,,Le veau d'or est toujours debout
On ensence sa puissance[1].
«Ֆաուստ» (օպերայից)

Երկրագնդի խորքերում, այնտեղ, ուր գտնվում է դժոխքի թագավորությունը, սատանայապետ Բեհեղզեբուղի ահավոր պալատի առաջ, մեծ իրարանցում կար։ Ամբողջ դժոխքն այդօր տակնուվրա էր։ Հազարավոր մեծ ու փոքր սատանաներ, ճչալով ու աղմկելով, հրապարակ էին խուժում ամեն կողմից: Պետք էր տեսնել, թե ինչպե՜ս հանկարծ բացվում էին բոցավառ անդունդներ, նրանցից դուրս վիժում ամեն տեսակի այլանդակ հրեշներ՝ կատաղի գժերի պես ոռնալով։

Այդ բավական չէր. դժոխքն ամբողջ հիմունքներով ցնցվում էր և դուրս նետում իր խորշերից բոլոր դևերին, դևիկներին, բոլոր քսու, նենգավոր ոգիներին, որոնք սարսափահար, միմյանց կոխոտելով՝ լցվում էին պալատի առաջ։

Ւսկ ի՜նչ դրության մեջ էին սատանայապետը, նրա պալատականները, այլև խորհրդականները, որոնք վախից լեղապատառ՝ միմյանց գլխի վրայից ցատկելով, միմյանց տապալելով՝ շտապում էին ապաստանել գահի տակ։

Հուզումն սկսել էր վաղուց։ Լրաբերներն ամեն կողմից հասնելով՝ հետզհետե սպառնալից համբավներ էին բերում դժոխքի արքային, և սա, գունատ ու շվարած, ժողովել էր շուրջը ստորերկրյա թագավորության իմաստուններին ու գիտուններին և խորհրդի նստել։

Մինչ այդ, սատանաների ամբոխը պալատի առաջ ավելի ստվարանում էր և բարձրաձայն պահանջում, որ թաղավորը դուրս գար, երևար և շտապեր փրկելու ստորերկրյա աշխարհը վերահաս վտանգից։

Բայց ի՞նչ էր եղել ուրեմն։ Երկրաշա՞րժ էր, ջրհեղե՞ղ, թե՞ գուցե հեղափոխություն։

* * *

Ահա թե բանն ինչումն էր։

Վերևում, մարդկանց միջ, հայտնվել էին ինչ-որ նոր մտքեր, որոնք մեծացել՝ ուժգնությամբ կործանում էին ոսկյա և արծաթյա բոլոր կուռքերը, մեծ ջանասիրությամբ փշրտում էին նրանց, ոտնատակ տալիս, տրորում և արհամարհում։

Կուռքերի փշրվելու հետ՝ մարդիկ հալածում էին իրենց միջից չարության ոգիներին էլ և դյուրությամբ ազատվում ո՛չ միայն սատանաների լարած թակարդներից, այլև հավասարության և արդարության սուրը ձեոքներին՝ ոչնչացնում էին ստորերկրյա իշխանության բոլո՜ր գործակալներին։

Փոքր մի ևս- և չարությունը պիտի մնար անզեն ու անզոր…

Դե՛հ, դո՛ւք ասացեք, էլ ինչպե՜ս դժոխքն ու նրա բնակիչները կարողանային հանգիստ մնալ։

Սատանայությունն ամբողջ՝ ջանք էր գործ դրել վերականգնելու ոսկյա հորթն ու նրա երկրպագությունը։ Հնարքներ էր մտածել՝ անհավասարության ուժը պահպանելու։ Մինչև իսկ մարդկության կեսը զինել էր մյուսի դեմ, սակայն ամեն տեղ պարտություն էր կրել։ Հե՛նց որ ընկնում էր ոսկյա հորթը— սատանաները ջարդված, գլխիկոր, հուսաբեկ և ահալից՝ փախչում էին և այժմ ահա հուսահատ՝ համոզված էին, թե հասել էր այլևս դժոխքի վերջին օրը։

Սատանայապետը պարզ տեսնում էր, որ գահը երերում էր, որ իր բանն էլ բուրդ էր և որ ոսկյա հորթի անկմանը հետևելու էր չարության իսպա՛ռ ոչնչացումը։ Դրա համար նա մեծ ժողով էր գումարել դժոխքի խելոք ոգիներից և հարցը նրանց վիճաբանության ենթարկել։

Բայց օրերն անցնում էին, վերևում ոսկյա հորթերը միմյանց ետևից փշրվում, չար ոգիները բազմությամբ լեզապատաո խուսափում էին, և սակայն ներքևում, արքայական մեծ խորհուրդը ո՛չ մի հետևանքի չէր հասել: Մյուս կողմից էլ պալատի առաջ մեծանում էր ամբոխը և աղմուկով դղրդացնում դժոխքը:

* * *

Վերջապես Բեհեղզեբուղը գունատ, կատաղի, ելավ ժողովից, հրամայեց բանալ պալատի դռները և դուրս եկավ ժողովրդի հետ խոսելու։

Դժոխքը թնդաց սատանաների հուսալից աղաղակներից, երբ սատանայապետի ահեղ դեմքը երևաց։

Պահ մի խոր, անշշուկ լռություն տիրեց, որից հետո Բեհեղզեբուղը ցցեց հասակը և դաոնալով սպասող ամբոխին, սկսեց խոսել այսպես.

- Սիրելի՛ սատանաներ…— ասաց նա,— այսօր մեզ համար կյանքի և մահվան խնդիր կա, այսօր վճռվում է մեր թագավորության և ձեր բոլորիդ վիճակը. եթե մի հնարք չգտնենք, չի՛ անցնի մի քանի օր, և կոչնչանան վերևում բոլո՛ր ոսկյա կուռքերը, իսկ դա կոչնչացնի և մեզ: Այնտեղ, երկրագնդի երեսին, շնորհիվ ոսկյա հորթին, մեր իշխանությանն ապահովված էր և մեր եկամուտն առատ։ Բայց ահա հայտնվել է այժմ արհամարհանք ու անարգանք դեպի այդ հորթերը, նրանց առաջ այլևս չեն խոնարհվում, նրանց այլևս չե՛ն ուզում զոհ տալ իրենց ամբողջ զգացմունքները, միտքն ու հոգին։ Դա սոսկալի է մեզ համար։ Այժմ ոտների տա՛կ են առնում ոսկյա հորթերին, թքում ու ցեխոտում են նրանց… և դողո՛ւմ է մեր գահը, խարխլվում մեր թագավորությունը, թուլանո՛ւմ է մեր ազդեցությանը։ Իմ խորհրդականներն ու գիտունները չկարողացան հնարք գտնել այդ ավերածության դեմ. այժմ հույսս այն է, որ գուցե ձեր մե՛ջ գտնվի մի հանճարեղ գլուխ և մեզ մի միջոց առաջարկի։

— Լա՛վ իմացեք,— շարունակեց նա ներշնչող ձայնով,– որ ձեզնից նա, ով հնարը գտնի ոսկյա հորթի պատիվն ու հարգանքը վերականգնելու մարդկանց մեջ, ո՛չ միայն կդաոնա անմահ բարերար ամբողջ սատանայության, այլև կլինի իմ փոխանորդն ու սիրելին, անունն էլ կրակե տառերով կգրվի սատանայական տարեգրության մեջ… Դե՛հ, մտածեցեք, իմ ճարպի՛կ հպատակներ. պեղե՛ք ձեր ուղեղը, և թող խոսի հնարք գտնողը։ Բայց շտապեցեք. մի քանի օր ևս, և արդեն ուշ կլինի…

Ասաց Բեհեղզեբուղը և շատ քիչ հույս դրած իր հպատակների ուղեղի վրա, իր նախաճաշը պահանջեց։

Ամեն սատանա, փոքր թե մեծ, արու թե էգ, քիթը կախած, մատը ճակատի վրա, սկսեց հնարք որոնել։ Տիրել էր խորին լռություն։ Սատանայական միտքը երկունքի մեջ էր։

* * *

Հազի՛վ Բեհեղզեբուղը նախաճաշը վերջացրել էր, որ մութ անկյունից դուրս պրծավ ամենափոքրիկ մի սատանա, ճարպիկ ոստյունով թռավ բոլորի գլխի վրայից և եկավ ցցվելու գահի առաջ։

- Ձերդ խավա՛ր մեծություն,— ասաց նա,– ես մի միջոց ունեմ աոաջարկելու։

- Դո՞ւ,, ճղճի՛մ սատանա,— ծիծաղեց սատանայապետը,— խոսիր տեսնե՛նք: Բայց զգուշացիր. եթե հիմար բան ասես, այնպես կշպրտեմ քեզ, որ մարդկանց լավ հատկությունների պես կտափակես և աննշմարելի կմնաս հավիտենականության մեջ…

Ճղճիմ սատանան դողաց այդ սպառնալիքի առաջ և կակազելով ասաց.

- Ձերդ խավա՛ր մեծություն, ես մտածեցի, որ ոսկյա հորթի անկման պատճառը մի մարդ է, որ այժմ հայտնվել է վերևում և որ… որ…

- Ահ, այդպե՞ս… — քրքջաց սատանայապետը հեգնությամբ,– դու այդպե՞ս կարծեցիր, անմիտ… Դու հիմար ես և չգիտես դեռ, որ մի միակ մարդը չի՛ կարող կախարդական գավազանի ազդեցության տակ՝ փոխել մտքերը… Դու այդ չգիտես, ուրեմն գնա՛ և սովորիր…

Հետո պոչը շարժեց և ճղճիմ սատանային այնպես շպրտեց, որ նա մինչև այսօր էլ աննշմարելի՝ սլանում է հավիտենականության մեջ։

Նրա դառը վիճակը կասեցրեց շատերին, որոնք պատրաստվում էին խոսելու։ Եվ այդպիսով, երկա՜ր, ոչ ոք ձայն չէր հանում։

- Այս ի՞նչ է,— գոչեց Բեհեղզեբուղը կրակ կտրած,— մի՞թե բթացել են սատանայական մտքերը…
* * *

Եվ ահա հանկարծ, որտեղից որ էր, մի էգ սատանա դուրս սպրդեց ամբոխի միջից, եկավ կանգնելու արքայի առաջ, խոր գլուխ տվավ ու ասաց.

-Ողջ լինի նորին խավար մեծությունը…

-Ի՞նչ, ա՛յ կին,— գոչեց արքան,- հնա՞րք ունիս աոաջարկելու: Խոսիր ուրեմն. բայց աշխատիր հիմար բան չասել:

Կին-սատանան ժպտաց և այսպես խոսեց.

-Թող դատապարտվեմ ես մա՛րդ դաոնալու, եթե առաջարկս անմիտ լինի։ Իմ ցույց տված միջոցի շնորհիվ մարդկությունը ոչ միայն կսկսի նորից երկրպագել ոսկյա հորթին, այլև կավելացնի իր մեջ չարությունը և ում կտա մեր շահագործության։

— Իրա՞վ… խոսի՛ր ուրեմն։ Ի՞նչ պիտի անել։

– Երկու բան միայն։ Նախ՝ ոսկյա հորթը պիտի մանրացնել և երկրորդ՝ նրան ձևափոխության ենթարկել։

– Պարզ խոսիր, կի՛ն դու,— դեմքը կնճոեց արքան,— բացատրիր միտքդ։

— Այս րոպեիս, ձերդ խավար մեծություն… մինչև այժմ ոսկյա հորթը խոշոր բան էր. ոչ ոք չէր կարոդ նրան սեփականացնել, այժմ պիտի մանրացնել նրան. հալել և նրանցից ձուլել այնպիսի՛ կլոր, փոքրիկ աստվածներ, որ մարդիկ կարող լինեն իրենց գրպանների մեջն ունենալ, դիզել արկղերի մեջ, նրանով էլ գնահատել և գնել ամեն բան… զգացմունք, միտք, կյանք… Փորձեցեք, օրինակ, այդ կլոր առավածներից մի բուռ դնել մարդկանց տասից մեկի գրպանը, և պիտի տեսնեք, որ մյուս ինն իսկույն պատկառանքով և գետնի փոշիները լիզելով՝ կերկրպագեն ունեցողին… այդպիսով ոսկյա հորթը նորից կկանգնի, և նրա պաշատամունքն այնքան մեծ կլինի, մարդիկ այնպե՛ս գազանաբար կպատառոտոն իրար՝ այդ կլոր աստվածներն ունենալու համար, որ մեզ կմնա միմիայն զոհե՛րը հավաքել և հրճվել…

Կեցցե՜ն սանդարամետք,– որոտաց Բեհեղզեբուղն ուրախությամբ,– կեցցես և դու, կի՛ն։ Ե՛կ մոտս. դու իմ թագուհին կլինես և արժանավոր փոխանորդս…

Եվ անմիջապես փուռերը սկսեցին մեծ ջանասիրությամբ ու ահագին քանակությամբ կլոր աստվածներ պատրաստել։ Հետո, սատանաները դուրս խուժեցին մարդկանց մեջ և տասից մեկի գրպանը լցրին կլոր աստվածներով։

Կլոր, դեղին աստվածների ազդեցությունը չուշացավ հայտնվելով: Չունեցողները, մի խորհրդավոր մղումով, կանգ էին առնում, երբ անցնում էր ունեցողը, և գետնի փոշին ու կեղտը լիզելով, երկրպագում էին խոնարհությամբ։

Իսկ դժոխքն ու նրա ոգիները ցնծում էին, որովհետև շուտով վերևում մարդիկ սկսեցին գազանների պես իրար պատառոտել, չարությունն ավելի մեծացավ ու տարածվեց և ստորերկրյա աշխարհի համար անհամար զոհեր պատրաստեց…

Այդ օրվանի՛ց ահա, ոսկյա հորթը կլոր փոքրիկ աստվածների փոխված, շա՛տ ավելի պատկառանքով է խնկվում մարդկության կողմից. իսկ չարության ոգին, շնորհիվ դրան ավելի ուժ ստացած՝ ապականում է ինչ որ լա՛վ է, ինչ որ բարի՛ է…

1898

  1. «Ոսկյա հորթը միշտ կանգուն է, և խնկում են նրա զորությանը»: