Կրկին Հայաստանի Հանրապետության սահմանների և Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման մասին

Կրկին Հայաստանի Հանրապետության սահմանների և Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման մասին

Միջազգային իրավունքում սահման տերմինը բնորոշում է այն գիծը, որը որոշում է պետության կամ մեկ այլ միջազգային կարգավիճակ ունեցող միավորի իրավասության տարածքային ոլորտի վերջնագիծը:[1]

Ավելի պարզ ասած՝ սահմանում է այն գիծը, մինչև ուր գործում են տվյալ պետության օրենքները, իսկ դրանից անդին գործում են անպայմանորեն միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող մեկ այլ պետական միավորի օրենքները: Այստեղից ակնհայտ է, որ սահմանն ածանցվում է պետականությունից, այսինքն՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչված լինելուց: Անվիճելի է, որ այսօր գործող Մինսկի խմբի եռանախագահության երկրներից և ոչ մեկը՝ ներառյալ՝ ԱՄՆ և Ֆրանսիան, նախկին Սովետական Միության մեջ ընդգրկված և ոչ մի վարչական միավոր երբեք չեն ճանաչել որպես միջազգային իրավունքի սուբյեկտ:[2] Հետևաբար այդ միավորների վարչական բաժանարար գծերը միջազգային իրավունքի առումով երբեք չեն ունեցել սահմանի կարգավիճակ, որպեսզի այսօր հիմք լիներ խոսելու սահմանների անձեռնմխելիության մասին: Առավել ևս սա վերաբերում է բոլոր այն վարչական միավորների (ինքնավար հանրապետություններ, մարզեր և օկրուգներ) և սովետական սոցիալիստական հանրապետությունների բաժանարար գծերին, որոնց վարչական ենթակայության տակ էին գտնվում տվյալ միավորները: Միմիայն՝ վարչական ենթակայության: Անհրաժեշտ է ընդգծել, որ ԽՍՀՄ ինքնավար միավորները մաս էին կազմում միասնական և մեկ միջազգային ինքնություն (international personality) ունեցող ԽՍՀՄ-ին և բնավ ոչ այն հանրապետություններին, որոնց միջոցով նրանց ենթակայությունը միջնորդավորված էր պետությանը: Պետությունը մեկն էր՝ ԽՍՀՄ: Ինչպես, օրինակ, ՀՀ ցանկացած բնակավայր այսօր մաս է կազմում Հայաստանի Հանրապետությանը, թեև նրա ենթակայությունը միջնորդավորված է մարզային ենթակայությամբ:

Այսու, միջազգային իրավունքի տեսանկյունից անհեթեթ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սահմանափակել ԼՂԻՄ-ի, այսպես կոչված, սահմանով: Սա նշանակում է ստալինյան սահմանադրությանը գերակայություն տալ միջազգային իրավունքի անբեկանելի սկզբունքների, տվյալ դեպքում jus cogens-ի կարգավիճակ ունեցող ազգային ինքնորոշման իրավունքի նկատմամբ:[3]

Ընդհանրապես, եռանախագահներից ոմանց հայտարարություններն առ այն, որ ճանաչում են Ադրբեջանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականությունը, կամ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման սկզբունքի ԼՂԻՄ տարածքով սահմանափակելու փորձը, միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Դա նրանց չվերաբերող հարց է, և նրանք գործում են ultra vires, այսինքն՝ ակնհայտորեն գերազանցում են իրենց վերապահված լիազորությունները: Նրանց մանդատը միայն միջնորդությունն է, ոչ թե՝ սեփական երկրների քաղաքական տեսակետների արտահայտումը: Այսինքն, նրանք պետք է միջնորդեն, որպեսզի գտնվի փոխադարձաբար ընդունելի լուծում 2 հարցում.

ա) Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրականացնի իր ինքնորոշման իրավունքը;
բ) երկու նորանկախ պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության, միջև որոշվի փոխադարձաբար ընդունելի սահման:

Եթե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքն իրականացնի Հայաստանի Հանրապետությանը միանալու տարբերակով, ընդ որում ինքնորոշման դրսևորման ձևը բացառապես նրանց որոշելիքն է, ապա վերոնշյալ հարցերը կմիանան: Սահմանի փաստացի ուղեգծի հարցը 2 հարակից պետությունների որոշելիք խնդիր է՝ 2 պետությունների բացառիկ իրավասության ներքո գտնվող հարց: Այլ պետությունները չեն կարող անել այլ բան, քան ընդունել այդ երկու պետությունների որոշածը:[4]

Այստեղ անհրաժեշտ է հիշեցնել, որ միջազգային հանրության հայ-ադրբեջանական, ինչպես նաև հայ-վրացական, սահմանների վերաբերյալ քաղաքական կամքի վերջին օրինական դրսևորումը եղել է Փարիզի վեհաժողովում (1919-1920թթ.): Դրանից հետո ինչ տեղի է ունեցել տարածաշրջանում, ըստ միջազգային իրավունքի, անօրինական է (unlawful) և չի կարող ստեղծել իրավական հետևանքներ, քանզի Հարավային Կովկասի 3 անկախ երկրներն էլ նախ բռնազավթվել են (occupied), ապաև բռնակցվել են (annexed), Սովետական Միություն անունով հանդես եկող Ռուսաստանին:[5]

Այսպես, Փարիզի վեհաժողովն իր «Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի առաջարկների և զեկույցի» մեջ (24 փետրվարի, 1920թ.) (Report and Proposals of the Commission for the Delimitation of the Boundaries of Armenia, 24 February 1920),[6] որը ստորագրել են Բրիտանական կայսրության, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ներկայացուցիչները, հայտարարում է.

«Ինչ վերաբերում է Հայաստանի պետության և Վրաստանի, ինչպես նաև Ադրբեջանի սահմանին, ապա Հանձնաժողովը գտնում է, որ ներկայումս նախընտրելի է սպասել վերոնշյալ սահմանների հստակեցման վերաբերյալ այնպիսի համաձայնության արդյունքներին, որոնց երեք հանրապետություններն իրենք կհանգեն պայմանագրերի մեջ: Այն դեպքում, եթե սույն հանրապետություններն իրենց սահմանների վերաբերյալ չեն հանգի որևէ համաձայնության, ապա հարցը պետք է փոխանցվի Ազգերի լիգայի իրավարարությանը, որը կստեղծի միջդաշնակցային Հանձնաժողով՝ տեղում որոշելու վերոնշյալ սահմանները՝ հաշվի առնելով, որպես սկզբունք, ազգագրական տվյալները:»

Հույժ կարևոր է, որ նշյալ փաստաթուղթն ընդգրկվել է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի (22 նոյեմբերի, 1920թ.) (Arbitral Award, 22 November 1920) Ամբողջական զեկույցի մեջ, որպես 1-ին հավելվածի 2-րդ փաստաթուղթ (Full Report, Annex I, No 2), որը վկայում է, որ Միացյալ Նահանգները ճանաչել են նշյալ փաստաթղթի իրավական էությունն ու օրինականությունը:[7]

Նշյալ դրույթները ներառվել են նաև Սևրի պայմանագրի (10 օգոստոսի, 1920թ.) մեջ, որը ստորագրել են 18 երկիր: Պայմանագրի 92-րդ հոդվածն ամրագրում է.

«Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Վրաստանի, միջև սահմանները կորոշվեն շահագրգիռ երկրների ուղղակի համաձայնության միջոցով: Այն դեպքում, երբ շահագրգիռ երկրները մինչև 89-րդ հոդվածում հիշատակված որոշման օրը[8] չեն կարողանա համաձայնությամբ որոշել սահմանները, ապա խնդրո առարկա սահմանը կորոշվի Գլխավոր դաշնակից ուժերի կողմից, որոնք էլ տեղում կիրականացնեն նաև սահմանանշումը:»[9]

Առնվազն տարօրինակ է, որ այսօր փորձ է արվում ներպետական և կուսակցական որոշումներին, որոնք առավելագույնը կարող են միակողմ օրենսդրական փաստաթղթի (unilateral legal act) կարգավիճակ ունենալ, գերակա կարգավիճակ տալ միջազգային փաստաթղթերի նկատմամբ, որոնք այսօր արտահայտում են ավելի քան 20 երկրի, այդ թվում Մինսկի եռանախագահության 2 անդամ երկրների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, քաղաքական կամքը:

Վերոշարադրյալը կարելի է ամփոփել հետևյալ կերպ.

  1. Հայաստանի ՍՍՀ և Ադրբեջանի ՍՍՀ վարչական բաժանարար գիծը երբեք սահման չի եղել, հետևաբար տեղին չէ խոսել «սահմանների անձեռնմխելիության» մասին:
  2. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Ադրբեջանի ՍՍՀ վարչական բաժանարար գիծը երբեք սահման չի եղել, հետևաբար տեղին չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սահմափակել ստալինակերտ մարզի վարչարարության պարագծով:
  3. Մինսկի եռանախագահության անդամները լիազորված չեն դատողություններ անելու տարածքների պատկանելության կամ սահմանների վերաբերյալ. նրանք իրավարարներ չեն, նրանք միայն միջնորդներ են:
  4. Հայ-ադրբեջանական, ինչպես նաև հայ-վրացական, սահմանների վերաբերյալ միջազգային հանրության քաղաքական կամքի վերջին օրինական դրսևորումը եղել է Փարիզի խաղաղության վեհաժողովի (1919-1920թթ.) ad hoc հանձնաժողովի 1920թ. փետրվարի 24-ի զեկույց-առաջարկը:
  5. Վերոնշյալ փաստաթղթի դրույթներն ամրագրված են Սևրի պայմանագրում, հետևաբար հանդիսանում են այն ստորագրած երկրների քաղաքական կամքի դրսևորումը:

