Նոր տարիի իբրև նվեր թանկագին
Եղբայր, ինծի կանաչածալ ու սիրուն
Համրիչ մը հետդ բերիր,
Կիսամաշ են իր հատիկները դեղին,
Սաթն հալեր է կարծես շեյխին մատներուն
Հպումին տակ անհարիր:

...Բերիր զայն ինձ խորհրդավոր Իրանեն,
Զերդ հիշատակ Տեմավենտին, Էլպրուզին,
Հոգիիս մեջ բյուր հուշիկներ կը պարեն
Ու մութին մեջ կը սուզին:

Դարձեք անվերջ, դեղին սաթի հատիկներ,
Տեսեք ես ալ կը ծնրադրեմ լույսին դեմ,
Զրադաշտի մոգերուն պես ալեհեր
Որոտագին կայծակներուն կ'աղոթեմ:

Կարծես Հաֆըզ, Սաադի, Խայեամ քովս են արդ,
Դարձեք անվերջ, դեղին սաթե հատիկներ,
Բերեք ինծի գինովության սիրազվարթ
Պարիկները լուսահեր...

Մռայլ օրեր կը հաջորդեն իրարու,
Ձեզի նման անոնք ալ վերջ մը չունին,
Արշալույսը կը խափանվի միշտ հեռու՝
Նման բաղդին տարահալած թռչունին:

Կ'ըսեն թե սեգ Տավրոս, Մասիս մերը չեն,
Թե ալ մոռնալ պարտինք Տիգրիսն ու Եփրատ
Ու խորտակել Իտեալին հոյաշեն
Մեր տաճարը, լքումին տակ հուսահատ...

Միշտ երազողն հավերժական երազին,
Մոռցեր էի վաղուց աղոթքն առ Աստված,
Հատիկներդ զանոնք ինծի դարձուցին
Հին օրերու հավատքին հետ լուսամած...

Դարձե՛ք անվերջ, դեղին, մաշած հատիկներ,
Անարշալույս չեն գիշերներն հայության
Քանզի Կամքը ու սլացքը անվեհեր
Անբաժան են մեր հոգիեն հավիտյան...