Կույրին երգը

Կույրին երգը


Ալ երկինք կապույտ չունի ինձ համար,
Ո՜չ ալ շողերը լույսեր անհամար,
Արշալույսը զարդ չի սփռեր բնավ,
Մարմանդը չունի կանաչներ խոնավ:
Ի՜նչ փույթ, թե գարուն կը բերե ծաղիկ,
Թե ծովուն վրա նավեր խաղաղիկ,
Պարզած առագաստ` ալիք կը ճեղքեն,
Փրփուր կը հանեն կապտորակ ջուրեն:
Կամ թե ցրտաշունչ մինչ փչե հյուսիս
Ու ձյունով պատե շուրջ պատուհանիս`
Ծառեր պատանքով փաթթտվին ճերմակ,
Ինձ համար նորեն խավա՜ր է մինակ:
Վասն զի կույր մ’եմ ալ,
Սև սրտով վշտահալ,
Անդունդին մեջ նսեմ
Կորսված եղնիկ մ՚եմ:
Սև կռնակ մը պատած
Իմ շուրջս մթամած,
Թող չի տար, որ տեսնեմ
Ինչեր որ կան իմ դեմ:
Չեմ հիշեր ալ արփին,
Ծաղիկներ մարմանդին,
Ցող ու շող, որ կաթին
Ճերմակ ծիրը կաթին.
Ալ գույն մը չեմ հիշեր,
Բացի այն սև գիշեր,
Դժոխքի սև գույնեն,
Որ զիս չորս կողմեն
Պատեր է, թող չի տար
Տեսնելու գույն մ՚օտար:
Ալ տեսնելու իղձս ալ մեռա՜ծ է, մեռա՜ծ,
Շիրիմներու մեջտեղ միտքս կ՚երթա հած,
Կյանքս կյանք չէ—հապա գիշեր մ՚անառտու.
Լքումիս մեջ, հոգիս` ով Տեր, գեթ ա՛ռ դու: