Համբույր (Մատթեոս Զարիֆյան)

Համբույր

Մատթեոս Զարիֆյան

Հոգի՞ս էր


Համբույր


Նորեն տնակըս եկա.
Աղքատ տնակս, որուն շեմեն, ինձի հետ,
Իրիկունե իրիկուն,
Տրտմությունը միայն կանցնի։

Ահա սենյակս, իր մտերիմ ու գունաթափ որմերով,
Կաղ սեղանս, իր փոշիով, լքված իրի իր թախիծով․
Ճիշտ դիմացս, որմին վրա,
Մաշած Թոլսթոյ մը, բոբիկ, կը մտմտա.
Ու քիչ անդին, իմ հայելին,
Է՛ն թանկ իրը խցիկիս...

Ամեն գիշեր, դողդոջ ճրագ մը ձեռքիս,
Անոր առջև արձանացած՝ կը հառիմ
Շրթունքներուս ժպիտին ու աչքերուս գիշերին.
Ու երբ, լռիկ, ճրագը վար կը դնեմ,
Ու կես-մութին մեջ շրթունքներս կերկարին
Հայելիին մեջեն ժպտող շրթունքներուն՝
Ցուրտ և հպարտ՝
Ահ, կարծես թե հոգի՛ս է որ կը համբուրեմ.

Անդ համբույրին ո՛չ մեկ համբույր կը փոխեմ...