Ալիլուև Սերգեյ Հայկական Սովետական Հանրագիտարան

Ալիխանյան Արտեմ

Ալիխանյան Գևորգ


ԱԼԻԽԱՆՅԱՆ Արտեմ Իսահակի (ծն. 1908), հայ սովետական ֆիզիկոս։ ՍՍՀՄ ԳԱ թղթ–անդամ (1946), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), ՀՍՍՀ գիտության վաստ. գործիչ (1967)։ Ա. Ի. Ալիխանովի եղբայրը։ Ծնվել է հունիսի 11(24)–ին, Թիֆլիսում։ Ավարտել է Լենինգրադի համալսարանը (1931)։ 1943–73-ին՝ Երևանի ֆիզիկայի ինստ–ի դիրեկտոր։ Ա–ի առաջին աշխատանքները վերաբերում են բյուրեղների ֆիզիկային, ռենտգենյան ճառագայթների և էլեկտրոնների դիֆրակցիային։ 1931-ից զբաղվել է ռադիոակտիվության և ատոմի միջուկի հետազոտությամբ։ 1934-ին Ա. Ալիխանովի և Մ. Կոզոդաևի հետ հայտնաբերել և հետազոտել է գրգռված միջուկներից էլեկտրոն–պոզիտրոն զույգերի առաքման երևույթը։ Ա. Ալիխանովի և Լ. Արցիմովիչի հետ ապացուցել է (1936) իմպուլսի պահպանման օրենքը էլեկտրոնպոզիտրոն զույգի անիհիլացման ժամանակ։ Ա. հայտնաբերել է էլեկտրոններ առաքող առաջին արհեստական ռադիոակտիվ տարրը (սիլիցիում)։ Ա. Ալիխանովի հետ 1942-ին ստեղծել է Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանը, ուր հայտնաբերել են լիցքավորված մասնիկների «նեղ» հեղեղները (1943), մեծ էներգիայով պրոտոնների առատ հոսքի գոյությունը տիեզերական ճառագայթներում (1945) և տիեզերական նեյտրոնների ազդեցությամբ ատոմից արագ պրոտոններ առաջանալու երևույթը (1950)։ Ա. մեծ ավանդ ունի նաև բարձր և գերբարձր էներգիաների մասնիկների իմպուլսների դետեկտման և չափման նոր մեթոդների ստեղծման ասպարեզում։ Նա Ա. Ալիխանովի հետ փորձարարական հետազոտությունների հիման վրա առաջինն է նշել (1946) տարրական նոր մասնիկների գոյությունը տիեզերական ճառագայթներում։ 50–ական թվականների կեսերին Ա. իր աշխատակիցների հետ կատարել է տարրական մասնիկների տարբեր հատկությունների ուսումնասիրման աշխատանքներ, մասնավորապես պղպջակային խցիկում դիտվող տրոհման հետազոտումը հաստատեց այդ պրոցեսում զույգության օրենքի խախտումը, կատարվեց միջուկների վրա մյունների ցրման առավել ճշգրիտ հետազոտում։ Այդ աշխատանքներից ամենաարժեքավորը երկարակյաց չեզոք -մեզոնը երեք չեզոք պիոնների տրոհվելու փորձարարական հետազոտումն էր։ Նման տրոհումը անմիջականորեն հետևում է -ինվարիանտության պահպանումից, և դրա ստուգումը ֆունդամենտալ երևույթ էր։ Ա. ստեղծել և կատարելագործել է մեծ էներգիայով մասնիկների հետազոտման սարքեր, մագնիսական մասսպեկտրոմետր, պղպջակային և կայծային խցիկներ ևն։ Ա–ի նախաձեռնությամբ է ստեղծվել Երևանի 6 Գէվ էներգիայով (1 Գէվ= 1 մլրդ. էվ) էլեկտրոնաօղակային արագացուցիչը։ Ա. կազմակերպել է Մոսկվայի ինժեներա–ֆիզիկական ինստիտուտի միջուկային ֆիզիկայի ամբիոնը (1946), հիմնադրել Նոր Ամբերդի կայանը (1958)։ Նրա ղեկավարությամբ է գործում տեսական և փորձարարական ֆիզիկայի Նոր Ամբերդի միջազգային դպրոցը։ Ա. ՍՍՀՄ պետական մրցանակների (1941, 1948) և լենինյան մրցանակի (1970) դափնեկիր է, Աշխատանքային կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր։

Գրկ. Артем Исаакович Алиханян, «Известия АН Арм. ССР, сер. физ-мат. наук», 1958, т. 11, № 4; Арцимович Л. А. (и др.). Артем Исаакович Алиханян, «Успехи физических наук», 1968, т. 95, в. 2. Գ. Մատիկյան

