Ամազոններ Հայկական Սովետական Հանրագիտարան

Ամալգամներ

Ամալդի


ԱՄԱԼԳԱՄՆԵՐ (ֆրանս. amalgames,<հուն. μάλαγμα – փափկահիմք, փափուկ), մետաղների համաձուլվածքները սնդիկի հետ։ Դեռևս I դարում հույն բժիշկ Դիոսքորիդեսը նկարագրել է ոսկու Ա–ի ստացումը։ Գործնական նպատակներով մեծ թվով Ա. էին ստանում ալքիմիկոսները։ Ա. են առաջացնում բոլոր մետաղները (բացառությամբ երկաթի, մանգանի, կոբալտի և նիկելի)։ Նայած մետաղների բնույթին, սնդիկի պարունակությանը և ջերմաստիճանին, Ա. հեղուկ կամ պինդ լուծույթներ են, երբեմն՝ նաև քիմիական միացություններ (օրինակ՝ ալկալիական մետաղների Ա.)։ Ամալգամացումը տեղի է ունենում, երբ սնդիկը թրջում է մետաղի մակերևույթը և ապա դիֆուզվում նրա մեջ։ Մետաղի մակերևույթը ծածկող օքսիդի շերտը հաճախ դժվարացնում է այդ պրոցեսը։ Ամալգամացումը կիրառվում է ոսկին, պլատինը, արծաթը հանքանյութերից և կոնցենտրատներից անջատելու, ոսկեզօծման, հայելապատման համար, ատամնաբուժության մեջ ևն։