Համր-համր

Մատթեոս Զարիֆյան


Համր-համր


Աշունն այնպե՛ս կը սուլե...
Տժգույն ծիծաղն ամպերուն
— Օ, արյունո՛տ ծաղրն անհուն ―
Երկնքին վրա կը քալե...

Դեռ շրթներուս կը պահեմ
Ժպիտն անցնող օրերուն.
Ու հին-հին երգ մ՚օրերուն
Կ՚ըսե թե դեռ տղա՛ եմ...

Հոգիիս մեջ դեռ ՈՉին
— Թեև կը զգամ ամեն օր —
Չլայնցա՛վ ցայգը հզոր,
Դեռ միտքերըս կը թռչին...

Մայրամուտի պահերու,
Երբ մինակ եմ ու լռին,
Հանկարծ, սակայն, կը սառին
Երգ ու ժպիտ — ահ, ինչո՞ւ...

Աշունն այնպե՛ս կը սուլե...
Տժգույն ծիծաղն ամպերուն
― Օ, անաստված ծաղրն անհուն —
Համր-համր կը քալե...