ԿՅՈՐԵՍ
O tempora, o mores...
Օ՜ Զանգեզուր, օ՜ Կյորես...
1

Քաղաքն ուներ երկու անուն՝ Գորիս և Կյորես։ Երրորդ անունը՝ Կորիս,−տալիս էր միայն մի մարդ՝ դեղավաճառ Քյալլա Ծատուրը, որը քաղաքում հռչակված էր որպես փիլիսոփա և հին գրքերի սիրահար։ Գուցե այդ գրքերից էր նա հանել քաղաքի Կորիս անունը, որ իզուր ճգնում էր տարածել։ Նրան համամիտ էր միայն ժամհար Պարսեղը, որը և միակ ունկնդիրն էր Քյալլա Ծատուրի ձեռագիր խորհրդածությունների՝ ճշմարիտ հավատի, ամուսնալուծության և «Երից տարրի փոխակերպման մասին»։

Քաղաքն ուներ երկու անուն և այդ երկու անվան մեջ, ինչպես ընկույզի երկու կճեպի մեջ, պարփակվում էր մի քաղաք երկու իմաստով, մի բնակավայր՝ երկու տարբեր ժողովրդով, որոնք ունեին իրենց առանձին սովորությունները, առանձին շահերը և մինչև անգամ նրանց անունները տարբեր էին և պատահում էր, որ այդ երկու ազգերը իրար լեզու չէին հասկանում։ Մի կողմը «օտարականներն» էին, կամ ինչպես կյորեսեցիք էին ասում՝ ղարիբականներն էին,— մյուս կողմը բուն Կյորեսն էր և նրա միջնաբերդը՝ Շենը և նրա նշանավոր պարագլուխները՝ Ղաթրինի Աղալոն, որ բեռնած էշը գետնից բարձրացնում էր, Պարան-Պարան Ավանեսը, որի ձայնը հասնում էր մինչև Դրնգանի ձորը, Գյուրջի Օբին, որի լեզվից վախենում էր մինչև, անգամ քաղաքագլուխ Մատթևոս բեյը։

Ղաթրինի Աղալոն, Պարան-Պարան Ավանեսը, Գյուրջի Օրին և շատ ուրիշ կյորեսեցիներ, լինելով բուն Կյորեսի պարագլուխները, ժամանակակից չեն եղել։ Այդ մի դինաստիա էր հողագործների, բրուտների, ներկարարների, դարբինների և տավարածների, ցեղային դինաստիա, որ ի դեպ գլխավորում էր բուն Կյորեսի և նրա միջնաբերդ Շենի կռիվը Գորիս քաղաքի և նրա «օտարականների» դեմ։ Ղաթրինի Աղալոյի ժամանակ Գորիսը դեռ քաղաքագլուխ չուներ և քաղաքը դեռ չէր տարածվել մինչև Մեծ կամուրջը։ Ղաթրինի Աղալոն դեռևս կարող էր Գորիսի վաճառականներից երեքին խուրձի թոկով շալակել և սպառնալ նրանց թափել ձորը, եթե վաճառականները Թավրիզի կտավը չծախեն յուղի հետ բարաբար։ Նրա ժամանակը հեշտ էր. ինքը Շենն ուներ իր կտավագործները, իր դերձակները, իր իջևանատները, որտեղ գիշերում էին ուրիշ երկրներից քարավաններ։ Վերջապես Ղաթրինի Աղալոյի ժամանակ վաճառականների մեծ մասը դեռ «ղարիբական» չէր, այլ կյորեսեցի էր, այսինքն վարուցանք ուներ և մինչև անգամ ապրում էր Շենում, առևտուրն անելով Գորիսի շուկայում։

Այլ էր Գյուրջի Օրին և նրա ժամանակը... Գորիս քաղաքն ուներ երեք հարկանի բանտ, այնքան ընդարձակ, որ կարող էր Շենի կեսը մեջն առնել, ուներ ուրիշ կալանատուն՝ սուբահանոց, միայնակ կալանավորների համար,− այնտեղ էր նստում գավառապետը, այնտեղ էր ձիավոր պահակների զորամասը և Պենզայի 686-րդ դրուժինան։ Գյուրջի Օրին գզգզված շորերով, ինչպես հետին մուրացկան, հարբած դուրս էր գալիս Շենի միջնաբերդից և ծածանելով զգեստի ծվենները, քաղաքի հրապարակում հայհոյում էր քաղաք հիմնողին, նրա գլխավորին, Կյորեսը կույր դանակով մորթողներին... Այն ժամանակ իրենց մաղազաներից դուրս էին գալիս Գորիսի առևտրականները՝ Եփրատ Երեմը, Մալակրովնի Նիկոլայը, Բադիրին Չանթա-Ռեխ Գալուստը, եղբայր Բաղիրովները և զվարթ ծիծաղում էին, ինչպես եթե հրապարակում կապիկ պար ածեին։ Բայց երբ Գյուրջի Օրին սկսում էր խաղ ասելով տեսնել Գորիսի անվանի քաղաքացիներին,– այն ժամանակ նրա շուրջն էին հավաքվում հացթուխները, խմոր հունցողները, կոշկակարի աշակերտը, որին վարպետը ջրի էր ուղարկել, մշակները, որոնք անկյուններում սպասում էին, թե նրանց ով հացափոր աշխատանք կտա և մինչև անգամ քազաքագլուխ Մատվեյ Մատվեյիչը, նույն ինքը՝ Մատթևոս բեյը չէր կարող կտրել Գյուրջի Օրու այդ լեզուն։

Կար Գորիս և կար Կյորես։ Երկու տարբեր ժողովուրդ էին և տարբեր էին նրանց լեզուն, սովորությունները, անունները և մշտաբորբոք կրակի նման նրանց միջև վառվում էր հին կռիվը։ Թե ինչ ազգի մարդիկ էին և ինչ լեզվով էին խոսում նրանք, այնքան էլ հեշտ չի պատմել։ Շենում ասում էին, որ գորիսեցիք խոսում են շան լեզվով.

– Խոջա Բաղիրի թոռները մեր Բողարի նման են հաչում... նրանք ի՜նչ մարդիկ են։ Մեր կծոտողի ճակատը նրանց ճակատից արդար է,– այդպես էր ասում Աթա ապերը, երբ Գորիս քաղաքից վերադառնում էր։

– Կյորեսի լեզուն շենավարի է... Ափսոս չի՞ մեր բլաղարոդնի լեզուն,–այդպես էր ասում տիկին Օլինկան՝ Մատվեյ Մատվեյիչի կինը, Անիկա տյոտյային, երբ նրանք նստում էին ֆրապ խաղալու։

– Հայ Գրիշա, Միշա, Մաշո, չեմ իմանում էլ ինչ շաշո... Ափսոս չի՝ մեր Մանգասարը, մեր Մանուչարը, մեր Սոնան... Հերս որ հարսին կանչում էր Մանիշա՜կ, Մանիշա՜կ, տասը մանիշակ էր բացվում,–այդպես էին խոսում ամենամոլեռանդ կյորեսեցիք, որոնք ծաղրում էին Գորիսի օտարականների ոմանց շլյապան, անվանելով կլիբո և ծղաման, ոմանց կանանց՝ անվանելով շինովի տիկնիկ, ոմանց միրուքն էին ծաղրում, անվանելով կուտուռուզ և այլ այնպիսի խոսքերով, որ գրքի մեջ ընդունված չեն։ Կյորեսեցիք ծաղրում էին քաղաքացիներին, հորինելով մականուններ՝ Պրիստավի Թազի, Թեփռած Եփրեմ, Ամբարի կատու Սողոմոն՝ ավագ եղբայրը Ավագիմովների, որոնք վաճառում էին ալյուր և բրինձ։

Եթե մի այդպիսի հին կյորեսեցու հարցնեիր, թե ինչ ազգից ես, նա կասեր տոհմի անունը՝ Ավետանց, Շալունց, Բակունց և ո՜վ գիտի ինչպիսի ազգանուններ,– որովհետև նրանց լեզվով ազգ նշանակում էր տոհմ, գերդաստան, տուն, որի բոլոր անդամներն իրար հետ կապված են արյան կապով։ Իսկ եթե նրան բացատրեիր, որ ազգությունն ես հարցնում, այլ ոչ թե տոհմը, նա կպատասխաներ.

– Կյորեսեցի եմ... Զանգեզուրի մարդ եմ,– կարծես «Զանգեզուրի մարդ» այդ նույնպիսի ազգ է, ինչպիսին ռուսը, անգլիացին, թուրքը։

– Աթա ապեր, բա դու հա՞յ չես։

– Ա քեզ մատաղ, դե ես ի՜նչ իմանամ ինչ եմ է՜... Թողնում են գլխիս մեջ հուշ մնա, որ իմանամ, թե ես ինչ եմ... Էսպես որ գնա չեմ իմանա, թե ես Աթա՞ն եմ, թե՞ էն աղբանոցում հաչողը...

– Վերջը, Աթա ապեր, բա դու հայ չե՞ս...

– Դե հայ եմ մի տակով մի գլխով։ Որ ավազանում մկրտված եմ, ուրեմն հայ քրիստոնյա եմ, էլի՜։ Հո անհավատ նասրանի չեմ... Հիմա որ հայ եմ, ի՞նչ եմ արել։ Գլուխս հո մեղրոտ չեմ արել։ Ոչ ու փուչ լինի խոջա Բաղիրի թոռը, երկու բեռ ցորեն տարա...– Բայց ընդհատենք Աթա ապոր զրույցը, որովհետև բնիկ կյորեսեցի լինելով նա խոսում է ծոր տալով և ծանր-ծանր, կարծես բառերը ձուլելով թափում է և դեռ երկար կպատմի, թե ինչպես խոջա Բաղիրի թոռը նրան խաբեց և երկու բեռ ցորենի դիմաց տվեց մի ոչինչ բան՝ մի քանի արշին չիթ, պառավի համար հալավացու, երկու գրվանքա շաքար, մի քիչ բռնոթի, այն էլ կեսը հող։ Ընդհատենք Աթա ապորը և հարցնենք, թե խոջա Բաղիրի թոռներն ի՞նչ ազգից են։

– Շան ազգից են խոջա Բաղիրի ճտերը... նրանք էն ազգիցն են, որ խիղճ ասածդ չունի։ Նրանք նասրանի են, նրանք մոլթանի են, նրանք մարդ պլոկող ազգից են...

– Աթա ապեր, նրանք էլ հայ են, տեղացիներ են, հայ վաճառականներ են Գորիս քաղաքից, մինչև անգամ կարող է, որ խոջա Բաղիրը քո Օհան պապի խաչեղբայրը եղած լինի։

– Որ նրանք հայ լինեն, ես հայությունից դուրս կգամ,– Աթա ապերը սկսում է զայրանալ,– հայը ես եմ, Ղուրդանց Իսոն է, որ ցամաք հացին աստված է կանչում,– չկա՛։ Հայը վար կանի, ծառ կտնկի, շալակով փայտ կբերի, քերծ կքանդի, հայը խեղճ ու կրակ ռահաթ է էս ձորերում բառաչող։ Խոջա Բաղիրի ժառանգներն ի՞նչ հայ են, կամ Ավագիմովներն ի՞նչ հայ են, ասենք նրանց պապի անունը հայ է։ Իսկ եթե ասում ես, որ խոջա Բաղիրն իմ Օհան պապի խաչեղբայրն եղած լինի, ուրիշն էլ ասի, չհավատաս։ Իմ Օհան պապի խաչեղբայրը եղել է Բակունց Վիշապը, որ մի նստելում յոթ հաց կուտեր... Ա՜յ թե ով է եղել իմ Օհան պապի խաչեղբայրը... Իսկ խոջա Բաղիրը ուրիշ ազգից է, և կարող է, որ զիլանի եղած լինի։

Կյորեսն ուներ իր սուրբերը՝ Կանաչ եկեղեցի, սուրբ Մարտիրոս («իմ երեսս նրա ոտի տակ» – կասեր Անա զիզին, երբ սուրբի անուն տար), Եզան Սուրբ, Ճգնավոր և այլ այսպիսի ուխտատեղեր՝ հին և հնավանդ, ինչպես այն ընկուզենիները, որ ով գիտե, քանի հարյուր տարի աղմկում էին Մատուռի ձորում։ Ոչինչ եկեղեցական չկար այդ ուխտավայրերում՝ ոչ գիր, ոչ խաչ։ Քարափոր այրեր էին բարձր քերծերի լանջին և կամ խուլ ձորում խոխոջող մի աղբյուր և մի քարակույտ։ Միայն Կանաչ եկեղեցին ուներ ժայռի մեջ փորած սանդուղքներ, որ իբրև թե յոթը տարի փորել էր մի մենակյաց, թեև Սայու Սադին, Կյորեսի նշանավոր քերծ քանդողն ասում էր.

– Չորս փութ կորեկ տվեք, թե յոթ շաբաթում էդքան չքանդեմ, իմ հոր տղան չեմ:

Կյորեսն ուներ այդպիսի ուխտատեղեր, մրոտած պատերով, հողե սև ճրագներով, օջախի քարերով, որը երբեմն տաքանում էր մատաղների կրակից և երբ ծուխը բարձրանար, մի ծերունի նայում էր, թե քամին որ կողմն է քշում ծուխը։ Այդ միամիտ ծերունին հավատում էր, թե ծուխը որ կողմը գնար, այն կողմի արտերն այդ տարի շատ բերք կտային...

Եվ պատահում էր, որ ծուխը գնում էր դեպի Ծլանգի տախտը, որտեղ խոջա Բաղիրի քսան օրավար արտերն էին: Ծերունին բարկանում էր.

– Ես պիտի իմ ոչխարը քեզ մատաղ անեմ, որ դու հացը խոջա Բաղիրի որդիներին տաս։

Եվ ասում են, որ մի անգամ, երբ մատաղի ծուխը փարթամ քուլաներով գնացել է քաղաքի վրա և մինչև անգամ փռվել է քաղաքի շուկայի վրա, Զդին Հաբուդ անունով մի բնիկ կյորեսեցի սուրբ Մարտիրոսի մատուռի առաջից կիսաեփ կաթսան գրկած տարել է Եզան Սուրբի ձորը, ասելով.

– Եզան Սուրբ, եթե դու էլ սուրբ Մարտիրոսի նման լիրբ ես, մատաղը կածեմ շների առաջ...

Երբեմն պալտոնավորը, այսինքն Գորիս քաղաքացիք՝ Եփրատ Երեմը, Անիկա տյոտյան, տիկին Օլինկան, Կիզիկով Իսակը հանդերձ ընտանյոք, Սահակ Սերգեյիչը՝ թագավորական ուսումնարանի տեսուչը, Ավագիմով եղբայրները, Ճաղարին Մուղրովը՝ արծաթյա մեդալներով, Կարճիկ Կևեր բեյի աղջիկները, նավթավաճառ Գյորգին, Լալազարանց տունն իրենց նշանավոր աղջիկներով, որոնցից մեկը՝ Հերսելյան ամենաչքնաղն էր քաղաքում և կոչվում էր «Թևը կոտրած հրեշտակ», որովհետև Հերսելյան քայլում էր ձախ ուսը մի քիչ բարձր, երբեմն այդ ահագին բազմությունը լիքը զամբյուղներով ուխտ էր գնում սուրբ Մարտիրոս, գնում էր զուգված, զարդարված, գույնզգույն հովանոցներով, որոնցից ամենագեղեցիկը՝ երկնագույն մետաքսե,– հով էր անում օրիորդ Հերսելյային և երիտասարդ չինովնիկների ու գործակատարների մի խումբ, որ հետևում էր Լալազարանց աղջիկներին և մանավանդ թևը կոտրած հրեշտակին,– հիանում էր Հերսելյայի խշխշան շորերով, բարակ մարմնով և նրա երկնագույն հովանոցով։

Երբ պալտոնավորն ուխտ էր գնում, Շենը դժգոհում էր, կարծես եկողներն այլադավան էին։ Գորիսեցիք էլ էին մատաղ անում․ մինչև անգամ Լալազարանց Հերսելյան, բարձրացնելով զգեստի փեշերը, ծնկաչոք մտնում էր Կանաչ եկեղեցին և այդ ժամանակ երիտասարդ չինովնիկներից մեկը փռում էր մի թերթ, որ ավազը չծակծկի նրա մարմար ծունկը։ Նրանք էլ էին մոմ վառում, ոչ այն դեղին մոմը, որը ճրագուից թափում էր սապոն եփող Սավադը, այլ սպիտակ և զառ նշանով մոմեր։

Պատահում էր, որ օրիորդ Հերսելյան և կամ Սահակ Սերգեյիչի դուստրը՝ Սուսաննան, համբուրում էին մատուռի քարը և մինչև անգամ խաչակնքում էին։

– Հողս գլխիդ,– նրանց հետևից ասում էր մի կյորեսեցի պառավ,– տեսնես բուլվարում քանիսին ես պաչպչել։ Էլ սուրբը քեզ հի՞նչ անի...

Եվ դուրս էին գալիս եկեղեցուց, գորիսեցիք ընկուզենիների տակ մատաղը մորթում էին, իսկ նրանք, որոնք կյորեսեցի էին, քաշվում էին վեր իրենց զուռնա նաղարայով, հին պարերով և հարս ու աղջիկ ծառերից կախելով պարանները, ճոճվում էին խոր անդունդի վրա, փռփռացնելով զգեստները։ Քաղաքացիները նայում էին նրանց և օրիորդ Հերսելյան ստուդենտ Ռուբենին ռուսերեն ասում էր.

– Երանի նրանց...

Երբեմն Կյորեսն ու Գորիսը ընդհարվում էին հենց ուխտավայրերում։ Եվ նույնիսկ քահանաները չէին կարողանում հաշտեցնել նրանց։ Ծաղրով, ծիծաղով կյորեսեցիք քշում էին բուլկի ուտողներին։ Այդ ժամանակ մի հարբած բրուտ մտնում էր Կանաչ եկեղեցու քարանձավը և այսպես էր գոռգոռում.

– Ապա դու սո՞ւրբ ես... Էն որ նավթ ծախող Գևորգը քո պատին մոմ կպցրեց, ինչի՞ նրա մատները չբռնեցիր չկպցրեցիր քո պատին։ Ապա չե՞մ ասել քեզ, քսան մանեթի դիմաց երկու եզս տարավ, ինձ սոված թողեց։ Ի՞նչ է, նրա մոմը ոսկի զառով էր, հա՞... Է, Կանաչ եկեղեցի, դու էլ ես ղալբացել,– և հարբած բրուտն սկսում էր հանգցնել քաղաքացիների մոմերը, գետնովն էր զարկում մոմերը և շարունակում էր նախատել սուրբին,– ա՜յ, ասում եմ, դրա վերջը որ չտաս, դուռդ կպատեմ... Դու սո՞ւրբ ես, թե յոթը դռան հաչող շուն...

Այդպես ամեն ինչով տարբեր էին Գորիսն ու Կյորեսը և մանավանդ Շենը՝ Կյորեսի միջնաբերդը։ Տարբեր էին նրանց լեզուն, սովորությունները, տարբեր ազգ էին և նույնիսկ նրանց հավատն ուրիշ էր։ Նրանք կողք-կողքի ապրում էին և նրանց միջև կռիվն անպակաս էր, հին կռիվը, ինչպես հին էր ձորը և ձորի գետը։

2

Ինչպես ձորը և ձորի գետը...

Բայց նույնիսկ ձորի գետը քանդում էր Կյորեսի կողմը, որովհետև Գորիսը փռվել էր բարձրադիր տափարակի վրա միանման տներով, որոնք բաժանվում էին հավասար քառակուսիների և ամբողջ քաղաքը նման էր զինվորական ճամբարի։ Այնտեղ ամեն ինչ այնպես էր, ինչպես քաղաքի Սպիտակ բանտում։ Փողոցներն ուղիղ միջանցքներ էին՝ հավասար լայնությամբ, տները միանման կամերներ՝ մեծ ու փոքր, երկու-երեք կամ չորս պատուհանով, որոնք պատած էին երկաթե խիտ վանդակով, ինչպես բանտի պատուհանները։ Փողոցներում մայթերը նույն չափի էին՝ նույն քարով սալած։ Տների առաջ միանման ծառեր էին՝ ուռենի, բալ, ընկուզենի և երբեմն դեղին ակացիա։ Յուրաքանչյուր տուն զբաղեցնում էր չորս հարյուր քառակուսի սաժեն, որի անկյունում, փողոցի վրա, տունն էր, մի կամ երկու միանման հարկ, իսկ մնացածը՝ պարտեզն էր նույն ծառերով, ինչ որ փողոցում՝ ուռենի, բալ, ընկուզենի, խնձոր և երբեմն դեղին ակացիա։

Գորիսն ուներ մի թագավորական ուսումնարան՝ ռուսաց շկոլ և մի հայոց դպրոց։ Ուներ մի բանտ, մի ռուսաց ժամ, մի հայոց եկեղեցի, մի բիլիարդանոց, որի պատուհանները փակ էին, որովհետև անտիրական կատուները սիրում էին օթևանել այդ ապահով ներքնահարկում, մի հյուրանոց երեք սենյակից, մի բաղնիս, որի դուռը ժանգոտել էր իբր թե ներսի գոլորշուց, բայց դռան առաջի խոտերը վկայում էին, որ այլ էր պատճառը. գուցե ճշմարիտ էին նրանք, որոնք իբր թե բաղնիսի ավազանների մեջ տեսել էին կանաչ գորտեր։ Քաղաքն ուներ մի ժամագործ՝ Սահաթսազ Սանդրոն, որը նաև ոսկերիչ էր և սրում էր թարաքյամա քոչվորների դաշույնները։ Կար մի կանդիտեր, որ սրճատան հետևի մասը դարձրել էր գինետուն, որովհետև Գորիսի բնակիչները սուրճը համարում էին Տիկին Օլինկայի խմիչքը, իսկ տիկին Օլինկան միայն կիրակի օրերն էր սուրճ խմում։ Քաղաքն ուներ լիմոնադի մի գործարան, որ հիմնել էին Շոր աղբյուրի կողքին։ Երեք տարուց հետո տերը գործարանը ծախել էր ուրիշին և գնացել Բաքու, պատրաստի հագուստեղեն վաճառելու։ Քաղաքում պատմում էին, որ նա իր հետ փափուկ փող էր տարել և իբր թե հեռանալուց առաջ նա համբուրել է Շոր աղբյուրի քարը և ասել էր. «Շեն մնաս, Շոր աղբյուր, իմ հարստությունը դու տվիր»... Քաղաքն ուներ միայն մի գործարան և այն էլ լիմոնադի գործարան՝ առանց ծխնելույզի և երջանիկ այդ քաղաքում ուրիշ ոչ մի ծխնելույզ չէր մրոտում փիրուզե երկինքը։

Բայց ոչ այդ գործարանը, ոչ հյուրանոցը և ոչ նույնիսկ «Սասուն» տպարանը, որտեղ տպում էին հարսանյաց հրավերներ, գավառային վարչության բլանկներ և զանազան պուբլիկացիաներ տուրքի, քոչի և զինվորակոչության մասին,− ոչ այդ ամենը և նույնիսկ Օլինկայի Հայ կանանց միությունը քաղաք չէին կազմում, Գորիսը չէին, որի միջուկը, այսպես ասած պարունակությունն էին վաճառականները և չինովնիկները, դյուքյանդարները և մեծամեծերը, ինչպես կասեր Աթա ապերը: Նրանք էին բուն օտարականները, որոնց դեմ կռվում էր իսկական Կյորեսը և նրա միջնաբերդը՝ հին Շենը։

Ինչքան էլ ձորի գետը քանդեր բուն Կյորեսի կողմը և Գորիսը բարձրադիր լինելով զերծ մնար,—այնուամենայնիվ գետը չէր քանդում կյորեսեցիներին, այլ «պալտոնավոր օտարականները», որոնք հետզհետե դուրս էին մղում Շենը իր հին հողերից և ջրովի խոտհարքներից, փակում էին ճանապարհները և այլևս ոչ Ղաթրինի Աղալո կար, ոչ Պարան-Պարան Ավանես, որ դիմադրեր նրանց, այլ մնացել էր մի խեղճ Գյուրջի Օրի՝ շորերը գզգզված, աղքատ, արքա՝ օրավարձ մշակների, ջրկիրների, այրիների և որբերի, որոնք դեռ մնում էին Կյորեսի միջնաբերդում, իբրև պաշարված զորք, որ սպառել է հացը և վերջին կաթիլ ջուրը և դեռևս մի քանի զինվորներ շարունակում են կրակել, իրենց աղաղակներով խլացնելով բերդի մեջ մեռնողների կանչերը։

Գորիսը հաղթել էր։ Ու թեև հին կռիվը շարունակվում էր, բայց այդ պաշարվածների հուսահատ դիմադրություն էր և ոչ թե հավասարների պատերազմ։ Պատահում էր, որ Կյորեսի տղաները գետում լողանալու ժամանակ ընդհարվում էին «բուլկի ուտողների» հետ, մինչև անգամ նրանց ծեծում էին, քարերով քշում էին դեպի քաղաքը,—բայց այդ մանկական խաղ էր, ինչպես արդեն խաղ էր և այն, երբ Կյորեսի հարբած ուխտավորները ծաղրով և ահագին գոռում գոչյունով Կանաչ եկեղեցու ուխտից քշում էին Կիզակով Իսակին, հանդերձ ընտանյոք, նավթավաճաո Գեորգուն, Եփրատ Երեմին, Ավագիմով եղբայրներին, և մինչև անգամ քշում էին Ճաղար Մուղրովին, որի կուրծքը զարդարված էր մեդալներով։

Կյորեսը մեռնում էր, ինչպես մեռնում էր Խուռուփի ձորի վերջին կաղնին... Ամեն տարի մի ճյուղ չորանում էր, անձրևները մերկացնում էին անտառի հողը և հողի խորքից հետզհետե ցցվում էին տձև ժայռեր՝ սապատավոր և ահռելի։

Տեսնելով վերջին կաղնին, ոչ ոք չէր ասի, որ երբեմն Շհարի Տախտը, որտեղ քաղաքն էր, և նաև Տախտի հարևան ձորերը պատած են եղել խիտ անտառով, որից մնացել է միայն մի կաղնի Խուռուփի ձորում։ Այդպես էլ ոչ ոք չէր ասի, թե երբեմն Կյորեսը, նրա միջնաբերդը՝ Շենը իր թաղերով եղել է աղմկոտ փեթակ, և այնտեղ, ուր միայնակ խոխոջում է Ղաթրինի աղբյուրը, մի ահագին գյուղ կար քարանձավների մեջ, քերծերի գլխին... Որ Սալ կամուրջը, որից մնացել է միայն մի կամար,– եղել է ժողովուրդների կամուրջ, քարավանների կամուրջ և անհամար բազմություններ են անցել այդ կամուրջով, ինչպես հետո անցնում էին թագավորական ճանապարհով։

Հետզհետե ամայանում էր Կյորեսը։ Անդունդն էր սուզվում հողագործների ազգը։ Ով մեռնում էր, առանց բարձրացնելու այն քարը, որ ընկնում էր հին տան պատից, ով ծախում էր վերջին հորթը պարտքի դիմաց և կամ գերի էր գրվում մի վաճառականի, կամ գլուխը փեշի տակ գնում էր օտարություն՝ Բաքու և Անդրկասպյան մի երկիր, մինչև Քերքի, մինչև Բուխար և ավելի հեռուներն էր գնում քարանձավում ծնված կյորեսեցին։ Այսպես «օտարականները» բնիկներին մղում էին օտար երկրներ, և իզուր էր Գյուրջի Օրին սպառնում, թե մի օր նրանք գերությունից ետ կգան և բուլվարի ծառերից մեկ-մեկ կկախեն «պալտոնավորներին»։

Այդ սպառնալիքը վաճառականներին միայն զվարճություն էր պատճառում և երբեմն Բանդիրին Չանթա-Ռեխ Գալուստը՝ ճոթի մաղազայի տեր,—մի շիշ օղի էր խոստանում Գյուրջի Օթուն, եթե նա խանութի առաջ կանգներ և երգեր «Գորիսի գովքը»,— մի երգ, որ կապել էր Նիազանց Անդրին և որով ծաղրում էին Գորիսի վաճառականներին և չինովնիկներին՝ ո՛րի ագահությունը, ո՛րի պարտքը ուրանալը, ո՛րի կաշառակերությունը և ո՛րի ընտանեկան կեղտը...

Հատ ու կենտ կյորեսեցիներ էին մնացել, որոնք հավատում էին, թե Գորիսի վերջն էլ կգա. բայց թե ի՞նչ վերջ կլիներ այդ,−նրանք չգիտեին։ Միայն Աթա ապերը, մի հարգևոր ծերունի, իբրև տեսիլք նկարագրում էր այն ժամանակը, երբ բազարի տեղն ինքը կամ մի ուրիշ կյորեսեցի վար կանի, պրիստավ Վասիլի տներից վեր նորից խոտհարքներ կդառնան և Կանաչ աղբյուրը, որի ակը խցկել են Սպիտակ բանտի տակ,— նորից կհորդա։ Այդպես էր ասում Աթա ապերը՝ ծոր տալով և երգելով, ՝ ինչպես երգելով խոսում էին հին կյորեսեցիք։ Բայց ո՞վ պիտի բացեր Կանաչ աղբյուրի ակը և ինչպես պիտի բացեին,— Աթա ապերը չէր ասում, այլ միայն պատմում էր այն օրերի մասին, երբ ինքը հոտաղ տղա էր և եզները պահում էր այնտեղ, ուր հիմա Սպիտակ բանտն է... Պատմում էր Սալ կամուրջի և կորած ճանապարհների մասին և պատահում էր, որ նրան լսելով մեկը մոռանում էր առօրյայի հոգսը։

Իսկ Կյորեսն այնուամենայնիվ մեռնում էր։ Մի կողմից գետն էր քանդում գետափի պարտեզները, երբեմն փլվում էին քերծերը՝ ծածկելով լանջերի փոքրիկ արտերը․ հողը հողագործի ձեռքից գնում էր և այդ անխուսափելի էր, ինչպես մահը, ինչպես արևի մայրամուտը... Բայց նրան ամենից ավելի մաշում էր Գորիսը՝ վաճառականների և մեծամեծների քաղաքը, որի մոտ Կյորեսը՝ ինչպես մի բառ ձյուն խարույկի մոտ։

Մի անգամ Կյորեսում եղավ մի դեպք, որից հետո նույնիսկ Գյուրջի Օբին այլևս չերևաց քաղաքի հրապարակում, և այնպիսի ահ պատեց Կյորեսին, ինչպես՝ եթե հանկարծ պայթեր Լաստի խութը։

Խաչի անունով մի մարդ՝ բուն Կյորեսից,– որին անվանում էին Ծմակի Խաչի, որովհետև տարին բոլոր նա շրջում էր անտառներում և վայրի ձորերում և այնքան էր մենակ շրջել, որ ասում էին, թե Ծմակի Խաչին խոսել չգիտե, այլ մռնչում է գազանի նման,– Ծմակի Խաչին աղվեսի, կզաքիսի և լիսեմնի մորթիների մի շալակ տանում է Միրումովների մաղազան։ Շատ վաղ ժամանակ Ծմակի Խաչին նրանցից պարտք էր առել տասնմեկ մանեթ։ Եվ այդ ժամանակից տարին երկու անգամ գարնանը և խոր աշունքին, Ծմակի Խաչին երկու շալակ մորթի էր բերում։

– «Նրա վիզը կմաշի, բայց Միրումովների դրած լուծը չի մաշի»,– ափսոսում էին կյորեսեցիք, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր լուծը և իր մաշվող վիզը:

Ծմակի Խաչին մտածում էր, որ այս անգամ կազատվի պարտքից, որովհետև մորթիների մեջ կային երկու աղվեսի արծաթափայլ մորթի, որ հազվագյուտ է։ Միրումովների մաղազայում նրան ասում են, որ պարտքից դեռևս մնում է քառասունչորս մանեթ և երեք աբասի։

– Երեք աբասին էլ քո գլխին մատաղ,– և Միրումով Կյուքին, որին անվանում էին Կույր գայլ, համրիչը դնում է տեղը։

Ասում են Ծմակի Խաչին գոռացել է, ինչպես՝ եթե վրան կրակ թափեին։ Եվ փախել է առանց ետ նայելու...

Երեք օր փնտրել են նրան։ Փնտրել են որսորդ ընկերները, փնտրել են եզնարածները, մինչև անգամ տանուտերերին են հայտնում, երբ մի օր մի հորթարած լուր է բերում, թե Լաչին քերծի տակ երևում է մի դիակ։ Գնում և քերծի գլխից ճանաչում են Ծմակի Խաչու դիակը։ Ձորն այնքան խորն է և անառիկ, որ հնար չի լինում իջնել՝ ոչ պարանով և ոչ այլ կերպ։ Եվ վերևից հող են թափում դիակի վրա։

Այդ օրերին ջրաղացպանը պատմել է, որ ինքը գիշերով Լաչին քերծի կողմից լսել է մի ամեհի գոռոց.

– Քանդվե՜ս դու, Գորիս,– լսել է ջրաղացպանը։

Այդ դեպքից հետո Գյուրջի Օբին այլևս չերևաց քաղաքի հրապարակում և այնպիսի ահ պատեց Կյորեսին, ինչպես՝ եթե հանկարծ պայթեր Լաստի խութը։
3

Գորիս քաղաքի միջուկը, այսպես ասած պարունակությունը, կազմում էին վաճառականները և պետական պաշտոնյաները՝ դյուքանդարները և մեծամեծները,– ինչպես նրանց անվանում էր Աթա ապերը։ Այդ մի ամբողջ բանակ էր, որ իր քարաշեն զորանոցները կառուցել էր գետահովտում և Շհարի տախտից ռմբակոծում էր մինչև խուլ գյուղերը՝ անտառների խորքում, բարձր լեռների լանջին և այնպիսի խոր ձորերում, որի բնակիչներն իրենց գյուղի ճանապարհի մասին այսպես էին ասում.

– Մեր շենի ճանապարհը կարգին ճանապարհ է... մինչև անգամ բեռնած էշն էլ կանցնի։

Գորիսը կենտրոն էր՝ վարչական, ռազմական և տնտեսական կենտրոն մի լայնածավալ գավառի, որ ամենաընդարձակն էր Անդրկովկասում և տարածվում էր Սևանա լճի հարավային լեռներից մինչև Արաքս։ Լեռնաշղթաներով և խոր ձորերով կտրտված այդ աշխարհում ապրում էին այլացեղ և այլադավան ժողովուրդներ՝ նստակյաց և վաչկատուն, խաշնարած և հողագործ և այնպիսի ժողովուրդ, որ ոչ հողագործ էր և ոչ խաշնարած, այլ անտառաբնակ էր, և ոչ ոք նրանց մասին ստույգ բան չգիտեր և նույնիսկ ասում էին, որ նրանք առանձին ազգ են՝ այրում են և երկրպագում են բարձր ծառերի և իբր թե մութ ծմակներում նրանք շրջում են առանց զգեստի։

Այդ ընդարձակ գավառը՝ Զանգեզուրը լեռնաշղթաներով և խոր ձորերով բաժանված էր բազմաթիվ մահալների։ Իրենք՝ մահալները բաժանվում էին իրարից անջատ մանր գյուղախմբերի և հաճախ կարելի էր լսել այսպիսի խոսք.

– Մինչև սարի սեռը մեր երկիրն է, էն երեսը Աղավնու երկիրն է։– Նույն գյուղացիները իրենց գյուղին «հայրենիք» կամ «երկիր» էին ասում, հարևան գյուղին՝ «օտար երկիր» կամ «ղարիբ տեղ»։

Շհարի տախտի բնակիչները գրավել էին այդ ամեն «երկիրները»,– ինչպես մի իրական պետություն զենքի ուժով գրավում է իսկական երկրներ։ Մահալները և գյուղերը՝ մինչև վերջին բնակավայրը, որ նույնիսկ գյուղ չէր հաշվում, այլ ձմեռանոց,– այդ ամբողջ երկրներն իրար մեջ բաժանել էին Գորիսի վաճառականները և չինովնիկ մեծամեծները։ Բաժանել էին կռվով և ուժեղին բաժին էր ընկել ամենից հարուստ մահալը։ Այսպես՝ Միրումովները հնուց անտի տիրում էին Մինքենդի բոլոր գյուղերին,– այն լեռնային մահալները, որոնք այժմ կազմում են Քյուրդիստանի հյուսիսային մասը։ Բայանդուրից մինչև Շոթանան սեփական ժառանգությունն էր Բաղիրովների առևտրական տան։ Սիսիանի մի մասը՝ Որոտան գետից ձախ,– տիրում էին Ֆրանգուլովները։ Ձորերը՝ Ավագիմովների միահեծան թագավորությունն էր, Կյորեսը և քաղաքամերձ չորս գյուղ բաժանված էին առևտրական երկու տների միջև։ Յուրաքանչյուր առևտրական տուն իր մահալի գյուղերում ուներ մանր ու մեծ խանութներ և ահագին թվով մանր վաճառականներ, որոնք խանութ չունեին, այլ ձիերի վրա, երբեմն սեփական մեջքի վրա այդ խանութների ապրանքը բարձրացնում էին մինչև լեռան ծերպը, եթե այնտեղ ծխում էր մի օջախ։

Նրանք ոչ միայն վաճառում էին շիլեյ, մահուդվարի, Իրանի ղադաք, փոնձա, շալ, շաքար, նալ ու մեխ, սաղսի, նավթ, սաղրի քոշ և այլ այսպիսի ապրանքներ որ քարավաններով ստանում էին Թավրիզից, Շուշուց (ռուսական մանուֆակտուրան՝ Պրոխորովի, Կրատնիկովի, Վիտովի, Ցինդելի և ուրիշ ֆիրմաների մեծաքանակ պահեստները Անդրկովկասի հարավի և Հյուսիսային Իրանի համար կենտրոնացված էին Շուշի շահաստան քաղաքում),– ստանում էին Բաքվից և մինչև անգամ Տրապիզոնից էին ստանում,– նրանք ոչ միայն վաճառում էին, այլ յուրաքանչյուր առևտրական տուն իր մահալում մենաշնորհ իրավունքով գնում էր բուրդ, ցորեն, անասուն, յուղ, պանիր, հավաքում էր գորգեր՝ թիրմահի, եան, խորասան, մարդաշենք, պատնոց,– կարպետներ՝ դարախլու, շղթա-շղթա և առանց զարդի,– նրանք հավաքում էին պղնձե ամաններ՝ կուժ, կուլա, ջամ, մարթաբ, սինի, բադիա, կաթսա,– ինչ որ ձեռք ընկներ և հալելով՝ իբրև կարմիր պղինձ, ուղտերի նույն քարավանով ուղարկում էին Թավրիզ, Խորասան և Եզդան շահար։

Այդ առևտրական տները նաև յուրատեսակ բանկեր էին: Նրանց ձեռքում էր դրամը, նրանք վաշխ էին առնում մանեթին երեսուն, քառասուն և ավելի։ Միրումով Կյուքին, որին անվանում էին Կույր գայլ, իր որդիներին սիրում էր ասել պապից լսած խոսքը.

– Որտեղից լացի ձայն լսես, ներս մտիր, կամ մարդ է մեռել, կամ սոված են, կամ տան տիրոջ ձեռքը նեղ տեղն է։ Տո՛ւր, պարտք տուր, չա՛րմեխիր, էնպես մեխիր, որ հուր հավիտյան դռանդ կլանչի։

Եվ մեխում էին, շղթայում էին ծանր շղթաներով և որոնք սարերում ազատ վրնջացել էին,– նրանք դառնամ էին բեռան ձի։ Հետզհետե ուռչում էին սանադի դավթարները և ղաբզի մյուջրիները, այն փոքրիկ սնդուկները, որոնց մեջ հազար մուրհակ և հազար անուն կար։

Պատմում են, որ Ֆրանգուլով Բադալ ապերը մի անգամ նստած, բաց ու խուփ էր անում աջ բուռը։

– Ապեր, էդ ի՞նչ ես անում,– հարցնում է որդին։

– Ա՜յ որդի, նայում եմ բռիս և փառք եմ տալիս աստծուն, թե էս ահագին մահալը, ո՞նց եմ պահում բռիս մեջ...

Ջամբա Ծատուրը՝ հռչակավոր վաշխառուն, երբ բաց էր անում մյուջրին, մուրհակների դարսը զսպանակի նման վեր էր թռչում։

– Կա՛րդա,– ասում էր որդուն։ Եվ որդին առնում էր առաջին մուրհակը.

– Վեր առիմ և պարտ եմ քառասունվեց մանեթ... Էյվազ Խդըր օղլի...

– Էդ չի,– ընդհատում էր հայրը։

– Վեր առիմ... Հիսունմին մանեթ... Գիչունց Տանիել...

– Է՛դ չի...

– Վեր առիմ... Մեհտի Ղուլի Իմամվերդի։

– Թիվը քանի՞ է,– հարցնում էր Ջամբա Ծատուրը։

– Հուլիսի 25-ը։

– Էսօր 16-ը չի՞։

– 15-ն է։

– Էդ մեկը հանի... ասում են Մեհտի Ղուլի Իմամվերդին երկու լավ մատակ ունի,– և այդ մուրհակը հանում էին։

– Կա՛րդա,– և շարունակվում էր ընթերցումն, ինչպես միալար ժամերգություն։

Կային այնպիսի առևտրականներ, որոնք իրենց մահալում միահեծան տեր էին, բառիս լրիվ իմաստով։ Նրանք դատ էին անում, եղբայրը եղբորից բաժանում էին, խառնվում էին ամուսնության գործերի, կալանավորում էին, ծեծում և արյան գին էին որոշում,– մի խոսքով մահալում խան ու սուլթան էին։ Նրանց ձեռքի տակ էին գյուղական գրագիրները, տանուտերերը և մինչև անգամ պրիստավը լսում էր նրանց,– որովհետև նրանք բոլորը կերակրվում էին խոջայի հարուստ սեղանից։

Առևտրականների չափ, գուցե և ավելի, Գորիսն ուներ բեյեր և պաշտոնյաներ։ Կային երեք Ներսես բեյ՝ Հաստ Ներսես բեյ, Խուրդա կամ Կարճիկ Ներսես բեյ և Պրիստավի Ներսես բեյ։ Կային Կևեր բեյ՝ Ճաղար, այսինքն կապուտաչյա և Բալասան Կևեր բեյ։ Կային երկու Զիլֆուղար բեյ՝ հայ և թուրք, որոնց միջև կար միայն մի տարբերություն․ տարին երկու անգամ հայ Զիլֆուղար բեյի անունն օրհնում էր տեր Զավեն քահանան (Տեր զի բազումը՝ ինչպես նրան անվանում էին), իսկ թուրք Զիլֆուղար բեյի տունն օրհնում էր մոլլա Մուսին։ Ուրիշ և ոչ մի տարբերություն չկար երկու Զիլֆուղար բեյերի միջև։ Վերջապես կային բեյեր, որոնք մի հատ էին, ինչպես Գորիսում մի հատ էր տիկին Օլինկան, Փոշտի Անտոնը, Եփրատ Երեմը, նավթավաճառ Գեորգին և ուրիշները... Կար մի Ասատուր բեյ, որ ասունաս չէր խաղում, այլ սիրում էր որձ այծի միս, կար Պավլի բեյ` որ «Մշակ» թերթի անխափան բաժանորդն էր, կար Վաղարշակ բեյ՝ զար գցող, կար Խանլար բեյ` շուն պահող, կար... և այլ ինչպիսի բեյեր չկային երանելի Գորիս քաղաքում։

Այդ բեյերից ոմանք շառավիղն էին ազնվական հին տոհմերի և ունեին կալվածքներ, որոնց հասույթով անկարոտ ապրում էին։ Այդպիսին էր, օրինակ, Պավլի բեյ Օրբելյանը, «Մշակ» թերթի հավատարիմ բաժանորդը, որ առանձնացած ապրում էր իր տանը, ինչպես իշխանը դղյակում, հագնվում էր հին տարազով և ասում էին, թե իբր գավառապետը նրան չի սիրում, որովհետև Պավլի բեյը իր այգում վեճի էր բռնվել ռուս քահանայի հետ և հաստատել էր, թե հայոց կրոնն ավելի հին և ավելի ճշմարիտ է։ Այդպիսին էր նաև Համբարձում բեյը, որ երբեմն գյուղ էր գնում՝ տաքացրած թան ուտելու իր ազգի տանը։ Այդ ժամանակ նրա շուրջն էին հավաքվում ազգական ծերունիները և մունդիրը հանելով Համբարձում բեյը ննջում էր բարձերի վրա, իսկ ծերունիները շարունակում էին պատմել վաղի ժամանակներից:

Կային այդպիսի բեյեր՝ հին տոհմերից, բայց բեյերի մեծ մասը կեղծ ազնվականներ էին, որոնց հայրերը 1851 թվի բեկական հանձնաժողովին (бекская комиссия) ներկայացրել էին ինչ-որ թղթեր իրենց ծագման մասին Տաթևի վանքից, խանի ժամանակներից և նույնիսկ գնդապետ Սարոկինի ձիապան Խուդին հաջողացրել էր բեյի կոչում ստանալ և վերադարձել էր իբրև Խուդաբախշի բեյ։ Բեյերի մի մասն այդպես էր ձեռք բերել կոչումը, իսկ մյուսները նախկին տանուտերերի, գրագիրների և հարուստ հողատերերի որդիներ էին, որոնք պետական ծառայության մտնելով, կոչվել էին բեյ, մի սովորություն, որ մնացել էր պարսկական տիրապետության ժամանակից։

Առևտրականների նման բեյերը ևս ունեին իրենց ազդեցության մահալները և գյուղերը։ Ոմանք այդ ազդեցությունն ունեին ի ծնե, որովհետև այդ գյուղերի ջրարբի հողերը նրանց հայրական սեփականությունն էին։ Ոմանք այդ ազդեցությունը ձեռք էին բերել «քրտինքով» և մի անգամ ձեռք բերածն արդեն անքակտելի էր։

Բեյերի բույլը բոռերի նման վխտում էր գավառային վարչության դիվանում (դավթարխանա), զինվորական և հաշտարար ատյաններում (սուդարան), հարկային տեսչության մեջ,– վխտում էին՝ աղմկելով սապոգների պղնձե խթաններով, ոմանք թրերով, ոմանք ճռռացնելով սապոգները։ Ընդարձակ սենյակներում գործավար, սեղանապետ և քարտուղար բեյերի խմբերը մինչև ճաշ հնչեցնում էին իրենց ձայները՝ թավ, երբ Համզա բեյ Մահմուդբեկովը պատմում էր մի «անառակ» անեկդոտ, խռպոտ, երբ Հաստ Ներսես բեյը վերջացնում էր ռապորտի պատճենը և մեջքը հենելով աթոռին, ասում էր. «Դա՜-աս... երեկ լավ ժամանակ անցկացրինք... и не скучала душа моя...»: Իսկ մի հեռու սենյակից լսվում էր աղվեսահաչ՝ արագ-արագ և սուր ձայնով, ինչպես հաչում է տնային շնիկը կատվի վրա, որ նայում է պատի գլխից և բեղը չի շարժում։ Եվ բոլորն էլ ճանաչում էին ավագ գրագիր Նազար բեյի ձայնը և առանց տեսնելու գիտեին, որ նա բարկացել է շինականի վրա...

4

Գորիսը կենտրոնն էր Զանգեզուրի ընդարձակ գավառի, որտեղ ապրում էին այլացեղ և այլադավան բազմաթիվ ժողովուրդներ։ Բայց այդ կենտրոնն ուներ իր կենտրոնը, այսպես ասած քաղաքի միջուկը և այդ՝ Գորիսի շուկան էր։

Գորիսի շուկան...

Ո՞ր ծայրից սկսել և ո՞ր ճանապարհով մտնել շուկա, որովհետև յոթ ճանապարհ էր մտնում շուկան՝ յոթ միանման և լայն փողոցներ, որոնցով մտնում և դուրս էին գնում ահագին քարավաններ, բեռներ, մալականի ֆուրգոններ, Խաչենի սայլեր և մարդիկ՝ հազար, տասը հազար մարդ,– մանավանդ ամառը, երբ Սալյանից, Մուղանից, Լենքորանից հազար-հազար քոչվոր բարձրանում էր Զանգեզուրի ամառային արոտները,– և ամբողջ ամառը նրանք առնում և ծախում էին Գորիսի շուկայում։

Ո՞ր ճանապարհով մտնել շուկա և ո՞ր ծայրից սկսել... մտնել լեռա՞ն ճանապարհով, որտեղով բերում էին պանրի և յուղի բեռներ, բուրդ, հազարավոր ձիեր, ոչխարներ,– և այդ ամենն այնպիսի աղմուկով, որ մինչև անգամ շներն իրար էին խառնվում և հենց քաղաքային ինքնավարության առաջ բարձր գոռոցով թեմիր-միսկյանլու մի չոբան ժխորի մեջ կանչում էր իր շանը՝ «Ալաբաշ հե՜յ, Ալաբաշ, Ալաբաշ...», կանչում էր այնքան բարձր, որ քաղաքագլուխ Մատթևոս բեյը դուրս էր գալիս քաղաքային դումայի պատշգամբը, որպեսզի հանցավորին պատժի, բայց հանցավոր չէր գտնում, այլ գտնում էր անասունների հեղեղ, որ սարերից տրաքված մտնում էր քաղաք։

Արդյոք սկսե՞լ հարավից, որտեղից շուկա էին բերում ձմերուկի և սեխի սարեր, Բարկուշատի բրինձ, Օրդուբադի չիր, թուզ և ուրիշ ինչ մրգեր չէին բերում, ուղտերի մեջքին, զրընգ-հա-զըրնգ՝ զանգերով, բոժոժներով և փնջերով զարդարված ուղտերի մեջքին։ Բայց առաջին քարավաններն արդեն վայր են դրել բեռները, ուղտերը նստել են և փակել են ճանապարհը։ Ուղտերը տռնգում են և մի ուղտապան կեռգլուխ մահակով խփում է նստած ուղտին, կատաղած խփում է և ուղտը կեռ ու մեռ ոլորում է վիզը և հեռվից այնպես է երևում, թե մի վիթխարի օձ գալարվում է բեռների արանքում... Արդեն այնտեղ է քաղաքային ոստիկան գարադաբուլդի Մուխանը՝ որին հրամայված է կարգ պահել հրապարակի այդ մասում և բաց պահել ճանապարհը։ Բայց Մուխանը տեսել է Օրդուբադի չրի և թուզի բեռները, լցնում է գրպանները և նույնիսկ գլխարկի մեջ է լցնում։

Ո՞ր ճանապարհով մտնել այդ հարուստ շուկան...

Լավ է շուկա մտնենք ոչ լեռներից իջնող ճանապարհով, ոչ հարավի և ոչ թագավորական ճանապարհով, որով Շուշի քաղաքից բերում էին շաքար, մանուֆակտուրա և երկաթեղեն։ Մենք շուկա մտնենք Կյորեսի ճանապարհով,— այն հին ճանապարհով, որով Գորիս էին մանում ձորերի մեջ կորած գյուղերից՝ ցաքուտեցիք, մեզարցիները, նորուեցիք, ձորկեցիները և ուրիշները։

Գետից այն կողմը ճանապարհը բարձրանում է ջրաղացների կողքով։ Այստեղ դեռևս հին Կյորեսի հետքերն են... Ահա կանաչ ընկուզենու տակ ննջում է ալրոտ ջրաղացպանը։ Ծառից կապած երկու էշ գլուխ-գլխի կանգնել են, կարծես խոր մտքի են և այնքան են խորասուզվում, որ չեն զգում ճանճերի խայթոցը։ Այստեղ դեռևս հին Կյորեսն է... Ճանապարհին ընկած է մի կոտրած նալ, այստեղ այնտեղ թափված են խուրձերից վայր ընկած հասկեր։ Շենից մի աղքատ կին ջրաղացի առաջ փռել է վերջին պարկ ցորենը, այն ցորենը, որին ջրաղացպանն անվանում է հավի կուտ...

Արդեն ետ մնաց վերջին ջրաղացը՝ այն իմաստուն ջրաղացպանով, որ հազար հեքիաթ գիտեր։ Նա իր կյանքն անց էր կացրել այդ ձորում և ձորի ջրաղացում։ Գիշերը մինչև լույս ջրաղացը բանում էր, իսկ ջրաղացպանը եթե չէր ննջում,— ջրաղացի դռանը նստած կամ օջախի մետ՝ պատմում էր իր հեքիաթներից մեկը,– պատմում էր հայերեն և թուրքերեն,—որովհետև նրա ջրաղացն աղուն էին բերում և՛ հայերը, և՛ թուրքերը։ Նա հնագույն կյորեսեցի էր և նրա ասելով Ղաթրինի Աղալոյի մահից հետո Կյորեսում ապրելը հարամ էր։ Նրա կարծիքով առհասարակ մարդ-օլանը քանի գնում ժեռանում էր, այսինքն փոքրանում և վայրենանում էր... Մարդ՝ առաջվա մարդն էր, ոսկորը հաստ և զորեղ։ Մարդ էր Ղաթրինի Աղալոն, մարդ էր Ցուլ Օհանը, որի ձայնից Դրնգանի ձորում գազանները թաքնվում էին։ Եվ նա պատմում էր Ցուլաքարի և Ցուլ Օհանի մասին, որ և մենք կպատմենք, լսած լինելով ջրաղացպանից,—որովհետև՝ այդ վերջին ջրաղացից մինչև քաղաք ուրիշ նշանավոր բան չկա և երկրորդ՝ մի անգամ լսած լինելով այդ պատմությունը, չի կարելի չվերհիշել,— երբ դեպք է լինում անցնել Կյորեսի վերջին ջրաղացի կողքով։

Վաղ ժամանակ Շենում՝ հին Կյորեսում ապրել է մի մարդ, անունն Օհան։ Այն ժամանակ Շենն այժմվա ձորերում չէր, այլ ավելի հյուսիս, այնտեղ, ուր ձորի մեջ երևում է մի կոտրած վանք, որի ճակատաքարին դեռևս կարդացվում է, «թիւ ՌԺԴ... Ես Մելիք էգան կառու(ցի)...»։ Այդ ձորի գյուղում ապրել է Օհանը, որ կոչվել է Ցուլ, նախ որ նրա ձայնից Դրնգանի ձորում գազանները թաքնվում էին և ապա նույնիսկ երեցկինը նրանից հանգիստ չուներ։ Եվ մի պատարագի երեցին հայտնում են, որ Ցուլ Օհանը քշել է վերին թաղի կողմը։ Քահանան շուրջառն ուսին, ինչպես պատարագում էր, թռչում է դեպի տուն և ձեռքն առնելով բահի կոթը՝ վազում է։ Նրա հետևից վազում են վերի թաղի մարդիկ, որոնց կանանց նույնպես չարչարել էր Ցուլ Օհանը։ Քահանայի տնից նրանց դեմ է դուրս գալիս Ցուլ Օհանը, գրկի մեջ երեցկինը, որի կիսամերկ մեջքը դեպի քահանան էր։ Այդ տեսնելով, երեցը բացականչում է․ «Ցուլ Օհանի բահի կոթն իմից զորեղ է, ժողովուրդ, և քանի այդպես լինի, աշխարհում շատ մարդու կին իմ կնոջ նման կնստի՛...»։ Երեցը շուրջառը գետնին է գցում, հեռանում է գյուղից։ Այլևս նրան չեն տեսնում։ Իսկ Ցուլ Օհանն ապրում է շատ տարիներ և այդ տարիներում, երբ դղրդար նրա ձայնը, կանայք անհանգստանում էին՝ նույնիսկ իրենց ամուսինների գրկում։

Նրան միայն ծերությունը հաղթեց։ Բայց նույնիսկ օր ծերության, երբ աչքերը պարզ չէին տեսնում և քայլելու ուժ չուներ, Ցուլ Օհանը չէր մոռանում կանանց։ Իրենց տան առաջ նա ցցել էր մի քար, աղբյուրի ճիշտ դեմը։ Երբ կանայք աղբյուրն էին գալիս կամ աղբյուրի ջրում լվանում էին ցորեն, բուրդ, Ցուլ Օհանը պառավ գայլի նման քարանձավից դուրս էր գալիս և քարի գլխից նայում էր աղբյուրի կանանց, որոնք բարձրացնում էին կուժը և օրորվելով գնում, ոտքերը մերկ մտնում էին ջուրը և թևերը քաշած ցորեն էին լվանում։ Ասում են քարի գլխից Ցուլ Օհանը տեսնելով աղբյուրի կանանց, հիշում էր նրանց մայրերին և ոմանց անունը շշնջում էր[1]։

Ահա ետ մնաց և վերջին ջրաղացը, նրա հետ և այն ամենը, ինչ մնացել է Ղաթրինի Աղալոյի և ավելի վաղ ժամանակներից։ Այստեղից սկսվում է քաղաքը։ Առաջինը՝ հենց քարափի գլխին, նավթի պահեստն է։ Չորս-հինգ գյուղացի երեխաներ, շշերը մատերից կախած կանգնել են։ Նրանք մի քանի անգամ համրել են իրենց սև փողը, ստուգել են խցանը՝ կարտոֆիլից կամ մասուրի փայտից,–բայց դարձյալ սպասում են,– որովհետև նավթավաճառ Գյորգին նարդի է խաղում Բալասան Կևեր բեյի հետ.

– Սե-բիր Սիբիրստա՜ն, Գեորգի Մինայիչ... Զա՜ռ, դուբարա, քարերը թուփ արա...

Իսկ նավթավաճառը միայն կրկնում է.

– Զառ, քեզ տեսնեմ, զառ,– և զառերը «դուշեշ» չեն բերում։ Երեխաներն սպասում են և դեռ կսպասեն այնքան, մինչև խաղից կշտանա Բալասան Կևեր բեյը և կամ երևա մի հաճախորդ, որ նավթ է գնելու բեդոնով...

Նավթի պահեստից մինչև Նազար բեյի տունը հին շուկան է, շուկայի այն մասը, որ վաղ ժամանակ միակ շուկան էր, բայց արդեն դարձել էր իսկական շուկայի արհամարհված ծայրը, որտեղ առևտուր անելը հավասար էր կոտր ընկնելուն։ Հին շուկայում մեծ մասամբ բնիկ կյորեսեցիներ էին, որոնց Գորիս քաղաքի իսկական շուկան քշում էր դեպի Շենը և վաղ թե ուշ նրանք պետք է կամ օտարություն գնային, կամ ետ վերադառնային հայրենի տունը ձորերի մեջ։ Ներկարարներ, համետ կարողներ, սաղրի չմուշկի վարպետներ, հնակարկատներ, դարբիններ, որոնք զոդում էին խոփը, բայց անիվ չէին կապում, որովհետև շինականները՝ ցաքուտեցիք, մեզարցիները, նորուեցիք և ձորկեցիները սայլ չունեին,– փափախ կարողներ, որոնք փափախ էին կարում ոչ թե բուխարայի, այլ գառան հասարակ մորթուց («մոթալ փափախ»), եզան, էշի, ձիու և ջորու պայտարներ, որոնք գիտեին ձիու մաշված նալը հարմարեցնել էշի մանր ոտքին,– երկու վարսավիր՝ Դալլաք Բոզին և Քթևան Ասրին, որոնք մանգաղի նման ածելիներով թրաշում էին շինականներին, տզրուկ էին պահում և աշնանը կալի ժամանակ իբրև մուրացկաններ շրջում էին տնե-տուն, հավաքելով ամբողջ տարվա վարձը,– և այլ այսպիսի վարպետներ զարդարում էին հին շուկան։ Միակ ճոթավաճառը Մանգասար դային էր... Նրա խանութի նման երկրորդը չկար ամբողջ Գորիսում և կարծես Մանգասար դային խանութն այդպես պահել էր, որպեսզի ցույց տա, թե ինչպես էին ճոթի խանութները Աղա Մամմադ խանի ժամանակ։ Կամարակապ թաղբանդի հատակը ծածկված էր գորգերով։ Գունագեղ կտորները դարսված էին իրար վրա՝ մինչև առաստաղը։ Ինքը՝ Մանգասար դային, նստում էր գորգի վրա՝ մի ծունկը ցցած... Գալիս էր մի մուշտարի, նստում էր նրա կողքին, և նրանք զրուցում էին։ Ապա մուշտարին հարցնում էր ղանավուզ արխալուղացուի գինը։ Մանգասար դային չէր շտապում.

– Կտամ է՜, կտամ տանես... Վերջին թոփն է, տար հագի։ Մանգասար դային որ մեռնի, էլ պրծավ ղանավուզը, թռա՜վ թիրմահին,– և զրույցը շարունակում էին։

Այդ հին շուկայում կային և մի քանի խանութներ, որոնք ցուցանակ ունեին, ինչպես իսկական շուկայի խանութները, բայց ներսը դարակները դատարկ էին, եթե չհաշվենք ճրագի յոթանոց ապակիները և ծղոտների մեջ, ղազանի սապոն, մի երկու կապ պարան և այդ ամենը թանձր փոշու մեջ, որ նշան էր, թե այդ ապրանքներին վաղուց ձեռք չէին տվել: Բայց խանութները ցուցանակ ունեին. նրանցից մեկի վրա ռուսերեն գրված էր՝ «Մանրուքի խանութ թեյ շաքար Ակոբ Ապինցև» և ինքը՝ Ափունց Ակու-ամին առավոտ կանուխ խանութը բաց էր անում, ինչպես մյուսները, բարի լույս էր տալիս հարևաններին և անցնում դախլի գլուխը, ինչպես մյուս խանութպանները։

Ափունց Ակու-ամին վաղուց էր մոռացել ղազանի սապոնի և ճրագի յոթանոց ապակիների առքի գինը։ Նա ապրում էր այն նամակներով և ծանրոցներով, որ օտարության տեղից հայրենիք էին ուղարկում ձորկեցիները։ Յուրաքանչյուր փոստի Ակու-ամին իր դրացուն խնդրում էր «աչքը խանութի վրա պահել», ինչպես առաջ, երբ Ակու-ամին գնում էր խոջա Բաղիրի մաղազայում մազանդա իմանալու... Ակու-ամին գնում էր փոստը և ստանում նամակների և դրամական ծանուցագրերի մի կապ, ապա վերադառնում էր խանութը և աչքի էր անցկացնում հասցեները.– «Գորիս քաղաք մանրուքի խանութ Ակոբ Ապինցևին» ռուսերեն և տակը՝ ծրարի վրա, հայերեն՝ «Ակու-դայի նամակս շուտ հասացնես մեր գյուղը իմ հայր Առաքել Գիչունցին» («Երևի խեղճի ականջով դիպել է Առաքելի մեռնելը»,– ասում էր Ակու-ամին, վերցնելով մի ուրիշ ծրար)։ «Նամակս հասնի ի ձեռն Վարդազարի Տերակուփին ի գյուղն Ձորեկ» («Երեկ հենց Վարդազարն էստեղ էր...»)։ «Շատ բարևս կհիշեմ քեզ Ակու-ամի» և ուրիշ ոչինչ,– բայց Ակու-ամին ձեռագրից ճանաչում էր, որ գրողը որբևայրի Հերիքնազի փոքր տղան է։

Ակու-ամին ստանում էր նամակները, դրամը, ծանրոցները։ Ձորկեցիները գալիս էին և առնում իրենց նամակները, դրամը և ծանրոցները։ Ակու-ամին գիտեր, թե որ ձորկեցին է գրագետ։ Եվ նամակների մեծ մասը հենց այդտեղ էլ կարդում էր Ակու-ամին միալար ձայնով և միայն, երբ դժբախտ լուր էր, նա ցամաք հազում էր և ակնոցի վրայից նայելով նամակատիրոջ գունաթափ երեսին, կարդում էր. «որ իմանաս ապեր մեր Անդրիասի աջ կուռը մնաց չարխի տակ և նա լազարեթում պառկած է»...

– Էս լավ է, որ լազարեթում պառկած է,– ընդհատում էր Ակու-ամին,– ուրեմն փորձանքն անցել է, որ լազարեթում պառկած է,– շարունակում էր ընթերցել. «Շատ բարև մեծ քեռակնոջ, Ավանին և երեխաներին և շատ բարևս նմանապես Ավետիսին, Ոսկանին և Ասար բիբուն ասա Կաքավ աղբյուրը դեռ միտս է նաև բարի կամեցողաց...»։

– Ջա՜ն որդի,– ասում էր նամակատերը, անհայտ է նրա համար, որ տղան դեռևս կարոտում է գյուղի Կաքավ աղբյուրը, թե՞ նրա՝ որ «մեր Անդրիասի աջ կուռը մնաց չարխի տակ»...

Ափունց Ակու-ամին ստանում էր ձորկեցիների նամակները, հարևանը՝ ցակուտեցիների, նրա հարևանը՝ Բադամ Բախշին ստանում էր նորուեցիների նամակները... Այդ խանութներում նամակները կարդում էին, ուրախանում էին, եթե լուրը բարի էր, դժբախտության դեպքում մխիթարում էին և բոլոր դեպքերում նամակների պատասխանն ինքը՝ Ակու-ամին գրում էր ձորկեցիների համար, հարևանը՝ ցակուտեցիների և Բադամ Բախշին՝ նորուեցիների համար։

Ի՞նչ վարձ էին ստանում նրանք,– հայտնի չէր։ Միայն հայտնի էր, որ Ակու-ամին, նրա հարևանը և Բադամ Բախշին երբեմն տասը-տասնհինգ օր, նույնիսկ մի ամիս ժամանակով ինչ-որ գումարներ շահով տալիս էին մյուս մանրավաճառներին և նրանք ճիշտ ժամանակին վերադարձնում էին ձեռաց փոխ առած գումարը։ Երբեմն էլ, երբ գյուղից Բաքու կամ Անդրկասպյան երկիր ուղարկում էին մի ծանրոց, մեջը չորաթան, ձավար, փոխինձ, բրդե գուլպա,– ուղարկողը մի թաշկինակ ձավար կամ մի տասնյակ ձու բերում էր Ակու-ամուն, ասելով.

– Էս էլ քո բաժինը, Ակու-ամի... Քույրդ խնդրեց երեխայի հասցեն լավ գրես...

Այսպես էր այն հին շուկան՝ նավթի ամբարներից մինչև Նազար բեյի տունը, որ արդեն դարձել էր Գորիսի իսկական շուկայի արհամարհված ծայրը, որտեղ դեռ բուրում էր հին Կյորեսը և Շենը՝ նրա մեռնող միջնաբերդը...
5

Այլ էր իսկական շուկան՝ Գորիսի սիրտը։

Նազար բեյի տնից մինչև դավթարխանան, այնտեղից ուղիղ գծով մինչև Մատթևոս բեյի տունը, ապա մինչև դրուժինայի զորանոցը և հայոց եկեղեցին,–մի կատարյալ քաղաք էր, փոքր Մոսկվա, ինչպես ասել էր քաղաքագլուխը մի խնջույքի,– Այսրկովկասի Հայդելբերգը,– ըստ բժիշկ Տիգրան Պետոիչի («բժիշկ Տիկուշ»),– որը նույնպես քաղաքի զարդն էր, ինչպես «Սասուն» տպարանը, լիմոնադի գործարանը, ինչպես Սպիտակ բանտը և ռուսաց եկեղեցին։

Այդպես էին քաղաքի հռչակավոր վաճառատները, ինչպես, օրինակ՝ Կիզիրինի մագազինը («Նադեժդա»), ֆրանսիական ապրանքների մագազինը, «Դրուժբա» ընկերությունը, Ավագիմովների վաճառատունը և Պասաժը՝ նորագույն շուկան, ակնեղենի և գոհարեղենի խանութներով։ Իրար հետևից ձգվում էին հարյուրավոր խանութներ միայն ռուսական մանուֆակտուրայի, ապա գալիս էին մանրուքի խանութներ, այնպես ճոխ զարդարված, որ մինչև անգամ խանութի դռներից կախված էին ժանյակներ, մետաքս թել, գույնզգույն երիզներ և ուլունքներ այնքան առատ, որ խանութի դուռը չէր երևում։ Շատ խանութների առաջ, հենց հրապարակում դարսված էին ապրանքի հակերը, որովհետև խանութները լիքն էին և լիքն էին պահեստները... Շուկայի բազմությունը խռնվում էր հարուստ խանութների առաջ, մոլորվում էին անցքերի լաբիրինթի մեջ, գնում էին հակերի կամարների տակով և հանկարծ դեմ էին առնում ավելի շքեղ խանութի։

Մի խանութի առաջ ռուսական ալյուրի բուրգեր են՝ այնքան բարձր, որ խանութից երևում է միայն գավառապետի դիվանի վերին հարկը։ Բուրգերի շուրջը խռնված մարդիկ մրջյունի մեծության և մրջյունի պես կրում են ալյուրը, որ թեև մի քիչ կծված է, բայց Ամբարի կատու Սողոմոնը, Ավագիմովների ավագ եղբայրը, երդվում է, որ ֆուրգոնները ջուրն են ընկել և ալյուրը մի քիչ խոնավացել է, «թե չէ ալյուրն իսկական Կուբան է և սա մեռնի, եթե վնասով չեմ ծախում»... Ամբարի կատուն ասում է «սա մեռնի» և ձեռքը խփում է մսոտ այտին։ Նա երդվում է, ըստ սովորության, ինչպես բոլոր վաճառականները, թեև կարող չերդվել, որովհետև գիտե, որ Սիսիանի, Տաթևի և Գորիսի մահալներում արտերը խանձվել են և հաց չկա։ Ամբարի կատուն այդ շատ լավ գիտե, ինչպես և լավ գիտե, որ յուրաքանչյուր փոթի մեջ ունի երեսուն կոպեկ մաքուր շահ։ Նրա գործակատարները կշռում են, վաճառում են, իսկ ինքը դախլի գլխին առավոտից մինչև երեկո մատները խաղացնում է փողի մեջ։

– Քեզ թաղեմ, խնամի, եթե մի քոռ կոպեկ օգուտ ունեմ էս գործում... իմ օգուտս այ էն առաջին տեսակ ալյուրի մեջ է, որ չեն առնում,– խոսք է ասում մի մարդու, որն ուզում է խնամի Սողոմոնին առանձին տեսնել և ալյուրը ապառիկ խնդրել։ Ամբարի կատուն վաղուց է նկատել այդ, բայց ուշացնում է առանձին խոսելը և խոսում է նրանց հետ, որոնք դմակով են։ Նա և՛ դրամ է ընդունում, և՛ հաշվում է, և՛ խոսում է հաճախորդի հետ։

– Չե՞ս երևում, դայօղլի... վեց աբասի, վե՛ց աբասի երկու մանեթ, վեց աբասի, էս էլ մի վեց աբասի։ Կնունքն էլ մենակ կերար... վեց աբասի... Ա՜յ բարով, հազար բարի–... և Ամբարի կատուն ձեռքը մեկնում է զեյվեցի Իսաջանին,– որ սա էլ է եկել՝ ուրեմն Ղափանի մահալում էլ հաց չկա,– և գործակատարին կարգադրում է,– տաբուրետ տուր Իսաջանին... Ո՞նց ես, քեֆ հալ... Վեց աբասի, վեց աբասի...

Իսաջանը դեռ անտարբեր նայում է դախլի առաջ հավաքված մարդկանց, որոնք վճարում են ով երկու փութի, ով երեք, ով նույնիսկ մի փութի գին։

– Դու ես պահում էս հացապակաս ժողովրդին... Օրհնյալ լինես, Սողոմոն...– Ամբարի կատուն ժպտում է։

– Կարո՞ղ եմ չպահել, Իսաջան... Շան չարչարանք եմ քաշել, մինչի Արմավիրից ալյուրը բերել եմ... Տալի՞ս են որ։ Չեն տալիս, ասում են չկա։ Էնտեղ էլ պինդ սով է։ Բայց ի՞նչ արած․ որին խնդրելով, որին տեսնելով, մի կերպ հասցրել եմ էստեղ, թե ինչ է բարեկամներս կուշտ մնան։ Էն կանաչ մեռոնը վկա, որ վնասով եմ ծախում...

Ավագ գործակատարը քթի տակ ժպտում է։ Միայն նա գիտե, որ Ավագիմովները ալյուրը Կուբանից չեն բերել, այլ Շուշի քաղաքից և ջրի գնով գնել են կայազորի համբարակից, որը զորքի համար ստացել է նոր ալյուր... Միայն գործակատարը գիտե և քթի տակ ժպտում է։

Մանուֆակտուրայի խանութներից ելնում է լաստիկի, սատինի և գունավոր չիթերի բույր։ Ներսում հատակը, դիմացի պատը և երկար զաստոյկան պատած են հաստ գորգերով։ Դրանից է, որ այդ խանութներում ձայները խլանում են և նույնիսկ լեռնցի մարդիկ շշնջում են, ինչպես մեռելատանը։ Գորգերի վրա փափուկ աղմուկով փռում են կտորների հակերը, ապա մի թոփի ծայրից բռնելով ծաղկավոր շալը ծալ-ծալ նստում է և գույները ծփում են։ Լսվում է մկրատի զնգոց. «Շնորհավոր լինի, բարով մաշես...» և ուրիշ անկյունից է լսվում խուլ աղմուկը, չիթ կտորի ծաղիկները մարմանդ փայլում են և նորից է ծփում գույների ծովը։

Ներսը կիսամութ է։ Արևի լույսը մինչև խորքը չի հասնում․ խորքում կապույտ ցոլքով վառվում է մի ճրագ, որից ավելի խորունկ է թվում ճոթի մաղազան։ Այնտեղ ինչ-որ դռնակ բացվում ու փակվում է։ Ձայներն իջնում են գետնի տակ, ձայները կորչում են և ապա նորից բարձրանում են խորքից։ Մաղազաների տակ խորունկ պահեստներ են, որտեղ գիշեր-ցերեկ մութ է։ Ի՜նչ գանձեր կան այնտեղ... Ահա հեռու անկյունից, որտեղ կապույտ ցոլքով վառվում է ճրագը, դեպի դուռն է գալիս գործակատարը, ուսին կտորների հակեր։ Հաճախորդներին այնպես է թվում, թե գետնի տակ մաղազայի չափ տասը մաղազա կա՝ խորունկ, շատ խորունկ, որտեղ զառ-ատլասները մթնում լույս են տալիս, ինչպես ոսկու շեղջեր։ Զրընգ-զրընգ ոսկին և արծաթը և պղինձը կաթկթում են դրամարկղի մեջ, թղթադրամը խշխշում է, ինչպես ծաղկավոր չիթը։

– Դրեի չորս չարեք... իսկական Ցինդելի՝ արջանշան։ Սրանից լավ վերմակի երես կլինի։ Ուզո՞ւմ ես բութա-մախմուր տամ,– և բաց է անում թավիշը՝ կանաչ-ոսկեգույն, նշաձև պուտերով։ Մի այլ գործակատար ձեռքին խաղացնում է պարսկական թաշկինակների փունջը։ Ի՜նչպես են խշխշում, ի՜նչ նախշ, ի՜նչ բույր։ Մի հաճախորդ, որ հարսանիք ունի, գնել է ինչ որ տանը պատվիրել են և դեռևս նայում է դարակներին՝ չի՞ մոռացել ոչինչ, իր պառավ մոր համար արդյոք չգնի՞ այն սև շալը, թե մայրը հին շալը մինչև մահ հազիվ մաշի...

Գործակատարի աչքից վրիպում է նրա տարակուսանքը։ Եվ ահա փափուկ քայլերով մոտենում է ինքը, մաղազայի տերը, անվանի խոջա-Մակիչը: Նա բրդի նախշուն գուլպաներով է, ինչպես տանը, քայլում է՝ ասես ման է գալիս իր պարտեզում։

– Անխիղճ, էսքան ապրանք որ ծախել ես, ինչո՞ւ մի վարդ թաշկինակ չես նվիրել,– գործակատարին հանդիմանում է խոջան։ Հաճախորդները ետ են քաշվում։ Խոջա-Մակիչը գործակատարի ձեռքից խլում է թաշկինակների փունջը։

– Էս էլ իմ խալաթը... Ուրախ ժամի լինի,– և նա, որ հարսանիքի համար ամեն ինչ գնել էր, ընդունում է նվերը, խոջա-Մակիչին և նրա ձեռ-ոտի մարդկանց հրավիրում է հարսանիք,– պառավ մոր համար գնում է սև շալը, նաև ուրիշ ապրանք, խոջա-Մակիչի նիսիայի դավթարում իր անվան դիմաց թողնելով մի թեթև պարտք:

– Հազար անգամ ասել եմ մի թողնեք մուշտարին դատարկ ձեռքով խանութից գնա,– խոջա-Մակիչն ինքն է անցնում զաստոյկայի հետևը, իսկ մուշտարին, որ արդեն մոտեցել էր դռանը, ետ է վերադառնում։

– Առքի գնից էլ պակաս տուր, միայն դատարկ ձեռքով մի թողնի գնա... Մեզ համար է ամոթ։ Գինը քանի՞ ես առել...

– Գյազը վեց շայի,– վախեցած պատասխանում է գործակատարը:

– Բա սրա գինը վեց շայի՞ է, որ ասել ես,– խոջա-Մակիչը զայրանում է, որ գործակատարը գյազն ութ շահանոց մահուդավարի ռեբենակը առաջարկել է վեց շայի։

– Սխալմունք է, կպատահի, Մակիչ-ապեր,– այն կողմից միջնորդում է ավագ գործակատարը։

Իսկ նա, որ այդ գնից դժգոհ գնում էր ուրիշ խանութ, արդեն տնտղում էր կտորը։

– Սա խալիս մահուդվարի է, քո իմացած թանձիֆը չի։ Դե որ բերանից դուրս է թռել վեց շայի, թող վեց շայի լինի։ Էդ էլ քո բախտը։ Ես կհամարեմ, թե ջեբիցս փող եմ կորցրել. քանի՞ գյազ կտրեմ։

– Կտրի ինը գյազ...

