ՀՍՀ/Ամպեր
← Ամպեր Անդրե | Հայկական Սովետական Հանրագիտարան
|
Ամպերաչափություն → |
ԱՄՊԵՐ, էլեկտրական հոսանքի ուժի միավոր։ Անվանվել է ի պատիվ Ա. Ամպերի։ Ամպերը 4-րդ հիմնական միավորն է միավորների միջազգային (SI) համակարգում։ Նշանակվում է ա։ Սկզբում Ա. սահմանվել է որպես էլեկտրական այնպիսի անփոփոխ հոսանքի ուժ, որն անցնելով 1 օհմ դիմադրությամբ հաղորդիչով, նրա ծայրերին առաջ է բերում 1 վ լարում (1881)։ 1893-ին Ա–ի սահմանումը փոխվել է. Ա. այնպիսի հոսանքի ուժ է, որն անցնելով արծաթի նիտրատի ջրային լուծույթով, կաթոդի վրա 1 վրկ–ում անջատում է 1,11800 մգ արծաթ (միջազգային Ա. և նշանակվում է ամիջազզ = 0,99985 ա)։ Սակայն էլեկտրական չափումների ճշգրտման հետագա աճը և տարբեր երկրներում գտնվող միջազգային չափանմուշների միջև եղած թեկուզ չնչին, բայց չափելի տարբերությունները ստիպեցին անցնել գործնական միավորների բացարձակ սահմանումներին, և Ա. ընդունեց հետևյալ սահմանումը. Ա. էլեկտրական անփոփոխ հոսանքի այն ուժն է, որն անցնելով վակուումում իրարից 1 մ հեռավորության վրա գտնվող ուղիղ, զուգահեռ, անվերջ երկար և չափազանց փոքր լայնական կտրվածքի երկու հաղորդիչներից յուրաքանչյուրով, նրանց ամեն մի մետր երկարության վրա առաջ է բերում 2·10–7 ն փոխազդեցության ուժ։