Կյանքի ձայնը

Ալեքսանդր Ծատուրյան

ԿՅԱՆՔԻ ՁԱՅՆԸ

Լինում են ժամեր - հոգիս մըտորուն
Մի անզուսպ տենչով կյանքի ժըխորից
Անձկում է թըռչե՜լ, սավառնե՜լ հեռուն,
Ա՛յն երազ֊աշխարհն, ուր ազա՜տ ցավից,
Ազա՛տ հոգսերից, արթուն հրճվանքով
Սահում են օրերն անդորր ու փափկուն,
Ուր հավերժ գարունն մեղմ օրորանքով
Սըրտին բերում է երջանի՜կ մի քուն...

Բայց հուժկու մի ձայն՝ անլուռ, անմեկին.
Իմ մըտորմունքի այդ վառ ժամերին,
Համառ կըռվի է կոչում իմ հոգին
Եվ ինձ ասում է.— երգի՛չ, քո ձեռին
Քընար կա՝ ազդու. երկինքը նըրան
Խաղի համար չէ՛ քեզ պարգև տված.
Վե՜հ է քո կոչումն, ծանր — քո ճամփեն,
Եվ անլո՜ւյս գիշեր — քո շուրջը տիրած...

Նայի՛ր, տես, ի՜նչ դառն, ի՜նչ թույն օրերի
Մըռա՜յլ պատկեր է՝ կյանքը բովանդակ.
Ամե՛ն տեղ կըսկիծ անհուն ցավերի,
Ամեն տեղ արցունք ճընշող խաչի տակ...
Եվ չարն անպատիժ, երկաթե բազկով
Խեղդած ամեն հույս, ամեն վառ ձգտում,
Խաղում է թըշվառ ամբոխի կյանքով,
Խաղո՜ւմ մոլեգնած ու վայրա՜գ խընդում...

Զարկի՛ր քընարիդ հնչուն լարերին,
Թո՛ղ նըրանք խոսեն կյանքի ցավերից.
Լեզու տո՛ւր անգամ անխոս քարերին,
Դալուկ դեմքերից վանի՛ր սև թախիծ...
Երգի՛չ — դու կյանքի առաքյա՛լ—զավակ.
Կյանքը հըրաշունչ երգի է կարո՜տ.
Երգի՛ր, որ լույսի կա մեծ հաղթանակ.
Որ կա՛ և կըգա՛ ոսկի՜ առավոտ...
[1905]