Աբբաս-Միրզա Հայկական Սովետական Հանրագիտարան

Աբբասյաններ

Աբբե


ԱԲԲԱՍՅԱՆՆԵՐ, արաբական խալիֆաների հարստություն։ Կոչվել է Մուհամմեդ մարգարեի հորեղբայր Աբբասի անունով։ Ա. իշխանության տիրացան Աբու-Մուսլիմի ապստամբության շնորհիվ։ Հարստության հիմնադիրն էր Աբու֊լ֊Աբբաս Սաֆ֊ֆահը (750-754)։ Հաջորդները՝ Մանսուր (754—775), Մահդի (775—785), Հադի (785—786), Հարուն ալ֊Ռաշիդ (786—809), Ամին (809—813), Մամուն (813—833), Մութասիմ (833—842), Ուասիք (842—847), Մութավաքիլ (847—861), Մունթասիր (861—862), Մուսթաին (862—866), Մութազզ (866—869), Մուհթադի (869 —870), Մութամիդ (870—892), Մութադիդ (892—902), Մուքթաֆի (902—908), Մուքթադիր (908—932), Կահիր (932—934), Ռադի (934—940), Մութթակի (940—944), Մուսթաքֆի (944—946), Մութի (946—974), Թաի (974—991), Կադիր (991—1031), Կաիմ (1031—75), Մուքթաֆի (1075—94), Մուսթազհիր (1094—1118), Մուսթարշիդ (1118—35), Ռաշիդ (1135—36), Մուքթաֆի (1136—60), Մուսթանջիդ (1160—70), Մուսթադի (1170—80), Նասիր (1180—1225), Զահիր (1225—26), Մուսթանսիր (1226—1242), Մուսթասիմ (1242—58)։

Ա֊ի խալիֆայությունը (հայտնի է նաև Բաղդադի խալիֆայություն անվամբ) սկզբում տարածվում էր Ատլանտյան օվկիանոսից մինչև Հնդկաստան՝ ընդգրկելով Ասիայի արաբական երկրները, Իրանը (մինչև IX դ. սկիզբը), Առաջավոր Ասիայի մեծ մասը, Անդրկովկասը, Միջին Ասիայի հարավային մասը, Եգիպտոսը, Հյուսիսային Աֆրիկան (մինչև IX դ.)։ VIII դ. երկրորդ կեսին Օմայանների իշխանությունը զգալիորեն թուլացել էր նվաճված ժողովուրդների ըմբոստության և ներքին երկպառակությունների պատճառով։ Հենվելով պարսիկ ֆեոդալական վերնախավի և շիա աղանդի հետևորդների վրա՝ Ա. 750-ին տապալեցին Օմայաններին։ Նոր ավագանին ավելի նվիրված էր ձևանում մահմեդականության գաղափարներին՝ ընդգծելով ազգակցությանը Մուհամմեդ մարգարեի հետ։ Մահմեդական կրոնում իրանական թարմ հոսանքը նպաստեց նրա տարածմանը և խալիֆաների, որպես կրոնապետերի, իշխանության ամրապնդմանը։ Պարսիկ կրթված դասը մշակեց մահմեդական աստվածաբանության և իրավաբանության սկզբունքները և առաջնակարգ տեղ գրավեց քաղաքական, ռազմ․ ասպարեզներում։ Մայրաքաղաքը Դամասկոսից փոխադրվեց 762-ին հիմնադրված Բաղդադ քաղաքը։ Խալիֆաները մարմնավորում էին և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր իշխանությունը։ Ա֊ի խալիֆայությունը բազմալեզու, ֆեոդալական բռնապետություն էր։ Արտադրության հիմն․ ճյուղերն էին հողագործությունը և անասնապահությունը։ Գյուղացիները հողահարկ՝ խարաջ էին վճարում, ոչ մահմեդականները՝ նաև գլխահարկ՝ ջիզիե։ Արհեստներն ու առևտուրը նպաստեցին քաղաքների զարգացմանը (Բաղդադ, Բասրա, Դամասկոս, Կահիրե, Բուխարա)։ Զարգացավ արաբ․ մշակույթը։ Մամուն խալիֆայի օրոք (813–833) հին պարսկերենից, հունարենից և ասորերենից արաբերեն թարգմանվեցին բազմաթիվ աշխատություններ, ստեղծվեցին գրադարաններ, զարգացավ մաթեմատիկան, աստղաբաշխությունը, ճարտարապետությունը ևն։

Կուլ գնալով փարթամ ու շվայտ կյանքին, մեկուսանալով պալատներում՝ խալիֆաներն ի վերջո դադարեցին զորքի առաջնորդ և պետության ղեկավար լինելուց՝ երկրի հոգսը թողնելով օտարազգի ամիրաներին։ Մութասիմ խալիֆան (833–842), ահաբեկված ծանր հարկերի տակ կքած հպատակների ընդվզումներից և չվստահելով արաբ․ ցեղային աշխարհազորին, իր թիկնապահ զորքը համալրեց թուրք ստրուկներով։ Երկրով մեկ ծավալվեց աղանդավորական շարժումը։ Աշխատավորների հակաֆեոդալական պայքարը և ժողովուրդների ազատագր. շարժումը խարխլեցին խալիֆայության հիմքերը, իշխանությունը կորցրեց հեղինակությունը, խալիֆաները խաղալիք դարձան թուրք թիկնապահ գնդի ու ամիրաների ձեռքին։ Խալիֆայությունը տեղը զիջեց պետության տարբեր մասերում առաջացած ինքնուրույն իշխանություններին։ Դեռևս խալիֆայության կազմավորման սկզբում նրանից անջատվեց Օմայանների մի ճյուղը (756–1031)՝ հիմնելով Իսպանիայում Կորդովայի խալիֆայությունը։ Այնուհետև անջատվեցին Իդրիսյանները (788–985)՝ Մարոկկոյում, Աղլաբյանները (800–909)՝ Ալժիրում ու Թունիսում և Թահիրյանները (821–873)՝ Խորասանում։ Մեծ դժվարությամբ ճնշվեց սևամորթ ստրուկների (զինջերի) 869–883–ի ապստամբությունը։ Եգիպտոսում անկախության հասան Թուլունյանները (868–905), Իրանում՝ Սաֆարյանները (867–908) և Սամանյանները (875–999), Արաբիայում՝ Կարմաթները։

Հայաստանը Ա-ի օրոք կառավարում էին արաբ․ ոստիկանները, երբեմն էլ՝ արաբների կողմից նշանակվող հայ իշխանները։ Նրանց նստավայրը Դվինն էր։ Մոլեռանդ ոստիկանները հալածում էին հայերին։ Ըստ Մուհամմեդի պատվիրանի՝ բռնությամբ կարելի էր մահմեդականացնել միայն հեթանոսներին։ Քրիստոնյա և այլակրոն մյուս ժողովուրդները, սահմանված հարկերը վճարելով, կարող էին պահպանել իրենց հավատը։ Ոստիկանները գործադրում էին ամեն միջոց՝ բնակչությանը կողոպտելու համար։ Հայ ժողովուրդը համառորեն պայքարում էր հանուն իր լեզվի, մշակույթի և ազգային ինքնուրույնության։ 849-ին սասունցիներն ապստամբեցին, սպանեցին ոստիկանին և արաբներին վռնդեցին Սասունից։ Ապստամբությունը ճնշելու համար Հայաստան ուղարկվեց ծագումով թուրք, նախկինում ստրուկ Բուղա զորավարը։ Դաժանությամբ նա գերազանցեց նախորդներին։ Բուղայի զորքը թալանեց, ավերեց և կողոպտեց երկիրը։ Հայ իշխանների մի մասին բռնի ուղարկեց Բաղդադ։ Կենտր. իշխանության թուլացման շրջանում (IX դ. վերջին) Հայաստանում կազմավորվեց Բագրատունիների թագավորությունը։ Ա. հարկադրված եղան 862֊ին Աշոտ Բագրատունուն (տես Աշոտ Ա) Հայոց իշխանաց իշխանի տիտղոս շնորհել՝ ճանաչելով նրա գերիշխանությունը նաև Վրաստանում ու Աղվանքում։

886֊ին Մութամիդ խալիֆան իշխանաց իշխան Աշոտին թագ ու թագավորական զգեստներ ուղարկեց։ Նոր պայմաններում Դվինի ոստիկանները ջանում էին չափավորել Բագրատունիների ինքնուրույն լինելու ձգտումները և կանխել նրանց մերձեցումը Բյուզանդիայի հետ։ Սմբատ Ա և Աշոտ Բ Երկաթ թագավորների հակա-արաբական

դիրքավորումը ոստիկաններին նոր ասպատակությունների առիթ տվեց։ Բագրատունիներին ջլատելու, հայերին միմյանց դեմ լարելու համար արաբ․ ամիրաները Հայաստանի նահանգներում, նույնիսկ գավառներում, իրենց կողմնակից հայ իշխաններից ոմանց գահակալության իրավունք շնորհեցին։ Այսպես ստեղծվեցին Վասպուրականի և Սյունիքի թագավորությունները։ IX դարի վերջերին արաբական տիրապետությունը Հայաստանում հետզհետե վերացավ, առանձին քաղաքներում միայն պահպանվեցին տեղական մահմեդական իշխանություններ։

945-ին, երբ բուվայհիները (բուիներ) գրավեցին Բաղդադը, Ա. փաստորեն կորցրին աշխարհիկ իշխանությունը բուն խալիֆայության ներսում, բայց պահպանեցին մահմեդականների կրոնապետի կոչումը և մնացին Բաղդադում նույնիսկ սելջուկների կողմից մայրաքաղաքը գրավելուց (1055) հետո։ Մոնղոլների ներխուժումից և Բաղդադի ավերումից (1258) հետո Աբբասյանները հարկադրված տեղափոխվեցին Կահիրե։ 1517-ին օսմանյան սուլթան Սելիմ I գրավեց Եգիպտոսը, յուրացրեց մահմեդականների կրոնապետի կոչումը, նստավայրը տեղափոխեց Կ. Պոլիս։

Գրկ. Ստեփանոս Տարոնեցի (Ասողիկ), Պատմութիւն տիեզերական, ՍՊԲ, 1885։ Հովհաննես Դրասխանակերտցի, Պատմութիւն Հայոց, Թ., 1912։ Թովմա Արծրունի, Պատմութիւն Տանն Արծրունեաց, Թ., 1917։ Ղևոնդ Մեծ, Պատմութիւն Հայոց, ՍՊԲ, 1887։ Ֆասմեր Ռ., Ժամանակագրություն արաբական ոստիկաններու, «ՀԱ», 1928, 29, 32 թթ.։ Беляев Е. А., Арабы, ислам и арабский халифат, М․ 1965. Ա. Տեր֊Ղևոնդյան