Կուգան ու կերթան (Ջիվանի)

Կուգան ու կերթան

Ջիվանի

Գուշակություն


Կուգան ու կերթան


Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան,
Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան.
Դառն ցավերը մարդու վերա չեն մնա երկար,
Որպես հաճախորդ շարվեշարան կուգան ու կերթան։

Փորձանք, հալածանք և նեղություն ազգերի գլխից
Ինչպես ճանապարհի քարավան կուգան ու կերթան,
Աշխարհը բուրաստան է հատուկ, մարդիկը ծաղիկ,
Ո՜րքան մանուշակ, վարդ բալասան կուգան ու կերթան։

Ոչ ուժեղը թող պարծենա, ոչ տկարը տխրի,
Փոփոխակի անցքեր զանազան կուգան ու կերթան,
Արևը առանց վախենալու ցայտում է լույսը,
Ամպերը դեպի աղոթարան կուգան ու կերթան։

Երկիրը ուսյալ զավակին է փայփայում մոր պես,
Անկիրթ ցեղերը թափառական կուգան ու կերթան.
Աշխարհը հյուրանոց է, Ջիվան, մարդիկը հյուր են,
Այսպես է կանոնը բնական, կուգան ու կերթան։


1892