանաչում նրան, որ կարողանում եք կարծել, թե... ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ա՛յ, կտեսնես։ Եվ ես, շատ, շատ ուրախ եմ։

ՍԱՇԱ.— Կտեսնենք։ (Երգում է և գնում):


ՏԵՍԻԼ 7

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ (մենակ շարժում է գլուխը և փնթփնթում):

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Շատ լավ, թող այդպես լինի... Շատ լավ, թող այդպես լինի... Այո...


ՏԵՍԻԼ 8

Աննա Պավլովնա և սպասուհի:

ՍՊԱՍՈՒՀԻ (մտնում է).— Վիկտոր Միխայլովիչն եկավ։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Դե, էլ ի՞նչ։ Ներս հրավիրիր և իմաց տուր տիրուհուն։

(Սպասուհին դուրս է գնում խորքի դռնից):


ՏԵՍԻԼ 9

Աննա Պավլովնա և Վիկտոր Կարենին:

ԿԱՐԵՆԻՆ (մտնում է և բարևում Աննա Պավլովնային).— Ելիզավետա Անդրեևնան նամակ էր ուղարկել ինձ, որ գամ։ Իսկ ես առանց այդ էլ ուզում էի գալ ձեզ մոտ այս երեկո, այնպես որ շատ ուրախ եմ... Ելիզավետա Անդրեևնան առո՞ղջ է։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Առողջ է։ Երեխան մի քիչ անհանգստացնում է։ Այս րոպեիս կգա։ (Տխուր): Այո, այո, ծանր օրերի ենք հասել։ Դուք հո ամեն բան գիտեք։

ԿԱՐԵՆԻՆ.— Գիտեմ։ Չէ՞ որ ես այստեղ էի երեկ չէ մյուս օրը, երբ նրանից նամակ էր ստացվել։ Բայց մի՞թե այդ այդպես վճռված է անդարձ։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Անշո՛ւշտ։ Իհարկե։ Նորից քաշել այս բոլորը սարսափելի բան կլիներ։

ԿԱՐԵՆԻՆ.— Այո, ահա որտեղ է ասված՝ տասն անգամ չափիր, մի անգամ կտրիր։ Կտրել կենդանվույն շատ դժվար է։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ․— Իհարկե, դժվար է։ Բայց չէ՞ որ նրանց ամուսնությունը վաղուց խախտված էր։ Այնպես որ քանդելն այնքան էլ դժվար չէր, որքան թվում էր։ Նա ինքն էլ հասկանում է, որ այն բոլորից հետո, ինչ որ պատահել է, ինքն արդեն չի կարող վերադառնալ։

ԿԱՐԵՆԻՆ.— Բայց ինչո՞ւ։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ի՞նչպես թե ինչու։ Իր այն բոլոր զզվելի արարքներից հետո, այն բանից հետո, երբ նա երդվում էր, թե այլևս չի անի, և եթե անի, ինքն իսկ կղրկի իրեն - ամուսնու բոլոր իրավունքներից և կնոջը կատարյալ ազատություն կտա։

ԿԱՐԵՆԻՆ.— Այո՛, բայց ինչ ազատություն կարող է լինել մի կնոջ համար, որ կապված է ամուսնությամբ։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ապահարզան։ Նա խոստացել է ապահարզան տալ, և մենք կպնդենք։

ԿԱՐԵՆԻՆ.— Այո, բայց Ելիզավետա Անդրեևնան այնպես սիրում էր նրան...

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ախ, նրա սերն այնպիսի փորձությունների է ենթարկվել, որ հազիվ թե այդ սիրուց որևէ բան լինի մնացած։ Է՛լ հարբեցողություն, է՛լ խաբեբայություններ, է՛լ անհավատարմություններ։ Կարելի՞ է միթե սիրել այդպիսի ամուսնու։

ԿԱՐԵՆԻՆ.— Սիրո համար ամեն բան կարելի է։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Դուք ասում եք՝ սիրել, բայց ի՞նչպես կարելի է սիրել մի այդպիսի փալաս-մարդու, որի վրա ոչ մի վստահություն չի կարելի ունենալ։ Գիտե՞ք բանն ինչումն է... (Ետ է նայում դեպի դուռը և շտապում է պատմել): Գործերը խանգարվել են, ամեն բան գրավ է դրված, վճարելու փող չկա։ Վերջապես, հորեղբայրն ուղարկում է երկու հազար, տոկոսները վճարելու։ Նա տանում է այդ փողերր և կորչում։ Կինը նստած է հիվանդ երեխան ձեռքին, սպասում է, և, վերջապես, նամակ է ստացվում, որ սպիտակեղենն ու իրերն ուղարկենք իրեն։

ԿԱՐԵՆԻՆ.— Այո՛, այո՛ գիտեմ։
ՏԵՍԻԼ 10
Նույնք: Մտնում են Սաշան և Լիզան:

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ահա, կանչել էիր և Վիկտոր Միխայլովիչն եկել է։

ԿԱՐԵՆԻՆ.— Ինձ մի փոքր ուշացրին։ (Բարևում է քույրերին):

ԼԻԶԱ.— Շնորհակալ եմ։ Մի մեծ բան պիտի խնդրեմ ձեզնից։

ԿԱՐԵՆԻՆ.— Կանեմ ամեն բան, ինչ որ կարող եմ։

ԼԻԶԱ.— Դուք հո ամեն բան գիտեք...

ԿԱՐԵՆԻՆ.— Այո՛, գիտեմ։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ուրեմն ես կհեռանամ։ (Սաշային): Եկ գնանք, թողնենք սրանց մենակ։ (Դուրս է գնում Սաշայի հետ):

ՏԵՍԻԼ II
Լիզա և Կարենին:

ԼԻԶԱ.— Այո, նա ինձ նամակ է գրել, որ ամեն բան վերջացած է համարում։ Ես (զսպում է արտասուքը) այնպես էի վիրավորված, այնպես... մի խոսքով, ես համաձայնվեցի բաժանվել... և պատասխանեցի, որ ընդունում եմ իր մերժումը։

ԿԱՐԵՆԻՆ.— Իսկ այժմ զղջո՞ւմ եք։

ԼԻԶԱ.— Այո, ես զղջացի, որ վատ բան եմ անում, որ ես չեմ կարող։ Էլի այնպես լավ է, քան թե բաժանվեմ նրանից։ Մի խոսքով տվեք նրան այս նամակը։ Խնդրում եմ, Վիկտոր... տվեք նրան այս նամակը և ասացեք... և բերեք նրան։

ԿԱՐԵՆԻՆ.— Լավ։ (Զարմացած): Բայց ի՞նչպես։

ԼԻԶԱ.— Ասացեք, որ ես խնդրում եմ ամեն բան մոռանալ և վերադառնալ։ Ես կարող էի նամակն ուղղակի ուղարկել նրան։ Բայց ես ճանաչում եմ նրան, նրա հոգու առաջին շարժումը, ինչպես միշտ լավ կլինի, բայց հետո որևէ մեկի ազդեցության տակ միտքը կփոխի և այն չի անի, ինչ որ ուզում է...

ԿԱՐԵՆԻՆ.— Կանեմ, ինչ որ կարող եմ։

ԼԻԶԱ.— Դուք զարմանում եք, որ ես հենց ձե՞զ եմ խնդրում։

ԿԱՐԵՆՒՆ.— Ոչ... ասենք, պետք է ճիշտն ասեմ, այո, զարմանում եմ...

ԼԻԶԱ.— Բայց չե՞ք նեղանում։

ԿԱՐԵՆՒՆ.— Մի՞թե ես կարող եմ նեղանալ ձեզնից։

ԼԻԶԱ.— Ես խնդրեցի ձեզ նրա համար, որ գիտեմ՝ սիրում եք նրան։

ԿԱՐԵՆԻՆ.— Նրան էլ, ձեզ էլ։ Դուք գիտեք այդ։ Եվ ինձ համար չէ, որ սիրում եմ, այլ ձեզ համար։ Եվ ես շնորհակալ եմ ձեզնից, որ դուք հավատում եք ինձ։ Կանեմ, ինչ որ կարող եմ։

ԼԻԶԱ.— Գիտեմ։ Ես ձեզ ամեն բան կասեմ. այսօր գնացել էի Աֆրեմովի մոտ, որ իմանամ որտեղ է նա։ Ասացին, որ գնացել է գնչուների մոտ։ Այս բանից է ահա, որ վախենում եմ։ Գիտեմ, որ եթե ժամանակին ետ չկանգնեցնեն, կտարվի։ Ահա հենց այս էլ պետք է անել։ Ուրեմն կգնա՞ք։

ԿԱՐԵՆՒՆ.— Իհարկե, իսկույն։

ԼԻԶԱ.— Գնացեք, գտեք նրան և ասացեք, որ ամեն բան մոռացված է, որ ես սպասում եմ նրան։

ԿԱՐԵՆԻՆ (վեր է կենում).— Բայց որտեղ որոնեմ նրան։

ԼԻԶԱ.— Նա գնչուների մոտ է։ Ես ինքս այնտեղ էի։ Դռան մոտ էի, ուզում էի նամակն ուղարկել, հետո թողի մտադրությունս և վճռեցի, որ ձեզ խնդրեմ... Ահա հասցեն։ Այսպես, ուրեմն, ասացեք նրան, որ վերադառնա, որ ոչինչ չի եղել, որ ամեն բան մոռացված է։ Արեք այդ ի սեր այն բանի, որ սիրում եք նրան և բարեկամ եք մեզ։

ԿԱՐԵՆԻՆ.— Կանեմ ամեն բան, ինչ որ կարող եմ։ (Սպասում է, հետո գլուխ է տալիս և գնում):


ՏԵՍԻԼ 12
Լիզան մենակ:
ԼԻԶԱ.— Չեմ կարող, չեմ կարող։ Էլի այնպես լավ է, քան թե... չեմ կարող։
ՏԵՍԻԼ 13
Լիզա, մտնում է Սաշան:

ՍԱՇԱ.— Հը, ուղարկեցի՞ր։

ԼԻԶԱ.— (Գլխով դրական շարժում է անում):

ՍԱՇԱ.— Եվ նա համաձայնե՞ց։

ԼԻԶԱ.— Իհարկե։

ՍԱՇԱ.— Ինչո՞ւ նրան։ Չեմ հասկանում։

ԼԻԶԱ.— Հապա ո՞ւմ։

ՍԱՇԱ.— Բայց դու գիտես, որ նա սիրահարված է քեզ վրա։

ԼԻԶԱ.— Այդ ամենը կար և անցավ։ Բայց ո՞ւմ ես ուզում, որ ես խնդրեի։ Ի՞նչ ես կարծում, նա կվերադառնա՞։

ՍԱՇԱ.— Ես հավատացած եմ, որովհետև...


ՏԵՍԻԼ 14
Նույնք և Աննա Պավլովնա: (Մտնում է Աննա Պավլովնան: Սաշան լռում է):

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Իսկ Վիկտոր Միխայլովիչը ո՞րտեղ է։

ԼԻԶԱ.— Գնաց։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ի՞նչպես թե գնաց։

ԼԻԶԱ.— Ես խնդրեցի նրան, որ խնդիրքս կատարի։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ի՞նչ խնդիրք։ Դարձյա՞լ գաղտնիք։

ԼԻԶԱ.— Գաղտնիք չէ,այլ պարզապես խնդրեցի, որ իր ձեռքով հանձնի նամակը Ֆեդյային։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ֆե՞դյային։ Ֆեոդր Վասի՞լևիչին:

ԼԻԶԱ.— Այո՛, Ֆեդյային...

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ես կարծում էի, թե ձեր միջև բոլոր հարաբերությունները վերջացած են։

ԼԻԶԱ.— Ես չեմ կարող բաժանվել նրանից։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ի՞նչպես, ամեն բան ուզում ես սկսել նորի՞ց։

ԼԻԶԱ.— Ուզում էի, աշխատում էի, բայց չեմ կարող։ Ինչ ուզում եք, կանեմ, միայն թե չբաժանվեմ նրանից։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ուրեմն ի՞նչ, ուզում ես վերադարձնե՞լ նրան։

ԼԻԶԱ.— Այո։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Նորից տուն թողնել այդ գարշելի՞ մարդուն։

ԼԻԶԱ.— Մամա, ես խնդրում եմ ձեզ, որ չխոսեք այդպես իմ ամուսնու մասին։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Նա ամուսինդ է՛ր։

ԼԻԶԱ.— Ոչ, այժմ էլ իմ ամուսինն է։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Փող վատնող, հարբեցող, անբարոյական, և դու չես կարող նրանից բաժանվե՞լ։

ԼԻԶԱ.— Ինչո՞ւ եք ինձ տանջում։ Առանց այն էլ տանջվում եմ, իսկ դուք կարծես դիտմամբ ուզում եք ավելի տանջել։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ե՞ս եմ տանջում։ Ուրեմն ես կգնամ։ Չեմ կարող տեսնել այս։

(Լիզան լռում է):

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ես տեսնում եմ, որ դուք այդ եք ուզում, որ ես ձեզ խանգարում եմ։ Չեմ կարող ես ապրել։ Ոչինչ չեմ հասկանում ձեզնից։ Այս բոլորը նոր բան է։ Մեկ վճռում ես բաժանվել, հետո հանկարծ ապսպրում ես մի մարդու, որը սիրահարված է քեզ վրա։

ԼԻԶԱ.— Այդպիսի բան չկա...

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Կարենինը քեզ առաջարկ է արել... և դու նրան ուղարկում ես մարդուդ ետևից։ Այս ի՞նչ է. որ խա՞նդ հարուցանես։

ԼԻԶԱ.— Մամա, այդ սարսափելի է, ինչ որ ասում եք։ Թողե՛ք ինձ։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Այդպես, մորդ դուրս արա տնից, իսկ անբարոյական մարդուդ ներս թող։ Ես չեմ սպասի։ Մնաք բարով, աստված ձեզ հետ, ինչ ուզում եք՝ արեք։

(Գնում է դուռը շրխկացնելով):
ՏԵՍԻԼ 15
Լիզան և Սաշան:

ԼԻԶԱ (ընկնում է աթոռի վրա).— Այս էր պակաս։

ՍԱՇԱ.— Վնաս չունի։ Ամեն բան լավ կլինի։ Մամային մենք կհանգստացնենք։

ՏԵՍԻԼ 16
Նույնք և Աննա Պավլովնա:

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ (լուռ անցնում է).— Դունյաշա, իմ չեմոդանը։

ՍԱՇԱ.— Մամա, լսեցեք։ (Գնում է նրա ետևից, աչքով է անում քրոջը):

ՎԱՐԱԳՈՒՅՐ
Պատկեր 2-րդ
ՏԵՍԻԼ 1

Սենյակ գնչուների մոտ: Երգեցիկ խումբը երգում է «Կանավելա»: Ֆեդյան պառկած է գահավորակի վրա երեսն ի վայր առանց սերթուկի: Աֆրեմովը հեծած է աթոռին՝ երգը սկսողի դիմաց: Մի օֆիցեր սեղանի մոտ, որի վրա շամպայն և բաժակներ են դրված: Նույն տեղը մի երաժիշտ գրում է:

ԱՖՐԵՄՈՎ.— Ֆեդյա, քնա՞ծ ես։

ՖԵԴՅԱ (վեր է կենում).— Մի խոսեք։ Սա տափաստան է, սա տասներորդ դարն է, սա ազատություն չէ, այլ կամք... Այժմ «Не вечерняя»։

ԳՆՉՈԻ.— Չի կարելի, Ֆեոդոր Վասիլևիչ։ Թող այժմ Մաշան մենակ երգի։

ՖԵԴՅԱ.— Դե, լավ։ Իսկ հետո «He вечерняя»։ (Նորից պառկում է):

ՕՖԻՑԵՐ.— «Час роковой». (Աֆրեմովին): Համաձա՞յն եք։

ԱՖՐԵՄՈՎ.— Թող երգեն։ ՕՖԻՑԵՐ (երաժշտին).— Հը, գրեցի՞ք։

ԵՐԱԺԻՇՏ.— Անհնար է։ Ամեն անգամ նոր բան։ Եվ ինչ որ սկա՛լա է ուրիշ տեսակ։ Այ, այստեղ։ (Մոտ է կանչում մի գնչուհու, որը նայում է): Այս ի՞նչպես պիտի երգել։ (Երգում է):

ԳՆՉՈՒՀԻ.— Հենց այդպես։ Այդպես հրաշալի է։

ՖԵԴՅԱ (Վեր կենալով).— Չի կարող գրել։ Բայց որ գրի և օպերայի մեջ խոթի,—ամեն բան կփչացնի կթողնի։ Դե, Մաշա, երգիր գոնե «Чась»: Առ կիթառդ։ (Վեր է կենում, նստում նրա առաջ և նայում նրա աչքերին):

ՄԱՇԱ (երգում է):

ՖԵԴՅԱ.— Այդ էլ լավ է։ Հայդա, Մաշա։ Դե այժմ «Не вечерняя»:

ԱՖՐԵՄՈՎ.— Չէ, սպասի՛ր։ Նախ իմը, թաղման երգը։

ՕՖԻՑԵՐ.— Ինչո՞ւ թաղման։

ԱՖՐԵՄՈՎ.— Որովհետև երբ որ կմեռնեմ... հասկանում ես, երբ որ կմեռնեմ, դագաղի մեջ կլինեմ պառկած, կգան գնչուները... հասկանո՞ւմ ես։ Այսպես կկտակեմ կնոջս։ Ու հենց որ երգեն «Шель мэ верста», իսկույն դուրս կթռչեմ դագաղիցս,— հասկանում ես։ (Երաժշտին): Ա՛յ, ինչ գրիր։ Դե՛, երգեցեք։

(Գնչուները երգում են):

ԱՖՐԵՄՈՎ.— Հը, ո՞նց էր։ Դե, «Размолодчики мои»: (Երգում են):

ԱՖՐԵՄՈՎ (անպատշաճ բան է անում):

(Գնչուները ժպտում են 7 շարունակում երգել, ծափ են տալիս)

ԱՖՐԵՄՈՎ (նստում է: Երգը վերջանում է):

ԳՆՉՈՒՆԵՐ.— Ай да, Միխայիլ Անդրեևիչ, իսկական գնչու։

ՖԵԴՅԱ.— Դե այժմ «Не вечерняя»:

ՏԵՍԻԼ 2
Նույնք: Մտնում է մի գնչու:

ԳՆՉՈՒ (Ֆեդյային).— Մի պարոն ձեզ է ուզում։

ՖԵԴՅԱ.— Ի՞նչ պարոն։

ԳՆՉՈՒ.— Չգիտեմ։ Լավ է հագնված։ Սամույրի մուշտակով։

ՖԵԴՅԱ.— Բարորա՞։ Դե ինչ, կանչիր։

ՏԵՍԻԼ 3
Նույնք, առանց գնչուի։

ԱՖՐԵՄՈՎ.— Այդ ո՞վ է եկել քեզ մոտ այստեղ։

ՖԵԴՅԱ.— Սատանան գիտե։ Ով ինչ գործ ունի ինձ հետ։

ՏԵՍԻԼ 4
Նույնք։ Մանում է Կարենինը, նայում է շուրջը:

ՖԵԴՅԱ.— Ա՜, Վիկտո՜ր։ Ահա թե ում չէի սպասում։ Վերարկուդ հանիր։ Ո՞ր քամին է քշել քեզ այստեղ։ Դե նստիր։ Լսիր, ա՛յ, «Не вечерняя»։

(Գնչուները երգում են):

ՖԵԴՅԱ.— Ա՛յ երգ։ Ա՛յ երգ։ Զարմանալի՜ է։ Եվ որտե՞ղ է լինում այն, ինչ որ արտահայտված է այստեղ։ Ահ, լա՜վ է։ Եվ ինչո՞ւ մարդ կարող է հասնել այսպիսի խանդավառության, իսկ շարունակել այդ խանդավառությունը չի կարելի։

ԵՐԱԺԻՇՏ (գրում է).— Այո, շատ ինքնուրույն երգ է։

ՖԵԴՅԱ.— Ոչ թե ինքնուրույն, այլ ա՜յն է իսկականը...

ԱՖՐԵՄՈՎ.— Դե... դուք հանգիստ առեք։ (Վերցնում է կիթառը և նստում Կատյայի մոտ):

ԵՐԱԺՒՇՏ.— Իսկապես հասարակ բան է, միայն չափն է։

ԿԱՐԵՆԻՆ— Je voudrais vous parler sans tèmoins[1].

ՖԵԴՅԱ.— Ի՞նչի մասին։

ԿԱՐԵՆԻՆ.— Je viens de chez vous. Votre femme m‘a charge de cette lettre, et puis[2]...

ՖԵԴՅԱ (առնում է նամակը, կարդում է, հոնքերը կիտում, հետո սիրալիր ժպտում).— Լսի՛ր, Կարենին. դու հո գիտես ինչ է գրած այն նամակի մեջ...

ԿԱՐԵՆԻՆ.— Գիտեմ։ Եվ ուզում եմ ասել։

ՖԵԴՅԱ.— Սպասի՛ր, սպասի՛ր։ Դու, խնդրում եմ մի կարծիր, թե ես հարբած եմ, և խոսքերիս, այսինքն ինձ ուշադրություն չպետք է դարձնել։ Ես հարբած եմ, բայց այս գործում ամեն բան պարզ տեսնում եմ։ Դե, ի՞նչ է հանձնարարված քեզ ինձ ասելու։

ԿԱՐԵՆԻՆ.— Ինձ հանձնարարված է գտնեմ քեզ և ասեմ, որ նա... սպասում է քեզ։ Խնդրում է, որ ամեն բան մոռանաս և վերադառնաս։

ՖԵԴՅԱ (լսում է լուռ, նայելով նրա աչքերին).— Այնուամենայնիվ ես չեմ հասկանում, ի՞նչու դու...

ԿԱՐԵՆԻՆ.— Ելիզավետա Անդրեևնան մարդ էր ուղարկել իմ ետևից և խնդրեց ինձ...

ՖԵԴՅԱ.— Այդպես...

ԿԱՐԵՆԻՆ.— Բայց ես ոչ այնքան քո կնոջ կողմից, որքան իմ կողմից խնդրում եմ քեզ՝ գնանք տուն։

ՖԵԴՅԱ.— Դու լավ ես ինձնից։ Ի՜նչ հիմարություն։ Ինձնից լավ լինել դժվար չէ։ Ես անպիտան եմ, իսկ դու լավ, լավ մարդ ես։ Եվ հենց այս պատճառով էլ ես չեմ փոխի վճիռս։ Եվ ոչ այդ պատճառով։ Այլ պարզապես չեմ կարող և չեմ ուզում։ Դե, ի՞նչպես գամ։

ԿԱՐԵՆԻՆ.— Գնանք այժմ ինձ մոտ։ Կասեմ, որ կվերադառնաս, իսկ վաղը...

ՖԵԴՅԱ.— Իսկ վա՞ղն ինչ։ Ես միշտ ես կլինեմ, իսկ նա — նա։ (Մոտենում է սեղանին և խփում): Լավ է ատամդ միանգամից հանես։ Ես հո ասել եմ, որ եթե նորից խոսքիս տերը չլինեմ, թողնի ինձ։ Ես խոսքիս տերը չեղա ու վերջացավ։

ԿԱՐԵՆԻՆ.— Քեզ համար, բայց ոչ նրա համար։

ՖԵԴՅԱ.— Զարմանալի է, որ դու հոգում ես այն բանի համար, որ մեր ամուսնությունը չխախտվի։

ԿԱՐԵՆԻՆ (ուզում է ինչ որ բան ասել: Մոտենում է Մաշան):
ՏԵՍԻԼ 5
Նույնք և Մաշա: Հետո գնչուներ:

ՖԵԴՅԱ (Կարենինի խոսքը կտրում է).— Մեկ լսիր, մեկ լսիր, Մաշա, երգիր։

(Գնչուները հավաքվում են):

ՄԱՇԱ (շշնջում է).— Ի՞նչպես մեծարել։

ՖԵԴՅԱ (ծիծաղում է).— Մեծարել այսպես. Վիկտոր, պարոն Միխայլովիչ։

(Գնչուները երգում են):

ԿԱՐԵՆԻՆ (լսում է ամոթահար, հետո հարցնում է).— Ի՞նչքան տամ։

ՖԵԴՅԱ.— Դե տուր քսանհինգ։

ԿԱՐԵՆԻՆ (տալիս է):

ՏԵՍԻԼ 6
Նույնք, առանց Կարենինի:

ՖԵԴՅԱ.— Հրաշալի՜ է։ Այժմ «Лен». (ետ է նայում): Փախավ Կարենինը։ Էհ, սատանան նրա հետ։

(Գնչուները ցրվում են) :

ՖԵԴՅԱ (թափահարում է ձեռքը, մոտենում է Մաշային և նստում է գահավորակի վրա՝ նրա կողքին).— Ախ, Մա՛շա, Մա՛շա, ի՜նչպես դու ամբողջ ներքինս տակնուվրա ես անում։

ՄԱՇԱ.— Իսկ ես ի՞նչ էի խնդրել ձեզնից։

ՖԵԴՅԱ.— Ի՞նչ։ Փո՞ղ։ (Հանում է անդրավարտիքի գրպանից): Դե ի՛նչ, առ։

ՄԱՇԱ. (ծիծաղում է, առնում է փողը և պահում ծոցում):

ՖԵԴՅԱ (գնչուներին).— Դե արի ու բան հասկացիր այստեղ։ Ինձ համար երկինք է բաց անում, իսկ ինքը փող է խնդրում։ Ախր դու ոչինչ չես հասկանում, թե ի՛նչ ես անում։

ՄԱՇԱ.— Ի՞նչպես չեմ հասկանում։ Ես հասկանում եմ, որ ում սիրում եմ, նրա համար էլ աշխատում եմ և լավ եմ երգում։

ՖԵԴՅԱ.— Իսկ ինձ սիրո՞ւմ ես։

ՄԱՇԱ.— Երևի թե սիրում եմ։

ՖԵԴՅԱ.— Զարմանայի է։ (Համբուրում է նրան):

(Գնչուները և գնչուհիները դուրս են գնամ: Մնամ են զույգերը՝ Ֆեդյան Մաշայի նետ, Աֆրեմովը Կատյայի հետ, օֆիցերը Դաշայի հետ: Երաժիշտը գրում է: Մի գնչու կիթառի վրա վալս է նվազում):

ՖԵԴՅԱ.— ՉԷ որ ես ամուսնացած եմ, իսկ խումբը քեզ թույլ չի տալիս։ Ուրա՞խ ես։

ՄԱՇԱ.— Իհարկե, ուրախ եմ։ Լավ հյուրեր որ լինում են, մենք էլ ուրախ ենք լինում։

ՖԵԴՅԱ.— Դու գիտե՞ս թե ով էր։

ՄԱՇԱ.— Լսել եմ ազգանունը։

ՖԵԴՅԱ.— Պատվական մարդ է։ Եկել էր ինձ տուն տանելու, կնոջս մոտ։ Կինս ինձ, հիմարիս, սիրում է, իսկ ես ահա թե ինչ եմ անում։

ՄԱՇԱ.— Ինչ, այդ լավ չէ։ Պետք է գնաք նրա մոտ։ Պետք է խղճաք նրան։

ՖԵԴՅԱ.— Կարծո՞ւմ ես, որ պետք է։ Իսկ ես կարծում եմ, որ պետք չէ։

ՄԱՇԱ.— Հայտնի բան է, որ չես սիրում, պետք էլ չի։

ՖԵԴՅԱ.— Իսկ դու ո՞րտեղից գիտես։

ՄԱՇԱ.— Երևի թե գիտեմ։

ՖԵԴՅԱ.— Դե, համբուրիր ինձ։ Чавалы մի անգամ էլ «Лен» ու շաբաշ։

(Սկսում են երգել):

ՖԵԴՅԱ.— Ախ, լավ է։ Միայն թե չզարթնես։ Այդպես էլ մեռնես։

ՎԱՐԱԳՈՒՅՐ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ II
Պատկեր I-ին
Առաջին գործողությունից հետո անցել է երկու շաբաթ: Լիզայի մոտ: Կարենինը և Աննա Պավլովնան նստած են սեղանատանը: Սաշան ներս է մտնում:
ՏԵՍԻԼ 1

ԿԱՐԵՆԻՆ.— Հը՛։

ՍԱՇԱ.— Բժիշկն ասաց, որ այժմ արդեն վտանգ չկա։ Միայն թե չմրսեցնենք։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Փառք աստծու, էդ էլ մի բան է։

ԿԱՐԵՆԻՆ.— Իսկ Լիզան բոլորովին հալից ընկել է։

ՍԱՇԱ.— Նա ասում է, որ խաբուսիկ կրուպ է, թեթև տեսակի։ Ի՞նչ է այս (ցույց է տալիս կողովը):

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Վիկտորն է բերել, խաղող է։

ԿԱՐԵՆԻՆ.— Չէի՞ք ցանկանա։

ՍԱՇԱ.— Հա, Լիզան սիրում է։ Նա շատ ջղային է դարձել։

ԿԱՐԵՆԻՆ.— Երկու գիշեր չքնել, չուտել։

ՍԱՇԱ (ժպտալով).— Ասենք դու էլ...

ԿԱՐԵՆԻՆ.— Իմ բանն ուրիշ է։

ՏԵՍԻԼ 2
Նույնք։ Դուրս են գալիս բժիշկը և Լիզան:

ԲԺԻՇԿ (ազդու կերպով).— Այդպես, այդպես։ Ամեն մի կես ժամից հետո փոխեցեք, եթե չի քնում։ Եթե քնած է մի անհանգստացնեք։ Շնչափողին քսել հարկավոր չէ։ Սենյակի մեջ ջերմաստիճանը պահեցեք...

ԼԻԶԱ.— Իսկ եթե նորից խեղդվելիս լինի՞։

ԲԺԻՇԿ.— Չպետք է որ խեղդվի։ Եթե խեղդվելիս լինի,— պոլվերիզացիա։ Եվ, բացի դրանից, փոշի, առավոտյան մեկը և երեկոյան մյուսը։ Ես իսկույն կգրեմ։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Թեյ չէի՞ք կամենա, բժիշկ։

ԲԺԻՇԿ.— Ոչ, շնորհակալ եմ, հիվանդներս սպասում են։ (Նստում է սեղանի մոտ):

(Սաշան թուղթ ու թանաք է բերում):

ԼԻԶԱ.— Ուրեմն, հաստատ, կրուպ չէ՞։

ԲԺԻՇԿ (ժպտալով).— Ամենևին։ (Գրում է):

(Աննա Պավլովնան կանգնած է բժշկի մոտ):

ԿԱՐԵՆԻՆ (Լիզային).— Դե այժմ թեյ խմեցեք, կամ թե, ավելի լավ է, գնացեք հանգստացեք, թե չէ՝ մեկ նայեցեք ինչ եք դառել։

ԼԻԶԱ.— Այժմ ես վերակենդանացա։ Շնորհակալ եմ ձեզանից։ Ա՛յ, ճշմարիտ բարեկամ։ (Սեղմում է նրա ձեռքը):

(Սաշան զայրացած գնում է բժշկի մոտ):

ԼԻԶԱ.— Շնորհակալ եմ, բարեկամս։ Ահա թե որտեղ է թանկ օգնությունը։

ԿԱՐԵՆԻՆ.— Ի՞նչ եմ արել որ։ Շնորհակալություն հայտնելու բան չկա։

ԼԻԶԱ.— Հապա ո՞վ էր, որ գիշերները չէր քնում, ո՞վ բերեց այս հռչակավոր բժշկին։

ԿԱՐԵՆԻՆ.— Ես արդեն վարձատրված եմ նրանով, որ Միկային այլևս վտանգ չի սպառնում, և, գլխավորապես ձեր բարությամբ։ (Լիզան նորից սեղմում է նրա ձեռքը և ծիծաղում, ցույց տալով ձեռքին մնացած դրամը):

ԼԻԶԱ (ժպտում է).— Այս բժշկի համար է։ Միայն չգիտեմ ինչպես տամ։

ԿԱՐԵՆԻՆ.— Դե, ես էլ չեմ կարող։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ի՞նչ չես կարող։

ԼԻԶԱ.— Փողը տալ։ Նա ինձ համար ավելի քան մի կյանք է ազատել, իսկ ես փող եմ տալիս։ Մի տեսակ անհաճո բան կա այստեղ։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Տուր ես կտամ։ Ես գիտեմ ինչպես։ Վերցրու և տուր էլի՛։

ԲԺԻՇԿ (վեր է կենում և տալիս է դեղատոմսը): Այսպես այս փոշիները, պետք է ճաշի մի գդալ եփած ջրի մեջ լավ խառնել և (շարունակում է)...

(Կարենինը սեղանի մոտ թեյ է խմում: Առաջ են Աննա Պավլովնան և Սաշան):

ՍԱՇԱ.— Տեսնել չեմ կարող դրանց հարաբերությունները։ Լիզան կարծես թե սիրահարված է Կարենինի վրա։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ի՞նչ կա այդտեղ զարմանալու։

ՍԱՇԱ.— Զզվելի՜ է։

(Բժիշկը գնում է, ողջունելով ամենքին: Աննա Պավլովնան գնում է նրան ճանապարհ դնելու):
ՏԵՍԻԼ 3
Լիզա, Կարենին և Սաշա:

ԼԻԶԱ (Կարենինին).— Նա այնպե՜ս սիրե՜լի է այժմ։ Հենց որ լավ զգաց իրեն, իսկույն սկսեց ժպտալ և խոսել։ Ես կգնամ նրա մոտ։

ԿԱՐԵՆԻՆ.— Բայց թեյ խմեցեք, մի քիչ բան կերեք։

ԼԻԶԱ.— Այժմ ինձ ոչինչ հարկավոր չէ։ Այնպես լավ եմ զգում ինձ այսքան վախերից հետո (հեծկլտում է):

ԿԱՐԵՆԻՆ.— Այ, տեսնո՞ւմ եք, որքան թույլ եք։

ԼԻԶԱ.— Ես երջանիկ եմ։ Ուզո՞ւմ եք տեսնել նրան։

ԿԱՐԵՆԻՆ.— Իհարկե։

ԼԻԶԱ.— Եկեք ինձ հետ։ (Գնում են):

ՏԵՍԻԼ 4
Սաշա և Աննա Պավլոովնա

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ (վերադառնում է).— Ի՞նչ ես քիթ ու մռութդ հավաքել։ Այնպես փառավոր կերպով տվեցի, և նա էլ առավ։

ՍԱՇԱ.— Զզվելի՜ է։ Լիզան Կարենինին ներս տարավ իր հետ մանկանոց։ Կարծես փեսացուն է կամ ամուսինը։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Քո ի՞նչ գործն է։ Ինչո՞ւ ես պռիկ-պռիկ գալիս։ Կամ գուցե ինքդ էիր ուզում նրա հետ ամուսնանալ։

ՍԱՇԱ.— Ե՞ս։ Այդ դագանակի հե՞տ։ Դե, ես ում հետ ուզում եք կամուսնանամ, բայց ոչ դրա հետ։ Ամենևին մտքովս էլ չի անցել։ Ես միայն զզվում եմ, որ Լիզան Ֆեդյայից հետո կարող է այդպես մտերմանալ մի օտար մարդու հետ։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ո՞րտեղից է օտար — մանկական ընկերն է։

ՍԱՇԱ.— Բայց հո ես տեսնում եմ ժպիտներից, աչքերից, որ սիրահարված են։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ի՞նչ կա այդտեղ զարմանալու։ Մարդը կարեկցություն է ցույց տվել երեխայի հիվանդ ժամանակ, համակրել է, օգնել, և Լիզան էլ երախտագետ է։ Եվ բացի սրանից, ինչո՞ւ Լիզան չպիտի սիրի և ամուսնանա Վիկտորի հետ։

ՍԱՇԱ.— Այդ սարսափելի բան կլիներ։ Զզվելի՜։ Զզվելի՜։

ՏԵՍԻԼ 5
Կարենին և Լիզա մտնում են։

ԿԱՐԵՆԻՆ (ողջունում է և գնում):

ՍԱՇԱ (զայրացած դուրս է գնում):

ՏԵՍԻԼ 6
Աննա Պավլովնա և Լիզա:

ԼԻԶԱ (մորը).— Ի՞նչ է պատահել սրան։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Չգիտեմ, ճշմարիտ։

ԼԻԶԱ (լուռ հոգոց է հանում):

ՎԱՐԱԳՈՒՅՐ
Պատկեր 2-րդ
Աֆրեմովի տունը, առանձնասենյակում: Գինի՝ բաժակների մեջ ածած: Հյուրեր:
ՏԵՍԻԼ 1
Աֆրեմով, Ֆեդյա, Ստախովիչ (մազակալած), Բատկեվիչ (սափրված), Կորոտկով (պոչ):

ԿՈՐՈՏԿՈՎ.— Իսկ ես ձեզ ասում եմ, որ ետ կմնա։ Լա-Բել-Բուլան առաջինն է Եվրոպայում։ Գրազ գանք։

ՍՏԱԽՈՎԻՉ.— Դե լավ, հա՜։ Դու հո գիտես, որ ոչ ոք չի հավատում քեզ և գրազ չի գա։

ԿՈՐՈՏԿՈՎ.— Ես քեզ ասում եմ՝ քո կարտուշը ետ կմնա։

ԱՖՐԵՄՈՎ.— Դե հերիք է կռվեք։ Ես ձեզ կհաշտեցնեմ։ Հարցրեք Ֆեդիային։ Նա ճշմարիտը կասի։

ՖԵԴՅԱ.— Երկու ձին էլ լավ են։ Բանը նստողի վրա է։

ՍՏԱԽՈՎԻՉ.— Գուսևը սրիկա է։ Պետք է միայն սանձած պահել նրան։

ԿՈՐՈՏԿՈՎ (բղավում է).— Ո՜չ։

ՖԵԴՑԱ.— Դե, սպասեցեք, ես ձեզ կհաշտեցնեմ։ Դերբին ո՞վ վերցրեց։

ԿՈՐՈՏԿՈՎ.— Ես վերցրի, բայց պատահմունք էր։ Թե որ Կրակուսը չէր հիվանդանա։ Տես...

(Մտնում է լակեյը):
ՏԵՍԻԼ 2
Նույնք և լակեյ:

ԱՖՐԵՄՈՎ.— Ի՞նչ ես ուզում։

ԼԱԿԵՅ.— Մի կին է եկել, հարցնում է Ֆեոդոր Վասիլևիչին։

ԱՖՐԵՄՈՎ.— Ի՞նչպիսի կին է։ Դամա՞ է։

ԼԱԿԵՅ.— Չգիտեմ։ Միայն իսկական դամա է։

ԱՖՐԵՄՈՎ.— Ֆե՛դյա, քեզ մոտ դամա է եկել։

ՖԵԴՅԱ (վախեցած).— Ո՞վ է։

ԱՖՐԵՄՈՎ.— Չի իմանում, ով է։ (Լակեյին) հրավիրիր դահլիճ։ գնում):

ՏԵՍԻԼ 3
Նույնք առանց Ֆեդյայի և լակեյի:

ԿՈՐՈՏԿՈՎ.— Այդ ո՞վ է եկել նրա մոտ։ Անշուշտ, Մաշկան։

ՍՏԱԽՈՎԻՉ.— Ի՞նչ Մաշկա։

ԿՈՐՈՏԿՈՎ.— Գնչուհի Մաշան։ Սիրահարվել է Ֆեդյայի վրա։ Կատվի պես սիրահարված է։

ՍՏԱԽՈՎԻՉ.— Ինչ սիրելի աղջիկ է։ Եվ ինչպես է երգում։

ԱՖՐԵՄՈՎ.— Հրաշալի է։ Մեկ Տանյուշան, մեկ էլ նա։ Երեկ նրանք Պյոտրի հետ էին երգում։

ՍՏԱԽՈՎԻՉ.— Ա՛յ բախտավոր մարդ է...

ԱՖՐԵՄՈՎ.— Որ նրան սիրո՞ւմ են կնանիքը, աստված նրանց հետ։

ԿՈՐՈՏԿՈՎ.— Տանել չեմ կարող գնչուհիներին, ոչ մի նրբագեղություն չկա մեջները։

ԲՈՒՏԿԵՎԻՉ.— Չէ, մի ասի։

ԿՈՐՈՏԿՈՎ.— Ես նրանց բոլորին էլ մի հատիկ ֆրանսուհու հետ չեմ փոխի։

ԱՖՐԵՄՈՎ.— Դե, ասենք, դու հայտնի էստետ ես։ Գնա տես ով է եկոդր։ (Դուրս է գնում):

ՏԵՍԻԼ 4
Նույնք, առանց Աֆրեմովի:

ՍՏԱԽՈՎԻՉ.— Եթե Մաշան է, բեր նրան այստեղ, թող երգի։

ԲՈՒՏԿԵՎԻՉ.— Իսկ ես կարծում եմ, որ ամեն բան նույնն է։

ՍՏԱԽՈՎԻՉ.— Ի՞նչպես թե նույնն է, երբ հիմար ռոմանսներ են երգում երգերի փոխարեն։

ԲՈՒՏԿԵՎԻՉ.— Լավ ռոմանսներ էլ կան։

ԿՈՐՈՏԿՈՎ.— Ուզո՞ւմ ես գրազ գանք, ես երգել կտամ, և դու չես իմանա ե՞րգ է, թե ռոմանս։

ՍՏԱԽՈՎԻՉ.— Կորոտկովը միշտ գրազ է գալիս։

ՏԵՍԻԼ 5
Նույնք և Աֆրեմով:

ԱՖՐԵՄՈՎ (մտնում է).— Պարոններ, Մաշան չէ։ Իսկ նրան ընդունելու տեղ չկա, բացի այստեղից։ Գնանք բիլյարդ խաղալու սենյակը։ Պարոններ, գնանք բիլիարդանոց, թե չէ քարշ ենք գալիս այստեղ։ (Դուրս են գնում):

ԿՈՐՈՏԿՈՎ.— Գրազ գանք, որ վախեցար։

ՍՏԱԽՈՎԻՉ.— Լավ, լավ։

ԿՈՐՈՏԿՈՎ.— Այ թե ծախսի տակ կընկնես։

ՍՏԱԽՈՎԻՉ.— Դե լավ։ Գինի վերցրու հետդ։ (Խոսելով դուրս են գալիս):

ՏԵՍԻԼ 6
Մտնում են Ֆեդյան և Սաշան

ՖԵԴՅԱ.— Գնանք այստեղ։ Ախ, ախ, այդ ինչպես էր, որ դու... Այո, այո...

ՍԱՇԱ (շփոթվելով).— Ֆեդյա, ներիր ինձ, եթե քեզ դուր չի գալիս, բայց, ի սեր աստծո, լսիր ինձ։ (Նրա ձայնը դողում է):

ՖԵԴՅԱ (անցուդարձ է անում սենյակում: Սաշան նստել է, նայում է նրան).— Լսում եմ։

ՍԱՇԱ. — Ֆե՛դյա, տուն վերադարձիր։

ՖԵԴՅԱ.— Լսի՛ր, Սաշա, ես քեզ շատ լավ եմ հասկանում։ Սաշա՛, սիրելիս, քո տեղը որ լինեի, ես էլ նույնը կանեի. կաշխատեի մի կերպ վերադարձնել անցյալը, բայց իմ տեղը որ լինեիր,— եթե դու, զգայուն, սիրելի աղջիկ, որքան էլ տարօրինակ լինի այս ասել, իմ տեղը լինեիր,— անշուշտ նույնը կանեիր, ինչ որ ես, այսինքն՝ կհեռանայիր, կդադարեիր խանգարել ուրիշի կյանքը...

ՍԱՇԱ.— Ի՞նչպես թե խանգարել։ Մի՞թե Լիզան կարող է ապրել առանց քեզ։

ՖԵԴՅԱ.— Ախ, սիրելի Սաշա, աղավնյակս, կարող է, կարող է և դեռևս բախտավոր կլինի, ավելի բախտավոր, քան ինձ հետ։

ՍԱՇԱ.— Երբե՛ք։

ՖԵԴՅԱ.— Այդ քեզ թվում է։ (Պահում է իր ձեռքում նամակը և սեղմում է): Բայց բանն այդ չէ։ Գլխավորն այն է, որ ես չեմ կարող։ Գիտես, հաստ թուղթը դես ծալի, դեն ծալի, հարյուր անգամ ծալծլի, չի կտրվի, բայց ծալի հարյուրմեկերորդ անգամ, մեկ էլ տեսար կտրվեց։ Այդպես էլ ես ու Լիզան։ Ես չափազանց ցավում եմ, որ նայում եմ նրա աչքերին։ Նույնը և նա, հավատա՛։

ՍԱՇԱ.— Ոչ, ոչ...

ՖԵԴՅԱ.— Ասում ես ոչ, իսկ ինքդ էլ գիտես, որ այո։

ՍԱՇԱ.— Ես կարող եմ միայն ինձնով դատել։ Ես որ նրա տեղը լինեի, և դու այն պատասխանը տայիր, ինչ որ այժմ, այդ սարսափելի կլիներ ինձ համար։

ՖԵԴՅԱ.— Այո, քեզ համար։ (Լռություն: Երկուսն էլ շփոթված են):

ՍԱՇԱ (վեր է կենում).— Մի՞թե այս այսպես էլ պիտի մնա։

ՖԵԴՅԱ.— Երևի։

ՍԱՇԱ.— Ֆեդյա։ Վերադարձի՛ր։

ՖԵԴՅԱ.— Շնորհակալ եմ, սիրելի Սաշա։ Դու ինձ համար կմնաս միշտ իբրև մի թանկագին հիշողություն... Բայց մնաս բարով, աղավնյակս։ Թույլ տուր համբուրեմ քեզ (համբուրում է նրա ճակատը):

ՍԱՇԱ (հուզված).— Ո՛չ, ես հրաժեշտ չեմ տալիս, և չեմ հավատում, չեմ էլ ուզում հավատալ... Ֆեդյա...

ՖԵԴՅԱ.- Դե՛, որ այդպես է, լսիր։ Միայն խոսք տուր, որ ինչ կասեմ քեզ, ոչ ոքի չես ասի։ Խո՞սք ես տալիս։

ՍԱՇԱ.— Իհարկե։

ՖԵԴՅԱ.— Ուրեմն լսիր, Սաշա։ Ճշմարիտ է, ես նրա ամուսինն եմ, նրա զավակի հայրը, բայց ես ավելորդ եմ։ Սպասի՛ր, մի առարկիր։ Դու կարծում ես, ես խանդո՞ւմ եմ։ Ամենևին։ Նախ՝ իրավունք չունեմ, երկրորդ՝ առիթ չունեմ։ Վիկտոր Կարենինը նրա հին բարեկամն է և իմը նույնպես։ Եվ նա սիրում է Լիզային, Լիզան էլ նրան է սիրում։

ՍԱՇԱ.— Ո՛չ։

ՖԵԴՅԱ.— Սիրում է, ինչպես կարող է սիրել մի ազնիվ, բարոյական կին, որ իրեն թույլ չի տա սիրել ոչ ոքի, բացի ամուսնուց։ Բայց նա սիրում է և կսիրի, երբ այս արգելքը (մատնանշում է իրեն) հեռացվի և ես կհեռացնեմ այս արգելքը, և նրանք բախտավոր կլինեն (ձայնը դողում է):

ՍԱՇԱ.— Ֆեդյա, մի խոսիր այդպես։

ՖԵԴՅԱ.— Դու հո գիտես, որ այս ճիշտ է, և ես ուրախ կլինեմ, որ նրանք բախտավոր լինեն, և սրանից ավելի լավ ոչինչ չեմ կարող անել, ու չեմ վերադառնա և ազատություն կտամ նրանց և այդպես էլ ասա։ Էլ մի խոսի, էլ մի խոսի, և մնաս բարով։ (Համբուրում է նրա գլուխը և դուռը բաց է անում նրա առաջ):

ՍԱՇԱ.— Ֆեդյա, ես հիացած եմ քեզանով։

ՖԵԴՅԱ.— Մնաս բարով, մնաս բարով... (Սաշան դուրս է գնում):


ՏԵՍԻԼ 7

Ֆեդյա, մենակ

ՖԵԴՅԱ.— Այո, այո, հրաշալի է, գեղեցիկ։ (Զանգահարում է):

ՏԵՍԻԼ 8

Ֆեդյան և լակեյը:

ՖԵԴՅԱ.— Կանչեցեք պարոնին։

ՏԵՍԻԼ 9

Ֆեդյա, մենակ:

ՖԵԴՅԱ.— Ճշմարիտ է, ճշմարիտ է։
ՏԵՍԻԼ 10
Մտնում է Աֆրեմովը:

ԱՖՐԵՄՈՎ.— Ի՞նչպես վերջացրիր։

ՖԵԴՅԱ.— Հրաշալի՜ կերպով։ «И божилась, и клялась». Հրաշալի՜: Ո՞ւր են մյուսները։

ԱՖՐԵՄՈՎ.— Խաղում են այնտեղ։

ՖԵԴՑԱ.— Շատ լավ, գնա՜նք մենք էլ մի ժամով։

ՎԱՐԱԳՈՒՅՐ
ԳՈՐԾՈՂՈԻԹՅՈԻՆ III
Պատկեր 1-ին
Իշխան Աբրեզկով, 60-ամյա, էլեգանտ, ամուրի: Սափրած դեմքով, բեղերով: Հին զինվորական, պահում է իրեն մեծ արժանապատվությամբ և տխուր: Աննա Դմիտրիևնա Կարենինա (Վիկտորի մայրը), ջահելացող 50-ամյա grande dame. խոսելիս խառնում է ֆրանսերեն բառեր:
Լիզա, Վիկտոր, լակեյ: Աննա Դմիարիևնայի առանձնասենյակը, որը համեստ է ու գեղեցիկ, լի սուվենիրներով:
ՏԵՍԻԼ 1
Աննա Դմիտրիևնան նամակ է գրում:
ՏԵՍԻԼ 2
Աննա Դմիտրիևնա և լակեյ:

ԼԱԿԵՅ.— Իշխան Սերգեյ Դմիտրիևիչ։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Դե, իհարկե, ներս հրավիրեցեք։ (Ետ է դառնում և ուղղվում է հայելու առաջ):

ՏԵՍԻԼ 3
Աննա Դմիտրիևնա և իշխան Աբրեզկով:

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ (մտնելով.— J'espère que je ne torce pas la consigne[3]. (համբուրում է ձեռքը):

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Դուք գիտեք, որ vous êtes toujours le bienvenu[4]. իսկ այժմ, այսօր մանավանդ։ Դուք ստացա՞ք նամակս։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Ստացա և ահավասիկ իմ պատասխանը։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Ախ, բարեկամս, ես սկսում եմ բոլորովին հուսահատվել։ Il est ensorcelé, positivement еnsorcelé[5]. Ես երբեք չեմ տեսել նրա մեջ այդպիսի հաստատամտություն, այդպիսի անխղճություն, սառնասրտություն դեպի ինձ։ Նա բոլորովին փոխվել է այն օրից, երբ այդ կինը թողեց ամուսնուն։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Բայց ի՞նչ է պատահել իսկապես, ի՞նչ դրության մեջ է գործը։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱԱ․— Այն դրության մեջ, որ անպատճառ ուզում է ամուսնանալ։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Իսկ ամուսի՞նը։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Ապահարզան է տալիս։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵՀԿՈՎ.- Ահա թե ի՜նչ։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Եվ նա, Վիկտորը, ճակատը դեմ է արել, և այդ բոլոր ցեխը — փաստաբաններ, հանցանքի ապացուցում։ Tout ca est degoutant[6]: Եվ այս բանը ետ չի մղում նրան։ Ես նրան չեմ հասկանում։ Նա որ այնքան զգայուն է, այնքան քաշվող...

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Սիրում է։ Ա՛խ, եթե մարդ իսկապես սիրում է, այն ժամանակ...

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Այո, բայց ինչո՞ւ մեր ժամանակ սերը կարող էր մաքուր սեր լինել, կյանքի ամբողջ ընթացքում տևող սեր-բարեկամություն։ Այդպիսի սերը ես հասկանում եմ, գնահատում եմ։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Այժմ նոր սերունդն արդեն չի կարող գոհանալ իդեալական հարաբերություններով։ La possession de l'ame ne leur suffit plus[7], ի՞նչ արած։ Բայց ի՞նչպես պիտի վարվել նրա հետ։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Ո՛չ, նրա մասին մի խոսեք։ Բայց այս մի ինչ որ կախարդություն է։ Նրան կարծես փոխել են։ Դուք հո գիտեք — ես այն կնոջ մոտ էի։ Գնացի, տանը չէր, այցետոմս թողի։ Elle m'a foit demander quand je pourrai la rccevoir[8]։ Եվ այժմ (նայում է ժամացույցին), ժամը 2-ին, ուրեմն իսկույն, պետք է գա։ Ես խոստացա Վիկտորին, որ կընդունեմ, բայց հասկանո՞ւմ եք դրությունս։ Ինքս ինձ կորցրել եմ։ Եվ ըստ հին սովորության խնդրեցի ձեզ, որ գաք։ Ինձ հարկավոր է ձեր օգնությունը։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Շնորհակալ եմ։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Լավ հասկացեք ինձ. այդ կնոջ այս այցելությունը վճռում է ամբողջ գործը, Վիկտորի վիճակը։ Ես պետք է կամ չհամաձայնեմ, բայց... ինչպես կարող եմ։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Դուք ամենևի՞ն չեք ճանաչում այդ կնոջը։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Երբեք չեմ տեսել։ Բայց վախենում եմ նրանից։ Լավ կինը չի համաձայնի թողնել ամուսնուն և լավ մարդուն։ Չէ որ Ֆեոդրը Վիկտորի ընկերն է և եղել է մեր տանը։ Նա շատ սիրելի էր։ Ասենք ի՛նչ տեսակ էլ որ լինի։ Quels que soient les torts qu’il a eus vis-à vis d’elle[9]. չի կարելի թողնել ամուսնուն։ Պետք է տանել սեփական խաչը։ Ես մի բան չեմ հասկանում, ինչպես կարող է Վիկտորն իր համոզումներով համաձայնել ամուսնանալ բաժանված կնոջ հետ։ Քանի՜ անգամ վերջերս ինձ մոտ տաք-տաք վիճաբանել է Սպիցինի հետ, ապացուցելով, որ ապահարզանը չի համապատասխանում իսկական քրիստոնեությանը, և այժմ ինքն է այդ բանն անում. Si elle a pu le charmer a un tel point...[10]։ Ես վախենում եմ այդ կնոջից։ Սակայն ես ձեզ կանչել եմ, որ լսեմ ձեզ, իսկ ամբողջ միայն ես եմ խոսում։ Ի՞նչ եք կարծում դուք։ Ասացեք։ Ձեր կարծիքով ի՞նչ պիտի անենք։ Դուք խոսե՞լ եք Վիկտորի հետ։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Ես խոսել եմ նրա հետ։ Եվ կարծում եմ, որ նա սիրում է այդ կնոջը, սովորել է սիրել այդպես. այդ սերն այդպիսի իշխանություն է ձեռք բերել նրա վրա, իսկ նա դանդաղորեն, բայց հաստատապես ընդունող մարդ է։ Մի բան, որ մտավ նրա սիրտը, այլևս դուրս չի գա։ Եվ նա չի սիրի ոչ-ոքի բացի այդ կնոջից, և առանց այդ կնոջ և ուրիշ կնոջ հետ բախտավոր լինել չի կարող։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Բայց Վարյա Կազանցևան ի՜նչպես կուզեր ամուսնանալ նրա հետ։ Եվ ի՜նչպիսի աղջիկ, ի՜նչպես սիրում է...

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ (ժպտալով).— C‘est compter sans son hôte[11]։ Այս բանն այժմ բոլորովին անիրագործելի է։ Եվ ես կարծում եմ ավելի լավ է հնազանդվել և օգնել նրան, որ ամուսնանա։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Բաժանված կնոջ հետ, որպեսզի հանդիպի՞ իր կնոջ ամուսնուն։ Ես չեմ հասկանում, թե ի՞նչպես դուք կարողանում եք հանգիստ խոսել այդ մասին։ Մի՞թե մայրը կարող է ցանկանալ, որ այդպիսի մի կին իր միակ որդու կինը դառնա և այն էլ այդպիսի մի որդու։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Ի՞նչ անենք, սիրելի բարեկամ։ Իհարկե, ավելի լավ է ամուսնանալ այն աղջկա հետ, որին դուք ճանաչում եք, սիրում եք... Բայց քանի որ այդ չի կարելի... Եվ հետո, եթե նա ամուսնանար մի գնչուհու կամ աստված գիտե ում հետ... Իսկ Լիզա Պրոտասովան շատ լավ, սիրելի կին է։ Ես եղբորս աղջկանից՝ Նելլիից եմ ճանաչում նրան, խոնարհ, բարի, սիրող և բարոյական կին է։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Բարոյական կին, որը վճռում է թողնել ամուսնուն։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Դուք անճանաչելի եք դարձել։ Դուք բարի չեք, դուք խստասիրտ եք։ Նրա ամուսինը մեկն է այն մարդկանցից, որոնց մասին ասում են՝ ինքն է միայն իր թշնամին։ Բայց նա ավելի շատ կնոջն է թշնամի։ Նա մի թույլ, բոլորովին ընկած, հարբած մարդ է։ Նա վատնել է իր ամբողջ կարողությունը, կնոջ ամբողջ կարողությունը,— կինը երեխա ունի... Ուրեմն ի՞նչպես եք դատապարտում մի կնոջ, որ թողել է այդպիսի մի մարդու։ Եվ այն էլ կինը չէ, որ թողել է, այլ նա է թողել կնոջը։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Ա՜խ, ի՜նչպիսի ցեխ, ինչպիսի ցե՛խ։ Եվ ես պետք է կեղտոտվեմ այդ ցեխի մեջ։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Իսկ ձեր կրո՞նը։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Այո, այո, ներում։ «Ինչպես և մեք թողումք մերոց պարտապանաց»։ MaiS c'est plus fort que moi[12]։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Դե, ի՞նչպես ապրի այդպիսի մի մարդու հետ: Եթե ուրիշ մարդու սիրելիս էլ չլիներ, պետք է այդպես աներ։ Ամուսինն ինքը խելոք և բարի մարդ է, քանի որ խորհուրդ է տալիս կնոջն այդպես անել...

ՏԵՍԻԼ 4

Աննա Դմիտրիևնա, իշխան Աբրեզկով, մտնում է Կարենինը, համբուրում է մոր ձեռքը, բարևում է իշխան Աբրեզկովին:

ԿԱՐԵՆԻՆ.— Մամա՛, ես եկա ասելու ձեզ, որ Ելիզավետա Անդրեևնան իսկույն կգա, և ես խնդրում եմ, աղաչում եմ ձեզ միայն մի բան. եթե շարունակում եք անհամաձայն մնալ, որ ես ամուսնանամ...

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ (ընդհատելով նրան).— Իհարկե, շարունակում եմ անհամաձայն մնալ։

ԿԱՐԵՆԻՆ (շարունակելով խոսքը և հոնքերը կիտելով).— ...ապա խնդրում եմ, աղաչում եմ ձեզ մի բան. մի՛ խոսեք ձեր անհամաձայնության մասին, բացասական վճիռ մի՛ տաք։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ․— Ես կարծում եմ, որ այդպիսի ոչ մի բանի մասին չենք խոսելու։ Ես, գոնե, ինքս չեմ սկսի երբեք։

ԿԱՐԵՆԻՆ․— Նա ինքը առավել ևս։ Ես կկամենայի միայն, որ դուք ճանաչեիք նրան։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ․— Չեմ կասկածում մի բան. կենդանի ամուսին ունեցող տիկին Պրոտասովայի հետ ամուսնանալու ցանկությունդ ի՞նչպես ես հաշտեցնում կրոնական այն համոզումներիդ հետ, որ ապահարզանը հակառակ է քրիստոնեության։

ԿԱՐԵՆԻՆ.— Մամա՛, այդ անգթություն է ձեր կողմից։ Մի՞թե մենք ամենքս այնքան անսխալական ենք, որ չենք կարող հակառակ գնալ մեր համոզումներին, երբ կյանքն այսքան բարդ է։ Մամա՛, ինչո՞ւ դուք այդպես անգութ եք դեպի ինձ։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Ես սիրում եմ քեզ, ուզում եմ, որ բախտավոր լինես։

ԿԱՐԵՆԻՆ (Աբրեզկովին).— Սերգեյ Դմիտրիևիչ։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Իհարկե, դուք սրան բախտավորություն եք ցանկանում, բայց մենք ծեր հասակում արդեն դժվարությամբ պիտի հասկանանք երիտասարդությանը։ Մանավանդ դժվարությամբ պիտի հասկանա մայրը, որ սովորել է մտածել որդու բախտավորության մասին։ Բոլոր կանայք այդպես են։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Ա՛յ, ա՛յ, ես էլ հենց ա՛յդ եմ ասում։ Ամենքն իմ դեմ են։ Իհարկե, դու կարող ես անել այդ։ Vous etes majeur...[13] Բայց դու կկործանես ինձ։

ՎԻԿՏՈՐ.— Չեմ հասկանում ձեզ։ Այդ անգթությունից էլ վատ է։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ (Վիկտորին).— Բավական է, Վիկտոր։ Մամա՛ն միշտ ավելի վատ է խոսում, քան գործում է։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Ես կասեմ, ինչ որ մտածում և զգում եմ, և կասեմ, առանց վիրավորելու նրան։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Անշուշտ այդպես էլ կլինի։
ՏԵՍԻԼ 5
Աննա Դմիտրիևնա, իշխան Աբրեզկով, Կարենին և լակեյ (մտնում է)։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Ահա և նա։

ԿԱՐԵՆԻՆ.— Ես կգնամ։

ԼԱԿԵՅ.— Ելիզավեաա Անդրնևնա Պրոտասովա։

ԿԱՐԵՆԻՆ.— Ես գնում եմ։ Մամա՛, խնդրում եմ (դուրս է գնում):

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ (նույնպես վեր է կենում):

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Ներս հրավիրեցեք։ (Իշխան Աբրեզկովին): Ոչ, դուք մնացեք։

ՏԵՍԻԼ 6
Աննա Դմիտրիևնա և իշխան Աբրեզկով:

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Ես կարծում եմ, ձեզ համար ավելի լավ է tête-à tête[14]:

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Ոչ, ես վախենում եմ։ (Այս ու այն կողմն է ընկնում): Եթե ես կամենամ նրա հետ tête-à tête մնալ, ես գլխով նշան կանեմ։ Ça derendra...[15]։ Այլապես նրա հետ որ մենակ մնամ, կկաշկանդվեմ։ Այն ժամանակ ես այսպես կանեմ ձեզ։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Ես կհասկանամ։ Ես հավատացած եմ, որ նա դուր կգա ձեզ։ Միայն արդարամիտ եղեք։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Ի՜նչպես դուք՝ ամենքդ էլ դեմ եք ինձ։

ՏԵՍԻԼ 7
Նույնք։ Մտնում է Լիզան գլխարկով, այցելության հագուստով։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ (ոտքի կանգնելով).— Ես ցավում էի, որ ձեզ տանը չգտա, բայց ահա դուք այնքան բարի եք, որ ինքներդ եք եկել։

ԼԻԶԱ.— Ես ամենևին չէի սպասում։ Ես այնքան շնորհակալ եմ ձեզնից, որ դուք ցանկացել եք ինձ տեսնել։ ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Դուք ծանո՞թ եք։ (Ցույց է տալիս իշխան Աբրեզկովին):

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Ինչպես չէ, ես պատիվ եմ ունեցել ներկայացված լինելու (Shake hands[16] նստում են): Եղբորս աղջիկը՝ Նելլին, հաճախ խոսում է ձեր մասին։

ԼԻԶԱ․— Այո, մենք շատ մտերիմ էինք իրար։ (Քաշվելով նայում է Աննա Դմիտրիևնային)։ Այժմ էլ մտերիմ ենք։ (Աննա Դմիտրիևնային): Ես ամենևին չէի սպասում, թե դուք կցանկանայիք տեսնել ինձ։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Ես լավ էի ճանաչում ձեր ամունուն։ Նա բարեկամ էր Վիկտորի հետ և լինում էր մեզ մոտ։ Տամբով տեղափոխվելուց առաջ։ Կարծեմ այնտեղ էր, որ ամուսնացավ ձեզ հետ։

ԼԻԶԱ.— Այո, մենք այնտեղ ամուսնացանք։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Իսկ հետո, երբ նորից տեղափոխվեց Մոսկվա, այլևս չէր գալիս մեր տուն։

ԼԻԶԱ․— Այո, նա գրեթե ոչ մի տեղ չէր գնում։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Եվ չի ծանոթացրել ինձ ձեզ հետ։ (Անհարմար լռություն):

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Վերջին անգամ ես հանդիպեցի ձեզ Դենիսովների տանը եղած ներկայացման ժամանակ։ Շատ լավ էր։ Դուք էլ էիք խաղում։

ԼԻԶԱ.— Ոչ... այո... ի՜նչպես չէ... հիշում եմ։ Ես խաղում էի։ (Նորից լռություն): Աննա Դմիտրիևնա, ներեցեք ինձ, եթե ձեզ համար անհաճո լինի այն, ինչ որ կասեմ, բայց ես չեմ կարող կեղծել։ Ես եկել եմ նրա համար, որ Վիկտոր Միխայլովիչն ասաց, թե... Եկել եմ նրա համար, որ նա... այսինքն, որ դուք ցանկացել եք ինձ տեսնել... Բայց ավելի լավ է, ամեն բան ասեմ... (Հեծկլտում է): Շատ ծանր է ինձ համար... իսկ դուք բարի եք։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ․— Ավելի լավ է ես գնամ։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Այո, գնացեք։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Ցտեսություն։ (Հրաժեշտ է տալիս երկու կանանց և դուրս է գնում):

ՏԵՍԻԼ 8

Աննա Դմիտրիևնա և Լիզա:

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Լսեցեք, Լիզա... չգիտեմ, չեմ էլ ուզում իմանալ, ինչպե՞ս է ձեր հայրանունը։

ԼԻԶԱ.— Անդրեևնա։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.- Միևնույն է.— Լիզա։ Ես խղճում եմ ձեզ, դուք դուր եք գալիս ինձ։ Բայց ես սիրում եմ Վիկտորին։ Նա միակ արարածն է աշխարհում, որին սիրում եմ։ Ես ճանաչում եմ նրա հոգին, ինչպես իմը։ Դա հպարտ հոգի է։ Նա հպարտ էր դեռ յոթ տարեկան եղած ժամանակ։ Հպարտ ոչ թե անունով, ոչ թե հարստությամբ, այլ հպարտ իր մաքրությամբ, իր բարոյական բարձրությամբ, և նա պահպանում է այդ բարձրությունը։ Նա մաքուր է, ինչպես աղջիկ։

ԼԻԶԱ.— Ես գիտեմ։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Կանանցից ոչ-ոքի չի սիրել։ Դուք առաջինն եք։ Չեմ կարող ասել, թե չեմ նախանձում ձեզ։ Նախանձում եմ։ Բայց մենք, մայրերս,— ձերը դեռ փոքր է, ձեզ համար վաղ է,— մենք պատրաստվում ենք այդ բանի համար։ Ես պատրաստվում էի հանձնել նրան իր կնոջը և չնախանձել։ Բայց հանձնել նույնպիսի մաքուր մի աղջկա, ինչպես ինքն է մաքուր։

ԼԻԶԱ․— Ես... մի՞թե ես...

