Կրկին տխրահռչակ զույգ արձանագրությունների մասին
Որոշ կուսակցապետեր (գերմ. Parteikanzlei) փորձ են անում իրենց և ուրիշների խաբեբատիր վերլուծություններով հավասարության նշան դնել տխրահռչակ զույգ արձանագրությունները ստորագրելուն ընդդիմանալու և հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն և, այսպես կոչված, սահմանը բացելուն ընդդիմանալու միջև: Անձամբ ես 100% կողմ եմ դիվանագիտական, ինչպես նաև հյուպատոսական հարաբերություններ հաստատելուն և 50% կողմ եմ, այսպես կոչված, սահմանի բացմանը: Միաժամանակ ես 100% դեմ եմ վերոհիշյալ արձանագրությունների ստորագրմանը, առավել ևս՝ վավերացմանը, քանի որ բացի հարաբերություններ հաստատելու և Հայաստանը ապաշրջափակելու դրույթներից, դրանք ունեն ավելի քան մեկ տասնյակ շատ լուրջ, անգամ ճակատագրական պարտավորություններ, որոնք իրենց բնույթով մինչևիսկ նախապայմաններ չեն, այլ արդեն հանձնառու պայմաններ:
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ինքնանպատակ չէ: Այն բանակցային ճանապարհով երկրների միջև առկա և հնարավոր խնդիրները, վեճերն ու տարաձայնությունները լուծելու միջոց է: Եթե մենք այսօր սկզբունքային բոլոր հարցերում վերջնական զիջումների ենք գնում, վաղը ի՞նչ ենք քննարկելու թուրքերի հետ: Հուշարձանների պահպանության հարցե՞րը, թե Տոյոտայի պահեստամասերի ներկրման արտոնությունները:
Համառոտակի այն մասին, թե իբր արձանագրությունների մեջ խոսք չկա Կարսի պայմանագրի մասին: Նախ թող որևէ մեկն ինձ բացատրի «գոյություն ունեցող սահմանը որոշող համապատասխան պայմանագրեր» ասելով՝ կողմերն ի՞նչ նկատի ունեն: Գուցե նաև Ալեքսանդրապոլի՞ պայմանագիրը. չէ որ պայմանագրեր բառն այստեղ հոգնակի է գործածված:
Նախ ի՞նչ բան է Կարսի պայմանագիրը քաղաքական առումով: Դա բոլշևիզմի կաշառքն էր Մուդրոսի զինադադարը (30 հոկտեմբերի, 1918թ.) ոտնահարած, օրինական իշխանությունների կողմից դատապարտված, դաշնակիցների կողմից հանցագործներ հռչակված օսմանյան բանակի այն գեներալներին, ովքեր պատրաստ էին ոչնչացնել հայկական ու հունական «իմպերիալիզմը»:
Իր զավթողական բնույթով ու անօրինական կարգավիճակով հանդերձ, Կարսի պայմանագիրն ունի որոշ նպաստավոր դրույթներ: Մասնավորապես, պայմանագրի 11, 17, և 18 հոդվածները համապատասխանաբար անդրադառնում են օտարերկրյա քաղաքացիների իրավունքներին, անխափան հաղորդակցությանը, առևտրական հարաբերություններին և որոշակիորեն կանոնակարգում են դրանք:
Մի կողմ թողնելով Կարսի, ինչպես նաև Ալեքսանդրապոլի ու Մոսկվայի պայմանագրերի օրինականության, ավել ճիշտ անօրինականության հարցը՝ համառոտակի անդրադառնամ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրության հինգերորդ կետի մեջ առկա պարտավորությանը, այն է՝ «համապատասխան միջազգային իրավունքի պայմանագրերով որոշված երկու երկրների միջև գոյություն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչում»:
Կարելի է հաստատապես ասել, որ նման ձևակերպման պարագայում ավելի լավ է լիներ Կարսի պայմանագրի ուղղակի հիշատակումը, քան նման անուղղակի, սակայն միանշանակ հղումը: Երկրորդ պարագայում մենք իրավականորեն ձևակերպում ու ամրագրում ենք օրինապես ճանաչված պետության՝ Հայաստանի Հանրապետության դեմ թուրքական ապստամբական զորամիավորումների տարածքային բռնազավթումները՝ առանց մինչևիսկ ամրագրելու Կարսի պայմանագրի մանր ձեռքբերումները:
Ուզում եմ հավատալ, որ տխրահռչակ արձանագրությունների մեջ սպրդած ավելի քան մեկ տասնյակ հայակործան սխալները, ծառայողական անփութության հետևանք են, թե չէ շոգ եղանակին ինչ միտք ասես, որ չի ծագում մարդու գլխում:
6 սեպտեմբերի, 2009թ.