ԿՈՒՅՍԻՆ

Ո՛վ կույս գեղադեմ, եթե ընտրել ես
Ինքդ քեզ հավիտյան ընկեր անբաժան,
Եվ անխաբ սրտով դու կամենում ես,

Որ մենք կապվեինք սուրբ ամուսնական
Անքակտ կապերով ամբողջ մարդկության
Եվ աստուծո առաջ.—

Ապա խոսք տուր ինձ, որ մահու մինչև
Քո գերեզմանը կըմնաս այդ կապին
Դու հավատարիմ և ոչինչ չար դև
Իրեն նենգավոր թույնով բնավին
Չի կարող սողալ ներսը քո սրտին
Եվ ո՛չ մի վայրկյան։

Խոսք տուր ինձ, որ դու, որպես կենակից
Կըբաժնես ինձ հետ ամեն, ամեն բան,—
Եվ իմ արցունքս թափած խոր վշտից,
Եվ իմ արցունքս քաղցր ուրախական.
Խոսք տուր, որ կյանքի բաժակ դառնության
Կըխմես ինձ հետ։

Բայց, ո՛վ կույս, եթե դու ինձ խաբում ես,
Եթե խոսքերդ կեղծ են, նենգավոր,
Եվ ինձ ընտրելով դու կամենում ես
Հագեցնել կիրքդ ժամանակավոր,—
Ապա հեռացի՛ր, Եվա նենգավոր,
Աղաչում եմ քեզ։

25 մարտի 1886.