ԿՌՈՒՆԿ


Ես ինչպես թռչեմ ջարդված թեւերով, -
Պիտի գարունը ծլեր իմ թեւին,
Ցոլանար լեռը զույգ գմբեթներով,
Եվ քարը ճաքեր կարոտի նման.
Ջարդված թեւերով ես ինչպե՞ս թռչեմ։

Ես ինչպես թռչեմ ջարդված թեւերով, -
Իմ թեւը նետի սուր ծայրին մնաց,
Երկինքը գոցվեց իմ թեւի վրա,
Տունս իմ տնից դուրս մնաց հեռվում.
Ջարդված թեւերով ես ինչպե՞ս թռչեմ։

Ես ինչպես թռչեմ ջարդված թեւերով, -
Գիշերն երամից ուզում էր մի զոհ
Եվ, ընկերներիս տված իղձ ու խոհ,
Վտանգի ճամփան ինձնով փակեցի...
Ես ինչպե՞ս թռչեմ ջարդված թեւերով։
Ես ինչպես թռչեմ ջարդված թեւերով, -
Իմ տեղը բացված վերք է երամում,
Երամի կանչը - յոթ սար, յոթ ձոր դեն-
Ինձ որոնում է լացերգի նման...
Ես թռչելու եմ թեւով երամի։