Կոլեկտիվ տնտեսությունների հողերը կենտրոնացրել են
ԿՈԼԵԿՏԻՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՂԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱՑՐԵԼ ԵՆ
Արդեն ավարտված են կոլեկտիվների հողերի կենտրոնացման աշխատանքները՝ համաձայն Հայկենտգործկոմի կողմից հրատարակված պաշտոնական որոշման[1]: Որպեսզի մյուս ընթերցողները ծանոթանան օրենքի հետ, այդ որոշումը տպում ենք «Մաճկալի» հավելվածի մեջ։
Համաձայն այդ որոշման՝ կոլեկտիվների հողերը կենտրոնացնում են առաջին հերթին, առանց սպասելու գյուղի հողաշինարարության։ Այդ աշխատանքը կատարում են հողաչափը և ագրոնոմը, իսկ հաստատում է գավգործկոմը։
Եթե գյուղն ունի պահեստի և ազատ հողեր, կոլեկտիվներն ուժեղացնելու համար սկզբնական շրջանում թույլատրվում է այդ հողերի մի մասը հատկացնել կոլեկտիվին, համաձայն որոշման 6-րդ կետի։
Ինչպես են հողերը կենտրոնացնում
Այդ աշխատանքը կատարվում է հողաշինարարական հրահանգի համաձայն։ Իսկ ըստ հրահանդի՝ կենտրոնացումը կատարվում է փոխանակության կարգով։ Եթե կոլեկտիվի համար անհատ տնտեսությունից հող են վերցնում, ապա, համաձայն որոշման 3-րդ կետի, այդ տնտեսությունը մի ուրիշ տեղ պիտի ստանա նույն կատեգորիայի հող։
Իսկ ի՞նչ է ասում որոշումն այն մասին, թե ո՞ւմ է մնում այն անդամի հողը, որը կոլեկտիվից հեռանում է։ Հողը մնում է կոլեկտիվի օգտագործության տակ:
Հեռացող անդամը հող է ստանում համայնքի ազատ հողերից կամ այն տնտեսության հողից, որը նոր է մտնում կոլեկտիվ և կամ թե հողօգտագործման իրավունքից զրկված և լքյալ տնտեսության հողից: Եթե այդ երեք դեպքում էլ հող չլինի, կոլեկտիվից դուրս եկած տնտեսությունը առանց հողի պիտի սպասի հերթական հողաշինարարության։
Ինչպե՞ս են կիրառել որոշումը
Որոշումը մեծ մասամբ ճիշտ է կիրառվել։ Այդպիսի գյուղերում դժգոհություն չի եղել ո՛չ կոլեկտիվի և ո՛չ էլ անհատ տնտեսությունների կողմից։
Բայց եղել են և սխալներ։ Բերենք մի քանի օրինակ։ Երևանի գավառի Իմանշալու գյուղում փորձել են կոլեկտիվի համար վերցնել գյուղացիների այգիները: Նույնը եղել է և Ղուրդուղուլիում։ Հատուկ կարգադրությամբ այդ չի թույլատրվել, որպես հակասություն պաշտոնական որոշման։
Արամուս և Բաշգյառնի[2] գյուղերում ուրիշ տեսակ են արել։ Կոլեկտիվի հողերն առանձնացնելուց հետո, մի քանի տնտեսություններ նորից դիմում են տվել կոլեկտիվի մեջ մտնել։ Նրանք իբր թե բաժանվել են իրենց ծխերից և բաժին են վերցրել նախկին ծխի վատ հողը, լավը թողնելով իրենց ծխին։ Նոր անդամները պահանջ են դրել, որ վատ հողի փոխարեն կոլեկտիվն իրենց լավ հող տա։ Այսպիսով՝ թե՛ իրենք պիտի լավ հող ստանային և թե՛ նախկին ծուխը։
Այսպես չի լինի։ Եվ իհարկե, թե՛ Արամուսում և թե՛ Բաշգյառնիում այդ փոխանակությունը խափանվել է, համաձայն որոշման։
Պետք է խստիվ հետևել որոշման ճիշտ կիրառման, այդպիսով թե՛ կոլեկտիվներն ապահովված կլինեն հողով, և թե՛ վերացրած կլինենք դժգոհությունը։