ԱԼԻԽԱՆՅԱՆ Գևորգ Սարգսի (1897–1937), պրոֆեսիոնալ հեղափոխական, կուսակցական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1917-ից։ Ծնվել է Թիֆլիսում։ 1915-ից ակտիվորեն մասնակցել է հեղափոխական շարժումներին։ 1918–20-ին կուսակցական աշխատանք է կատարել Թիֆլիսում, Բաքվում։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից մինչև 1921-ի մայիսը եղել է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար։ 1921–31-ին կուսակցական պատասխանատու պաշտոններ է վարել նախ Մոսկվայի Բաումանի, ապա՝ Լենինգրադի Վիբորգյան, Վասիլև–Օստրովյան և Վոլողարսկու շրջանների կուսշրջկոմներում։ ՍՍԿԿ XV և XVI համագումարների պատգամավոր։ 1931–37-ին եղել է Կոմունիստական ինտերնացիոնալի գործադիր կոմիտեի պատասխանատու աշխատող։


ԱԼԻԽԱՆՅԱՆ Իսահակ Սիմոնի (1876–1946), հայ դերասան։ ՀՍՍՀ (1923) և ՎՍՍՀ (1941) ժող. արտիստ։ Ծնվել է փետրվարի 7(19)–ին, Դուշեթում (Վրաստան)։ Նախնական կրթությունն ստացել է տեղի հայկական ծխական և քաղաքային դպրոցներում։ 1896-ին ավարտել է Ներսիսյան դպրոցը։ Բեմական պրոֆեսիոնալ գործունեությունն սկսել է 1897-ին։ Ա. աշխատել է Բաքվի (1897–1903, 1907–09), Թիֆլիսի (1903–06, 1910–21), Նոր Նախիջևանի (1906–07) հայկական թատրոններում։ 1921-ին տեղափոխվել է Երևան։ Հայաստանի Առաջին պետթատրոնում բեմադրել է անդրանիկ ներկայացումը՝ Սունդուկյանի «Պեպո»–ն և կատարել գլխավոր հերոսի դերը։ 1922-ից մինչև կյանքի վերջն աշխատել է Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնում։

Ա. իր բեմարվեստով խոր հետք է թողել հայ թատրոնի պատմության մեջ։ Խաղացել է հարյուրից ավելի դերեր։ Ա–ին համարել են հայ բեմի Տերյան։ Նա առաջիններից է, որ հայ բեմում ցույց է տվել նյարդագար մարդկանց հուզաշխարհը՝ Միշկին («Ապուշ», ըստ Դոստոևսկու, 1903), Օսվալդ (Իբսենի «Ուրվականներ», 1909), Ֆեոդոր (Ա. Կ. Տոլստոյի «Ֆեոդոր Իոհանովիչ արքան», 1910)։ Ա–ի ստեղծագործության գլուխգործոցը Աբեղայի կերպարն էր (Շանթի «Հին աստվածներ», 1913)։ Լավագույն դերակատարումներից են նաև՝ Խլեստակովը (Գոգոլի «Ռևիզոր», 1903), Նեզնամովը (Ա. Օստրովսկու «Անմեղ մեղավորներ», 1903), Օթարյանը, Սեյրանը Շիրվանգադեի «Պատվի համար», 1904, «Նամուս», 1911) ևն։

Սովետական տարիներին Ա. իր ավանդական կերպարներին հաղորդել է ժամանակին համահնչյուն ոգի՝ Բարոն (Գորկու «Հատակում», 1922), անձնավորել հեղափոխական ռոմանտիկայով, տոգորված հերոսների՝ Ռոման Աղաբեկով (Լունաչարսկու «Հրձիգներ», 1924), Արթուր («Բոռ», ըստ Վոյնիչի, 1925), Բաբա (Ս. Բաղդասարյանի «Արյունոտ անապատ», Բեռնացկի (Դեմիրճյանի «Ֆոսֆորային շող», 1933), Յարովոյ (Տրենյովի «Լյուբով Յարովայա», 1937), Վ. Ի. Լենին (Դադիանիի «Կայծից», 1939) ևն։ Ա. խաղացել է նաև բնութագրային դերեր՝ Թորոս բիձա (Տ. Հախումյանի «Խավարի ճանկերում», 1937), Զամբախով, Օսեփ (Սունդուկյանի «Խաթաբալա», 1937, «Քանդած օջախ», 1938), Էլիզբարով (Շիրվանզադեի «Պատվի համար», 1939) ևն։ Նա նաև ռեժիսոր էր (բեմադրել է 25 պիես)։ 1923-ին նշվել է Ա–ի բեմական գործունեության 25-ամյա հոբելյանը։ Հայ դերասաններից նա առաջինն է արժանացել ՀՍՍՀ ժող. արտիստի կոչման։ Մահացել է մարտի 14-ին, Թբիլիսիում։

Գրկ. Հայրապետյան Ա., Իսահակ Ալիխանյան, Ե., 1958։ Աբաջյան Գ., Իսահակ Ալիխանյան, Ե., 1967։ Ա. Հայրապետյան, Գ. Աբաջյան

Նկարում` Ի. Ա. Ալիխանյանը Աբեղայի դերում (Լ. Շանթի «Հին աստվածներ»)։


ԱԼԻԽԱՆՅԱՆ Սոս Իսահակի (ծն. 1906), հայ սովետական գենետիկ, կենսաբանական գիտ. դ–ր (1958), պրոֆեսոր (1960)։ Ի. Ալիխանյանի որդին։ Ծնվել է դեկտեմբերի 7-ին, Բաքվում։ Ավարտել է (1930) Մոսկվայի Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ 1949–1958-ին եղել է պենիցիլինի (այժմ՝ անտիբիոտիկների) ինստ–ի սելեկցիայի լաբորատորիայի վարիչ։ 1958–68-ին գլխավորել է Ի. Կուրչատովի անվան ատոմային էներգիայի ինստ–ի միկրոօրգանիզմների գենետիկայի և սելեկցիայի լաբորատորիան։ 1968-ից Մոսկվայի միկրոօրգանիզմների գենետիկայի և սելեկցիայի ինստ–ի դիրեկտորն է։ Ա. ՍՍՀՄ–ում մոլեկուլային գենետիկայի և անտիբիոտիկներ սինթեզող միկրոօրգանիզմների գենետիկայի հիմնադիրներից է։ Զբաղվել է գենի պրոբլեմով, ուսումնասիրել բակտերիաների և ֆագերի ԴՆԹ (տես Նուկլեինաթթուներ) կենսասինթեզի գենետիկական կարգավորման պրոցեսները, հետազոտել լիզինի և գլյուտամինաթթվի պրոդուցենտների սելեկցիայի հարցերը։

Երկ. Селекция промышленных микроорганизмов, М., 1968; Современная генетика, М., 1967; Теоретические основы учения Мичурина о переделке растений, М., 1966.


ԱԼԻԽԱՆՈՎ Աբրահամ Իսահակի (1904– 1970), հայ սովետական ֆիզիկոս, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1943), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), սոցիալիստական աշխատանքի հերոս (1954)։ Ծնվել է փետրվարի 20(մարտի 3)–ին, Թիֆլիսում։ Ավարտել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստ–ը (1929)։ 1927–41-ին աշխատել է ՍՍՀՄ ԳԱ ֆիզիկատեխնիկական ինստ–ում։ Առաջին աշխատությունները վերաբերում են ռենտգենակառուցվածքային անալիզին և ռենտգենյան ճառագայթների ֆիզիկային։ 1934-ից հետազոտել է ռադիոակտիվությունը և ռադիոակտիվ ճառագայթումը, Ա. Ալիխանյանի և Մ. Կոզոդաևի հետ հայտնաբերել և հետազոտել է գրգռված միջուկներից էլեկտրոն–պոզիտրոն զույգերի արձակման երևույթը։ Նա Ա. Ալիխանյանի հետ սահմանել է (1935) β-սպեկտրների կախումը տարրի ատոմական համարից և ճշգրտել Ռեզերֆորդի ստացած որոշ արդյունքներ։ Ալիխանյանի և Լ. Ա. Արցիմովիչի հետ փորձով հիմնավորել է (1936) իմպուլսի պահպանման օրենքը էլեկտրոն–պոզիտրոն զույգերի անիհիլացման ժամանակ։

Ա. կազմակերպել է Էլբրուսի տիեզերական ճառագայթների հետազոտման առաջին արշավախումբը (1940)։ Ապացուցել է էլեկտրոնների ու ֆոտոնների նույնությունը՝ մասնիկների հեղեղներ առաջացնելու տեսանկյունից։ 1943-ին Ալիխանյանի հետ զբաղվել է տիեզերական ճառագայթների ուսումնասիրությամբ (Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայան) և նրանց հեղեղի մեջ հայտնաբերել մեծ էներգիայի պրոտոնների հոսք, որը համաշխարհային առումով վճռական դեր խաղաց տիեզերական ճառագայթների ֆիզիկայի ասպարեզում կատարվելիք հետագա ուսումնասիրությունների համար։ Ա. հետազոտել է արագ պրոտոնների ու նեյտրոնների ներգործությամբ