Կույսի հոգի

Մատթեոս Զարիֆյան

Այս ո՜րքան վարդ նորեն այսօր
Աչքերուդ մեջ. իմ աղվո՛ր․․․
― Քե՜զ եմ բերեր, մըռայլ տըղա,
Եկուր անոնց մեջ լողա՜․․․

Այս ո՜րքան աստղ, այս իրիկուն,
Աչքերուդ մեջ, իմ անհո՛ւն․․․
― Քե՜զ եմ բերեր, հպարտ տըղա,
Սիրտըս սերեն կը դողա՜․․․

Այս ո՜րքան վիհ սակայն հիմա
Աչքերուդ մեջ կ'երեւա․․․
― Քիշերն ի՛մն է, անսի՛րտ տըղա,
Աստղերուս տակ դուն խաղա՜․․․