Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև սահմանը որոշող ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի ներկա կարգավիճակը
- Ապրիլի 12-ին, ժամը 11.00-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը Վաշինգտոն է ժամանելու Միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցելու համար, կայցելի Վաշինգտոնի Մայր տաճար և ծաղկեպսակ կդնի ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի շիրիմին:
- The Armenian Weekly, 11 ապրիլի, 2010թ.
- Ապրիլի 12-ին, ժամը 11.00-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը Վաշինգտոն է ժամանելու Միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցելու համար, կայցելի Վաշինգտոնի Մայր տաճար և ծաղկեպսակ կդնի ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի շիրիմին:
Վերջին մի քանի տարվա ընթացքում հարյուրավոր ելույթներ եմ ունեցել Հայոց պահանջատիրության իրավական հիմունքների մասին, բնականաբար անդրադարձել դրա առանցքը կազմող Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռին (Arbitral award): Այս ելույթներն ինձ հնարավորություն են տվել ոչ միայն հասարակությանն իրազեկել նշյալ հույժ կարևոր հարցի մասին, այլև տրված հարցերի միջոցով վեր հանել հիմնական առարկությունները:
Հաճախ հնչող հարցերից մեկն հետևյալն է.
«Ինչպե՞ս կարող է Վիլսոնի իրավարար վճիռը (22.11.1920թ.) իրավազոր (legal) լինել, եթե Սևրի պայմանագիրը (10.08.1920թ.) չի վավերացվել»:
Հարցին պատասխանեմ մի շարք առարկություններով:
1. Միանգամայն սխալ է Իրավարար վճիռը կապել Սևրի պայմանագրի վավերացված կամ չվավերացված լինելու հետ: Նախագահ Վիլսոնը ստանձնել է իրավարարի պարտականությունը ոչ թե Սևրի պայմանագրի հիման վրա, այլ ի պատասխան Փարիզի վեհաժողովի (1919-20թթ.) Սան Ռեմոյի նիստի (23-27 ապրիլի, 1920թ.) հայցադիմումի (compromis): Նշյալ հայցադիմումը կատարվել է 1920թ. ապրիլի 26-ին, բոլոր Դաշնակից ուժերի անունից հանդես եկող Մեծ եռյակի կողմից (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա): Դեռևս Սևրի պայմանագրի ստորագրումից մոտ 3 ամիս առաջ՝ 1920թ. մայիսի 17-ին, նախագահ Վիլսոնը տվել է իր դրական պատասխանը և պաշտոնապես ստանձնել է ՀՀ և Թուրքիայի միջև սահմանը որոշող իրավարարի (arbitrator) պարտականություններն ու լիազորությունը:
Սևրի պայմանագրի և Իրավարար վճռի առանձին և անկախ փաստաթղթեր լինելու մասին դեռևս 1926թ. միանշանակորեն գրել է Գերմանիայում ԱՄՆ նախկին դեսպան (1913-1917թթ.), իրավագետ Ջեյմս Վաթսոն Ջերարդը (James Watson Gerard). «Ընդսմին, ինչ վերաբերում է Ամերիկային և Դաշնակից ուժերին, ապա Սևրի պայմանագրից հրաժարումը կամ նրա չեղյալ հայտարարումը չի կարող ազդեցություն ունենալ Վիլսոնի վճռի վրա, որովհետև նախագահի իրավարար որոշումը խարսխված է ոչ թե 1920թ. օգոս. 10-ի Սևրի պայմանագրի, այլ Դաշնակիցների Գերագույն խորհրդի 1920թ. ապրիլի հայցի վրա: Խորհրդի հայցը և Սևրի պայմանագիրն իրար հետ կապ չունեն և իրարից անկախ են: Նախագահին հղված հայցը չի ունեցել որևէ նախապայման»:[1]
2. Այն, որ Վիլսոնի Իրավարար վճիռը և Սևրի պայմանագիրը առանձին փաստաթղթեր են և վճռի գործադրումը բնավ կապ չունի Սևրի պայմանագրի վավերացման հետ, միանշանակորեն ամրագրված է նույն Սևրի պայմանագրի # 89 և # 90 հոդվածներում:
Պայմանագրի 89-րդ հոդվածն ամրագրում է.
«Թուրքիան և Հայաստանը, ինչպես նաև այլ Բարձր պայմանավորվող կողմերը, համաձայն են ԱՄՆ նախագահի իրավարարությանը ներկայացնել Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի որոշման հարցը, և ընդունել նրա որոշումն անմիջապես, ինչպես այն պայմանները, որոնք նա կարող է հանձնարարել՝ ապահովելու համար Հայաստանի ելքը դեպի ծով, այնպես էլ նշյալ սահմանին հարակից թուրքական տարածքի ցանկացած մասի ապառազմականացումը»:
Այս հոդվածից ակնհայտ է, որ Սևրի պայմանագրի կողմերը, այդ թվում նաև Թուրքիան, պարտավորվում են «ընդունել նրա [Վիլսոնի] որոշումն անմիջապես»: Այսինքն, պայմանագրի նշյալ հոդվածով ամրագրված պարտավորությունների գործադրման ելակետ է որոշված ոչ թե պայմանագրի վավերացումը, այլ իրավարար վճռի կայացումը՝ հետևաբար գործածված է «անմիջապես» բառը: Միջազգային հարաբերություններում բազմաթիվ են այնպիսի պայմանագրերը, որոնց մի մասի գործադրման համար, ի տարբերություն ողջ պայմանագրի, այլ ժամանակային կամ նախապայմանային ելակետ է որոշվում: Օրինակ, տխրահռչակ Կարսի պայմանագրի (13.10.1921թ.) 20 հոդվածից 5-ն (# # 6; 14; 16; 18 և 19) ուժի մեջ պիտի մտնեին «անմիջապես պայմանագրի ստորագումից հետո», ի տարբերություն պայմանագրի մնացած 15 հոդվածի, որոնք ուժի մեջ էին մտնելու «վավերագրերի փոխանակման պահից»:[2]
Ավելին, Թուրքիան Սևրի պայմանագրի առանձին հոդվածով լրացուցիչ պարտավորություն է ստանձնում՝ Հայաստանին փոխանցվող «տարածքի նկատմամբ իր բոլոր իրավունքներից և տիտղոսից» հրաժարվել «նշյալ [իրավարար] որոշման օրից»:
Սևրի պայմանագրի 90-րդ հոդվածը միանշանակորեն և անվերապահորեն ամրագրում է.
«Այն պարագայում, երբ ըստ 89-րդ հոդվածի սահմանը որոշելիս նշյալ վիլայեթների տարածքն ամբողջությամբ կամ մասամբ կփոխանցվի Հայաստանին, ապա Թուրքիան սրանով իսկ նշյալ որոշման օրից հրաժարվում է փոխանցվող տարածքի նկատմամբ իր բոլոր իրավունքներից և տիտղոսից»:
Ըստ այսմ, Սևրի պայմանագիրը ստորագրած բոլոր պետությունները, ներառյալ Թուրքիան, Վիլսոնի Իրավարար վճիռը ճանաչել են «անմիջապես» և, ի լրումն դրա, Թուրքիան Իրավարար վճռով Հայաստանին հատկացված տարածքի նկատմամբ «բոլոր իրավունքներից և տիտղոսից» հրաժարվել է Իրավարար վճռի կատարման իսկ օրից, այն է՝ 1920թ. նոյեմբերի 22-ից:
3. Իրավարարության հայցադիմումները (կոմպրոմիները, compromis) բնավ կարիք չունեն վավերացման: Հայցադիմումի վավերական լինելու համար բավարար է միայն պետության լիազոր ներկայացուցչի ստորագրությունը: Վերջին 200 տարվա ընթացքում կատարված հարյուրավոր միջպետական իրավարարությունները ասածիս անհերքելի վկայություններն են: Այդպես է եղել նաև Թուրքիայի պարագայում: Օրինակ, Օսմանյան և Ռուսական կայսրությունների միջև առաջացած վեճը լուծող 1910թ. իրավարարության հայցի վավերականության համար միանգամայն բավարար են եղել Թուրքիայի արտգործնախարար Ռիֆֆաթ փաշայի (Riffat Pasha) և Կ.Պոլսում Ռուսական կայսրության դեսպան Նիկոլայ Չարիկովի[3] (Чарыков) ստորագրությունները:[4]
4. Պետք է հիշել, որ հատուկ խմբի աշխատանքներից հետո (ղեկավար՝ Վիլյամ Վեստերման, William Westerman) Իրավարար վճիռը քննության է ենթարկվել և հավանության է արժանացել ԱՄՆ պետքարտուղարության, ՊՆ և նախագահի վարչակազմի կողմից: Այս կառույցների փորձագետներից և ոչ մեկն իրավացիորեն երբևէ չի նշել, որ հարկ է սպասել Սևրի պայմանագրի վավերացմանը:
5. Վուդրո Վիլսոնն ինքն իրավաբան էր, իրավագիտության դոկտոր: Մինչև քաղաքականության մեջ մտնելը գրեթե երեք տասնամյակ (1883-1911թթ.) իրավագիտություն է ուսումնասիրել և դասավանդել ԱՄՆ լավագույն համալսարաններում: Որպես բարձրակարգ մասնագետ վստահաբար նա շատերիցս լավ գիտեր Սևրի պայմանագրի և իրեն հղված հայցադիմումի իրավական փոխհարաբերությունները: Եթե նա առանց Սևրի պայմանագրի վավերացման կատարել է Իրավարար վճիռը, ապաև այն ստորագրել և ԱՄՆ Մեծ կնիքով (The Great Seal of the USA) կնքել է տվել պետքարտուղար Բեյնբրիջ Քոլբիին (Bainbridge Colby), ուրեմն կասկածի նշույլ իսկ չի եղել, որ վերոհիշյալ փաստաթղթերն իրարից անկախ են
6. 1926-27թթ. փորձ էր արվում ԱՄՆ Սենատում հավանության արժանացնել 1923թ. օգոստոսի 6-ի ԱՄՆ-Թուրքիա պայմանագիրը: Պայմանագրի վավերացման դեմ հիմնական խոչընդոտը Վիլսոնի Իրավարար վճիռն էր, ավելի ճիշտ՝ նրա ոտնահարումը Թուրքիայի կողմից: Թեև Սենատում նշյալ պայմանագիրը բազմաթիվ կողմնակիցներ ուներ, սակայն նրանցից որևէ մեկը երբեք կասկածի տակ չդրեց Իրավարար վճռի վավերականությունը կամ այդ վճռի հայցադիմումի օրինականությունը:
Եզրափակելով վերոշարադրյալը՝ կարելի է անել հետևյալ ամփոփումը.
- 1. ՀՀ և Թուրքիայի միջև սահմանը որոշող ԱՄՆ նախագահ Վիլսոնի Իրավարար վճիռը և Սևրի պայմանագրի վավերացումն իրար հետ կապ չունեցող 2 տարբեր հարցեր են:
- 2. Սևրի պայմանագիրը ստորագրած երկրները Իրավարար վճռի գործադրաման համար սահմանել են նշյալ պայմանագրի վավերացումից անկախ ելակետային ժամկետ:
- 3. Հայցադիմումի վավերականության համար բավարար է միայն պետությունների լիազոր ներկայացուցիչների ստորագրությունը:
- 4. Վիլսոնի Իրավարար վճռի վավերականության հարցը, նրա գոյության 90 տարվա ընթացքում, երբևէ չի վիճարկվել և հարցականի տակ չի դրվել:
Ծանոթագրություն խմբագրել
- ↑ James W. Gerard. Armenia, Russia and the Lausanne Treaty, p. 166. In the book: The Lausanne Treaty, Turkey and Armenia, NY, 1926.
- ↑ Soviet Treaty Series, v. I (1917-28) (compl. & ed. by Shapiro L.), Washington, 1950, p. 137. Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1928-1923թթ.). [խմբ. Ջ. Կիրակոսյան], Երևան, 1972, էջ 523:
- ↑ Չարիկով Նիկոլայ Վալերևիչ (Чарыков Николай Валерьевич), Ռուսաստանի կայսրության արտակարգ և լիազոր դեսպան Կ.Պոլսում (25 մայիսի, 1909 – 26 փետրվարի, 1912).
- ↑ Arbitration Agreement between the Imperial Russian Government and the Imperial Ottoman Government, signed at Constantinople July 22/ August 4, 1910, American Journal of International Law, vol. 7, No. 1, Supplement: Official Documents (Jan., 1913), pp. 62-67.
12 ապրիլի, 2010թ.