Կուզեի տեսնել երկինքն ամպամած․․․

Կուզեի տեսնել երկինքն ամպամած․․․

Կուզեի տեսնել երկինքն ամպամած․․․


Կուզեի տեսնել երկինքն ամպամած
Վշտի, տանջանքի մռայլ ամպերով՝
Արևն ու լուսին անլույս քարացած,
Աստղերին՝ քողված սգի սև քողով։

Կուզեի տեսնել ամպերին կապույտ,
Երկրում թափված արյունից ներկված,
Որ տառապանքը իր շնչով անգութ
Իշխեր միշտ այնտեղ՝ երկիրը թողած։

Կուզեի երկնից ոգիներն անմահ
Տանջվեին անհույս, արցունք թափեին,
Որ մաշեր նրանց քաղցը սովամահ,
Անեծք կարդալով երկիր իջնեին։

Կուզեի տեղար անձրև արյունից,
Որոտն անխափ դղրդար այնտեղ․
Երկնի ու երկրի ցավագար երգից
Տիրեր միշտ դժոխք հուժկու և ահեղ։

Կուզեի կորչեր հանգիստը Տիրոջ,
Խավարը փարվեր լուսատու դեմքին,
Ու սուլեր վիշտը անդուլ ու անխոնջ,
Տանջանքի ծուխը գալարվեր գահին։

Ու նա միշտ տանջվեր իր գործից սխալ,
Ճնշեր միշտ կուրծքը վճիռն անարդար,
Ու ինքը—ստեղծող անհաս ինքնակալ,
Մենք այստեղ ստրուկ՝ գոյության համար։

1906