Կոլխոզների ամրացման ուղիով

ԿՈԼԽՈԶՆԵՐԻ ԱՄՐԱՑՄԱՆ ՈԻՂԻՈՎ

Կոլեկտիվներում ամենից կարևորն այժմ ճանապարհների և կամուրջների նորոգման խնդիրն է:

Դեռ համատարածից առաջ, աշնանացանի կամպանիայի ընթացքում, գյուղերն իրար հետ սոցիալիստական մրցության պայմանագրեր կնքելիս՝ մտցրել են այս կետերը։ Սակայն շատ քիչ բան է արված։ Այնինչ, ճանապարհների և կամուրջների վիճակն այնպես է այժմ, որ եթե այսպես մնա, ո՛չ մի գյուղատնտեսական գործիք, ո՛չ մի տրակտոր մի շարք գյուղեր չեն կարող մուտք ունենալ։

Համատարածի շրջաններում գյուղխորհուրդներից մի քանիսը համարյա թե հալվել են և դադարել են աշխատելուց։ Կոլեկտիվի խորհուրդը շատ հաճախ խառնվում է այնպիսի աշխատանքի, որ բացառապես գյուղխորհրդի պարտականությունն է։ Պիտի ցրել այն տրամադրությունը, թե կոլեկտիվ կազմելուց հետո ամեն ինչ անցնում է նրա խորհրդին, բանտարկելու իրավունքից սկսած մինչև դատական խնդիրները։

Վերընտրության ընթացքում մի անգամ ևս պիտի որոշել երկու խորհուրդների անելիքները, որպեսզի խառնաշփոթ չառաջանա։ Խնդիրը վերաբերում է ոչ միայն գյուղխորհրդին, այլև գյուղի մյուս հասարակական կազմակերպություններին, օրինակ՝ ՓՕԿ֊ին։

Դանդաղ է ընթանում անասունները չարամտորեն մորթողների դեմ տարվող պայքարը։ Ճիշտ է, որոշ հաջողություններ ունենք, սակայն մորթողներն իրենք կարողանում են գտնել հազար ու մի զարտուղի ճանապարհներ և փչացնել անասունները։ Մի քանի տեղ գյուղխորհուրդը ցուցակագրել է ամբողջ անասունները, խոշորից մինչև մանրը, և հայտարարել, որ առանց իր գիտության և թույլտվության մորթողը կամ վաճառողը պատասխանատվության է կանչվելու։ Այս միջոցը հաջող հետևանք է տվել:

Վերջերս կոլեկտիվի անդամների մի մասն սկսել է ոչնչացնել և ծառերը, որոնց մասին ոչինչ չեն ասել թե՛ բրիգադները, և թե՛ շրջմիությունները: Ծառերը ո՛չ գնահատված են և ո՛չ էլ հաշվի առնված: Շատ կոլեկտիվներում տրամադրություն կա ծառերը «մասնավոր սեփականություն» ճանաչելու և մատերի արանքով նայելու ծառերի (թե՛ պտղատու և թե՛ անպտուղ) ոչնչացման:

Սուր է դրվում և տնատեղի հարցը. կան այնպիսի տնատեղեր, որոնց տերերը չքավոր լինելով՝ կա՛մ չեն կառուցել տներ, կա՛մ թե տնատեղը դարձրել են բանջարանոց։ Բացի այդ, հին տների բակերում կան երբեմն ընդարձակ տարածություններ, որոնց վրա տանտերը մշակում է բանջարանոցային բույսեր։

Մինչև այժմ այդպիսի հողերի միացման մասին խնդիր չի հարուցվել։ Միացվել են այն հողերը, որոնք հողաշինարարության ժամանակ հատկացվել են իբրև դաշտային մշակույթների հող։ Կոլեկտիվներից մի քանիսը հարց են հարուցել միացնելու այդ բանջարանոցները և կոլեկտիվի ուժերով մշակելու բոստան ու բանջարանոց։