ՀԱՂԹԱԿԱՆ ՀԱՎԱՔԸ

Այնքան ոտքեր, այնքան անիվ ցամաք այս անապատը երբեք չեն կոխել: Հողերը մունջ են եղել, անբերք, և միայն վայրի կապառի փշոտ թփերն են խոր խրել իրենց ջլուտ արմատները: Հռնդացել է անտիրական քամին, ավազի շեղջակույտերը շիկացել են, և անապատի աբորիգենը՝ գորշ օձը, լիզել է կապառի դառը պտուղը:

Գուցե գլորվել է մոլորված մի սայլ, անիվներն ակոսներ են գծել ու քամին ավրել է ակոսների ծիրը: Մարդը երկյուղով է անցել դեպի հեռվի կավե հյուղերը և երգել է մենակ մարդու տխուր երգը:

Հետո երկաթ գծերը կտրել են անջուր տափարակը, իրարից շատ հեռու շարել ստանցիոն տնակները՝ իրար նման, որպես երկու մունդիր: Եղել է քարե ջրամբար, պերրոնի առաջ դեղնած ակացի, տխուր զանգեր և գնացքը կարոտով ուղեկցող սլաքավար: Եվ երբ թափառել է քամին, ավազով ծեծել տնակները, կայարանի կենվորները նույնպիսի երկյուղ են ապրել, ինչպես կավե հյուղերի բնիկները:

Այս տափարակներում ջարդվել է «հայոց եռագույնը», և սարսափահար մի ամբոխ, կոխկրտելով դիակներ, խուճապի մատնված փախել է, ինչպես նախիրը հրդեհից, փախել է հրկիզելով, ավերելով, ցամաք անապատում դեգերել են գաղթականներ, ծարավից նեղված խմել են աղուտի ջրերը, մայրը փորփրել է դառնահամ արմտիք, և փոսերի մեջ, անջուր հեղեղատներում մնացել են մանուկների կմախքներ՝ սպիտա՛կ, մարմար ոսկորներ, որոնց կույտերը ֆոսֆորյա լույով առկայծել են ամայության մեջ, երբ տափարակի վրա խոնարհվել է աստղազարդ գիշերը:

Իսկ տափարակը մնում էր մունջ, անմարդաբնակ, մինչև այն օրը, երբ բարձրացավ կարմիր աստղը Արարատյան դաշտում, երբ այնքա՛ն ոտքեր, այնքան երկաթ անիվներ ակոսեցին, տրորեցին, և կապույտ բրեզենտավոր մարդիկ առաջին անգամ իջեցրին քլունգները նոր քաղաքի հիմքերի համար:

Լուսաբացին ելան բարձին սայլերը, ֆուրգոնները, զարդարեցին ձիերի ճակատը ուռենու թարմ ճյուղերով, կարմիր փնջեր հյուսեցին ձիերի բաշին, մեքենաները յուղեցին, — գյուղերից, կոլխոզներից ծայր առավ տոնական թափորը՝ անմիջական, անթումբ բամբակի դաշտերի միջով, բարդիների արանքով սայլերի ճանապարհով, խճուղով դեպի Սարդարապատ: Շարժվեցին մերձարաքսյան գյուղերից, շարժվեցին երգելով, թմբուկով, նվագով...

Այս տափարակով երբեք այսքան առույգ, այսպես զվարթ ու հաղթական բանակ չէր անցել:

Նրանք չունեն արնոտված, գնդակներից խանձված դրոշներ, և ոչ մի ասեղնագործ գազան չի փողփողում դրոշների վրա: Ուռենու անտաշ ձողեր են՝ ծայրին վճիտ կարմիրը, դրոշակակիրը զենք ու զրահ չունի. արևառ մարդ է, քամուց, անձրևից ծեծված: Ու քայլում է, գլուխը բարձր, ձողն ուսին: Քամին խաղում է դրոշակի հետ, բաց գլխի մազերի հետ: Քայլում է հոսանքի դեմ. որպես նոր առաջնորդ, հողի մարդկանց կոփված բրիգադիր:

Ոչ ամրոց են ավերել, ոչ հրկիզել են քաղաքներ: Այս բանակը պայքարել է բամբակի անկախության համար, փշրել է դիմադրության թմբեր, պողպատյա խոփերով քանդել է հին կապիտալիստական հողատիրության ամբարտակը և որպես վարար հեղեղ ճեղքել է նոր հուն: Նրանց մկաններով է սևացել անծայրածիր դաշտը, ուր բամբակի անեզր մարգերը հերոսական աշխատանքի, արիության ու պատվո էջեր են:

Փչում է հողմը թաց շնչով, բարդիներից կաթկթում է գիշերվա ցողը: Այն ժամն է, երբ ջինջ օդում բուրում է ճամփի եզրի փշատենին, երբ թանձր ճահճուտում արածում են արագիլները, խոնարհում գլուխները, իբրև թե ընթերցում են, ապա վեր բարձրանում և մի ոտքի վրա արձանացած դիտում չտեսնված երթը:

Ահա միացան երկու ճանապարհ, երկուսն էլ սևացած սայլերով, ֆուրգոններով, մեքենաներով: Ողջունում են, կանչում, իրար են նետում ուռենու ճյուղերը, և հարյուրավոր աղջիկներ սայլերի վրա երգում են «Մանանի երգը»: Փչում է հողմը, խաղում են մազերը, և իբրև կայծեր թրթռում են մազերի գունավոր ժապավենները:

Ինչքան մոտենում են կայարանին, այնքան ավելի շատ են միանում այդ վտակները, ձգվում է նրանց շղթան օձապտույտ, ոլոր-մոլոր, ինչպես պառկել է խճուղին: Կարծես ճանապարհ չի, այլ գետի սպիտակ հուն. ահա առաջին ալիքները իրար հրելով գալիս են՝ թմբուկներով, պղնձյա փողերով: Ու չի երևում վերջը, հեռու է վերջը. սևին է տալիս, ինչպես Արազի առափնյա բարդիների շարքը:

Հոսանքը կանգ առավ կայարանի առաջ:

Գունդերը, բրիգադները իրենց դրոշակներով, իրենց երբերով անցան գիծը, իսկ ֆուրգոնները, սայլերը, մեքենաները ծռվեցին ձախ, պտույտ անելու, որպեսզի կարգով շար ընկնեն շրջանակի վրա: Իսկ մարդկային ալիքները լցնում են տափարակը, որ եզերված է կիոսկների, սպիտակ վրանների, փայտաշեն ծածկոցների և դրոշակազարդ սյուների շրջանակով:

Գալիս են, գալիս հազարներ, գալիս են ու ցրվում դեպի կիոսկները, վրանները: Ահա մի ամբողջ մսուր՝ իր սարքով, ահա փայտաշեն մի տնակ՝ ճակատին գունավոր պլակատ այն մասին, որ 33 թվին ռայոնում անգրագետ մարդ չպիտի լինի: Մանտյորները շտապում են, դեռ բոլոր սյուներից ռուպորները չեն կախված, այնինչ բազմությունը կուտակվում է, ամբիոնից արդեն երգում են և խումբ-խումբ հավաքվում են սյուների շուրջը:

Շրջանակի կենտրոնում մեքենաներն են՝ տրակտորները, շարքացանները, ինչպես հեծյալ գնդի ձիերը զորահանդեսի ժամանակ: Հեծվորները մոտերքումն են, նրանցից յուրաքանչյուրի աչքը մեքենայի կողմն է:

Բոլորը ճանաչում են տրակտորները, գիտեն ով է տեղ բռնում: Հարցրու ո՞րն է «Արտաշի տրակտորը», և քեզ կոլխոզնիկը ցույց կտա աստղաձև շար ընկած տրակտորների արանքում այն տրակտորը և դեռ մի քանի խոսք էլ կասի Արտաշի մասին, նրա վարը կպատմի, նրա «հունարը»: Նրանք գիտեն տրակտորները, գիտեն Կորմիկի շարքացանը, և եթե աղջիկները բանեցնում են վիթխարի կալսիչը, այդ դեռ հետաքրքիր է, որովհետև «մեր Աշխենը» համարձակ չի մոտենում արագ դարձող փոկերին:

Արևը բարձրանում է, շոգ է: Վրանների տակ, ծածկոցների ստվերում արդեն տեղեր են գրավում: Թիկն եմ տալիս մի գերանի և նայում եմ անցնող բազմության ոտքերին: Երբ համրում եմ մինչև 58-ը, մտքումս ասում եմ՝ մի «տրեխավոր» և ապա նորից եմ շարունակում հաշվելը: Ո՞ւր կորան տրեխները: Սապոգներ են, բոթեր, նույնիսկ դեղին կոշիկներ, իսկ կանանց ոտքին՝ բարձրակրունկ տուֆլիներ: Հազվագյուտ չեն մետաքս գուլպաները, սպիտակ, նոր հարթուկած բատիստը, վզին՝ կաշնե: Համարյա բոլորը մաքուր ածելած երեսով են, ծոցում երևում է մատիտի մետաղյա գլուխը: Ես ուշադրությամբ եմ դիտում կողքիս վրանը, միայն մեկն է սպիտակ միրուքով. նա գլուխը դրել է թևի վրա ու ննջում է: Մնացածը երիտասարդներ են, տղամարդիկ:

Տեղավորվում են ընտանիքով: Ինձ մոտ նստել է մեկը, երկու երեխայի հետ: Շորերը մաքուր են, շալվարի ծալքը մատնում է այն, որ զգեստը նոր է սնդուկից հանել: Խոսեցնում եմ. նախկին գաղթական է, բարբառի հետքը դեռ մնում է: Նա փաթաթում է ծխախոտ, արծաթյա «կութին» մեկնում է ինձ և ծուխը պնչերից հանելով ասում.

— Անուշ պյանի ռադիոնը...

Իսկ ռադիոն կախված էր մեր գլխավերևը, վրանի գագաթից: Վրանի տակ նստողների վրա նա մաղում է ուրախ երգ, ինչպես գարնան ջերմ անձրևը: Ապա դադարում է:

— Միջում երկու հրոպե, — կրկնում է հարևանս և ապա երեխաների փոքրիկ ճակատից կոշտացած ձեռքերով սրբում քրտինքը:

Ականջիս հասնում է մի ուրիշ խմբի խոսակցություն: Նյութը նոր կոմբինատի հիմնադրամն է: Խոսում են խմելու ջրի մասին, մեկը Երևանից է ուզում ջուրը բերեն, մյուսը Ալագյազի աղբյուրներից:

— Էդ ջուրն էլ որ բերինք, Զակավկազի մեջ էսպես քաղաք չի լինի...

— Դահի լավ կապրենք, — վրա է բերում երկրորդը և ավելացնում, — էս բոլորը կոլխոզի վրա էլավ...

Զվարթ աղջկա զրնգան ձայնը թրթռում է սյունից սյուն, վրանից վրան: Տարիքով մի մարդ իր զարմանքն է հայտնում, որ Երևանից երգը այսքան պարզ է լսում:

— Տո հուստո՞ւց ա Երևան, — ծիծաղում է մեկը և մատը մեկնում դեպի ամբիոնը: Այ տես… մեր Շողոն է, Աբեթնակի աղջիկը:

Մարդը չռում է աչքերը կրկնապատիկ զարմանքով:

Հետո սուլում է գնացքը, թնդում է նվագախումբը: Գալիս են Լենինականի գելեդացիան, տեքստիլը, նրանք, որոնք բամբակի սպիտակ քուլաները դարձնում են ծաղկավոր չիթ, հենց այս չիթը, որ փռփռում է աղջիկների հագին:

Գալիս է մի ուրիշ գնացք՝ հարավից. Նախիջևանից: Իրար հետևից փոշեթաթախ ավտոները իբրև գորշ թռչուններ հավաքվում են, շար ընկնում:

Բազմությունը խռնվում է: Հազարամյա ավազն է խշշում ոտքերի տակ, կապարի թոփերը տրորում են նրանք, որոնք սյուների տակ, վրանների առաջ կլոր պարի ընդարձակ օղակներ են կազմել և թռչում են, օրորվում թմբուկի զարկով:

Մի անկյունը հիշեցնում է գյուղական տոնավաճառ: Թափել են մրգեր՝ կողովներով, պարկերով: Եռուզեռը բանկոոպի կրպակների առջև է. պայթում են մեկը մյուսի ետևից արզնու, գարեջրի շշերի խցանները, երբեմն էլ շշերը: Խմում են տեղն ու տեղը շշերից, բռնով, գավաթներով: Ոմանք կրծում են սառույցի թափանցիկ փշրանքներ, ոմանք էլ դեպի վրանների ստվերում տեղավորված կանանց ու երեխաների խմբերն են կրում գարեջուր, արզնի, լիմոնադ:

Իսկ վրանների հետև մի այլ կյանք է: Հանդիպել են իրար երիտասարդ տղա ու աղջիկ: Մի զույգ տարուբեր գնում են գալիս, կիզող արևի տակ, մի ուրիշը՝ ստվեր է արել թերթերով, երրորդը՝ ավելի հեռուն է գնում, հեռվի կապույտը, ուր տափարակը լեռնանում է և հասնում մինչև Ալագյազի փեշերը: Աղջիկը փրցնում է փշոտ թուփերից մի ճյուղ, մեկ մեկ փետում տերևները և երևի չի զգում, որ փշերը ծակծկում են մատները:

Ուրախության մի ալիք անցավ վրանից վրան, խմբից խումբ: Օտարոտի տարազով, զոլ զոլ շորերով, քոլոզներով ստուդիան է եկել, «Առյուծ Մհերի» թմբուկով: Բազմությունը փլվում է նրանց կողմը, անանցանելի մի պատնեշ օղակում է նրանց, լռում են գյուղական դհոլները, ամբողջ դաշտում թնդում է միայն ստուդիայի թմբուկը:

Հանկարծ ռուպորները ազդարարեցին միտինգի սկիզբը: Զինվորական նվագախմբի հաղթական հնչյունները խլացրին թմբուկի դղրդոցը, շողշողացին պղնձի լայներախ փողերը և բազմության գլուխն անցած փողահարները մոտեցան ամբիոնին:

— Ընկերներ: Այսօր, Սարդարապատի ռայոնի կոլխոզնիկները տալիս են ռապորտ բամբակի ֆրոնտի հաղթանակների մասին: Փշրելով դասակարգային թշնամու դիմադրությունը...լենինյան կուսակցության ղեկավարությամբ...դեպի նորանոր հաղթանակներ...

Մենք խոսք ենք տալիս կատարելու և գերակատարելու 53 հազար հեկտար բամբակի պլանը...Մեր հակառակորդները՝ կուլակը, դաշնակը փորձում են պայթեցնել մեր կոլխոզները: Նրանք անկյունից կրակում են մեր ակտիվ մարտիկների վրա, նրանք հրկիզում են...բայց մենք կփշրենք նրանց ոտնձգությունները...

Ծափերի տարափը հողմի նման փրցնում է ռադիոյի բառերը: Ալեկոծվում է բազմությունը: Մի խումբ բարձր աղաղակում է՝ ուռռա, և ինչպես որոտը՝ այդ կանչին արձագանքում են նորանոր խմբեր, ապա խուլ արձագանքը գնում է հալվելու հեռվում:

Խոսում է երկրորդը, երրորդը: Ռադիոն նմանեցնում է ձայները, նրբին ելևէջները ջնջում: Այնպես է թվում, կարծես խոսողը մեկն է, մի հրամանատար, որ բանակի ցնծության աղաղակների տակ հաղորդում է տրոֆեյների մասին:

Հետո հանկարծ տիրում է խոր լռություն: Չի շարժվում ոչինչ, ոչ ոք չի խոսում: Լսելի է, թե ինչպես են ծփում դրոշակները:

Կարդում են կոլխոզնիկների հանդիսավոր երդումը, նոր հաղթանակների մրցականչը, ուղղված բոլոր կոլխոզնիկներին՝ մինչև Մուղանի տափարակը, մինչև չքնաղ Աբխազիան, մինչև Ալպյան սարահարթները: Ու գնում է այդ կանչը ռադիո ալիքների հետ «մինչև Հելեսպոնտ, մինչև ծովը Վրկանա»...

Աղաղակները, ծափերը, ուռաները, փողերի հաղթական երգը միախառնվում են իրար, և բազմության ցնծությունը ելք է ստանում»:

...Բարդիների ստվերները երկարում են, սյուները գետնի վրա գծում են երկարաձիգ ակոսներ:

Վրանների հետևը թարմ հողի թմբեր են: Ելնում են վեր նրանք, որոնք բարձր ազդարարեցին, որ այդ օրն արարատյան հին տափարակում, հազարամյա մունջ հողերի վրա հիմնադրվում է սոցիալիստական նոր քաղաք:

Դաշտերի վրա իջնում է երեկոն...Վերադառնում են ֆուրգոնները, մեքենաները: Կոլխոզնիկները վերադառնում են ծանրախոհ, նոր հաղթանակների հոգսով: Եվ լայնածավալ դաշտի վրա, ինչպես առատ անձրև, մաղում է աղջիկների հնչեղ երգը: