Կղերական հարստահարություն

Կղերական հարստահարություն

ԿՂԵՐԱԿԱՆ ՀԱՐՍՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 15-ին ներկա 1876 թվի Դավրեժի ազգային-հոգևոր Արամյան դպրոցի հոգաբարձությունը ուղղեց Նորին Վեհափառության կաթողիկոսին ամենայն հայոց հետևյալ աղերսը, ստորագրությամբ նախագահի, Անդրեաս արքեպիսկոպոսի և բոլոր հոգաբարձուների:

Ահա աղերսը`

«Մայր Աթոռի Գահակալությունը, սկսյալ 1867 թվից, հայկական կյանքի մեջ սկիզբ է դնում մի նոր և փառավոր դարեշրջանի, երբ ուսումը, գիտությունը և հայաստանյայց սուրբ եկեղեցվո բարեկարգությունը ավելի փայլ և պայծառություն ստացավ: Լուսավորության այդ նոր դարեշրջանը սկսվեցավ այն օրից, երբ սուրբ Լուսավորչի Աթոռը ձերդ վեհափառության վիճակվելու բախտն ունեցավ:

Վեհափառությունդ, քաջ ծանոթ լինելով ժամանակի ոգուն և նորա պահանջներին, գիտելով թե մի մտավորապես ընկած ազգի վերակենդանությունը կայանում է միմիայն նորա կրթության և լուսավորության մեջ, — ամենայն ջանք ի գործ դրեց հիմնել Մայր Աթոռի կենտրոնում իմաստության մի տաճար, մի հոյակապ ճեմարան, որտեղից պետք է սփռվեն լուսավորության ճառագայթներն դեպի ամեն կողմեր, ուր կան և ապրում են հայեր: Դա հսկայական մի գործ է, որի վերա ժամանակը և անաչառ պատմությունը ամենայն պարծանոք պիտի դրոշմե վեհափառիդ հավերժական անունը:

Որպեսզի ուսումը և գիտությունը, որպես լույս և ճշմարտություն, ամեն տեղերում տարածվի հայերի մեջ, ամեն տեղ ներշնչե յուր կենսատու ոգին, վեհափառությունդ գուն գործեց նախ մերձավոր և ամենահեռավոր վիճակներում բարեկարգել դպրոցների դրությունը: Այդ բարեմասնություններից զուրկ չմնաց և հեռավոր Ատրպատականը: — Դավրիժո ազգային դպրոցի այժմյան բարեկարգ վիճակը ձերդ վեհափառության քաջալերությանը պարտական է:

Թե որպիսի մեծ նշանակություն ունի այդ դպրոցը Պարսկաստանի հայոց այժմյան կարիքների համար, բավական է հիշել այն բազմաթիվ որոգայթները, որոնք ուսման և կրթության անունով այստեղ լարել են այլադավան որսորդները (կաթոլիկ և բողոքական միսիոնարները) հայ մանուկները մոլորեցնելու համար: Այո՛, Դավրիժո ազգային դպրոցը մի հաստատուն պատվար է նոցա բոլոր հարձակումների առաջը առնելու: Այստեղ հայ մանկտին սովորում է հավատարիմ մնալ յուր մայրենի եկեղեցվույն, սիրել յուր ազգն ու լեզուն, և պատրաստվել հայրենյաց համար պիտանի և գործունյա որդի:

Բայց ցավալին այն է, որ դպրոցի նյութական վիճակը չէ համապատասխանում մինչև անգամ այն ամենաանհրաժեշտ կարիքներին, որոնք նա լցուցանելու ավելի պետք ունի: Որպես սույն աղերսագրի հետ ներկայացուցած հաշվեցուցակից վեհափառությունդ կբարեհաճի նկատել, որ դպրոցը յուր միամյա ելևմտից մեջ բավականին բաց ունե և նույնը շարունակվելու է և հաջորդ տարիներում, եթե արդյունքի մի նոր աղբյուր չտնօրինվի: Ի նկատի ունելով մուտքի և ելքի մի այսպիսի զգալի անհավասարակշռությունը, դպրոցի հոգաբարձությունը այժմ մեծ տագնապի մեջ է, մտածելով, թե դպրոցի մայր գումարն ամ ըստ ամե պակսելով, վերջապես կսպառվի, և այնուհետև ուսումնարանը փակվելու վիճակի պետք է ենթարկվի:

Ուրիշ աղբյուրներ չկան արդյունքի համար և կրկին քաղաքիս բարերար անձանց նվիրատվությանը դիմել` չէ կարելի, որովհետև նոցա յուրաքանչյուրն յուր կարողության համեմատ, որպես վեհափառությանդ հայտնի է, սկզբանե մի նշանավոր գումար նվիրած են: Մանավանդ որպես մտածվում է, օրիորդաց ուսումնարան ևս պիտի հիմնվի, դարձյալ ծանրությունը նույն բարերար անձանց վերա ընկնելու է, որոց թիվը դժբախտաբար շատ փոքր է: Աշակերտների վերա նորանոր վճարներ նշանակել անհնար է, որովհետև փոքր-ինչ զգալի ծանրությունը կստիպեցնե նոցա աղքատ ծնողներին մեր դպրոցեն դուրս հանել յուրյանց որդիքը և բողոքականների վարժատունը հանձնել, ուր ամեն ինչ ձրի է:

Դպրոցի մի այսպիսի անմխիթար նյութական դրությունը անշուշտ ձերդ վեհափառության բազմախնամ ուշադրությունը յուր վերա դարձնելու բախտն պետք է ունենա, որովհետև Պարսկաստանի փոքրաթիվ հայերը որպես կորուսյալ ոչխարներ արթուն հովվապետիդ կարեկցությանը ավելի շատ կարոտություն ունեն: Որո վասն դպրոցի հոգաբարձությունը վստահանում է խոնարհաբար խնդրել, որ ձերդ վեհափառությունը բարեհաճի Ատրպատականի մի քանի մասնավոր վանքական և աթոռային մուտքերը տեղային հայերի պիտոյից համար գործադրել, հատկացնելով նորանց Դավրիժո ազգային դպրոցին:

Հիշյալ վանքական և աթոռային մուտքերը, որոց մասին դպրոցի հոգաբարձությունը, իբրև տեղային ժողովրդի ներկայացուցիչը, խնդրում է ձերդ վեհափառությունից հետևյալքն են. 1. Դոխարղանու այգվո եկամուտը. 2. Սուրբ Նախավկայի վանքի եկամուտի մնացորդից 100 ռուբլի. 3. Դավրիժո եկեղեցյաց սուրբ Աթոռի անունով հավաքված գանձանակադրամը:

Հուսով եմք, որ ձերդ վեհափառությունը կհարգի հոգաբարձության ամենախոնարհ աղերսը, որո վասն եմք և մնամք բազմախնամ հովվապետիդ օրհնությանը և շնորհացն կարոտ»:

(Ստորագրություններ)

Պատասխան

…Մինչդեռ Դավրեժեն և վիճակեն նյութական ոչինչ օգուտ չկա և չսպասվեր ևս ստանալ, նկատելով նոցա նյութական վիճակը, սակայն խի՞ղճ է, որ Էջմիածնի կալվածքին արդյունքը ևս ինքյանց վերադարձնել ուզենան և եթե Էջմիածին հետզհետե աստի և անտի ունեցած առավել կամ նվազ արդյունքը սմին և նմին թողու, ապա ինքն ինչո՞վ պիտի կառավարվի: