Կոյր երգիչը
ԿՈՅՐ ԵՐԳԻՉԸ.
Ինչի՞ս է պէտք ծաղիկ, գարուն,
Կամ արշալոյս, վերջալոյս...
Ինչի՞ս է պէտք—ով է սիրուն,
Ով այլանդակ, խեղճ, անյոյս:
Ինչի՞ս է պէտք—ով չի լսում՝
Թշնամի է իմ երգին.
Ինչի՞ս է պէտք-—ով արտասւում՝
Ըմբռնում է իմ հոգին:
Ես ինձ համար ունեմ գարուն,
Ո՛չ ոք նրան չի տեսնի
Ես ինձ համար ունեմ սիրուն,
Ո՛չ ոք նրան չի հասնի:
Անլոյս աչքիս՝ լոյսը կրծքիս—
Ինձ արշալոյս, վերջալոյս.
Եւ հարազատ միմունջ-երգիս՝
Ե՛ս ունկընդիր մինչև լոյս...