ԿՐԱԿ

I

Այս անգամ փաստաբան Միրաբյանի մոտ հյուր էինք ընդամենը երեք հոգի՝ մի բժիշկ, մի ճարտարապետ և ես։ Դրսում փչում էր ձմեռային բուք, կարկտի պես կոշտ ձյունի հատիկներն ուժգին զարկվում էին լուսամուտների ապակիներին։ Սեղանի վրա խշշում էր ինքնաեռը, վառարանի մեջ ուրախ-ուրախ այրվում կրակը, իսկ լամպը մանիշակագույն լուսամփոփի միջով տարածում էր մեղմ, հաճելի լույս։ Այս բոլորը մեզ տրամադրում էր նույն երեկո սովորականից ավելի նստել հյուրասեր տանտիրոջ տաք, համեստ, բայց ճաշակով կահավորված, դուրեկան սենյակում։

Բժիշկը ոգևորված խոսում էր անհատի և շրջանի փոխադարձ ազդեցության մասին, և մենք վիճաբանում էինք։

Միրաբյանը լուռ էր և կարծես չէր հետաքրքրվում մեր խոսակցությամբ։ Նա անթարթ աչքերով նայում էր վառարանին՝ մերթ ընդ մերթ շփելով յուր խիտ և կարճ միրուքը, որ արդեն սկսել էր ճերմակել։

Կրակ էր, ինքն իրան կերավ, ոչնչացավ,— հանկարծ արտասանեց նա կամացուկ, շարունակ նայելով վառարանին։

Բժիշկը լռեց և մենք բոլորս զարմացած նայեցինք Միրաբյանին։

— Ներեցեք, պարոններ ասաց նա մի քիչ շփոթվելով,— ես մտածում էի, բայց չկարծեք թե ականջ չէի դնում ձեզ։ — Ինչի՞ մասին էիր մտածում,— հարցրեց բժիշկը։

— Զարմանալի է մարդու միտքը... գուցե գաղափարների ասոցիացիա էր. մտածում էի այս վառարանում այրվող այն կանաչագույն կեղևով փայտի մասին։ Նա մի նորաբույս ծառի բուն է եղել։ Այդ կրակը և ձեր խոսակցությունը ինձ հիշեցրեց մի դեպք, մի... մի... անբախտ մարդու կյանքը։

Նշանակում էր, որ Միրաբյանի անսպառ շտեմարանում կար դարձյալ մեզ անհայտ մի պատմություն։ Մենք միշտ հաճությամբ էինք լսում նրան, իսկ նա սիրում էր պատմել։ Ինչ ասել կուզի, որ մենք հետաքրքրվեցինք ու խնդրեցինք պատմել այն, ինչ որ այդ րոպեին պատճառել էր նրան այնքան մտախոհություն։ Մի-մի բաժակ թեյ ածելով մեզ համար, նա վառեց մի նոր ծխախոտ և նստեց դարձյալ վառարանի հանդեպ։


— Այն ժամանակ, պարոններ, ես դեռ ուսանող էի, — սկսեց նա անմիջապես,— և բնակվում էի Մոսկվայի ծուռ փողոցներից մեկում, մի պատվավոր ընտանիքում։ Նա բաղկացած էր մի պառավ այրիից և երկու երիտասարդ աղջիկներից՝ մեկը քսանուերեք, մյուսը մոտ քսան տարեկան։ Մայրը վարձով սենյակներ էր տալիս, մեծ աղջիկը երաժշտության դասատու էր, իսկ փոքրը նոր էր ավարտել գիմնազիոնը։ Նրանց հայրը եղել էր երկար տարիներ գերմաներենի դասատու մի դպրոցում։ Այրին նրա մահից հետո թոշակ էր ստանում։ Բնակարանի յոթ սենյակներից երկուսում կենում էին տանտիրուհիները, իսկ հինգը տրված էին վարձով։

Մի օր սենյակներից մեկը դատարկվեց․ պառավն ընկավ հոգսի մեջ։ Նա մեզ խնդրեց, ինչպես և է, վարձող գտնել։ Պառավի խնդիրը կարողացավ կատարել իմ դրկիցներից մեկը ֆիզիկո-մաթեմատիկական ֆակուտետի մի հայ ուսանող՝ Զարիֆյան անունով։

Որովհետև Զարիֆյանը դեր է խաղալու իմ պատմության մեջ, բարեհաճեցեք լսել նրա մասին մի քանի խոսք։ Դա այն մարդկանցից էր, որոնց մասին, հենց առաջին անգամ նայելիս, կարելի է ասել՝ թե կյանքը երբեք նրանց համար տանջանքների բով չի դառնալ։ Նրա կարմիր երեսը, կարմիր ականջները, տափակ ճակատը, բաց-կինամոնագույն քծնող աչքերը արտահայտում էին խաբուսիկ համեստության և ամբարտավանության մի անորոշ խառնուրդ։ Նրա քայլվածքը դանդաղ էր, ձևերը մեղմ, խոսակցության եղանակը մի քիչ արհամարհական, մի քիչ ծանրաբարո։ Դա նրա բնական հատկությունները չէին, այլ արվեստական, շինծու։ Նա աշխատում էր երևալ ավելի խոհեմ և հասուն, քան կարող էր լինել քսանուչորս տարեկան մի երիտասարդ, որ շուտով պիտի ավարտեր ուսումը։

Ես զգում էի դեպի թարիֆյանը ինչ-որ խուլ հակակրանք, թեև նա ինձ ոչ մի անախորժություն չէր պատճառել, նա ինձ հետ վարվում էր շատ քաղաքավարի, նույնիսկ աշխատում էր հաճոյանալ։ Նա աշխատասեր էր, հաշվագետ, խորամանկ և գիտեր գրավել պրոֆեսորների ուշադրությունը։ Նրա աչքերի արտահայտությունը պարունակում էր ինչ-որ վատ բան, հոգու մի եսական և անհաճո ձգտում, բայց միայն այն ժամանակ, երբ լուռ էր։ Դժբախտաբար կյանքում առհասարակ դիտող մարդիկ շատ քիչ են պատահում, ուստի Զարիֆյանը ընկերների շրջանում համարվում էր բարեսիրտ, համեստ, ի՜նչ եմ ասում, նույնիսկ յուր ազնվությամբ օրինակելի։ Այնինչ, ես ոչ ոքից չէի լսում, թե երբևէ նրա կողմից իրականորեն արտահայտվել են այդ սիրուն հատկությունները։

Ահա այդ երիտասարդը մի օր հետը բերեց բնագիտական ֆակուլտետի մի ուսանող, որը նույնպես հայ էր և կովկասցի։ Առանց երկար խոսելու, նա վարձեց սենյակը ճաշով և նույն օրն ևեթ տեղափոխվեց։ Երրորդ օրից սկսած նա արդեն ճաշում էր մեզ հետ միասին։ Ես նստած էի նրա դեմուդեմ և կամա-ակամա դիտում էի նրան։ Նրա թուխ-թուխ դեմքը գունատ էր, աչքերը խոշոր, սևաթույր, ճակատը լայն և պայծառ։ Նրա ուղղաձիգ քիթը, նուրբ և մի փոքր կանացի շրթունքները, որ նոր-նոր ծածկվել էին կակուղ մազերով, նրա ամբողջ կերպարանքը արտահայտում էին հոգու անխառն մաքրություն։ Նրա նայվածքը խելացի էր և թախծալի։ Կար մի ինչ-որ հեգնություն այդ նայվածքի մեջ, մի ներքին ծիծաղ, բայց բարի և ցավակցական ծիծաղ այն բոլորի վրա, ինչ որ տեսնում էր գոնե, այսպես թվաց ինձ հենց առաջին անգամից։

Ճաշի միջոցին, ինչպես և հետո, նա մի վայրկյան հանգիստ չէր մնում։ Մասնակցելով մեր խոսակցությանը, նա մերթ սեղմում էր շրթունքները, դառն ժպտում և ճակատը տրորում, որպես թե գլուխը ցավելիս լիներ, մերթ անսպասելի ցնցումներ էր գործում, որպես թե մի անախորժ բան էր լսում։ Եվ միշտ նրա կրակոտ աչքերը կայծեր էին ցայտեցնում։ Նրա նիհար ձեռները մի քիչ դողում էին, ձայնը երերվում էր խոսակցության ժամանակ և երբեմն խեղդվում կոկորդում։

Հետևյալ օրը ես ճաշի ժամանակ դարձյալ նստեցի նրա դեմուդեմ։ Նույնն արի և երրորդ, չորրորդ օրերը։ Կարծես, նրա դեմքի, մանավանդ աչքերի մեջ կար մագնիսական զորություն, որ չէր թողնում իմ հայացքը հեռացնել իրանից։ Մի բան ասելիս, նախ և առաջ նրան էի նայում։ Ինձ հաճելի էր նրան նայել։ Իսկ նա նայում էր ամենին և ոչ ոքի։ Թվում էր, որ նրա միտքը երբեք չի կենտրոնանում սեղանակիցների վրա, որ խոսելով մեզ հետ, մտածում է ուրիշ բաների մասին։

Հինգ դրկիցներից մեկը լեհացի էր, ծառայում էր մի ինչ–որ բանկում, մյուսը՝ ռուս ուսանող, մենք՝ հայեր, տանտիրուհիները՝ գերմանացիներ, ամենքս էլ խոսում էինք, իհարկե, ռուսերեն։ Այսպիսով մեր խումբը ներկայացնում էր մի միջազգային խառնուրդ, Զարիֆյանը սովորաբար նստում էր օրիորդների միջև։ Աջ ու ձախ ծառայելով մեկին ու մյուսին, նա երկուսին էլ հաճոյախոսություններ էր անում։ Մեծ քույրը — Մելիտան նշանված էր մի գերմանացի երաժշտի վրա, շուտով պիտի ամուսնանար և այդ միջոցին զբաղված էր յուր հարսանիքի հագուստներով։ Նա գեղեցիկ չէր, բայց խելոք էր և բարի։ Իավական սիրուն էր փոքր քույրը՝ Ադելաիդան։ Նրա մազերը ոսկեգույն էին, դեմքը առողջ, աչքերը խոշոր և լի կենսուրախության հրով, վառվռուն, կազմվածքը կանոնավոր, միջահասակ։ Մի ուրախ ու զվարթ աղջիկ էր, միշտ երգում էր, միշտ թռչկոտում, միշտ ծիծաղում։ Եվ դա այնքան դաշնակում էր նրա պատանեկական հասակին, որքան ծիծեռնակի երգը՝ գարնան առավոտին: Մենք բոլորս սիրում էինք նրան ինչպես եղբայր, կատակներ էինք անում, բարկացնում, և նրա առողջ քրքիջների շնորհիվ մեր ճաշն անցնում էր զվարճալի:

Բայց այն օրից, երբ նոր դրկիցը դարձավ մեր ճաշընկերը, մեր խմբի միջազգային բնավորությունն սկսեց քիչ-քիչ փոխվել. նա չէր մասնակցում մեր կատակներին և զվարճախոսություններին, չէր ծիծաղում և ոչ օրիորդներով զբաղվում։ Կարելի էր կարծել, որ մի ծանր, անխուսափելի միտք անընդհատ տանջում էր նրան: Իսկ իմ հետաքրքրությունը օրեցօր ավելանում էր։ Փափագում էի, որքան կարելի է, շուտ և մոտիկ ծանոթանալ այդ մարդուն։ «է՛հ, մտածում էի, գուցե մի վիշտ ունի, գուցե կարոտ է ընկերական սփոփանքների, և ես կարող եմ оգտակար լինել»։ Ես նրան առաջ էլ տեսել էի մի քանի անգամ, բայց ծանոթ չէի: Նա սկզբում եղել էր Պետերբուրգի համալսարանում և հենց այն տարին էր տեղափոխվել Մոսկվա։

II

Մի անգամ մենք արդեն ճաշի էինք նստել գերմանական ճշտությամբ ուղիղ որոշյալ ժամին, իսկ մեր նոր սեղանակիցը դեռ չկար։ Դրա համար մենք առաջվա պես ուրախ էինք, մանավանդ օրիորդները։ Կար մի բարոյական զորություն այդ երիտասարդի մեջ, որ անբռնաբարելի կերպով ազդում էր մեզ վրա: Նայելով նրա մշտապես գունատ ու մելամաղձոտ դեմքին, մենք կամա-ակամա զսպում էինք մեր ծիծաղը և նայում միմյանց երեսին։

Արդեն ճաշը ավարտվելու վրա էր, երբ հանկարծ ներս մտավ և առանց սովորական բարևն ասելու, նստեց տեղը։ Այս անգամ նրա դեմքն ավելի էր գունատ, աչքերն այրվում էին՝ մռայլված և կնճռված ճակատի տակից կայծեր արձակելով։ Այդ միջոցին ռուս ուսանողը լեհացու հետ վիճաբանում էր մարդասիրական և բարեգործական գաղափարների մասին։ Դա ժամանակակից խոսակցության առարկաներից մեկն էր։

Ուսանողը պնդում էր, թե մարդասիրությունը այժմյան տնտեսական անկանոն կազմակերպության հետևանքներից մեկն է։

Լեհացին հերքում էր նրա ասածները։

Ռուս ուսանողը խոսում էր առանձին ոգևորությամր, երևի խրախուսված Զարիֆյանի հավանողական ժպիտներից և Մելիտայի ուշադրությունից։

— Ո՛չ,— գոչեց հանկարծ մեր նոր սեղանակիցը, գլուխը բարձրացնելով և նայելով ուղղակի ռուսի աչքերին,— ոչ, դուք սխալվում եք։ Ձեր ասածները ցնորք են և ցնորք էլ կմնան, քանի որ անհատի հոգին չի ենթարկվել արմատական հեղաշրջման. հասկանո՞ւմ եք, արմատական...

— Ի՞նչ եք կամենում ասել, պարոն Սանթուրյան,— հարցրեց ռուսը զարմացած։

Զարմացանք մենք բոլորս էլ և մի հարցական հայացք ձգեցինք Սանթուրյանի վրա։

— Ա՛յն, որ մեր հոգին է ապականված, մեր սիրտն է նեխված, և ոչ մեր միտքը խավար,— պատասխանեց նա, մի ներվային շարժումով հեռացնելով իրանից ապուրի ամանը, որ աղախինը նոր էր դրել նրա առջև։ Մարդկությունը երբեք չի հասնիլ ձեր երևակայած վիճակին, քանի որ գիտությունն ու կրթությունն անընդունակ են գջլել արմատից մեր կրծքի տակ թաքնված, քարացած ու ապականված մսի կտորը և նրա տեղը դնել իսկական մարդկային սիրտ։ Լսեցե՛ք, մարդկային սիրտ եմ ասում... Դուք պախարակում եք բուրժուաներին, որոնք գոնե իրանց սեղանի փշրանքը ձգում են չքավորներին։ Բայց ի՞նչ կասեք այն կրթված ու կրթվող բարբարոսների մասին, որոնք խոսքով ի՛սկ և ի՛սկ ձեր պաշտպանած գաղափարներն են քարոզում, իսկ գործով ուտում են իրանց բարեկամի ոչ միայն միսը, էէ, դա քիչ է, այլև հոգին. հասկանո՞ւմ եք, հոգին։ Այո՛, ուտում են, մարսում և էլի գաղափարական մարդիկ համարվում։ Ախ, ներեցե՛ք տանտիրուհիներ, ես այսօր ախորժակ չունիմ․ ներեցե՛ք պարոններ․․․

Այս ասելով, շտապով վեր կացավ և գնաց յուր սենյակը։ Մենք նայեցինք միմյանց երեսին։ Զարիֆյանը քթի տակ ժպտաց, գլուխը շարժեց և ինչ-որ խոսք ասաց Ադելաիդային։ Իսկ ես չկարողացա զսպել իմ հետաքրքրությունը, թողի սեղանը և գնացի Սանթուրյանի հետևից։ Մոտենալով նրա դռներին, մի քանի վայրկյան տատանվեցի — մտնե՞լ, թե ոչ։ Մինչև այդ օրը նրա սենյակում չէի եղել և ոչ էլ նա էր ինձ այցելել։ Բայց իմ ձեռը, գրեթե, ակամա երկու անգամ զարկվեց դռներին, և ներսից լսվեց նրա հուզված ձայնը — «մտե՛ք»։ Երբ ներս գնացի, նա անկողնակալի վրա թերթերի մեջ շտապով փաթաթում էր ամառային վերարկուն։

— Ներեցե՛ք ես անքաղաքավարի վարվեցի․ ա՜խ, ներեցեք,— կրկնեց նա, յուր այլայլված դեմքը դարձնելով ինձ։— Դուք, երևի ինձ խելագար եք համարում։ Գուցե իրավունք ունիք։ Բայց ես շատ ուրախ եմ ձեր այցելությանը․ ցավում եմ միայն, որ պետք է գնամ․․․ Գիտե՛ք, գործը անհետաձգելի է, իսկ ես անսիրտ, դեռ ուզում էի ճաշել․․․

Նա գործը վերջացրեց, հագավ ձմեռային վերարկուն՝ և դուրս գնաց, հետը տանելով կապոցը։

Ես հիմարի պես ապշած, նայում էի նրա հետևից։

Մի ժամ անցած, երբ հագուստով պառկած անկողնակալիս վրա, մտածում էի դեռ այդ մարդու տարօրինակ վարմունքի մասին, լսեցի իմ դռների ձայնը։ Ներս մտավ Սանթուրյանը, և ես լամպի լուսով նշմարեցի, որ այժմ նրա դեմքը հանգիստ է։

— Կրկին անգամ ներողություն. գնանք իմ սենյակը՝ միասին թեյ խմելու։

Նա բարեկամաբար բռնեց իմ թևից և տարավ ինձ յուր սենյակը։

— Ես չափից դուրս վրդովված էի,— ասաց նա, թեյ պատրաստելով,— այժմ ոչինչ, անցավ․․․

— Բայց ի՞նչ է պատահել։

— Դժբախտություն. ո՛չ, տմարդություն։ Մի շատ սովորական, բայց սոսկալի տմարդություն. ընկերի տմարդություն՝ ընկերի վերաբերմամբ։ Լսեցե՛ք, եթե կամենում եք։

Նրա պատմածից երևաց, որ յուր ծանոթ ուսանողներից մեկը հիվանդ է։ Նա համալսարանում լսում է այդ մասին, գնում է հիվանդին այցելելու։ Տեսնում է, որ մարդը մենակ, անօգնական պառկած է։ Ոչ բժիշկ է գալիս, ոչ դեղերի փող ունի, նույնիսկ թեյ-շաքարն էլ վերջացել է։ Դա մի խեղճ մալարոս էր, ամենից ատված, արհամարհված։ Արհամարհված այն պատճառով, որ նրա մայրը վատ ճանապարհի էր եղել և հենց այն ժամանակ էլ էր։ Նա մի անհայտ դժբախտ զավակ էր, որ կրում էր անառակ մոր հանցանքի պատիժը։

— Երևի, Ժառանգականության օրենքների հիման վրա,— գոչեց Սանթուրյանը, հետզհետե նորից հուզվելով,— չէ՞ որ մենք այժմ անգիր ենք անում Դարվինի թեորիան։ Երևակայեցեք, նա ամաչում է անգամ ընկերների օգնությանը դիմելու այդ նեղ վիճակում։ Դժբախտաբար ես գրպանումս միայն հիսուն կոպեկ ունեի։ Ի՞նչ կարելի էր անել։ Վազեցի մեկի, մյուսի, երրորդի մոտ․ բոլորը մերժեցին ինձ հինգ ռուբլի տալու։ Վերջապես, դիմում եմ չորրորդին։ «Փող չունիմ» ասում է։ Է՛հ, ի՞նչ արած, ստիպված դուրս եմ գալիս ձեռնունայն։ Սանդուղքի վրա հանդիպում եմ նրա աղախնին։ Կինը, մի ձեռին բռնած մի շիշ թանկագին խմիչք, մյուս ձեռի ափում սեղմած մի բուռն թղթադրամ, դիմում է նրա սենյակը։ Մի չար միտք ինձ թելադրում է, որ մեր փող չունեցող պարոնը յուր ընկերներին այս երեկո շաքարօղիով հյուրասիրելու համար քսասհինգանոց է ուղարկել խմիչքների խանութը... Ահա ինչեր են պատահում։ Իսկ այդ ուսանողը միշտ բարձր բաների մաս՛ին է խոսում... Օօ՜, զզվում եմ միանգամայն այդ խոսքերից․ ահա ինչու այսօր այնքան կոպիտ պատասխանեցի մեր սեղանակցին. ..

Նրա խոսքերի մեջ զգացվում էր մի անկեղծ հոգու բնական վրդովմունք։

— Ինչո՞ւ ինձ չդիմեցիք, ես փող ունեի,— ասացի ես։

— Առայժմ կարիք չկա. ես նրա համար փող գտա...

Հարկավոր չէր հարցնել իմանալու համար, թե Սանթուրյանը որտեղից է փող ճարել։ Նա անշուշտ գրավ էր դրել իր ամառային վերարկուն։

Այդ երեկո երկար ժամանակ մնացի նրա մոտ և բավական ծանոթացա նրա հայացքներին։ Չնայելով տարիքին, նա անհամեմատ ավելի զարգացած էր, ավելի շատ կարդացած և կարդացածը լավ ըմբռնած, քան բոլոր իմ ծանոթ ուսանողները։ Խոսում էր լուրջ բաների մասին։ Երբեմն նրա միտքը այնպիսի թռիչքներ էր գործում, որ ես հազիվ կարողանում էր երևակայությամբ հասնել նրան։ Նրա ոչ մի դատողությունը սովորական չէր, ոչ մի դարձվածք անգամ չէր արտասանում այնպես, ինչպես ուրիշները։

Նա զգայուն էր և անչափ զգայուն։ Նրան վրդովեցնում էր մարդկանց անտարբերությունը դեպի հալածվածները, չքավորները, խեղճերը։ Եվ այդ մասին խոսելիս, ավելի էր հուզվում, գունատվում, նրա ձայնը ավելի էր դողում։ Իսկ աչքերը — կրակի այդ անսպառ աղբյուրը — շարունակ կայծեր էին արձակում։

Ո՛չ, ես այդ տեսակ շարժուն դեմք կյանքումս էչ չեմ տեսել։ Մարդը, կարծես, ամբողջովին բաղկացած էր ներվերից։

Այնուհետև մերկ ներվերից։ Այնուհետև ես երբեմն գնում էի նրա սենյակը կամ ինքն էր գալիս ինձ մոտ: Նա խոսում էր ամեն բանի մասին, բացի մեկից — յուր անձնավորության և ընտանեկան վիճակի։ Իսկ ես, հարկավ այդ մասին չէի հարցնում։ Միայն ինձ թվում էր, որ նրա ազգանունը ինձ ծանոթ է, որ ես մի տեղ լսել եմ, թե կարդացել նրա մասին մի պատմություն։

Ես սիրեցի նրան։ Սիրում էր արդյոք նա էլ ինձ,— չգիտեի։ Զգում էի միայն, որ իմ այցելությունները նրան չեն ձանձրացնում։ Մեր սենյակները միմյանցից բաժանված էին Զարիֆյանի սենյակով։ Երբեմն Սանթուրյանի ձայնը լսում էի իմ հարևանի մոտից։ Շուտով նկատեցի, որ Զարիֆյանը արդեն գրավել է նրա համակրությունը...

III

Մելիտան պսակվեց և ամուսնու հետ տեղափոխվեց Օդեսա։ Մեր խմբի միակ զարդը մնաց Ադելաիդան, Զարիֆյանը սկսեց ավելի հետամուտ լինել նրան։ Թե ինչ ուներ սրտումը՝ այդ դժվար էր իմանալ նրա նման մի գաղտնապահ և խորամանկ մարդուց։ Միայն այդ երիտասարդի հարաբերությունը դեպի օրիորդը ինձ դուր չէր գասլիս, ինչպես և նա ինքն առհասարակ։ Երբեմն նկատում էի, որ օրիորդի հետ խոսելիս, նրա քծնող աչքերի մեջ փայլում էր վավաշոտություն։ Ճշմարիտ է, Ադելաիդան չէր փախչում աչքի քաղցր և խորհրդավոր ժպիտներից, բայց նկատում էի, որ աչքի տակով դիտում է Սանթուրյանին և ավելի ուշադիր է դեպի նա։ Մինչդեռ ամեն բանի վերաբերմամբ զգայուն երիտասարդը տակավին անտարբեր էր նայում սիրուն օրիորդին։

Իմ բարեկամությունը Սանթուրյանի հետ օրեցօր դառնում էր մտերմական, բայց նրա ընտանեկան կյանքը ինձ համար դեռևս անթափանցելի էր։ Այն ուսանողը, որին օգնելու համար նա գրավ էր դրել վերարկուն, թոքախտ ուներ, շուտով մեռավ։ Նրա թաղման օրը Սանթուրյանը առավոտ կանուխ ինձ զարթեցրեց և խնդրեց տալ տասնհինգ ռուբլի պարտք։ Բարեբախտաբար մոտս փող կար, տվի։ Նա խելագարի պես դուրս թռավ և շտապով հայտնեց ինձ այն հիվանդանոցի տեղը, ուր խեղճ ուսանողին փոխադրել էին վերջին ամիսը։

Այդ օրը ինձ համար կմնա անմոռանալի։ Ես գնում էի հանգուցյալի դագաղի հետևից՝ տասի չափ աղքատ ուսանողների հետ։ Ներկա էր և Զարիֆյանը։ Նա յուր դեմքին տվել էր հանդիսին վայել տխուր, միայն իմ կարծիքով կեղծ՝ արտահայտություն։ Բայց, աստված իմ, այն ի՞նչ վիճակի մեջ էր Սանթուրյանը։ Երբեք մի հանգուցյալի դագաղի շուրջը ևս չէի տեսել այդքան ճնշված, ընկճված, վշտալի կերպարանք։ Թաղման հոգսերը նա յուր վրա էր առել։ Եվ հեռավոր Կովկասից եկած մարդը մի օտարազգի ուսանողի դագաղին հետևում էր այն վիճակում, որի մեջ գուցե միայն հարազատ մայրը կարող էր լինել։

— Ի՞նչ կապ կար նրանց մեջ,— հարցրի ես մի ուսանողից։

— Ոչինչ․ նրանք միևնույն ֆակուլտետի ուսանողներ էին․ ահա բոլորը,— պատասխանեց նա։

Դիակառքը հասավ գերեզմանատուն։ Միակ քահանան և միակ տիրացուն՝ կատարեցին վերջին կարգը։ Այն րոպեին, երբ չորս զույգ բիրտ ձեռներ ուզում էին դագաղը իջեցնել գերեզման, Սանթուրյանը բանվորներին ձեռով նշան տվեց սպասել։

Նա կանգնած էր գերեզմանից հանած թարմ հողի բարձրության վրա, դագաղի ոտքի կողմը։ Նրա այտերը և ականջները ցրտից կապտել էին, շրթունքները դողում էին, ատամները զարկվում էին միմյանց, իսկ աչքերը դարձյալ կրակ էին արձակում։

Ձեռի մի ջղային շարժումով նա հետ ձգեց լայն ճակատի վրա սփռված գանգուր մազերը։ Նա սկսեց խոսել։ Սկզբում նրա ձայնը երերվում էր, շրթունքները ցրտից անզոր էին արտահայտել խոսքերը։ Բայց այս տևեց միայն մի քանի վայրկյան։ Նա հաղթեց ցրտին, զսպեց ներքին հուզմունքը, ձայնը բարձրացրեց։

Երբեք ես չէի լսել մարդկային խոսքը՝ բխած սրտի այդքան անհուն խորությունից։ Դա դամբանական չէր, այլ մի ամբողջ ողբերգություն։ Նա մռայլ գույներով նկարագրում էր հանգուցյալի բարոյական վիճակը, պատկերացնում էր նրա դիրքը ընկերների շրջանում։ Ամբողջ ժամանակը խեղճը ենթարկված է եղել մի խուլ և անլուր արհամարհանքի։ Իբրև զգայուն և հիվանդ մարդ, նա չի կարողացել սառնարյուն տանել այդ արհամարհանքը և օր-օրի վրա ընկճվել է նրա ծանրության ներքո։ Եվ ի՞նչ է եղել նրա հանցանքը։ Միայն յուր մոր մոլորությունը, որ բերանից-բերան պատմվելով, հայտնի է եղել ամբողջ համալսարանին։

Դա էր Սանթուրյանի դամբանական միտքը։ Եվ նա, այդ կենդանի փաստը հիմք վերցրած, արծարծում էր մի ամբողջ գաղափար անհատի և շրջանի մասին։ Նա մի բարբարոսական զոհ էր համարում հանգուցյալին, զոհ մարդկային եսամոլության, գոռոզության, կեղծ պատվասիրության։

Նրա ձայնը ցրտից թանձրացած օդի մեջ այժմ արձակում էր երկաթի սուր հնչյուններ, այլևս չէր դողդողում, չէր խեղդվում կոկորդումը։ Նա թվում էր ամբողջովին մի կենդանի և սոսկալի բողոք ընկերների անիրավության դեմ։ Ա՜խ, որքան ցավում եմ, որ նկարիչ չեմ։ Այդ պահին նա այնքան գեղեցիկ էր, գրավիչ և ազդու յուր կերպարանքով, որ կարող էր ոգևորություն ներշնչել մի հանճարեղ վրձինի։ Ամենքն զգացվեցին։ Իմ հոգուն տիրել էր մի անսովոր ջերմություն։ Ցուրտը ինձ համար անզգալի էր դարձել, ես ամբողջովին հափշտակվել էի Սանթուրյանի վառվռուն խոսքերով և նրանց խոր իմաստով։

— Տեր աստված, ո՛րքան պերճախոս է, ո՛րքան կրակ կա այդ մարդու սրտում, և ո՛րքան ուժ նրա ձայնի մեջ, մտածում էի ես:

Ես արտասվեցի, նաև մի քանի ուրիշները, բայց ոչ Զարիֆյանը:

Հանդեսը վերջացավ և մենք, Սանթուրյանի խոսքերի խորին տպավորության տակ, վերադառնում էինք տուն։

— Դուք կարող եք պարծենալ ձեր հայրենակցով, նա տաղանդ է,— ասաց ինձ մի լեհացի ուսանող։

Այո՛, ես անկեղծ պարծենում էի իմ հայրենակցով։ Եթե նա յուր դամբանականը գրեր, մի սքանչելի էպոպեա դուրս կգար, եթե արտասաներ մի մեծ հանդիսում- հազարավոր քարացած սրտեր կշարժեր։ Նա տաղանդ էր, և անխառն, ինքնուրույն տաղանդ։

— Լավ խոսեց մեր հայրենակիցը, բայց խոսողը նա չպիտի լիներ,— դարձավ ինձ Զարիֆյանը։

— Ինչո՞ւ նա չպիտի լիներ։

— Այնտեղ գրեթե բոլորը գիտեն նրա հոր պատմությունը։

— Ի՞նչ պատմություն, ի՞նչ եք ասում,— գոչեցի ես հետաքրքրված։

— Է՛հ, ուրեմն ձեզ հայտնի չէ։ Նրա հայրը բանտումն է․ ո՞վ գիտե, գուցե շուտով աքսորվի...

— Ի՞նչ հանցանքի համար։

— Կարծես կովկասցի չեք և հայ։ Միթե չե՞ք կարդացել Սարգիս Սանթուրյանի դատը՝ յուր ապահոված տունը կրակ գցելու մասին։ Այդ դատը ահագին աղմուկ հանեց։ Նրա մասին գրեցին նույնիսկ այնտեղի և Պետերբուրգի մեծ լրագրերը։

Ահա ինչ։ Ես մտաբերեցի, թե ինչու Սանթուրյան ազգանունը ինձ ծանոթ էր թվում։ Արդարև, այդ դատը աղմուկ էր հանել։ Մի քանի հրապարակախոսներ Սարգիս Սանթուրյանին ցույց էին տվել իբրև ազգային ընդհանուր տիպար և այս հիման վրա հարձակողական հոդվածներ գրել ամբողջ հայ ազգի դեմ, Սանթուրյան ազգանունը դարձել էր նախատական մակդիր հայերի մեջ, մանավանդ «ազգասերների» շրջանում։

Զարիֆյանի խոսքերի մեջ ես զգացի մի տեսակ սատանայություն։ Բայց եթե նա, մեր ընկերոջ ընտանեկան տխուր պատմությունն ինձ հիշեցնելով, ուզում էր իմ մեջ արհամարհանք զարթնեցնել՝ չարաչար սխալվում էր։ Ես այնուհետև սկսեցի ավելի սիրել Սանթուրյանին։

Այժմ ես այցելում էի նրան գրեթե ամեն օր և միշտ զբաղված էի գտնում։ Նա իսկույն գործը թողնում էր և սկսում ինձ հետ զրուցել։

Հազիվ էր պատահում, որ նա հոգով քիչ թե շատ անվրդով լիներ, միշտ հուզված, միշտ շփոթված։ Ամեն մի անարդարություն, թե՛ առհասարակ կյանքի մեջ և թե ընկերների շրջանում, պղտորում էր նրա սիրտը։ Իսկ անարդարություններ շատ էր տեսնում և միշտ հանդիսանում էր պաշտպան հարստահարվածին, զրկվածին, թույլին և խեղճին։ Մի անգամ ինձ մոտ կարդաց, թե ինչպես Խարկովում մի կին տանջել է յուր խորթ աղջկան և սպանել և սկսեց երեխայի պես հեկեկալ։

Նա չէր խոսում միայն յուր հոր մասին, և այս հանգամանքը ինձ թվում էր միակ սև գիծը նրա անհերքելի ազնվության մեջ։

Շուտով ես իմացա, որ նրա հայրենակից ուսանողներից շատերը աշխատում են փախս տալ նրանից, անպատված ու ապականված համարելով Սանթուրյանի ազգանունը։ Եվ ոմանք այդ համարում էին հայրենասիրություն։ Թող, ասում էին, օտարները հասկանան, որ մենք էլ գիտենք պատմել մեր հասարակության մեջ երևացող ախտերը։

— Նա ինքը վատ տղա չէ, բայց շատ է պաշտպանում հորը, ասում էր մեկը։— Նա ազգային հպարտություն չունի։

— Եթե նա լավ մտածեր, վաղուց հրաժարված կլիներ հորից— ասում էր մյուսը։

— Նա ինքը առաջինը պետք է ապտակեր նրան,— գոռում էին ավելի արմատականները։ Ապտակել հարազատ հո՜րը։ Օ՜օ, երիտասարդություն, երիտասարդություն։ Բարոյականության այդ անողոք ասպետներից շատերը այժմ կյանքի մեջ են։ Եվ ի՜նչ, դեռ երեկ նրանցից մեկին տեսա դատարանում՝ փրփուրը բերանին մի բանկ կողոպտած պարոնի պաշտպանելիս։

Ես նկատում էի, որ ընկերների այդ խիստ վարմունքը ազդում է Սանթուրյանի վրա, և ազդում է շատ ծանր։ Նա այնքան ինքնասիրություն ուներ, որ ինքն էր փախս տալիս ամենից, ոչ ոքի չէր այցելում, և ոչ ոքի էլ չէր ուզում ընդունել իր մոտ։ Միայն Զարիֆյանը նրա հետ գեթ արտաքուստ բարեկամություն ուներ։ Այդ մարդը քանի-քանի անգամ իմ ներկայությամբ օգտվել էր Սանթուրյանի բարեկամությունից։ Մինչդեռ ես մի անգամ չտեսա, որ նա գեթ ամենաթույլ կերպով պաշտպաներ Սանթուրյանին յուր ընկերների մոտ։

IV

Մի անգամ, իրիկնադեմին, մտնելով Սանթուրյանի սենյակը, տեսա, որ նա, գլուխը սեղանի վրա դրած, հեկեկում է։ Ես շփոթվեցի, կամեցա ետ դառնալ։ Բայց նա արդեն լսել էր իմ քայլերի ձայնը, հետ նայեց, և ես մնացի սենյակում։ Նա շտապով սրբեց աչքերը և ոտքի կանգնեց։

— Ներեցեք տարաժամ այցելությանս համար,— ասացի ես։

— Օօ, ոչ, տարաժամ չէ, ուրախ եմ, որ եկաք։ Նստեցեք, խնդրեմ, ոչի՜նչ, մի քիչ հուզված էի, ինձ հետ շատ է պատահում։

Այո՛, շատ էր պատահում, բայց ի՞նչ էր այս անգամ առիթը։ Ես կամեցա անպատճառ իմանալ։ Նա միայնակ էր, գրեթե բոլորովին միայնակ, օտար երկրում, օտար շրջանում, և ես անկեղծ կամենում էի նրան սփոփել։

— Ատում եմ կյանքը,— գոչեց նա, արագ-արագ անցուդարձ անելով սենյակում,— մարդիկ չար են, չափազանց չար։ Ի՞նչ ենք արել, որ մեզ հալածում են.... Միթե մեղավո՞ր ենք, որ սիրում ենք մեր հորը... Միթե դատավորները ամենագե՞տ են, անսխալ, և երբեք անարդար վճիռներ չե՞ն թաքչում նրանց արդարամիտ հայացքից․․․Ես ճանաչում էի իմ հոր սիրտը․․․

Նա ինձ սիրում էր․․․ Նա պաշտում էր յուր ընտանիքը։ Եթե մի մեղք գործել է, գիտեմ, միայն և միայն յուր ընտանիքի բարօրության համար է գործել։ Բայց ո՛չ, նա մեղավոր չէ, հավատացեք։ Իմ սիրտը երբեք չի կարող հաշտվել այդ մտքի հետ․․․ էհ, բայց թող լիներ ամենավերջին հանցավորը, դարձյալ ես չէի կարող դուրս ձգել իմ սրտից որդիական սերը․․․ Մեղադրեցեք բնությանը, որ այս խոր, անբացատրելի զգացումը դրել է իմ սրտի մեջ։ Ո՛չ, ո՛չ, հազար անգամ ոչ. իմ հայրը պետք է արդար լինի, որովհետև նա միշտ ազնիվ է եղել։ Ինչո՞ւ է նա պատժվում, ինչո՞ւ են մեզ պատժում․․․ Ահա, կարդացեք, ձեզ կարելի է հավատալ․․․

Այս ասելով, նա ձգեց իմ առջև մի նամակ։ Ես կարդացի։ Նամակը գրում է Սանթուրյանի փոքր եղբայրը, որ գիմնազիստ էր: Այստեղ նկարագրված էր ընտանիքի վիճակը, հասարակության խուլ արհամարհանքը դեպի նա։ Գիմնազիստը գանգատվում էր յուր ընկերների վրա, որոնք նրան ամեն քայլափոխում հիշեցնում էին հոր դատը, սրախոսում, ծաղրում․․․ Ազգականներից շատերը երես էին դարձրել նրանցից։

Բայց կար մի հանգամանք, որ ամենից ավելի էր հուզել Սանթուրյանին։ Նրա քույրը արդեն նշանված է եղել մի երիտասարդի հետ, երբ հոր դատը բացվել է։ Փեսացուն սկզբում ուշադրություն չի դարձրել և մտադիր է եղել, դատը վերջանալուց հետո, իսկույն ամուսնանալ։ Դատը ձգձգվել է և, վերջապես, առաջին դատարանում վճռվել է տխուր։ Փեսացուն սկսել է օրից-օր հարսանիքը հետաձգեվ: Այժմ նա, յուր ազգականների դրդմամբ, բոլորովին հրաժարվում է յուր հարսնացվից։

— Գիտե՞ք այդ ինչ է նշանակում,— ասաց Սանթուրյանը— նշանակում է, որ իմ խեղճ քույրը պիտի տանջվի վշտից և ով գիտե ինչ հետևանք ունենա նրա տանջանքը։ Նա սիրում է յուր թուլամորթ փեսացվին։

Ինձ մնում էր գործ դնել իմ բոլոր պերճախոսոսթյունը նրան մխիթարելու համար։

— Գուցե դուք էլ եք ձեր սրտի խորքում ինձ մեղադրում,— շարունակեց նա, հետզհետե հանգստանալով,— որ այսքան կողմնապահ եմ իմ հոր վերաբերմամբ։ Գուցե մտածում եք. «ահա մի մարդ, որ ամենափոքր անարդարության դեմ բողոքում է, յուր հորը վերաբերվում է ներողամտաբար»։ Իրավունք ունիք այսպես մտածելու, այդ բնական է։ Բայց նախ՝ ինձ համոզեցեք, որ իմ հայրը հանցավոր է, երկրորդ՝ ցույց տվեք ծնողին ատելու միջոցը։ Ասացեք, ի՞նչպես սառնարյուն մնամ, երբ տեսնում եմ, որ ամենքը դատապարտում են նրան, գուցե նույնիսկ իսկական հանցավորները։ Լսեցե՛ք, ես ձեզ մի բան ասեմ. աստծուն է հայտնի, եթե դատապարտվածը լիներ բոլորովին օտար և անծանոթ մի մարդ, էլի ես նրան չէի մեղադրիլ․ հենց միայն այն պատճառով, որ բոլորը նրան մեղադրում են։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև իմ մեջ կա մի բան, որ միշտ ինձ դրդում է ընդհանուրի դեմ գնալ, չենթարկվել ուրիշների կարծիքին։ Ես ատում եմ ոչխարային բնազդները։ Հասկացե՛ք, ինչպես կամենաք․․․

Նա չէր կեղծում։ Արդարև, շատ անգամ նա անում էր այն, ինչ որ հակառակ էր ընկերների կարծիքին։ Նա սեղմում էր այնպիսիների ձեռը, որոնք այս կամ այն պատճառով արհամարհված էին։ Եվ ես նկատում էի, որ այս հանգամանքը անհամեմատ ավելի էր գրգռում ուսանողներին, քան նրա ազգանվան արատը։ Ինձ թվում էր, որ շատերն են իրանց սրտի խորքում հարգում նրան, թեև արտաքուստ ցույց են տալիս ատելություն, և թե նա ինքը շատերին արհամարհում է և այդպիսով գրգռում նրանց յուր դեմ։ Նա ոչ ոքից չէր թաքցնում յուր իսկական զգացմունքներն ու կարծիքները։ Նա ամենքի երեսին ասում էր այն, ինչ որ մտածում էր։ Եվ այդ ոչ ոքի դուր չէր գալիս։

— Նա ծաղրում է մեզ, չի ուզում ենթարկվել մեր ընկերական շրջանի սկզբունքներին, ասում էին շատ ուսանողներ։

Մի կիրակի առավոտ ես մտա Սանթուրյանի մոտ մի գիրք խնդրելու։ Նա կուրծքը սեղանին սեղմած, շտապով գրում էր։ Ինձ տեսնելով, նա ձեռագիրը արհամարհանքով շպրտեց մի կողմ։ Արդեն մենք այնքան մտերմացել էինք, որ խոսում էինք «դու»-ով։

— Ի՞նչ էիր գրում,— հարցրի ես։ — Հիմար բան։

Ես հեռվից նայեցի ձեռագրին, և իմ հետաքրքրությունը շարժվեց։ Դա ոտանավոր էր. մի բան, որ ես իսկի չէի սպասում Սանթուրյանից։ Ես ձեռս մեկնեցի թուղթը վերցնելու, նա բռնեց իմ թևը ասելով.

— Սպասի՛ր, եթե ուզում ես, կտամ ավարտվածները, կարդա՛ և ծիծաղի՛ր․․․

Նա սեղանի դարանից հանեց մի քառածալ տետր կարմիր փաթեթի մեջ։ Տետրի ճակատին խոշոր տառերով գրված էր «Կրակ»։ Դա նրա վերնագիրն էր։ Ես կարդացի մի քանի տող բարձր ձայնով, բայց նա, ականջները փակելով, երեսը դարձրեց և խնդրեց, որ մտքումս կարդամ։ Կարդացի մի ընդարձակ ոտանավոր, հետո մի ուրիշը, երրորդը, չորրորդը։ Ասում են ճաշակները տարբեր են լինում․ գուցե իմ ճաշակը ամենաանկիրթներից է կամ փչացած, բայց ես մինչև այսօր էլ հիշում եմ, որ այն օրը առաջին անգամ հուզվեցի, մի հայերեն գրվածք կարդալով։ Դա վշտացած հոգու մի բուռն և անզուսպ բողոք էր հասարակության եսամոլության դեմ. դա մի թանձր և մահաբեր թույն էր, որ ժայթքում էր մի տառապող սրտից։ Հուրը այրվում էր անհատի ներսում և անհատը, ինքն իրան ուտելով, ոչնչանում։ Որքա՜ն զգացմունքի խորություն, հոգեբանական նրբություն, պատկերների կենդանություն, զայրույթ և կատաղություն կար այդ ոտանավորների մեջ։

Ես հուզվեցի և հիացած նայում էի նրա հեղինակին։ «Ահա, ուրեմն, ինչումն է կայանում քո տաղանդը», մտածում էի ես, նայելով նրա մելամաղձոտ դեմքին։

— Ե՞րբ պիտի հրատարակես — ասացի ես։

— Հրատարակե՞լ,— կրկնեց նա,— երբե՛ք։

— Ինչո՞ւ։

— Միթե ամեն խզբզանք կարելի՞ է հրատարակել։

— Բայց դա խզբզանք չէ։ Ո՛չ, Սանթուրյան, դու, իմ կարծիքով, տաղանդ ես և խոշոր տաղանդ։

— Հեշտ մի՛ արտասանիլ այդ բառը ասաց նա, գլուխը հեգնաբար շարժելով և քթի տակ ծիծաղելով։— Տաղա՞նդ, չէ , հանճար․․․ Ես գրել եմ ինձ համար, ի՞նչ իրավունք ունիմ իմ սեփական զգացմունքները ուրիշի վզին փաթաթել։ Երբեմն ճիգ եմ անում այդ խզբզանքներով զսպել իմ սրտի կրակը, ահա ինչու վերնագիրը այդքան խոշոր է։ Տո՜ւր ինձ, բավական է․․․

Նա գրեթե ուժով խլեց ինձանից տետրը և կողպելով սեղանի արկղի մեջ՝ ավելացրեց.

— Առաջին և վերջին անգամ հանեցի սեղանիս միջից. թող այնտեղ փտի․․․

Ախ, որքա՜ն ցավում եմ, որ մի օր գաղտնի չմտա սենյակը և չգողացա նրա «Կրակ»-ը։

Գուցե սխալվում եմ, գուցե հափշտակված էի, բայց համոզված եմ, որ այդ կրակը գեթ մի փոքրիկ հրդեհ կգցեր մեր սառն և անարյուն գրականության մեջ, իսկ ես անհայտության խավարից կազատեի մի փայլուն անուն․․․

Երբեմն Սանթուրյանի մոտ հանդիպում էի Զարիֆյանին։ Չնայելով իմ հակակրանքին, կարողանում էի նրա հետ խոսել, միայն այն պատճառով, որ շատ էի սիրում Սանթուրյանին։ Նրանց հարաբերության մեջ ես զգում էի մի կողմից — անկեղծություն, պարզություն, մյուս կողմից — կեղծիք և շինծու քաղաքավարություն։

Զարիֆյանր զգում էր Սանթուրյանի մտավոր գերազանցությունր և նախանձում էր. միայն գիտեր թաքցնել յուր նախանձը։ Իսկ Սանթուրյանը երբեք չէր աշխատում ճանաչել նրա ներքին աշխարհը և վերաբերվում էր իբրև մի անկեղծ բարեկամի, քննադատում էր նրա մոտ և շատ անգամ պախարակում կովկասցի ուսանողների մտավոր և բարոյական հայացքները։ Իսկ ես համոզված էի, որ Զարիֆյանը նրա բոլոր ասածները հաղորդում էր ուսանողներին։

Ճաշի միջոցներին նկատում էի, որ Զարիֆյանը արդեն չափից դուրս է հետամուտ Ադելաիդային։ Իմ մեջ վաղուց էր կասկած հղացել և գուշակում էի, որ մի բան է պատրաստվում և ոչ լավ բան։ Մի օր ռուս ուսանողն ինձ ասաց, թե իմ հայրենակիցը սիրահարվել է գերմանուհու վրա։ ճիշտ էր այդ թե ոչ՝ չգիտեի, բայց ես Զարիֆյանի սիրտը անընդունակ էի համարում սիրո զգացման։ Այն մարդը, որ յուր փողկապն էլ հաշվով է կապում, չի կարող սիրահարվել։

Իմ ճանապարհը Ադելաիդայի սենյակի առջևով էր։ Երբեմն, տանից դուրս գալիս կամ տուն վերադառնալիս, ես այնտեղից լսում էի Զարիֆյանի սառն, միատեսակ հնչող ձայնը և չափավոր ծիծաղը։ Եվ ես իմ մտքում վրդովվում էի Ադելաիդայի դեմ, որ թույլ էր տալիս այդ մարդուն՝ հետամուտ լինել իրան։ Վերջապես դեպի Զարիֆյանը տածած խուլ հակակրանքի զգացումը իմ մեջ մի օր մի փոքր գոհացում ստացավ։

Դա Ադելաիդայի ծննդյան տարեդարձի օրն էր։ Լրանում էր քսան տարին։ Նախընթաց երեկոյին նա մեզ հրավիրել էր շոկոլադ խմելու: Մենք շնորհավորեցինք նրան մի-մի նվերով։ Զարիֆյանը գնել էր մի շքեղ մետաքսյա հովանոց. մի բան՝ որ անսպասելի էր նրա նման ժլատից։ Սանթուրյանը բերեց մի փղոսկրյա քնարիկ: Դա մի հասարակ, բայց ճաշակով շինված քորոց էր կրծքի համար։

Օրիորդը մեր նվերները դրել էր առանձին սեղանի վրա և պարծանքով ցույց էր տալիս ընկերուհիներին, որ եկել էին շնորհավորելու։ Առանց քաշվելու նա մի առանձին հաճույքով ցույց էր տալիս Սանթուրյանի նվերը, որ գուցե բոլոր նվերներից էժանագինն էր։

— Ախ, Ի՜նչ գեղեցիկ է, ի՜նչ գեղեցիկ է,— կրկնում էր նա անդադար,— երևում է, որ նվիրողը ճաշակով մարդ է…

Սանթուրյանը երբեմն նայում էր օրիորդին երբեմն ինձ և ամաչելով գլուխը թեքում կրծքին։ Պետք է ասել, որ մի շաբաթ էր արդեն, նա ուշադիր էր դեպի օրիորդը: Պարզ էր, որ այդ կարճ միջոցում նա ավելի էր գրավել նրան, քան Զարիֆյանը ամիսների ընթացքում։ Երկու օր առաջ նա ինձ մոտ առաջին անգամ խոսեց Ադելաիդայի մասին։ Նրա հատուկտոր խոսքերից իմացա, որ հավանում է գերմանուհուն, մանավանդ նրա աշխույժ և ուրախ բնավորությունը։

Ադելաիդան անվերջ հրճվում էր Սանթուրյանի նվերով, ստեպ-ստեպ ժպտալով նրա երեսին։ Պետք էր տեսնել Զարիֆյանին։ Ներքին հուզմունքից նա անդադար կրծոտում էր շրթունքները, բեղերը շարունակ ոլորում և մատներով ձգձգում բաց-շագանակագույն միրուքը։ Նա աչքերով գրավում էր Ադելաիդային և աշխատում էր անուշադիր լինել դեպի Սանթուրյանը։ Ինձ համար պարզ էր, որ նա չարաչար նախանձում է։

Բայց առաջին և վերջին անգամն էր, որ ես նկատեցի այդ նախանձը... Այնուհետև Զարիֆյանի զգացումները անթափանցելի էին ինձ համար։

Հետևյալ օրը Սանթուրյանը ինձ բարեկամաբար խոստովանեց, որ անտարբեր չի դեպի Ադելաիդան։ Այդ օրից սկսած՝ նա երբեմն գնում էր օրիորդի սենյակը։ Նրանք միասին կարդում էին գրքեր։ Թե ինչ էին խոսում, հարկավ, չգիտեի։ Բայց, ճանաչելով Սանթուրյանին, գուշակում էի, որ եթե մի անգամ սիրո զգացումը նրա սրտում գեթ մի թույլ արմատ է գցել, պետք է աճի, զարգանա այնքան արագ, որքան արագ հղանում էր և զարգանում նրա մեջ ամեն մի զգացում։ Ես չէի ուզում նրան խանգարել, խլել նրա երջանիկ ժամերը, ուստի առաջվա պես հաճախ չէի այցելում նրան։ Բայց նա ինձ հանդիմանում էր այդ մասին և, երբ ես չէի գնում նրա մոտ, ինքն էր գալիս իմ սենյակը։

Սիրո զգացումը տակավին չէր գրավել նրա ներքին կրակը։ Նա նույն գրգռող, վրդովվող, անարդարությունների դեմ բողոքող Սանթուրյանն էր։ Նա նույն չափ անողոք էր դեպի մարդկային սառնասրտությունը, եսամոլությունը, նույնչափ զգայուն դեպի խեղճը, աղքատը, սնանկը և հալածվածը։ Նա ծախսում էր յուր վերջին կոպեկը, գրավ դնում ամեն ինչ, որ կարելի է գրավ դնել և նպաստում էր չքավոր ուսանողներին, միևնույն է ովքեր էլ լինեին և ինչ աչքով էլ նայեին նրան այդ մարդիկ։ Մի անգամ Զարիֆյանը հաղորդեց, թե մի բժիշկ ուսանող չի կարողանում այդ տարվա ուսումնավարձը վճարել։ Սանթուրյանը նոր էր տնից փող ստացել և այն օրը վճարել սենյակի ու ճաշի վարձը։ Նա անմիջապես գրպանները դատարկեց սեղանի վրա։ Գոյացավ տասնյոթ ռուբլի և մի քանի կոպեկ։

— Ահա իմ մասը, մնացյալն էլ ուրիշից առեք,— ասաց նա, մղելով փողերը Զարիֆյանի կողմը։

— Վաղը ինքներդ կտաք նրան,— ասաց Զարիֆյանը։

— Ո՛չ, նա ինձանից չի վերցնիլ։ Մի անգամ նա մի պսակի համար փող էր ժողովում, ես կամեցա իմ բաժինը տալ, նա չընդունեց։ «Չի կարելի, ասաց, ձեր փողերը խառնել ուսանողական փողերի հետ»։ Տվեք իրան ձեր կողմից․ ինձանից չի վերցնիլ, բայց չասեք, թե ես եմ տվել։ Դա իմ մայրական փողերից է, հավատացե՛ք...