Խոջա-Մակիչը գյազը շուլալում է կտորի մեջ, ծալ-ծալ թափվում է կարմիր հալավացուն։ Ապա խոջան վերադառնում է մաղազայի խորքը, որտեղ մարմանդ ցոլք է տալիս կապույտ ճրագը։

Իսկ ի՞նչ է կատարվում արհեստավորների խանութների առաջ և խանութների մեջ... Կարծես լեռներից մի ամբողջ զորաբանակ է իջել՝ բոբիկ, մերկ և առանց գլխարկի և մի օրում հարկավոր է այդ բանակը հագցնել։

Ահա թափվել են դերձակների խանութների վրա։ Քսան-երեսուն կարած արխալուղ է դուրս հանել Դարզի Հանեսը... «Պա՜հ-պա՜հ-պա՜հ... Եղար խանի տղա»,– կանչում է դերձակը, արխալուղը հագցնելով մի լեռնցու։ Իսկ նա զմայլված կանգնել է և շողում են նրա առողջ ատամները։– «Իսկը քեզ վրա է կարած...»։ Լեռնցին թևերը չի շարժում ու թեև թևերի տակ սեղմում է, բայց արխալուղն այլևս ուսերից չի հանում, այլ ուզում է այդպես, իբրև խանի որդի երևալ հայրենի լեռներում։

Մի ուրիշ տեղ Չաքմաչի Վեսկանը նստեցրել է մի թուրք սարվորի և երկու հոգով նրա ոտքին են քաշում սապոգը. «Հը՜...»,– և երկուսով տնքում են, տնքալով քաշում են։ «Մտավ հա՜, մտավ... Մատներդ մեջը խաղացրո՜ւ, խաղացրո՜ւ...»– և նորից են քաշում, զոռով հագցնում են, և ահա սարվորը զարմացած նայում է, թե ո՞ւր կորան ոտները։

«Մի քիչ ման գաս կբացվի»,– քրտինքը սրբելով ասում է Չաքմաչի Վեսկանը, մի ուրիշին նստեցնելով։ – Վեսկան քիրվա, ա՜յ Վեսկան քիրվա,– ներս է մտնում մի վիթխարի հովիվ, հետևից շունը.– կոշիկ կկարե՞ս...

– Կարեմ, կարեմ... Մատներդ մեջը խաղացրո՜ւ, խաղացրո՜ւ– և Չաքմաչի Վեսկանը քաշում է ութերորդ զույգը.– կարե՜մ, կարե՜մ...

– Համա մի քիչ ճըռճըռ կդնես տակը։

Ճռճռան կոշիկն առանձնապես հարգի էր սարվորների մոտ։ Նրանք սիրում էին, երբ կոշիկը ձայն էր հանում և հովիվը, որ շունն հետևից մտել է խանութ, այդ է խնդրում։

– Էդ մի քիչ դժվար է։

– Ինչի՞ է դժվար, չաքմաչի քիրվա։

– Դրա համար հարկավոր է քսան ձու, մի գրվանքա յուղ...– և հովիվը բերում է քսան ձու և մի գրվանքա յուղ։

– Հիմա կլինի՞։

– Հիմա որ կլինի... Երեք օրից կոշիկներդ պատրաստ են։ Էնպես ճըռճըռ դնեմ մեջը, որ մինչի Ղարաբաղ ձայնը լսվի,– և հովիվը, ոտքի չափը թողած, գնում է։ Իսկ Չաքմաչի Վեսկանը աշակերտներից մեկին պատվիրում է «մի լավ ձվածեղ քսան ձվից»։ Հովվի բերած ձվերը և յուղն ուտում են, ապա կոշկակար վարպետը դանակով կտրատում է մի բարակ կաշի, թաթախում կեղտոտ նավթի մեջ և շպրտում աշակերտին.

– Էս կդնես էն հայվանի կոշիկի տակ։ Էնպես ճռճռա որ...

Մայր հրապարակում ուրիշ առևտուր է։ Սարերից և գյուղերից քշած բերել են հազարավոր ոչխար, կով, ձի, եզ։ Չոդառները գործի են։ Նրանք մոտենում են ոչխարի հոտին, ձեռքով տրորում են ոչխարի մեջքը և կողքը, մի ակնթարթում հաշվում են հոտը և հարցնում են․ «Հիսուն ոչխարին ի՞նչ տամ»... Միջնորդները, որոնց ձեռքով են առնում և վաճառում անասունները,− իսկույն մոտենում են։

– Աստված բարի տա,– և իրար են միացնում չոդառի և ոչխարատիրոջ ձեռքը։

– Հատին չորս մանեթ, որը հավանեմ։

– Հատին հինգ մանեթ։

– Լավ գին է, ես իմ աստված։ Առավոտյան Հաջի Բաղիրը ծախեց չորս մանեթով։

– Չորս մանեթ մի աբասի։

– Աստված բարի տա,– և միջնորդը համարյա զոռով իրար է միացնում նրանց ձեռքերը և բղավում է.

– Չորս մանեթ երկու աբասով հիսունը ջոկիր:

Կանչ, աղմուկ, շների կլանչոց։ Հովվական շները, որոնք ոչխարի հետ սարից իջել են, անհանգիստ են, երբ օտար մարդիկ քշում են ոչխարը և տերը նրանց չի կանչում՝ «Չամբար քուս, Ալաբաշ հասի»,– այլ բարկանում է շների վրա և նույնիսկ նրանց վրա մահակ է բարձրացնում։ Շները լռում են և գլուխը կախ միտք են անում, թե ի՞նչ կատարվեց, որ տերը իրենց վրա մահակ բարձրացրեց, այնինչ ուրիշները ոչխարը քշեցին։

Մի այլ անկյունում ձիերը վրնջում են և նրանց հետ զիլ և արծաթահնչյուն վրնջում են քուռակները... Շո՞գ է, ծարա՞վ են, նրանց ճնշում է բազմության աղմուկը, անհանգիստ են այն խորթ ձեռքերից, որ ահա քանի անգամ բաց արին ձիու բերանը,– թե՞ նրանք կարոտել են լեռնային արոտները, որտեղ փռփռում է խոտը և ոչ սանձ կար, ոչ այսքան մարդ։

Հրապարակում կլանչում է մի շուն, կով է բառաչում, մարդիկ բարձրագոչ աղաղակում են հայերեն, թուրքերեն, ժխորը հետզհետե սաստկանում է, ժխորը հասնում է մինչև Մեղրաքերծ և ժխորին խառնվում է զինվորական փողը, որ հնչում է զորանոցի կողմից... Երբեմն հանկարծ լռում են, ինչպես ճնճղուկների երամը, երբ գետնի երեսով անցնում է անգղի ստվերը։ Ձիավոր ոստիկանների գլուխն անցած, հրապարակը ճեղքելով սլանում է գավառային պահակախմբի պետ Ավթանդիլ Խուրշուդ բեյը... Ավազակները սարից նախի՞ր են քշել, մա՞րդ են սպանել, հարձակվե՞լ են փոստի վրա, թե՞ ուրիշ դեպք է եղել,– դեռ ոչ ոք չգիտե և ժողովուրդը ճանապարհ է տալիս. «Խուրշուդ բեյը Բարկուշատ գնաց»,– ասում են իրար և բոլորը հասկանում են, որ այն կողմերում «բան կա»...

Երբեմն շուկայի հրապարակով անցնում էր Պենզայի 686-րդ դրուժինայի ջոկատը՝ թմբուկի սուր կտկտոցով, բահերի ու զենքերի զրնգոցով... Առջևից գնում էր երիտասարդ սպան, որ դիտմամբ ծռել էր ճանապարհը, որովհետև ձանձրալի էր անցնել Գորիս քաղաքի խուլ փողոցներով։

Ջոկատը վերադառնում էր զինվորական վարժությունից․ կամ երևում էր բանտարկյալների խումբը գորշ խալաթներով, ոտներին շղթա (նրանց տանում էին հող փորելու) կամ սլանում էր Ավթանդիլ Խուրշուդ բեյը՝ հետևից ձիավորները,– հրապարակում աղմուկը դադարում էր, ինչպես ճնճղուկների ծվծվոցը, երբ գետնի երեսով անցնում է անգղի ահարկու ստվերը։

Այդ ժխորից՝ մարդկանց և անասունների կանչերից ազատ էր Պասաժը։ Այնտեղ ազնիվ լռություն էր։ Այնտեղ ամեն ինչ ազնվացեղ էր և առաջին պրոբի։ Ակնեղենի և գոհարեղենի խանութների կողքին կային խմիչքի և նպարեղենի մեծ խանութներ, որտեղ չէին վաճառում ոչ տեղական գինի և ոչ տեղական ձուկ, այլ վաճառում էին ֆրանսիական լիկյորներ, Հավանայի սիգար, Հռենոսի գինի և այսպիսի կոլոնիալ ապրանքներ, որոնց գնորդները բեյերն էին և չինովնիկ մեծամեծները, նաև ռուս քահանան, որի մասին ժամհար Պարսեղը լուր էր տարածել, թե նա եփած խխունջ է ուտում։

Երբեմն մի լեռնցի կամ քոչվոր մի թուրք մոլորված մտնում էր այդ խանութներից մեկնումեկը, օրինակ Կուր դը բեժա, որ Պասաժի հարուստ խանութներից էր.– «Բաշլըղ ունի՞ս, քիրվա»,– և հովիվը շշմած նայում էր շողշողուն դարակներին։– «Ա՜յ, էնտեղ կա...»– Կուր դը բեժայից ցույց էին տալիս ժամագործ Սանդրոյի խանութը.– «Էնտեղ լավ բաշլըղ կա, լավ ծամոն կա, էշի փալան էլ կա»։

Պասաժի վաճառականները բուխարա փափախ չէին ծածկում, ինչպես բուն շուկայի առևտրականները, որոնց ժողովուրդը վաղեմի սովորությամբ անվանում էր խոջա։ Պասաժում մահուդ չուխա չէին հագնում, այլ կոստյում և ծածկում էին շլյապա, իսկ Եփրատ Երեմը խանութ էր մտնում սպիտակ ձեռնոցներով և այնպես անթերի հագնված, որ Լյուդմիլա Լվովնան, գավառային նոտարի կինը, ամուսնուն հանդիմանում էր, օրինակ բերելով Եփրատ Երեմին։ Պասաժում ամեն ինչ ազնիվ էր և ազնվացեղ. այնտեղ ռուսերեն էին խոսում և նույնիսկ հայոց կոնսիստորիայի քարտուղարը, որ ռուսերեն չգիտեր, Պասաժի կողքով անցնելիս խոսում էր այդ լեզվով։

Երբեմն խոջաներից մեկն այցելում էր Պասաժի խանութը, որի տերը նրա որդին էր, նոր վաճառականը, հին վաճառականի ոսկե ճյուղը։ Խոջան նստում էր վենսկի աթոռի վրա, որ նրան մատուցում էր որդին.– «Ապեր, լիկյոր բաց անե՞մ...»։ Ապերը լուռ նայում էր դարակներին՝ անհայտ, անծանոթ իրերին։

– Ա՜յ տղա, էն զիզի-բիզի բաներն ի՞նչ են,– և խոջան մահակը մեկնում էր դեպի Ժորժ Բորմանի շոկոլադները։

– Ապեր, շոկոլադ են... էս էլ Դեզի կանֆետ է, էս էլ Դվարժօղլու հալվա է Ադեսից,– և որդին արծաթե պատառաքաղով մեկնում էր մի կտոր Դվարժօղլու հալվա։

– Հալվան ի՞նչ է, նրա տված օգուտն ի՞նչ լինի,– ապերը վերադարձնում էր հալվայի կտորը.– ղանավուզ կտոր լիներ, Իրանի զադաք լիներ հա՜... Կանփետ ծախելով մարդ չես դառնա, ա՜յ որդի...

Բայց այդ խոսքին ներս էին մտնում Լյուդմիլա Լվովնան և բժիշկ Տիգրան Պետոիչի կինը՝ Սառա Կասպարովնան, նաև մի փոքրիկ շնիկ՝ կապույտ ժապավենով։ Ապերը զարմացած նայում էր շնիկին։ – Փառքդ շատ, աստված... սա էլ կասի, որ շուն է և շան ազգից է...

Շնիկն սկսում էր հոտոտել կոնֆետի թղթերը՝ վազվզելով խանութում, ապա հաչում էր մի տղայի վրա, որ դրսից պատուհանով ո՞վ գիտի ինչու նայում էր խանութին։

– Պուշոկ, նե սմե՛յ, Պուշոկ... Երեմ Նիկիտիչ, խավիարը հիանալի էր...

Խոջան զարմացած նայում էր տիկիններին, նրանք բուրում էին ինչպես խանութը և նրանցից յուրաքանչյուրը մի ոսկեզառ կոնֆետ էր։– «Երեմ Նիկիտիչ...» և խոջան ինքն իրեն մի քանի անգամ կրկնում էր. «Ուրեմն խոջա-Մակիչը, Մուգումին Մկրտիչը դառավ Նիկիտ... Քեզ փա՜ռք աստված...»։ Եվ աթոռի վրա խոջան ննջում էր, ու նրան օրորում էին կանանց և յուր որդու կչկչան ձայները։

Այդպես էր Պասաժը, Գորիսի բուն շուկայի ոսկե զարդը։

Բայց և այնպես նա բուն շուկայի ճյուղն էր, ինչպես հին շուկան ներկարարների, համետ կարողների և պայտարների գետնահարկ խանութներով հին շուկան արմատն էր, արդեն զառամյալ արմատը, որ այնուամենայնիվ կապված էր բունի հետ։ Եվ այսպիսով նավթի պահեստներից մինչև Մատթևոս բեյի տունը, այնտեղից դրուժինայի զորանոցը և հայոց եկեղեցին՝ մի ամբողջություն էր, մի ամբողջական շուկա, որ կենտրոնն էր Զանգեզուր ընդարձակ գավառի՝ Սևանա լճից հարավ, մինչև Արաքս։

6

Բացվում է առավոտը։

Ձորերի մթնում հազիվ է նշմարվում Շենը։ Բարակ ծուխը խառնվել է գիշերվա մշուշին և չեն երևում ոչ քարափոր տները, ոչ Կյորեսի հին եկեղեցին, այլ միայն նշմարվում են ժայռերի կատարները մշուշի մեջ։ Իսկ քաղաքում արև է... Տների թիթեղյա կտուրները ցոլցլում են, գոյացնելով կաթնագույն լույսի ծով, որի մեջ, ինչպես դեղին յուղագունդ, լողում է ռուսաց եկեղեցու ոսկե գմբեթը։

Հետզհետե զարթնում է Գորիսը։

Մսավաճառներն առաջինն են բացում խանութները։ Ահագին կեռերից գլխիվայր կախված են եզներ և ոչխարներ, որոնք դեռ երեկ մայում էին։ Արևն ընկնում է նրանց կարմիր մսերին և ահագին դմակները, ինչպես պղնձե վահաններ, արևի ցոլքը նետում են դեռ քնած տների վրա։ Խանութի հատակին ընկած են եզների գլուխներ՝ վիթխարի եղջյուրներով։ Մեկի շնչափողից կաթկթում է արյունը։ Մի ոչխարի գլուխ՝ սառած աչքերով զարմացած նայում է արևին։ Եզան կճղակի մեջ դեռ կանաչ է խնձորախոտի տերևը։

Ահա գալիս են առաջին գնորդները, որոնք միս չեն առնում, այլ փորոտիք, աղիքներ, ոտքեր և գլուխ։ Շուկայի պահակ Կետանը խսիրի մեջ փաթաթում է մի գլուխ և ութ ոտք: Մսավաճառ Պետրուսը նրանից դրամ չի վերցնում, այլ միայն Կետանին պատվիրում է ցերեկով իրենց այգին ջրել: Գալիս է խարչևնի պահող Թևատորոսը, որի ճաշարանում երկու կոպեկի «կես պորցի» բոզբաշ են ուտում Ամիր Աստանը, սալդաթ Երանոսը, Ճոլուն Կևին, Քյաթառան, քարահունջեցի Ճաղար Պետին և այս կարգի մարդիկ, որոնք գիշերում էին կիսավերակ քարանձավներում, խոտի դեզերի մեջ, բուլվարի ցանկապատի տակ։ Գալիս է Թևատորոսը և յուր ճաշարանի համար շալակած տանում է ճարպի կտորներ, աղիք և եզան գլուխ։

Մսավաճառների խանութների առաջ գլխահակ շրջում են շները, որոնք դեռ գիշերն են զգացել թարմ մսի հոտ և անհանգիստ խլրտացել են մսի խանութների շուրջը։ Շները գլուխը կախ ման են գալիս, կարծես նրանք ինչ-որ լուրջ բանի են, ինչպես Սպիտակ բանտի պահապանները, որոնք գիշեր-ցերեկ պարիսպների վրա գնում գալիս են։ Շներից ոչ մեկը չի հանդգնում մոտենալ մսի խանութներին։ Շները հին են, ինչպես Գորիսում հին է «դավթարխանան»։ Նրանք սեփական կողերի վրա փորձել են, որ եթե մոտենան մսավաճառների խանութներին, ղասաբ Պետրուսը կարող է նրանց գլխով զարկել տասը գրվանքանոց կշռաքարը, քիթը մեծ Իվանը կշպրտի մեծ դանակը, իսկ Դանգա-Բուռուն Ասրին իր երկար ոտքով շանն այնպես կխփի, որ շունը երեք անգամ օդի մեջ կպտտվի և այլևս երբեք չի պտտվի։ Շներն այդ լավ գիտեն և դրա համար հեռու են շրջում և կամ չեն շրջում, այլ սովից լիզում են իրենց ոտքը կամ կլափելով բերանը՝ ճանճ են որսում, այն ուռած ճանճերը, որ մինչև անգամ դավթարխանայից առավոտները հավաքվում են մսի խանութների վրա... Միայն երկու շուն հեռվից հեռու, ինչպես հուղարկավոր, հետևում են խարչևնի Թևատորոսին, որ տանում է եզան մորթած գլուխը։

Արևը հետզհետե բարձրանում է և արդեն երևում են առաջին միս առնողները։– Պետրուս ամի, մի լավ կոլոլակացու կտրի,– ասում է բախկալ Այազը։ Ահա եկավ Փոշտի Անտոնը, որից հետո մեկ-մեկ երևում են մանր աստիճանավորները։ Շուկայում խանութներն իրար հետևից բացվում են։ Առավոտի ջինջ օդում լսվում են մետաղի սուր և անդուրեկան ձայներ։ Այստեղ մի դուռ ծալեցին և կպցրին պատին, այնտեղ աղմուկով ետ քաշեցին երկաթե կապը (և բոլորը գիտեն, որ խանութն աղմուկով բացողը մելոչնի Բախշին է), մի այլ տեղ զնգաց ցուցանակի թիթեղը, վերջապես ահա Պասաժի խանութների դռներն էլ բացվեցին, բայց ոչ կողքի, այլ դեպի վեր, որովհետև նրանք հնարով են շինած և հնարով էլ զնգում են։

Արդեն միս, հաց և կանաչի է առել ռուս քահանայի աղախինը՝ քոծ Մարուսյան, որի և ռուս քահանայի մասին անառակ լուրեր է տարածում տիրացու Պարսեղը՝ Տեր զի բազումի հավատարիմ օգնականը, մոլեռանդ հավատացյալ և խիստ ռուսատյաց։ Արդեն միս, հաց և կանաչի են առել Մարուսյան, ստրաժնիկ Վասիլի կինը, Պաչիստի Ավանեսը, կոնսիստորիայի ղալամդանը, Վաղարշակ բեյի ծառան, ֆայտոնչի Իբիշը, Չաքմաչի Վեսկանը կես ոչխար է տարել, որովհետև երեկոյան նշանդրեք կա։ Ահա հայոց ուսումնարանի վարժապետ պարուն Արշակը ևս երկու գրվանքա միս առավ և ոսկորից բռնած տուն է տանում՝ հետևից մի պառավ շուն, որը ճանաչում է մսավաճառ Պետրուսի բոլոր հաճախորդներին, որոնց մեջ ամենաբարին պարուն Արշակն է։

Հայոց ուսումնարանի վարժապետ Արշակն էլ միս առավ, և հանկարծ մսավաճառի խանութի առաջ ծանր-ծանր քայլերով երևաց ինքը՝ Ներսես բեյը, ոչ այն Ներսես բեյը, որ կոչվում է Խուրդա կամ Կարճիկ Ներսես բեյ և ծառայում է դատարանում և ոչ էլ այն Պրիստավի կոչված Ներսես բեյը, այլ Հաստ Ներսես բեյը՝ գավառային վարչության սյունը։

– Պետրո՜ւս,– կանչում է Ներսես բեյը և կես րոպե այլևս ոչինչ չի ասում։

Եվ կարիք չկար, որ ասեր։ Նրա փոխարեն ասում էին նրա ուռած և արյունով լցված աչքերը, հաստ շրթունքը, որ կարծես չորրորդ կզակն էր, ձյունափայլ բրյուկը և նույնպես ձյունափայլ տյուժուրկան՝ խնամքով արդուկած և կոճկած մինչև վերջին կոճակը։ Հանդարտ ծփում էր նրա մարմինը, ինչպես ահագին ժայռը, որ ցցվել է ծովի մեջ և շողշողում է արևից։ Ներսես բեյը ոչինչ չէր ասում և չէր նկատում այն մանր չինովնիկներին, որոնք նրա կողքից ահով են անցնում։ Գարադաբուլդի Մուխանը, նա, որ գրպանները սիրում էր լցնել Օրդուբադի չիրով, արձանացել է և այդպես մի շաբաթ արձանացած կմնա, եթե Ներսես բեյը հրամայի։ Բայց Ներսես բեյը ոչ մանր չինովնիկներին է նկատում, ոչ տեսնում է Մուխանի արձանը, այլ խոր հազում է՝ խռռալով և շատ խոր,– Ներսես բեյը դեռ հազում է «հարուստի հազով», իսկ մսավաճառ Պետրուսը բարձրացրել է սպիտակ քաթանը, որի հետևում, մյուս գնորդների աչքից հեռու, կախված էին երկու ոչխար՝ ոսկեգույն դմակներով։

– Դոլմացու ուղարկի,– և Ներսես բեյը երեսը շրջում է դեպի դավթարխանայի շենքը՝ շուկայի դիմաց։ Ներսես բեյը գնաց և գավառային վարչության առաջ խռնված ժողովուրդը պատկառանքով դեռ նոր է նրան ճանապարհ տվել, այնինչ դոլմացուն արդեն նրա տանն է և գարադաբուլդի Մուխանը քրտինքը սրբելով խանումի՝ տիկին Վարսենիկի առաջ գովում է միսը։

Մսավաճառ Պետրուսը Հաստ Ներսես բեյից ևս դրամ չէր առնում, ինչպես շուկայի պահակ Կետանից, որ ոչխարի մի գլխի և ութ ոտքի դիմաց ցերեկը պիտի ջրեր Պետրուսի այգին։ Իսկ դոլմայի, կոլոլակի, բոզբաշի, յախնիի մսացուի դիմաց Հաստ Ներսես բեյը տարվա սկզբին, երբ բոլոր առևտրականները պատենտ էին առնում, հարկային տեսչին ի միջի այլոց ասում էր.

– Ի՞նչ առևտրական է այդ Պետրուսը որ... խեղճ աղքատի մեկն է, սիրելի Նիկիֆոր Վասիլիչ, և դուք ինքներդ եք իմանում...

Ահա երևաց ինքը՝ քաղաքի հայրը, քաղաքագլուխ Մատթևոս բեյը, նրա հետևից կիսահամր–կիսախուլ Կիրին, որ քաղաքային այգու պահակն է, քաղաքային ինքնավարության (դումա) ծառան և միաժամանակ տիկին Օլինկայի սպասավորը ծանրություններ տեղափոխելու, գորգերը լվալու, Շոր աղբյուրից կժերով ջուր բերելու շաբաթ օրերը, երբ տիկին Օլինկան իբրև երեք լվացարարուհու կարգադրիչ, սկսում էր լվացքը... Այն ի՞նչ էր կատարվում քեզ հետ, իմ հայրենի քաղաք։ Այդ օրերին չէր կարելի անցնել ոչ միայն նրանց տան առաջով, այլ նույնիսկ հարևան փողոցով չէր կարելի անցնել... Անհամար բարձերից միլիոն բմբուլ թռչում էր քաղաքի և տների վրա, ինչպես ուռենու սերմերը մայիսին։ Բմբուլը թռչելով հասնում էր մինչև դատարանի շենքը և նստում էր խեղճ գրագրի ունքերի վրա։ Եվ ամբողջ քաղաքը գիտեր, որ նրանց տանը լվացք կա։ Իսկ երբ բմբուլի ամպերը անցնում էին՝ բակը, ցանկապատը, նույնիսկ փողոցի պատերը սպիտակում էին փռած լվացքից։

Մինչդեռ մենք զբաղվեցինք տիկին Օլինկայի լվացքով, արդեն շուկա մտավ քաղաքագլուխը և նրա անբաժան թիկնապահ Կիրին։ Մատթևոս բեյը մոտենալով մսավաճառների խանութին, միայն վերահասու է նրանց մաքրության։ Նա գերադասում է մրգավաճառների խանութները, որոնց տերերը, նրա անձնական թույլտվությամբ, գրավել են նաև հրապարակի և մայթի մասը՝ ձմերուկի և սեխի դեզերով և խաղողի կողովներով։ Խանութի ճակատից մինչև հրապարակը, որտեղ ձմերուկներն են,– փռված է հաստ կտավ, մրգերն արևից պաշտպանելու համար։ Այդ անուշահոտ բուրգերի և մրգավաճառի խանութների միջև ընկնում է մի նեղ անցք, այնքան նեղ, որ երկու մարդ կողք-կողքի դժվար են անցնում։ Բայց հենց այդ նեղ անցքն էլ քաղաքագլխի սիրած վայրն է ամբողջ քաղաքում։

Մատթևոս բեյը, նրա հետևից Կիրին շտապում էին ոչ թե մսավաճառների մոտ, այլ անմահության այդ դրախտը։ Առանց զմայլանքի չի կարելի նկարագրել այն տեսարանը, երբ Բիժո Ակյալը, նշանավոր մրգավաճառը, Մատթևոս բեյի քթին էր մոտեցնում դեղին կանաչ սեխը, որի վրա դեռ մնում էր ցողի մի քանի կաթիլ։ Եվ Մատթևոս բեյը, որ ալեհեր էր, երեխայի նման հիանում էր, Բիժո Ակյալի ձեռքից սեխն առնում և հոտոտում էր։ Ապա այդ սեխը խանութպանն առանձնացնում ու բերում էր ձմերուկ, ի՜նչ ձմերուկ... Իսկ Մատթևոս բեյն արդեն մտել է հարևան խանութը, որովհետև նրա աչքին են ընկել մուգ մանիշակագույն սալորները։ Եվ նա մանրամասն հարցնում է, թե ո՞ւմ այգուցն է, արդյոք սառը մառանում կդիմանա՞ մինչև նոյեմբերի 4-ը (տիկին Օլինկայի ծննդյան օրը), կարելի՞ է մուրաբա եփել այդ սալորից, այդ ֆենոմենալ շլորից, ինչպես ասում էր Մատթևոս բեյը։

Օրվա այն ժամն էր, որին ժողովուրդը կոչում էր դատավորի թեյի վախտ, այսինքն ժամը 11-ը անց էր և դատավորները դեռ նոր էին գնում դատարան, որի առաջ խռնված սպասում էր հազար մարդ։ Դատավորի թեյի վախտն էր, բայց Մատթևոս բեյը դեռ չէր հասել մրգավաճառի վերջին խանութին։ Հակառակի նման այդ խանութները շատ էին, բոլորը մի շարքի էին և կարծես դիտմամբ հավաքվել էին, հենց դումայի շենքի տակ, քաղաքագլխի ճանապարհի վրա։ Քաղաքում՝ դումայի մի քանի անդամներ, որոնք պրոգրեսիստ էին, բամբասում էին Մատթևոս բեյի այդ պակաս կողմը և պատրաստվում էին նոր ընտրություններին նրան սև քվե տալ։ Բայց այդ միայն բամբասանք էր, իսկ Գորիսում ում չէին բամբասում, մինչև անգամ նավթավաճառ Գեորգուն էին բամբասում, թե իբրև նավթի պահեստը նա կառուցել է ջրաղացների առվի մոտ, որպեսզի... Զարմանալի քաղաք էր Գորիսը։

7

Առավոտից լսվող առանձին ձայները՝ մի անհանգիստ շան հաչոց, քաղաք մտնող նախիրի բառաչը, քարավանների ղողանջը, Ներսես բեյի հազը, խանութների բացվող դռների աղմուկը, վերջապես այն ձայները, որ հետզհետե բարձրանում են դարբնոցներից և թիթեղագործների արհեստանոցներից,– այդ ամենը, դեռևս անախորժ աղմուկ են, նման այն աղմուկին, որ արձակում է նվագախումբը վարագույրից առաջ։ Բայց ահա դիրիժյորը բարձրացնում է ձողիկը և նվագախումբը ներդաշնակ հնչեցնում է բարդ սիմֆոնիան։

Այդպես էլ ժամը 11-ից անց, երբ քաղաքագլուխն ստորագրում էր առաջին թուղթը, քաղաքի անկարգ ձայներն իրար hարմարելով սկսում էին ներդաշնակ hնչել, գոյացնելով մի քաղցրալուր նվագ։ Պատահում էր, որ մի ձայն դուրս էր թռչում այդ աղմուկից, ինչպես կեղծ հնչյունը նվագախմբում։ Պատահում էր, որ մի hովիվ սարերից իջնող մարդկանց և անասունների hեղեղի մեջ կորցնում էր իր շանը և հենց փողոցում կանչում էր. «Ալաբաշ, հե՜յ, Ալաբաշ...»։ Այդ ձայնին իսկույն պատշգամբ էր դուրս գալիս քաղաքագլուխը, որպեսզի խլացնի այդ աններդաշնակ ձայնը և մինչև անգամ զայրանում էր, ինչպես զգայուն դիրիժորը, բայց նույն մարդկային ժխորն ինչպես հեղեղ խլացնում էր այդ անպատեհ և անհարիր կանչը։ Եվ նույնիսկ եթե այդ ժամանակ բոլորովին մոտիկ մի աքլոր շոգից կատաղած կանչեր, եթե երկու չարաճճի գիմնազիստներ, անցնելով դալլաք Բոզու վարսավիրանոցի կողքով, կանչեին «դալլաք Բոզի, գլուխդ խոզի» և ինքը՝ հին շուկայի պատվելի վարսավիրն ընկներ նրանց հետևից և բարձրաձայն ասեր. «Այ, ես ձեր խրատողի...»,– միևնույնն է, ոչինչ այլևս չէր խանգարի այն ռիթմը, որով ընթանում էր քաղաքի աղմուկը։

Նա շուկա էր մտել յոթ ճանապարհով, նա հոսում էր դավթարխանայի, քաղաքային ինքնավարության, դատարանի, ոստիկանական վարչության, հարկային տեսչի, պետական գանձարանի և սուբահանոցի՝ նախնական կալանատան յոթ դարբասներից, որոնք բացվում էին շուկայի վրա։ Ինչպես բարակ առու, այդ աղմուկը գալիս էր ճոթի մաղազաների խորունկ խորքերից, որտեղ լեռնցիների խրոխտ ձայները խլանում էին... Եվ ինչքան արևը բարձրանար, այնքան զորեղանում էր նվագը և արևի թեքվելու հետ, երբ դեպի լեռներն էին վերադառնում գյուղացիները և քոչվորները,– այդ սիմֆոնիան մոտենում էր իր վախճանին։

Այդ պահին քաղաքի ամենահետաքրքիր անկյունները ոչ մանուֆակտուրայի խանութներն էին, ոչ պետական հիմնարկները և ոչ էլ նույնիսկ Պասաժը։ Դատարանում դատավորներն առանձնացել էին խորհրդակցության և մի ամբողջ ժամ նրանք չէին կարողանում քրեական դատավարության Կոճղ Օրինացի մեջ գտնել այն հոդվածը, որով կարելի է հարևանի գոմշի պոչը թրով կտրող հանցագործին պատժել և արդեն երդվյալ հավատարմատար Ֆեոկտիստ Իվանիչն առաջարկում էր գործն ուղարկել նոր քննության, որովհետև շատ մութ էին հանցագործության հանգամանքները... Գավառային ինքնավարության մեջ այն ժամն էր, երբ Համզա բեյ Մահմուդբեկովը թավ ձայնով «անառակ» անեկդոտ էր պատմում, իսկ Նազար բեյը աղվեսահաչ էր տալիս... Այդպիսի ժամ էր քաղաքային ինքնավարության մեջ և հայոց վիճակային կոնսիստորիայում, այդպիսի խաղաղ ժամ էր, որովհետև Տեր զի բազումը վաղուց էր կնքել ծննդյան երկու վկայականները։

Նույնիսկ փողոցները խաղաղ էին։ Ծառի շվաքում կարելի էր հանդիպել մի քանի գյուղացիների, որոնք կամ սեխ էին ուտում, կամ փռել էին գնած ապրանքը և նորից նոր հաշվում էին՝ անընդհատ կրկնելով, «Հո չխաբե՞ց մեզ էն շան որդին...»։ Բայց հետաքրքիր չեն սեխ ուտող գյուղացիները և կամ նրանք, որոնք իրար երեսի նայելով դժվարանում են գտնել, թե գյազը 27 կոպեկով մահուդվարին ինչքա՞ն կանի, եթե իրենք գնել են 5 գյազ և մի չարեք։

Քաղաքում այդ պահին ամենահետաքրքիր տեսարանը խոհանոցներումն էր և ոչ թե սենյակներում, որտեղ նույնիսկ Հերսելյան՝ «Թևը կոտրած հրեշտակը» շրջում էր տնային զգեստով և չուներ այն հմայքը, որ ուներ, երբ հագնում էր խշխշան շորերը և պահում էր երկնագույն մետաքս հովանոցը։

Ամենահետաքրքիրը խոհանոցներում էր...

Ներս մտնենք Հաստ Ներսես բեյի տան դարբասով։ Արդեն դարբասի մոտ զգացվում է այն բույրը, որով անսխալ կարելի է որոշել, թե ի՞նչ վիճակումն է դոլման։ Արդյոք ա՞յն, երբ փակ կոկոնի նման հազիվ էր երևում մի կտոր վարդագույն միս, երբ հետզհետե փքվելով իր մեջ է կլանում շոգին և չոր մրգերի հյութը և խաղողի տերևների արանքներում բրնձի հատիկները խաղում են... Կաթսան փրփրում է, շոգին երբեմն բարձրացնում է կափարիչը պուֆ անելով և կափարիչը զնգալով նստում է։ Կաթսայի այդ շնչառությունը հիշեցնում է Ներսես բեյի հետկեսօրյա քունը, երբ հաստ շրթունքները ուռցնելով քնի մեջ նա պուֆ էր անում, արձակելով հոտավետ շունչ։

Մեծ կաթսայի կողքին շար են ընկել բազմաթիվ ջամեր, բադյաններ, կոթավորներ, պղնձե պնակներ, որոնց պարունակությունը և կետ նպատակը նույն դոլման է։ Մեկի մեջ տաքանում է սերկևիլի և նռան ջուր, որ պիտի եռա միայն մի անգամ, ապա ծաղկավոր կոթամանի մեջ աղախինը պիտի իջեցնի մառանը, սառեցնելու։ Նա պիտի երևա այն րոպեին, երբ մեծ ափսեի մեջ խոհանոցից դուրս կգա դոլման, և Ներսես բեյը նրա գոլորշին կհանգցնի նռան և սերկևիլի սառած ջրով։ Նրա կողքին տաքանում է հիլի և դարչինի լուծույթը, ավելի հեռու չորանում է այն կարմիր հացը, որ Ներսես բեյը մատներով պիտի փշրի դոլմայի ջրալի հյութի մեջ։ Խոհանոցում այլ պնակների մեջ կանաչի է՝ քաղցր սոխ, կինձ, կոտեմ, առանձին դարսված են սպիտակ բողկի պահունակները,– ոչ այն բողկի, որ հասնում է մի ամսում, այլ այն, որ մի տարում հազիվ է հասնում, բայց երեք տարի համը պահում է։

Խոհանոցում Ներսես բեյի կինը ձեռքի աղացով սուրճ է մանրում և գանգատվում է, որ ֆրանսիական ապրանքների մագազինից այլևս հարկավոր չէ սուրճ առնել, այլ հարկավոր է առնել Եփրատ Երեմից, որի սուրճը Լյուդմիլա Լվովնան շատ է հավանել։ Նա գանգատվում է, բայց ականջը կաթսայի կողմն է. յուրաքանչյուր քլթոց, կափարիչի յուրաքանչյուր զրնգոց նրա համար նշաններ են դոլմայի ձևավորման։ Տանտիկինը ձեռքի փոքրիկ շերեփով չափ է տալիս այդ բարդ շարժմանը։ Ինչպես նավավար նա վարում է ճաշի նավը մինչև վերջին նավահանգիստը, մինչև...

Բայց այդպես էր բախտը Գորիսի շատ առաքինի և անվանի տիկինների, նրանց այդ էր վիճակված՝ բմբուլի բարձերը փքված պահել, անկողինը փափուկ, ճաշն անթերի և առատ, տունը հարուստ,– իմանալ սուրճ եփել և հյուրերին զբաղեցնել մինչև սուրճը և ապա լոտո կամ թուղթ խաղալ: Այդ էր նրանց վիճակը և նրանցից շատերը նույնիսկ ամուսնու պաշտոնը չգիտեին, այլ միայն գիտեին, որ նա դավթարխանայի մեծերից է և նրանից բարձր միայն երկու բեյ կա՝ այսինչը և այնինչը, իսկ մնացած բոլոր բեյերը նրանից քաշ են, նրանց կանայք՝ իրենից քաշ են, նրանց երեխաներն ի՞նչ են, որ խաղան իր երեխաների հետ։ Նրանք կարող են ունենալ գիլանառի մուրաբա, իսկ իրենք՝ սերկևիլի, նրանց սերվիզն արծաթից է, իրենցը՝ արծաթ ոսկեջրած,– մի խոսքով, մի աստիճան պիտի բարձր լինեին այն բեյերից, որոնցից աստիճանով բարձր էր տան տերը։

Այդպես էին այդ կանայք՝ բազմաթիվ երեխաների մայր, խոհանոցի տնօրեն, հյուրընկալուհի և դեռևս ինչքան պարտականություններ ունեին նրանք... Ահա դիմաց դիմաց պատուհանից խոսում են երկու այդպիսի տանտիրուհի.

– Վարսենիկ, էդ ինչո՞ւ ձեր լույսերը ամբողջ գիշեր վառվում էին... Հյուրերդ ուշ գնացին հա՜...

– Ի՜նչ ուշ, սհաթի տասներկուսին չարեք էր պակաս, որ գնացին... Աղջի, տաք էր, տաք... Սիրտս ուզում էր ճաքի։ – Է, տաք ասում ես պրծնում... Գիշերը աչքերս չեմ փակել։ Դու դեռ լավ ես։ Ուզում եմ գնամ Շուշի․ ասում են պրոֆեսոր Բահաթուրովը եկել է... Ժենսկիյ հիվանդությունից նա լավ է...

– Բախտավոր ես... Ես էլ կգայի, եթե երեխան չլիներ...

Պատուհանները փակում են և երկու սիրելի հարևանուհիները իրար հասցեի շշնջում են.

– Հողեմ գլուխդ, թե քո մարդը քեզ Շուշի կուղարկի... Դու երեխան մահանա բռնի։

– Էդ դեղնած կերպարանքիդ Բահաթուրովն էր պակաս...

Եվ միայն կարելի է զարմանալ, թե որքան խելոք էին այդ կանայք և ինչ եռանդի տեր էին, որ այդքան զբաղմունքից հետո դեռևս ժամանակ էին գտնում կտրելու փողոցը, որպեսզի փորձեին հարևանի մուրաբայի համը, այն մուրաբայի, որի եփելու կերպը քաղաքներից բերել է Վառվառա Մինաևնան, տիկին Վառինկան, Վառի-բաջին, ինչպես նրան կանչում էր լվացարարուհի Մինան։ Նրանք ժամանակ էին գտնում վերջին մոդայի պելերինայի ձևն ընդօրինակելու, նույնիսկ մտնում էին կանացի դերձակ Մացակի տունը, իբրև թե պատահմամբ, բայց նպատակ ունենալով տեսնել այն կոֆտան, որ պատվիրել է տիկին Օլինկան և որի մասին այնքան շատ էին խոսում Լալազարանց տանը։ Եվ ինչի մասին կարծիք չէին հայտնում և ինչ կարծիքներ չէին հայտնում նրանք...

– Ստուդենտ Ռուբենը շատ կսխալվի, եթե Հերսելյային առնի։ Նրա մեջն առողջ չի...

– Ամբրումովի տղան չի բարիշում խորթ մոր հետ։ Ասում են տեր Զավենը գնացել է հաշտեցնի...

– Սահակ Սերգեյիչի մեծ աղջիկը լկստված է... Երեկ գիշեր նրան բուլվարում տեսել են ռուս օֆիցերի հետ...

– Է՜, ժամանակս փոխվել է, զարգացել են, լուսավորվել են... Մեզնից ծնվածն էլ մեզ չի հավանում...

– Տեղն է, Սահակ Սերգեիչի կնոջը տեղն է... Ասում էին աղջկադ հեռու մի ուղարկի, կլկստվի, թե թող ուսումը տեղ տա, բժիշկ պիտի դառնա։ Դե հիմա թող բժիշկ դառնա... Կդառնա՜, ինչպես չէ։

Այդպիսի կարծիքներ հայտնում էր նաև տիկին Վարսենիկը, ոչ միայն պատուհանից զրուցելով հարևանուհու հետ կամ այդ նպատակով հյուր գնալով մի տուն, որտեղ իրար էին փոխանակում լուրերը, լուր էին փոխ առնում, ինչպես փոխ էին առնում մի աման նավթ, որովհետև ցերեկով մոռացել էին գնել,– առժամանակով առնում էին լուրը, ինչպես մի անգամի համար հարևանից վերցնում էին փլավ քամելու պղնձե մաղը։ Տիկին Վարսենիկն այդ բանով զբաղվում էր նույնիսկ խոհանոցում, դոլմայի ձևավորման ամենապատասխանատու րոպեին, երբ կրակի հզորացումը կամ մի ավելորդ համտես կարող էր փչացնել ամեն ինչ, ինչպես եթե նավավարը՝ աչքը դեպի ծովային ճայերը, նավը հանկարծ զարկեր ստորջրյա քարի...

Բայց տիկին Վարսենիկի ձիրքն էլ հենց այն էր, որ նա կարող էր ֆրանսիական ապրանքների մագազինի սուրճը վատաբանել և նույն ժամին կրակից հանել մի փայտ, որի ջերմությունից նռան և սերկևիլի ջուրը կսևանար։ Տիկին Վարսենիկն իր աղախինին պատմում էր.

– Ասում են երեք օր առաջ Շենում մի կին գնացել է բանջարի, հասել է մինչև Մատուռի ձորը... Քանի միտս է, գինու փարչը դիր առվի մեջ, մի քանի էլ դամբուլ քաղի էն ծայրի ծառից,– իսկ ինքը բաց է անում կաթսայի կափարիչը և գոլորշուց, բույրից, ավելի ճիշտ, եռացող ջրից հասկանում է, թե ինչ է կատարվում կաթսայի խորքում։

– Գալիս է, պապան գալիս է, հետն էլ մի մարդ կա,– ճչալով ներս է վազում տիկին Վարսենիկի փոքրիկ աղջիկը, որին մայրը պահակ էր դրել փողոցի անկյունում։

– Գալիս է, պապան գալիս է, հետն էլ Նազար դյադյան է,– ճչալով ներս է վազում տիկին Վարսենիկի փոքր տղան, որ ավելի հեռվում էր դիրք պահել։

– Գալի՜ս են,– ճչում են երեխաները, ինչպես նավաստիները կկանչեն․

– Ցամաքը երևաց, ցամաքը...

Այստեղ տիկին Վարսենիկի ձիրքը հասնում է կատարելության, մինչև տանտիկնության արվեստի բարձունքները։

– Կաթսան մի կողմ դիր,– և հյուրի համար ավելացնում է ճիշտ այնպիսի գավաթ, ինչպիսին դրել է ամուսնու համար։

– Բողկը ջրից հանի,– և շտապում է հինգ րոպեում զգեստը փոխել, հարդարել իրեն, փոքր տղայի գոտին շտկել, աղջկանը հիշեցնել, որ Նազար դյադյային հարկավոր է բարևել և այդ տագնապի մեջ մոռանում է բութ մատի մուրը, որ կնկատի երեկոյան, երբ շարունակի պատմել այն կնոջ մասին, որ երեք օր առաջ գնացել էր Մատուռի ձորը...

Ներսես բեյի և նրա հյուրի՝ Նազար բեյի ներս մտնելուց հետո ճաշն իսկույն չի սկսվում, թեև Ներսես բեյը դեռևս ռապորտ գրելուց էր քաղց զգացել, ավելի ճիշտ նրա քթովն էր ընկել դոլմայի հոտը, ինչպես տիկին Օլինկայի բարձերից մի բմբուլ հասել էր մինչև դատարան և նստել խեղճ գրագրի ունքին։ Ներսես բեյը քաղցած էր, բայց կային անխուսափելի ծեսեր, ինչպես բողկը անխուսափելի էր դոլմայից։ Այդ ծեսերից վեհագույնը կատարվում էր այգում, երբ Ներսես բեյն իր սեփական ձեռքով, վարունգի թփերի մեջ փնտրում էր երկու-երեք փոքր վարունգ, ծաղիկը դեռ պոչին, փոքրիկ փշերով, ինչպես երեխայի աղվամազը, այն նուրբ վարունգը, որ բերանի մեջ հալվում է և որին Ներսես բեյը մեծարում էր տասնյակ փաղաքշական բառերով՝ պիկուլիա, կուլուլիա, պիծի-միծի Բաղդասար, Կլապիդոն Իվանիչ, բիբուլի և այլ այսպիսի բառերով, որոնցից մի քանիսը յուր ժամանակ ուղղված էին տիկին Վարսենիկին։ Բայց ահա նա գտավ այն վարունգները, որոնց Ներսես բեյի ասելով, աստված Քարահունջի օղու հետ միաժամանակ աշխարհ է ուղարկել, որպեսզի մարդկային հոգին չձանձրանա...

Եվ ճաշը սկսվում էր...

Սկսվում էր այն ճաշը, որից հետո տիկին Վարսենիկի աղախինը կանչում էր լվացարարուհի Մինային և երկուսով միասին առվի ջրում մոխրով լվանում էին պնակները, կաթսաները, մեծ ու փոքր ափսեները... Եվ մինչև արևը մայր մտներ, նրանք լվանում էին։ Իսկ ներսը, հով սենյակում, դիվանների մեջ ընկղմված քնել էին Ներսես բեյը և Նազար բեյը,– տիկին Վարսենիկը գնացել էր իմանա, թե արդյոք չե՞ն այրվել տիկին Վառինկայի գաթաները, մեծ տղան պապայից ծածուկ ընկուզենու տակ ծխում էր, փոքրը փետում էր թիթեռի թևերը, մեծ աղջիկը պատուհանից ո՞վ գիտի ինչու նայում էր դուրս, իսկ փոքրն սպառնում էր պապային ասել, որ Ժորժիկը ծխել է և մամային ասել, որ մեծ քույրը դարձյալ պատուհանից չէր հեռանում։

Փողոցում լռություն էր։ Լսվում էր միայն ամանների զնգզնգոցը և Ներսես բեյի միալար պուֆերը, կարծես դեռևս կաթսայի մեջ դոլման եռում էր։

8

Ամբողջ քաղաքում բեյերը քնել են հետկեսօրյա քնով և քանի նրանք քնած են,– հարկավոր է պտույտ անել քաղաքի փողոցներում, որովհետև շներն էլ քնած են։ Իսկ Գորիս քաղաքի շները կատվի ձագեր չէին, ինչպես Լյուդմիլա Լվովնայի շնիկը, որի մասին խոջա-Մակիչը մի անգամ ասել էր.

– Փառքդ շատ, աստված... Սա էլ կասի, որ շուն է և շան ազգից է։

Գորիսում հայտնի շներ կային, ինչպես օրինակ Սիմոն բեյի Թոբուշը, որից ամբողջ թաղը դողում էր և նույնիսկ մուրացկանները սիրտ չէին անում նրանց բակը մտնել։ Նրանք շներ չէին, այլ շղթայած առյուծներ և վագրեր, ինչպես Խանլար բեյի Ջինդառ շունը, որ տիրոջ հետևից գնում էր գյուղերը հավ հավաքելու, այսինքն աչքին ընկած հավը կուլ էր տալիս և մնում էր անպատիժ, կարծես թագավորական խարջ հավաքող էր։ Հապա պրիստավ Աղալոյի Զանգի-Զրանգին, նրանց փողոցով անց ու դարձը դադարում էր, երբ լուր էր տարածվում, որ պրիստավ Աղալոն էլի մեղք է եկել շներին և նրանց արձակել է։ Վերջապես փաստ է, որ 1913 թվի դեկտեմբերի 4-ին Գորիսի քաղաքային դուման քննության առավ շների հարցը, որովհետև Սիմոն բեյի Թոբուշը կծել է Փոշտի Անտոնի քիթը պարտականության կատարման, այսինքն նամակատարության ժամին։ Այդ առթիվ դումայում մեծ կռիվ ծագեց պրոգրեսիստների և հետադիմականների միջև և միայն արհեստավորության դեպուտատ Չաքմաչի Վեսկանը, որ ոչ առաջադիմական էր և ոչ հետադիմական, այլ պադվալական էր (նա այդպես էր ասել Բարի աջողումի գինու նկուղում),– և միայն Չաքմաչի Վեսկանի առաջարկով դուման որոշեց դեղամահ անել քաղաքի անտիրական շներին (պարոն Արշակի ասելով այդ էլ ուներ իր բուն արմատը, շներից մեկը ցերեկով գողացել էր դուրսը, տակառի մեջ թրջոց դրած պադոշը)։

Այդպիսի անվանի շներ կային Գորիսում, որոնք որդոց որդի ապրելով միևնույն տանը, վարժվել էին իրենց տերերի բնավորությանը, իսկ մի քանիսն այնքան էին երես առել, որ իրենց վարքն ու բնավորությունը նմանեցնում էին տերերին։ Օրինակ, Նազար բեյի շունը, երբ գյուղացին փափախով մտներ նրանց բակը, աղվեսահաչ էր տալիս՝ արագ-արագ և սուր ձայնով և ձայնը կտրում էր, երբ գյուղացին փափախը հանում էր։ Տեր զի բազումի Չամբարը ոռնում էր, երբ լսում էր ռուսաց եկեղեցու զանգերի ձայնը։ Զիլֆուղար բեյը (հայ) մի շուն ուներ, որ երբեք չէր հաչի, եթե նույնիսկ կեսգիշերին գյուղացիները թափվեին նրանց բակը։ Բայց եթե նրանք գային առանց ոչխարի, առանց պանրի և յուղի, շունը քիչ էր մնում շղթան կտրեր, կարծես նա էր կաշառք հավաքում։

Գորիսում այնպիսի շներ կային, որոնք լափում էին դոլմայի մնացորդը և տիրոջ նման հետկեսօրյա քնով քնում էին և նույնիսկ քնի մեջ պուֆ էին անում, ինչպես Ներսես բեյի շունը։ Շները զարթնում էին, երբ հնչեր տիրոջ ձայնը։ Այնուհետև նրանք արթուն պահակ էին մինչև լուսաբաց։ Տերը կարող էր կանաչ սեղանի շուրջը նստել մինչև վերջին ռուբլին, կարող էր բիլիարդ խաղալ, կարող էր հարբած տուն գալ,– ամեն ինչ ապահով կարող էր անել, քանի շունը կար... Մի խոսքով եթե դատական հին գործերում ձեզ պատահի հանդիպել այսպիսի արտահայտության՝ «նա ինձ համար շուն չէր, այլ բերդ էր»,– իմացեք, որ այդպես ասողը գորիսեցի էր։

Քանի շները քնած են, հարկավոր է պտույտ անել քաղաքի փողոցներում և մի քանի տուն մտնել։ Բայց հարկավոր չի մտնել Հաստ Ներսես բեյի հարևան տունը, որտեղ ապրում է Խուրդա կամ Կարճիկ Ներսես բեյը, որովհետև այստեղ էլ ամեն ինչ նույնն է՝ աննշան տարբերությամբ։ Կարճիկ Ներսես բեյը դոլմա չի կերել, այլ կոլոլակ, նա մեջքի վրա չի քնած, այլ կողքի և նրա շան երկու աչքերը կապույտ են, իսկ Հաստ Ներսես բեյի շան մի աչքը երկնագույն է, մյուսը՝ կապույտ։ Մնացածը նույնն է, նույն այգին, նույն չորս երեխան, որից մեծ աղջիկը պատուհանի առաջ սպասում է, թե երբ կանցնի հարևանի գիմնազիստ տղան,– այն բակից էլ մի աղջիկ տեսնում է Ժորժիկի ծխախոտի ծուխը։

Հարկավոր չի ներս մտնել այս տունը նաև այն պատճառով, որ երկու հարևաններ իրար թշնամի են և դառն է պատմել նրանց թշնամությունը, որովհետև կարող են կարծել, թե երկու Ներսես բեյերը չնչին մարդիկ էին, եթե նրանց երկարամյա գժտության առիթը եղել էին նրանց շները, ավելի ճիշտ՝ Հաստ Ներսես բեյի շունը, որ մի գիշեր կապը կտրել և թռել էր հարևանի այգին և այնտեղ հարևանի շան հետ շնություն էր արել և այդ ոչ թե այգու մութ խորքում, այլ նոր մարգերի մեջ, այնտեղ, որ Կարճիկ Ներսես բեյի կինը ցանել էր Երուսաղեմի լոբի, ռեհան, կինձ և գլխավորն է` կատաղած վարունգ, այն վարունգը, որի սերմերը Քութաիսից ուղարկել էր հարկային տեսչության ավագ ռևիզոր իշխան Այլախիարին, երբ պաշտոնական գործով եկել էր Գորիս և յոթ օր հյուր էր եղել Կարճիկ Ներսես բեյին։ Իշխանը դեռևս Գորիսումն էր, երբ ամբողջ քաղաքը խոսում էր Քութաիսի կատաղած վարունգի մասին, որը բերանում չի հալվում, ինչպես Հաստ Ներսես բեյի սիրած պիծի-միծի Բաղդասարը, այլ հասնելու մոտ պայթում է ահագին աղմուկով, ինչպես նկարագրել էր իշխանը,– պայթում է ինչպես ռումբը և ամբողջ քաղաքն անհամբեր սպասում էր այն օրվան, երբ ինչպես ռումբ պիտի պայթեր առաջին կատաղած վարունգը, որի սերմից Կարճիկ Ներսես բեյի կինը հինգ հատիկ էլ չէր տվել իր հարևանուհուն և մինչև անգամ Լալազարանց տանը այդ առթիվ ասել էր.

