7. ԿՈՄԲԱԼ ՏՈՒ․․․

Ավալ ժամանակին ըլնում ա չիլնում մի մարդ, մի կնիկ։ Սրանք շատ դառն-աղքատ, օրեն հացի մուրացկան են ըլնում։

Ասսու իրան օրը կնիկը կպնում էր մարդի յախեն.— Ա՛յ մարդ,— ասում էր,— ընչանք ե՞բ պտի ըսենց աղքատ, օրվա հացի կարոտ մնանք, ըսենց հո չի՞լնի, մընք էլ մեղք ենք, սովից կոտորվեցինք. վե՛ գնա մի աշխատանքի տուտ բռնա, փո՛ղ աշխատա, րե սթար անենք, գլուխ պահենք, ընչանք տենանք վերջներս ի՞նչ ա ըլնում, ըսենց պարապ-սարապ ման գալոն ի՞նչ կըլնի:

— Ի՜նչ անեմ, ա՛յ կնիկ,— ասում ա մարդը,— փեշակ չունեմ, որ բանացնեմ, ֆահլություն էլ չեմ կարա անի, ի՛նչ անեմ, ո՛ր ջուրն ընկնեմ[1]. հո չի՜լնի էթամ սրա, նրա դուռը ծեծեմ, ձեռս մեկնեմ, ողորմոuթյուն ուզեմ, հաց հավաքեմ, յա թե չէ էթամ գողություն անեմ, մարդ սըպանեմ, որ ինչ ա՝ պտի ապրենք։

— Ես ի՛նչ անեմ,— ասում ա,— որ կնիկ չիր կարա պահի, խի՞ իր ուզում[2]։

Ըսենց կնիկը գնում ա իրան անզգամությունը, մարդի յախից ձեռը չի քաշում, ամեն օր կռիվ, դավի ա անում, թե.— Գնա՛, աշխատանք արա՛, որ սոված չմնանք։

Խեղճ մարդի ամալ-աջալը ո՛ր կտրում ա, տենում ա կնկա ձեռիցը չի կարում ազատվի, ասում ա. «Գլուխ, առնեմ, վե կենամ էթամ մի դհով, աշխարե-աշխար, երկրե-երկիր ման գամ, բալքի աստոծ ինձ մի լիս ու ճար ա անում, մի աշխատանքի տուտ եմ բռնում, մի քանի շայի աշխատեմ, բերեմ սևացնեմ սրան, յախես ազատեմ սրա ձեռիցը»։

Մի քանի օրվա ճամփի թադարեք ա տենում, վե կենում ընկնում ճամփա։

Էթում ա, էթում ա, էթում ա, շատն ու քիչն աստոծ գիտա, մի՛ օր, է՛րկու օր, ի՛րեք օր, մի ամարաթի ա ռաստ գալի: Էթում ա դուզ էդ ամարաթի դուռը ծեծում: Գալիս են դուռը բաց անում։

— Ի՞նչ մարդ ես,— հարցնում են,— խի՞ ես էկե։

— Ղոնաղ չե՞ք ուզի,— ասում ա,— ճամփորդ եմ, մի քանի օր ըստե մնամ, էլի վե կենամ, էթամ իմ բանին։

— Ղոնաղն ասսունն ա,— ասում են,— խի՛ չենք ուզի։

Դրան աղաք են անում, բերում ամարաթը։

Հացի վախտը ո՛ր գալիս ա, բերում են դաստախունը բաց անում, չորս բոլորը նստոտում։ Էդ ղոնաղը տենում ա դաստախնի վրեն մի պուճուր Քարից սավայի, որ ասես, զադ չկա դրած․ մնում ա զարմացած նրանց էրեսին մտիկ անելոն։

Եննա էդ ամարաթի տերը էդ Քարը վեր ա ունում, դնում լիզվի տակը, ասում.— Ա՛յ Քար, սոված ենք, հա՛ցը քցա։

Ասելու բաշտան մըն էլ ի՜նչ ա տենում՝ է՛լ լավ-լավ էփած կիրակրներ ասես, է՛լ տեսակ-տեսակ, լավ-լավ խաշած ձկներ ասես, է՛լ տապակած հավեր ասես, է՛լ ղազեր ասես, է՛լ շուռաջուռա ֆորսի մսեր ասես, մի խոսքով՝ ասսու ի՛նչ բար ու նուբար ասես, ի՛նչ խորակ ասես՝ էկավ լցվեց դաստախունը։ Քոմմքով կերան, կշտացան, բերանները սրբեցին, ասսուն փառք տվին, էն դիհը կաննեցին։

Ամարաթի տերը էլի Քարը դրեց լիզվի տակը, ասեց.— Ա՛յ Քար, հացը հավաքա՛։— Էն սհաթը դաստախունը դարտըկվեց, որ ասես, մի զադ էլա չմնաց դաստախնի միջին։ Դաստախունը ծալեցին, վե կալան, էն Քարն էլ տարան մի տեղ պահեցին։

էդ ղոնաղը ըստոնք որ տեհավ, աչքը մնաց էդ Քարի վրեն, միտքը բիրդան փոխվեց. «Ո՛նց անեմ, ո՛նց չանեմ,— ասեց,— որ էս Քարը մի ֆանդով գողանամ, ըստիան ծլկվեմ, էթամ»։

Էդ գշեր, որ բիրագի մննում են տեղերը քնում, ոտքը[3] հանդարտվում ա, էդ ղոնաղը վեր ա կենում, ուսուլով էթում, ման գալի, էն հունարով Քարը գտնում, վեր ունում, դնում ջեբը, մոտանում ա դռանը, որ բաց անի, փախնի, բիրդան դուռը ձեն ա տալի. «Ա՜յ հարա՜յ, է՛կեք, հա՛սեք, բռնե՛ք, որ ղոնաղը Քարը տարա՜վ»։

Էս ձենի վրա ղոնաղը ափալ-թափալ Քարը էլ եդ տանում ա դնում իրա տեղը, ինքն էլ սուս ու փուս էթում մննում տեղերը, ղաստաքուն տալի։

Ամարաթի տերը ձենը որ լսում ա, ալբիալը քնատեղիցը վեր ա թռնում, ճրագ վառում, էթում ա տենում, որ Քարը իրա տեղին ա, եննա գալիս ա ղոնաղին ա ակը տալի, տենում ա, ղոնաղն էլ իրա տեղերումը քնած ա:

— Բա՛ս կա, չկա,— ասում ա,— մեր դուռն ա սուտ ասե, զուր տեղը մեզ դիվադաթար արե։— Գալիս ա թեք ընկնում, քնում։

Անց ա կենում մի վախտ, էդ ղոնաղը տենում ա ամարաթի տերը քնեց, էլի վեր ա կենում, ուսուլով էթում Քարը վեր ունում, հենց ուզում ա դուռը բաց անի, դուռը էլի ձեն ա տալի․ «Ա՜յ հարա՜յ, է՛կեք, հա՛սեք, ղոնաղը Քարը փախցնում ա»։

Ղոնաղը էլի վռազ-վռազ Քարը տանում ա դնում իրա տեղը, ինքն էլ ափալ-թափալ էթում ա մննում տեղերը՝ տազ անում, սաքի թե քնած ա։

Ամարաթի տերը էս ձենի վրեն վե թռավ տեղիցը, էլի ճրագ վառեց, գնաց տեհավ Քարը ընդե ա. գնաց ղոնաղի կուշտը, տեհավ ղոնաղն էլ իրա տեղերումն ա քնած։ Ինքն իրան շատ հերսոտեց, որ ըս էլ էրկու հետ դուռը զուր տեղը իրան վեր ա կացնում. եննա փոր ու փոշման գնաց մտավ իրա տեղերը, քնեց։

Չանցկացավ մի սհաթ, ամարաթի տերը որ աչքը կպցրեց, ղոնաղը էլի վե կացավ, ուսուլով գնաց դպա Քարը. էլի ուզեց դուռը բաց անի, դուռը էլի ձեն տվեց. «Ա՛յ հարա՜յ, հա՛սեք, ղոնաղը Քարը տանում ա»։

Ղոնաղը էլի տարավ Քարը դրեց իրա տեղը, ինքն էլ գնաց իրա տեղերը մտավ, տազ արեց։

Ամարաթի տերը դռան ձենի վրեն էլի զարթնեց. համա էն սրտի էր էս հետ, որ դրուստ էր էլե՝ ղոնաղին պաի փարչա-փարչա աներ թողար, էնքա՛մ հերսոտել էր: Էլի տեսավ զադ չկա՝ ղոնաղն ընդե ա քնած, Քարն էլ իրա տեղումն ա: Բարկացած վրա ա հասնում դռանը, կրնկահան ա անում. քցում էն դիհը:

— Բա՛ էս գշեր,— ասում ա,— մեզ չպտի թողաս աչքներս կպցնե՜նք, ըս էլ իրեք հետ վե կացրի՛ր, թե՝ Քարը տանում են. Քարս որն ա, ղաղս որն ա, էն խեղճ ղոնաղն հրեն իրա հմար սուս ու փուս քնած ա. ես էլ քեզ էս օրը կքցեմ, տենանք հմի ո՜նց ես ձեն հանում։— Էթում ա արխեին թեք ընկնում՝ քնում:

Ղոնաղը էդ խոոքերը որ լսում ա, ուրախությունից քիչ ա մնում գժվի։ Ամարաթի տերը քնում ա թե չէ, վեր ա կենում կամաց-կամաց էթում, ման ա գալի՝ Քարը գտնում, վեր ունում դնում ջեբը ու յա՜լլա, դռնե դուս։ Դուռը էս հետ ձեն-ծպտոն չի հանում։

