ՀՍՀ/Աերոդինամիկա
← Աերոբներ | Հայկական Սովետական Հանրագիտարան
|
Աերոդինամիկ դիմադրություն → |
ԱԵՐՈԴԻՆԱՄԻԿԱ (աերո… + դինամիկա), աերոմեխանիկայի բաժին. ուսումնասիրում է օդի և այլ գազային միջավայրերի շարժման օրենքները, այդ միջավայրերի ու նրանցում շարժվող մարմինների միջև եղած փոխազդեցությունները։ Ա. սերտորեն կապված է հիդրոդինամիկայի հետ, և հաճախ նրանց միացյալ ձևով անվանում են աերոհիդրոդինամիկա։ Աերոհիդրոդինամիկայում գազերը երբեմն անվանվում են սեղմելի, իսկ կաթիլավոր հեղուկները՝ անսեղմելի հեղուկներ։ Գազերի ու կաթիլավոր հեղուկների շարժման միջև կան ինչպես ընդհանուր գծեր, այնպես էլ էական տարբերություններ, և այդ պատճառով հաճախ մի խմբի համար ստացված օրինաչափությունները ճիշտ չեն լինում մյուսի համար։ Շարժման օրինաչափությունների միջև եղած տարբերություններն ավելի ցայտուն են դառնում երբ.
ա. շարժվող միջավայրի (մարմնի) մասնիկների արագությունները մոտ են կամ մեծ տվյալ միջավայրում ձայնի տարածման արագությունից։ Խնդիրների այս խումբն անվանում են մեծ արագությունների Ա. (տես Գազային դինամիկա)։
բ. Շարժվող միջավայրը կամ այն միջավայրը, որում շարժվում է մարմինը, չափազանց նոսր է։ Այս բաժինն անվանում են դիսկրետ մասնիկների միջավայրի դինամիկա կամ սուպերաերոդինամիկա։
գ. Գոյություն ունեցող փոխազդեցությունը հաստատված է մագնիսական դաշտում շարժվող իոնացված միջավայրի կամ իոնացված միջավայրում շարժվող էլեկտրահաղորդիչ մարմնի միջև։ Այս բաժինն անվանում են մագնիսական Ա.։
դ. Հետազոտվող գազային միջավայրն ունի տարածական մեծ չափեր (Երկրի չափերի հետ համեմատած)։ Այս բաժինն անվանում են օդերևութաբանություն։
Ընդհանուր Ա֊ի մի շարք գործնական նշանակություն ունեցող խնդիրներ կազմում են կիրառական Ա֊ի մասնաճյուղը, որի հիմնական բաժիններն են՝ թևի տեսությունը, պտուտակի տեսությունը, ինքնաթիռի դինամիկան, թռչող մեքենաների կայունության և աերոդինամիկ թրթռումների տեսությունները։
Փորձարարական Ա֊ի խնդիրն է հատուկ ապարատներում, աերոդինամիկ լաբորատորիաներում փորձեր դնելու կամ ուսումնասիրվող օբյեկտներն անմիջապես թռիչքում հետազոտելու միջոցով օդի շարժման և նրա ուժային ազդեցության ուսումնասիրումը։ Այդ լաբորատորիաներում հիմնական ապարատն աերոդինամիկ խողովակն է։ Ա֊ի կողմից հաստատված օրինաչափությունները կիրառվում են տեխնիկայի տարբեր բնագավառներում, սկսած ամենապարզագույն մեքենայից՝ հողմաղացից մինչև միջմոլորակային տարածության մեջ շարժվող ժամանակակից ամենաբարդ սարքերը։
Ժամանակակից Ա֊ի զարգացման գործում զգալի դեր են խաղացել Օ. Ռեյնոլդսի, Ն. Ժուկովսկու, Ս. Չապլիգինի աշխատանքները։
Գրկ. Фабрикант Н. Я., Аэродинамика, ч. 1, М. – Л., 1962; Мартынов А. К., Экспериментальная аэродинамика, 2 изд., М., 1958; Прандтль Л., Гидроаэродинамика, пер. с нем., 2 изд., М., 1951.