ՀՍՀ/Աբգար
← Աբբե | Հայկական Սովետական Հանրագիտարան
|
Աբգար Թոխաթեցի → |
ԱԲԳԱՐ (Աբգարոս, Աբգարիոս, Աբգարես), Օսրոյենեի թագավորության բոլոր գահակալների անունը։ Առավել նշանավոր է Աբգար IX թագավորը (179–214), որն առաջինն ընդունեց քրիստոնեությունը (207-ին)։ Ա. IX դարձի ավանդական պատմությունը, որի գրառումը վերագրվում է նրա քարտուղար Լաբուբնային, երկրորդ անգամ խմբագրվել և ճոխացվել է IV դ. վերջին։ Ա. IX Քրիստոսի ժամանակակիցը դարձնելու և իրենց եկեղեցու հեղինակությունը բարձրացնելու միտումով ասորի պատմիչներն աբգարյան ավանդությունը կապեցին Ա. V (I դ.) անվան հետ և III դ. եղելությունները փոխադրեցին I դ.։
Հայոց թագավոր, Սանատրուկ Բ 91-ին արշավել է Եդեսիայի Ա. VI թագավորի (71–91) դեմ և գրավել նրա գահը՝ ստանալով նաև «Եդեսիոյ թագավոր» տիտղոսը (հավանաբար կրելով նաև Ա. անունը)։ Դա հիմք է հանդիսացել Ա֊ին Հայոց թագավոր համարելու և պնդելու, թե իբր նա նամակագրություն է ունեցել Քրիստոսի հետ։ Նույնի հիման վրա ստեղծվել է այն ավանդությունը, թե իբր մ. թ. I դ. քրիստոնեությունը տարածվել է Հայաստանում։