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ․— Ներեցեք, ես գիտեմ, որ դուք մեղավոր չեք, բայց դուք դժբախտ եք։ Ես նրան ճանաչում եմ։ Այժմ նա պատրաստ է ամեն բան տանել և կտանի ու երբեք էլ չի գանգատվի, բայց կտանջվի։ Նրա վիրավորված հպարտությունը կտանջվի, և նա բախտավոր չի լինի։

ԼԻԶԱ․— Ես մտածել եմ այդ մասին։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Լիզա, սիրելիս։ Դուք խելոք, լավ կին եք։ Եթե դուք սիրում եք նրան, ապա ուրեմն ուզում եք նրա բախտավորությունն ավելի, քան թե ձերը։ Իսկ եթե այդպես է, ապա ուրեմն չէիք կամենա կապել նրան և հարկադրել, որ զղջա։ Թեև նա չի ասի, երբե՛ք չի ասի։

ԼԻԶԱ․— Գիտեմ, որ չի ասի։ Ես մտածել եմ այդ մասին և ինքս ինձ տվել եմ այդ հարցը։ Մտածել և ասել եմ նրան։ Բայց ես ի՞նչ կարող եմ անել, քանի որ նա ասում է, թե չի ուզում ապրել առանց ինձ։ Ես ասում էի՝ բարեկամ լինենք, բայց գնացեք ձեզ համար եղեք բախտավոր, մի կապեք ձեր մաքուր կյանքն իմ դժբախտ կյանքի հետ։ Չի ուզում։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Այո, այժմ չի ուզում։

ԼԻԶԱ․— Հորդորեք նրան, որ թողնի ինձ։ Իսկ ես համաձայն եմ։ Ես սիրում եմ նրան ոչ թե իմ, այլ իր բախտավորության համար։ Միայն օգնեցեք ինձ, մի ատեք ինձ։ Թող միասին, սիրելով, որոնենք նրա բաբիքը։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Այո, այո, ես սիրեցի ձեզ (համբուրում է նրան: Լիզան լալիս է): Բայց և այնպես, բայց և այնպես այս սարսափելի է։ Եթե նա ձեզ սիրեր այն ժամանակ, երբ դուք դեռևս չէիք ամուսնացել...

ԼԻԶԱ․— Նա ասում է, որ այն ժամանակ սիրեց, բայց չէր ուզում խանգարել ընկերոջ բախտավորությունը։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Ա՜խ, ինչքան ծանր է այս ամենը։ Բայց և այնպես սիրենք միմյանց, և աստված կօգնի մեզ գտնելու այն, ինչ որ ուզում ենք։

ՏԵՍԻԼ 9

Նույնք և Կարենին:

ԿԱՐԵՆԻՆ (մտնելով).— Մամա՛, սիրելիս։ Ես ամեն բան լսեցի։ Ես սպասում էի այդ, դուք սիրեցիք նրան։ Եվ ամեն բան լավ կլինի։

ԼԻԶԱ.— Ինչքան ցավում եմ, որ դուք ամեն բան լսել եք։ Ես չէի խոսի...

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Այնուամենայնիվ, ոչինչ չի վճռված։ Մի բան միայն կարող եմ ասել, որ՝ եթե այս բոլոր ծանր հանգամանքները չլինեին, ես ուրախ կլինեի (համբուրում է Լիզային):

ԿԱՐԵՆԻՆ.— Խնդրում եմ, միայն մի փոխվեք։

ՎԱՐԱԳՈՒՅՐ

Պատկեր 2-րդ
Համեստ բնակարան, անկողնակալ, գրասեղան, գահավորակ:
ՏԵՍԻԼ 1
Ֆեդյա:

Դռան ետևից կանացի ձայն: «Ի՞նչ ես փակվել, Ֆեոդոր Վասիլևիչ: Ֆեդյա, բաց արա...»:

ՏԵՍԻԼ 2

Ֆեդյա և Մաշա:

ՖԵԴՅԱ (վեր է կենում, բաց է անում դուռը).— Ա՛յ, շնորհակալ եմ, որ եկար։ Տխուր է։ Սարսափելի տխուր։

ՄԱՇԱ.— Ի՞նչու չեկար մեզ մոտ։ Էլի խմում ես։ Ի՜նչ մարդ ես։ Չէ՞ որ խոստացար։

ՖԵԴՅԱ.— Գիտես, որ փող չկա։

ՄԱՇԱ.— Դու ի՛նձ ասա, ի՞նչու սիրեցի քեզ։

ՖԵԴՅԱ.— Մա՛շա։

ՄԱՇԱ.— Հա, ի՞նչ է, Մա՜շա, Մա՜շա։ Որ սիրելիս լինեիր, վաղուց կբաժանվեիր կնոջիցդ։ Այնտեղ էլ էին խնդրում քեզ։ Ասում ես թե չես սիրում կնոջդ։ Իսկ նրանից պինդ ես բռնել։ Երևում է, որ չես ուզում...

ՖԵԴՅԱ.— Դու հո գիտես ինչու չեմ ուզում։

ՄԱՇԱ.— Բոլորը դատարկ բան է։ Սուտ չեն ասում, որ դու փուչ մարդ ես։

ՖԵԴՅԱ.— Դե ի՞նչ ասեմ։ Ասեմ, որ սիրտս ցավում է խոսքերիցդ, այդ ինքդ էլ գիտես։

ՄԱՇԱ.— Իսկ ուրիշ էլ ինչդ է ցավում...

ՖԵԴՅԱ.— Ինքդ էլ գիտես, որ աշխարհում մի ուրախություն ունեմ,— քո սերը։

ՄԱՇԱ.— Իմը կա ու կա։ Բայց քոնն է, որ չկա։

ՖԵԴՅԱ.— Դե, ինչ հավատացնեմ։ Ավելորդ էլ է, դու ինքդ էլ գիտես։

ՄԱՇԱ.— Ֆեդյա, ինչո՞ւ ես ինձ տանջում։

ՖԵԴՅԱ.— Ո՞վ ում...

ՄԱՇԱ (լալիս է).— Լավ մարդ չես դու։ ՖԵԴՅԱ (մոտենում է և գրկում նրան).— Մա՜շա։ Ինչո՞ւ ես լալիս։ Բավական է։ Ապրել պետք է և ոչ թե լալ։ Լացը քեզ չի էլ սազում։ Սիրունիկդ իմ։

ՄԱՇԱ.— Սիրո՞ւմ ես։

ՖԵԴՅԱ.— Բայց էլ ում պիտի սիրեմ։

ՄԱՇԱ.— Միայն ինձ։ Դե, կարդա, ինչ ես գրել։

ՖԵԴՅԱ.— Կձանձրանաս։

ՄԱՇԱ.— Թե որ դու ես գրել, լավ բան կլինի։

ՖԵԴՅԱ.— Դե, լսիր։ (Կարդում է): «Ուշ աշնանը ես ու ընկերս խոսք տվինք հանդիպելու իրար Մուրգինյան հրապարակի մոտ։ Այդ հրապարակը մի ամուր կղզի էր ուժեղ պատնեշներով։ Միգապատ, տաք, խաղաղ օր էր։ Մշուշ...»

ՏԵՍԻԼ 3

Ֆեդյա և Մաշա: Դռնից մտնում են ծեր գնչու Իվան Մակարովիչ և պառավ գնչուհի Նաստասյա Իվանովնա — Մաշայի ծնողները:

ՆԱՍՏԱՍՅԱ ԻՎԱՆՈՎՆԱ (սպառնագին մոտենալով աղջկան).— Այստեղ ես, անիծված մաքի։ Հարգանքս աղային։ (Աղջկան): Այդ ի՞նչ ես անում դու մեզ։ Հը՞։

ԻՎԱՆ ՄԱԿԱՐՈՎԻՉ (Ֆեդյային).— Լավ չես անում, աղա։ Աղջկանս փչացնում ես։ Օ՜հ, լավ չէ, փիս բան ես անում։

ՆԱՍՏԱՍՅԱ ԻՎԱՆՈՎՆԱ.— Ծածկիր աղլուխդ, մա՛րշ այս րոպեիս։ Փա՜խել է, ի՞նչ պիտի ասեմ խմբին։ Անառակութլուն ես անում դառ ու դատարկ մարդու հետ։ Սրանից ի՞նչ կարելի է վերցնել։

ՄԱՇԱ.— Ես անառակություն չեմ անում։ Այլ սիրում եմ աղային, և ուրիշ ոչինչ։ Խմբից ես չեմ հեռանում, կերգեմ, իսկ ինչ որ...

ԻՎԱՆ ՄԱԿԱՐՈՎԻՉ.— Մեկ էլ բան ասա մազերդ կքաղեմ։ Ա՜ննամուս։ Ո՞վ է այդպես արել։ Ոչ հայրդ, ոչ մայրդ, ոչ մորաքույրդ։ Փիս բան ես անում, աղա։ Մենք քեզ սիրում էինք, քանի անգամ ձրի երգել ենք, խղճացել ենք քեզ։ Իսկ դու ի՞նչ արիր։

ՆԱՍՏԱՍՅԱ ԻՎԱՆՈՎՆԱ.— Փչացրիր անմեղ տեղը մեր միս ու արյուն, մեր միակ, աչքի լույս, բրիլիանտի նման, անգին աղջկան, աղբի հետ հավասարեցրիր, այն ինչ արիր։ Դու աստված չունես։

ՖԵԴՅԱ.— Դու, Նաստասյա Իվանովնա, անմեղ տեղն ես ինձ վրա կարծիք տանում։ Քո աղջիկը, ոնց որ իմ քույրը։ Ես սրա պատիվը պահպանում եմ։ Եվ դու ուրիշ բան մի կարծիր։ Ես սիրում եմ սրան։ Էլ ի՞նչ անեմ։

ԻՎԱՆ ՄԱԿԱՐՈՎԻՉ.— Իսկ փող որ ունեիր, չէիր սիրում։ Կգրեիր այն ժամանակ խմբի օգտին տասը հազար և կառնեիր պատվավոր կերպով։ Իսկ հիմա փողերդ կերել, պրծել ես և թաքուն փախցրել աղջկաս։ Ամոթ է, աղա, ամոթ է։

ՄԱՇԱ.— Չի փախցրել, ես ինքս եմ եկել։ Եվ հիմա որ տանեք, էլի կգամ։ Սիրում եմ նրան և վերջ։ Ձեր բոլոր կողպեքներից էլ ամուր է իմ սերը... Չե՛մ ուզում, որ չե՛մ ուզում։

ՆԱՍՏԱՍՅԱ ԻՎԱՆՈՎՆԱ․- Դե, Մաշենկա, ջանիկս, մի փնթփնթա։ Լավ չես արել։ Բայց ի՞նչ անենք, արի գնանք։

ԻՎԱՆ ՄԱԿԱՐՈՎԻՉ.— Դե, բավական է խոսեք։ Մա՛րշ։ (Բռնում է Մաշայի ձեռքից): Ներեցեք, աղա։ (Երեքն էլ դուրս են գնում):

ՏԵՍԻԼ 4

Ֆեդյա: Մտնում է իշխան Աբրեզկովը:

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Ներեցեք ինձ։ Ես ակամա վկա եղա մի անհաճո տեսարանի...

ՖԵԴՅԱ.— Ո՞ւմ հետ պատիվ ունեմ... (Ճանաչում է): Ա՛խ, իշխան Սերգեյ Դմիտրիևիչ։ (Բարևում է):

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Ակամա վկա եղա մի անհաճո տեսարանի։ Ես կկամենայի չլսել։ Բայց որ լսեցի, պարտքս եմ համարում ասել, որ լսեցի։ Ինձ ուղարկեցին այստեղ, և դռան մոտ հարկադրված էի սպասել այդ անձնավորությունների դուրս գալուն։ Մանավանդ որ դռան ծեծելս չէր լսվում խիստ բարձր ձայների մեջ։

ՖԵԴՅԱ.— Այո՛, այո՛։ Խնդրեմ խոնարհաբար։ Շնորհակալ եմ ձեզնից, որ այդ բանն ասացիք ինձ։ Այդ ինձ իրավունք է տալիս բացատրելու ձեզ այդ տեսարանը։ Այն, ինչ որ դուք կմտածեք իմ մասին, միևնույն է ինձ համար։ Բայց ես ուզում եմ ասել ձեզ, որ այն հանդիմանությունները, որ դուք լսեցիք այդ աղջկա — մի գնչուհի-երգչուհու հասցեին,— անարդարացի են։ Այդ աղջիկը բարոյապես նույնքան մաքուր է, որքան մի աղավնի։ Եվ նրա հետ իմ ունեցած հարաբերությունները բարեկամական են։ Եթե, թերևս, այդ հարաբերությունների վրա բանաստեղծական երանգ կա, այնուամենայնիվ այդ բանը չի ոչնչացնում այդ աղջկա մաքրությունը — պատիվը։ Ահա ա՛յս էի ուզում ասել ձեզ։ Ուրեմն ի՞նչ եք կամենում ինձնից։ Ի՞նչ ծառայություն կարող եմ մատուցել ձեզ։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Ես նախ...

ՖԵԴՅԱ.— Ներեցեք ինձ, իշխան։ Ես այնպիսի կացություն եմ ստեղծել ինձ համար հասարակության մեջ, որ ձեզ հետ ունեցած իմ քիչ և հին ծանոթությունը ինձ իրավունք չի տալիս, որ դուք ինձ այցելեք, եթե ինձ հետ գործ չունեք։ Ի՞նչ է այդ գործը։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Չեմ ժխտի,— դուք հասկացաք։ Ես գործ ունեմ։ Բայց և այնպես, խնդրում եմ ձեզ հավատացեք, որ ձեր դրության փոփոխությունը երբեք չի կարող ազդել դեպի ձեզ ունեցած իմ հարաբերության վրա։

ՖԵԴՅԱ.— Բոլորովին հավատացած եմ։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Գործս այն է, որ իմ հին բարեկամ Աննա Դմիտրիևնա Կարենինայի որդին և ինքը Աննա Դմիտրիևնան խնդրել են ինձ ուղղակի և անմիջապես իմանալ ձեզնից, թե ինչ հարաբերությունների մեջ եք... Դուք թո՞ւյլ կտաք ինձ ասեմ։ Թե ինչ հարաբերությունների մեջ եք ձեր կնոջ՝ Ելիզավետա Անդրեևնա Պրոտասովայի հետ։

ՖԵԴՅԱ.— Իմ հարաբերությունները իմ կնոջ, կարող եմ ասել՝ իմ նախկին կնոջ հետ բոլորովին կտրված են։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Ես այդպես էլ հասկանում էի։ Եվ դրա համար միայն հանձն առա այս դժվարին առաքելությունը։

ՖԵԴՅԱ.— Կտրված են. շտապում եմ ասել, ոչ թե նրա, այլ իմ հանցավորության կամ, ավելի ճիշտը, իմ անվերջ հանցավորությոլնների պատճառով։ Իսկ նա, ինչպես որ ամենաանբիծ կինն էր, այնպես էլ մնացել է ամենաանբիծը։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Այսպես, ահա, Վիկտոր Կարենինը, մանավանդ նրա մայրը, խնդրեցին ինձ իմանալ ձեզնից ձեր մտադրությունները։

ՖԵԴՅԱ (տաքանալով).— Ի՞նչ մտադրություններ։ Ո՛չ մի՛։ Ես նրան կատարյալ ազատություն եմ տալիս։ Այս քիչ է. երբեք չեմ խանգարի նրա հանգստությունը։ Ես գիտեմ, որ նա սիրում է Վիկտոր Կարենինին։ Թող սիրի։ Վիկտորին ես համարում եմ խիստ ձանձրալի, բայց խիստ լավ, ազնիվ մարդ, և կարծում եմ, որ կինս նրա հետ (ինչպես այդ ասվում է սովորաբար) բախտավոր կլինի։ Եվ... que le bon pien les benisse[17]. Այս է բոլորը։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ․— Այո, բայց մենք...

ՖԵԴՅԱ (խոսքը կտրելով).— Չկարծեք, թե ես մի մազաչափ անգամ խանդի զգացում եմ ունեցել։ Եթե ես Վիկտորի մասին ասացի, որ նա ձանձրալի է, ապա այդ խոսքը ետ եմ առնում։ Նա շատ լավ, ազնիվ, բարոյական մարդ է, գրեթե իմ հակապատկերը։ Եվ նա սիրել է կնոջս մանկությունից։ Գուցե կինս էլ սիրում էր նրան, երբ ամուսնացավ ինձ հետ։ Այսպիսի բան պատահում է։ Ամենալավ սերն այն է, որի մասին ոչինչ չգիտես։ Կինս, ես կարծում եմ, միշտ սիրել է։ Բայց, իբրև ազնիվ կին, նույնիսկ իրեն չի խոստովանել այդ։ Բայց այո... ինչ որ ստվեր կար մեր ընտանեկան կյանքի վրա։ Ասենք, ինչ եմ խոստովանություն անում ձեզ։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Խնդրում եմ, արեք։ Հավատացեք, որ ձեզ մոտ գալով ես ուզում եմ կատարելապես հասկանալ այդ հարաբերությունները, և ինձ համար ա՛յդ է ամենից կարևորը։ Ես հասկանում եմ ձեզ։ Հասկանում եմ, որ այդ ստվերները, ինչպես շատ գեղեցիկ ասացիք դուք, կարող էր լինել։

ՖԵԴՅԱ.— Եվ կար, և, գուցե, այդ պատճառով էր, որ ես չէի կարողանում գոհ մնալ ընտանեկան այն կյանքից, որ կինս տալիս էր ինձ, ուստի ինչ որ բան էի որոնում և գայթակղվում։ Սակայն, ես կարծես թե ուզում եմ ինքս ինձ արդարացնել։ Ես համարձակորեն ասում եմ, վատ ամուսին էի, էի, որովհետև այժմ գիտակցությանս մեջ վաղուց է, որ ամուսին չեմ։ Եվ կնոջս բոլորովին ազատ եմ համարում։ Ուրեմն, ահա՛ ձեզ իմ պատասխանը ձեր առաքելությանը։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Այո, բայց դուք ճանաչում եք Վիկտորի ընտանիքը և իրեն Վիկտորին։ Նրա հարաբերությունները դեպի Ելիզավետա Անդրեևնան միշտ ամենահարգալիր, և հեռավոր հարաբերություններ են եղել և այդպես էլ մնում են։ Ծանր օրերին նա օգնում էր Ելիզավետա Անդրեևնային։

ՖԵԴՅԱ.— Այո, ես իմ անառակությամբ նպաստում էի նրանց մերձեցմանը, ի՞նչ արած։ Պետք է որ այդպես լիներ։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Դուք գիտեք նրա և նրա ընտանիքի խստակրոն ուղղափառ համոզումները։ Ես այդպիսի համոզումներ չունեմ։ Ես ավելի լայն հայացքով եմ նայում իրերի վրա։ Բայց հարգում եմ այդ համոզումները և հասկանում։ Հասկանում եմ, որ նրա և մանավանդ մոր համար, անհնարին է մերձենալ կնոջը առանց եկեղեցական պսակի։

ՖԵԴՅԱ.— Այո, ինձ հայտնի է նրա բըթ․․․ շիտակությունը, պահպանողականությունն այդ բանում։ Բայց ի՞նչ են ուզում նրանք։ Ապահարզա՞ն։ Ես վաղուց ասել եմ նրանց, որ պատրաստ եմ տալու, բայց որ դրա համար մեղքն ինձ վրա պիտի առնեմ, ասել է թե՝ պիտի ստեմ, այդ բանը շատ ծանր է։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Ես կատարելապես հասկանում եմ ձեզ և միևնույնը ես եմ կարծո՛ւմ։ Բայց ի՞նչ անենք։ Ես կարծում եմ, որ կարելի է այսպես անել... Ասենք դուք իրավացի եք։ Այդ սարսափելի է, և ես հասկանում եմ ձեզ։

ՖԵԴՅԱ (սեղմում է ձեռքը).— Շնորհակալ եմ, սիրելի իշխան. ես ձեզ միշտ ազնիվ, բարի մարդ եմ ճանաչել։ Բայց, ասացեք, ի՞նչպես անեմ։ Ի՞նչ անեմ։ Մտեք լիովին իմ դրության մեջ։ Ես չեմ աշխատում լավանալ։ Ես անպիտան եմ։ Բայց կան բաներ, որ ես չեմ կարող հանգիստ խղճով անել։ Չեմ կարող հանգիստ կերպով ստել։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Ես ձեզ նույնպես չեմ հասկանում։ Դուք, որ ընդունակ, խելոք մարդ եք, այդքան զգայուն դեպի բարին,— ի՞նչպես եք կարողանում գայթակղվել, մոռանալ այն, ինչ որ ինքներդ իսկ պահանջում եք ձեզնից։ Ի՞նչպես հասաք այդ բանին, ինչպես դուք կործանեցիք ձեր կյանքը։