– Անցյալ տարի կոֆեն կրակի վրա մի գցելու ցիկորիա ուզեցի, թե՝ ես էլ հյուր ունեմ, ինձ հերիք չի... Հապա ես էդ կմոռանա՞մ...

Բայց գժտության առիթն այդ չէր, այլ շների մոլությունը, որի ընթացքում կատաղած վարունգի ծիլերը արմատախիլ տրորվել էին։ Կարճիկ Ներսես բեյի կինն այդ համարել էր նախանձից տրաքված հարևանուհու գործը և յոթ օր երկու հարևան պարտեզներից լսվում էին մերթ հանդարտվող և մերթ բորբոքվող կռվի աղմուկ, անեծք և անվայել խոսքեր... Յոթ օր, յոթ գիշեր երկու տունը նման էին երկու բերդի, որտեղից լսվում էին ռմբակոծության ձայներ։ Հաստ Ներսես բեյը նիհարեց, որովհետև նրա կինն այդ օրերին ոչ դոլմա էր եփում, ոչ կոլոլակ, այլ եփում էր այնպիսի խառնափնթոր կերակուր, որ կվայելեր խարչևնի պահող Թևատորոսին։ Ներսես բեյը միայն սովից խեղճացավ և խեղճանալով հանձնառու եղավ, որ Կարճիկ Ներսես բեյը մի ոչինչ մարդ է, գնչու է և նույնիսկ ասաց, որ հարկային տեսուչ Նիկիֆոր Վասիլիչը նրանից շատ է անգոհ...

Իսկ հարևան բերդում ռմբակոծությանը դադարեց միայն այն ժամանակ, երբ Կարճիկ Ներսես բեյը խոստովանեց, թե անցյալ տարի իշխան Այլախիարին գիշերվա կեսին գնաց պարտեզ և որովհետև շատ ուշացավ, ինքը ևս գնաց պարտեզ և ջրածակի մոտ, այսինքն այնտեղ, ուր առուն պատի միջով մտնում է հարևանի պարտեզը,– այդտեղ ինքը տեսավ իշխանին և տիկին Վարսենիկը նմանապես իրենց պարտեզումն էր... Կարճիկ Ներսես բեյն ուրիշ ոչինչ չխոստովանեց իր կնոջը, որովհետև նախ այդ նկատելուց հետո նա անմիջապես տուն էր վերադարձել և ապա նա չկամեցավ անառակ պատմությունով վարակել իր կնոջը։ Նա միայն այդ խոստովանեց, որովհետև կինն իսկույն դեմքը ձեռքերով ծածկեց, ինչպես ամոթխած կին, որ այդ ձևով պաշտպանում է իր կուսական լսողությունը։

Դրանից հետո երկու բերդերի միջև սկսվեց խրամատային խուլ կռիվ և երբ տիկին Վարսենիկը մի աղջիկ ծնեց, թվաց թե նրա կողմը հաղթեց և հույս կար, որ կնունքի առթիվ կարող էր վերջանալ նրանց կռիվը, բայց երկու շաբաթ հետո Կարճիկ Ներսես բեյի կինը ևս մի աղջիկ ունեցավ և նրանք այդպես էլ չհաշտվեցին։

Ի պատիվ երկու Ներսես բեյերի պետք է ասել, որ անձնատուր լինելով իրենց կանանց, նրանք այնքան հեռու չգնացին և իրար ոչ մի անվայել խոսք չասացին։ Նրանք նույնիսկ իրար հետ խոսում էին, երբ հարկային տեսչության տեղեկագիրը Կարճիկ Ներսես բեյը ռապորտով ուղարկում էր իր հարևանին։ Մինչև անգամ չինովնիկների կլուբում, երբ բակարա էին խաղացել, Հաստ Ներսես բեյը հարևանին շատ ազնիվ և քաղաքավարի ասել էր.

– Թուղթը ձերն է, հավաքեցեք...

Ահա այդ չնչին թշնամության պատճառով հարկավոր չի մտնել Կարճիկ Ներսես բեյի տունը։ Նաև կարող ենք խանգարել Լուսիկին, Կարճիկ Ներսես բեյի մեծ աղջկան, որը օգտվելով հետկեսօրյա խաղաղությունից, Ժորժիկի նամակի պատասխանն ահա տանում է դեպի պատը՝ ջրածակի գլխին։ Իսկ Ժորժիկն ընկուզենու տակ անհամբեր ծխում է և սպասում է ազդանշանին։

Կարճիկ Ներսես բեյի տնից վերև դարձյալ բեյի տուն է՝ Խուրշուդ բեյի տունն է։ Այդպես էր Գորիս քաղաքում, երբեմն մի շարքի ընկնում էին քսան քսանհինգ բեյի տներ, ինչպես ճոթի մաղազաները։ Երբեմն այդ շարքը ընդհատվում էր վաճառականների տներով և նաև մի այնպիսի տնով, որի տերը ոչ բեյ էր, ոչ վաճառական, այլ օրինակ Ափունց Ակու-ամին էր, ձորկեցիների նամակառուն։

Չորրորդ տունը, որ երկու միանման ճակատ ուներ, որովհետև նայում է երկու միանման փողոցների,– նշանավոր էր և տան տերով և տնկեցով, ինչպես Գորիսում անվանում էին ուրիշի տանը վարձով ապրողին։ Այդ տան ներքնահարկում, ճիշտ այնպիսի զերզամբայում, որտեղ տիկին Վարսենիկը ձմեռվա համար պահում էր կարտոֆիլ, թթու կաղամբ, սոխ, ձմռան բողկ, նաև այնպիսի իրեր, որ ամառ-ձմեռ այդ կիսամութ ներքնահարկում էին՝ հնաձև թամք, կոտրած տակառ, թիթեղի կտորներ, որ մնացել են տան կտուրից, պարսկական լագան և այլն,– ճիշտ այդպիսի զերզամբայում ապրում էր Հայաստանցի Ավետիսի ընտանիքը։

Ինչպե՞ս էր նա ընկել այդտեղ և ո՞ր գավառից էր,– հայտնի չէր․ միայն եթե նրա մասին հարցնող էր լինում, պատասխանում էին, որ Ավետիսը փախստական է Հայըստունի կողմերից և նրա խոսած լեզուն այն կողմի լեզուն է։ Այդքան էին պատասխանում, որովհետև Գորիսում խեղճ մարդկանց մասին երկար չէին խոսում։ Միայն պարուն Արշակը հայոց պատմության դասին պատմելով Մշո երկրից՝ ծխական դպրոցի սաներին հարցնում էր․

− Կարդացել եք չէ՞ Ահարոնյանի «Արցունքի հովիտը»...

− Կարդացել ենք, բոլորս միաբերան կարդացել ենք,− գոռում էր մի չարաճճի։

− Ահա Հայաստանցի Ավետիսն այդ երկրից է։ Այդ արցունքի հովտից, որ կոչվում է Հայաստան, իսկ հնում՝ Նաիրի երկիր,− և պարոն Արշակը շարունակում էր դասը։

Հայաստանցի Ավետիսը Մուշի՞ց էր, թե Վանից, թե Ալաշկերտից էր, ո՞վ գիտեր, որովհետև Գորիսում միայն պարուն Արշակը և Սասուն գրախանութի մարդիկ գիտեին Մուշը և Վանը և Ալաշկերտը, իսկ մնացածների համար այդ ամենը յոթը սարից այն կողմ մի մութ երկիր էր, մի անհայտ Հայըստուն, որտեղից երբեմն գալիս էին մաղ ծախող գնչուներ, լարախաղեր, որոնք խաղից առաջ խաչակնքում էին հանուն Մշո Սուլթան սուրբ Կարապետի, գալիս էին օտարոտի տեսքով մարդիկ, որոնք ոչ ռուս էին, ոչ զիլանի քյուրդ, ոչ կլայեկ անող լեզգի, ոչ խոյեցի կլլան էին, այլ Հայըստունցի էին։

Ինքը՝ Հայաստանցի Ավետիսը ոչինչ չէր պատմում։ Նրանից այդ մասին չէին հարցնում։ Նրան միայն ասում էին.

– Ավետիս, մի սաժեն քար է պետք... Հի՞նչ ես ասում,– իսկ Ավետիսը ոչինչ չէր ասում, այլ տասը օր իր էշով գետնից մի սաժեն քար էր կրում։

– Ավետիս, անտառապահին ես ասել եմ փայտի համար... Քանի եղանակները լավ են... – և ասողն ուրիշ ոչինչ չէր ասում, որովհետև գիտեր, որ Խուրշուդ բեյի փայտը կրելուց հետո Ավետիսը պիտի կրի նրա փայտը, էշի և յուր սեփական մեջքով թագավորական անտառից պիտի կրի նրա փայտը։

Իսկ մոտիկ հարևանները միայն այն գիտեին, որ Ավետիսի ապրած զերզամբան լիքն է գեշ, սև և պեպենոտ աղջիկներով, որոնք երբեմն արևի տակ նստում էին և ով նրանց տեսներ՝ միտք էր անում, թե Հայըստունցին ինչպես պիտի տեղաց անի այդքան աղջիկների, և նրանց ո՞վ կառնի։

Բայց առնում էին։ Երկու տարին մի անգամ, Ավետիսը, տուն գալով, հետը բերում էր կոշկակարի մի աշակերտի, որ մանկուց քել էր, մի կաղ երիտասարդի, որ բրուտի արհեստանոցում կավ էր շաղախում,– վերջապես մի նախրապանի, որը լսելով ուներ իր սեփական կովը և նույնիսկ Խուռուփի ձորում ուներ սեփական այգետեղ։ Միայն մի անգամ կոշկակարի քել աշկերտը, բրուտի մշակը և նախրապանն աչքի տակով նայում էին Ավետիսի մարդու գնացող աղջկան և մի շաբաթ հետո ներքնահարկում հարսանիք էր... Վերի հարկից մի գիշերով տալիս էին մեծ կարպետը, մի քանի ափսե, պղինձը, հարևանները ով մի քիչ յուղ, ով բրինձ, ով մի հնամաշ զգեստ, որ եթե հարսնացուին փոքր էր, Ավետիսի կինը պահում էր նրանից կրտսեր աղջկա համար։

Ծախքի մեծ մասը հոգում էր տիկին Օլինկան, Հայ Կանանց Միության երկարամյա նախագահուհին։ Եթե քրքրենք այդ Միության ժապավինյալ հաշվեմատյանը, գրանցված կգտնենք հետևյալը․ «Հայաստանցի Ավետիսի դստեր կնունքին հինգ ռուբլի դրամով» և կամ «Հայաստանցի Ավետիսի դստեր ամուսնության տասը ռուբլի»։ Անարդարացի կլիներ կասկածել այդ գրանցումների ճշտության,– նախ որ բոլորի դիմաց կա Ավետիսի ահռելի բութի դրոշմը և ապա դեռ մինչև այժմ էլ ոմանք գորիսեցիներից հիշում են, թե երբ Հայատանցի Ավետիսին աղջիկ էր ծնվում, հարևաններն ասում էին.

– Ավետիսն էլի մի հնգանոց աշխատեց...

Եվ վերջապես Կյորեսից մինչև Նորու, այնտեղից Ձորեկ և Ցաքուտ այժմ ինչքան գեշ, սև և պեպենոտ աղջիկ ու կին կա, ամենքը սերվել են Հայաստանցի Ավետիսից։

Կարելի է նաև այլ վկայություն բերել․ այդ գյուղերում, ինչպես և Կյորեսում, կա հայըստունցու հարսանիք արտահայտությունը, որ նշանակում է անաղմուկ հարսանիք առանց կերոնների, առանց մակարների, այսինքն հրավիրված հարսանքավորների, որոնք ունեին իրենց նշանը՝ վառած մոմը և ունեին մակարապետը, որի նպատակն էր խմել և խմեցնել մակարներին, ջարդել և փշրել գավաթները, երբ հարկ լիներ, պարել տալ ամենաամոթխած աղջիկներին, հարսանիքը ձգձգել, եթե հարսանքատանը գինին սպառելու վրա էր, իսկ աղջկա հայրը ժլատ, կռվեցնել երկու տոհմի և հաշտեցնել հին թշնամիներին,– մի խոսքով մակարները հրոսախումբ էին, որ տիրում էին հարսանքատանը և տնեցիներին այնքան, մինչև գինու զորությունից պարտվեին։ Եվ երբ պատահում էր, որ գինին քիչ էր, մակարապետը կանչում էր.

– Մենք հո հայըստունցու հարսանիք չենք անում...

Եվ գինին գալիս էր ով գիտե որտեղից և ինչպես, աղջկա հոր բարեկամներն էին օգնում, թե՞ հենց ինքը՝ մակարապետը ուղարկում էր մի նշան, որով Շոր աղբյուրից էլ կարելի էր գինի հանել,– բայց գինին գալիս էր և հարսանիքը շարունակում էր բորբոքվել։

Այդպես էր այն տունը ներքնահարկում, որի տերը թեև Գորիսի բնակիչ չէր հաշվվում և ոչ էլ կյորեսեցի էր, այլ միայն Հայաստանցի,– սակայն 1897 թվից ապրում էր միևնույն զերզամբայում։ Ու թեպետ Ավետիսը մի էշով քսան տան քար էր կրել, բայց ինքը ոչ տուն ուներ, ոչ տնատեղ, այլ ուներ յոթ աղջիկ, միշտ յոթը, որովհետև մեկին մարդու տալուց հետո, դեռ տարին չբոլորած, ծնվում էր նրա նման մի աղջիկ և նույնիսկ պատահում էր, որ հարսնամայրը աղջկա հարսանիքին պարում էր երկու հոգով։

– Հերիք է, մեղք ես, աղջի,– ասում էին հարևանուհիները Ավետիսի կնոջը, երբ Ավետիսը նորից մի հինգանոց էր աշխատում, իսկ կինն սկսում էր անիծել ամուսնուն։ Կինն այնպես դառն էր դժգոհում և այնպես էր նկարագրում ամուսնու զորությունը, որ հարևանուհիները` տիկին Վարսենիկը, Խուրշուդ բեյի կինը, Անիկա տյոտյան, երբ լսում էին քար կրող Ավետիսի ոտնաձայնը, բարձրանում էին պատշգամբը՝ լոտո խաղալու։

Հայաստանցու բնակած զերզամբայի գլխին ապրում էր ինքը տանտերը՝ Պավլի բեյ Օրբելյանը։ Ամեն կողմից նշանավոր այդ բեյը ոչ միայն «Մշակի» անխափան ընթերցողն էր և չէր ծառայում պետական հիմնարկում, այլ առանձնացած ապրում էր տանը, ինչպես իշխանը դղյակում,– Պավլի բեյը ոչ միայն հայտնի էր ռուս քահանայի հետ ունեցած ընդհարումով, այլև ուներ իր անձնական նպատակը։ Ինչպես Հաստ Ներսես բեյը, նա միայն ռապորտ չէր գրում, չէր ուտում և չէր քնում և քնելուց հետո բակարա չէր խաղում, այլ ուտելուց և քնելուց հետո Պավլի բեյն առանձնանում էր այգու խորքը և այնտեղ մտածում էր... Սյունյաց նախարարության հին և գալիք ժամանակների մասին։

Գորիսի բեյերի մեջ նա միակն էր, որ պատրաստի ծխախոտ չէր ծխում, այլ Եփրատ Երեմի խանութից գնում էր դատարկ գլանակներ, որոնց Պավլի բեյն իր ձեռքով լցնում էր մեղրաջրով թրջած ծխախոտ։ Այդ գլանակների տուփի մեջ լինում էր մի անակնկալ՝ թղթի թիթեռ, գունավոր դրոշակ և այլն... և ահա ամբողջ փողոցի երեխաները հավաքվում էին Պավլի բեյի բակը, երբ նրանք լսում էին, թե Պավլի բեյը բաց է անում նոր տուփ։ Եվ այդ օրերին վա՜յ էր Հայաստանցի Ավետիսի աղջիկներին, որովհետև մինչև անգամ վեց տարեկան տղան կծեծեր հարսնացու աղջկան, եթե նրանք չմտնեին ներքնահարկը։ Իսկ Պավլի բեյը սպասում էր այնքան, մինչև բակը լցվեր տղա երեխաներով և տուփը բաց էր անում։ Տուփի միջի գունավոր դրոշակը կամ թղթի թիթեռը Պավլի բեյը պատշգամբից գցում էր ներքև, երեխաներն իրար վրա էին թափվում, իսկ տան տերը զվարճանում էր։ Ամեն կողմից նշանավոր Պավլի բեյը եթե երեխաների մեջ նկատում էր 12-14 տարեկան տղաների, նրանց մեկ-մեկ կանչում էր պատշգամբ նրանց ականջը թեթև ոլորելով, պատվիրում էր.

– Ականջդ կկտրեմ, եթե լսեմ, որ ուրիշ ազգից ես աղջիկ առել... Հայ աղջիկ կառնես, իմացա՞ր...

Իսկ տղաները՝ ականջներր քորելով իջնում էին և միտք էին անում, թե ի՞նչ պիտի անեն Հայըստունցի Ավետիսի գեշ, սև և պեպենոտ աղջիկը։

9

Այն փողոցը, որտեղ մեծ մասամբ բեյերի տներն էին և նրանցից մեկի՝ Պավլի բեյի տան ներքնահարկերում ապրում էր Հայաստանցու ընտանիքը,– այդ փողոցը կոչվում էր Մանուչար բեյի փողոց։ Որքան էլ քաղաքը փոքր էր և չուներ ոչ մի ծխնելույզ և գործարանի շչակ չուներ, այլ ուներ հարուստ շուկա, զորք, բանտ, եկեղեցի և ներկայացուցչական վայրեր, այսինքն պետական հիմնարկներ,– այնուամենայնիվ քաղաքը քաղաք էր, ուներ քաղաքագլուխ, քաղաքային դումա, փողոցներն անուններ ունեին հաստատված քաղաքային դումայի և նորին գերազանցության՝ գեներալ-նահանգապետի կողմից։ Այսպես՝ մի փողոցը կոչվում էր Մանուչար բեյի փողոց, մյուսը՝ թագավորական, երրորդը՝ նահանգապետ Կովալյովի անվան, չորրորդն այն առաջին գավառապետի, որը ռազմա-աչքաչափով նկարահանել է գետահովիտը, ապա քանոնով բաժանել հավասար վանդակների, յուրաքանչյուրը չորս հարյուր քառակուսի սաժեն։ Բայց թեև գեներալ-նահանգապետը հաստատել էր և փողոցների անունները փակցրած էին պատերին, տները համարակալած էին (և դեռևս պրոգրեսիստները դժգոհ էին քաղաքագլուխ Մատթևոս բեյի պակաս կողմից),– այնուամենայնիվ ժողովուրդը, այսինքն Կյորեսը՝ Շենը իր բոլոր թաղերով և հարևան գյուղերը ոչ փողոցի անուն էին տալիս և ոչ տան համար․ նրանք ասում էին կալին պա և բոլորը պատկերացնում էին հին կալերը քարափների գլխին, որ դարձել էր քաղաքի զբոսավայրը, ավելի ճիշտ, այն վայրը, որտեղ գիմնազիստները մեջքի վրա պառկում էին և կամ նվագում էին կիթառ, ձանձրույթից թքելով դեպի ձորը, դեպի ձորի հին մարագները։

Կյորեսեցիք եթե ցույց էին տալիս մեկի տան տեղը, ասում էին՝ Սիմոն բեյի տան գլուխը և բոլորը գիտեին, որ խոսքը այն Սիմոն բեյի տան մասին է, որի շան ահից մինչև անգամ մուրացկանները մուտք չունեին։ Միրաքին թումբը,– և նույնիսկ նրանք, որոնք երբեք չէին տեսել այդ երբեմնի բլուրը, գտնում էին քաղաքի այն մասը, որտեղ Ավագիմովների տներն էին, ռուսաց դպրոցը և փոստը։ Գոմեշի փոսեր՝ շուկայի նոր մասն էր, Պասաժը, մինչև քաղաքային դումայի շենքը։ Այդ տեղն այդպես էին կոչել շատ հնում, այն ժամանակ, երբ այնտեղ աղբյուրներ կային, որոնց ջրերում նստում էին Կյորեսի գոմեշները։ Այժմ ոչ գոմեշներ կային, ոչ նրանց աղբյուրները, բայց հին անունը մնացել էր և դեռ հնչում էր այդ անունը, ինչպես Պասաժի հիմքերի տակ խոխոջալով գնում էին աղբյուրները...

Այն փողոցում, որ կոչվում էր Հին ճանապարհ, ապրում էին արհեստավորներ, մեծ մասամբ բնիկ կյորեսեցի։ Նրանք ընտրել էին այդ գետափը գուցե նրա համար, որ հեղեղման վտանգի պատճառով այդ փողոցի տնատեղերն աժան են եղել,– գուցե և այն պատճառով, որ գետից այն կողմ նրանց հայրական բոստաններն էին՝ բակլայի, կարտոֆիլի և դդումի անսպառ բերքով, որ այնուամենայնիվ գարնանամուտին սպառվում էր, որովհետև արհեստավորների մեջ այնպիսի ուտողներ կային, ինչպես օրինակ Չաքմաչի Վեսկանը, հյուսն Ասանը և թամբագործ Թևին, որոնք եթե երեքով միասին մակար գնային, հարսանքատիրոջ շունը սոված կմնար։

Այդ փողոցում ապրում էին հյուսներ, քարտաշներ, կոշկակարներ, թիթեղագործ, ներկարար, նաև մի քանի բեյեր, որոնք մյուս բեյերի շրջանից դուրս էին, ինչպես օրինակ՝ երրորդ Ներսես բեյը, որ կոչվում էր Պրիստավի Ներսես բեյ, որովհետև մի ժամանակ նա եղել էր պրիստավի գրագիրը։ Բայց այժմ մնացել էր միայն անունը և ոչ ոք նրան բանի տեղ չէր դնում՝ ոչ իրենք՝ բեյերը, ոչ կինը և ոչ հարևանները։ Մի ռուբլուց ավելի նրան կաշառք չէին տալիս, ավելի հաճախ տալիս էին մի արծաթ աբասի և երբեմն ոչինչ չէին տալիս, այլ միայն ասում էին.

– Ներսես բեյ, էս անգամ կներես...

