ԿՈՄՍՈՄՈԼԻ ՓՈԿԵՐՈՎ

Նախագահը գրությունը կարդաց, գլուխը դարձրեց դեպի պատուհանը, մի րոպե նայեց, — կարծես առաջին անգամն էր տեսնում ձյունի հորդ փաթիլները և ապա նորից աչքերը հառեց թղթին:

Ներս մտավ կատարածու Ենոքը և շեմքում ոտքերը պինդ դոփեց՝ ձյունը թափվելու համար:

— Չի վերջանում, էլի՛... — տրտնջաց Ենոքը և սառած ձեռքերով գրկեց վառարանի տաք խողովակը, — էսքան էլ ձյո՞ւն...

Ենոքի տրտունջը տեղին էր: Չորրորդ օրն էր, որ թափվում էր ձյունը և չէր դադարում: Սար ու ձոր ծածկվել էին ձյունի հաստ շերտով, տները կիսով չափ թաղվել էին ձյունի մեջ: Ո՛չ ճանապարհ էր երևում, ո՛չ առու, ո՛չ ձորակ:

— Ի՞նչպես անենք, Ենոք, — հարցրեց նախագահը: Կատարածուն հանկարծակիի եկավ և ապա գլխի ընկնելով, որ հարցը ձյունի մասին է, վառարանի խողովակը պինդ գրկելով ասաց.

— Փետը բերենք լցնենք, թող զիլ տաքանա, մենք էլ չորս բոլորը նստենք...

— Բա սա՞, — և թուղթը մեկնեց:

Ենոքը մի քայլ մոտեցավ: Նա վախեցավ, նրա մտքովն անցավ, որ երևի շտապ գրություն է ստացվել, և պատախանն ինքը պիտի տանի այդ ցուրտ օրն:

— Էդ ի՞նչ է, — կամաց հարցրեց Ենոքը:

— Երկաթուղու կայարանիցն են գրել, — դանդաղ պատասխանեց նախագահը և կարծես միաժամանակ մտածում էր, թե ինչպես ելքը գտնի. — մաշինեքը եկել են, սերմազտիչները...Չորս օր է ստանցումն ընկած են, որ չբերենք, համ պենիա ենք տանելու, համ էլ մեր գործն է ետ ընկնում:

Ենոքը թեթև շունչ քաշեց: Ճշմարիտ է՝ գործն ավելի մեծ էր, բայց անմիջապես իրեն չէր վերաբերվում: Ու նա կռացավ, մի քանի կտոր փայտ էլ քցեց վառարանը:

— Բա՜, Ենոք...Էսպես բաներ...

— Պենի հարցը դժվար է, մնացածը հեչ...

Նախագահը վրդովվեց.

— Ո՞նց թե հեչ:

— Ասում եմ՝ մաշին է, ճանապարհը կբացվի, կբերենք...

— Էն ժամանակ գարուն կլինի, վարը կընկնի, էլ երբ պիտի սերմացուն զտենք, Ենոք...Էսօր էգուց պիտի բերվի մաշինեքը:

— Էս եղանակի՞ն, — զարմացած հարցրեց Ենոքը:

— Հա՜, հենց էս եղանակին, — կտրուկ պատասխանեց նախագահը:

Եվ, քիչ լռելուց հետո, ձայնը ցածրացնելով ասաց.

— Գնա կանչի՜ր Սմբատին...Եթե Լևոնը տանն է, նրան էլ ձայն տուր:

Կատարածուն փայտը վերցրեց և դժկամ հեռացավ տաք սենյակից:

2

Իսկ ձյունը հա գալիս էր: Ձմեռվա այն ժամանակն էր, երբ ինչպես ասում են, օձը բնում կսառչի:

Բայց ինչպես էլ լիներ, մեքենաները պիտի կայարանից բերեին, թե չէ՝ սերմազտման պլանը չէր կատարվի, ուրեմն և սերմացուն հնար չէր լինի ժամանակին ախտահանելու: Գարունը պիտի բացվեր, և իսկույն սկսվելու էր վարը, ժամանակ չէր լինելու սերմացուն զտելու:

Ահա ինչու, երբ ներս մտավ կոմսոմոլի բջիջի քարտուղար Սմբատը, և նախագահը նրան հայտնեց գրության մասին, նա մի րոպե մտածելուց հետո՝ ասաց.

— Պետք է բերենք...

Ենոքը զարմանքից գլուխը բարձրացրեց: Նրա դեմքը արտահայտում էր և՛ կասկած, և՛ զարմանք: Կարծես ուզում էր ասել՝ գժվե՞լ են նրանք, որ չեն նայում եղանակին: Բայց այդ ժամանակ ներս մտավ Լևոնը. ու Ենոքը՝ իր պարտականությունը կատարած համարելով՝ գերադասեց չխառնվել նրանց խոսակցությանը:

— Լևո՛ն, կոլխոզի համար էլ է, — ասաց նախագահը և գրությունը մեկնեց նրան: Լևոնը կարդաց, թուղթը դրեց սեղանին և ճակատը տրորելով պատասխանեց.

,— Էդպես է...Ճիշտ է, բայց...

— Էլ բայց-մայց չկա, — իսկույն վրա բերեց նախագահը:

Լևոնը նեղացած նայեց նրա կողմը:

— Էդպես ես միշտ, չես թողնում խոսքս վերջացնեմ...

Կոլեկտիվի նախագահը դանդաղ էր խոսում: Ինչքան էլ դիմացինը արագախոս լիներ, մտքերը կարճ ու կտրուկ ասեր, նա ծնոտը պիտի շարժեր դանդա՛ղ:

— Դե ասա, հը՞:

— Ասելս էն է, որ ճիշտ է՝ եղանակն էսպես է, ինչպես որ ներկայումս է, բայց որ խոր մտածում եմ, տեսնում եմ, որ պիտի սերմազտիչը բերվի:

— Դե ասա, էլի՜, — անհամբեր կրկնեց նախագահը, — էլ ինչ ես սարո՜վ, քարով ընկել:

— Ինչպե՞ս... — և լռեց, — պետք է մի հնար մտածենք, էլի՜...

Սմբատը տեղից վեր կացավ:

— Հնար ես ասեմ...Սահնակի պես բան կշինենք, տանենք վրան պնդացնենք, քաշ տանք...

— Եզներո՞վ... — հարցրեց նախագահը:

— Սար ու ձոր ձյունով լցված՝ եզ կբանի՞ ...Բոլորը կխրվեն, ոտները սոթ կտա, կջարդվեն հեյվանները, — ավելացրեց Լևոնը:

Ենոքը, որ մինչ այդ զարմանքով և հետաքրքրությամբ էր լսում նրանց խոսակցությունը, փայտը ձեռքից վայր գցեց, երբ լսեց Սմբատի առաջարկը սերմազտիչները կայարանից գյուղ բերելու մասին:

Ամենից անհավատալին այդ էր:

3

Կայարանի ծառայողներն էլ զարմացան, երբ լույսը նոր բացված ներս մտավ գյուղացիների մի խումբ: Նրանց մեծ մասը կլոլված էր բրդե վերարկուների մեջ, գլուխը փաթաթած տաք շալով. երևում էին միայն աչքերն ու քթի հետևի մասը: Տաք գոլորշին սառել և փոքրիկ ասեղներ էր դարձել շալից կախված: Ոմանք ուղտի բրդից փափուկ ձեռնոցներ ունեին: Նրանց մեծ մասը երիտասարդներ էին, միայն մի քանի հասակավորներ կային, որոնց թվում մեկը մի երկար ձող ձեռքին քայլում էր խմբի առջևից, ձողը խրում այս ու այնտեղ՝ սառած ձյունի հաստությունը և խորությունը որոշելու:

Հենց այդպես էլ ձյունաթաթախ խմբով ներս մտան հերթապահի սենյակը:

Սմբատը մեկնեց գրությունը: Հերթապահը կարդաց, տեղից վեր կացավ, ու գնացին կայարանի հետևը, որտեղ ծածկոցի տակ, մի անկյունում փայտե Վանդակի մեջ նրանց սերմազտիչներն էին դարսված: Գիշերվա բուքը առատ ձյուն էր լցրել մեքենաների ներսը:

— Էլ մի՜ կանգնեք, — ասաց մեկը, որի գլխին մաշված կոմունարկա էր. — ձյունը մաքրե՜ք...կտաքանաք:

Կոմերիտականների մի խումբ մոտեցավ մեքենաներին: Կես ժամ չանցած մեքենաները հանեցին փայտե վանդակից, մաքրեցին և պարաններով պինդ կապեցին հենց այն տախտակներին, որոնցից շինված էր վանդակը:

Նրանք կառուցել էին սահնակի պես մի բան:

— Լևոն, ա՜ռ փայտը, — և կոմունարկայով մարդը, որ ինքը նախագահն էր, փայտը մեկնեց նրան. — դու կգնաս առջևից...Տես որ փափուկ տեղեր չլինեն, չխրվենք: Սմբա՜տ, դու վերջին մեքենայի հետ կլինես: — Ապա դառնալով մյուսներին՝ ուրախ բացականչեց, — տաքանանք, հը՞...Դե՛, ձեզ տեսնեմ, կոմսոմոլի անունը գետնով չտաք...

Ու փոկերը, պարանները հագցրին մեքենայի ոտքերից, սահնակի տախտակներից, շարվեցին մեքենայի կողքին, իրենց ուսերին քաշելով փոկի ծայրերը:

— Մե՛կ, երկո՛ւ, երե՛ք...

Ճռռացին տախտակները, սառած ձյունը, թափորը շարժվեց դեպի գյուղը սպիտակ բլուրների լանջով, ձյունով լցված ձորակների վրայով:

Կայարանի հերթապահը պերրոնի վրա կանգնած դիտում էր նրանց: Քանի հեռանում, այնքան փոքրանում էին: Կարծես մրջյունների երկու խումբ էր, որ գլորելով իրենց բունն էին տանում մի վիթխարի որս:

Քամին դադարել էր: Եթե ամպերը չլինեին, սառը փայլով կշողար ձմռան ցուրտ արևը:

— Կտանե՛ն, — ուրախացավ հերթապահը, երբ առաջին մեքենան հասավ բլուրի գագաթը, — նրանց մերը չմեռնի... հերո՛ս են, հերո՛ս...

Մեքենաները չքացան նրա աչքից:

Նրանք բլուրից սահելով իջան սարահարթի վրա, որից այն կողմը սկսվում էր նոր վերելք, նոր բլուրներ, ապա միայն պիտի երևար գյուղը:

Քրտինք էր կաթում երիտասարդ ճակատներից: Ամեն անգամ, երբ ճիգ էին անում, գոլորշին քուլաներով էր բարձրանում: Ոմանք արձակել էին վերարկուների կոճանները, ավելի հեշտ շնչելու համար:

Երկրորդ մեքենան առաջինից հետ չէր մնում: Երբեմն բոլորը միանում էին և մեկ-մեկ անցկացնում նեղ տեղերից, ոմանք քաշում էին, իսկ մնացածները հրում ձեռքերով, ուսով, կրծքով:

Թարմ ձյունի վրա մարդկային բազմաթիվ ոտնատեղերի հետ մնում էին մեքենաների հետքերը՝ իբրև լայն ակոսներ:

Առաջին անգամն էր մեքենան բարձրանում դեպի գյուղը:

4

Բազմություն էր հավաքվել ծածկոցի տակ, որտեղ տեղավորել էին մեքենաները: Գյուղացիներից շատերը առաջին անգամն էին տեսնում սերմազտիչը: Ճիշտ է, գյուղին չհասած, երբ տեղեկացրել էին, որ մեքենաները կոմսոմոլները բերում էին, շատերն էին գնացել առաջ և օգնել բերելու, բայց հրելու ժամանակ նրանք լավ չէին դիտել մեքենաները:

— Ապրի Սմբատը, — ասաց մի կին, — կռներս կդինջանա...

— Էլ խախալ չկա՛...Օրը հարյուր փութ էլ լցնես, կմաքրի...

— Հարյուր փո՛ւթ, — ծոր տվեց կինը:

Երբեմն մեքենաներին էր մոտենում կոմերիտականներից որևէ մեկը: Նա հաճույքով էր պատասխանում հարևանների հարցերին, թե ինչպես բերեցին մեքենան, որ շուռ չեկավ, ձյունը շատ էր: Նրանք իրար հետ վիճում էին, թե քանի փութ կլինի մեքենան. սակայն վիճողների երկու կողմն էլ գովում էին կոմերիտականների հերոսական աշխատանքը:

— Զորանա մեր կոմսոմոլը...

Իսկ գյուղխորհրդի գրասենյակում Սմբատը, նախագահը, Լևոնը և մի քանի երիտասարդներ հաշվում էին սերմացուն, որոշում սերմազտման հերթերը, նշանակում հսկիչներ, որոնց պատասխանատվությամբ օր ու գիշեր պիտի աշխատեին մեքենաները:

Ենոքը թեժացնում էր վառարանը և նրանց լսում խոր հավատով: