Կուզեի անհետ հեռանալ, կորչել…
Թարգմանությունը՝ Հովհաննես Հովհաննիսյանի
* * *
Կուզեի անհետ հեռանալ, կորչել,
Որպես ոսկեվառ շողն արշալույսի,
Որպես մի աստղիկ կուզեի հանգչել
Բարձր կամարում կապույտ երկնքի։
Որպես քաղցր երազ կուզեի անցնել,
Խանգարված տգեղ հոգսերիցն օրվան,
Կամ գիշերային ձայնի պես մեռնել,
Տեղ տալով խորին մի խաղաղության։
Եվ որպես ցողը ես շոգիանալ
Կուզեի հզոր արևի տապից,
Կուզեի դեպի երկինք բարձրանայ,
Որպես սրբազան կնդրուկ բուրվառից։
Եվ կը ցանկայի ինչպես ծուխ ցրվիլ,
Ինչպես օդումը բույր ծաղիկների.
Ողջ իմ էությամբ բնավին ջնջվիլ
Կուզեի հանկարծ, առանց ցավերի։
Եվ կը ցանկայի… բայց ինչո՞ւ ցանկամ
Դյուրավ չէ գալիս մահը վերահաս,
Մինչ նորա գալը բաժին է մարդկան
Սրտամաշ ցավով տանջվիլ հանապազ։
Եվ ահա հետո հասնում է միայն
Բոլոր վշտերի տխուր փրկություն,
Եվ քեզ համար է լոկ անվիշտ վախճան,
Քեզ համար, դու՝ մե՛ծ, անսի՛րտ բնություն։