Համլիկի աղոթքը
Աղբյուր. ԵԼԺ հ5, էջ 150
տ. ― էջ 653, ծ. ― էջ 758

Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի


1907
ՀԱՄԼԻԿԻ ԱՂՈԹՔԸ
Կլավդիա Լուկաշևիչ

Իրիկուն է։ Համլիկը պատրաստվում է քնելու։ Մայրիկը շորերը հանեց ու ասավ.

— Դե՜, հիմի աղոթիր։

Երեխան չոքեց իր ճերմակ անկողնում, «Հայր մերն» ասավ ու մեծ, պայծառ աչքերը վեր ուղղելով՝ աստծուն խնդրեց.

— Աստված ջան, պահի՛ հայրիկին, մայրիկին, Մուշեղին, Աշխենին, Նունիկին, Անոյին, Արփիկին…

Ու կանգնեց։

— Էլ ո՞ւմ,― հարցրեց մայրիկը։

— Պապին, տատին, հորեղբայր Վահանին, Սիգուշին, Լևոնին, Կուտիկին։

Սիգուշն ու Լևոնը իր ընկերներն էին, իսկ Կուտիկը իրենց շունն էր։

Աղոթքը վերջացնելով, նա ուրախ-ուրախ մտավ վերմակի տակ։

Մայրիկը ծիծաղելով նրան համբուրեց ու ասավ․

— Ախ, դու անպիտան, Կուտիկին էլ մեզ հետ խառնեցի՞ր։

— Ի՞նչ կա որ... Չի կարելի՞։ Բաս Կուտիկին չպահես, աստված, նրան թո՛ղ...

Մայրիկը ծիծաղելով մին էլ համբուրեց ու դուրս գնաց։

Երեխան սկսեց մտածել՝ «Ինչո՞ւ աստված չպահի Կուտիկին, ինչո՞ւ նրան թողնի»...

Մտածեց, մտածեց, գլուխը հանեց անկողնի միջից ու շշնջաց.

— Չէ՛, աստված ջան, չէ՛, Կուտիկին էլ պահի, բայց մայրիկին չասես։