Հունարով Քարը էս հետ գնա՜ց, «վա՛յ տեր» կանչելոն։

Լիսանում ա։ Ամարաթի տերը վեր ա կենում, ի՜նչ տենում՝ ո՛նչ ղոնաղ կա, ո՛նչ Քար: Շատ ա գլխին վա՜յ տալի, մղկտում, վշվշում, սուգ ու շիվան անում, համա էլ ո՞րդե՝ բանը բանից անց էր կացե։

Էս մարդն էթում ա, էթում ա, էթում ա, շատն ու քիչը աստոծ գիտա, ճամփին սրան մի մարդ ա ռաստ գալի:

— Բա՛ր'աջողում, ա՛ղպեր,— ասում ա։

— Բարո՛վ, ասսու հազա՜ր բարին,— ասում ա էն մարդը։

— Խե՛ր ըլնի, էդ ո՛ւր ես էթում։

— Էթում եմ ղարբություն, աշխատանքի։ Ա՛ղպեր,— ասում ա,— ըսկի հացից–մացից չե՞ս ունենա, տաս ուտեմ, սոված եմ։

— Խի՛ չեմ ունենա,— ասում ա,— ա՛րի ըստե մի տեղ նստենք, զաթի ես էլ եմ սոված, իրար հեննա ուտենք[4]:

Գալիս են մի ծառի տակի նստում։ Էս մարդը խուրջնիցը դաստախունը հանում ա, բաց անում. եննա Քարը ջիբիցը հանում ա, դնում լիզվի տակը։

— Սո՛ւփրա, բա՛ցվի,— ասում ա։

Ասելու բաշտան կիրակուր ասես, ի՛նչ խորակ ասես, գինի, արաղ ասես, սուփրեն լցվում ա։ Էրկսով ուտում են, խմում, կշտանում։ Եննա Քարը թազադան դնում ա լիզվի տակը, ասում.— Սո՛ւփրա, խփվի՛։— Ալրիալը սուփրեն ինքն իրան հավաքվում ա։

Էդ ճամփորդի աչքը մնում ա էդ Քարի վրեն։

— Ա՛ղպեր,— հարցնում ա,— էդ ինչ հունարով Քար ա. չէ՞ս ծախի առնեմ։

— Ի՞նչ ունես, որ հարցնում ես, եննա կա՞րաս սրա գինը տա։

— Զա՛դ չունեմ,— ասում ա,— ես եմ: Էս Կոմբալը. արի՛ սրա հեննա փոխենք։

— Էդ Կոմբալի հունարն ի՞նչ ա, որ փսխեմ։

— Որ ասեմ․ «Կոմբալ տո՛ւ» ինչքամ մարգ ըլնի, քոմմքին էլ կկոտորի, ջարդ ու փշուր կանի, կթողա. սաղ ղոշուն էլ որ աղաքը գա, էլի սրա հախիցը չի կարա գա։

— Լա՛վ,— ասում ա,— որ էդ հունարն ունի, ա՛րի փոխենք։ Քարը տալիս ա դրան, Կոմբալն առնում: Էթում ա դրանից մի քիչ հեռու կաննում, ասում. «Կոմբալ տո՛ւ»։ Ասելու բաշտան էդ Կոմբալը վրա ա հասնում իրա տիրոնչը՝ տո՛ւր թե կտաս, տո՛ւր թե կտաս, մի լավ ծեծում ա, սալջարդ անում, թողում։

— Ամա՜ն, ա՛սսու սիրուն,— ձեն ա տալի էդ ճամփորդը,— ա՛րի, էս Կոմբալի ձեռիցը ինձ ազա՛տա, Քա՛րն էլ քեզ, Կո՛մբալն էլ քեզ, տա՛ր, մորդ ծծի նման քեզ հալալ ըլնի՛, ես զադ չեմ ուզում։

Էթում ա նրան Կոմբալի ձեռիցը ազատում ա, Քարը ձեռիցն առնում: Կոմբալը վեր ունում, նրան թողում ըտե, մի ուրիշ ճամփա բռնում, էթում։

Էթում ա, էթում ա, էթում ա, շատն ու քիչն աստոծ գիտա, սրան մի ուրիշ, մարդ ա ռաստ գալի։

— Բա՛ր'աջողում, ա՛ղպեր,— ասում ա։

— Բարին ա՛րևդ,— ասում ա էդ ճամփորդը։

— Էդ ո՞ւր ես էթում,— հարցնում ա։

— Էթում եմ աշխատանքի, ա՛ղպեր,— ասում ա,— հացից– մացից ըսկի ի՞նչ ունես, հացս հատել ա, ըստերանք էլ մոտիկ գեղ չկա, որ էթամ առնեմ, սաղ օրը նշխարք չեմ դրե բերանս։

