ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման մասին

Հրապարակվեց ՀՀ Սահմանադրական Դատարանի (ՍԴ) որոշումը հայ-թուրքական զույգ տխրահռչակ արձանագրությունների վերաբերյալ: Եղավ այն, ինչ պիտի լիներ՝ հայտարարվեց, որ «արձանագրություններում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»: Իհարկե կարող էր և ցանկալի էր, որ այլ որոշում լիներ: Ես մնում եմ իմ տեսակետին՝ արձանագրությունները հակասում են ՀՀ Սահմանադրությանը, և դրանց նախաստորագրման և ստորագրման գործընթացները խախտել են ՀՀ գործող համապատասխան օրենքն ու կարգը:

Սակայն այսօր ունենք այն, ինչ որ ունենք, ու հիմա ծառանում է ամենակարևոր հարցը՝ ի՞նչ պիտի անենք: Մեզ մնում է մի բան՝ խորը շունչ քաշել և շարունակել պայքարը: Առավել ևս այդ պայքարի համար ՍԴ-ի խնդրո առարկա որոշումը տվել է նման հնարավորություններ, քանի որ ՍԴ-ի իրավական դիրքորոշումն անվերապահ և բացարձակ չէ, այլ ունի որոշակի հստակ մեկնաբանություններ և վերապահումներ: Իհարկե շատ ավելի երկար ժամանակ ու մանրազնին վերլուծություն է հարկավոր ամբողջությամբ հասկանալու համար առկա հնարավորությունները: Այսուհանդերձ, առաջին իսկ հայացքից ակնհայտ է, որ նման հնարավորություններ կան: Օրինակ, իր իրավական դիրքորոշման մեջ ՍԴ-ն ամրագրում է, որ արձանագրություններով ստանձնվող պարտավորությունները միայն «փոխադարձ» են և «ունեն բացառապես երկկողմանի միջպետական բնույթ»: Հստակորեն ամրագրված է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները տարանջատված են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից կամ Թուրքիա-հայկական սփյուռք հարաբերություններից: Կամ, ինձ համար ամենակարևորը, «միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության համար իրավաբանական[1] ուժ կարող են ունենալ միայն … նկատի ունենալով միջազգային իրավունքի տեսանկյունից դրանց վավերականությունը»: Այսինքն, ՍԴ-ն ամրագրում է, որ, օրինակ, եթե Ալեքսանդրապոլի, Մոսկվայի կամ Կարսի պայմանագրերը միջազգային իրավունքի տեսանկյունից անվավեր են (void), իսկ այդ հարցում կասկած լինել չի կարող, ապա նրանք չեն կարող «Հայաստանի Հանրապետության համար իրավաբանական ուժ ունենալ», հետևաբար դրանցում նկարագրված սահմանագծերը չեն կարող օրինական հիմք հանդիսանալ «գոյություն ունեցող սահմանի համար»: Ըստ այդմ, ՀՀ ՍԴ-ի իրավական դիրքորոշմամբ, արձանագրությունները չեն կարող և չեն օրինականացնում Ալեքսանդրապոլի, Մոսկվայի կամ Կարսի պայմանագրերի, ինչպես նաև միջազգային իրավունքի տեսնակյունից անվավեր (void) այլ հնարավոր անօրինական իրավական գործիքների (unlawful legal instruments) հետևանքները: Պարզ ասած, ՀՀ ՍԴ-ը տխրահռչակ արձանագրությունների վերաբերյալ տվել է իրավունքի հիմնարար և համընդահուր սկզբունքներից մեկի կիրառական մեկնաբանությունը. Jus ex injuria non oritur («Իրավունքը չի կարող խարսխված լինել անօրինականության վրա»):

ՍԴ-ը գտել է նաև, որ արձանագրությունների դրույթները «չեն կարող մեկնաբանվել և կիրառվել այնպես, որ հակասեն ՀՀ Սահմանադրության նախաբանի դրույթներին և Հայաստանի անկախության մասին հռչակագրի 11-րդ կետի պահանջներին»: Ուզում եմ հիշեցնել, որ ըստ վերոհիշյալ կետի «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

ՍԴ-ի որոշումը խիստ կարևոր և օրենքով նախատեսված քայլ է ՀՀ միջազգային պամանագրերի նկատմամբ վերաբերմունք արտահայտելու ընթացակարգում: Այսուհանդերձ, այն ներքին ընթացակարգի մաս է կազմում և միջազգային իրավունքի տեսանկյունից գրեթե նշանակություն չունի: Երկրների մեծ մասում Սահմանադրական կամ այլ դատարանները որևէ դերակատարություն չունեն միջպետական հարաբերությունների մեջ: Որպեսզի միջազգային իրավունքի տեսանկյունից ՀՀ ՍԴ-ի արտահայտած դիրքորոշումն իրավական ուժ ստանա, ապա այն պետք է պաշտոնական վերապահումների տեսքով ներառված լինի ՀՀ Ազգային ժողովի համապատասխան որոշման մեջ: Ազգային ժողովը պիտի անսակարկ նկատի ունենա, որ ՍԴ-ի խնդրո առարկա որոշումը խարսխված է որոշակի իրավական դիրքորոշման վրա, որոշման մեջ առկա են հստակ վերապահումներ և մեկնաբանություններ: Ուստի, ՀՀ Ազգային ժողովը միանշանակորեն պարտավոր է իր քննարկումներում արտացոլել և, առավել ևս, իր որոշման մեջ առնվազն ամրագրել ՍԴ-ի բոլոր վերապահումները և մեկնաբանությունները:

Այս ամենով հանդերձ ես չեմ գտնում, որ հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելը բխում է ՀՀ և հայ ժողովրդի շահերից: Լավագույն ելքն այդ արձանագրություններն ընդհանրապես մերժելն է: Ինչո՞ւ ենք մեզ համար խնդիրներ ստեղծում, որ հետո հերոսաբար հաղթահարենք: Մի՞թե ընկեր Փանջունու ոգին դեռ կենդանի է: Նա ասում էր. «Դուռը գոցեք, ես պատուհանէն պիտ մտնեմ»: Եկեք այսօր չփակենք բաց դուռը, որ վաղը ստիպված չլինենք պատուհանով ներս մտնել:


Ծանոթագրություն

խմբագրել
  1. Ես կնախընտրեի «իրավական» եզրույթը, քանի որ իրավաբանականը վերաբերում է իրավաբանությանը, այսինքն իրավունքի մասին գիտությանը, իսկ իրավականը վերաբերում է իրավունքին, օրենքին:


12 հունվարի, 2010թ.