ՖԵԴՅԱ (զսպում է հուզմունքի արցունքները).— Տասը տարի է, ահա, որ ես անառակ կյանք եմ վարում։ Եվ առաջին անգամն է, որ ձեզ պես մի մարդ խղճաց ինձ։ Ինձ խղճում էին ընկերներս, քեֆ սիրողները, կանայք, բայց մի խոհուն, բարի մարդ, որպիսին դուք եք... Շնորհակալ եմ ձեզնից։ Ինչպես հասա ես իմ կործանմա՞նը։ Նախ՝ գինին։ Գինին հո մենակ անուշ բան չէ. իսկ ինչ որ անում եմ ես, միշտ զգում եմ, որ ա՛յդ չեմ անում, ինչ որ պետք է, և ամաչում եմ... Եվ միայն այն ժամանակ, երբ խմում եմ, այլևս ամոթ չեմ զգում։ Իսկ երաժշտությունը,— ոչ թե օպերաները և Բեթհովենը, այլ գնչուները... Դա այնպիսի մի կյանք է, այնպիսի մի եռանդ է մտնում մեջդ։ Դրան ավելացրեք և սիրելի, սևորակ աչքերն ու ժպիտը։ Եվ որքան այս բանը ոգևորիչ է, այնքան ավելի ամոթ է զգում մարդ հետո։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Հապա աշխատա՞նքը։

ՖԵԴՅԱ.— Փորձել եմ։ Ոչ մի լավ բան չկա։ Ամեն բանից էլ դժգոհ եմ։ Դե, ի՞նչ եմ իմ մասին խոսում։ Շնորհակալ եմ ձեզնից։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Ուրեմն ի՞նչ ասեմ։

ՖԵԴՅԱ.— Ասացեք, որ կանեմ, ինչ որ ուզում են իրենք։ Նրանք ուզում են ամուսնանալ, չէ՞ որ նրանց ամուսնությանը ոչ մի արգելք չպետք է լինի, չէ՞։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Իհարկե։

ՖԵԴՅԱ.— Կանեմ, ասացեք, որ անշուշտ կանեմ։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ․— Բայց ի՞նչպես։

ՖԵԴՅԱ.— Սպասեցեք։ Դե, ասենք, երկու շաբաթ։ Բավակա՞ն է։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ (վեր կենալով).— Այդպես էլ կարո՞ղ եմ ասել։

ՖԵԴՅԱ.— Կարող եք։ Մնաք բարով, իշխան։ Կրկին անգամ շնորհակալ եմ ձեզնից։

(Իշխան Աբրեզկովը տուն է գնում):

ՏԵՍԻԼ 5

Ֆեդյա, մենակ:

ՖԵԴՅԱ (նստած է լուռ ու երկար: Ժպտում է).— Լավ է, շատ լավ է։ Այդպես էլ պետք է։ Այդպես էլ պետք է։ Այդպես էլ պետք է։ Հրաշալի՜ է։

ՎԱՐԱԳՈՒՅՐ

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ IV

Պատկեր 1-ին

Պանդոկում: Առանձին կաբինետ։ Սպասավորը առաջնորդում է Ֆեդյային և Իվան Պետրովիչ Ալեքսանդրովին:

ՏԵՍԻԼ 1

Ֆեդյա, Իվան Պետրովիչ և սպասավոր:

ՍՊԱՍԱՎՈՐ.— Այստեղ համեցեք։ Այստեղ ոչ-ոք չի անհանգստացնի, իսկ թուղթը իսկույն կբերեմ։

ԻՎԱՆ ՊԵՏՐՈՎԻՉ.— Պրոտասով։ Ես կմտնեմ։

ՖԵԴՅԱ (լուրջ).— Խնդրեմ, մտիր, բայց ես զբաղված եմ և... Ուզում ես մտիր։

ԻՎԱՆ ՊԵՏՐՈՎԻՉ.— Դու ուզում ես պատասխանե՞լ նրանց պահանջներին։ Ես քեզ կասեմ ինչպես պատասխանես։ Ես այդպես չէի անի։ Ես միշտ շիտակն եմ ասում և գործում եմ վճռապես (Սպասավորին).- Մի շիշ շամպայն։ (Սպասավորը դուրս է գնում)։

ՏԵՍԻԼ 2

Ֆեդյա և Իվան Պետրովիչ։ (Ֆեյդան հանում է ատրճանակը և դնում է սեղանի վրա):

ՖԵԴՅԱ.— Սպասիր մի քիչ։

ԻՎԱՆ ՊԵՏՐՈՎԻՉ.— Թե ի՞նչ։ Որ ուզում ես ինքնասպանություն գործել։ Կարելի է։ Կարելի է։ Ես քեզ հասկանում

ՏԵՍԻԼ 3

Նույնք և սպասավոր:

ՖԵԴՅԱ (ծածկում է ատրճանակն անձեռոցիկով).— Բաց արա շիշը։ Արի խմենք։ (Խմում են): (Ֆեդյան գրում է). Սպասիր մի քիչ։

ԻՎԱՆ ՊԵՏՐՈՎԻՉ.— Քո․․․ մեծ ճանապարհորդության կենացը։ Չէ, որ ես բարձր եմ կանգնած այդ բանից։ Ես չեմ բռնի ձեռքդ։ Թե կյանքը, թե մահը հանճարի համար միևնույն են։ Ես մեռնում եմ կյանքի մեջ և ապրում եմ մահվան մեջ։ Դու կսպանես քեզ, որպեսզի նրանք, երկու մարդ, խղճան քեզ։ Իսկ ես,— ես կսպանեմ ինձ նրա համար, որ ամբողջ աշխարհն իմանա, թե ինչ կորցրեց ինքը։ Ես չեմ էլ տատանվի, մտածի։ Առա (առնում է ատրճանակը), մեկ,— ու պրծավ։ Բայց դեռևս վաղ է (ցած է դնում ատրճանակը): Ես գրելու էլ բան չունեմ, նրանք՝ իրենք պետք է հասկանան... Ախ, դուք...

ՖԵԴՅԱ (գրում է).— Մի քիչ սպասիր։

ԻՎԱՆ ՊԵՏՐՈՎԻՉ.— Ողորմելի՜ մարդիկ։ Ղժվժում են, դես ու դեն են ընկնում։ Եվ չեն հասկանում,— ոչինչ չեն հասկանում։ Քեզ չեմ ասում։ Հենց այնպես, արտահայտում եմ մտքերս։ Իսկ ի՞նչ է հարկավոր մարդկությանը։ Շատ քիչ բան.— գնահատել իր հանճարներին, իսկ նրանք միշտ պատժել, հալածել, տանջել են նրանց... Ո՛չ, Ես չե՛մ դառնա ձեր խաղալիքը։ Ես կպոկե՛մ դիմակը ձեր երեսից։ Ո.ո.ո՜չ։ Կեղծավորնե՛ր։

ՖԵԴՅԱ (վերջացրեց գրելը, խմում է և կարդում).— Հեռացիր, ի սեր աստծո։

ԻՎԱՆ ՊԵՏՐՈՎԻՉ.— Հեռանա՞մ։ Դե, մնաս բարով։ Ձեռքդ չեմ բռնի։ Ես նույնը կանեմ։ Բայց դեռ վաղ է։ Ես ուզում եմ միայն ասել քեզ...

ՖԵԴՅԱ.— Լավ։ Կասես, բայց հետո, իսկ այժմ ա՛յ ինչ արա, բարեկամ։ Խնդրում եմ, տուր այս պանդոկի տիրոջը (փող է տալիս նրան) և հարցրու իմ անունով նամակ ու փաթեթ չկա՞։ Խնդրում եմ։

ԻՎԱՆ ՊԵՏՈՈՎԻՉ.— Լավ։ Ուրեմն ինձ կսպասե՞ս։ Ես դեռ կարևոր բան պիտի ասեմ քեզ։ Այնպիսի բան, որ չես լսի ոչ միայն այս, այլ և այն աշխարհում, գոնե մինչև այն ժամանակ, երբ ևս կգամ այնտեղ։ Ուրեմն բոլո՞րը տամ։

ՖԵԴՅԱ.— Ինչքան որ պետք է։ (Իվ․ Պետրովիչը դուրս է գնում):

ՏԵՍԻԼ 4

Ֆեդյա մենակ:

ՖԵԴՅԱ (շունչ է քաշում թեթևացած, փակում է դուռը Իվան Պետրովիչի ետևից, վերցնում է ատրճանակը, դնում քունքին, ցնցվում և զգուշորեն իջեցնում: Լռում է):

ՖԵԴՅԱ.— Ո՛չ, չե՜մ կարող, չե՜մ կարող, չե՜մ կարող։ (Դուռը ծեծում են): Ո՞վ ես այնտեղ։

ՄԱՇԱՅԻ ՁԱՅՆԸ (դռան ետևից).— Ես եմ։

ՖԵԴՅԱ.— Դու ո՞վ ես։ Ա՜խ, Մաշա... (բաց է անում դուռը):

ՏԵՍԻԼ 5

Ֆեդյա և Մաշա:

ՄԱՇԱ.— -Ձեզ մոտ էի, Պոպովի մոտ, Աֆրեմովի մոտ և վերջը գլխի ընկա, որ այստեղ կլինես։ (Տեսնում է ատրճանակը): Ա՛յ, թե լավ բան ես անում։ Հիմա՛ր։ Իսկապես հիմար ես։ Մի՞թե իսկապես ուզում ես սպանել քեզ։

ՖԵԴՅԱ.— Չէ, չկարողացա։

ՄԱՇԱ.— Ուրեմն ես չկամ, էլի՞։ Անաստվա՛ծ։ Ինձ էլ չես խղճացել։ Ա՛խ, Ֆեոդոր Վասիլևիչ, մե՜ղք ես գործում, մե՜ղք։ Իմ սիրո համար...

ՖԵԴՅԱ.— Ուզում էի նրանց արձակել, խոստացել էի։ Իսկ սուտ խոսել չեմ կարող։

ՄԱՇԱ.— Իսկ ե՞ս։

ՖԵԴՅԱ.— Դու ի՞նչ։ Քեզ էլ կարձակեի։ Մի՞թե լավ է, որ ինձ հետ տանջվում ես։

ՄԱՇԱ․— Երևի թե լավ է։ Ես չեմ կարող առանց քեզ ապրել։

ՖԵԴՅԱ.— Ախր ի՞նչ կյանք պիտի ունենաս ինձ հետ։ Լաց կլինեիր և կշարունակեիր ապրել քեզ համար։

ՄԱՇԱ.— Ամենևին էլ լաց չէի լինի։ Շա՛տ հարկավոր ես, թե չես խղճում ինձ։ (Լալիս է):

ՖԵԴՅԱ.— Մա՜շա, բարեկա՜մս, չէ՞ որ ես ավելի լավ բան էի ուզում անել։

ՄԱՇԱ.— Քեզ համար։

ՖԵԴՅԱ (ժպտալով)․ Էլ ո՞րտեղից ավելի լավ կլիներ ինձ համար, եթե ես սպանեի ինձ։

ՄԱՇԱ.— Իհարկե, ավելի լավ կլիներ։ Լա՜վ, ի՞նչ ես ուզում։ Ասա՛։

ՖԵԴՅԱ.— Ի՞նչպես թե ինչ եմ ուզում։ Շատ բան եմ ուզում։

ՄԱՇԱ.— Ի՞նչ է, ի՞նչ։

ՖԵԴՅԱ.— Ուզում եմ, նախ, խոստումս կատարել։ Այս — մեկ, և այս մեկն էլ բավական է։ Սուտ խոսել և անել այն բոլոր գարշելի բաները, որոնք հարկավոր են ապահարզանի համար,— չեմ կարող։

ՄԱՇԱ.— Ասենք, իսկապես որ գարշելի է։ Ես ինքս...

ՖԵԴՅԱ.— Հետո պետք է նրանց իսկապես ազատել, թե կնոջս և թե նրան։ Նրանք լավ մարդիկ են։ Ինչո՞ւ տանջվեն։ Այս երկու։

ՄԱՇԱ.— Կնոջդ լավությունն էլ ո՞րտեղ է, երբ որ նա թողել է քեզ։

ՖԵԴՅԱ.— Նա՛ չի թողել, ե՛ս եմ թողել։

ՄԱՇԱ.— Դե, լավ, լավ։ Միշտ դու։ Նա հրեշտակ է։ Է՞լ ինչ։

ՖԵԴՅԱ.— Մեկ էլ ա՛յն, որ դու լավ, սիրելի աղջիկ ես,— սիրում եմ քեզ, և թե որ կենդանի մնացի, կկործանեմ քեզ։

ՄԱՇԱ.— Այդ արդեն քո գործը չէ։ Ես ինքս գիտեմ, թե որտեղ կկործանվեմ։

ՖԵԴՅԱ (հոգոց է հանում).— Բայց գլխավորը, գլխավորը... Ի՞նչ է իմ կյանքը։ Մի՞թե չեմ տեսնում, որ կորած եմ, ոչ մի բանի պետք չեմ։ Ամենքի և ինձ համար ծանր բեռ եմ դարձել, ինչպես ասում էր քո հայրը։ Անպետք եմ ես...

ՄԱՇԱ.— Հիմարություններ մի՛ դուրս տուր։ Ես քեզանից պոկ չեմ գա։ Կպել պրծել եմ։ Իսկ որ դու վատ ես ապրում, խմում ու քեֆեր ես անում... նրա՛ համար, որ կենդանի մարդ ես։ Թո՛ղ այդ բոլորն ու պրծիր։

ՖԵԴՅԱ.— Հեշտ ես ասում։

ՄԱՇԱ.— Այդպես էլ արա։

ՖԵԴՅԱ.— Այ, քեզ որ նայում եմ, թվում է, թե ամեն բան կանեմ։

ՄԱՇԱ.— Ու կանես։ Ամեն բան կանես։ (Տեսնում է նամակը): Այս ի՞նչ է։ Դու նրա՞նց էիր գրում։ Իսկ ի՞նչ էիր գրում։

ՖԵԴՅԱ.— Ինչ էի գրո՞ւմ... (վերցնում է նամակը և ուզում է պատռել): Է՛լ հարկավոր չէ՛։

ՄԱՇԱ (նամակը խլում է).— Գրել ես, թե սպանե՞լ ես քեզ։ Հա՞։ Ատրճանակի մասին չե՞ս գրել։ Գրե՞լ ես, թե սպանել ես։

ՖԵԴՅԱ.— Այո, գրել եմ, որ այլևս չեմ լինի։

ՄԱՇԱ.— Տո՛ւր, տո՛ւր, տո՛ւր։ Կարդացե՞լ ես դու՝ «Что делать»։

ՖԵԴՅԱ.— Կարծեմ, կարդացել եմ։

ՄԱՇԱ.— Ձանձրալի է այդ վեպը, բայց մի բան շատ, շատ լավ է։ Նա, այդ, ի՞նչպես է անունը, Ռախմանովը... վեր է կենում ու ցույց է տալիս, թե ինքը ջուրն է ընկել խեղդվել։ Այ, դու էլ լողալ չե՞ս իմանում։

ՖԵԴՅԱ.— Չէ։

ՄԱՇԱ.— Լավ։ Տո՛ւր այստեղ շորերդ։ Բոլորը, թղթապանակդ էլ։

ՖԵԴՅԱ.— Ի՞նչպես թե...

ՄԱՇԱ.— Սո՛ւս, սո՛ւս, սո՛ւս... Արի գնանք տուն։ Այնտեղ շորերդ կփոխես։

ՖԵԴՅԱ.— Բայց այդ խաբեբայություն կլինի։

ՄԱՇԱ.— Շատ էլ լավ կլինի։ Գնացել ես լողալու, շորերդ մնացել են ափին։ Գրպանումդ գտել են թղթապանակդ և այս նամակը։

ՖԵԴՅԱ.— Լավ, հետո՞։

ՄԱՇԱ.— Հետո՞։ Հետո կհեռանանք ու կապրենք փառավորապես։

ՏԵՍԻԼ 6

Նույնք և մտնում է Իվան Պետրովիչը:

ԻՎԱՆ ՊԵՏՐՈՎԻՉ.— Ա՛յ քեզ բա՜ն։ Իսկ ատրճանակը։ Ես կվերցնեմ։

ՄԱՇԱ.— Վերցրո՛ւ, վերցրո՛ւ, իսկ մենք գնում ենք։

ՎԱՐԱԳՈՒՅՐ


Պատկեր 2-րդ

Հյուրասենյակ Պրոտասովայի տանը:

ՏԵՍԻԼ 1

Կարենին, Լիզա:

ԿԱՐԵՆԻՆ.— Նա այնքան որոշակի խոստացավ, որ հավատացած եմ, թե կկատարի իր խոստումը։

ԼԻԶԱ.— Խիղճս տանջում է ինձ, բայց պիտի ասեմ, որ այն, ինչ որ իմացա այն գնչուհու մասին, բոլորովին ազատեց ինձ։ Մի՛ կարծիր, թե այս խանդ է։ Խանդ չէ այս, այլ ազատագրում։ Դե, ի՞նչպես ասեմ ձեզ...

ԿԱՐԵՆԻՆ.— Դարձյա՜լ ձեզ։

ԼԻԶԱ (Ժպտալով)․— Քեզ։ Դե մի՛ խանգարեք, մի՛ խանգարիր ինձ ասելու այն, ինչ որ զգում եմ։ Ինձ ամենից ավելի տանջողն այն էր, որ զգում էի, թե սիրում եմ երկու մարդու։ Իսկ այդ նշանակում է, որ ես անբարոյական կին եմ։

ԿԱՐԵՆԻՆ.— Դու անբարոյական կի՜ն։

ԼԻԶԱ․— Բայց երբ իմացա, որ նա ուրիշ կին ունի, հետևաբար ես պետք չեմ նրան, ազատվեցի և զգացի, որ, առանց սուտ ասած լինելու, կարող եմ ասել, որ սիրում եմ ձեզ․․․ քեզ։ Այժմ հոգիս խաղաղ է, և դրությունս է միայն, որ տանջում է ինձ։ Այդ ապահարզանը։ Այդ բոլորն այնքա՜ն անտանելի է։ Այդ սպասողական վիճակը։

ԿԱՐԵՆԻՆ.— Իսկույն, իսկույն կվճռվի։ Բացի այն, որ նա խոստացավ, քարտուղարիս խնդրեցի, որ խնդրագիրը տանի նրա մոտ և չհեռանա, մինչև որ ստորագրել տա։ Եթե չճանաչեի նրան, ինչպես որ ճանաչում եմ, կկարծեի, թե դիտմամբ է անում։

ԼԻԶԱ․— Նա՞։ Ոչ, այդ էլ նրա թե՛ թուլությունն է և թե ազնվությունը։ Չի ուզում անճիշտ բան ասած լինել։ Միայն իզուր նրան փող ուղարկեցիր։

ԿԱՐԵՆԻՆ.— Չէր կարելի։ Գործը կարող էր կանգ առնել։

ԼԻԶԱ.— Ոչ, փողը ինչ-որ լավ բան չէ՛։

ԿԱՐԵՆԻՆ.— Դե՛, նա արդեն կարող է ավելի քիչ pointilleux[18] լինել։

ԼԻԶԱ․— Որքա՜ն եսասեր ենք դառնում մենք։

ԿԱՐԵՆԻՆ.— Այո՛, խոստովանում եմ։ Դո՜ւ ես մեղավոր։ Այնքան սպասելուց, այնքան հուսահատվելուց հետո, այժմ ես այնքա՜ն երջանիկ եմ։ Իսկ երջանկությունը մարդուն եսասեր է դարձնում։ Դո՛ւ ես մեղավոր։

ԼԻԶԱ.— Կարծում ես, մենակ դո՞ւ ես եսասեր դարձել։ Ես էլ եմ դարձել։ Ես զգում եմ, որ ամբողջովին լի եմ, լողում եմ երջանկությանս մեջ։ Ամեն բան կա, թե՛ Միկան առողջացավ, թե՛ քո մայրն է սիրում ինձ, թե՛ դու և գլխավորը — ե՛ս, ե՛ս եմ սիրում։

ԿԱՐԵՆԻՆ.— Հա՞։ Առանց զղջալո՞ւ։ Անդա՞րձ։

ԼԻԶԱ.— Այն օրվանից ամեն բան հանկարծ փոխվեց իմ մեջ։

ԿԱՐԵՆԻՆ.— Եվ նորից չի՞ փոխվի։

ԼԻԶԱ.— Երբե՛ք։ Ես մի բան եմ միայն ցանկանում,— որ քո մեջ ևս բոլորովին վերջացած լինի այդ, ինչպես իմ մեջ։

ՏԵՍԻԼ 2

Նույնք և դայակը երեխայի հետ։ Դուրս է գալիս դայակը երեխայի հետ: Երեխան գնում է մոր մոտ: Մայրը վերցնում է նրան ծնկան վրա:

ԿԱՐԵՆԻՆ.— Ո՞րպիսի դժբախտ մարդիկ ենք մենք։

ԼԻԶԱ․— Ի՞նչ է որ։ (Համբուրում է երեխային):

ԿԱՐԵՆԻՆ.— Երբ որ ամուսնացար, և արտասահմանից վերադառնալուց հետո իմացա այդ ու զգացի, որ կորցրել եմ քեզ, ես դժբախտ էի, և ուրախանում էի, որ իմանում էի, թե հիշում ես ինձ։ Այդ ինձ բավական էր։ Հետո, երբ բարեկամական հարաբերություններ հաստատեցինք իրար հետ, և ես զգացի, որ դու սիրալիր ես վարվում ինձ հետ և մեր բարեկամության մեջ կա ինչ-որ բարեկամությունից ավելի մեծ բանի մի փոքր կայծ, ես արդեն գրեթե երջանիկ էի։ Ինձ միայն տանջում էր այն բանի վախը, որ ես ազնիվ չեմ Ֆեդյայի վերաբերմամբ։ Ասենք, ես միշտ հաստատապես գիտակցել եմ, որ բացի ամենամաքուր բարեկամությունից ուրիշ տեսակ հարաբերություններ չեմ կարող ունենալ ընկերոջս կնոջ հետ,— և քեզ էլ ճանաչում էի,— այնպես որ այդ բանը չէր տանջում ինձ, և ես գոհ էի։ Հետո, երբ Ֆեդյան սկսել էր տանջել քեզ, և ես զգացի, որ օգնականդ եմ, և դու վախենում ես իմ բարեկամությունից, ես արդեն բոլորովին երջանիկ էի, և մեջս ինչ-որ անորոշ մի հույս սկսեց ծագել։ Հետո... երբ նա արդեն անտանելի դարձավ, դու վճռեցիր թողնել նրան, և ես առաջին անգամ ասացի ամեն բան, և դու «չէ» չասացիր, այլ արցունքն աչքերիդ հեռացար ինձնից. ես արդեն կատարելապես երջանիկ էիք Եվ եթե ինձ հարցնեին, թե էլ ի՞նչ եմ ուզում, կասեի՝ ոչինչ։ Բայց հետո հնարավոր դարձավ կյանքս կապելու քո կյանքի հետ. maman սիրեց քեզ, այդ հնարավորությունն սկսեց իրագործվել. դու ասացիր ինձ, թե սիրում էիր և սիրում ես ինձ, հետո ասացիր ինձ, ինչպես այժմ, թե նա չկա քեզ համար, և դու ինձ ես միայն սիրում,— ըստ երևույթին, այլևս ի՞նչ պիտի ուզեի։ Բայց ոչ, այժմ, այժմ ես տանջվում եմ անցյալիս համար, կուզեի, որ չլիներ այդ անցյալը, այլ լիներ այն, ինչ որ հիշեցնում է այդ անցյալը։

ԼԻԶԱ (հանդիմանորեն).— Վիկտո՛ր։

ԿԱՐԵՆՒՆ.— Լիզա՛, ների՛ր ինձ։ Այն, ինչ որ ասում եմ, նրա՛ համար եմ ասում, որ չեմ ուզում քո մասին և քեզնից ծածուկ միտք լինի իմ մեջ։ Այս բոլորն ասացի դիտմամբ նրա՛ համար, որ ցույց տամ, թե ո՛րքան վատ մարդ եմ ես և ո՛րքան հասկանում եմ, որ սրանից էլ դենը գնալ անկարելի է, որ ես պետք է կռվեմ իմ դեմ և հաղթահարեմ ինձ։ Եվ ես հաղթահարեցի։ Ես սիրում եմ նրան։

ԼԻԶԱ․— Այդպես էլ պետք է։ Ես արեցի ամեն բան, ինչ որ կարող էի։ Ես չէ, այլ սրտիս մեջ եղավ այն ամենը, ինչ որ դու կարող էիր ցանկանալ. նրա միջից չքացավ ամեն բան, բացի քեզնից։

ԿԱՐԵՆՒՆ.— Ամե՞ն բան։

ԼԻԶԱ․— Ամեն, ամեն բան։ Թե չէ՝ չէի ասի։

ՏԵՍԻԼ 3

Նույնք և լակեյ:

ԼԱԿԵՅ.— Պարոն Վոզնեսենսկի։

ԿԱՐԵՆԻՆ.— Ֆեդյայից պատասխան է բերում։

ԼԻԶԱ (Կարենինին).— Կանչեցե՛ք այստեղ։

ԿԱՐԵՆԻՆ (վեր է կենում և գնում է դեպի դուռը).— Դե, այս էլ պատասխանը։

ԼԻԶԱ (երեխային տալիս է դայակին: Դայակը դուրս է գնում:).— Մի՞թե ամեն բան պիտի վճռվի, Վիկտոր։ (Համբուրում է նրան):

ՏԵՍԻԼ 4

Կարենին, Լիզա և Վոզնեսենսկի (մտնում է):

ԿԱՐԵՆԻՆ.— Հը՜, ի՞նչ պատասխան բերիք։

ՎՈԶՆԵՍԵՆՍԿԻ.— Տանը չէր։

ԿԱՐԵՆԻՆ․— Ի՞նչպես թե տանը չէր։ Խնդրագիրն էլ չի ստորագրել։

ՎՈԶՆԵՍԵՆՍԿԻ.— Խնդրագիրը չի ստորագրված, այլ թողված է մի նամակ ձեր և Ելիզավետա Անդրեևնայի անունով։ (Գրպանից հանում է մի նամակ և տալիս): Գնացի նրա բնակարանը։ Ասացին ճաշարանումն է։ Գնացի։ Այն ժամանակ Ֆեոդոր Վասիլևիչն ասաց, որ մի ժամից հետո գնում և պատասխանը կստանամ։ Գնացի և ահա...

ԿԱՐԵՆԻՆ.— Մի՞թե նորից հետաձգում է, խոսքը ետ է առնում։ Չէ, այս պարզապես լավ չէ։ Որքա՛ն նա ընկել է։

ԼԻԶԱ․— Դե, մի կարդա՛, տեսնենք ինչ է գրում։

ԿԱՐԵՆԻՆ (բաց է անում նամակը):

ՎՈԶՆԵՍԵՆՍԿԻ.— Ես հարկավոր չե՞մ ձեզ։

ԿԱՐԵՆԻՆ․— Հա, չէ՛, ցտեսություն։ Շնորհակալ եմ (Կանգ է առնում, կարդալով զարմացած: Վոզնեսենսկին դուրս է գնում):

ՏԵՍԻԼ 5

Կարենին և Լիզա:

ԼԻԶԱ.— Ի՞նչ, ի՞նչ է գրում։

ԿԱՐԵՆԻՆ.— Այս սարսափելի՜ է։

ԼԻԶԱ (վրա է ընկնում նամակին).— Կարդա՛։

ԿԱՐԵՆԻՆ (կարդում է).— «Լիզա և Վիկտոր, դիմում եմ ձեզ երկուսիդ էլ։ Չեմ ուզում սուտ ասել, անվանելով ձեզ սիրելի կամ թանկագին։ Չեմ կարող զսպել դառնության և հանդիմանության զգացումս։ Հանդիմանում եմ ինքս ինձ, բայց և այնպես տանջվում եմ, որ մտածում եմ ձեր մասին, ձեր սիրո մասին, ձեր բախտավորության մասին։ Ամեն բան գիտեմ։ Գիտեմ, որ, չնայելով ամուսին եմ, ես մի շարք պատահականություններից ստիպված խանգարել եմ ձեզ։ Sést moi, qui súis l’intrus[19]։ Բայց և այնպես չեմ կարողանում զսպել ինձ, որ դառնություն ու սառնություն չզգամ դեպի ձեզ։ Տեսականորեն սիրում եմ ձեզ երկուսիդ էլ, մանավանդ Լիզային, Լիզանկային, բայց իրապես ավելի քան սառն եմ։ Գիտեմ, որ ես արդարացի չեմ, և չեմ կարողանում փոխվել»։

ԼԻԶԱ.— Այդ ի՞նչպես է, որ նա...

ԿԱՐԵՆԻՆ (շարունակելով կարդալ).— «Բայց գանք գործին։ Ինձ երկուացնող այդ զգացումն է հենց, որ ստիպում է ինձ այլ կերպ կատարել իմ ցանկությունը, քան թե դուք կկամենայիք։ Սուտ խոսել, կեղտոտ կոմեդիա խաղալ, կաշառներ տալով կոնսիստորիային,— այս բոլոր ցածությունը անտանելի և զզվելի է ինձ համար։ Որքան էլ ես ցած եմ, բայց ցած եմ ուրիշ կողմից, իսկ այդ ցածությանը չեմ կարող մասնակցել, պարզապես չեմ կարող: Մյուս ելքը, որ ես եմ մտածել, ամենապարզն է. դուք ուզում եք ամուսնանալ, որ բախտավոր լինեք, ես խանգարում եմ այդ բանին, հետևաբար՝ ես պետք է ոչնչանա՜մ...)

ԼԻԶԱ (վրա է ընկնում Կարենինի ձեռքին).— Վիկտո՛ր։

ԿԱՐԵՆԻՆ (կարդում է).— «Պետք է ոչնչանամ։ Եվ ես ոչնչանում եմ։ Երբ այս նամակը ստանաք, ես այլևս չեմ լինի։

Р. Տ. Շատ ցավում եմ, որ դուք ինձ փող եք ուղարկել ապահարզանի գործը վարելու համար։ Այդ անհաճո բան է և չի սազում ձեզ։ Էհ, ի՞նչ անենք։ Ես այնքա՜ն անգամ սխալվել եմ. ի՞նչ կա, որ մի անգամ էլ դուք սխալվեք։ Փողերը ետ եմ դարձնում։ Իմ մտածած ելքը կարճ է, էժան և ավելի հաստատ։ Մի բան եմ միայն խնդրում։— Մի՛ նեղանաք ինձնից և բարի հիշեցեք ինձ։ Մի բան էլ. այստեղ կա Եվգենիև ազգանունով մի ժամագործ, չե՞ք կարող արդյոք օգնել նրան գործի դնել։ Նա թույլ, բայց լավ մարդ է։ Մնա՛ք բարով։ Ֆեդյա»։

ԼԻԶԱ.- Նա սպանե՜լ է իրեն։ Վա՜յ...

ԿԱՐԵՆԻՆ (զանգահարում և դուրս է վազում դեպի նախասենյակ).— Ետ կանչեցեք պարոն Վոզնեսենսկուն։

ԼԻԶԱ․— Ես գիտեի, ես գիտեի։ Ֆեդյա, սիրելի՜ Ֆեդյա...

ԿԱՐԵՆԻՆ.— Լիզա՜,

ԼԻԶԱ.— Ճիշտ չէ, ճիշտ չէ, թե ես չէի սիրում, չեմ սիրում նրան։ Նրա՛ն եմ միայն սիրում։ Սիրում եմ։ Եվ նրան ե՛ս կործանեցի։ Թո՛ղ ինձ։

(Մտնում է Վոզնեսենսկին):

ՏԵՍԻԼ 6

Կարենին, Լիզա և Վոզնեսենսկի:

ԿԱՐԵՆԻՆ.— Ախր ո՞րտեղ է Ֆեոդոր Վասիլևիչը։ Ի՞նչ ասացին ձեզ։

ՎՈԶՆԵՍԵՆՍԿԻ.— Ասացին, որ դուրս է եկել առավոտյան, թողել է այդ նամակը և էլ չի վերադարձել։

ԿԱՐԵՆԻՆ.— Այս պետք է իմանալ։ Լիզա, ես գնում եմ։

ԼԻԶԱ․— Ների՛ր ինձ, բայց ես էլ չեմ կարող սուտ խոսել։ Թո՛ղ ինձ այժմ։ Գնա՛, իմացիր...

ՎԱՐԱԳՈՒՅՐ

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ V

Պատկեր 1-ին

Պանդոկի կեղտոտ սենյակ: Սեղանի մոտ նստած են թեյ և օղի խմողներ: Առաջին գծի վրա դրված է մի փոքրիկ սեղան, որի մոտ նստած է շենք ու շնորհքից ընկած Ֆեդյան պատառոտուն հագուստով և նրա հետ Պետուշկովը, ուշադիր, քնքուշ մի մարդ, հոգևորականի նման երկայն մազերով: Երկուսն էլ քիչ ու միչ խմած են:

ՏԵՍԻԼ 1

Ֆեդյա և Պետուշկով:

ՊԵՏՈՒՇԿՈՎ.— Հասկանում եմ, հասկանում։ Ա՛յ, այդ իսկական սեր է։ Հետո՞։

ՖԵԴՅԱ.— Գիտե՞ք ինչ կա, եթե այդ զգացումները երևան գային մեր շրջանի մի աղջկա մեջ, որ նա ամեն բան զոհեր իր սիրած մարդու համար․․․ այն ինչ նա մի գնչուհի էր, դաստիարակված ամբողջովին շահասիրության մեջ, և այդ գնչուհին սիրում էր մաքուր, անձնազոհ սիրով։ Տալիս էր ամեն բան, իսկ ինքը ոչինչ չէր պահանջում։ Մանավանդ այդ հակապատկերը։

ՊԵՏՈՒՇԿՈՎ.— Մեզանում նկարչության մեջ այդ բանը անվանվում է «վալյոր»։ Ա՛յն ժամանակ միայն կարելի է կատարելապես վառ-կարմիր գույն ստանալ, երբ չորս բոլորը․․․ Ասենք, բանն այդ չէ։ Հասկանում եմ, հասկանում...

ՖԵԴՅԱ.— Հետո,— և այս, կարծեմ, միակ բարի վարմունքն է, որ ունեցել եմ,— ես չեմ օգտվել նրա սիրուց։ Բայց գիտե՞ք ինչու։

ՊԵՏՈՒՇԿՈՎ.— Խղճահարությունից։

ՖԵԴՅԱ.— Օ՛հ, չէ՛: Ես խղճահարություն չեմ ունեցել դեպի նա: Ես միշտ հիացած եմ եղել նրանից, և երբ երգում էր,— ա՜խ, ինչպես էր երգում և հիմա էլ, գուցե, երգում է,— միշտ վարից վեր էի նայում նրան։ Ես նրան չկործանեցի պարզապես այն պատճառով, որ սիրում էի։ Ճշմարիտ սիրով էի սիրում։ Եվ այժմ այս բանը լավ, լավ հիշողություն է։ (Խմում է):

ՊԵՏՈՒՇԿՈՎ.— Ա՛յ, հասկանում եմ, հասկանում։ Իդեալական բան է։

ՖԵԴՅԱ.— Լսեցեք ինչ եմ ասում. ես կանանցով տարվել եմ։ Մի անգամ էլ սիրահարված էի. սիրուն կին էր. սիրահարված էի անպիտան կերպով, շնավարի, և նա rendezvous[20] նշանակեց։ Չգնացի, որովհետև տեսա, որ ցածություն կլինեի գործած նրա ամուսնու վերաբերմամբ։ Եվ մինչև հիմա էլ, զարմանալի է, որ հիշում եմ, ուզում եմ ուրախանալ և գովել ինձ, որ ազնիվ վարվեցի, բայց... զղջում եմ, որպես թե մեղք լինեի գործած։ Իսկ Մաշայի վերաբերմամբ — ընդհակառակը։ Միշտ ուրախանում եմ, ուրախանում, որ ոչնչով չեմ արատավորել զգացումս... Կարող եմ էլի ընկնել, բոլորովին ընկնել, վերջին շապիկս կծախեմ, ամբողջովին կոջլոտվեմ, կքոսոտվեմ, իսկ այդ ադամանդը, ոչ, ադամանդ չէ, այլ արևի շողը, այո՛, կմնա ինձ հետ։

ՊԵՏՈՒՇԿՈՎ.— Հասկանում եմ։ Հասկանում։ Բայց ո՞րտեղ է նա այժմ։

ՖԵԴՅԱ.— Չգիտեմ։ Չէի էլ ուզի իմանալ։ Այս բոլորն ուրիշ կյանքից էր։ Եվ չեմ ուզում խառնել այս կյանքի հետ։ (Ետևի սեղանի մոտ լսվում է կանացի աղաղակ: Ներս են մտնում պանդոկապետը և քաղաքապահ մի ոստիկան: Դուրս են տանում: Ֆեդյան և Պետուշկովը նայում են, ականջ դնում և լռում):

ՊԵՏՈՒՇԿՈՎ (այն բանից հետո, երբ այնտեղ լռություն տիրեց).— Այո, ձեր կյանքը զարմանալի է։

ՖԵԴՅԱ.— Չէ, ամենահասարակը։ Չէ՞ որ մեր շրջանում, այնտեղ, ուր ծնվել եմ ես, երեք ընտրություն կա, երեքը միայն․— ծառայել, փող դիզել, ավելացնել այն ապականությունը, որի մեջ ապրում ես։ Այդ բանը զզվելի էր ինձ համար. գուցե և չէի կարողանում այդպես անել, բայց գլխավորապես զզվելի էր։ Երկրորդ,— ոչնչացնել այդ ապականությունը. սրա համար պետք է հերոս լինել, իսկ ես հերոս չեմ։ Կամ երրորդը — թմրել, խմել, քեֆ անել, երգել,— հենց այս էլ անում էի ես։ Եվ ահա՛ այս տեղը հասա... (Խմում է)։

ՊԵՏՈՒՇԿՈՎ.— Լավ, իսկ ընտանեկան կյա՞նքը։ Ես երջանիկ կլինեի, եթե կին ունենայի։ Ինձ կինս կործանեց։

ՖԵԴՅԱ.— Ընտանեկան կյա՞նքը։ Հա՛։ Իմ կինը իդեալական կին էր։ Նա հիմա էլ կենդանի է։ Բայց ի՞նչ ասեմ։ Չամիչ չկար։ Գիտե՞ս, կվասի միջի չամիչը։ Խաղ չկար մեր կյանքի մեջ։ Իսկ ինձ հարկավոր էր ինքնամոռացություն։ Իսկ առանց խաղի չես կարող ինքդ քեզ մոռանալ։ Եվ ապա սկսեցի անպիտանություններ անել։ Իսկ դու խո գիտես, մարդկանց մենք սիրում ենք ա՛յն բարիքի համար, որ մենք ենք արել նրանց, և չենք սիրում ա՛յն չարիքի համար, որ մենք ենք արել նրանց։ Իսկ ես կնոջս դեմ չարիք եմ գործել։ Նա կարծես թե սիրում էր ինձ։

ՊԵՏՈՒՇԿՈՎ.— Ինչո՞ւ եք ասում՝ կարծես թե։

ՖԵԴՅԱ.— Նրա՛ համար եմ ասում, որ նրա մեջ երբեք չի եղել ա՛յն, որ նա հոգուս մեջ մտներ, ինչպես Մաշան։ Էհ, բանն այդ չէ։ Նա հղի էր կամ երեխին ծիծ էր տալիս, իսկ ես կորչում էի և տուն էի դառնում հարբած։ Իհարկե, հենց այս բանի համար էլ քանի գնում, այնքան քիչ էի սիրում նրան։ Այո՛, այո՛։ (Խանդավառվում է): Այ, հենց այս րոպեիս մտքովս անցավ.— հենց նրա՛ համար էլ սիրում եմ Մաշային, որ նրան բարիք եմ արել, և ոչ թե չարիք։ Դրա՛ համար եմ սիրում։ Իսկ կնոջս տանջում էի նրա՛ համար, որ... և ոչ թե չէի սիրում... Բայց ոչ, պարզապես չէի սիրում։ Խանդում էի — այո՛, բայց այդ էլ անցավ։

ՏԵՍԻԼ 2

Նույնք և Արտեմիև։ Մոտենում է Արտեմիևը կոկարդով, ներկած բեղերով, նորոգած հին հագուստով:

ԱՐՏԵՄԻԵՎ.— Բարի ախորժակ (գլուխ է տալիս Ֆեդյային): Ծանոթացել եք արտիստի, նկարչի հետ։

ՖԵԴՅԱ (սառն).— Այո՛, մենք ծանոթ ենք։

ԱՐՏԵՄԻԵՎ (Պետուշկովին).— Հը՛, պատկերը վերջացրի՞ր։

ՊԵՏՈՒՇԿՈՎ.— Չէ, գլուխ չեկավ։

ԱՐՏԵՄԻԵՎ (նստում է).— Ես ձեզ չե՞մ խանգարում։

(Ֆեդյան և Պետուշկովը լռում են):

ՊԵՏՈՒՇԿՈՎ.— Ֆեոդոր Վասիլևիչը պատմում է իր կյանքից։

ԱՐՏԵՄԻԵՎ.— Գաղտնիքնե՞ր։ Ուրեմն չխանգարեմ ձեզ, շարունակեցեք։ Շատ էլ պետքս չեք։ Խոզեր։ (Հեռանում է դեպի հարևան սեղանը և գարեջուր է պահանջում: Ամբողջ ժամանակ ականջ է դնում Ֆեդյայի և Պետուշկովի խոսակցությանը, թեքվելով նրանց կողմը):

ՖԵԴՅԱ.— Չեմ սիրում այդ պարոնին։

ՊԵՏՈՒՇԿՈՎ.— Նեղացավ։

ՖԵԴՅԱ.— Էհ, աստված նրա հետ։ Չեմ կարող։ Հենց որ այդպիսի մարդ է գալիս նստում մոտս, էլ խոսել չեմ կարողանում։ Այ, ձեզ հետ հաճությամբ կնստեմ զրույց կանեմ։ Հա՛, ի՞նչ էի ասում։

ՊԵՏՈԻՇԿՈՎ.— Ասում էիք, որ խանդում էիք։ Բայց ի՞նչպես եղավ, որ բաժանվեցիք ձեր կնոջից։

ՖԵԴՅԱ.— Ա՜խ։ (Մտախոհության մեջ է ընկնում): Այս զարմանայի պատմություն է։ Կինս ամուսնացած է։

ՊԵՏՈԻՇԿՈՎ.— Այդ ի՞նչպես։ Ապահարզա՞ն։

ՖԵԴՅԱ.— Ոչ։ (Ժպտում է): Նա այրիացավ։

ՊԵՏՈՒՇԿՈՎ.— Այսինքն, ի՞նչպես թե...

ՖԵԴՅԱ.— Այնպես, այրիացավ։ Չէ՞ որ ես չկամ։

ՊԵՏՈՒՇԿՈՎ.— Ի՞նչպես թե չկաք։

ՖԵԴՅԱ.— Չկամ, էլի։ Ես դիակ եմ։ Այո՛։ (Արտեմիևը թեքվում է, ականջ է դնում): Գիտեք... Ձեզ կարող եմ ասել։ Այս վաղուցվա բան է, և իմ իսկական ազգանունս էլ չգիտեք։ Բանն այսպես էր, երբ որ բոլորովին չարչարեցի կնոջս, կերա պրծա ամեն բան, ինչ որ կարող էի, և անտանելի դարձա, նրան հովանավորող դուրս եկավ։ Մի՛ կարծեք, թե որևէ կեղտոտ, վատ բան կար,— ո՛չ, հենց իմ ընկերն էր և լավ, լավ մարդ էր, միայն ամեն բանում ուղղակի իմ հակապատկերը։ Եվ որովհետև իմ մեջ ավելի շատ վատ, քան լավ բան կա, ուստի և նա լավ, շատ լավ մարդ էր և ազնիվ, հաստատակամ, ժուժկալ և պարզապես առաքինի։ Կնոջս նա ճանաչում էր մանկությունից, սիրում էր նրան և հետո, երբ կինս ամուսնացավ ինձ հետ, հաշտվեց իր վիճակի հետ։ Բայց հետո, երբ ես զզվելի դարձա, սկսեցի տանջել կնոջս, նա սկսել էր հաճախակի գալ մեր տուն։ Ես ինքս էլ էի ուզում այդ։ Եվ նրանք սիրեցին իրար, իսկ ես այդ ժամանակ բոլորովին խենթացել էի և ինքս թողեցի կնոջս։ Իսկ մյուս կողմից էլ Մաշան էր խելքահան արել ինձ։ Ես ինքս առաջարկեցի նրանց, որ ամուսնանան։ Չէին ուզում։ Բայց ես ավելի ու ավելի անտանելի էի դառնում, և բանը վերջացավ նրանով, որ․․․

ՊԵՏՈՒՇԿՈՎ.— Ինչպես միշտ...