Եվ նա, յուր շրթունքները կրծոտելով, հազիվ կարողացավ զսպել արտասուքը։

Հիշում եմ այն օրը, երբ ուսանողները մի երեկույթով պետք է պատվեին Կովկասից եկած մի հայտնի մարդու։ Մեծամասնությունը կամեցավ զանցառության տալ Սանթուրյանին։ Ես և մի քանի ուրիշները բողոքեցինք և կարողացանք ստիպել նրանց՝ արդարացի լինել իրանց ընկերոջ վերաբերմամբ։ Ուսանողները համաձայնեցին հրավիրել Սանթուրյանին, չնայելով շատերի ընդդիմության։ Իսկապես այդ ընդդիմության պատճառը Սանթուրյանի ազգանվան արատը չէր, այլ նրա մտավոր առավելությունը, որ կարող էր նրանց նսեմացնել կովկասցի հյուրի մոտ։ Ուսանողները զգում էին Սանթուրյանի գերազանցությունը․ ահա նրանց հալածանքի գլխավոր հոգեբանական պատճառը որ ես պարզ հասկանում էի և զզում։ Զարիֆյանը, որ միշտ մի առանձին ախորժակով էր պատմում ամեն մի չար լուր շտապել էր Սանթուրյանին հաղորդել այն բոլոր վիճաբանությունները, որ տեղի էին ունեցել նրա առիթով։ Ես այդ չգիտեի, եկա նրան հրավիրելու, և ինչ դրության մեջ գտա։ Զգայուն երիտասարդը պառկած էր անկողմում՝ հագուստով։ Նրա աչքերն այրվում էին, կուրծքը ուժգին բաբախում, դժվարությամբ էր շունչ քաշում. այնքան ազդել էր այս անգամ նրա վրա ընկերների խստությունը։

— Հանգստացի՛ր, Մարգար, հանգստացի՛ր,— ասացի ես, իսկույն զգալով բանի էությունը,— հավատացի՛ր, չարժե այդքան զգայուն լինել դեպի ամեն բան։

— Դեպի ամեն բան,— գոչեց նա, գլուխը բարձրացնելով և մի կրակոտ հայացք ձգելով ինձ վրա,— դեպի մի այդպիսի ապտա՞կ։ Այո՛, չարժե, չարժե, որովհետև ես եմ մեղավորը, ես եմ առիթ տալիս ինձ հալածելու, ես, որ չեմ կարողանում հաշտվել ոչ ոքի հետ։

Եվ նա սկսեց խեղդված ձայնով հեկեկալ, գլուխը թաղելով բարձի մեջ։ Ես չէի խղճում նրան, այլ ցավակցում էի։ Խղճում են թույլերին, իսկ նա թույլ չէր, այլ զգայուն, պարզախոս, անկեղծ։ Եվ հենց այդ պարզախոսությունն ու անկեղծությունն էին նրա անբախտության հիմքը։

Վերջին ժամանակ նրա դժբախտ հոր մասին Թիֆլիսի մի լրագրում երևացել էր մի կոպիտ ֆելիետոն։ Ուսանողները կարդում էին և ծիծաղում։ Կարդաց նա ինքն էլ, և կրակը սկսեց մի նոր ուժով լափել նրա ներսը։ Ես ամեն կերպ աշխատում էի թեթևացնել նրա վիշտը։ Բայց երբեք չէի ձգտում նրա մեջ թուլացնել որդիական սերը։ Դա կլիներ ապարդյուն ջանք․ այնինչ ես, փոխանակ մխիթարելու, կավելացնեի նրա դառնությունները։

Ես ուրախ էի, որ նա հետզհետե ավելի ու ավելի հափշտակվում էր Ադելաիդայով։ Դա, անկասկած, կարող էր ցրվել նրա թախիծը կամ գոնե թեթևացնել․ դա միակ դեղն էր նրա բարոյական տառապանքի դեմ։

Մի օր նա մտավ իմ սենյակը ուրախ տրամադրությամբ։ Առաջին անգամն էի տեսնում նրա մելամաղձոտ դեմքի վրա կենսուրախության ժպիտ։ Առանց քաշվելու, առանց առաջաբանի, նա բացարձակ հայտնեց, թե արդեն յուր սերը հայտնել է Ադելաիդային և հավանություն է գտել նրա կողմից։ Ադելաիդան հիանալի աղջիկ է, սիրում է, կարող է հասկանալ նրան։ Եվ մի ամբողջ քառորդ ժամ նա գովում էր գերմանուհուն և հրճվում փոխադարձ սիրով։ Ես չկարողացա ինձ զսպել. ինչպես սիրո զգացումը դեռ չճաշակած մի մարդ, շտապեցի գործին ավելի խոր նայել և հարցրի.

— Բայց ի՞նչ վերջ կունենա այդ սերը։

— Ես կամուսնանամ նրա հետ, ահա թե ինչ վերջ կունենա,— պատասխանեց նա դրականորեն։

Խոստովանում եմ, այդ մասին ես չէի մտածել։ Ինձ թվում էր թե դա մի ժամանակավոր հափշտակություն է, շուտ սկսվել է, շուտով էլ կանցնի։ Լսելով Սանթուրյանի վճռական պատասխանը, ես ինքս իմ հարցից ամաչեցի. ի՞նչպես էի հանդգնել ենթադրելու անգամ, որ այդպիսի ազնիվ մարդը կարող է թեթևամիտ խաղ խաղալ մի երիտասարդ և անարատ աղջկա հետ։ Բայց միևնույն ժամանկ ես հոգով ընդդեմ էի նրա ամուսնանալուն։ Չգիտեմ ինչու, հավատացած էի, որ Ադելաիդան երբեք չի կարող Սանթուրյանի համար կյանքի արժանավոր ընկեր լինել: Ճշմարիտ է, նա սիրուն էր, կրթված, աշխատասեր և ինչպես գերմանուհի, գուցե կարող էր լավ տանտիկին լինել։ Բայց ինձ խորթ էր թվում նրա ծայրահեղ ուրախ բնավորությունը, որքան էլ այդ բնական լիներ նրա հասակում։ Արդեն նա չափից դուրս շատ էր ծիծաղում, թռչկոտում ու երգում։ Եվ դա մի ապագա ամուսնու համար ես թեթևամտության նշան էի համարում։ Բայց եթե ճիշտ է, որ կոնտրաստները հակում ունին դեպի միմյանց, Սանթուրյանը պետք է սիրեր Ադելաիդային, որովհետև այդ կողմից նրանք երկուսն էլ կատարյալ կոնտրաստներ էին։

Միայն մի բան ինձ չթողեց այդ օրը անկեղծ լինել։ Սանթուրյանը մտադիր էր ամուսնանալ ոչ իսկույն, այլ ուսումն ավարտելուց հետո: էհ, մտածում էի, ով գիտե, այս մի տարվա ընթացքում ինչեր կպատահեն, ինչո՞ւ այժմյանից իմ կասկածներով թունավորեմ բարեկամիս երջանկությունը։

Այժմ, ճաշի միջոցին, Սանթուրյանը Ադելաիդայի կողքին էր նստում: Լեհացին ինձ զանազան նշաններ էր անում, թե ամեն բան հասկանում է, և ներքուստ ծիծաղում էր Զարիֆյանի վրա։ Ռուս ուսանողը անտարբեր էր. նա մտքով զբաղված էր յուր սրտի ընտրածով։ Պառավ տանտիկինը, կարծես, հասկացել էր բանի էությունը և չէր երևում, որ հակառակ լինի աղջկա կամքին։ Սանթուրյանին նա հավանում էր և միշտ գովում մեր մոտ նրա լրջմտությունը։ Իսկ Զարիֆյա՞նը... Նա դեռևս զսպում էր իրան և շարունակում Սանթուրյանի հետ յուր բարեկամությունը։ Այդ մարդը ուներ կամքի ուժ։ Բայց ինձ թվում էր, որ նա այլևս չի նախանձում, ցավում է միայն յուր նվիրած թանկագին հովանոցի մասին: Դա սխալ էր, և ես հետո հասկացա, որ սխալվում եմ։

Ինչ ասել կուզի, որ այժմ Սանթուրյանը ավելի զբաղված էր յուր սիրո առարկայով, քան մի ուրիշ բանով։ Նա տանում էր օրիորդին թատրոն, նվագահանդեսներ, զբոսանքի, և ես զգում էի, որ սերը նրա ուսանողական նիհար գրպանին աժան չի նստում։ Մոտ երկու ամիս անցավ այդպես: Ձմեռը վերջանում էր, համալսարանական քննությունների ժամանակը մոտենում: Մի օր նկատեցի, որ Սանթուրյանը սեղանի մոտ նստել է Ադելաիդայից հեռու և չի խոսում նրա հետ։ Իսկ օրիորդը, գլուխը կրծքին թեքած՝ տխուր նայում է սփռոցին, չի ուտում, միայն ձևի համար է մեզ հետ նստել։ Զարիֆյանը նստած էր նրա հանդեպ և յուր հայացքը չէր հեռացնում նրանից։ Դժվար էր կարդալ այդ մարդու դեմքի վրա նրա հոգու շարժումները։ Նա չգիտեր ոչ ամոթից կարմրել, որովհետև միշտ կարմիր էր, ոչ բարկությունից գունատվել և ոչ ուրախությունից ոգևորվել։

Հետևյալ և երկրորդ օրը Սանթուրյանը դարձյալ Ադելաիդայից հեռու էր նստել, դարձյալ օրիորդը տխուր էր և դարձյալ Զարիֆյանը դիտում էր նրան։ Իսկ չորրորդ օրը Ադելաիդան ճաշի չեկավ։ Իմ հետաքրքրությունը շարժվել էր. կամենում էի իմանալ այդ լուռ տեսարանների պատճառը։ Զգում էի, որ անշուշտ մի անախորժ բան է պատահել։

Հենց այդ օրը երեկոյան Սանթուրյանը պղտորված մտավ իմ սենյակը։

— Էլի ի՞նչ է պատահել,— հարցրի ես։

— Դժբախտություն. օրիորդը ինձանից խուսափում է։

— Ինչո՞ւ։

— Հենց այդ «ինչուն» է ինձ հետաքրքրում։ Դու պետք է ինձ օգնես պատասխանը գտնելու։

— Ե՞ս։

— Այո՛։ Դու պետք է նրանից բացատրություն պահանջես։

— Ինչո՞ւ ինքդ չես պահանջում։

— Նա ինձ ոչինչ չի ասում։ Նա ինձ հետ չի ուզում խոսել։

— Ահա՛ ինչ...

— Այո՛, նա ինձ տեսնելիս՝ երեսը շուռ է տալիս։

— Էհ, շատ լավ, դու էլ քո երեսը շուռ տուր։

— Հետո՞։

— Հետո դու քեզ համար, նա յուր համար։

Սանթուրյանը զարմացած նայեց աչքերիս։

— Դու կատա՞կ ես անում,— գոչեց նա։

— Իսկի՛ էլ չէ։ Ես չեմ հավանում քո սերը, եթե միայն պլատոնական չէ և այդպես էլ չպիտի մնա։ — Պատճա՞ռը։

— Ադելաիդան քո ընկերը չէ։

— Իհարկե, նա ինձանից շատ և շատ բարձր է։ Այդ ես գիտեմ։

— Ո՛չ։ Նա քեզ արժանի չէ։

— Մի՛ ծաղրիլ ինձ, Միրաբյան։

— Ես չեմ ծաղրում։ Ինձ թվում է, որ Ադելաիդան քեզ չի սիրում, գոնե այն սիրով, որին արժանի է մի լուրջ մարդ։

— Կնշանակե ես լուրջ մարդ չեմ։

— Ընդհակառակը...

— Ինչևէ,— ընդհատեց իմ խոսքը Սանթուրյանը,— դու պետք է նրանից բացատրություն խնդրես իմ կողմից։

Ես ընկա մտատանջության մեջ։ Դա մի նուրբ միջամտություն կլիներ իմ կողմից և ես հազիվ թե ընդունակ լինեի կատարել ինձ առաջարկած դերը։

— Ների՛ր, Սանթուրյան,— ասացի ես,— ես չեմ կարող անել։

— Ինչու՞։

— Նախ՝ իմ սկզբունքներին դեմ է երկու սիրահարների մեջ մտնելը, երկրորդ՝ ես անձամբ անկեղծ ցանկանում եմ, որ դու հեռանաս այդ օրիորդից։

— Ուրեմն մերժո՞ւմ ես։ Շատ լավ. կդիմեմ Զաիիֆյանի միջնորդությանը։

— Զարիֆյանի՞,— հարցրի ես, չկարողանալով թաքցնել իմ զարմանքը։

— Այո՜, ճարս ինչ։ Դու գիտես որ ուրիշ ընկեր չունիմ..․

— Նամա՛կ գրիր...

— Նամա՞կ։ Կան այնպիսի բաներ, որ նամակով չի կարելի բացատրել։ Ես գիտեմ, որ դու Զարիֆյանին չես սիրում, բայց նա վատ տղա չէ. գլխավորը՝ նա մոտ է Ադելաիդային։

Այս անգամ մի քիչ վրդովվեցի և ասացի.

— Բայց մի՞թե դու չես նկատում, որ նա ինքը անտարբեր չէ դեպի Ադելաիդան։

— Գուցե առաջ այդպես էր, իսկ այժմ նա սիրում է օրիորդին ինչպես եղբայր։ Նա մինչև անգամ խրախուսում է իմ սերը։ Նա տակտով մարդ է։ — Տակտով լինելուն խոսք չունիմ, բայց․․․

— Ի՞նչ բայց․․․

— Սա՛նթուրյան, մի՛ նեղանար ինձանից, եթե ասեմ՝ «հեռու կաց այդ օրիորդից էլ, այդ Զարիֆյանից էլ...»։

Ավելի ոչինչ չասացի։ Նա մի փոքր մտածեց և հետո վճռական շարժում գործեց ու շտապով դուրս եկավ իմ սենյակից՝ դժգոհ դեմքով...


Այստեղ Միրաբյանը ընդհատեց յուր պատմությունը և սկսեց կրակը վառարանի մեջ խառնել։ Ապա մեզ համար դարձյալ մի-մի բաժակ թեյ ածեց և ասաց.

— Կարծեմ, պարոննե՛ր, դուք հոգնեցիք լսելուց։ Կկամենա՞ք շարունակությունը հետաձգեմ վաղվան։

Դեռ երեկոյան ութ ժամն էր։ Մենք միաձայն խնդրեցինք նրան շարունակել և ավարտել։ Նորից մի ծխախոտ վառելով, նա այս անգամ նստեց վառարանից հեռու։

V

Հետևյալ օրը,— շարունակեց Միրաբյանը,— Զարիֆյանը նստել էր առաջվա տեղը և կատարում էր նախկին դերը, այսինքն՝ ծառայում էր օրիորդին, հաճոյախոսություններ էր անում միայն չափազանց զգույշ։ Երբեմն նա գաղտուկ մտիկ էր անում Սանթուրյանի երեսին և ուսերը վեր քաշում, կարծես, ասելով. «չեմ հասկանում, ի՞նչ է պատահել այս աղջկան»։

Մի կիրակի օր Սանթուրյանը ճաշի չեկավ։ Կասկածը տիրեց ինձ։ Այդ մարդը այնքան զգայուն էր, որ, ո՛վ գիտե, ինչ կարող էր անել րոպեի ազդեցությամբ․ ո՛չ ուրիշին, այլ ինքն իրան, որովհետև, նա ոչ ոքի թշնամի չէր կարող լինել և չէր էլ ուզում լինել, բացի ինքն իրան։ Նրա բոլոր վրդովմունքը, ատելությունը, նրա սրտի ամբողջ թույնը, հոգու բուռն կրակը միայն և միայն իրան էին վնասում։

Մի քանի անգամ ես անցա նրա սենյակը, որ տեսնեմ՝ վերադարձե՞լ է արդյոք։ Չկար։ Օրը մթնեց, թեյի ժամանակն էլ անցավ։ Դարձյալ չկար։ Վերջապես, արդեն կեսգիշեր էր, երբ լսեցի նրա դռան ձայնը և շտապեցի նրա մոտ։

— Ահ, այդ դու՞ ես, մտի՛ր,— ասաց նա,— մի ձեռքում պահած վառ լուցկին, մյուսում՝ լամպի ապակին։

Նա սենյակը լուսավորեց, վերարկուն շպրտեց մի կողմ և հոգնած՝ շնչասպառ նստեց անկողնակալի վրա։

— Առավոտից մինչև այժմ պտտում էի փողոցներում,— ասաց նա վերջապես, պատասխանելով իմ հարցին։

— Ինչու՞։

— Որովհետև ես անբախտ մարդ եմ։ Այսօր առավոտ Զարիֆյանը ինձ հաղորդեց, որ խոսել է Ադելաիդայի հետ...

— Հետևա՞նք...

— Ադելաիդան ամաչում է ինձ սիրել, որովհետև ես անհաշտ մարդ եմ, որովհետև ամենը ինձանից երես են դարձնում, որովհետև բոլորը ինձ արհամարհում են...

— Որտեղի՞ց գիտե նա այդ բանը։

— Է՜հ, այդ ինձ համար միևնույն է...

Ես ժպտացի։

— Տեսա՛ր ուրեմն,— ասացի,— որ դա սեր չէ, այլ թեթևամտություն։ Մի՞թե սիրող կինը ուրիշների աչքով կնայի յուր սրտի ընտրածին։

— Ո՛չ, իհարկե, ո՛չ։ Բայց Ադելաիդան անփորձ երեխա է։ Նա դեռ չի կարող յուր խելքով դատել։ Ես այլևս սիրո մասին չեմ մտածում։ Ոչ, ինձ այժմ տանջում է մի ուրիշ բան: Երևակայիր, Զարիֆյանը ասում է, թե Ադելաիդան իմ մասին վատ գաղափար ունի։

— Օրինա՞կ։

— Լեզուս չի գալիս ասելու․․․

— Դարձյալ։

— Իբրև թե ես կեղտոտ նպատակ եմ ունեցել․․․ Հասկանո՞ւմ ես․․․

— Ահա ինչ։ Բայց փաստ ունի՞ այդպես կարծելու․․․ — Փա՜ստ։ Աստծուն է հայտնի, որ ե՛ս իմ մաքուր սերն անգամ ամոթով եմ նրան հայտնել։

— Եվ դու այդ բոլորից հետո չե՞ս ուզում անձամբ օրիորդից բացատրություն պահանջել։

— Զարիֆյանը պնդում է, թե Ադելաիդան այդ մասին լսել անգամ չի ուզում։

Զարիֆյանը ասում է, թե օրիորդը վատ գաղափար ունի Սանթուրյանի մասին։ Զարիֆյանը պնդում է, թե օրիորդը չի ուզում տեսնվել Սանթուրյանի հետ. բոլորը Զարիֆյանը.․. Ոչ, մտածում էի ես, այստեղ մի գաղտնիք կա։

— Սանթուրյան կրկնեցի ես,— մոռացի՛ր այդ աղջկան, ձեռք քաշիր այդ Զաիրֆյանից։

— Այժմ ես կաշխատեմ կատարել այդ խորհուրդը։ Մոռանալ Ադելաիդային, իհարկե չեմ կարող, բայց կհեռանամ նրանից։ Չի կարելի ուժով սեր գրավել։ Նա իրավունք ունի արհամարհելու, որովհետև բոլորը արհամարհում են։ Ոչինչ, թող արհամարհի․ ես այլևս նրան չեմ ձանձրացնիլ․․․

Մի քանի օր անցած՝ պառավը եկավ իմ սենյակը և վշտացած հայտնեց, թե Սանթուրյանը տեղափոխվում է։

Ես շտապեցի նրա սենյակը։ Նա շրթունքները կրծոտելով, անցուդարձ էր անում։ Արդեն ժողովել և կապոտել էր իրեղենները և սպասում էր կառքի։

— Ու՞ր ես գնում։

— Ես ի՛սկույն ուզում էի գալ քեզ մոտ։ Տեղափոխվում եմ ուրիշ սենյակ։

— Միթե արդեն բանն այդ տե՞ղն է հասել։

Նա ասաց, թե չի կարող այդքան մոտիկ ապրել և այդքան հեռու լինել Ադելաիդայից. թե զգում է, որ յուր ներկայությունը ձանձրացնում է օրիորդին և թե, վերջապես, հպարտության զգացումը չի թույլ տալիս այժմ նույնիսկ որևէ բացատրություն խնդրել նրանից։

Անցավ մոտ մի շաբաթ։ Ես Սանթուրյանին ո՛չ մի տեղ չէի հանդիպում։ Նա համալսարանումն էլ չէր երևում։ Դժբախտաբար ես մոռացել էի հարցնել նրա նոր սենյակի տեղը։ Վերջապես մի առավոտ հանդիպեցի նրան Տվերսկայա փողոցում։ Նա շտապով մոտեցավ ինձ և ամուր սեղմեց իմ ձեռը։ Ես կիսահեգնաբար հարցրի, արդյոք առողջանում է նրա սրտի վերքը։ Նա դառնությամբ ժպտաց և խնդրեց, որ կատակ չանեմ։

— Իմ վերքն ավելի խոր է, քան նույնիսկ ինքս էի կարծում։

Երկու օր առաջ նա տեսել էր Ադելաիդային Զարիֆյանի հետ ձիաքարշով անցնելիս։ Առաջին անգամ նա զղջացել էր, թե ինչ ասել է խանդ։

— Թեև,— ավելացրեց նա,— իրավունք չունիմ Զարիֆյանի վերաբերմամբ խանդոտ լինելու։

Ես չկարողացա զսպել իմ վրդովմունքը Զարիֆյանի դեմ։ Պատմեցի Սանթուրյանին ամենը, ինչ որ դիտել էի նրա բացակայությանը։ Ադելաիդայի նորից ուրախ և զվարթ դառնալը, Զարիֆյանի հաղթական ժպիտները, նրանց գաղտնի շշնջյունները, օրիորդի այցելությունները Զարիֆյանին, այս բոլորը մի շաբաթ էր արդեն՝ լուսաբանում էին ինձ համար նրանց հարաբերությունները։

Սանթուրյանը լսում էր թղթի պես գունատված։ Նրա կուրծքը ուժգին բաբախում էր, աչքերը կարծես ձգտում էին՝ դուրս գալ իրանց խորշերից։ Նա երկյուղալի էր այդ րոպեին։ Ես զղջացի իմ տված անսպասելի հարվածի համար։ Բայց արդեն ուշ էր։ Գնացի նրա հետ յուր նոր սենյակը և այդ գիշերը անցկացրի այնտեղ։ Երկար, երկար ժամանակ աշխատում էի նրան հանգստացնել։

Այո, իմ բարեկամը սիրում էր և տանջվում։ Այժմ նրա ներքին կրակին ավելացել էր և խանդի զգացումը, մի բան, որ ամենից ավելի էր վտանգավոր նրա նման մի զգայուն երիտասարդի համար։ Նա օրեցօր ավելի մռայլ էր դառնում, բայց և օրեցօր թանձրանում էր նրա սրտի հուրը, ուտելով և մաշելով նրան։ Նա հետզհետե դառնում էր լռակյաց, հոռետես, բաց ոչ կասկածամիտ կամ վատախոս։ Երբեք նրանից չէի լսում մի գանգատ Զարիֆյանի դեմ, նույնիսկ որևէ դժգոհություն։ Նա միայն բողոքում էր յուր ճակատագրի դեմ և ամեն բանում իրան էր մեղավոր համարում։ Նա չէր մեղադրում նաև Ադելաիդային։

— Նրա բարի կամքն է սիրել, ում հավանում է, — ասում Էր նա,— և ես ոչինչ վատ բան չեմ տեսնում նրա արածի մեջ։ Ես չեմ մեղադրում անգամ, որ նա իմ մասին վատ գաղափար ունի։ Սխալվում են շատ անգամ հասուն մարդիկ, իսկ նա դեռ երեխա է, մի օր խելքի կգա և կհասկանա, որ սխալված է։

VI

Մեր քննությունները վերջացան։ Ես ուղևորվեցի Կովկաս, նախապես խոսք վերցնելով Սանթուրյանից, որ ինքն էլ արձակուրդներին հեռանա Մոսկվայից։ Ես հույս ունեի, որ տեղափոխությունը կարող է թեթևացնել նրա վիշտը։ Եթե իմ ծնողներից շտապողական նամակ ստացած չլինեի, կսպասեի, նա էլ յուր քննությունները վերջացնի, որ միասին վերադառնանք հայրենիք։

Երեք շաբաթ իմ ծննդավայրում մնալուց հետո, եկա Թիֆլիս։ Առաջին իմ ցանկությունն էր տեսնվել Սանթուրյանի հետ։ Հենց իմ գալու օրը գտա նրա բնակարանը։ Նա տանն էր։ Դուրս վազելով, դիմավորեց ինձ պատշգամբի վրա։

Երբ բարեկամդ ամեն օր աչքիդ առաջ է չես նկատում նրա օր-օրի վրա արտաքուստ փոխվելը։ Բայց բավական է, որ նա հեռանա մի քանի շաբաթով և դու, նորից տեսնելով, կգտնես նրան փոխված: Հայելին շնորհակալության արժանի մի պարագա է։ Նա պահպանում է մեր իլյուզիան և աննկատելի կերպով օր-օրի վրա մեզ հաշտեցնում ծերության հետ։

Ընդամենը մի ամիս էր ես չէի տեսել Սանթուրյանին, և որքա՜ն փոփոխություն այդ կարճ միջոցում։ Նրա այտերը ներս էին ընկել, ծնոտը երկարացել էր, ճակատի ոսկորները ավելի էին ցցվել։ Քսանչորս տարեկան երիտասարդի գանգուր մազերի մեջ ես նկատեցի ճերմակներ։ Մի բան, որ արտաքինում անփոփոխ էր — դա նրա սևաթույր աչքերի կրակոտ փայլն էր։

Նա ինձ ծանոթացրեց յուր ընտանիքի հետ։ Մայրը մի նիհար կին էր, արտաքուստ նման յուր որդուն։ Քույրը, հակառակ իմ սպասածին շիկահեր էր, փոքր եղբայրը՝ նույնպես։

Նրա հոր գործը անցել էր պալատ։ Շատ էին աշխատել նրան երաշխավորությամբ հանել բանտից մինչև գործի երկրորդ քննությունը։ Չէր հաջողվել։ Փաստաբանը հույս էր տալիս, որ պալատը ուիիշ կերպ կնայի դատին, քան դատարանը։ Ընտանիքը ապրում էր այս հույսով։

Ազգականները մեծ մասամբ երես էին դարձրել նրանցից։ Օրիորդը ամոթից և վշտից չէր ուզում հասարակության մեջ երևալ։ Մայրն ամեն օր արտասուք էր թափում։ Գիմնազիստը տարվա կիսին, չդիմանալով ընկերների ծաղրին, դադարել էր գիմնազիոն գնալուց և պետք է մի տարի կորցներ։

Այս բոլորը պատմեց ինձ Սանթուրյանը, երբ մենք առանձնացանք նրա սենյակում։

— Չգիտեմ ո՛ր մեկին մխիթարել, ո՛ր մեկի համար մտածել,— ասում էր նա վշտացած։

Ես ամեն օր այցելում էի նրան։ Միասին գնում էինք զբոսնելու քաղաքից դուրս։

Երբեք չեմ մոռանալ այդ զբոսանքները և իմ բարեկամի տաղանդավոր զրույցները։ Ա՛խ, սիրում էի նրա հանդուգն դատողությունները, նրա ազատ և աներկյուղ գաղափարները, նրա պարադոքսները, մտքի անկանոն, բայց հսկայական թռիչքները։ Երբեմն մի անսպասելի դարձվածքով, անփույթ ձևով արտասանված խոսքով որոշում էր այս կամ այն երևույթի ներքին իմաստը։ Ոչինչ չէր խուսափում նրա սուր աչքերից, ոչինչ, որ միայն վերաբերում էր հասարակական կյանքին։

Նա քստմնում էր այն բոլորից, ինչ որ, նրա կարծիքով, չէր բխում մարդու իսկական զգացումներից։ «Պատժվի՛ր, բայց մի՛ կեղծիլ», ահա նրա նշանաբանը, և այդ նշանաբանին հավատարիմ մնաց մինչև վերջը...

Մի անգամ ես նրան ուժով տարել էի, չեմ հիշում, ինչ ընկերության ընդհանուր ժողով։ Այնտեղ կային հայեր, ռուսներ, վրացիներ, նույնիսկ մի քանի թուրքեր։ Բոլորն էլ գրեթե բարձր կրթության տեր մարդիկ էին։ Քննվում էր մեր երկրի տնտեսական վիճակին վերաբերյալ մի խնդիր։ Սանթուրյանը ինձ հետ հեռվից դիտում էր ժողովը և ուշադրությամբ ականջ դնում խոսողներին։ Նրա երեսից չէր հեռանում հեգնական ժպիտը։

— Նայի՛ր,— ասաց նա, իմ ուսին խփելով,— այստեղ բոլորը կեղծում են։ Նայի՛ր այն պարոնին, որ այս րոպեիս գյուղացիների շահերի անունով էր խոսում։ Տես ինչպես է յուր բեղերը ծածուկ սրում և ինչպես է յուր թանկագին փողկապն ուղղում։ Նա կեղծում է։ Համոզված եղի՛ր, որ փողկապը նրա աչքում ավելի գին ունի, քան ժողովրդի շահերը։ Նայիր այն մյուսին. հայ է, ազատամիտ է համարվում, բայց տես ինչպիսի քծնող դեմքով է նայում յուր մոտ նստած իշխանավորին... Պաշտոնի է սպասում... Վաղը նա կդառնա ժողովրդի թշնամին... Նայի՛ր այն կարմիր այտերով պարոնին։ Նա էլ է գրում իմ հոր դեմ... Բայց մի անգամ նրան հարցրին մի հասարակական գումարի մասին։ Զաքարիայի պես պապանձվեց։ Սրանք են մեր երկրի աղը։ Ոչ, Միրաբյան, գլուխս պտտում է... գնանք այստեղից։

Եվ նա իմ թևից քաշելով, դուրս բերեց ինձ ժողովից։

— Իսկ իմ հայրը,— ասաց նա փողոցում,— այդ կիսակիրթ մարդը գոնե ուրիշներին ազնվության դասեր չէր տալիս։ Կարելի է ես այսքան չցավեի նրա մասին, եթե նրան դատապարտող հասարակության բարոյական հայելին մաքուր լիներ...

Եվ բոլոր նրա խոսակցությունների մեջ իբրև մի մռայլ գիծ՝ անցնում էր հոր անունը։

Երբեմն նրան տանում էի հասարակական այգիներ և այնտեղ մենք հանդիպում էինք ծանոթ ուսանողների։ Նա այժմ ինքն էր ամենից երես դարձնում։ Նա ոչ մի տեղ չէր ուզում երկար մնալ։ Միշտ հուզված, միշտ մտազբաղ, նա րոպե՛ անգամ հանգստություն չուներ ներքին կրակից։ Առաջ ես կարծում էի, որ յուր հոր դժբախտությունն է նրան այդպես դարձրել։ Բայց երբ մտերմացա նրա հետ, երբ ծանոթացա նրա անցյալին, իմացա, որ միշտ այդպես է եղել։ Նա ամեն օր հիշում էր Ադելաիդային։ Նա ցանկանում էր մոռացության տալ յուր կարճատև երջանկությունը։ Բայց իզուր։ Ես չեմ պատմիլ ձեզ նրա կրած տառապանքները։ Դա ինձ շատ հեռու կտաներ։ Կհրավիրեմ ձեզ վերադառնալ Մոսկվա, դեպի ուր ձգտում էր Սանթուրյանը։

Օգոստոսի վերջին նա Ռուսաստան ուղևորվեց, իսկ ես՝ իմ ծննդավայրը։ Այս անգամ մորս տեսա անկողնի մեջ ծանր հիվանդ։ Յոթ շաբաթ նա տատանվում էր մահի և կյանքի մեջ։ Ես չէի կարող նրանից հեռանալ, թեև վաղուց պետք է լինեի համալսարանում։ Վերջապես նա սկսեց առողջանալ, և արդեն հոկտեմբերի վերջն էր, երբ հասա Մոսկվա։ Վճռել էի իմ ուսանողության այդ վերջին տարին էլ անցկացնել գերմանացի պառավի բնակարանում։ Մտածելով, գուցե իմ սենյակը արդեն վարձված է կամ տանտիրուհին տեղափոխվել է ուրիշ տուն, ես մի օրով իջևանեցի հյուրանոցում և նույն օրը գնացի պառավին տեսնելու։

Հույս ունեի Ադելաիդային հանդիպել մոր մոտ։ Թե ինչ հետևանք էին ունեցել նրա հարաբերությունները Զարիֆյանի հետք չգիտեի։ Միայն մտածում էի, որ Զարիֆյանը չպիտի լինի Մոսկվայում։ Նա արդեն ավարտել էր ուսումը և պետք է վերադարձած լիներ հայրենիք։

Մտա ծանոթ տան բակը և դիմեցի ուղղակի դեպի պառավի բնակարանը։ Դռնապանը նախկինն էր։ Մոտեցավ ինձ և բարևելով, հարցրեց.

— Երևի գերմանուհուն եք ուզում տեսնել։

— Այո՛։

— Չկա գերմանուհին։

— Տեղափոխվե՞լ է։

— Այո՛։

— Ո՞ւր։

— Այնտեղ, ուր բնակարանի համար վարձ չեն տալիս,— պատասխանեց դռնապանը ռուս մուժիկին հատուկ սառը հեգնությամբ դեպի մահը։

Խե՜ղճ պառավ. նա մեռել էր։ Առավոտյան հիվանդացել էր, երեկոյան հոգին ավանդել։ Դժբախտությունը պատահել էր ամառվա կիսին։ Ադելաիդան մոր մահից հետո վաճառել էր կահ-կարասին և տեղափոխվել ուրիշ տեղ։ Մեր բնակարանը այժմ կարուձևի արհեստանոց էր դարձել․..

Այլևս ոչինչ չհարցրի և դուրս եկա փողոց՝ մի ծանր թախիծ սրտումս։ Կարծես ինձ զրկեցին մի ընտանիքի օթևանից, այնքան ընտելացել էի այդ բնակարանին և իմ տանտիրուհիներին։ Անբախտ պառավ, գոնե տեսա՞ր քո երկրորդ աղջկա բախտավորությունը, մտածում էի ես։

Հետևյալ օրը սենյակ վարձեցի մի ռուս ընտանիքի մոտ և իսկույն տեղափոխվեցի։ Համալսարանում իմ աչքերը որոնում էին՝ Սանթուրյանին, բայց անցավ մի ամբողջ շաբաթ, չէի տեսնում։ Ոչ ոք չգիտեր նրա բնակարանը։ Ասում էին, թե շատ քիչ է դասախոսություններին գալիս։ Նրա ամենախիստ դատավորներից մեկը ծաղրաբար նկատեց․

— Ժամանակ չունի. զբաղված է բուլվարում թռչուններ որսալով...

— Այդ նրա զբաղմունքը չէ,— ասացի ես զայրացած։

Դատապարտողը թարս նայեց ինձ և երեսը շուռ տվեց։ Ես զգացի, որ Սանթուրյանին պաշտպանելն այժմ աններելի է համարվում։ «Թռչունների որսը» մի նոր բամբասանք էր, որ առաջ չկար։ Մի ուրիշ անգամ նույն դատավորը հանդգնեց կոպտաբար նկատել.

— Զարմանալի չի լինիլ, եթե այժմ ձեր ոչ ոքի չհավանող, անհաշտ բարեկամը սրիկաներին թողնի և դառնա «թռչունների» հովանավոր և փաստաբան...

Ես կորցրի իմ սառնասրտությունը և ապտակեցի սանձարձակ պարոնին։ Դա առաջին և վերջին անգամն էր, որ ես ձեռք էի բարձրացնում մարդու վրա։ Մեզ իսկույն շրջապատեցին ուսանողները և բաժանեցին։ Նույն օրը սպասում էի, որ վիրավորված պարոնը ինձանից հաշիվ կպահանջե։ Իմ հույսերը չարդարացան․ նա ապտակս կուլ տվեց։

VII

Վերջապես մի օր գնացի հասցեների գրասենյակը և իմացա Սանթուրյանի հասցեն։ Նոյեմբերի սկիզբն էր։ Երկինքն ամպամած էր, երկիրը սառած, ձյուն չէր գալիս, բայց չոր և կտրող ցուրտ էր։ Կառքերի անիվները խուլ դղրդյուն էին արձակում սառած սալահատակների վրա։ Բարակ վերարկվիս մեջ փաթաթված, սարսռելով անցա Եկատերինյան բուլվարը, ծռվեցի դեպի, աջ և մտա Մալայա Բասմաննայա փողոցը․ Այնտեղ էր կենում իմ բարեկամը։ Հիշում եմ, երբ մոտեցավ երկհարկանի տան դռներին, սիրտս սկսեց բաբախել։ Սիրում էի Սանթուրյանին և հենց այդ օրը ուսանողների ժողովը արտաքո կարգի նիստում վճռել էր ինձ հանդիմանություն անել — նրա պատճառով սանձարձակ ուսանողին ապտակելու համար։ Չար կասկածները պաշարեցին ինձ. արդյոք կենդանի՞ է, առո՞ղջ է, արդյոք մի նոր դժբախտություն չի պատահել և այլն, և այլն...

Սեղմեցի էլեկտրական զանգակի կոճակը։ Դուռը բաց արավ մի պատանի աղջիկ։ Նա ինձ առաջնորդեց տան վերին հարկը։ Պատշգամբի վրա կանգնած էր մի նիհար, ոսկրոտ պառավ և կեղտոտ գոգնոցով սրբում էր յուղոտ ձեռները։ Սանթուրյանի տանտիրուհին էր։

— Տանն է,— պատասխանեց նա իմ հարցին, և տանելով ինձ մի բավական մութ նախասենյակ, ցույց տվեց իմ բարեկամի սենյակը։

Երբ առանց դռներին զարկելու, մտա սենյակ, իմ աչքերը ոչինչ չնշմարեցին։ Միա՛յն զգացի, որ երկու նիհար թևեր առան ինձ իրանց գրկի մեջ։

— Վերջապես եկա՞ր, վերջապես եկա՞ր,— կրկնում էր Սանթուրյանը, շտապով կապելով բաճկոնակի կոճակները։

Դա այն մոմենտնեիից մեկն է, որոնք ինձ վրա խոր տպավորություն են թողել և հավիտյան չպիտի ջնջվեն իմ հիշողությունից։ Կաշի և ոսկոր — ահա ինչ է մնացել այլևս իմ բարեկամից։ Նրա ճակատի կապույտ երակները ավելի որոշ էին գծավորվել, պարանոցի ոսկորները դուրս էին ընկել։ Ինձ թվաց, որ նա դժվարությամբ է շունչ քաշում, և մի չար կասկած հղացավ իմ մեջ։

— Դու հիվա:նդ ես,— գոչեցի ես ակամա։

— Է՛հ, միշտ միևնույնն եմ։ Նստի՛ր, ինչու՞ ուշացար․ եթե իմանայիր, ի՞նչ անհամբերությամբ էի քեզ սպասում։ Օ՜о, չգիտես ինչե՜ր են պատահել։ Դու մարգարե ես, դու ճանաչում ես մարդկանց...

Ես սկսեցի հարցուփորձ անել, ոչինչ որոշ պատասխան չստացա, թե ինչ է պատահել։ Պառավի մահը գիտեի։ Ադելաիդայի մասին սկսեցի հարցնել, նա ատամները կրճտելով, գլուխը դառնությամբ շարժեց։ Իմ հետաքրքրությունը չափ չուներ։ Նրա դեմքից, աչքերի առանձին արտահայտությունից պարզ երևում էր, պատահել է մի արտաքո կարգի բան։

— Ինչո՞ւ դասախոսություններին չես գնում։

— Դասախոսությունները կյանքումն եմ լսում։ Ինձ համալսարանում այժմ անբարոյական են համարում։ Խոսելով չեմ կարող պատմել։ Գնա՛նք իսկույն, ես քեզ փաստը ցույց կտամ և դու կիմանաս, թե որն է իսկական անբարոյականությունը։ Գնա՛նք, դու պետք է իսկույն, հենց այս րոպեիս տեսնես նրան...

Այս ասելով, նա շտապով հագավ վերարկուն։ Ես լուռ հետևեցի նրան։ Դուրս եկանք փողոց։

— Ահա մոտիկ է, շուտով կհասնենք...

Հավիվ անցանք հարյուր քայլ, նա կանգ առավ մի երեք հարկանի նեղ տան դռան առջև։ Ներքին հարկը կիսով չափ գետնի մեջ էր։ Նա մոտեցավ գետնից հազիվ մի կանգուն բարձր — մի փոքրիկ քառակուսի լուսամուտի, երկու անգամ կամացուկ զարկեց ապակիին։ Մի ձեռ ներսի կողմից սպիտակ վարագույրները բաժանեց միմյանցից։ Ես նշմարեցի մի կնոջ դեմք, որ իսկույն չքացավ։ Սանթուրյանը շտապով բաց արավ փողոցի դռները։ Մենք մտանք, երկու աստիճան փողոցից ցած իջանք, անցանք մի նեղ կորիդոր և մոտեցանք մի մոխրագույն դռան։ Սանթուրյանը բաց արավ դուռը և, նայելով դեպի ներս, ասաց.

— Հետս հյուր կա։

— Խնդրեմ,— լսվեց ներսից մի կանացի ձայն, որը ինձ շատ տկար թվաց։

Մենք մտանք մի փոքրիկ սենյակ — համեստ կահավորված։ Բայց ո՞վ էր այնտեղ բնակվում, ինչո՞ւ Սանթուրյանը ինձ չէր ասում։ Այս բոլորը մի առանձին խորհրդավորություն էին տալիս մեր տարօրինակ այցին։ Հետաքրքրությունից իմ սիրտը բաբախում էր։ Սենյակի մեջտեղում կանգնած էր մի երիտասարդ կին, համեստ տնային հագուստով։ Ինձ տեսնելով, նա ժպտաց, շփոթվեց, կարմրեց և, ձեռը մեկնելով, արտասանեց ճնշված ձայնով.

— Ա՜ա, այդ դո՞ւք եք, պարոն Միրաբյան։

Խորհրդավորության քողն ընկավ իմ աչքերից, և ես ճանաչեցի Ադելաիդային: Բայց ո՛ւր էր այն զվարթ, թռչկոտող, առողջ դեմքով, ծիծաղկոտ և մշտաշարժ օրիորդը։ Իմ դեմ կանգնած էր մի գունատ, նիհար և ամաչկոտ կին՝ գլուխը կրծքին թեքած։ Նրա սիրուն կազմվածքը այլևս չուներ յուր առաջվա գեղեցկությունը. նրա ուսերը ինձ թվացին ցած իջած, կուրծքը նիհարած։ Նրա գլխին ձգած էր մի մեծ դեղնագույն շալ: Ես նկատեցի, որ, ինձ տեսնելով, շտապեց շալով ծածկվել։

Ես ոչինչ չկարողացա խոսել, ապշած նայում էի Ադելաիդայի պարանոցին, որ գծավորվել էր կապույտ երակներով։ Ինձ թվում էր, որ այնտեղ խեղդվում է նրա հեկեկանքը, և նա հազիվ կարողանում էր իրեն զսպել։ Ես ակնարկեցի նրա մոր մահը և մի քանի մխիթարական խոսքեր ասացի։

— Այո, մեռավ, ինձ թողեց մենակ,— ասաց նա և սկսեց հեկեկալ:— Խե՜ղճ մայր, խե՜ղճ մայր,— կրկնում էր նա արտասվախառն ձայնով,— նա միայն տասներկու ժամ հիվանդ մնաց։ Առավոտը զարթնեց թե չէ ասաց գլուխս ցավում է։ Պառկեց, ուշաթափ եղավ։ Բժիշկ կանչեցինք, օգնել չկարողացավ... Ամբողջ օրը տանջվեց անխոս... միայն նայում էր երեսիս... Երեկոյան տասը ժամին հոգին ավանդեց... Օ՜օ, խեղճ մայր, բարի մայր, աշխատասեր մայր...

Բայց այլևս չէի խղճում պառավին։ Լավ էր, որ մեռավ և աղջկանը չտեսավ այդ խայտառակ դրության մեջ:

Առանց բացատրությունների, ես ամեն բան հասկացա։ Իմ առջև կանգնած էր մի քաղաքակիրթ մարդու զոհ։ Ես միայն չէի կարողանում ինքս ինձ հաշիվ տալ, թե ի՛նչպես նա գրավեց այդ աղջկան մինչև այդ աստիճան...

Դժվար էր երկար ժամանակ դիմանալ քստմնելի տեսարանին։ Իմ սիրտը մորմոքվում էր, երբ նայում էի Ադելաիդային։ Նա ամաչում էր, չէր վստահանում ուղղակի նայել իմ աչքերին։ Ամաչում էր նաև Սանթուրյանը... ուրիշի արարքից։ Բայց ո՛րպիսի գուրգուրանքով, երախտագիտությամբ և ակնածությամբ էին նայում Ադելաիդայի թախծալի աչքերը իմ բարեկամին։ Ես շտապում էի իմանալ այդ նողկալի դեպքի պատմությունը, այն, ինչ որ պատահել էր ինձանից հետո։ Հարկավ, անկարելի էր այդ մասին խոսել Ադելաիդայի մոտ։ Մենք միմյանց հարցուփորձ էինք անում կողմնակի բաների մասին, մինչդեռ երեքիս էլ ճնշում էր անախորժ միտքը, երեքս էլ զգում էինք մեր դրության կեղծիքը։ Ես շտապեցի Ադելաիդային ազատել անախորժ դրությունից և հրաժեշտ տվի։ Գիտեի, որ Սանթուրյանը պիտի հետևի ինձ։

Մենք դուրս եկանք փողոց, և ես սկսեցի մի փոքր ազատ շնչել։ Իմ բարեկամը լուռ էր ամբողջ ժամանակ, մինչ անցնում էինք փողոցով։ Ես միայն լսում էի նրա կրծքում խեղդվող հառաչանքների խուլ արտահայտությունը։ Երբ հասանք նրա սենյակը, նա թուլացած, ընկճված նստեց բազկաթոռի վրա, արտասանելով.

— Դու տեսար նրան. այժմ պատրաստ եմ լսել քո հանդիմանությունը։

— Ո՞ւմ պիտի հանդիմանեմ։

— Ինձ։

— Ինչո՞ւ։

— Որ ես չլսեցի քեզ, որ չուզեցի ճանաչել այդ մարդուն, որ կուրացա և նրա բարեկամական դիմակի տակ չտեսա տգեղ կերպարանքը։ Ադելաիդա՞ն։ Նա ոչինչ մեղք չունի։ Մեղավորը ես եմ։ Ե՛ս, որ թույլ գտնվեցի, չկարողացա հաղթել իմ մեջ հիմար հպարտության զգացումը և ուժով, այո՛, նույնիսկ ուժով, մի օր մտնել Ադելաիդայի սենյակը, խնդրել, աղաչել, որ ինչ ուներ, ինքն անձամբ ասեր իմ երեսին։

Եվ նա սկսեց հետզհետե ավելի ու ավելի գրգռվել։ Նա պատմեց բոլորը, և այստեղ երևան եկավ, թե կիրքը երբեմն ի՛նչ սոսկալի միջոցների է ընդունակ դիմելու։ Զարիֆյանը յուր միջամտության ժամանակ բոլորը աղավաղել էր՝ Ադելաիդայի ասածները Սանթուրյանի և Սանթուրյանի ասածները Ադելաիդայի մոտ։

Այդ դեռ վերջերը։ Իսկ առաջ, երբ Ադելաիդան հաշտ է եղել Սանթուրյանի հետ, Զարիֆյանը ամեն կերպ աշխատել է գցել յուր հայրենակցի վարկը նրա աչքում։ Նա գործել է այնքան զգույշ, այնքան խորամանկ, որ օրիորդը ինքն էլ չի զգացել, թե ինչպես յուր սրտում հետզհետե նոր ծագած սիրույն փոխարինում է ատելության զգացումը։ Նա Սանթուրյանին Ադելաիդայի մոտ ներկայացրել է մի սրիկա և ավազակ հոր զավակ, որ ամենից արհամարհված է, ամենից հալածված։ Նա օրիորդի մոտ կարդացել է յուր հայրենակցի մասին լրագրերում, նույնիսկ հայ լրագրերում տպված բոլոր հոդվածները։ Սանթուրյանը հոգեպես հիվանդ է, դժբախտ է, չի կարող սիրել, ահա ինչ է ասել Զարիֆյանը։ Եվ ասել է այն ձևով, որ օրիորդը համոզված է եղել, թե ասում է ընկերական սիրուց, բարեկամական կարեկցությունից դրդված։ Այսպիսով, նա օր-օրի վրա, կաթիլ-կաթիլ կասկածանքի թույնը թափել է Ադելաիդայի փափուկ սրտի մեջ։

— Գիտեմ,— շարունակեց Սանթուրյանը,— դու կարող ես ասել, թե ինչո՞ւ Ադելաիդան գեթ մի անգամ ինձ հետ չխոսեց այս մասին։ Բայց այդ կարելի էր պահանջել մի հասուն և փորձված կնոջից, իսկ Ադելաիդան, իբրև երեխա, ամաչել է մի ակնարկ անգամ անել ինձ...

Այնուհետև, երբ Ադելաիդան սկսել է երես դարձնել, երբ Սանթուրյանը խնդրել է Զարիֆյանին միջնորդ լինել. «առերես» բարեկամի համար բացվել է նորանոր մեքենայությունների ասպարեզ։ Նա բոլորը կեղծել է, բոլորը աղավաղել, երկու կողմերին ևս հակառակը պատմելով։ Երբեք Ադելաիդան չի ասել թե «արհամարհում է Սանթուրյանին», երբեք չի ասել, թե «լսել անգամ չի ուզում Սանթուրյանին անձամբ բացատրություն տալու մասին», երբեք մանավանդ չի ասելլ, թե Սանթուրյանը յուր վերաբերմամբ «ստոր նպատակ է ունեցել»։ Ընդհակառակը, Զարիֆյանը ինքն է ասել օրիորդին, թե իբր «Սանթուրյանը ծաղրել է յուր մոտ Ադելաիդային․․․»։

— Եվ այս բոլոր մեքենայություններին դիմել է մեզ միմյանցից բաժանելու համար,— շարունակեց Սանթուրյանը։— Նա ինքը երդվել է Ադելաիդայի մոտ, թե սիրում է նրան, տանջվում է նրա համար։ Գիտեմ, դու կասես. «դարձյալ մեղքը քո Ադելաիդայինն է, ինչո՞ւ այդքան թույլ է գտնվել և խաբվել է այդպես շուտ ու հեշտ»։ Ճիշտ է, բնական է այդ մեղադրանքը։ Բայց, բարեկամս, մի՛ մոռանալ մի բան. Ադելաիդայի սերը դեպի ինձ այնքան ամուր չի եղել, որ ուժ տար նրան դիմանալու մի այդպիսի ճարպիկ մարդու խարդավանքներին։ Կարո՞ղ է մի նոր տնկած և հազիվհազ արմատ ձգած ծառ դիմանալ թեկուզ մի թույլ փոթորիկի...

Որքան ևս Սանթուրյանը արդարացներ Ադելաիդային, այնուամենայնիվ օրիորդը իմ աչքում գեթ մի աստիճանի մեղավոր էր յուր անբախտության համար։ Բայց այլևս ուշ էր այդ մասին վիճելը և ավելորդ։ Ես միայն հարցրի․

— Այժմ ի՞նչ ես մտադիր անել։

— Իհարկե վրեժ առնել Զարիֆյանից։

Միանգամայն համոզված էի, որ Սանթուրյանը ընդունակ է մի արատավորված օրիորդի համար ազնիվ և ասպետական վրիժառու լինել, անգամ եթե այդ օրիորդը Ադելաիդան չլիներ։ Նույնիսկ ես ինքս պատրաստ էի Ադելաիդայի պատիվը պաշտպանել, ուր մնաց նա, որ սիրում էր այդ օրիորդին։

— Բայց ի՞նչ պիտի լինի քո վրեժը,— հարցրի ես հետաքրքրված։

— Բարոյական վրեժ։

— Չեմ հասկանում։

— Շատ պարզ է, ես կամուսնանամ Ադելաիդայի հետ։ Վաղուց եմ վճռել, միայն քեզ էի սպասում։

Ես զարմացած նայեցի նրա երեսին։ Խոստովանում եմ, ամեն տեսակ վրիժառություն ինձ համար հասկանալի էր, բացի այդ մեկից․․․

— Դու զարմանո՞ւմ ես, Միրաբյան,— սկսեց բացատրել Սանթուրյանը,— բայց դա միակ վրիժառությունն է, որին պետք է դիմե ազնիվ մարդը։ Լսի՛ր, Զարիֆյանը թողել է Ադելաիդային այդ դրության մեջ և հեռացել։ Նա մտադիր չէ ամուսնանալ յուր զոհի հետ։ Դժբախտաբար, մի շարք ուսանողների շրջանում այդ տեսակ զոհեր սովորական են դարձել։ Ստիպել Զարիֆյանին, որ յուր մեղքը քավե, ամուսնանա,— անկարելի է։ Եթե նա համաձայնվի էլ, Ադելաիդան երբեք չի կամենալ։ Նա այժմ զզվանքով է հիշում Զարիֆյանին։ Այս մեկ։ Ի՞նչ պիտի անե, ուրեմն Ադելաիդան։ Մնա այդ դրության մե՞ջ։ Նա մի անպաշտպան երեխա է։ Նա շուտով կընկնի վատ ճանապարհ. աշխարհը լի է փորձություններով, կընկնի և կգլորվի անբարոյականության անդունդը։ Համաձա՞յն ես, որ նա այդպես կորչի։ Ո՛չ․ դու ազնիվ մարդ ես, չես կարող համաձայնվել։ Այս երկու։ Բայց կա և երրորդ պատճառ։ Դա ամենից զորավորն է. ևս սիրում եմ Ադելաիդային, սիրում եմ այժմ էլ, այդ դրության մեջ էլ, և ավելի, քան առաջ։ Ահա այն պատճառները, որ ինձ դրդեցին իմ վճիռը կայացնել։

— Բայց քո ուսու՞ւմը, քո ծնողնե՞րը, քո՞ւյրը, եղրա՞յրը, հասարակությո՞ւնը...

— Մտածել եմ այդ մասին էլ։ Ուսումս ավարտում եմ այս տարի։ Ծնողներս և քույրերս դեմ չեն լինիլ, որովհետև ամուսնանում եմ մի խաբված, բայց բարոյական կնոջ հետ։ Գալով հասարակությանը, ո՛չ ոքի պարտավոր չեմ հաշիվ տալու, իմ քայլը միայն ինձ է վերաբերում։

Ես այլևս ոչինչ չասացի, այնքան վճռական էր նրա պատասխանը։ Հրաժեշտ տալիս, նա ինձ խնդրեց, որ լուր պատմածները առայժմ ոչ ոքի չհաղորդեմ․․․

VIII

Մի շաբաթ անցած Սանթուրյանը եկավ ինձ մոտ և խնդրեց նրա խաչեղբայրը լինել։

— Այժմ ամեն ինչ պատրաստ է։ Ադելաիդան տատանվում էր։ Նա ինձ սիրում է, բայց իմ զոհաբերությունը շատ մեծ էր համարում և չէր ուզում իմ կինը դառնալ։ Ես նրան համոզեցի. վաղն ևեթ պետք է ամուսնանամ։

— Բայց այդքան շո՞ւտ։

— Դու գիտես, որ հետաձգելը անհարմար է... Բայց ես այս անգամ չկամեցա ոչ մի կասկած թաքցնել իմ բարեկամից և բոլորը հայտնեցի։ Անշուշտ նրա վճիռը կրում էր բարձր ազնվության և վեհանձնության դրոշմ, անշուշտ նրա արածը մի հերոսական քայլ էր։ Բայց ո՞րտեղ կարող էր հասցնել նրան այդ քայլը։ Լինել ամուրի և ամուսնացած — դրանք երկու միմյանցից շատ տարբեր դրություններ են։ Այն, ինչ որ թեթև կարող է անցնել ամուրիի համար, մեծ անախորժություններ կարող է պատճառել մի ընտանիքի հորը։ Նա չի կարող դիմանալ հասարարական կարծիքի ծանրությանը։ Իսկ եթե դիմանա էլ, մի՞թե նույնը կարող է երաշխավորել և Ադելաիդայի համար, որին պիտի տանի մի օտար և անծանոթ շրջան։

Սրանք էին իմ ընդդիմության պատճառները։ Սակայն Սանթուրյանը ինձանից ավելի լուրջ էր մտածել այդ բոլորի մասին։ Նա հերքեց իմ բոլոր առարկությունները։ Վճիռը անխախտելի էր։ Ես չկամեցա նրա հետ երկար վիճել։ Այն չար կասկածը, որ ծագել էր իմ սրտում նրա առողջության մասին, այժմ ավելի ամրացել էր։ Այդ օրը նա այնքան թույլ էր և դյուրագրգիռ, որ ես ավելի նրա կյանքի, քան ամուսնության մասին էի մտածում։

Պսակը կայացավ հայոց եկեղեցական օրենքներով. Ադելաիդան բողոքական էր։ Ինչպես ազնիվ որդի, Սանթուրյանը յուր մորը այդ մասին հաղորդել էր դեռ երկու շաբաթ առաջ, ուղարկելով նամակի հետ Ադելաիդայի լուսանկարը։ Հարսանիքից երկու օր առաջ նա ստացել էր պատասխան։ Մայրը ընդդիմադրություն չէր ցույց տալիս, բայց աղաչում էր զգույշ լինել ընտրության մեջ։ Երևի, որդին առայժմ ճշմարտությունը թաքցրել էր նրանից... Եվ լավ էր արել։

— Գիտեմ, այժմ ինձ ատողների և արհամարհողների թիվը պետք է ավելանա,— ասում էր նա պսակի երկրորդ օրը,— բայցե ես արդար եմ իմ խղճի առջև, և դա ինձ բավական է։ Ոչ մի հալածանը չի կարող ինձ ստիպել զղջալ իմ արածի մասին: Ա՜խ, Միրաբյան, հավատացի՛ր, ես քեզ սիրում եմ ոչ միայն նրա համար, որ դու իմ միակ բարեկամն ես։ Ոչ, դա դեռ քիչ է․ ես քո մեջ տեսնում եմ մտքի անկախություն. դու ուրիշի խելքով չես ապրում, օրենք դարձած նախապաշարմունքները քեզ շատ չեն կաշկանդում... Բայց և այնպես էլի կաշկանդում են։ Գիտեմ, ուսանողները քեզ էլ սկսել են խորթ աչքով նայել իմ պատճառով։ Բայց անկեղծ պատասխանի՛ր. զգո՞ւմ ես, որ վատ բան ես արել ինձ նման մի անհաշտ մարդու հետ ընկերանալով։

— Երբե՛ք,— գոչեցի ես զգացված,— ընդհակառակը, ես շատ գոհ եմ իմ արածից։

— Տո՛ւր ինձ ձեռքդ,— ասաց նա ոգևորված,— մենք հավիտյան կմնանք բարեկամներ։

Եվ մնացինք։

IX

Ադելաիդան ծնեց մի արու զավակ։ Այդ ժամանակները թե՛ ես և թե՛ Սանթուրյանը այնքան զբաղված էինք վերջին քննություննևրով, որ հազիվ շաբաթը մի անգամ տեսնվում էինք։ Բայց իմ աչքից չէր խուսափում այն տխուր հանգամանքը, որ նա օրեցօր թառամում էր և դալկանում։ Նա չէր հազում, և դա միակ բանն էր, որ հույս էր տալիս ինձ, թե հիվանդությունը թոքախտ չէ։ Եվ որքան նա մարմնապես թուլանում էր, այնքան հոգեկան կրակը սաստկանում էր, այնքան աչքերի փայլը զորեղանում։ Թվում էր ինձ, որ հենց այդ կրակն է նրան արագ-արագ լափում, և եթե մի ցավ ունի, հենց դա է։

Ես ամեն օր լսում էի այն բոլորը, ինչ որ ուսանողների շրջանում խոսվում էր Սանթուրյանի համարձակ քայլի մասին։ Ամենքը դատապարտում էին այդ քայլը, ամենքը համրում էին նրան անբարոյական։ Իսկ ես, որ միակ մարդն էի իսկական իրողությանը տեղյակ, չգիտեի, ո՛ր մեկին ապացուցանեմ իմ բարեկամի վարմունքի ազնվությունը։ Ոչ ոք չէր ուզում հավատալ, թե Ադելաիդան այն թշվառ էակներից չէ, ինչ որ կարծում էին։

— Դրոշմը ճակատին էր, երբ ամուսնացավ․ միթե կարելի՞ է հերքել արևի լույսը,— ասում էին շատերը։

Ինձ վրդովեցնում էր մանավանդ մի հանգամանք. ոչ ոքի հայտնի չէր, թե ո՞վ է այդ դրոշմի հեղինակը։ Ես մի վերին աստիճանի անախորժ դրության մեջ էի։ Մի կողմից ուզում էի ամենի առջև պատռել Զարիֆյանի դիմակը, մյուս կողմից՝ անհարմար էի համարում։ Ճշմարիտ է, Սանթուրյանը ինքը, հարկավոր եղած ժամանակ, կպարզեր իրողությունը, այնքա՛ն նա համարձակ էր յուր արածների վերաբերմամբ, բայց համոզված էի, որ դա կարող էր Ադելաիդային մի առանձին վիշտ պատճառել։

Կային մարդիկ, որ ասում էին ՝ «Սանթուրյանը սեփական մեղքն է քավում»։ Դա համեմատաբար մի նպաստավոր կարծիք էր։ Եվ ես միայն դրա դեմ էի լռում, հասկացնել տալով ուսանողներին, թե իբր հենց այդ է զուտ ճշմարտությունը։

Մի անգամ համալսարանի դահլիճներից մեկում կովկասցի ուսանողները հավաքված խորհրդակցում էին մի ինչ-որ «կովկասյան քեֆի» մասին։ Ես չէի հետաքրքրվում, բայց լսում էի նրանց խոսածները։ Սկսեցին անունները գրել։ Մեկը ծաղրաբար հիշեց Սանթուրյանի անունը։ Դա նորանոր բամբասանքների և սրախոսությունների առիթ տվեց մի խումբ ուսանողների։ Արդեն ես սկսել էի արհամարհել նրանց կարծիքները, և դա ավելի էր կատաղեցնում նրանց, թեև իմ ապտակը դեռ չէին մոռացել։

— Տեսե՜ք ,— ասաց մի սրախոս,— մենք միայն մի դիպլոմով կվերադանանք հայրենիք, իսկ նա երկուսը կտանի։

— Ինչո՞ւ ոչ երեքը,— նկատեց մի ուրիշը։

— Երրորդը կեղծ է,— պատասխանեց սրախոսը։

Դարձյալ արյունը խփեց գլխիս, դարձյալ կամենում էի պատմել այդ չարախոսներից մեկին։ Բայց այդ րոպեին մեկը հանկարծ բռնեց իմ թևից և հետ քաշեց ինձ։ Նայեցի և տեսնեմ ինքը Սանթուրյանն է։ Նա հեռվից հասկացել էր բանի էությունը։ Ուսանողները նրան տեսնելով, հետ քաշվեցին, որ ցրվեն։

— Սպասեցե՛ք, պարոններ,— գոչեց նա։

Բոլորը կանգ առան իրանց տեղերում։

— Պարոններ,— խոսեց իմ բարեկամը վրդովված ձայնով,— գիտեմ, վեճը ինձ էր վերաբերում և իմ ընկերը ուզում էր ինձ պաշտպանել։ Դուք շատ արի եք իմ վերաբերմամբ։ Խնդիրը ձեր քեֆին մասնակցելու մասին չէ։ Իհարկե, ոչ դուք կհրավիրեք, ոչ ես կկամենամ իմ ներկայությամբ ապականել ձեր վերջին ուսանողական ժողովը։ Բայց լսեցե՛ք միայն մի խոսք։ Դուք դատապարտում եք իմ վերջին քայլը, դուք համարում եք նրան անբարոյական։ Իսկ ե՛ս... ես համարում եմ ավելի, քան բարոյական։ Դուք ասում եք, թե ես ամուսնացել եմ մի թշվառ էակի հետ։ Եթե խնդիրը միայն ինձ վերաբերեր, իհարկե, կլռեի, ինչպես միշտ լռել եմ ձեր բոլոր, ներեցեք, զրպարտությունների դեմ․․․ Բայց այժմ... դուք անխնա արատավորում եք մի անուն, որ ինձ համար թանկ է, քան ես և իմ անունը։ Դուք անարդար եք վարվում։ Ես չեմ վիճիլ ձեզ հետ այդ մասին։ Բայց ընդունենք մի րոպե որ, ձեր ասածը ճիշտ է. որ ես, իրավ, մի թշվառ էակի հետ եմ կապել իմ կյանքը։ Նախ՝ դա ինձ և միայն ինձ է վերաբերում, երկրորդ՝ եթե քաջ եք, եթե գոնե մի կաթիլ անկեղծություն ունիք, եթե ձեր հոգին բոլորովին ստրկացած չէ բարեհաճեցեք պատասխանել այս հարցին. «ո՞րն է լավը. կնոջը ցեխի մեջ գլորե՞լը, թե՞ ցեխից հանելը...»։ Ես սպասում եմ պատասխանի...

Նա կանգնած էր դահլիճի մեջտեղում և նայում էր յուր շուրջը։ Նա ինքը հուզմունքից դողում էր, բայց ճիգ էր անում զսպել իրան և հաջող։ Նրա նիհար, գունատ, հիվանդոտ դեմքը խորին տրտմության հետ արտահայտում էր նաև հոգու անսահման անվեհություն։ Նա գեղեցիկ էր, գրավիչ և ազդու այդ րոպեին։ Բոլոր ուսանողները երբ այդ վայրկյանին ինձ թվում էին ոչնչություն։ Ես հիացած նայում էի նրան, մտքումս ծափահարելով նրա ամեն մի բառը։ Պատրաստ էի պաշտպանել նրան մինչև իմ արյան վերջին կաթիլը և սպասում էի, թե ով կհանդգնի ձեռք բարձրացնել կամ մի կոպիտ խոսք ասել նրան։

Բայց ամենքը լուռ էին և ապշած նայում էին նրան։ Դերերը փոխվել էին։ Նա, որ միշտ մեղադրվում էր և միշտ դատապարտվում, այժմ կարծես դարձել էր դատավոր և յուր անողոք հարցը դրած, սպասում էր պատասխանի։ Իսկ պատասխան չէր լսվում։ Ուսանողները նայում էին միմյանց երեսին։ Սրախոս պարոնը աշխատում էր ժպտալ, բայց շփոթված էր։ Ինձ համար այդ հասկանալի էր, նրա խիղճը մաքուր չէր, որովհետև նա մեկին արդեն «գլորել էր ցեխի մեջ»։

— Չե՞ք պատասխանում,— արտասանեց Սանթուրյանը, ձայնը բարձրացնելով,— լռո՞ւմ եք... Հասկանում եմ. որովհետև ձեզանից շատերի համար գուցե անհնարին է պատասխանել... Օ՜օ, ոչ ոքի չեմ ուզում դատապարտել, թեև դատապարտելու փաստեր ունիմ... Բայց, պա՛րոններ, բավական է։ Դուք հալածում եք ինձ, ես տանում եմ ձեր բոլոր վիրավորանքները։ Բայց հավատացե՛ք, դա ինձ համար այնքան վշտալի չէ որքան ձեր սխալ հասկացողությունը պատվի և պատվասիրության մասին։ Ուրիշ ոչինչ ասելիք չունիմ... Դա իմ վերջին հրաժեշտն է... Միրաբյան, կամենո՞ւմ ես ինձ հետ գալ...

Այս ասելով, նա քայլերը ուղղեց դեպի դուրս։ Ուսանողները ճանապարհ տվին նրան։

— Հիվանդ է,— շշնջաց մեկը։

— Չարժե խոսել նրա հետ,— ասաց մյուսը։

— Տե՛սեք, նոր է խելքի եկել և ուզում է հաշիվ պահանջել մեզանից,— ասաց երրորդը։

Ես ոչ ոքի վրա ուշադրություն չդարձրի։ Ինձ թվում էր, որ Սանթուրյանը յուր վրեժն առավ և վերջացրեց։ Ես հաստատ քայլերով հետևեցի նրան, և այն օրից կտրեցի իմ կապը ուսանողների հետ․․․

X

Մոտեցել էր գարունը։ Մոսկվա գետի սառույցը վաղուց արդեն կոտրվել էր։ Արեգակի ջերմությունը զգալի էր դարձել։ Զատկական տոներից հետո սկսվեցին մեր քննությունները և վերջացան մայիսի կեսին։

Մի սիրուն, պայծառ, թեև բավական ցուրտ արեգակնային օր էր, երբ վերջին հրաժեշտս տալով համալսարանին, իրավաբանի դիպլոմը ձեռքիս, վերադառնում էի իմ սենյակը ուրախ, երջանիկ, լի ապագայի քաղցր հույսերով։ Մտադիր էի շտապով ճաշել և անմիջապես գնալ Սանթուրյանի մոտ՝ իմ ուրախությանը նրան էլ մասնակից անելու։ Նրա քննությունները դեռ չէին վերջացել։ Հյուրասիրելու առաջին հերթն իմն էր։ Մտածում էի իրիկնադեմին նրան ու Ադելաիդային հրավիրել մի հյուրանոց ընթրիքի։ Ես զուրկ էի ուրիշ բարեկամներից։

Սակայն այդ հանդիսավոր օրվա իմ ուրախությանը վիճակված չէր երկար շարունակվելու։ Երբ երգելով, ուրախ-ուրախ մտա իմ սենյակը, սեղանիս վրա գտա մի տոմսակ հետևյալ բովանդակությամբ. «Շտապեցեք գալ մեզ մոտ, Մարգարը ցանկանում է ձեզ հետ տեսնվել»։ Այդ օրերը պետք է, վերջապես, Թիֆլիսի պալատում քննվեր Սանթուրյանի հոր գործը, որ այնքան ձգձգվել էր։ Կարծեցի, իմ բարեկամը այդ մասին տխուր հեռագիր է ստացել, երևի կամենում է յուր վիշտը հայտնել ինձ։ Բայց նամակը Ադելաիդան էր գրում, և այս հանգամանքը ինձ շփոթեցրեց... Մի շաբաթ էր, ես նրանց չէի տեսել։

Չգիտեմ ինչպես ճաշեցի և կառք նստելով, շտապեցի իմ բարեկամի մոտ։ Նրա այժմյան բնակարանը բաղկացած էր երկու փոքրիկ սենյակներից։ Մեկը ծառայում էր իբրև ընդունարան, սեղանատուն, պարապելու սենյակ, մյուսը ննջարան էր։ Ադելաիդան ինձ դիմավորեց դռների մոտ և շվարած հաղորդեց, թե յուր ամուսինը հիվանդ է։ Ես կարծես ավելի վատ լուրի էի սպասում, սառնությունս չկորցրի, մտա ննջարան, ուր պառկած էր նա։ Ես մոտեցա նրա անկողնին։ Նա սաստիկ տաքության մեջ էր, ճակատն այրվում էր, կուրծքը շնչառությունից ուժգին բարձրանում էր և ցածանում։

— Ոչինչ,— ասաց նա շշնջալով, ինձ հանգստացնելու համար,— մի քիչ տկար եմ, կանցնի...

Ես նստեցի նրա գլխի մոտ։ Ադելաիդան շշնջալով պատմեց իրողությունը։ Չորս օր առաջ Սանթուրյանը մինչև ուշ երեկո պարապում է և հետո, թեթև գլխացավ զգալով, պառկում է անկողին։ Այդ օրը երեխան հիվանդ է լինում և չի քնում, ծիծ չի ուտում, շարունակ լալիս է։ Սանթուրյանը ստիպված է լինում մինչև լույս նրան ման ածել սենյակից սենյակ յուր կրծքի վրա սեղմած։ Նա չի թողնում, որ մայրը անհանգստանա։ Ոտաբոբիկ, կուրծքը մերկ, նա ժամերով անցուդարձ է անում բաց և սառը հատակի վրա։ Առավոտյան կանուխ նա հոգնած, անքուն, Ադելաիդայից թաքցնելով յուր դողոցը, վազում է բժշկի հետևից,— և նույն բժիշկը, երբ երեկոյան գալիս է կրկին անգամ երեխային տեսնելու, գտնում է իմ բարեկամին անկողնում պառկած։

Այն կրակը, որ տարիների ընթացքում մխալով ուտում էր նրա հոգին, քայքայել էր նրա ամբողջ կազմվածքը։ Նրա համար դժվար էր դիմանալ մի ամենաթեթև հիվանդության անգամ։ Ահա ինչու էի ես վախենում։ Երբ բժիշկը եկավ նրան նորից զննելու, ես թաքուն խնդրեցի հայտնել ինձ, իբրև հիվանդի բարեկամին, ճշմարտությունը։

— Եթե հիվանդի կազմվածքը ամուր լիներ,— ասաց բժիշկը,— կարելի էր երաշխավորել որ կառողջանա։ Բայց նրա թոքերը վաղուց են վնասված․․․

Ահա հենց այդ բանն էր ինձ վախեցնում։ Ես մի կերպ զսպեցի իմ արտասուքս և շրթունքներս կրծոտելով անցա ննջարան, նստեցի հիվանդի մոտ։

Այդ գիշեր մինչև լույս նա անցկացրեց շատ անհանգիստ։ Ադելաիդան ստիպված էր ամբողջ ժամանակ զբաղվել երեխայի հետ։ Ոչ ծծմայր ուներ, ոչ աղախին։

Հիվանդը ցնորքների մեջ էր, խոսում էր անկապ և թլվատ լեզվով։ Ես ստեպ-ստեպ փոխում էի նրա ճակատի սառը կոմպրեսը և ժամը մի անգամ դեղի գդալը մոտեցնում բերանին։

Հետևյալ առավոտ նա մի քանի ժամով ուշքի եկավ և սկսեց ինձ հետ զրուցել։ Նա խոսում էր յուր հոր գործի, մոր, եղբոր, քրոջ, Ադելաիդայի և նրա երեխայի մասին։ Որքան սեր և գուրգուրանք էին զգացվում նրա խոսքերի մեջ։ Իսկ Ադելաիդան յուր երախտագիտությամբ և անկեղծությամբ լի հայացքը չէր հեռացնում նրա երեսից։ Իմ բարեկամը հիվանդացել էր երեխայի պատճառով և այդ կրկնապատկում էր գերմանուհու սերը և վիշտը։

Իսկ հիվանդը հավատացած էր, որ շուտով, շուտով տաքությունը բոլորովին կանցնի, երեկոյան կամ վաղը ինքը ոտքի կկանգնի։ Նա սկսեց խոսել ուսանողների, համալսարանի, պրոֆեսորների և վերջին քննությունների մասին։ Նա շտապում էր շուտով ավարտել քննությունները և վերադառնալ հայրենիք Ադելաիդայի հետ։

— Ես համոզված եմ,— ասաց նա Ադելաիդային,— որ մայրս և քույրս քեզ պիտի շատ սիրեն...

Երբ Ադելաիդան անցավ մյուս սենյակ երեխային ծիծ տալու, նա խոսեց վերջին տեսարանի մասին համալսարանում։ Նա չէր մեղադրում յուր հակառակորդներին, միայն ասում էր, թե սահմանափակ խելքի և զարգացման տեր են, մտքի անկախություն և համոզմունքների քաջություն չունեն, ուրիշներից լսածները և կարդացածներն են թութակի պես կրկնում: Ներս մտավ դարձյալ Ադելաիդան: Հիվանդը խոսքը փոխեց և սկսեց յուր կնոջ հետ կատակներ անել, ծիծաղել։ Պահանջեց երեխային, նայեց երեսին և յուր բարակ, դեղնած մատների ծայրով քնքշաբար շոյեց նրա թավշամորթ այտերը։ Ադելաիդան այդ ժամանակ աշխատում էր ինձ չնայել...

Ճաշից հետո եկավ բժիշկը, նայեց և գլուխը երկմտությամբ շարժեց, մի խորհրդավոր հայացք ձգելով ինձ վրա։

Այս անգամ նա ասաց.

— Այս գիշեր ամեն ինչ կպարզվի...

Ուշ երեկո էր։ Ես նստած էի իմ բարեկամի գլխի կողմում, իսկ Ադելաիդան նրա ոտքի մոտ, որպեսզի կարողանա շարունակ նայել նրա աչքերին։

Դառն և թշվա՛ռ ժամեր, հավիտյան պիտի կենդանի մնաք իմ հիշողության մեջ... Ես նստել էի մահամերձ մորս անկողնու մոտ, զգացել էի մահի մոտավորությունն իմ սրտին թանկ մի անձի։ Բայց ա՛յլ էր այս անգամ։ Ինձ տիրել էր բոլորովին մի անսովոր վիշտ։ Օտար երկրում, օտար շրջանում, հեռու ծնողներից վտանգավոր դրության մեջ պառկած էր մի ազնիվ, բարի, վեհանձն և տաղանդավոր երիտասարդ։ Ով գիտե, ինչ հույսեր և ձգտումներ կային նրա կրծքի տակ։ Այն մարդը, որ բոլոր յուր ընկերներից արժանավորն էր, հալածված էր, ատված և արհամարհված։ Ինչո՞ւ։ Որովհետև բնությունը նրա խելքին տվել էր ուրիշ ուղղություն և սրտին մեջ մտցրել էր տարբեր զգացումներ։

Ես էի, որ հասկանում էի նրան։ Բայց հասկանո՞ւմ էի արդյոք բոլորը, ինչ որ կար նրա մեջ: Ընդունա՞կ էի արդյոք գնահատելու նրա բոլոր արժանավորությունները։— Հազիվ թե․ որովհետև նրան ամբողջովին հասկանալու համար պետք էր նրա չափ խելոք լինեի, չեմ ասում նրա սրտի չափ լայն սիրտ ունենայի, որ, իհարկե, չունեի։ Հասկանո՞ւմ էր գոնե Ադելաիդան նրան։— Չէի կարծում։ Ահա ինչու ինձ թվում էր, որ նա դարձյալ իրան մենակ է համարում։ Մի անբացատրելի խորհրդավոր ժպիտ էի նշմարում նրա դեմքի վրա, երբ մյուս սենյակից լսվում էր երեխայի լացի ձայնը... Գուցե նա, այդ փոքրիկը միայն ապագայում ինչպես հարկն էր, հասկանար և գնահատեր Սանթուրյանին, նրա անսահման վեհանձնությունը։ Բայց ե՞րբ...

Այնինչ մահը քայլ առ քայլ մոտենում էր, որպեսզի յուր սև ճանկերի մեջ առնե իմ բարեկամին։ Նրա մռայլ շուքն արդեն տարածվել էր հիվանդի մահճակալի վրա։

Ադելաիդան և ես նայում էինք միմյանց և ճիգն անում զսպել մեր արտասուքը։ Հիվանդը պառկած էր երեսը դեպի պատը: Նրա գանգուր և սև մազերը, սպիտակ բարձի վրա սփռված, լամպի աղոտ լուսի ներքո մի չարագուշակ երևույթ էին ներկայացնում։

Նա նոր էր դադարել խոսելուց։ Նա շարունակ զառանցում էր յուր հոր դատի մասին։ Նա կրկնում էր, թե յուր հայրը անմեղ է։ Հավատում էր աստծու արդարադատությանը և ասում․ «Նա կօգնի իմ հորը, չի թողնիլ նրան անպաշտպան»։

Այո՛, պարոններ այդ մարդը միշտ հավատում էր աստծո գոյությանը։ Եվ այդ այն ժամանակ, երբ մեր ընկերների շրջանում ուրիշ հայացքներ էին տիրում։

Այժմ նա լուռ էր։ Անցան մի քանի ծանր, երկարատև ժամեր։ Հանկարծ վերմակը շարժվեց, Սանթուրյանը դժվարությամբ երեսը դարձրեց դեպի ինձ, փնտրելով իմ ձեռը։ Նա յուր թույլ և տակավին ջերմ ձեռով սեղմեց իմ աջը և արտասանեց․

— Չէ՛, վատ եմ... կուրծքս այրվում է...

Ես կարծեցի նա ջուր է ուզում։ Բաժակը մոտեցրի բերանին։ Նա հետ մղեց։ Նա նայեց դեպի սենյակի անկյունը այնտեղ, ուր վառարանն էր։

— Կրակ չկա, թող վառեն,— ասաց նա,— ցուրտ է։

Ադելաիդան իսկույն կատարեց նրա ուզածը և հինգ րոպե չանցած՝ կրակը սկսեց չթչթալով այրվել վառարանի մեջ։

— Հեռագիր չկա՞,— հարցրեց հանկարծ հիվանդը,— պիտի լինի...

— Նա յուր հոր գործի մասին հեռագրի էր սպասում․․․

— Անպատճառ կլինի,— ավելացրեց նա,— ուրախ հեռագիր...

Նա ձեռով նշան արավ, որ օգնենք նրան բարձրանալու։ Մենք նրան նստեցրինք անկողնի մեջ, մեջքին դարսելով բարձեր։ Նա չէր կարողանում գլուխը ուղիղ պահել, բայց անպատճառ ուզում էր նստած մնալ։

Վառարանի մեջ կրակը այժմ այրվում էր, թանձր բոցեր արձակելով։ Նա յուր հայացքը դարձրեց դեպի այն կողմը և մի քանի վայրկյան նայում էր։

Ա՜խ, որքա՜ն խորհրդավոր էր այդ պահին նրա դեմքը։

— Կրա՜կը, կրա՜կը,— արտասանեց նա թույլ ձայնով — այրում է իմ ներսը, վերջանում է...

Հետո նա գլուխը թեքեց կրծքին, կրկին բարձրացրեց և նայելով ուղիղ իմ աչքերին՝ ասաց․

— Չէ, մոտենում է․․․ տուր ինձ ձեռդ...

Ես ձեռս տվեցի նրան: Դարձյալ նայեց աչքերիս և ասաց.

— Խոստացի՛ր, որ Ադելաիդային կուղարկես յուր քրոջ մոտ, Օդեսա...

Ես խոստացա արտասուքս խեղդելով կոկորդումս։ Այդ միջոցին Ադելաիդան մյուս սեյակումն էր։ Խեղճ կին. նա չգիտեր ինչ անի: Անհուն վշտից խելքը կորցրած՝ նա շտապում էր մի սենյակից մյուս սենյակ, մերթ երեխայի, մերթ հիվանդի մոտ։ Նրան վրդովեցնում էր երեխայի լացը...

Սանթուրյանը նշան արավ, որ պառկեցնեմ իրան։ Նա գլուխը բարձին դրած՝ շարունակ նայում էր վառարանին։ Այդ ժամանակ մխում էին փայտի վերջին կտորները։ Հանկարծ հիվանդի աչքերն առանձին փայլ ստացան, դեմքը պայծառացավ, ճակատը պարզվեց, և նա բավական հաստատ ձայնով գոչեց.

— Մի՛ թողնեք կրակը մարի, մի՛ թողնեք, ես կմեռնեմ...

Մենք նկատեցինք, որ նա աչքերով ինչ-որ փնտրում է. նայում է դեպի մյուս սենյակ։ Ես կարծեցի, որ նա երեխային է փնտրում։ Հարցրի, գլխով բացասական նշան արավ և շշնջաց.

— Կրա՜կը, իմ կրակը, տվեք...

Ադելաիդան առաջինը հասկացավ նրա միտքը. նա շտապեց մյուս սենյակ և այնտեղից բերեց ինձ ծանոթ կարմիր տետրը, որի ճակատին խոշոր, սև տառերով գրված էր՝ «Կրակ»։ Նա նայեց տետրին և ասաց.

— Գցի՛ր այնտեղ, ես այրվեցի, թող նա էլ այրվի․․․

Խեղճ կինը չգիտեր՝ կատարե՞ հիվանդի պահանջը, թե՞ չէ. նայեց ինձ։ Բայց հիվանդը յուր խոշոր աչքերով այնպես էր աղերսում, որ մենք չդիմացանք։ Ադելաիդան տետրը ձգեց վառարանի մեջ։

Այդ ժամանակ լսվեց դռան զանգակի ձայնը։ Ադելաիդան շտապեց դուրս։ Հիվանդը ոչինչ չլսեց։ Նա շարունակ նայում էր վառարանին։ Այնտեղ սկզբում բարձրացավ թանձր ծուխ, ապա տետրը բոցավառվեց։

Ներս մտավ Ադելաիդան և ինձ գաղտնի ցույց տվեց մի հեռագիր։ Ես կարդացի։ Պալատը Սանթուրյանի հորը արդարացրել էր...

Մի քանի վայրկյան Ադելաիդան և ես շփոթված էինք — հայտնե՞լ հիվանդին, թե՞ ոչ։ Չափազանց ուրախ լուրը կարող էր նրա վրա սպանիչ ազդեցություն գործել։ Բայց միթե առանց այդ էլ նա չէ՞ր մեռնում։ Թող ուրեմն, հանգիստ մեռնի։ Այս էր մեր երկուսի լուռ միտքը։

Ես թեքվեցի դեպի հիվանդը, որ շարունակ նայում էր կրակին և շշնջացի․

— Մա՛րգար, կարո՞ղ եմ քեզ մի ուրախ լուր հաղորդել․․․

Նրա աչքերը լայն բացվեցին, ձեռը դուրս եկավ վերմակի տակից։ Ես հեռագիրը բռնեցի նրա աչքերի առջև և ասացի․

— Պալատը հորդ արդարացրել է...

Նա հասկացավ իմ ասածը։ Յուր թույլ ձեռներով վերցրեց հեռագիրը և սեղմեց կրծքին։

— Տեսա՞ր,— շշնջացին նրա շրթունքները։

Մոտեցավ Ադելաիդան։ Ես հեռացա։ Նա չոքեց մահճակալի առջև և գրկեց հիվանդին։ Եվ ես պիտի կրեի այդ սրտաշարժ տեսարանի ամբողջ ծանրությունը։

Վառարանի մեջ արդեն այրվել վերջացել էր «Կրակը»։ Մխում էր միայն տետրի կազմից մի բարակ կարմիր-դեղնագույն շերտ․․ Գիշերվա ուղիղ երկու ժամն էր, երբ այն էլ այրվեց, մոխիր դարձավ։

Ես փակեցի իմ բարեկամի աչքերը․․․ Նա մինչև վերջին շունչը հերոսաբար դիմացավ յուր տանջանքներին․․․


Միրաբյանը լռեց, մի ծանր հոգոց արձակելով կրծքից։ Մենք սպասում էինք, որ նա յուր վերջին խոսքը կնվիրե Զարիֆյանին։ Բայց նա ոչինչ չէր ասում, և ես առաջինը հարցրի․

— Իսկ Զարիֆյա՞նը, միթե անպատի՞ժ մնաց․․․

— Կան մարդիկ, որոնց ճակատագիրը հովանավորում է և կյանքի մեջ պատժից ազատում․․․ Գուցե միայն ե՛ս կարող էի Զարիֆյանին պատժել, եթեհայտնեի ձեզ նրա իսկական անունը։ Բայց ինչո՞ւ. մի՞թե դա կվերադարձներ ինձ իմ բարեկամին։ Թո՛ղ ուրեմն իմ պատմության մեջ նրա անունը մնա Զարիֆյան, իսկ ինքը յուր իսկական անունով վայելե միջավայրի հարգանքը...

Այլևս Միրաբյանը ոչինչ չասաց և փակեց հանգած վառարանի դռնակը...