Եզրակացություն

Հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ միակ օրինական փաստաթուղթը Փարիզի վեհաժողովի հատուկ հանձնաժողովի 1920թ. փետրվարի 24-ի զեկույց-առաջարկն է, որով Ազգերի լիգային էր վերապահված հայ-ադրբեջանական սահմանազատումը: Ուստի, ՄԱԿ-ը՝ որպես Ազգերի լիգայի իրավահաջորդ, և մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես Գլխավոր դաշնակից ուժերի տեղապահ, պարտավորություն ունեն կենսագործել այդ սահմազատումը՝ հիմք ընդունելով 1920թ. նոյեմբեր-դեկտեմբերի ազգային տեղաբաշխման տվյալները: Ներկայիս ազգային տեղաբաշխումը չի կարող հիմք հանդիսանալ սահմանազատման համար, քանզի այն առաջացել է Ադրբեջանի հանցավոր հայաթափման՝ էթնիկ զտման, քաղաքականության հետևանքով, իսկ հանցագործության հետևանքները չեն կարող առաջացնել իրավունքներ՝ Ex injuria non oritur jus:[10]


Հղումներ և ծանոթագրություն

խմբագրել
  1. Bothe M. Boundaries. In: Bernhardt R. (ed.) Encyclopedia of the Public International Law, Amsterdam, 1992, v. I, p. 443.
  2. Միջազգային իրավունքը միանգամայն հստակ է պետականության հարցում: Մասնավորապես, Մոնտեվիդեոյի Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին 1933թ. կոնվենցիայի (Convention on Rights and Duties of States, Montevideo, 1933) 1-ին հոդվածն ամրագրում է պետականության 4 չափորոշիչները, որոնք պարտադիր են միջազգային իրավունքի սուբյեկտ լինելու համար: Դրանք են. ա) մշտական բնակչություն, բ) որոշակիացված տարածք, գ) կառավարություն, և դ) այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողություն: (Brownlie I. Principles of Public International Law. Oxford, 5th ed., 2001, p. 70.) Վերջին չափորոշիչը համարվում է ամենակարևորը: (Williams S., De Mestral A. An Introduction to International Law. Toronto-Vancouver, 1987, p. 45.) Ուզում եմ շեշտել, որ խոսքը գնում է ոչ թե պարզապես միջպետական հարաբերությունների իրավունքի դատարկախոս հայտարարության մասին, այլ դիվանագիտական հարաբերությունների մեջ մտնելու իրական կարողության մասին, այսինքն՝ օտար երկրներում, ինչպես նաև սեփական երկրում՝ օտար, դեսպանատների բացման և գործունեություն ծավալման մասին:
  3. Այս մասին Ավելի հանգամանալից տե՛ս. Պապյան Ա. Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության լույսի ներքո. Ազգ, 22 մայիսի 2007, էջ 4:
  4. Bothe M. ... Ibid, p. 448.
  5. Report [Pursuant to H.Res. 346 & H.Res. 438]. Communist Takeover & Occupation of Armenia, 83rd Congress 2nd Session, House of Representatives, Rept. 2684, Part 8, 31 Dec 1954, p. 14.
  6. United States National Archives. Records of the Department of State Relating to Political Relations between Armenia and other States, 1910-1929, 760J.6715/60-760J.90C/7.
  7. Հիշատակելի է, որ ԱՄՆ երբեք չի ճանաչել Վրաստանի և Ադրբեջանի առաջին հանրապետությունների անկախությունը, ի տարբերություն Հայաստանի առաջին Հանրապետության անկախության, որը ճանաչել է 1920թ. ապրիլի 23-ին: Սա պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ նշյալ 2 պետությունները, նկրտումներ ունենալով հայաբնակ տարածքների նկատմամբ, ոտնահարում էին Վիլսոնի հռչակած ինքնորոշման սկզբունքը (Papers Relating to Foreign Relations of the United States, 1920, v. III, Washington, 1936. p. 778; Lauterpacht H. Recognition in International Law. Cambridge, 1947, p. 11):
  8. Նկատի ունի ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, որն ուժի մեջ է մտել 1920 թ. նոյեմբերի 22-ին:
  9. Treaty of Peace with Turkey, Signed at Sevres, August 10, 1920. London, Printed and Published by His Majesty’s Stationery Office, 1920, p. 26.
  10. Brownlie I. Principles of Public International Law. Oxford, 5th ed., 2001, Glossary.


առաջին անգամ տպագրվել է ԱԶԳ օրաթերթում, 28 հունիսի, 2007թ., էջ 4
տե՛ս նաև FRANCE-ARMENIE ամսագրում, № 300, 16-31 հուլիսի, 2007թ., էջ 21-22