Կոմիտասի նամակներ/Հովհաննես Թումանյանին (1908, 8 հունիս, Ս. Էջմիածին)

Հովհաննես Թումանյանին
1908, 8 հունիս, Ս. Էջմիածին

Սիրելի՛ Յովհաննէս,

Էջմիածին չեկար, մոծակից վախեցար. էդ պիծի մոծակն ի՞նչ է, որ մարդս նորանէն վախենայ, ես քեզ այնպիսի տեղ տայի, որ մոծակ չէ, մոծակի աղբէրն իր ճտերով չէր կարող մուտք գործել:

Բան չունեմ ասելու: Ուզում ես Դիլիջան, բարի՛. դաշնամուրի հոգ մի՛ անիր. իմ գալու կամ քո գալուդ նպատակն է լինելու միայն ևէթ բառերը՝ բանաստեղծութիւնը լրացնել դերակատարներով և երգերով, մի խօսքով՝ կազմել լիբրէթթօն: Իսկ միւս բաները՝ երաժշտականը, կկազմեմ ես միայն Էջմիածնում, ուր իմ սենեակում հարկաւոր յարմարութիւններն էլ կան ինձ համար:

Մանրամասն ծրագիրներս կպատմեմ, երբ տեսնուենք, շատ դժուար է երաժշտութեան մասին գրով խօսել-բացատրուելը:

Առ այժմ ես էլ եմ զբաղուած. մինչև ամսիս վերջը շտապ գործեր ունեմ հասցնելու եվրոպական թերթերի համար, յետոյ մասամբ ազատ եմ: Ես որոշել եմ այս ամառն անցնել Էջմիածնում, բայց մի 10 օրով կգամ Դիլիջան, մինչև «Անուշը» լրացնենք:

Իշխանուհի Թումանեանին յատկապէս բարևներս յիշիր:

Քեզ, տիկնոջ, ճտիկներիդ էլ մի բոլ գնացքով սիրալիր ողջոյններս:

Համբոյրներով՝
քո Կոմիտաս