ՖԵԴՅԱ.— Ոչ։ Ես հավատացած եմ և գիտեմ, որ նրանք մաքուր էին մնացել։ Նա բարեպաշտ մարդ էր, ամուսնությունն առանց պսակի մեղք էր համարում։ Սկսեցին ապահարզան պահանջել, պահանջում էին, որ համաձայնեմ։ Պետք է հանցանքն ինձ վրա առնեի։ Պետք է այդ բոլոր ստությունը... Եվ ես չկարողացա։ Կհավատա՞ք, ես ավելի հեշտությամբ անձնասպան կլինեի, քան թե սուտ կասեի։ Եվ ուզում էի արդեն վերջ տալ կյանքիս։ Բայց մի բարի հոգի ասաց՝ ինչո՞ւ։ Եվ ամեն բան սարքեց։ Հրաժեշտի նամակ ուղարկեցի, իսկ հետևյալ օրը գետափին գտան իմ հագուստը և թղթապանակը, նամակներ։ Լողալ չգիտեմ։

ՊԵՏՈՒՇԿՈՎ.— Իսկ մարմի՞նը. չգտան, չէ՞։

ՖԵԴՅԱ.— Գտան, երևակայեցեք,— մի շաբաթ հետո գտել են մի ինչ-որ մարմին։ Կնոջս կանչել են, որ տեսնի։ Քայքայված մարմին։ Կինս նայել է։ Նա՞ է։ Նա է։ Այդպես էլ մնաց։ Ինձ թաղեցին, իսկ նրանք ամուսնացան և ապրում են այստեղ ու բարոր վիճակի մեջ են։ Իսկ ես,— ահա՛ ես։ Ապրում եմ ու խմում։ Երեկ անցա նրանց տան մոտով։ Պատուհաններից ճրագ էր երևում, վարագույրի վրայով ինչ-որ ստվեր անցավ։ Ու երբեմն վատ եմ դառնում, երբեմն էլ կարևորություն չեմ տալիս։ Վատ եմ դառնում, երբ փող չեմ ունենում... (Խմում է):

ԱՐՏԵՄԻԵՎ (մոտենում է).— Դե, արդեն ներողություն կանեք, լսեցի ձեր պատմությունը։ Շատ լավ և, որ գլխավորն է, օգտակար պատմություն է։ Դուք ասում եք, թե վատ է, երբ փող չկա։ Դրանից էլ վատ բան չկա։ Իսկ դուք ձեր դրության մեջ միշտ փող պիտի ունենաք։ Չէ որ դուք դիակ եք։ Լավ։

ՖԵԴՅԱ.— Ներեցե՛ք։ Ձեզ չէի պատմում և չեմ ուզում ձեր խորհուրդները։

ԱՐՏԵՄԻԵՎ.— Իսկ ես ուզում եմ այդ խորհուրդները տալ ձեզ։ Դուք դիակ եք, իսկ եթե կենդանանաք, այն ժամանակ ի՞նչ պիտի անեն նրանք,— ձեր ամուսինն ու այն պարոնը, որոնք բարոր վիճակի մեջ են։ Նրանք կրկնամուսիններ են և ամենալավ դեպքում կաքսորվեն ոչ շատ հեռավոր տեղեր։ Ուրեմն, ինչո՞ւ դուք առանց փողի պիտի մնաք։

ՖԵԴՅԱ.— Խնդրում եմ, ազատ թողեք ինձ։

ԱՐՏԵՄԻԵՎ.— միայն գրեցեք նամակ։ Ուզում եք ես ինքս գրեմ։ Միայն տվեք հասցեն, իսկ դուք շնորհակալ կլինեք ինձնից։

ՖԵԴՅԱ.— Կորեք, ես ձեզ ասում եմ։ Ես ձեզ ոչինչ չասացի։

ԱՐՏԵՄԻԵՎ.— Ո՛չ, ասացիք։ Այ, սա վկա է։ Սպասավորը լսեց, որ ասացիք, թե դո՛ւք դիակ են։

ԱՊԱՍԱՎՈՐ.— Մենք ոչինչ չգիտենք։

ՖԵԴՅԱ.— Սրիկա։

ԱՐՏԵՄԻԵՎ․— Ե՞ս եմ սրիկա։ Է՛յ, գորոդովո՛յ։ Արձանագրություն կազմել։

ՖԵԴՅԱ (վեր է կենում, որ գնա, Արտեմիևը բռնում է նրան):

(Ներս է մտնում քաղաքապահ ոստիկան)։

ՎԱՐԱԳՈՒՅՐ

Պաակեր 2-րդ

Գործողությանը կատարվում է գյուղում, պատատուկով ծածկված դարավանդում:

ՏԵՍԻԼ 1

Աննա Դմիտրիևնա Կարենինա, Լիզա՝ հղի, դայակ՝ երեխայի հետ։

ԼԻԶԱ․— Այժմ արդեն գալիս է կայարանից։

ԵՐԵԽԱ.— Ո՞վ է գալիս։

ԼԻԶԱ․— Հայրիկը։

ԵՐԵԽԱ.— Հայրիկը գալիս է կայարանից։

ԼԻԶԱ․ - C‘est èlonnant comme il l‘aime, tout-à-fait comme son père[21].

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Tant mieux. Be souvient-il de son père véritable?[22]

ԼԻԶԱ (հոգոց է հանում).— Չեմ հայտնում։ Մտածում եմ, ինչո՞ւ վախեցնեմ։ Իսկ հետո մտածում եմ, որ պետք է հայտնել։ Դո՞ւք ինչ եք կարծում, maman.

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Ես կարծում եմ, Լիզա, որ այդ զգացմունքից է կախված, և եթե դու անձնատուր լինես զգացմունքիդ, սիրտդ կթելադրի քեզ, թե ի՛նչ և ե՛րբ պիտի ասես։ Զարմանալի է, թե ինչպես մահը հաշտեցնում է։ Խոստովանում եմ, կար ժամանակ, որ նա, Ֆեդյան, չէ որ ես նրան երեխայությունից էի ճանաչում,— դուր չէր գալիս ինձ, բայց այժմ նա աչքիս առաջն է գալիս միայն իբրև մի սիրելի պատանի, Վիկտորի ընկերը և այնպիսի մի ջերմեռանդ մարդ, որ թեև ապօրինի, թեև ոչ կրոնական կերպով, բայց զոհեց իր անձը նրա՛նց համար, ում սիրում էր։ On aura beau dire l‘action est belle...[23] Հույս ունեմ Վիկտորը չի մոռանա բուրդը բերել, իսկույն կհատնի բոլորը (գործում է):

ԼԻԶԱ.— Ահա գալիս է։ (Լսվում են կառքի անիվների և զանգակների ձայներ: Լիզան վեր է կենում և մոտենում է դարավանդի ծայրին):

ԼԻԶԱ.— Մի ինչ-որ տիկին կա հետը, գլխարկով։ Մամա՛ն է։ Կարծես հարյուր տարի է չեմ տեսել նրան։ (Գնում է դեպի դուռը):

ՏԵՍԻԼ 2

Լիզա, Աննա Դմիտրիևնա Կարենինա, դայակ երեխայի հետ: Մտնում են Կարենին և Աննա Պավլովնա:

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ (համբուրվում է Լիզայի և Աննա Դմիտրիևնայի հետ).— Վիկտորը հանդիպեց ինձ և բերեց։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Շատ լավ արեց։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Հա, իհարկե։ Մտածում էի՝ էլի կտեսնե՞մ, թե չէ, ու նորից հետաձգում էի։ Ահա եկա և, եթե դուրս չեք անի՝ կմնամ մինչև երեկոյան գնացքի մեկնելը։

ԿԱՐԵՆԻՆ (համբուրում է կնոջը, մորը և երեխային).— Իսկ ես ինչքա՜ն երջանիկ եմ,— շնորհավորեցեք ինձ։ Երկու օր տանն եմ։ Վաղն առանց ինձ ամեն բան կանեն։

ԼԻԶԱ․— Շատ գեղեցիկ։ Երկու օ՜ր։ Վաղուց չէր եղել այդպիսի բան։ Գնանք անապատ։ Հա՞։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ինչքա՜ն նման է։ Ի՜նչ ղոչաղն է։ Միայն թե բոլորը ժառանգած չլինի. հոր սիրտը...

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Բայց ոչ թուլությունը։

ԼԻԶԱ․— Ամեն, ամեն բան։ Վիկտորը համաձայն է ինձ հետ։ Ի՜նչ կլիներ, որ նա մանկությունից դաստիարակվեր․․․

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Դե, ես ոչինչ չեմ հասկանում այդ բանից։ Ես միայն չեմ կարողանում հիշել նրան առանց արտասվելու։

ԼԻԶԱ.— Մենք էլ։ Ո՜րքան նա բարձրացել է մեր հիշողության մեջ։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Այո՜, ես կարծում եմ։

ԼԻԶԱ.— Մի ժամանակ ի՜նչպես անլուծելի էր թվում։ Եվ ի՜նչպես հանկարծ ամեն բան լուծվեց։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Դե, Վիկտո՛ր, բերի՞ր բուրդը։

ԿԱՐԵՆԻՆ.— Բերի, բերի։ (Վերցնում է ճամպրուկը և մեկ-մեկ հանում է): Այս բուրդը, այս օդեկոլոն, այս էլ նամակներ, այս էլ ծրար պետական կնիքով քո անունով (տալիս է կնոջը): Դե, Աննա Պավլովնա, եթե կկամենայիք լվացվել, համեցեք գնանք։ Ես էլ պետք է մաքրվեմ, թե չէ, որտեղ որ է պիտի ճաշենք։ Լիզա, ներքևի անկյան սենյակն ենք տալիս, չէ՞, Աննա Պավլովնային։

(Լիզան, գունատված, դողացող ձեռքերով բռնած է թուղթը և կարդում է):

ԿԱՐԵՆԻՆ.— Ի՞նչ պատահեց քեզ։ Լի՛զա, ի՞նչ է գրած այդտեղ։

ԼԻԶԱ.— Նա կենդանի՜ է։ Աստված իմ։ Ե՞րբ պիտի ազատի՜ ինձ։ Վիկտո՛ր։ Այս ի՞նչ է։ (Հեկեկում է):

ԿԱՐԵՆԻՆ (առնում է նամակը և կարդում).— Այս սարսափելի՜ է։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Ի՞նչ։ Դա ասա, էլի։

ԿԱՐԵՆԻՆ.— Այս սարսափելի է։ Նա կենդանի է։ Եվ Լիզան երկու ամուսին ունի, ես էլ ոճրագործ եմ։ Թող, թուղթը դատական քննչից է, նա պահանջում է, որ Լիզան գնա իր մոտ։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Ի՜նչ սարսափելի մարդ է եղել... Ինչո՞ւ է արել այդ։

ԿԱՐԵՆԻՆ.— Բոլորը սո՜ւտ է, սո՜ւտ։

ԼԻԶԱ.— Օ՜, ո՛րքան ատում եմ նրան։ Չեմ իմանում ինչ եմ ասում...

(Հեռանում է արտասվելով: Կարենինը գնում է նրա ետևից):

ՏԵՍԻԼ 3

Աննա Դմիտրիևնա և Աննա Պավլովնա:

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Բայց ի՞նչպես է նա կենդանի մնացել։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Ես միայն այն գիտեմ, որ հենց որ Վիկտո՛րը շոշափեց այս աշխարհի ցեխը... պիտի խրեին նրան։ Ու խրեցին։ Բոլորը խաբեբայությո՜ւն է, բոլորը սո՜ւտ է։

ՎԱՐԱԳՈՒՅՐ

ԳՈՐԾՈՂՈԻԹՅՈԻՆ VI

Պատկեր 1-ին

Դատական քննիչի սենյակը: Դատական քննիչը նստած է սեղանի մոտ՝ խոսում է Մելնիկովի հետ: Կողքին գործավարը թղթեր է նայում:

ՏԵՍԻԼ 1

Դատական քննիչ, Մելնիկով, գործավար:

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Այդ բանը ես երբեք չեմ ասել նրան։ Ինքն է հնարել, և հետո ինձ է հանդիմանում։

ՄԵԼՆԻԿՈՎ․— Չի հանդիմանում, այլ նեղացած է։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Դե, լավ, կգամ ճաշելու։ Իսկ այժմ մի շատ հետաքրքրական գործ կա։ Ներս հրավիրեցեք։ (Կողքից գործավարը ջոկում է թղթերը):

ԳՈՐԾԱՎԱՐ․— Երկուսին է՞լ։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ (վերջացնում է ծխելը և ծխախոտը թաքցնելով).— Ո՛չ, մենակ տիկին Կարենինային կամ, ավելի ճիշտը, ըստ առաջին ամուսնու՝ Պրոտասովային։

ՄԵԼՆԻԿՈՎ (գնալով).— Ա՜, այդ Կարենինան է։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ.— Այո։ Կեղտո՛տ գործ է։ Ասենք, նոր եմ սկսում քննությունը, բայց լավ չէ։ Դե՛, ցտեսություն։ (Մելնիկովը դուրս է գնում):

ՏԵՍԻԼ 2

Դատական քննիչ, գործավար և Լիզա (վուալով, սև հագուստով, մտնում է):

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Խոնարհաբար խնդրում եմ (ցույց տալով աթոռը): Հավատացեք, շատ ցավում եմ, որ հարկադրված եմ հարցումներ անելու ձեզ, բայց այդ բանն անհրաժեշտ է... Խնդրեմ, հանգստացեք և իմացած եղեք, որ կարող եք չպատասխանել հարցումներիս։ Միայն իմ կարծիքս այն է, որ ձեզ համար ինչպես և ամենքի համար, ամենից լավը ճշմարտությունն է։ Միշտ ավելի լավ և ավելի գործնական։

ԼԻԶԱ․— Ես թաքցնելու ոչինչ չունեմ։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Այսպես ուրեմն (նայում է թղթին): Ձեր անունը, կոչումը, դավանությունը — այս բոլորը ես գրել եմ — այսպե՞ս։

ԼԻԶԱ․— Այո՛։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Դուք մեղադրվում եք այն բանի համար, որ իմանալով, որ ձեր ամուսինը կենդանի է, ամուսնացել եք ուրիշի հետ։

ԼԻԶԱ․— Ես չգիտեի։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Եվ մեկ էլ այն բանի համար, որ դուք, փողով կաշառելով ձեր ամուսնուն, հորդորել եք նրան կեղծիք կատարել, այսինքն անձնասպանության պես մի բան, որպեսզի ազատվեք նրանից։

ԼԻԶԱ․— Այդ բոլորը ճիշտ չէ։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Այսպես, ուրեմն թույլ տվեք մի քանի հարցումներ անեմ։ Ուղարկե՞լ եք դուք նրան անցյալ տարվա հուլիսին 1.200 ռուբլի։

ԼԻԶԱ․— Այդ փողը նրանն էր։ Ստացված էր նրա իրեղենները ծախելուց։ Եվ այն ժամանակ, երբ ես բաժանվեցի նրանից և ապահարզան էի սպասում, այդ փողն ուղարկեցի նրան։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Այդպե՛ս։ Շատ լա՛վ։ Այդ փողն ուղարկված է հուլիսի 17-ին, այսինքն նրա անհայտանալուց երկու օր առաջ։

ԼԻԶԱ․— Կարծեմ, որ հուլիսի 17-ին։ Չեմ հիշում։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Իսկ ինչո՞ւ այդ միևնույն ժամանակ կոնսիստորիային այլևս չէր ներկայացված ապահարզանի խնդրագիրը և փաստաբանն էլ արձակված էր։

ԼԻԶԱ․— Չգիտեմ։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Լավ։ Իսկ երբ ոստիկանությունը հրավիրել էր ձեզ, որ դիակը տեսնեք, այդ ի՞նչպես է եղել, որ ասել եք, թե ձեր ամուսնու դիակն է։

ԼԻԶԱ․— Ես այնքան հուզված էի այն ժամանակ, որ չնայեցի դիակին, և այնպես համոզված էի, թե նա է, որ, երբ հարցրին, պատասխանեցի, թե կարծում եմ, որ նա է։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Այո, դուք չեք նայել հուզված լինելուց, որ շատ հասկանալի է։ Լավ։ Իսկ ինչո՞ւ, թույլ տվեք իմանալ, դուք ամեն ամիս փող էիք ուղարկում Սարատով, հենց այն քաղաքը, ուր ապրում էր ձեր առաջին ամուսինը։

ԼԻԶԱ․— Այդ փողն ուղարկում էր իմ ամուսինը։ Եվ ես չեմ կարող ասել, թե ում էր ուղարկում, որովհետև այդ իմ գաղտնիքը չէ։ Միայն թե այդ փողը Ֆեոդոր Վասիլևիչին չէր ուղարկվում։ Մենք հաստատ համոզված էինք, որ նա չկա։ Այս ես կարող եմ ձեզ հաստատապես ասել։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Շատ լավ։ Մի բան թույլ տվեք նկատեմ, տիկին, որ մենք օրենքի ծառաներն ենք, բայց այդ չի խանգարում մեզ, որ մարդ լինենք։ Եվ հավատացեք, ես կատարելապես հասկանում եմ ձեր դրությունը և ցավակցում եմ ձեզ։ Դուք կապված եք եղել մի մարդու հետ, որ վատնում էր իր կարողությունը, անհավատարիմ է եղել ձեզ, մի խոսքով՝ դժբախտացրել է...

ԼԻԶԱ․— Ես սիրում էի նրան։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Այո, բայց և այնպես բնական է, որ դուք կամեցել եք ազատվել նրանից և ընտրել եք այդ ավելի հասարակ ճանապարհը, առանց մտածելու, որ դրանից կարող է ծագել այն, ինչ որ հանցագործություն է համարվում, այսինքն երկամուսնություն,— այդ ես էլ եմ հասկանում։ Եվ երդվյալները կհասկանան այդ։ Ուստի և ձեզ խորհուրդ կտայի, որ ամեն բան հայտնեք։

ԼԻԶԱ․— Ես ոչինչ չունեմ հայտնելու։ Ես երբեք սուտ չեմ ասել։ (Լալիս է)։ Այլևս պետք չե՞մ։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Ես ձեզ կխնդրեի դեռևս մնայիք այստեղ։ Այլևս չեմ անհանգստացնի ձեզ հարցումներով։ Միայն համեցեք կարդացեք և ստորագրեցեք։ Ահավասիկ հարցաքննությունը։ Ճի՞շտ են արդյոք արտահայտված ձեր պատասխանները։ Խնդրեմ, համեցեք այստեղ (ցույց է տալիս պատուհանի մոտ դրված բազկաթոռը): (Գործավարին): Ներս հրավիրեցեք պ. Կարենինին։

ՏԵՍԻԼ 3

Դատական քննիչ, գործավար, Լիզա: Մտնում է Կարենինը խստադեմ, հանդիսավորապես:

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ.— Խոնարհաբար խնդրում եմ։

ԿԱՐԵՆԻՆ.— Շնորհակալ եմ։ (Կանգնած է)։ Ի՞նչ էիք կամենում։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ.— Ես պարտավոր եմ հարցաքննել։

ԿԱՐԵՆԻՆ.— Իբրև ի՞նչ։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ (ժպտալով).— Ես՝ իբրև դատական քննիչ, իսկ ձեզ պիտի հարցաքննեմ իբրև մեղադրյալի։

ԿԱՐԵՆԻՆ.— Հա-ա՞։ Իսկ ի՞նչ բանի համար եմ մեղադրվում։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ.— Ամուսնացած կնոջ հետ ամուսնանալու համար։ Սակայն թույլ տվեք կարգով հարցնեմ։ Նստեցեք։

ԿԱՐԵՆԻՆ.— Շնորհակալ եմ։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Ձեր անո՞ւնը։

ԿԱՐԵՆԻՆ.— Վիկտոր Կարենին։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Կոչո՞ւմը։

ԿԱՐԵՆԻՆ.— Կամերհեր, իսկական պետական խորհրդական։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ.— Տարի՞քը։

ԿԱՐԵՆԻՆ․— 38։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Դավանությո՞ւնը։

ԿԱՐԵՆԻՆ.— Ուղղափառ, դատի և նախնական քննության տակ չեմ եղեր։ Ուրի՞շ։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ.— Ձեզ հայտնի՞ էր արդյոք, որ Ֆեոդոր Վասիլևիչ Պրոտասովը կենդանի է, երբ ամուսնացաք նրա կնոջ հետ։

ԿԱՐԵՆԻՆ.— Հայտնի չէր։ Մենք երկուսս էլ համոզված էինք, որ նա խեղդվել է։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Ո՞ւմ էիք փող ուղարկում Սարատով Պրոտասովի մահվան սուտ տեղեկությունից հետո։

ԿԱՐԵՆԻՆ.— Ես չեմ կամենում պատասխանել այդ հարցին։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Շատ լավ։ Ի՞նչ նպատակով էիք 1200 ռ. փող ուղարկել պ․ Պրոտասովին հուլիսի 17-ին նրա սուտ մահվանից առաջ։

ԿԱՐԵՆԻՆ.— Այդ փողն ինձ հանձնել էր իմ կինը։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Տիկին Պրոտա՞սովան։

ԿԱՐԵՆԻՆ.— Իմ կինը՝ իր ամուսնուն ուղարկելու համար։ Այդ փողը կինս նրա սեփականությունն էր համարում և, նրա հետ ունեցած կապը կտրելուց հետո, անարդար բան էր համարում իր մոտ պահել։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Այժմ մի հարց ևս․ ինչո՞ւ դուք դադարեցրել էիք ապահարզանի գործը։

ԿԱՐԵՆԻՆ․— Որովհետև Ֆեոդոր Վասիլևիչն ինքն էր հանձն առել այդ գործը գլուխ բերել և գրել էր ինձ այդ մասին։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Ձեզ մոտ կա՞ այդ նամակը։

ԿԱՐԵՆԻՆ.— Նամակը կորած է։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Ի՜նչքան տարօրինակ է, որ կորած է և բացակայում է այն ամենը, ինչ որ կարող էր արդարադատությանը համոզել, որ ձեր ցուցումները ճշմարիտ են։

ԿԱՐԵՆԻՆ.— Ուզո՞ւմ եք ուրիշ որևէ բան իմանալ։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Ես ոչինչ չեմ ուզում, բացի պարտականությունս կատարելուց, իսկ դուք պիտի ուզեք, որ արդարանաք, և ես այս րոպեին խորհուրդ էի տալիս տիկին Պրոտասովային, և ձեզ էլ խորհուրդ կտայի չծածկել ա՛յն, ինչ որ ակներև է, այլ պատմել ամեն բան, ինչպես որ եղել է։ Մանավանդ, որ պ. Պրոտասովն այնպիսի դրության մեջ է, որ հայտնել է ամեն բան այնպես, ինչպես որ եղել է, և, հավանաբար, դատարանումն էլ նույնը կասի։ Ես խորհուրդ կտայի...

