ՀՍՀ/Աբդուլ Համիդ II
← Աբդուլ Ազիզ | Հայկական Սովետական Հանրագիտարան
|
Աբդուլ Մեջիդ → |
ԱԲԴՈՒԼ ՀԱՄԻԴ II (1842—1918), Թուրքիայի սուլթան 1876—1909-ին։ Հայտնի է նաև «Կարմիր սուլթան» մականունով, որ ստացել է հայկական արյունալի ջարդեր կազմակերպելու համար։ Գահ բարձրացավ պալատական հեղաշրջման հետևանքով, Թուրքիայի ծանր կացության պայմաններում։ Սկզբում ձևանում էր իբրև բարենորոգումների ու պառլամենտական կարգերի կողմնակից։ 1876-ի դեկտ. 23-ին հռչակեց սահմանադրություն, ստեղծված Միդհաթ փաշայի ղեկավարությամբ, Գ․ Օտյանի և ուրիշների մասնակցությամբ, շահելու համար «Նոր օսմանների» ու եվրոպական պետությունների վստահությունը։ Սակայն 1878-ին Ա. Հ. ցրեց պառլամենտը, հաստատեց միահեծան վարչակարգ (հայտնի է «զուլում» անունով)։ Մտցրեց դաժան գրաքննություն, արգելեց «հեղափոխություն», «ազատություն», «Հայաստան» և այլ բառերի օգտագործումը։ Դաժանորեն ճնշեց բուլղարների, մակեդոնացիների, արաբների, հայերի ազատագրական շարժումները։ Պետական քաղաքականության մակարդակի բարձրացրեց պանիսլամիզմը և պանօսմանիզմը։
Ա. Հ֊ի գահակալության շրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը անհաջողություններ կրեց։ Անգլիան զավթեց Կիպրոսն ու Եգիպտոսը, Ֆրանսիան՝ Թունիսը։ 1877—78-ի ռուս֊թուրքական պատերազմի հետևանքով Թուրքիան կորցրեց իր եվրոպական տիրույթների զգալի մասը, Ռուսաստանին անցան Կարսը, Արդահանն ու Բաթումը։ Սուլթանը պարտավորվեց բարենորոգումներ մտցնել Թրակիայում, Մակեդոնիայում, Ալբանիայում, ինչպես նաև հայաբնակ նահանգներում (տես Սան Ստեֆանոյի պայմանագիր 1878 և Բեռլինի կոնգրես 1878)։ Դրա փոխարեն Ա. Հ. թուրք զորքերով և «Համիդիե» հեծելագնդերով Օսմանյան կայսրությունում բնաջնջեց ավելի քան 300 հզ. հայ (տես Հայկական կոտորածներ 1895—96)։ Նրա օրոք ուժեղացավ եվրոպ. պետությունների տնտեսական և քաղաքական ներթափանցումը Թուրքիա։ Օսմ. կայսրության անդամահատման վտանգը և երկրի ներքին ծանր իրավիճակը առաջ բերին երիտթուրքերի շարժումը, և 1908-ի երիտթուրքական հեղափոխությունից հետո Ա. Հ. ստիպված վերականգնեց 1876-ի սահմանադրությունը։ Սակայն, 1909-ի մարտի 31-ի հեղաշրջման անհաջող փորձից հետո, ապրիլի 28-ին գահազրկվեց և բանտարկվեց Սալոնիկում, ապա փոխադրվեց Ստամբուլ, իսկ 1918-ին՝ Մանիսա (Արմ. Թուրքիա), ուր և մահացավ։