ՀՍՀ/Ալեքսանդրյան Ռաֆայել

Ալեքսանդրյան Ալեքսանդր Հայկական Սովետական Հանրագիտարան

Ալեքսանդրյան Ռաֆայել

Ալեքսանդրյան այգու դեպքեր 1918


ԱԼԵՔՍԱՆԴՐՅԱՆ Ռաֆայել Արամի (ծն. 1923), հայ սովետական մաթեմատիկոս։ ՀՍՍՀ ԳԱ թղթ–անդամ (1965)։ Ծնվել է մարտի 29-ին, Լենինականում։ 1945-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ 1963-ից ղեկավարում է ՀՍՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստ–ի (այժմ ՀՍՍՀ ԳԱ մաթեմատիկայի ինստ.) դիֆերենցիալ հավասարումների և ֆունկցիոնալ անալիզի բաժինը։

Ա–ի աշխատանքները հիմնականում վերաբերում են դիֆերենցիալ հավասարումների տեսությանը և ֆունկցիոնալ անալիզին։ Ա. հետազոտել է ոչ ստացիոնար եզրային խնդիրների լուծելիությունը Սոբոլևի տիպի մասնական ածանցյալներով հավասարումների համակարգերի համար, ինչպես նաև դրանց լուծումների որակական հատկությունները։ Ա–ի առաջարկած մեթոդը, որը հենված է դիտարկվող տիրույթի եզրագծի հատուկ տոպոլոգիական ավտոմորֆիզմների մանրազնին ուսումնասիրության վրա, հնարավորություն տվեց ստեղծել լարի տատանման համար Դիրիխլեյի խնդրի սպառիչ տեսությունը։ Առաջին անգամ իրականացնելով և հանգամանորեն ուսումնասիրելով հիպերբոլական օպերատորների վերլուծությունը ըստ սեփական ֆունկցիոնալների՝ Ա. նոր ուղղություն է հիմնել դիֆերենցիալ օպերատորների սպեկտրալ տեսության ասպարեզում։ Ա. առաջ է քաշել նաև ընդհանրացրած սեփական ֆունկցիայի գաղափարը, որը լայն զարգացում և տարածում է ստացել։ Ա–ի մշակած յուրահատուկ եղանակով հաջողվել է ստանալ նաև մի շարք ընդհանուր արդյունքներ հիլբերտյան տարածություններում ինքնահամալուծ օպերատորների սպեկտրալ տեսության բնագավառում։