— Ունե՛մ, խի՞ չունեմ,— ասում ա:— Արի մի տեղ նստենք, զաթի ես էլ եմ սոված, հաց ուտենք. մի քիչ դինջանանք, էլի վե կենանք, էթանք մեր ճամփեն։

Ըստե մի տեղ նստում են. էդ մարդը խուրջնիցը դաստախունը հանում ա, փռում։

Եննա Քարը ջիբիցը հանում ա, դնում լիզվի տակը, ասում.— Սո՛ւփրա, բա՛ցվի։

Ասելու բաշտան դաստախունը ամեն տեսակ խորակով լցվում ա։ Էրկսով ուտում են, կշտանում։ Էդ ճամփորդի աչքն էլ ա մնում էդ Քարի վրեն:

— Ա՛ղպեր,— ասում ա,— ես աշխարքումը ի՛նչ հունար ասես՝ տեհել եմ, համա քու Քարի հունարը ամեն բանից անցկացավ։ Ա՛ղպեր,— հարցնում ա,— էդ Քարը չե՞ս ծախի, առնեմ։

— Լավ,— ասում ա էդ մարդը,— որ ծախեմ՝ ի՞նչ ունես, էս Քարի գինը կա՞րաս տա։

— Էս Խանչալից սավայի զադ չունեմ, ո՞ւզում ես՝ արի՛ սրա հեննա փոխենք։

— Էդ Խանչալի հունարն ի՞նչ ա, որ փոխեմ:

— Իմ Խանչալի հունարն էն ա, որ ասեմ. «Խա՛նչալ,– կոտորա՛», ինչքամ մարդ ըլնի՝ քոմմքին էլ սոխի նման կկոտորի, կփրթի, վե կածի. տասը թագավոր որ իրա ղոշնովը աղաքը գա, սրան ախտելու ճար, իլլաջ չկա՝ բիրագնին էլ ղիմա-ղիմա կկոտորի, կթողա։

— Դե որ էդ հունարն ունի, ա՛րի վախենք։

Քարը տալիս ա սրան, Խանչալն առնում։

Եննա հրամայում ա Կոմբալին.— Կո՛մբալ, տո՛ւ։

Ասելու բաշտան Կոմբալը վրա ա հասնում էգ Խանչալի տիրոնչը՝ տու՛ր թե կտաս, տո՛ւր թե կտաս, տո՛ւր թե կտաս, մի լավ, քու հավան կացած սըխկում ա թողում։

— Ամա՜ն, ա՛սսու սիրուն,— գոռում ա էդ ճամփորդը,— ինձ սրա ձեռիցը ա՛զատա, Խա՛նչալն էլ քեզ, Քա՛րն էլ քեզ, ես զադ չեմ ուզում։

Էթում ա նրան Կոմբալի ձեռիցն ազատում ա, իրա Քարն էլ նրանից եդ ա առնում, նրան թողում ըտե, ինքը մի ուրիշ ճամփա ա բռնում, էթում։

Էթում ա, էթում ա, էթում ա, շատն ու քիչն աստոծ գիտա, ճամփին մի մարդի էլ ա ռաստ գալի։

— Բա՛ր'աջողում, ա՛ղպեր,— ասում ա։

— Բարին որդկերանցդ ա՛րևը,— ասում ա էդ մարդը։

— Առաջ բարի, էդ ո՞ւր ես էթում։

— Էթում եմ աշխատանքի։ Բա դո՞ւ:

— Ես էլ եմ էթում աշխատանքի. ի՞նչ անեմ, ա՛ղպեր, մեր երկրումը փող չկա, փարա չկա, աշխատանք չկա, որ մարդ մի բանի կենա, սթար անի, գլուխ պահի։ Հմի էթում եմ, տենանք աստոծ ի՛նչ ա ողորմում:

— Ա՛ղպեր,— վրա ա բերում էդ ճամփորդը,— հաց չո՞ւնես, մի կտոր տաս՝ ուտեմ, սաղ օրը զադ չեմ դրե բերանս։

— Ունեմ, խի՛ չունեմ, — ասում ա,— զաթի ես էլ եմ սոված, նստենք հաց ուտենք, փորներս պնդենք, մի պուճուր էլ դինջանանք, էլի վե կենանք էթանք մեր ճամփեն։

Էրկուսն ըտե մի տեղ վեր են գալի, նստում։ Էդ մարդը դաստախունը խուրջնիցը հանում ա, փռում. եննա Քարը ջիբիցը հանում ա գնում լիզվի տակը, ասում.— Սո՛ւփրա, բացվի՛։

Ալբիալը դաստախունը լցվում ա, ի՛նչ կիրակուր ասես, որ ընտե չկար։ Էս մարդը, որ իրա օրումը ըտենց բան ո՛նչ տեհել էր, ո՛նչ լսե, մնում ա զարմացած դրա էրեսին մտիկ տալոն:

Էրկսով կուշտ ու կուռ ուտում են, կշտանում։

Որ հաց են ուտում, պրծնում, էն ճամփորդը հարցնում ա.— Ա՛ղպեր, էդ ի՜նչ հունարով Քար ունես. չե՞ս ծախի, առնեմ։

— Կծախեմ, խի՛ չեմ ծախի,— ասում ա,— որ ծախեմ, դու մի խեղճ մարդ ես, ի՛նչ ունես, որ ի՛նչ տաս։

— Սուտ չկա, ա՛ղպեր,— ասում ա,— ալեյի-մալեյի էս Յափընջին ա, էլ, որ ասես, զադ չունեմ, ուզո՞ւմ ես սրա հեննա փոխենք։

— Շա՛տ լավ, փոխենք. դե ասա՛ տենամ քու Յափնջու հունարն ի՞նչ ա։

— Իմ Յափնջու հունարն էս ա, որ ինչքամ մեռած մարդ ըլնի, որ քցես վրեն ալրիալը կսաղանա։

— Դե որ էդ հունարն ունի, ղա՛բուլ եմ, բե՛ փոխենք։

Քարը տալիս ա, Յափնջին առնում։ Եննա մի քիչ էթում ա, ձեն ա տալի.— Կո՛մբալ, տո՛ւ։

Էն սհաթը Կոմբալը վրա ա պրծնում էդ մարդին մի գո՜րսա ա տալի, մի գո՜րսա ա տալի, որ աստոծ փրկի, ազատի:

— Ա՜սսու սիրուն,– գոռում ա էդ մարդը,– Քա՛րն էլ քեզ, Յա՛փնջին էլ քեզ, էս Կոմբալի ձեռիցը ինձ մի ա՛զատա, ես զադ չեմ ուզում։

Զաթի նա էլ էդ էր ուզում. էթում ա նրան Կոմբալի ձեռիցն ազատում ա, Քարը նրանից եդ առնում, թողում նրան ըտե մղկտալոն, ինքը գլուխ առնում էթում։

«Ա՛ղպեր,— միտք ա անում էդ մարդը,— աշխարքում էլ հունար չմնաց՝ ձեռք բերի, էլ ուրիշ երկիր էթալը հարամ ա. հմի վե կենամ, էթամ մեր երկիրը, կնկանս հավարին հասնեմ. սրանից դենը քանի սաղ կենդանի ենք, գլխներս դինջ կապրենք, թոփի գյուլլեն էլ մեզ քյար չի անի»։

Իրանց երկրի ճամփեն բռնում ա, էթում։ Էթում ա, էթում ա, էթում ա՝ մի՛ օր, է՛րկու օր, ի՛րեք օր, մի՛ շաբաթ, է՛րկու շաբաթ, ի՛րեք շաբաթ, մախլասի՝ մի ամիս, հասնում ա իրանց երկիրը, էթում ա դուզ իրանց տունը։ Կնիկը, որ տենում ա մարդին, ուրախանում ա, աշխարով մին ա ըլնում, վազում ա փաթըթվում ճտովը. ուրախությունիցը քիչ ա մնում լաց ըլնի։

Մարդը խուրջինը վեր ա դնում, Կոմբալը, Խանչալը վեր ա ունում. կնիկը գալիս ա չոքում, չաքմեքը քաշում. տախտի վրեն դոշակ ա քցում, որ նստի։ Մարդ ու կնիկ իրար կողքի նստում են, ասում, խոսում, մասլահաթ անում։

— Հա՛, ա՛յ մարդ,— հարցնում ա կնիկը,— էսքամ վախտ գնացել ես, ըսկի զադ-մադ աշխա՞տել ես, թե չէ. բե՛ տենամ ի՞նչ ա քու բերածը։

— Ա՛յ կնիկ,— ասում ա,— հենա ինչ ասես՝ բերել եմ. դու բե մի հաց քցա, ուտեմ, սաղ օրը զադ չեմ կերե, վերջը կիմանաս ինչ աշխատանք եմ արե:

Կնիկն էթում ա, որ հաց թրջի, կիրակուր էփի, ձու խաշի, կողակ խաշի, պանիր բերի, մախլասի՝ ինչ աստոծ տվել էր, բերի՝ մարդը չի թողնում։

— Ա՛յ մարդ,— ասում ա,— ճամփից բեզարած, ջարդված էկել ես, սոված-ծարավ էկել ես, բա զադ չպտե՞ս ուտի:

— Ա՛յ կնիկ, ես քեզ ի՛նչ ասում եմ՝ դու ինձ ականջ արա. դարտակ դաստախունը բե՛, ուրիշ բան պետքը չի։

Սա՝ հա՛, նա՝ չէ՛, սա՝ հա՛, նա՝ չէ՛, սա՝ հա՛, նա՝ չէ՛, վերջը կնիկը տենում ա մարդի հախիցը չի կարում գա, էթում դարտակ դաստախունը բերում ա դնում աղաքը, բաց անում, ինքն էլ կշտին նստում, տենա մարդը դարտակ դաստախունին թամաշ անելոն ո՛նց պտի կշտանա։

Մարդը Քարը ջիբիցը հանում ա, դնում լիզվի տակը,— Սո՛ւփրա, բացվի՛,— ասում ա։

Բացում ա, ի՜նչ բացում, էփած, հազիր տեսակ-տեսակ կիրակուրներ ասես, ձկնեղեն ասես՝ ո՛րը տապակած, ո՛րը խաշած, փլավ ասես՝ ճուտը տապակած, վրեն դրած, ղաբլու փլավ ասես՝ գլխին չամիչ, բադամը դրած, ֆորսի միս ասես՝ ջուռա-ջուռա էփած, հազրած. մի խոսքով՝ ասսու ի՜նչ բար ու նուբար ասես սուփրի միջին կար։ Ըստոնք կնիկը որ չի տենում, բերանը մնում ա բաց. ուրախությունիցը քիչ ա մնում գժվի։

— Ա՛յ մարդ,— ասում ա,— էս ի՛նչ հրաշք ա, էս ի՛նչ բաս ա. էս քոմմա հո էրազո՞ւմ չեմ տենում։

— Է՞րազս որն ա, զա՞գս որը, ա՛յ կնիկ, զարթուն վախտն էլ էրազ կըլնի, չէ՞ս տենում, որ ես էլ հրես կշտիդ նստած եմ։

— Ա՛յ մարդ, բա էս ի՞նչ նաղլ ա. մի ասա տենամ էս հունարով Քարը որդիան ես ճարե։

— Բա չե՚ս ասի,— ասում ա,— ա՛յ կնիկ, ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան. ճամփին գնացի մի տուն ղոնաղ. գշերը ըտե մնացի, էս հունարով Քարը նրանց տանիցը գողացա. սրանից ի՛նչ ուզեմ, ի՛նչ որ լիզուս պտտի՝ ալբիալը կբերի, կհազրի։ Էս հո,— ասում ա,— էս. ճամփին մի Կոմբալ, մի Խանչալ, մըն էլ մի Յափնջի եմ ճարե, որ սրանից դհա հունարով են։ Ըսկի մի՛ ասի, ա՛յ կնիկ, սրանից դենը էլ դարտ չունենք, աստոծ մեզ ձախու ձեռով ա տվե, քանի սաղ ու կենդանի ենք, թագավորի պես գլխներս դինջ կապրենք։— Նստում ա ըստե մին-մին, տեղը-տեղին կնկանը նազլ անում իրա գլխով անցկացածը, ոնց որ ես ձեզ նաղլ արի։

Եննա. թաղաղան Քարը դնում ա լիզվի տակը, ասում.— Քեզանից ընենց մի ձեռք տներ եմ ուզում իրա սարք ու կարգով, ընե՜նց մի ձեռք տներ, որ տենողի խելքն էթա։

Առավոտը մարդ ու կնիկ վեր են կենում, տենում իրանց ուզած տները հազիր ա. անե՜ր, անե՜ր, անե՜ր եմ ասում, որ չուտես, չխմես, չհագնես, չմաշես՝ հենց էդ աներին թամաշ անես: Կնիկը, հո, խելքամաղ էր էլե մնացե, քիչ էր մնում բերնի ջուրը էթա: Աղաքվա դառն–աղքատ, օրեն հացի կարոտ մարդ ու կնիկը հմի դառան հարուստ, էդ թազա տների միջին կացան:

Հարևանները մնացել ին զարմացած, թե էդ մարդը էսքամ հարստությունը, մալ ու դոլվաթը ո՞րդիան աշխատեր, բերեց:

Անց ա կենում ըսենց մի քանի վախտ, օրեն մի օրը կնիկը կպնում ա մարդի յախեն։

— Ա՛յ մարդ,— ասում ա,— էսթավուր լավ տներ ունենք, լավ սարք ու կարգ ունենք, ա՛րի մի օր թագավորին կանչենք ղոնաղ. աստոծ մեզ տվել ա՝ չի խնայե, մենք հմի ը՞նչով ենք նրանից պակաս։

— Ա՛յ կնիկ,— ասում ա մարդը,— չես թողա մեր քյասիպ հալովը վեր ընկնենք, ախա՜ր մենք թագավորի լայաղ մարդիկ ե՞նք, որ նրան ղոնաղ կանչենք։


— Խի՞,— ասում ա կնիկը,— քու ի՞նչն ա պակաս, քու գոլվա՞թն ա պակաս, քու հարստությո՞ւնն ա պակաս, թե քու նիստ ու կացը. դու պակաս անըմով մարդ ե՞ս, որ թագավորին չես կարա ղոնաղ կանչի։

Սա՝ հա՛, նա՝ չէ՛, սա՝ հա՛, նա՝ չէ՛, սա՝ հա՛, նա՝ չէ՛. մարդը ո՛ր տենում ա կնիկը իրանից ձեռը չի քաշում, ասում ա.— Տե՛ս, ա՛յ կնիկ, կկանչեմ, համա վերջը կփոշմանես, հա՜։

— Չե՛մ փոշմանի,— ասում ա,— դու կանչա։

— Լա՛վ, թող քու ասածն ըլի, կկանչեմ։

Օրեն մի օրը էս մարդը վեր ա կենում, էթում թագավորի ամարաթները։ Էթում ա դուզ թագավորի խնամաքարի վրեն նստում։

Թագավորի նազիր-վեզիրը սրան որ վարավուրդ են անում, դուս են գալի հարցնում.— Ի՞նչ մարդ ես, ի՞նչ բանի հմար ես էկե։

— Ֆլա՛ն մարդն եմ,– ասում ա,– էկել եմ թագավորի կուշտը, խնդիրք ունեմ ասելու։

Թագավորի նազիր-վեզիրը գալիս են, թագավորին հարցնում.— Թագա՛վորն ապրած կենա, ֆլա՛ն մարդն էկել ա, ուզում ա քեզ տենա, թո՞ղանք գա, թե չէ։

— Թո՛ղեք գա, տենանք ի՞նչ ա ուզում,— ասում ա թագավորը:

Նազիր֊վեզիրն էթում են էն մարդին աղաք անում, բերում թագավորի կուշտը։ Էդ մարդը ձեռները դոշին դրած, թագավորին գլուխ ա տալի, ընտե կաննում։

— Ի՞նչ մարդ ես,— հարցնում ա թագավորը,— ասա տենամ խնդիրքդ ի՞նչ ա։

— Ֆլա՛ն մարդն եմ,— ասում ա,— էկել եմ քեզ, քու կնկանը, քու նազիր-վեզիրին կանչեմ մեր տունը ղոնաղ։

Թագավորը մնում ա զարմացած՝ էս ի՜նչ մարդ ա, որ իրան ղոնաղ ա կանչում. աղաք ուզում ա չէթա, համա որ տենում ա՝ շատ ա դեմ ընկնում.— Լա՛վ,— ասում ա,— ֆլա՛ն օրը, ֆլա՛ն սհաթին կգամ։

Էս մարդն ա՝ թագավորին թազադան գլուխ ա տալի, թողում, էթում։ Էթում ա տուն, կնկանը իմաց տալի, որ թագավորը, նրա կնիկը, նրա նազիր-վեզիրը ֆլա՛ն օրը, ֆլա՛ն սհաթին պտի գան ղոնաղ, որ ինքն էլ էնու գյորա թադարեք տենա. որ ո՛նց որ կարգն ա՝ թագավորին պատիվ տան։

Թագավորը էդ մարդի խոսքը չի կոտրում. իրա ասած օրը վեր ա կենում իրա կնկա, իրա նազիր-վեզիրի հեննա գալիս ա դրա տունը ղոնաղ։ Էդ մարդը դուս ա գալի թագավորի աղաքը։

— Թագա՛վորն ապրած կենա, իմ տունը քեզ փեշքաշ, բա՛րով, ասսու հա՜զար բարին ես էկե, ի՛մ գլխի, ի՛մ աչքի վրեն ես էկե:

Թագավորը որ մննում ա նեքսև, մնում ա զարմացած, թե էս լավ տները, էս լավ սարք ու կարգը դրան ո՞րդիան ա։ Նստում են դեսից, դենից խոսում, զրից անում։ Հացի վախտը գալիս ա. էդ մարդը դարտակ դաստախունը բերում ա, դրանց աղաքին բաց անում։ Սա էն Քարը դնում ա լիզվի տակը:

— Սո՛ւփրա, բացվի՛,— ասում ա։

Ալբիալը դաստախունը ամեն տեսակ, թագավորի լայեղ կիրակուրներով լցվում ա։ Թագավորը էս որ տենում ա, աչքը մնում ա էդ Քարի վրեն։

«Ես թագավոր ըլնեմ,— ասում ա ինքն իրան,— էս թավուր զադ չունենա՛մ, էս քյասիբ մարդը ունե՜նա. ուզում ա խաթրով ըլնի, ուզում ա զոռով՝ սրա ձեռիցը էդ Քարը պտի առնեմ»։

Հացը որ ուտում են, պրծնում, թագավորը հարցնում ա.— Ա՛յ մարդ, էդ հունարով Քարը չե՞ս ծախի, առնեմ, ի՛նչ ուզես, լիզուդ հենց ի՛նչ պտտի՝ կտամ, քաշովդ մին ոսկի էլ որ ուզես՝ իմաց կաց չեմ խնայի, կտամ, թաքիլան էդ Քարը տաս ինձ:

— Չէ՛, թագա՚վորն ապրած կենա,— ասում ա,— չեմ ծախի, ես էլ էդ Քարովն եմ ապրում, ո՛նց ծախեմ։

— Չե՞ս ծախի,— ասում ա թագավորը բարկացած,— զոռով կառնեմ։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— խաթրով չե՛մ տա, զոռով կառնես՝ ի՛նչ կարամ ասի։

— Ա՛յ մարդ,— էլի ասում ա թագավորը,— բե՛ տո՛ւ, թե չէ՝ տե՛ս, կփոշմանես։

— Չե՛մ տա,— ասում ա,— ի՜նչ ուզում ես ա՛րա, արինս քեզ հալալ ա:

— Չէ՞ս տա։

— Չե՛մ տա։

— Չէ՞ ս տա։

— Չե՛մ տա։

Թագավորը տենում ա՝ խաթրով չի տալի, բարկացած վեր ա կենում իրա կնկա, իրա նազիր-վեզրի հեննա գալիս ա իրա ամարաթը։

Թագավորը որ էթում ա, էդ մարդը կպնում ա կնկա յախեն։

— Ա՛յ կնիկ,— ասում ա,— բա որ ասում ի՝ մեզ ի՛նչ կսազի թագավորին ղոնաղ կանչենք, դու հենց քեզ գնում իր անզգամությունը. տեհա՞ր վերջը ինչ դուս էկավ. հմի որ թագավորը մարդիկ ղրկի, գան զոռով էս Քարը խլեն ձեռներիցս, տանեն, ի՞նչ կանես:

Կնիկը տենում ա, որ մեղավոր ա, ամոթու ձեն, ծպտոն չի հանում:

Անց ա կենում ըսենց մի վախտ՝ մի՛ օր, է՚րկու օր, ի՛րեք օր, մի՛ շաբաթ, օրեն մի օրը էդ թագավորը եքա ղոշուն ա վեր ունում, գալի էդ մարդի վրեն կռիվ, որ ինչ ա՝ զոռով էն Քարն առնի:

Էս մարդն ա՝ որ տենում ա ղոշունը գալիս ա, Խանչալը ղնիցը հանում ա, Կոմբալն էլ բերում ընդե վե դնում, ասում.— Խա՛նչալ կտրա՛, Կո՛մբալ տո՛ւ:

Ասելու բաշտան էս Խանչալն ու Կոմբալը վրա են հասնում:

ընկնում թագավորի ղոշնի մեջը. Խանչալը մի գհիցն էր փրթում, կոտորում, Կոմբալը մի դհիցը. եննա քոմմքին էլ ջարդուխուրթ են անում թողում, մի մարդ էլա սաղ չի պրծնում նրանց ձեռիցը։

Թագավորը էս որ տենում ա, գալիս ա ընկնում էդ մարդի ոտները:

— Ամա՜ն,— գոռում ա,— քեզ էլ մեղա, քու ասսուն էլ մեղա, սաղ ղոշունս կոտորիլ տվիր, հերիք ա, ինձ էլա բա՛շխա. Քարն էլ քեզ ըլնի, հլա ի՛նչքամ մալ ու դոլվաթ էլ ուզում ես՝ տամ, մենակ Խանչալիդ ու Կոմբալիդ ասա, որ եդ գան։

Նո՛ր էդ մարդը հրամայում ա, Խանչալն ու Կոմբալը թողում են, գալի տուն։ Եննա էթում ա տանիցը Յափնջին վեր ունում, գալի. բերում ա Յափնջին մին-մին թագավորի ղոշնի վրեն փռում. փռում ա թե չէ՝ սաղանում են, ընտե կաննում, ըլում ո՛նց որ մորեն մին: Թագավորը բերում ա էդ մարդին լավ-լավ փեշքաշներ տալի, բոլ մալ ու դոլվաթ տալի՝ ճամփու դնում, ինքն էլ փոր–փոշման թողնում ա, էթում իրա ամարաթը։

Ասսանից իրեք խնձոր վեր ընկավ, մինն՝ ասողին, մինը՝ ասիլ տվողին, մինն էլ՝ անկաջ դնողին։

  1. Գրառման ձեռագրում այս արտահայտության փոխարեն եղել է. «Գլուխս ո՛ր քարին տամ», որը ջնջել է բանահավաքը (Ծ. Կ.):
  2. Գրառման ձեռագրում այս բառին հաջորդում է. «Բա հո մենք սոված չպտի մեռնենք», որը բանահավաքը ջնջել է (Ծ. Կ.):
  3. Գրառման ձեռագրում այս բառին նախորդում է. «Գշերվա մի վախտ որ․․․», որը բանահավաքը ջնջել է (Ծ. Կ.)։
  4. Գրառման ձեռագրում այս թառին հաջորդում է. «Աղ ու հաց, սիրտը բաց», որը բանահավաքը ջնջել է (Ծ. Կ.)