ԿԱՐԵՆԻՆ․— Ես կխնդրեի ձեզ, որ մնայիք ձեր պարտականությունների կատարման շրջանակում, իսկ խորհուրդները թողնեիք։ Կարո՞ղ ենք գնալ։ (Մոտենում է Լիզային. վեր է կենում և առնում է նրա ձեռքը)։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ.— Շատ ցավում եմ, որ պետք է պահեմ ձեզ... (Կարենինը զարմանքով ետ է նայում): Օ՜, ո՛չ այն մտքով չեմ ասում, թե պիտի ձերբակալեմ ձեզ։ Թեև այդ ավելի հարմար կլիներ ճշմարտությունը երևան հանելու համար, բայց ես այդ միջոցին չեմ դիմի։ Ես միայն կկամենայի ձեր ներկայությամբ հարցաքննել Պրոտասովին և նրան կանգնեցնել ձեզ հետ երես առ երես, որով ձեզ համար ավելի հարմար կլիներ բռնել նրա սուտը։ Խնդրեմ նստեցեք։ Կանչեցեք պ. Պրոտասովին։

ՏԵՍԻԼ 4

Նույնք, ներս է մտնում կեղտոտ, շենք ու շնորհքից ընկած Ֆեդյան:

ՖԵԴՅԱ (դիմելով Լիզային և Կարենինին).— Լիզա, Ելիզավետա Անդրեևնա, Վիկտոր։ Ես մեղավոր չեմ։ Ուզում էի ավելի լավ բան անել։ Իսկ եթե մեղավոր եմ... ներեցեք, ներեցեք... (Գլուխ է տալիս նրանց, խոնարհվելով մինչև ոտները):

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Խնդրում եմ ձեզ պատասխանեցեք հարցերիս։

ՖԵԴՅԱ.— Հարցրեք։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ.— Ձեր անո՞ւնը։

ՖԵԴՅԱ.— Հո գիտեք։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ.— Խնդրե՜մ պատասխանեցեք։

ՖԵԴՅԱ.— Լավ. Ֆեոդոր Պրոտասով։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ.— Ձեր կոչո՞ւմը, տարի՞քը, դավանությո՞ւնը։

ՖԵԴՅԱ (լռում է).— Ի՞նչպես չեք խղճահարվում հարցնելու այդ հիմարությունները։ Հարցրեք, ինչ որ հարկավոր է, և ոչ թե հիմարություններ։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Ես խնդրում եմ ձեզ զգույշ եղեք խոսելիս և պատասխանեք հարցերիս։

ՖԵԴՅԱ.— Դե, որ չեք խղճահարվում, համեցեք։ Կոչումս — կանդիդատ, տարիքս — քառասուն, դավանությունս — ուղղափառ։ Դե՛, հետո՞։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ.— Հայտնի՞ էր արդյոք պ. Կարենինին և ձեր կնոջը, որ դուք կենդանի եք, երբ ձեր հագուստը թողել էիք գետափին և ինքներդ անհայտացել։

ՖԵԴՅԱ․— Անշուշտ ոչ։ Ես ուզում էի իսկապես սպանել ինձ, բայց հետո... դե, այս հարկավոր չէ պատմել։ Բանն այն է, որ սրանք ոչինչ չգիտեին։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Բայց ի՞նչպես է, որ ոստիկանական պաշտոնյային ուրիշ բան եք ասել։

ՖԵԴՅԱ․— Ո՞ր ոստիկանական պաշտոնյային։ Հա՛, երբ որ նա եկավ ինձ մոտ Ռժանովի տո՞ւնը։ Ես արբած էի և սուտ-սուտ բաներ էի ասում, թե ի՛նչ — չեմ հիշում։ Այդ բոլորը հիմարություն է։ Այժմ ես արբած չեմ և ասում եմ բոլոր ճշմարտությունը։ Սրանք ոչինչ չգիտեին։ Հավատում էին, որ ես չկամ։ Եվ ես ուրախ էի այդ բանի համար։ Եվ այս այսպես էլ կմնար, եթե սրիկա Արտեմիևը չլիներ։ Եվ եթե կա մեկը, որ մեղավոր է, այդ ես եմ միայն։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Ես հասկանում եմ, որ դուք ուզում եք մեծահոգի լինել, բայց օրենքը ճշմարտություն է պահանջում։ Ինչո՞ւ էր ձեզ փող ուղարկված։

ՖԵԴՅԱ (լռում է):

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Դուք, Սարատով ձեզ ուղարկված փողը ստացել եք Սիմոնովի միջոցով։

ՖԵԴՅԱ (լռում է):

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Ինչո՞ւ չեք պատասխանում։ Արձանագրության մեջ կգրվի, որ այս հարցերին մեղադրյալը չպատասխանեց, և այդ կարող է վնասել ձեզ էլ, սրանց էլ։ Ուրեմն ի՞նչ կասեք։

ՖԵԴՅԱ (լռում է և հետո).— Ախ, պարո՛ն քննիչ, ի՞նչպես չեք ամաչում։ Դե, ի՞նչ եք ներս խցկվում ուրիշի կյանքը։ Ուրախ եք, որ իշխանություն ունիք, և որպեսզի ցույց տաք այդ իշխանությունը, տանջում եք, ոչ թե ֆիզիկապես, այլ բարոյապես այնպիսի մարդկանց, որոնք հազար անգամ լավ են ձեզնից։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ․— Խնդրում եմ ձեզ...

ՖԵԴՅԱ.— Հարկ չկա խնդրելու։ Կասեմ ամենը, ինչ որ մտածում եմ։ Իսկ դուք գրեցեք (գործավարին): Գոնե առաջին անգամ արձանագրության մեջ խելացի, մարդկային խոսքեր կլինեն (բարձրացնում է ձայնը):— Ապրում ենք երեք մարդ — ես, նա և այն մեկը։ Նրանց միջև բարդ հարաբերություններ կան — բարվո կռիվ լարի դեմ, հոգեկան այնպիսի մի կռիվ, որի մասին դուք գաղափար չունեք։ Այդ կռիվը վերջանում է մի որոշ բանով, որ ամեն բան լուծում է։ Ամենքը հանգստացած են։ Նրանք բախտավոր են, սիրում են իմ հիշատակը։ Իմ անկման մեջ ես բախտավոր եմ նրանով, որ արել եմ ա՛յն, ինչ որ պետք է, որ ես, անպիտանս, հեռացել եմ կյանքից, որպեսզի չխանգարեմ նրանց, որոնք լի են կյանքով և լավ մարդիկ են։ Եվ մենք ամենքս ապրում ենք։ Հանկարծ գալիս է սրիկայի մեկը, մի շանտաժիստ և պահանջում է, որ ես մասնակցեմ շանտաժի։ Ես վռնդում եմ նրան։ Նա գալիս է ձեզ մոտ, արդարադատության համար մարտնչողիդ մոտ, բարոյականությունը պահպանողիդ մոտ։ Եվ դուք, որ ամսի 20-ին փող եք ստանում կեղտոտ բաների համար, հանում եք համազգեստը և թեթև սրտով ուռչում-փքվում եք նրանց վրա, այն մարդկանց վրա, որոնց ճկույթին էլ չարժեք, որոնք իրենց նախասենյակն անգամ ներս չեն թողնի ձեզ։ Բայց դուք հասել եք և ուրախ եք, որ...

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ.— Ես ձեզ դուրս կանեմ։

ՖԵԴՅԱ.— Ես ոչ ոքից չեմ վախենում, որովհետև ես դիակ եմ, և ինձ ոչինչ չեք կարող անել, չկա այնպիսի մի դրություն, որ վատ լինի իմից։ Դե դուրս արեք։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ.— Իսկույն, արձանագրությունը ստորագրեցեք։

ԿԱՐԵՆԻՆ.— Մենք կարո՞ղ ենք գնալ։

ՖԵԴՅԱ.— Եվ որքա՜ն ծիծաղելի կլինեիք դուք, եթե այդքան գարշելի չլինեիք։

ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆԻՉ.— Դո՛ւրս տարեք սրան։ Ես ձերբակալում եմ ձեզ։

ՖԵԴՅԱ (Կարենինին և Լիզային).— Ուրեմն ներեցեք։

ԿԱՐԵՆԻՆ (մոտենում է և ձեռք տալիս).— Երևի, այսպես պիտի լիներ...

(Լիզան անցնում է: Ֆեդյան խոնարհ գլուխ է տալիս):

ՎԱՐԱԳՈՒՅՐ

Պատկեր 2-րդ

Միջանցք շրջանային դատարանի շենքում: Ետին գծի վրա ապակե դուռ, որի մոտ կանգնած է թղթատարը: Աջ կողմը մի ուրիշ դուռ, որով ներս են տանում դատի տակ եղողներին: Առաջին դռան մոտենում է Եվան Պետրովիչ Ալեքսանդրովը, պատառոտուն հագուստով և ուզում է մտնել:

ՏԵՍԻԼ 1

Թղթատար և Իվան Պետրովիչ:

ԹՂԹԱՏԱՐ.— Ո՞ւր։ Չի կարելի։ Նե՜րս է խցկվում։

ԻՎԱՆ ՊԵՏՐՈՎԵՉ․— Ինչո՞ւ չի կարելի։ Օրենքն ասում է՝ նիստերը հրապարակային են։

(Լսվում են ծափեր):

ԹՂԹԱՏԱՐ․— Որ ասում եմ չի կարելի՝ չի կարելի։ Արգելված է։

ԻՎԱՆ ՊԵՏՐՈՎԻՉ․— Անկի՛րթ։ Չես իմանում ում հետ ես խոսում։

(Դուրս է գալիս մի երիտասարդ փաստաբան, ֆրակով):

ՏԵՍԻԼ 2

Նույնք և երիտասարդ փաստաբան:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՓԱՍՏԱԲԱՆ.— Ի՞նչ եք ուզում, գործ ունի՞ք։

ԻՎԱՆ ՊԵՏՐՈՎԻՉ․— Ոչ, ես հասարակություն եմ։ Իսկ այս անկիրթը, այս ցերբերը չի թողնում մտնեմ։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՓԱՍՏԱԲԱՆ.— Բայց այստեղ ախր հասարակության համար չէ։

ԻՎԱՆ ՊԵՏՐՈՎԻՉ․— Գիտեմ, բայց ինձ կարելի է ներս թողնել։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՓԱՍՏԱԲԱՆ.— Սպասեցեք, իսկույն ընդմիջում կլինի։

(Ուզում է հեռանալ, հանդիպում է իշխան Աբրեզկովին):

ՏԵՍԻԼ 3

Նույնք և իշխան Աբրեզկով։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Թույլ տվեք իմանալ, ի՞նչ դրության մեջ է գործը։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՓԱՍՏԱԲԱՆ.— Փաստաբաններն են խոսում։ Խոսում է Պետրուշինը։ (Դարձյալ ծափեր):

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Իսկ մեղադրյալներն ի՞նչպես են պահում իրենց։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՓԱՍՏԱԲԱՆ.— Մեծ արժանապատվությամբ, մանավանդ Կարենինը և Ելիզավետա Անդրեևնան։ Նրա՛նց չեն դատում, այլ նրա՛նք են դատում հասարակությանը։ Այդ զգացվում է։ Այս թեմայի շուրջն էլ խոսում է Պետրուշինը։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Իսկ Պրոտա՞սովը։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՓԱՍՏԱԲԱՆ.— Սարսափելի հուզված է։ Ամբողջովին դողում է մի տեսակ, բայց այս հասկանալի է, եթե ի նկատի ունենանք նրա վարած կյանքը։ Բայց ինչ-որ ուրիշ տեսակ է հուզված, մի քանի անգամ ընդհատեց, թե դատախազին և թե փաստաբաններին։ Ինչ-որ առանձին հուզման մեջ է։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Իսկ հետևանքն ի՞նչ կլինի, ձեր կարծիքով։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՓԱՍՏԱԲԱՆ.— Դժվար է ասել, երդվյալների կազմը խառն է։ Համենայն դեպս կանխամտածում չեն ընդունի, բայց և այնպես... (Դուրս է գալիս մի ինչ-որ պարոն: Իշխան Աբրեզկովը գնում է դեպի դուռը): Ուզում եք մտնե՞լ։

ԻՇԽԱՆ ԱԲԲԵԶԿՈՎ.— Այո՛, կուզեի։

ԵՐԻՏԱՍԱԲԴ ՓԱՍՏԱԲԱՆ.— Դուք իշխան Աբրեզկովն եք, չէ՞։

ԻՇԽԱՆ ԱԲՐԵԶԿՈՎ.— Այո՛։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՓԱՍՏԱԲԱՆ (թղթատարին).— Թողեք։ Մտնեք թե չէ, ձախ կողմը ազատ աթոռ կա։ (Թղթատարը ներս է թողնում իշխան Աբրեզկովին: Դուռը բացվում է, և երևում է խոսող փաստաբանը):

ՏԵՍԻԼ 4

Թղթատար, երիտասարդ փաստաբան և Իվան Պետրովիչ:

ԻՎԱՆ ՊԵՏՐՈՎԻՉ․— Արիստոկրատնե՜ր։ Ես հոգու արիստոկրատ եմ, իսկ դա ավելի բարձր է։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՓԱՍՏԱԲԱՆ․— Դե, արդեն ինձ կներեք։ (Անցնում է):

ՏԵՍԻԼ 5

Թղթատար, Իվան Պետրովիչ և Պետուշկով (շտապով գալիս է Պետուշկովը):

ՊԵՏՈՒՇԿՈՎ.— Ա՜, բարև, Իվան Պետրովիչ։ Ի՞նչ կա։

ԻՎԱՆ ՊԵՏՐՈՎԻՉ․— Դեռևս փաստաբաններն են խոսում։ Բայց չեն թողնում մտնեմ։

ԹՂԹԱՏԱՐ.— Իսկ դուք ղալմաղալ միք անի այստեղ։ Այստեղ գինետուն չէ։ (Նորից ծափեր, դռները բացվում են, դուրս են գալիս փաստաբաններ, հանդիսականներ՝ տղամարդիկ և կանայք):

ՏԵՍԻԼ 6

Նույնք, մի տիկին և օֆիցեր:

ՏԻԿԻՆ.— Շատ գեղեցիկ էր, ուղղակի լացացրեց։

ՕՖԻՑԵՐ.— Ամեն տեսակ ռոմանից էլ լավ էր։ Միայն չես հասկանում, ինչպես այդ կինը կարող էր սիրել նրան։ Սարսափելի տեսք ունի։

ՏԵՍԻԼ 7

Նույնք։ Բացվում է մյուս դուռը, դուրս են գալիս մեղադրյալները, նախ Լիզան և Կարենինը, և անցնում են միջանցքով, նրանց ետևից Ֆեդյան մենակ:

ՏԻԿԻՆ.— Կամաց։ Ահա՛ նա։ Տեսեք, ի՛նչպես հուզված է։ (Տիկինը և օֆիցերը մոտենում են):

ՖԵԴՅԱ (մոտենում է Իվան Պետրովիչին).— Բերի՞ր։

ԻՎԱՆ ՊԵՏՐՈՎԻՉ.— Ահա։ (Ինչ որ բան է տալիս):

ՖԵԴՅԱ (դնում է գրպանը և ուզում է գնալ, տեսնում է Պետրուշինին): Հիմար բան է, շատ հիմար բան։ Ձանձրալի է։ Ձանձրալի։ Անմիտ բան է: (Ուզում է գնալ):

ՏԵՍԻԼ 8

Նույնք և Պետրուշին (փաստաբան, հաստ կարմրերես, զվարթ, մոտենում է):

ՊԵՏՐՈՒՇԻՆ.— Դե, բարեկամ, բաններս լավ է գնում, միայն թե վերջը, որ խոսեք, չփչացնեք։

ՖԵԴՅԱ.— Ես չեմ էլ խոսելու։ Ինչ ասեմ նրանց։ Չեմ խոսի։

ՊԵՏՐՈՒՇԻՆ.— Չէ, ասել պե՛տք է։ Մի՛ հուզվեք։ Այժմ արդեն գործը տարել պրծել ենք։ Դուք միայն ասացեք ա՛յն, ինչ որ ինձ էիք ասում, այսինքն՝ որ ձեզ դատում են միայն նրա՛ համար, որ անձնասպանություն չեք գործել, այսինքն՝ չեք արել այն, ինչ որ հանցանք է համարվում թե քաղաքացիական և թե եկեղեցական օրենքով։

ՖԵԴՅԱ.— Ոչինչ չեմ ասի։

ՊԵՏՐՈՒՇԻՆ.— Ինչո՞ւ։

ՖԵԴՅԱ.— Չեմ ուզում և չեմ ասի։ Դուք միայն ասացեք ինձ՝ ամենավատ դեպքում ի՞նչ պատիժ կարող է լինել։

ՊԵՏՐՈՒՇԻՆ.— Ես ձեզ արդեն ասել եմ. ամենավատ դեպքում — աքսոր դեպի Սիբիր։

ՖԵԴՅԱ.— Այսինքն՝ ո՞ւմ կաքսորեն։

ՊԵՏՐՈՒՇԻՆ.— Ձեզ էլ, ձեր կնոջն էլ։

ՖԵԴՅԱ.— Իսկ ամենալավ դեպքո՞ւմ։

ՊԵՏՐՈՒՇԻՆ.— Եկեղեցական ապաշխարանք և, իհարկե, երկրորդ ամուսնությունն էլ կլուծվի։

ՖԵԴՅԱ.— Այսինքն՝ ինձ նորից կկապեն կնոջս հետ, այսինքն՝ նրան ինձ հետ։

ՊԵՏՐՈՒՇԻՆ.— Հա, ինչպես որ պետք է լինի այդ։ Մի՛ հուզվեք։ Եվ, խնդրում եմ, ասացեք, ինչ որ ձեզ ասում եմ, և գլխավորը — ավելորդ ոչինչ չասեք։ Սակայն... (Նկատելով, որ իրենց շրջապատել և լսում են): Ես հոգնել եմ, գնամ նստեմ։ Իսկ դուք հանգստացեք առայժմ։ Գլխավորը — մի՛ վախենաք։

ՖԵԴՅԱ.— Եվ ուրիշ վճիռ չի՞ կարող լինել։

ՊԵՏՐՈՒՇԻՆ (գնալով).— Ուրի՛շ ո՛չ մի։

ՏԵՍԻԼ 9

Նույնք, բացի Պետրուշինից, դատական պաշտոնյա:

ԴԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱ.— Անցե՛ք, անցե՛ք, մի՛ կանգնեք միջանցքում։

ՖԵԴՅԱ.— Իսկույն: (Հանում է ատրճանակը և կրակում է իր կրծքին: Ընկնում է: Ամենքը վազում են դեպի նա): Վնաս չունի, կարծեմ, լավ է։ Լիզայի՜ն...

ՏԵՍԻԼ 10

Բոլոր դռներից դուրս են վազում հանդիսականներ, դատավորներ, մեղադրյալներ, վկաներ: Ամենի առջևը Լիզան: Ետևը Մաշան, Կարենինը, Իվան Պետրովիչը և իշխան Աբրեզկովը:

ԼԻԶԱ.— Այդ ի՜նչ արիր։ Ֆե՛դյա։ Ինչո՜ւ։

ՖԵԴՅԱ.— Ներիր ինձ, որ չկարողացա... ուրիշ կերպ արձակել քեզ։ Քեզ համար չէ... Ինձ համար այսպես լավ է։ Չէ՞, որ ես վաղուց արդեն... պատրաստ էի...

ԼԻԶԱ.— Դու կենդանի կմնաս։ (Բժիշկը խոնարհվում և ականջ է դնում):

ՖԵԴՅԱ.— Ես առանց բժշկի էլ գիտեմ... Վիկտոր, մնաս բարով... Իսկ Մաշան ուշացավ... (լալիս է): Ինչպես լա՜վ է։ Ինչպես լա՜վ է։ Ինչպես լա՜վ է (վախճանվում է):

ՎԱՐԱԳՈՒՅՐ

  1. Ես ուզում եմ ձեզ հետ առանձին խոսել։
  2. Ես ձեր մոտից եմ գալիս։ Տեր կինն ինձ հանձնեց այս նամակը և սպա...
  3. Հույս ունեմ, որ ես հրամանը չեմ խախտում։
  4. Դուք միշտ ցանկալի հյուր եք։
  5. Նա կախարդված է, կատարելապես կախարդված։
  6. Այս բոլորը զզվելի է։
  7. Միայն հոգիների վրա իշխելը նրանց այլևս չի գոհացնում։
  8. Նա ինձ հարցրել էր, թե չե՞մ կարող արդյոք ընդունել իրեն։
  9. Ինչ մեղք էլ նա գործած լինի կնոջ դեմ։
  10. Եթե այդ կինը կարողացել է հմայել նրան այդ աստիճան...
  11. Իրենից անկախ պատճառները հաշվի չառնել։
  12. Բայց այս իմ ուժերից վեր է։
  13. Դուք չափահաս եք։
  14. Առանձին։
  15. Այս բանը կախված է։
  16. Ձեռքերի բարեհաճ շարժում։
  17. Թող աստված նրանց օրհնի։
  18. Բծախնդիր։
  19. Ես միջանկյալ եմ։
  20. Տեսակցություն։
  21. Զարմանալի է, թե ինչպես սիրում է նրան, կարծես հայրը լինի։
  22. Ավելի լավ։ Հիշո՞ւմ է նա արդյոք իր իսկական հորը։
  23. Ինչ էլ որ ասեն, արածը գեղեցիկ է։