Հին ճանապարհի տները մի հարկանի էին՝ առանց բացառության։ Թեև այնտեղ էլ տնատեղերը գնել էին հավասար մեծության՝ յուրաքանչյուրը չորս հարյուր քառակուսի սաժեն, բայց որովհետև եղբայրներն իրար մեջ բաժանել էին միասին գնած տնատեղը, ուստի տների թիվն ավելի էր։ Եվ երբ ծայր էր առնում երեխաների մահլակռիվը՝ կռիվը տարբեր փողոցների երեխաների միջև, ձմեռը՝ ձյունագնդերով, աշնան դեմ՝ արևածաղկի գլուխներով, եգիպտացորենի կոթերով, նետ-աղեղով, երբեմն քարերով և նույնիսկ շներով, երբ յուրաքանչյուրն իր շան շղթան թևին փաթաթած գնում էր կռվի,– Հին ճանապարհի տղաները միշտ հաղթում էին և պատահում էր, որ հաղթողները հակառակորդին քշում էին մինչև շուկա և մանկական մի նետ դիպչում էր գարադաբուլդի Մուխանին, կամ դդումի կլեպը թռչում էր քաղաքային դումայի պատշգամբը։

Նրանք կռվում էին «ռուսների» դեմ, այսինքն բեյերի և վաճառականների տղաների դեմ, որոնք սովորում էին թագավորական դպրոցներում՝ Գորիսում և այլ քաղաքներում, իսկ Հին ճանապարհի տղաները՝ Կյորեսի հայոց ուսումնարանում։ Վերջիններս չունեին ոչ համազգեստ և ոչ էլ դպրոցի նշան՝ գլխարկի և գոտու վրա։ Հայոնց դպրոցի երեխաները տրեխներով էին, տարվա մեծ մասը գլխաբաց։ Դպրոցից հետո նրանք աշխատում էին տանը և բանջարանոցում, օգնում էին ծնողներին՝ արհեստանոցներում և պատահում էր, որ դպրոցից վերադառնալով, ներկարար Նեսու տղան հագնում էր հոր մեծ կոշիկները և ներկի դույլերը ձեռքին հոր հետ գնում էր աշխատանքի։ Եվ պետք էր լինում, որ տուն գալուց Մանուչար բեյի փողոցում «ռուսները» կտրում էին Նեսու տղայի առաջը... Այն կողմից մեկը լուր էր բերում և ահա Հին ճանապարհից թռչում էին նրա ընկերները շներով, քարերով, նետ-աղեղով, մահակներով և նույնիսկ մեծերը դժվար էին դադարեցնում նրանց քարե կարկուտը։

Ամառը կռվի վայրը գետն էր, Հին ճանապարհի տակով անցնող գետը։ «Ռուսները», այսինքն գիմնազիստները, որոնք ամառային արձակուրդին տուն էին եկել,– խմբերով գալիս էին լողանալու, որքան էլ շատ լինեին նրանք և նույնիսկ իրենց հետ բերեին մեծահասակ մեկին, այնուամենայնիվ այդ էլ նրանց չէր փրկում կռվից, երբ նրանք մտնում էին Հին ճանապարհի տղաների կառուցած լողարանները։

– Մեր ջրերից դուրս եկե՜ք,– գետի մյուս ափից բղավում էր այդ տղաներից մեկը, երբ վաճառականների և բեյերի տղաներն արդեն հանվում էին, ավազի վրա շարելով իրենց փայլուն գոտիները, սպիտակ գլխարկները, որոնց պղնձե նշաններն արևից փայլփլում էին։

– Կորի, ռա՜դ իլ,– բղավում էր մի գնդլիկ գիմնազիստ՝ ձյունաթույր մարմնով, ինչպես ձյունաթույր էր նրա սպիտակեղենը, որ տաժանելի աշխատանքով լվացել էր լվացարարուհի Մինան։

– Ասում եմ դուրս եկեք մեր գյոլից,– զայրացած բղավում էր Հին ճանապարհի տղան, որ առավոտ կանուխ տնից փախել էր, որովհետև գետափի ազատ պարտեզները նրան կանչել էին կեռաս ուտելու, փրցնելու մի քանի պատիճ բակլա, մի բանջարանոցից գողանալու կարտոֆիլ և գետափին՝ քարակույտերի հետևը խորովելու բակլա և կարտոֆիլ, որ նրա և՛ ճաշն էր, և՛ ընթրիքը։

– Չե՞ք գնում,– և զայրույթից նրա դեմքը կարմրում էր, ինչպես եթե տղան երեսին քսեր գողացած բալը։ Ապա առաջին քարն այն կողմից վզզալով ընկնում էր գետի մեջ, լողացողներից մեկ-երկուսը, որոնք սրտով էին, դուրս էին թռչում և նրան քշում էին դեպի պարտեզների խորքը։ Եվ հաղթանակով վերադառնում էին...

Բայց նրանք դեռ նոր էին մտել ջուրը, երբ պարտեզներից Հին ճանապարհի տղաների խումբը, որ մինչ այդ, ով գիտի որ պարտեզն էր ասպատակում,– նրանց խումբը, ինչպես վայրենիների ցեղ, շրթունքները բալի հյութից կարմրած, բոբիկ և ցնցոտիների մեջ, իսկ ոմանք առանց ցնցոտիների, այլ մի շապիկով,– և արևից սևացած մարմիններով այդ սևամորթներն, ինչպես վայրենիների ցեղ, դուրս էին թռչում պարտեզներից, մոշի թփերից, թրմփալով վայր էին ընկնում ծառերից և վազում էին դեպի գետը՝ ով ձեռքին արևածաղկի կոթ, ով բանջարանոցից պոկում էր մի ձող, որի վրա փաթաթվել էր լոբին, ով կտրում էր ուռենու ճյուղը, ով վազում և գոգը լցնում էր մանր քարերով և նրանք թռնում էին՝ պատերի վրայով, շամբուտների միջով, բոբիկ ոտքերով կոխելով և՛ ավազ, և՛ խոտ, և՛ փուշ։ «Ուռռա՜»... հնչում էր նրանցից մեկի ձայնը և սևամորթները սլանում էին։ Սպիտակներն ահաբեկված իրենց գցում էին մյուս ափը, ոմանք շորերն առած փախչում էին հեռու, ոմանք քարերի հետ դիրք մտած՝ փորձում էին ընդդիմանալ հեղեղին, որ գալիս էր աղմուկ աղաղակով...

Նրանց բաժանում էր գետը, բայց հաճախ Հին ճանապարհի տղաները գետին չէին նայում, և շոր չէին հանում, այլ շորով իրենց գցում էին ջուրը և լողում էին՝ ջրի մեջ բարձր բռնած ուռենու ճյուղը և արևածաղկի ցողունը, որով մյուս ափին նրանք պիտի ծեծեին։

Երբեմն կռիվը բորբոքվում էր, անցնում էին ձեռնամարտի կամ խլում էին նրանցից մեկի գոտին, մյուսի գլխարկը կամ գերի էին վերցնում մի սպիտակ գիմնազիստի, որ վախից թարս էր հագել շապիկը և չգիտեր ո՞ւր է կոշիկի մեկը։ Սպիտակը լալիս էր, կանչում էր մամա... Իսկ Հին Ճանապարհի տղաները խոսում էին, թե ինչո՞վ ծեծեն նրա բաց մսերը՝ եղինջի թփո՞վ, թե՞ եգիպտացորենով։ Սակայն պատահում էր, որ նրանցից մեկը մեղքանո՞ւմ էր, թե՞ հիշում էր իր մորը, որ այդ գիմնազիստի հոր տան լվացարարուհին էր կամ նրանց վաղեմի հացթուխն էր։ Եվ նա երեսը շրջելով ասում էր.

– Թողեք կորչի գնա...− և նրանք թողնում էին, որ գերին արցունքը սրբելով շորերը հագնի։

Նրանցից ոմանք զարմացած նայում էին նրա սպիտակ շապիկին՝ եզերքը կարմիր կար, նայում էին մաքուր կոշիկներին, գուլպաներին և նախանձում էին։ Նրանց մեջ տղաներ կային, որոնք միայն մի շապիկ ունեին, քաթանե հաստ շապիկ, որ հագնում էին միայն ձմեռը։ Եվ այդ փոքրիկ վայրենիներն այնպես էին նայում, ինչպես նախամարդը կնայեր Տեր զի բազում ավագ քահանային։

«Ռուսները» հեռանում էին, սպառնալով հեռվից, երբեմն ապահով հեռվից քար էին շպրտում և այն ժամանակ Հին Ճանապարհի տղաները նրանց քշում էին մինչև թագավորական փողոցը, մինչև Մանուչար բեյի փողոցը և վերադառնում էին գետափ, որտեղ նրանք թագավոր էին։

Հին ճանապարհը թեև խուլ փողոց էր, բայց նշանավոր էր իր ալամ եսիր տղաներով։ Նրանց հայրերը՝ արհեստավորներ, ապա խաչևնի Թևատորոսը, որի ճաշարանում երկու կոպեկով «կես պորցի» բոզբաշ էին ուտում Ամիր-Աստանը, սալդատ Երանոսը, Ճոլուն Կևին, Քյաթառան, նաև Բազարնիկ Խաչին, որ սեփական տուն ուներ Հին ճանապարհի վրա,– այդ մարդիկ կազմում էին մի առանձին խավ, մի քարացած շերտ, որ գալիս էր Հին Կյորեսից, ինչպես Հին ճանապարհը Կյորեսի Հին ճանապարհն էր դեպի Միջնահանդ, դեպի Սպիտակ քարերը՝ այն խոտհարքներն ու արտերը, որ վաղ ժամանակ եղել էին Կյորեսի հողագործների կալվածքը։

Այդ փողոցը տանում էր դեպի Շենը հին շուկայի հրապարակով, այնտեղ, ուր ներկարարի կարասներն էին, Մանգասար դայու հնաձև խանութը, համետ կարողներ և դարբիններ և որտեղ Ափունց Ակու-ամին աշխարհի չորս ծայրից ստանում էր ձորկեցիների տխուր նամակները...

Հին ճանապարհով էր անցնում Շենի նախիրը, երբ տարածված նախիրը քշել էր Սանդ աղբյուրի ձորը։ Կյորեսեցիներից նրանք, որոնց կալերը ջրաղացների մոտ էին, այդ փողոցով էին խուրձ կրում, որովհետև քաղաքի մյուս փողոցներում արգելված էր երթևեկությունը խոտ և խուրձ կրողների, նախրի և նախրապանի։ Հին ճանապարհը Կյորեսն էր Գորիս քաղաքի մեջ, Կյորեսն էր երկարածոր լեզվով, դժվար անուններով և խրթին բարբառով, իր գերի երեխաներով, որոնք Շենի տղաների հետ միացած կռվում էին բուլկի ուտողների դեմ, շարունակելով հին կռիվը, որ գալիս էր Ղաթրինի Աղալոյի առասպելական ժամանակներից։

Այդ հին փողոցներում էին այն մի քանի տները, որոնց մասին դժվար է ասել, թե ինչպես էին ապրում, բայց խոսք պիտի ասել, որովհետև նրանք ըստ ամենայնի հետաքրքիր մարդիկ էին, նրանք հին կյորեսեցիներ էին և իրենց գործերով անուն էին հանել, ինչպես Զիլֆուղար բեյը՝ կաշառակերությամբ, Պավլի բեյր` «Մշակ» կարդալով, Քյալլա Ծատուրը՝ ձեռագիր շարադրություններով, լիմոնադի գործարանի տերը՝ Շոր աղբյուրի ջրով և այլն։

Հին ճանապարհի այդ բնակիչները ո՛չ արհեստավոր էին, ո՛չ վաճառական և ո՛չ բեյ։ Նրանք երբեք մաճ չէին բռնել և ոչ էլ գիտեին իրենց պապեկան կալի տեղը։ Նրանք միայն լավ գիտեին Բարի Աջողումի գինետունը, որի առաջ մեծ ընկուզենին նրանց համար միշտ ստվեր ուներ, ինչպես Բարի Աջալումը՝ գինի։ Նրանք լավ գիտեին գետը և գետափի պարտեզները, Կյորեսի բոլոր ձորերը՝ հեռու և ահավոր, գիտեին անտառը, որ ինչպես մութ ճանապարհ սկսվում էր քաղաքի կողքից և անընդմեջ գնում էր մի օր, երկու օր, տասն օր գնում էր և անցնում էր Արաքսը՝ ռուս-պարսկական սահմանը և այնտեղից էլ ով գիտե ուր էր գնում անտառն իր գաղտնի ճանապարհներով։ Նրանք գինի խմողներ էին, նրանք անվանի մակարապետ էին, գլխավորն այն հրոսախմբի, որը երբ հարսանիքի գինին պակասում էր, բղավում էր՝ «մենք հո հայըստունցու հարսանիք չենք անում...»։

Նրանց սննդատու մայրը գետն էր և անտառը։ Գարնանամուտին, երբ գետը պղտոր գալիս էր, հունը մինչև ափերը լի և պատահում էր, որ ափերից դուրս գալով գետը հեղեղում էր եզերքը, քանդում էր թույլ կամուրջները, արմատահան պոկում էր ծառերը և խորքում քարեր գլորում այնպիսի դղրդոցով, որ թվում էր թե փլվում են լեռները,– այդ ահարկու ժամին, երբ հին ճանապարհի բնակիչներն ահ ու դողով էին լսում գետի որոտը,– նրանք՝ աղ ու հացի եղբայրները ջրի մեջ որսում էին այն ձուկը, որ հարավից բարձրանում էր դեպի լեռնային աղբյուրները։

Գարնանամուտին Սալյանից, Ղարաբաղի տափաստաններից, մինչև անգամ շոգ Լենքորանից հազար-հազար մարդ, ոչխար, ուղտ, ձի քոչով և քարավաններով բարձրանում էին Զանգեզուրի լեռնային արոտները։ Այդ ահագին բազմությունն անցնում էր Դոլուն Կարիի, Խանձատ Խուդու և աղ ու հացի մյուս եղբայրների կառուցած փայտե հասարակ կամուրջով: Նրանք կամուրջի վարձ էին հավաքում, բուրդ, ոչխար, դրամ և այդ ամենը գնում էր գինու և զվարճության։

Նրանք փորձված ձիավարներ էին և պատահում էր, որ Հաստ Ներսես բեյը կամ մի ուրիշ բեյ Բարկուշատի խաներից ընծա էր ստանում այնպիսի հրեղեն նժույգ, որին բեյը վախենում էր մոտենալ։ Եվ ահա կանչում էին Հին ճանապարհի վարժ ձիավորներին, բազմությունը հավաքվում էր հրապարակում և Դոլուն Կարին, մահն աչքի առաջ, խեղճացնում էր կատաղի նժույգին։ Վերջապես նրանք որսորդներ էին խուլ ծմակներում և ձորերում, որտեղ ոչխարի մոռացված աղաքարի վրա գիշերով իջնում էին պախրաները։

Ձմեռը գետը սառչում էր, ձուկն իջնում էր հարավ, որսը թաքնվում էր ով գիտե ինչ որջերում և պակասում էր նրանց գինեդրամը։ Այն ժամանակ լուրեր էին պտտվում, թե Ձորեկից կորել է մի երինջ, կորել է խոջա Բաղիրենց կովը, գիշերով մարդ է մտել Տեր զի բազումի մեղվանոցը և ձմեռն ի՜նչպիսի լուրեր չէին տարածում Գորիս քաղաքում։ Եվ նաև շշնջում էին, թե Խուռուփի ձորում գտել են կորած երինջի գլուխը, կովի հետքերը գնացել են մինչև գետափ և իբր թե Տեր զի բազումի մեղվանոցից մի արկղ մեղու թափել են ջուրը և ջրի ափին թողել են դատարկ արկղը։ Եվ ով շշնջում էր, ավելացնում էր նաև Դոլուն Կարիի, Խանձատ Խուդու և մյուս եղբայրների անունը և լռում էր։ Ճի՞շտ է այդ, թե չար բամբասանք էր,– դժվար է ասել․․․ Բայց ստույգ է, որ ամառ ձմեռ, ամեն երեկո Հին ճանապարհով հարբած տուն էին վերադառնում եղբայրներից երկուսը, երեքը, երբեմն մի ամբողջ խումբ։ Նրանք քայլում էին, չուխաների փեշը կրծքով պատած մինչև ուսը, գդակները ծուռ, դանդաղ օրորվում էին, որոտալով երգում և հանկարծ փողոցի մեջտեղը կանգնելով անհայտ է ինչու հայհոյում էին, ինչպես մի ժամանակ Գյուրջի Օբին հրապարակում հայհոյում էր։

Երբ որոտում էին նրանց ձայները,– Ներսես բեյը,– այն, որ կոչվում էր Պրիստավի Ներսես բեյ,– նա էլ թաքնվում էր դարբասի անկյունում կամ շտապում էր տուն մտնել։ Նրանք բեյերին չէին սիրում, նաև չէին սիրում, երբ իրենց փողոցում հանդիպում էին մի վաճառականի, որին մի մութ քամի բերել էր այդ խուլ փողոցը։

– Թող կորչի գնա՜...– ասում էր ընկերն ընկերոջը, իսկ վաճառականն արագացնում էր քայլերը, ինչպես սպիտակ գիմնազիստը, որ ահից կանչում էր մորը...

10

Մենք սկսեցինք հին ջրաղացներից, որոնք գետի աջ ափին, ընկուզենիների տակ և որտեղ ծերունի ջրաղացպանը, երբ չէր ննջում, պատմում էր Ցուլ Օհանի ժամանակներից, երբ ցորենն իբր թե հոնի կորիզների չափ էր և չկար այն հավի կուտը, որ շալակով ջաղաց էր բերել մի աղքատ կին։ Ապա անցանք նավթի պահեստի մոտով, որտեղից սկսվում էր քաղաքը և նկարագրեցինք հին շուկան՝ Գորիսի շուկայի արհամարհված ծայրը, որտեղ առևտուր անելը հավասար էր կոտր ընկնելուն։

Այնտեղ կային ներկարարներ, որոնք ներկում էին կարասի կապույտ և թուխ մրուր և տորոնի կարմիր և ապա ներկած կտավները զոլ-զոլ փռում էին քարափների վրա և գույների խաղով զվարթացնում էին հին շուկան։ Այնտեղ կային կանացի չմուշկ կարող վարպետներ, որոնք կարմիր քոշ էին կարում նորահարսի համար, կանաչ միջահասակ կնոջ և նռան կլեպի գույն՝ այն պառավ այաների համար, որոնք գուցե հագնում էին վերջին զույգը։ Այդ շուկայում էր այն ղանավուզը և թիրմահին, որ ամբողջ քաղաքում այլևս չկար, միայն Մանգասար դային ուներ։

Այնտեղ էին հին դարբինները, որոնք անիվ կապել չգիտեին, բայց խոփը զոդում էին ինչպես պողպատե թուր և այնպիսի շղթաներ էին կռում, որ յոթ զույգ եզ քառասուն օր ծանր գութանը քաշում էին քար հողերում− և շղթան չէր կտրվում։ Այդ շուկայում էին դալլաք Բոզին և նույնպես դալլաք Ասրին, որոնց երբեմն կանչում էին հիվանդից արյուն առնելու, նաև կանչում էին զարդարելու նորափեսայի մազերը։

Շատ հին մանրավաճառներ կային այդ հին շուկայում՝ ընտիր ծամոնի, մեղրամոմի, մախաթ ասեղների, ոսկրե կոճակների, ծիլավոր կոնֆետի և քթախոտի այնպիսի մանրավաճառներ, որոնք մի ծամելու ծամոնը փոխում էին երկու ձվի, կես գրվանքա մեղրամոմը՝ մի ծաղկավոր գուլպայի հետ։ Նրանք գիտեին, որ ձորկեցի Ադի դային քաշում է ղարա բռնոթի, իսկ նորուեցի Բադի դային՝ կապովի բռնոթի։

Այստեղ նաև կային երբեմնի մանրավաճառներ Ափունց Ակու ամին և Բադամ Բախշին և նրա հարևանը, որոնք ոչ լամպի ապակի էին ծախում և ոչ Ղազանի սապոն, այլ նամակը հեռու բռնած կարդում էին խանգարված ձայնով, կարծես ճռռում էր խանութի ժանգոտ դուռը.

«Եվ կհարցնեմ ձեր որպեսությունը, նաև ինձ բարի հիշողաց...»։

Այդպես էր Կյորեսի հին շուկան՝ խեղճ և խարխուլ ու թեև այնտեղ շաքարի գրվանքան մի կոպեկ թանկ էր բուն շուկայից, այնուամենայնիվ Ցաքուտ, Նորու, Մեզար և Ձորեկ գյուղերում, ինչպես և Շենում` Կյորեսի մեռնող միջնաբերդում գյուղացիներ կային, որոնց ասելով նոր շուկայի շաքարը երեխաների բերանում շուտ է հալվում և նրանց ատամների տակ կապույտ կայծ չի տալիս, ինչպես հին շուկայի շաքարը։ Իսկ ձորկեցի Ադի դային ասում էր.

– Կյորեսի ղարա բռնոթի որ չլիներ, հիմա Ադի դայի չկա՜ր...

Այդ գյուղերովն էր ապրում Կյորեսի հին շուկան։ Նրան պահում էր Շենը, որ ամենից մոտիկն էր։ Պատահում էր, որ երեկոյան Շենից մի երեխա վազելով բարձրանում էր հին շուկան։

– Վարդան դայի, նանին ասաց մի շերթ շաքար տա:

– Դու ո՞ւմ տղան ես։

– Ցամաք Ավանի տղան եմ։

– Հիվանդ ունե՞ք։

– Չէ, Վարդան դայի, տունը մարդ է գալու...

– Չլինի՞ մեծ քրոջդ ուզող կա։

– Եսի՜մ... – և երեխան նիհար ուսերն իրար էր անում և նրա տխուր աչքերի մեջ Վարդան դային տեսնում էր իր հարցի պատասխանը։

– Նանուդ ասա՝ թե ձու կա, ձու ուղարկի,.. Ուզող կա: Հա, էն սապոնի պարտքն էլ թող ուղարկի։

– Էգուց նանին գնալու է Սիմոն բեյի տանը խմոր հունցի...

Այդպես էր առուտուր անում հին շուկան, որի մանրավաճառները երբ ձանձրանում էին, բերանն էին գցում ծամոնի մի կտոր կամ սկսում էին լույսի դեմ պահել ձվերը, որոնց անարատությունը նրանք ստուգել էին քսան անգամ... Եվ կամ վերցնում էին եզան պոչից ճանճաքշին և ճանճերի հետ բարձրանում էր փոշու ամպը։ Երբեմն Բադամ Բախշին քոշերը քստացնելով մոտենում էր պայտարին, որը ծառի ստվերում ննջում էր․

– Հերիք քնես, հարևան...

– Է՜...– և պայտարը ճմլթկալով հորանջում էր, հորանջում էր կոտրտելով մեջքի և բազուկների մկանները և չէր վերջանում նրա հորանջյունը, ինչպես արձագանքը, որ գալիս է բարձր սարից՝ նախրապանի կանչից և դեռ յոթ ձորում յոթ անգամ պիտի դրնգա։

– Տաքը զոռում է հա՜...

– Մի բադյա նոր քաղած թութ լիներ, ի՜նչ կուտեի...

Մոտենում էր երրորդ հարևանը՝ ասիական դերձակ Դարզի Վաները, որ շալե շալվարի աղվեսիքի վրա նեղվել էր քաղցր նինջից և ջրակալած աչքերով այլևս չէր ջոկում ասեղը։

– Վաներ, ասում եմ մի բադյա թութ լիներ...

Իսկ Վաները դեռ ննջում էր։ Եվ հանկարծ քնից զարթնելով, Դարզի Վաներն ասում էր.

– Ա՜յ թե մի բադյա նոր քաղած թութ էր եղել...

Բայց պատահում էր նաև, որ Բադամ Բախշին, Դարզի Վաները և այն պայտարը վճռում և գնում էին Մեղրաքերծի տակ թութ ուտելու և հետո, մի քանի ամառ, նրանք պատմում էին, թե ինչպես մի անգամ երեքով գնացին Մեղրաքերծի այգիները...

Մենք սկսեցինք գետափի ջրաղացներից և Կյորեսի հին շուկայի միջով մտանք իսկական շուկան, որ Գորիսի թագն էր, նաև տեսանք այդ թագի գոհարը՝ Պասաժը՝ գոհարեղենի և ակնեղենի խանութներով, Եփրատ Երեմի կոլոնիալ մագազիններով` Կուր դը բեժա, Դրուժբա, Նադեժդա և նույնիսկ Սասուն անունով, որ մյուս անունների մեջ օտարոտի էր, ինչպես Հայաստանցի Ավետիսը բեյերի և վաճառականների փողոցում։ Որքան մեր ուժն էր, աշխատեցինք ճշմարիտ նկարագրել Ավագիմովների ավագ եղբայր Սողոմոնին, որին մենք չենք անվանել Ամբարի կատու, այլ գործ ենք ածել ժողովրդական անունը,– Ամբարի կատու Սողոմոնի ծանր զբաղմունքը և անկաշառ մտահոգությունը՝ սոված գյուղացիներին ապահովել ալյուրով և այն վաճառել առքի գնից պակաս, ինչպես երդվում էր նա, ձեռքը խփելով մեռոնաջրած երեսին։ Ոչինչ չենք ավելացրել խոջա Մակիչի բնածին բարության վրա և նորից վկայում ենք, որ նրա սահմանած հաստատուն կանոնն էր հաճախորդին դատարկաձեռն ետ չվերադարձնել, որովհետև այդ նրա համար անպատվություն էր, ինչպես եթե հյուրը նրա սեղանից վեր կենար առանց մի կտոր հաց կտրելու։ Իսկ ինչ վերաբերում է նորահարսին նվիրած վարդ թաշկինակին, այդ կարող է հաստատել հենց, օրինակ, նորուեցի Սիմոն Նարինյանը («Նարինի թոռ Սիմին»), որն ի տրիտուր երեք արշին պատանքի կտավի, երեք տարի հետո խոջա Մակիչին նվիրել էր իր միակ կովը, նաև ասել էր.

– Աստված թող գլխիդ խռով չանի իմ կովը, խոջա Մակիչ...

Նույն արդարամտությամբ նկարագրեցինք Եփրատ Երեմի առևտրական կշիռը Գորիս քաղաքում, նրա խոսակցությունը Լյուդմիլա Լվովնայի հետ, հոր՝ խոջա Մակիչի ներկայությամբ։ Ասում ենք առևտրական կշիռը, որովհետև Եփրատ Երեմը քաղաքում այլ կշիռ ևս ուներ, ավելի ճիշտ՝ կշիռներ ուներ։ Նա պարագլուխն էր երիտասարդ վաճառականների, քաղաքային դումայի դեպուտատն էր և պրոգրեսիստները, որոնք դժգոհ էին քաղաքագլուխ Մատթևոս բեյից և սպառնում էին նոր ընտրություններին նրան սև քվե տալ, իրար մեջ գաղտնի խոսում էին, որ նոր քաղաքագլուխ պիտի լինի Եփրատ Երեմը՝ Լյուդմիլա Լվովնայի բարեկամը և գավառապետի հետ բակարա խաղացողը։

Նրա խանութը հավաքատեղի և կենտրոն էր քաղաքի բարձր մտավորականության՝ բժիշկ Տիկրան Պետոիչի, անտառապետ Արամ Արկադիչի, թագավորական դպրոցի տեսուչ Սահակ Սերգեիչի և հաշտարար միջնորդ Սուդակինի, որը լիբերալ էր, հիանալի գիտեր լատիներեն և իբր թե ոտանավորներ էր գրում... Այդ բնտիր հասարակության ժամադրավայրն էր Եփրատ Երեմի խանութը։ Իսկ ինչ վերաբերում է Լյուդմիլա Լվովնային, նա այդտեղ միշտ գալիս էր իր շնիկի հետ, տիկին Սառա Կասպարովնայի ընկերակցությամբ և սուտ է, թե իբր Եփրատ Երեմը այգիներում շոշափել է Լյուդմիլա Լվովնայի պատիվը։

Գավառային պահակախմբի պետ Ավթանդիլ Խուրշուդ բեյի և Պենզայի 686-րդ դրուժինայի երիտասարդ սպայի մասին հարևանցի ակնարկեցինք, ինչպես հարևանցի հիշեցինք այն հովվին, որ հրապարակի ժխորի մեջ կանչում էր իր կորած շանը՝ անհանգստացնելով քաղաքագլուխ Մատթևոս բեյին։ Այդ այն պատճառով, որ նրանք՝ Ավթանդիլ Խուրշուդ բեյը, երիտասարդ սպան և շուն որոնող հովիվը պատահական էին շուկայում, ինչպես գետնի երեսով անցնող անգղի ստվերը։ Այդ սակայն չի նշանակում, թե Ավթանդիլ Խուրշուդ բեյը աննշմարելի անձնավորություն էր Զանգեզուրում... Նա այնքան ահարկու էր, երբ, օրինակ, անտառից գութանի փայտ կտրած գյուղացիներին կանչում էր հարցաքննության։ Նա ծառ շատ էր սիրում և մինչև անգամ ափսոսում էր դալար ճյուղերին, ուստի և գյուղացիներին ծեծում էր եզան ջիլերից հյուսած մտրակով...

Գորիսում առավոտն էլ այդպես էր բացվում՝ մսագործների խանութների հետ միաժամանակ։ Արևն ընկնում էր դեղին դմակների վրա և առաջինը մոտենում էր շուկային պահակ Կետանը, ապա մյուսները միևնույն կարգով ու ծեսով, ինչպես նույն ծեսով ճաշում էր Հաստ Ներսես բեյը։ Գուցե միայն կիրակի օրերն այդ կարգը խանգարվեր, որովհետև երբեմն կիրակի օրերը միս էին առնում ներկարար Նեսին, լվացարարուհի Մինան և պատահում էր, որ Հայաստանցի Ավետիսն էլ մի գրվանքա միս էր առնում։ Այդ ժամանակ խոջաներից մեկն ասում էր.

– Շեն քաղաք ես, Գորիս, որ մինչև անգամ ղարիբ Հայըստունցին էլ է միս առնում...

Գարադաբուլդի Մուխանի ձեռքով միսն ուղարկեցինք Հաստ Ներսես բեյի տունը ոչ այն դիտումով, որ ցույց տայինք, թե ինչքան սերտ բարեկամություն կար Ներսես բեյի՝ գավառային վարչության դիվանապետի՝ Զանգեզուրի կես-գավառապետի, և մի խեղճ պաշտոնյայի միջև, որը թեև ոստիկան էր և թուր ուներ նարնջե ծոպերով, բայց լինելով բուն կյորեսեցի, երբեմն տրեխ էր հագնում և գնում էր խոտհնձի։ Մեր դիտումը չէր ցույց տալ երանելի համերաշխությունը սանդուղքի երկու ծայրերի, որովհետև այդ նպատակով կարող էինք ասել, որ Ներսես բեյը, հետկեսօրյա քնից առաջ, երբ արձակում էր տուժուրկայի կոճակները, հարցնում էր կնոջը.

– Վարսեն, Մուխանին բան-ման տվի՞ր...

– Տվի, Ներսես բեյ, մի հին շալվար ունեիր, տվի...

Միսը Մուխանի ձեռքով ուղարկելով՝ մեր բուն նպատակն էր խոհանոցի խորքից լույս աշխարհ հանել տիկին Վարսենիկին, որը թեև Հաստ Ներսես բեյի կինն էր և ուներ չորս երեխա, բայց միևնույն ժամանակ Գորիսի Հայ կանանց միության փոխ-նախագահուհին էր և շնորհիվ նրա եռանդուն ջանքերի, Զանգեզուրի գավառապետը մուծել էր տասը ռուբլի՝ հօգուտ որբերի և այրիների... Պատահում էր, որ տիկին Վարսենիկը ճաշից հետո շտապում էր իմանալ, թե արդյոք չե՞ն այրվել տիկին Վառինկայի գաթաները, բայց միաժամանակ նույն տիկին Վառինկայից նա տեղեկանում էր Միության առկա գումարի մասին, որովհետև տիկին Վառինկան կանանց միության գանձապահուհին էր և դրամը պահում էր իր սեփական դրամների հետ, հնաձև սնդուկի մեջ, որի բանալին ոսկե շղթայով կախված էր տիկին Վառինկայի կրծքից, իսկ նրա կուրծքը՝ ամենաապահով վայրն էր Գորիս քաղաքում։

Ներկայացնելով Պավլի բեյ Օրբելյանին, նպատակ ունեինք ցրելու այն կարծիքը, թե Գորիսի բեյերը միայն ուտում և քնում էին, որպեսզի երեկոյան բակարա խաղան, մի քիչ բամբասեն, ապա կուշտ ուտեն և քնեն խոր քնով։ Այդ կարծիքը կարող է ստվեր գցել Օրբելյանների տոհմի վերջին շառավիղի՝ Պավլի բեյի անվան և մոռացության տալ այն, ինչ նրա պատմական արժանիքն էր։ Պավլի բեյը «Մշակ» էր ընթերցում և ոչ «Ելիզավետպոլի նահանգային տեղեկատու» ռուսերեն լրագիրը. փողոցի տղաներին նա քարոզում էր հայ աղջիկ առնել, և վերջապես նա էր Հայաստանցու ընտանիքին օթևանել, որովհետև այն ամեհի ժամանակ, երբ Զանգեզուրն ռուսանում էր, Պավլի բեյ Օրբելյանն օր ու գիշեր մտածում էր հայոց թագավորության, ավելի ճիշտ՝ Սյունյաց նախարարության վերականգնման մասին։

Նրա մահից հետո մնացած գրությունները և մանավանդ անձնական օրագրերը վկայում են, որ երբ Հաստ Ներսես բեյը փոխ-նահանգապետին ռապորտով զեկուցում էր, թե Ծիծեռնավանքի ուխտագնացության օրը անհայտ ավազակները հարձակվել են ուխտավորների մատաղացու անասունների վրա և երկու կողմից հրացանաձգություն է եղել,– նույն այդ դեպքի մասին Պավլի բեյ Օրբելյանը, գուցե հենց նույն օրը, այսպես է գրել.

«Արյունարբու և գազանաբարո ավազակներ, ազգով թուրք և ղարա-մամադ ցեղից զինված հարձակվեցան ուխտավորաց վրա և քաջն Ավան Ղուրդանց ի գեղջեն Մխիթարա սպարապետի, Թորոս Թելունց նույն գեղջեն, Աբեթնակ Տաթևացի և երևելի Զոհրաբ, մականվանյալ Զինջիլ-Ղռան՝ Աղվանից գեղջ, միահամուռ արշավելով դարբադաղ արին ավազակներաց, ետ խլելով գերի վարյալ ոչխարն և ուխտն կատարեցին Սյունյաց Սահակ իշխանի գերեզմանի վերա։ Նաև այս իմանալի է, որ Հաջի-Սամլուի գավառամասի պրիստավն Վոսկրեսենսկի, ազգով ռուս, հովանավոր է վերոգրյալ ղարա-մամադ ավազակաբարո ցեղին և ինքն է մեծ կաշառու և հայատյաց։ Ուրիշ փաստեր նմանապես կհիշատակենք ժամանակին»։

Այդպես էր գրել Պավլի բեյն այդ սովորական դեպքի մասին, իսկ շատ բեյերի նա այնպես էր պախարակել, որ նրա գրածը, ինչպես Գորիսում էին ասում, գազեթ գցելու բաներ են։

«Մելիք-Հյուսեինյանց Խանչալ բեյի պապն եղած է մատուռից մոմ գողացող և Մուհամմեդի կրոնն ընդունելով եկած է հայրենիք մեծ անիրավությամբ։ Ռուսաց տիրապետության օրոքն նա կրկին հավատափոխ է լինում, բայց ժողովուրդն նրան միշտ անվանում է հաջի-Հյուսեին... Խուրշուդ բեյի հայր Աթա բեյը յուր կոչումն ձեռք է բերած յուր կնոջ ջանքերովն, որն եղած է գեղեցկադեմ և թեթևաբարո...»։

Պավլի բեյի օրագրերից հայտնի է անում և այն, որ նա մասամբ ծանոթ էր հին Սյունիքի պատմության։ Վարարակնի կառուցումը նա մանրամասն է գրել, ըստ երևույթին նյութեր քաղելով տոհմական ինչ-որ ձեռագրերից։ Պավլի բեյը հետաքրքիր բացատրություններ է տալիս Զանգեզուրի հարավում ապրող այրումների մասին, նրանց համարելով վաղեմի արևորդիների մնացորդներ։ Տաթևի շարժական սյունի մասին նա մի մեկնություն ունի, որ վերջանում է այսպես.

«Փիլիպպե Տեր Սյունյաց, դու որ քո սուրն խրեցիր հայրենի հողն և քարե սյուն դարձավ քո սուրն, այժմ մինչի երբ պիտի ճոճես այն և երբ պիտի հասնի այն օրն, երբ Սյունյաց ազատանին նորից տիրե Գողթան երկրին, Երնջակին, Վայոց ձորին, Կապանին և Հաբանդին մինչև Փայտակարան...»։

11

Բայց մենք վերջին անգամ դարձյալ դառնանք Գորիս քաղաքի երկսեռ հասարակության։

Առաջին հարցը, որ ինչպես ասում են ծառանում է մեր առաջ՝ այն է, թե ի՞նչ մարդիկ էին Գորիսի բնակիչները և այդ ոչ այն իմաստով, թե ինչպես էր նրանց արտաքինը,– որովհետև աշխարհի բոլոր անկյուններում էլ կան հաստ ու նիհար մարդիկ, մարդիկ, որոնք հոգնում են քնելուց և որոնք իրենց կյանքում մի անգամ կուշտ քնելու կարոտ են։

Գորիսում էլ կային տեսակետ ունեցող տիկիններ, ինչպես օրինակ, տիկին Օլինկան և տիկին Վառինկան, որից առաջինը գերադասում էր մաղաշար թթուն, իսկ երկրորդը՝ չոր թթուն։ Եվ նույնիսկ նրանք կարող էին վիճաբանել և մինչև անգամ կարող էին իրար ծանր խոսք ասել։

Սակայն մեզ ոչ այդ է հետաքրքրում և ոչ էլ այն, որ Հաստ Ներսես բեյը մի քանի գավաթ խմելուց հետո երբեմն յուր կնոջն անվանում էր բիբուլի և պիկուլիա,– անվանում էր նույնիսկ հյուրի ներկայությամբ, որից շառագունում էր տիկին Վարսենիկի երեսը։ Սեզ հետաքրքրում է Գորիս քաղաքի բնակիչների հոգևոր շահերը և թե հանուն ինչի նրանցից շատերը պուֆ անելով մրոտում էին այն փիրուզե երկինքը, որ քաղաքի վրա կախվում էր արծաթ և ոսկի աստղերով և որին մի անգամ անարգել էր նույն Հաստ Ներսես բեյը, Ճաղար Մուղրովի մեդալներով զարդարված կուրծքը նմանեցնելով Գորիսի երկնքին։

Ի՞նչ հոգևոր շահեր ունեին Գորիսի բնակիչները և ի՞նչ ազգի մարդիկ էին և ի՞նչ լեզվով էին խոսում... Ոչ մի հոգևոր շահ չունեին Գորիսի բնակիչները, ընթերցող, և նույնիսկ քաղաքի ավագ քահանա Տեր զի բազում տեր Զավենը, լուսավորչական հավատի գավազանը երկու Զիլֆուղար բեյերի տները կօրհներ, եթե թուրք Զիլֆուղար բեյը նրան աջահամբույր տար։ Իսկ ինչ վերաբերում է բեյերի հոգևոր շահերին, ապա նրանք հոգի չունեին, որ հոգևոր շահ ունենային։ Միայն Պավլի բեյն էր, Օրբելյանների վերջին շառավիղը, որ առանձնության մեջ ակնկալում էր Սյունյաց նախարարության վերադարձը։ Իսկ Հաստ Ներսես բեյը և մյուս բեյերը գիտեին, որ աշխարհում կա պետ և ստորադրյալ և արանքում հարկավոր է թուղթ խաղալ, ուտել և ձանձրանալ, ձանձրույթից հորանջել, հորանջելով բամբասել, աղջիկներին տեղաց անել, տղաներին դարձնել ավելի բարձր պաշտոնյա, այսինքն դարձյալ տեղաց անել նահանգային դեպարտամենտներում։

Նույնն էին նաև խոջաները և միայն նրանց որդիները, որոնք պրոգրեսիստ էին և Պասաժում խանութ ունեին,– պատահում էր, որ Եփրատ Երեմի խանութում զրուցում էին Պետական դումայի օրինագծերի մասին և հաշտարար միջնորդ Սուդակինը՝ սարսափելի լիբերալ, ինչպես անվանում էր Լյուդմիլա Լվովնան,– կարծիք էր հայտնում, թե Մարկով 2-րդի ճառից հետո զեմստվոյի իրավունքները կսահմանափակվեն, այնինչ Տիգրան Պետոիչը, որ ոչ պրոգրեսիստ է և ոչ էլ լիբերալ, այլ անկախ մտածող էր, հակառակ կարծիքի էր։

Պատահում էր, որ Եփրատ Երեմի խանութում ծայր էր առնում այդպիսի վեճ համապետական խնդիրների և ոչ, օրինակ, մաղաշարի և չոր թթուի շուրջը, բայց այդ վեճն էլ վերջանում էր հորանջյունով և եթե նույնիսկ հորանջյունով չվերջանար, այլ վերջանար մի շիշ խերեսով, որ Եփրատ Երեմը բաց էր անում ի նշան հաշտության,– դարձյալ հոգևոր շահից չէր այդ վեճը, այլ այն ահռելի ձանձրույթից, որ քաղցր ծորում էր ամբողջ Գորիսում։

Նույնիսկ եթե ասենք, թե տարին մի անգամ Հաստ Ներսես բեյն ունենում էր հոգևոր շահ, երբ, օրինակ, պարոն Արշակը նրան մատուցում էր մի պատվավոր տոմս, որի վրա գեղեցիկ գրչագրով նույն պարոն Արշակը գրել էր․ «Մեծապատիվ պարոն Ներսես բեյ, Գորիսի հայոց ծխական դպրոցի սիրող-սիրողուհիների խումբը խնդրում է Ձեզ Ձեր ներկայությամբ պատվել թատերական հանդեսը հօգուտ...»– երբ Ներսես բեյը հետկեսօրյա քնից հետո ընդունում էր պատվավոր տոմսը, հարցնում էր, թե ուրիշ ո՞ւմ են հրավիրել, համեմատում էր իր աթոռը և կարգը մյուս բեյերի աթոռների ու կարգերի հետ և ապա մի արծաթ ռուբլի էր տալիս,– տարին մի անգամ հոգևոր ստվերի նման երևում էր և այդ կարելի էր մանրամասն պատմել, որովհետև այդ պատահում էր տարին մի անգամ,– բայց դարձյալ չի կարելի ասել, թե ի՞նչ ազգի էր Ներսես բեյ Ջումշուդովը և ի՞նչ լեզվով էր խոսում և առհասարակ ի՞նչ լեզվով էին խոսում Գորիսի բեյերը, որոնց տները տարին երկու անգամ օրհնում էր քաղաքի ավագ քահանան և տնեցիները՝ մեծից մինչև փոքր կռանում և համբուրում էին հայ լուսավորչական խաչը։

Այդ ամենադժվարն է ասել, թե ի՞նչ ազգի էր Զիլֆուղար բեյը, որ վարժ խոսում էր թուրքերեն և ռուսերեն, իսկ հայերեն թեմական հաջորդին ասում էր աճուրդ, հայ դպրոցի աշակերտին՝ մոնթ, հայ գյուղացուն՝ էշ հայվան, հայ ուսուցչին՝ վարժապետ, Գորիսի Հայ կանանց միությանը՝ Տիկին Օլինկայի կլուբ, հայերեն թերթին՝ վարժապետի գազեթ, որի տան դահլիճի պատերը զարդարված էին Էջմիածնի, Լոռիս-Մելիքովի, Մադաթովի և այլ գեներալների նկարներով, որոնցից մեկին՝ Ֆլիգել-ադյուտանտ Բեժանբեգովին զարմանալի նման էր Զիլֆուղար բեյը. նույն նեղ ճակատը, հոնքերը՝ ոզնու փշերի նման ցից, քիթը բարձր, բայց ոչ մսոտ, այլ չոր և կաշին պիրկ, այնպես որ, երբ Զիլֆուղար բեյն ասում էր՝ «իմ հորս պապը Խաչենի Մելիք-Թյունանն էր»,– ձայնը քթի մեջ դմբդմբում էր, ինչպես կարասի մեջ։

Իսկ Ասատուր բեյը ոչ մի լեզվով չէր խոսում, այլ արձակում էր հնչյուններ և ձայներ բը՜ռռ... որ նշանակում էր, թե նա ճաշից դժգոհ է, որովհետև Ասատուր բեյը ոչ ասունաս էր խաղում և ոչ նարդի, այլ սիրում էր որձ այծի միս․ դա՜աս, որ նշան էր հավանության, նաև վկայում էր աշխարհի ունայնությունը, որովհետև այդ ասելով Ասատուր բեյը հառաչում էր։ Քառասուն տարի նա եղել էր գավառային արխիվարիուս և ոմանք դրանով էին բացատրում նրա լեզու չիմանալը, որովհետև քառասուն տարի նա մեռած թղթերի հետ էր խոսել, այսինքն ասել էր բըռռ, երբ գտել էր, որ ժամանակին նոտարը սխալ էր վավերացրել հողի վկայագիրը, ասել էր դա՜աս, երբ ձեռքն էր ընկել քսանհինգ տարի առաջ գավառապետի ռապորտը Գորիս գետի վրա կամուրջ կապելու անհրաժեշտության մասին և վերջապես հը՜մմ էր ասել, որ նշանակում էր, թե կասկածում է հաշտարար միջնորդի հաշվետվության՝ աղետյալներին հատկացրած նպաստի մասին։

Այդպիսի լեզվով էր խոսում Ասատուր բեյը և ոմանք այդ բացատրում էին գավառային արխիվի միջավայրով, բայց Ասատուր բեյի կնոջ ասելով նա հենց սկզբից այդպես էր։ Այդ կարծիքը ճշմարտության մոտ է, որովհետև երբ վրա հասավ Ասատուր բեյի վախճանը, այսինքն երբ ուրիշ մարդիկ նրան կանչեցին հարցաքննության, Ասատուր բեյը ոչ մի բառ չկարողացավ արտասանել և միայն ասաց հոլ-հոլ, աբի-հոլ։ Այնքան ասաց, որ նրան ազատ թողեցին և նա յոթ օր էլ իր տնեցիներին ասաց այդ մութ հնչյունները և մեռավ, իր հետևից հավիտյան անմեկնելի թողնելով չորս հնչյունը՝ հոլ-հոլ, աբի-հոլ։

Ավագ գրագիր Նազար բեյը ոչ մի լեզվով չէր խոսում, այլ աղվեսահաչ էր տալիս։ Բալասան Կևեր բեյն ասում էր՝ «Սե-բիր-Սիբիրըստա՜ն... Զառ, դու բարա, քարերը թուփ արա...»։ Եվ միայն Պավլի բեյ Օրբելյանն էր խոսում և գրում գրոց լեզվով, որից մի նմուշ արտագրեցինք։ Բայց այդ լեզուն մեռած լեզու էր՝ ինչպես Տեր զի բազումի լեզուն, երբ նա թագի և շուրջառի ծանրությունից քրտնած սկսում էր իր քարոզը.

– Ժողովուրդ հավատացյալ, որպես տեր մեր Հիսուս Քրիստոս ասացյալ է օղտն ոչ անցանի ասղի ծակովն, նմանապես և...

Իսկ ինչ վերաբերում է վաճառականներին, ապա նրանց երիտասարդ սերունդը, որ պրոգրեսիստ էր, խոսում էր չալ հայերեն, այսինքն ռուսախառն հայերեն, ինչպես, օրինակ, Եփրատ Երեմը, որ այսպես էր խոսում, երբ ի նշան հաշտության բաց էր անում խերեսի շիշը.

– Պա մոեմու դրուժբա լուչշե ղալմաղալ... Տիկրան Պետոիչ, համարի թե մի ոչինչ դարազումեննի էր էդ Մարկով վտարոյի ասածը... Խմենք, գասպադա...

Մենք արդեն տեսանք, թե ի՞նչ լեզվով էր խոսում Ավագիմովների ավագ եղբայրը՝ Ամբարի կատու Սողոմոնը, յուրաքանչյուր խոսքից հետո նա ասում էր՝ վեց աբասի, վեց աբասի,– և ինչպես պատմում էին, առավոտյան, երբ բացում էր խանութը, նա հարևանին ասում էր.

– Բարի լույս... վեց աբասի, վեց աբասի։

Իսկ Քյալլա–Ծատուրը՝ դեղագործ և փիլիսոփա, խոսում էր մի հազվագյուտ լեզվով և միայն նա էր այսպես խոսում։

– Բարոնայք, Զանկազորու կավառի Կորիս քաղաքն լուսավորյալ է...

Իսկ խոջաները՝ խոջա Մակիչը, Միրումով Կյուքին, Ֆրանգուլով Բադալ ապերը, մինչև անգամ Ջամբա Ծատուրը, որ խոջա չէր, այլ վաշխառու էր, նրանք բոլորը խոսում էին թուրքա և պարսկախառն մի լեզվով, որ պրոգրեսիստ վաճառականների լեզվից տարբերվում էր այնքան, որքան Իրանի և Մոսկովի կտավը․ մեկն ասում էր սանադ, մյուսը՝ վեկսել, մեկը դրամը թումանով էր հաշվում, մյուսը՝ ռուբլիներով, հայրը կտավը չափում էր գյազով, որին ասում էր խանարշին, իսկ որդին ռուսական կտավը չափում էր ռուսական արշինով։ Այնքան էր զանազան նրանց լեզուն, որոնց Աթա ապերն անվանում էր շան լեզու։

Ուրիշ էր Կյորեսի լեզուն, որով խոսում էին Հին ճանապարհի բնակիչները, հին շուկայի արհեստավորները և խոսում էին կամուրջից այն կողմը՝ Շենի բոլոր թաղերում, Ցաքուտ, Նորու և Ձորեկ գյուղերում,– այն լեզուն, որին տիկին Օլինկան անվանում էր շենավարի լեզու, ստորադասելով իրենց քաղաքավարի և բլաղարոդնի լեզվին։

Ինչ չքնաղ լեզու էր կյորեսերենը... Չուտեիր և չխմեիր, այլ միայն այդ լեզվով խոսեիր կամ լսեիր, թե ինչպես քաղցր և նուրբ հնչյուններով խոսում էր լվացարարուհի Մինան, ինչպես էր ծոր տալիս, ասես ոչ թե խոսում, այլ ճախարակի առաջ բարակ երգ էր ասում և բառերը նստում էին, ինչպես փափուկ մալաչներ։ Հապա Դոլուն Կարին... Կռանում էր սառն աղբյուրի վրա, կուշտ խմում և ջուրը բեղերից կաթկթելով ասում էր խուվա՜յ... և այնպես էր ասում, այդ բառն այնպես էր զրնգում, որ եթե աղբյուրը նորահարս լիներ, ամոթից քողը կքաշեր երեսին... Իսկ Աթա ապերը, երբ բարկանար, այնպես մի ըմբո կասեր, որ Մեղբաքերծը կդրնգար։

Գորիսի ոչ մի փողոցում լեզուն այնքան վճիտ չէր, ինչպես Հին ճանապարհի վրա։ Այդ լեզու չէր, այլ կարոտ, տխրություն, զայրույթ. այդպես Ղաթրինի ձորում երգում էր կաքավը և մթնում կարկաչում էր Ցուրտ աղբյուրը։

– Տիեյերի հացերը մրսել են,– կասեր Աթա ապերը, չուխայի փեշից պոկելով փուշը, որ կպել էր արտի մեջ, բայց այնպես կասեր, կարծես խնդրում էր մի կարպետ, որ ծածկի արտերը։

– Հորա՜ է, հորա՜,– և էլի ուրիշ ոչինչ չէր ասի Աթա ապերը, բայց այդ մի բառը կասեր դանդաղ, ծանր և արքայավայել, կասեր ինչպես հանդերի պատրիարքը, և ով կյորեսեցի էր, նա հասկանում էր, թե ո՞ւր կորան վաղեմի պարարտ հողերը և շարմաղ ալյուրը։

«Իրանի Թուրանում չկար քեզ բարաբար,
Դառն ես դառել, հե՜յ Զանգեզուր...»

Աթա ապերը կարտասաներ երկու տող «Գորիսի գովքից», բայց այնպես կասեր, որ իբրև իջնում էր խոր ձորերը և բարձրանում է բարձր լեռները, և լեռնային քամու նման լեզուն պտույտք է անում դեպի երկինք։

Այդքան գեղեցիկ և հնչեղ էր Կյորեսի լեզուն։ Նա մի չքնաղ գորգ էր՝ նախշերով և վարդ ծաղիկներով մի հին գորգ, ինչպես Մինայի աղջիկ ժամանակ գործած գորգը, որ փռված էր Հաստ Ներսես բեյի դահլիճում։ Ինչքան հնանում և մաշվում էր, այնքան շքեղանում էին գորգի գույները և պատահում էր, որ Մինան, երբ այդ հին գորգը տանում էր գետը և լվանում էր,− Մինան լաց էր լինում և նրա հետ լաց էր լինում Կյորեսի լեզուն...

1935

  1. Ղաթրինի ձորից հյուսիս, երրորդ ձորում, որտեղ մնում են անհայտ գյուղի քարայրները և կոտրած վանքը, դեռ մնում է Ցուլ Օհանի ցից քարը, որին անվանում են Ցուլաքար։ Մի ժամանակ չբեր կանայք ուխտ էին գնում և ինչպես ոմանք վկայել են, Ցուլաքարը դեռ զորավոր էր, ինչպես ինքը՝ առասպելական Ցուլ Օհանը։