ՀՍՀ/Աղմուկ
← Աղմկաչափ | Հայկական Սովետական Հանրագիտարան
|
Աղյոխուշ → |
ԱՂՄՈՒԿ, 1. Ընդհանուր հասկացությամբ՝ կողմնակի ձայների խառնուրդ, որը խանգարում է խոսքի, երաժշտության հստակ ըմբռնմանը, հանգիստն ու աշխատանքը։ Ա. վնասակար ազդեցություն է գործում մարդու օրգանիզմի, առանձնապես նյարդային համակարգի վրա՝ առաջացնելով գերհոգնածություն և հյուծում է գլխուղեղի կեղևի բջիջները։ Ա–ի (80–90 դբ և ավելի) տևական ներգործությունը վնասում է լսողության օրգանը, մարդուն դարձնում դյուրագրգիռ, խանգարում քունը, վատացնում ախորժակը, առաջ բերում գլխացավ, երբեմն գլխապտույտ։ Ա. հիպերտոնիկ հիվանդության զարգացման պատճառներից է։ Բարձր հաճախականության տատանումների ձայներից բաղկացած Ա. ավելի շատ է վնասում լսողությանը։ Ա–ի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է միկրոշրջանների, ձեռնարկությունների, արտադրամասերի, բնակելի և հասարակական շենքերի ձայնագիտական տեսակետից ռացիոնալ պլանավորում, Ա–ի տարածման արգելակում՝ ձայնակլանիչ և ձայնամեկուսիչ նյութերի օգտագործմամբ, մեխանիզմների ու մեքենաների տեղական ձայնամեկուսացում։
2. Ֆիզիկայում և տեխնիկայում՝ պատահական ակնթարթային արժեքներով բնութագրվող ձայնային, էլեկտրամագնիսական կամ այլ բնույթի անկանոն, ոչ պարբերական տատանումներ։ Այդպիսի Ա–ների առաջացման հիմնական պատճառները ֆիզիկական զանազան բնույթի անկանոնությունները և ֆլուկտուացիոն երևույթներն են։ Ա. ծագում է մեքենաների ու մեխանիզմների թրթռման (մեխանիկական Ա.) գազերի ու հեղակների տարբեր արագությամբ շարժվող տուրբուլենտ հոսանքների խառնման (աերոդինամիկական կամ հիդրոդինամիկական Ա.), պայթյունի ժամանակ ջերմության ակնթարթային ինտենսիվ արձակման (ջերմային Ա.) հետևանքով։ Ռադիոէլեկտրոնային սարքերում Ա–ները պայմանավորված են շղթայի տարրերում հոսանքի և լարման անկանոն փոփոխմամբ (ֆլուկտուացիաներով), էլեկտրոնների պատահական տատանումներով, կաթոդից էլեկտրոնների անհամասեո առաքման և այլ պատճառներով։ Ա. բնութագրվում է ինտենսիվությամբ, սպեկտրային բաշխվածությամբ, տևողությամբ ևն։ Եթե դրանց միջին արժեքները ժամանակի ընթացքում չեն փոփոխվում, ապա Ա. անվանում են սպիտակ։ Ա–ները վնասակար են ռադիոկապի, ճշգրիտ չափումների և այլնի համար։