ՀՍՀ/Աբել Նիլս
← Աբել (աստվածաշունչ) | Հայկական Սովետական Հանրագիտարան
|
Աբելար → |
ԱԲԵԼ (Abel) Նիլս Հենրիկ (1802–1829), նորվեգացի մաթեմատիկոս։ Ծնվել է օգոստոսի 5-ին, Ֆիննոյի կղզում, քահանայի ընտանիքում։ 1821-ին ընդունվել է Օսլոյի համալսարանը։ Դեռևս ուսանողական տարիներին (1824–26) ապացուցել է, որ չորրորդից բարձր աստիճանի հանրահաշվական հավասարումներն ընդհանուր դեպքում անլուծելի են արմատանշաններով, իսկ հավասարումների որոշ տարատեսակներ լուծելի են։ Վերջիններիս հետ կապված խմբերը կոչվում են Աբելյան խմբեր։
Ա֊ի աշխատանքները մեծ ազդեցություն գործեցին մաթեմատիկայի զարգացման վրա։ Նրանք հանգեցրին մաթեմատիկայի նոր ճյուղերի ստեղծմանը (Գալուայի տեսություն, հանրահաշվական ֆունկցիաների տեսություն), նպաստեցին կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսության համընդհանուր ճանաչմանը, խոր հետք թողեցին ֆունկցիաների միջարկման տեսության, ֆունկցիոնալ հավասարումների տեսության և թվերի տեսության մեջ։ Ա. մահացել է ապրիլի 6-ին, թոքախտից։ 1908-ին Օսլոյում դրվել է Ա֊ի հուշարձանը։