ՀՍՀ/Աերոմագնիսական հանույթ

Աերոլուսանկարահանում Հայկական Սովետական Հանրագիտարան

Աերոմագնիսական հանույթ

Աերոմեխանիկա


ԱԵՐՈՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՀԱՆՈՒՅԹ, Երկրի մագնիսական դաշտի առանձնահատկություններն ուսումնասիրելու մեթոդ, որը հիմնված է մագնիսական լարվածության լրիվ մեծությունը կամ ուղղաձիգ բաղադրիչը մագնիսամետրով ինքնաթիռից անընդհատ չափելու վրա։ Չափումները կատարվում են հետազոտվող տարածության վրա երթուղային զուգահեռ թռիչքների միջոցով։ Ըստ հանույթի մասշտաբի, հեռավորությունը երթուղիների միջև տատանվում է 500 մ֊ից մինչև 10 կմ։ Ա. հ. կիրառվում է երկրաբանական քարտեզներ կազմելիս, օգտակար հանածոների (գլխավորապես երկաթի հանքաքարի) նոր հանքավայրեր որոնելիս և դրանց տեղաբաշխման ընդհանուր օրինաչափությունները որոշելիս։ Ա. հ֊ի արդյունքները պատկերվում են Երկրի մագնիսական դաշտի լարվածության ուղղաձիգ բաղադրիչի իզոգծերով կազմված քարտեզների և կտրվածքի ուղղությամբ չափվող մեծությունների փոփոխությունը պատկերող կորերի գրաֆիկի տեսքով։