Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանը՝ ըստ միջազգային իրավունքի

Խնդրո առարկա հարցը լուսաբանելու համար պետք է պատասխանենք առնվազն 3 ենթահարցի.

ա) Ինչպե՞ս է Ջավախքը հայտնվել Վրաստանի վարչական ենթակայության տակ;
բ) Ինչքանո՞վ է Վրաստանի ենթակայության տակ Ջավախքի ընդգրկումը խարսխված միջազգային իրավունքի վրա; և
գ) Միջազգային հանրությունն իր լիազոր կառույցների միջոցով ի՞նչ դիրքորոշում է արտահայտել և ի՞նչ սկզբունքներ է մշակել հայ-վրացական սահմանազատման համար:

Նախ՝ ինչպե՞ս Ջավախքը հայտնվեց Վրաստանի վարչական ենթակայության տակ:

1921թ. հուլիսի 7-ին Թիֆլիսում տեղի ունեցավ Ռուսաստանի Սոցիալ-Դեմոկրատական (բանվորական) Կուսակցության Կովկասյան բյուրոյի պլենումի նիստ, մասնակցությամբ՝ Ստալինի, Օրջոնիկիձեի, Մախարաձեի, Կիրովի, Նարիմանովի, Մյասնիկյանի, Նազարեթյանի՝ ձայնի իրավունքով, և Օրախելաշվիլու, Սվանիձեի, Մռավյանի՝ առանց ձայնի իրավունքի: Օրակարգում դրված էր երկու հարց. I. Վրաստանին կամ Հայաստանին Լոռվա Չեզոք գոտու[1] միացման մասին: II. Հայաստանին (sic! Հայաստանին) Ախալքալաքի և Խրամի (Ծալկայի) շրջանների միացման մասին:

Առաջին հարցի շուրջ Կավբյուրոյի պլենումը 6 կողմ, 1 ձեռնպահ քվեներով որոշեց Լոռու Չեզոք գոտին միացնել Հայաստանի ՍովետականՍոցիալիստական Հանրապետությանը: Երկրորդ հարցը որոշվեց փոխանցել Վրաստանի Կոմկուսի կենտկոմ, վերջինից այդ մասին ստացվելիք եզրակացությունը դնել Կավբյուրոյի հաջորդ նիստի քննարկմանը:[2] 1921թ. հուլիսի 16-ին տեղի ունեցավ Վրաստանի կոմկուսի կենտկոմի բյուրոյի նիստ՝ Մախարաձեի, Մդիվանու և Օրախելաշվիլու մասնակցությամբ: Նիստում քննարկվեցին վերոհիշյալ 2 հարցերը: Առաջին հարցի կապակցությամբ, հաշվի առնելով Կավբյուրոյի արդեն կայացված հստակ դիրքորոշումը, որոշվեց համաձայնություն տալ Լոռու Չեզոք գոտու՝ Սովետական Հայաստանին միացմանը: Անհրաժեշտ է նշել, որ տվյալ որոշումը կայացնելու պահին Լոռվա Չեզոք գոտին արդեն 5 ամիս՝ 1921 թ. փետրվարի 16-ից, գտնվում էր 11-րդ բանակի հայկական զորամիրավորումների վերահսկողության ներքո: Երկրորդ հարցի՝ Ջավախքի, վերաբերյալ ընդունվեց հետևյալ որոշումը. «Թիֆլիսի հետ Ախալքալաքի շրջանի ունեցած քաղաքական, ինչպես նաև տնտեսական կապերի նկատառումներից ելնելով՝ ընկերներ հայերի առաջարկությունը համարել անընդունելի»:[3] Առանձնանշելի է, թե որքանով է սույն ձևակերպումը նման Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու Կավբյուրոյի ընդամենը 11 օր առաջ՝ 1921թ. հուլիսի 5-ին, կայացված, որոշմանը:

Ահավասիք, այսպես կոչված իրավական հիմքը, որով Ջավախքը դրվել է Վրաստանի ՍՍՀ ենթակայության ներքո: Հարց է ծագում. Արդյո՞ք վրացի 3 կոմունիստների կարծիքը բավարար իրավական հիմք է՝ որոշելու հայության մի ստվար հատվածի՝ ջավախահայության, ճակատագիրը: Արդյո՞ք 3 կոմունիստների որոշումը բավարար հիմք է տարածքի տիտղոսը (title to territory) հստակեցնելու համար: Արդյո՞ք այս 3 կոմունիստների կարծիքը իրավասու էր չեղյալ հայտարարելու Փարիզի խաղաղության վեհաժողովի հատուկ հանձնաժողովի 1920թ. փետրվարի 24-ի հայ-վրացական և հայ-ադրբեջանական սահմանազատման (delimitation) առաջարկված սկզբունքները: Իհարկե՝ Ո՛Չ:

Անհրաժեշտ է ընդգծել, որ հետսովետական Վրաստանի բոլոր ղեկավարներն ու կառավարությունները միանշանակ բացասական գնահատականներ են տվել Վրաստանում կոմունիստական տիրապետության ժամանակաշրջանին (1921-1991թթ.), մերժել են այն, իրավացիորեն այդ ժամանակաշրջանը համարել օտարերկրյա ռազմական ուժի կողմից վրաց ժողովրդի պետականազրկման, երկրի ապօրինի բռնազավթման (1921թ. փետրվարից), ապաև բռնակցման (1922թ. դեկտեմբերից) տարիներ: Միջազգային իրավունքի տեսանկյունից միանգամայն օրինաչափ գնահատականներ, քանի որ նույն միջազգային իրավունքի հիմնադրույթներից է, որ զավթիչ վարչախմբի (oկուպացիոն ռեժիմի) գործողությունները չեն կարող և չեն ծնում իրավական հետևանքներ տվյալ երկրի համար, անկախ այն բանից՝ այդ հետևանքները դրական են, թե՝ բացասական:

Սա է վերը նշած մեր 2-րդ հարցի պատասխանը: Վրացկոմկուսի որոշման անօրինականության փաստը ամրապնդվում է նաև այն հանգամանքով, որ ներկայիս Վրաստանի ուղղակի իրավահաջորդությունը Վրաստանի առաջին հանարապետությանը ամրագրված է «Վրաստանի պետական անկախության վերականգնման ակտով» (09.04.1991թ.), որն էլ վկայակոչման ճանապարհով ներառված է Վրաստանի գործող սահմանադրության 1-ին հոդվածի 1-ին մասում:

Հիմա անդրադառնանք երրորդ հարցին. Միջազգային հանրության լիազոր կառույցների առաջարկին Հարավային Կովկասի սահմանների վերաբերյալ:

Հարավային Կովկասի երկրների փոխադարձ սահմանների, ինչպես նաև ՀՀ և Թուրքիայի սահմանի, հարցերը քննության առարկա են դարձել Փարիզի խաղաղության վեհաժողովում (1919-1920թթ.): Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների վերաբերյալ համապատասխան զեկույց է ընդունել Հայաստանի սահմանները որոշող հատուկ հանձնաժողովը: Սույն հանձաժողովի զեկույցի տակ դրված են Ազգերի լիգայի Խորհրդի անդամ երկրների՝ Ֆրանսիայի, Բրիտանական կայսրության, Իտալիայի և Ճապոնիայի, լիազոր ներկայացուցիչների ստորագրությունները: Այս զեկույցը, որը թվագրված է 24 փետրվարի, 1920թ.-ով և վերնագրված է «Զեկույց և առաջարկներ՝ Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի»[4] հստակեցրել և ամրագրել է ՀՀ սահմանազատման սկզբունքները նրա հյուսիսային հարևանների հետ: Այն մասնավորապես արձանագրում է. «Ինչ վերաբերում է Հայաստանի պետության և Վրաստանի, ինչպես նաև Ադրբեջանի սահմանին, ապա Հանձնաժողովը գտնում է, որ ներկայումս նախընտրելի է սպասել վերոնշյալ սահմանների հստակեցման վերաբերյալ այնպիսի համաձայնության արդյունքներին, որոնց երեք հանրապետություններն իրենք կհանգեն պայմանագրերի մեջ: Այն դեպքում, եթե սույն հանրապետություններն իրենց սահմանների վերաբերյալ չեն հանգի որևէ համաձայնության, ապա հարցը պետք է փոխանցվի Ազգերի լիգայի իրավարարությանը, որը կստեղծի միջդաշնակցային Հանձնաժողով՝ տեղում որոշելու վերոնշյալ սահմանները՝ հաշվի առնելով, որպես սկզբունք, ազգագրական տվյալները»:

Հույժ կարևոր է, որ նշյալ փաստաթուղթն ընդգրկվել է ԱՄՆ նախագահ Վիլսոնի իրավարար վճռի (22 նոյեմբերի, 1920թ.) (Arbitral Award, November 22, 1920) Ամբողջական զեկույցի մեջ, որպես 1-ին հավելվածի 2-րդ փաստաթուղթ (Full Report, Annex I, No2), որը վկայում է, որ Միացյալ Նահանգները ճանաչել են նշյալ փաստաթղթի իրավական էությունն ու օրինականությունը:

Նշյալ դրույթները ներառվել են նաև Սևրի պայմանագրի (10 օգոստոսի, 1920թ.) մեջ,[5] որպես Պայմանագրի 92-րդ հոդված. «Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Վրաստանի, միջև սահմանները կորոշվեն շահագրգիռ երկրների ուղղակի համաձայնության միջոցով: Այն դեպքում, երբ շահագրգիռ երկրները մինչև 89 հոդվածում հիշատակված որոշման օրը չեն կարողանա համաձայնությամբ որոշել սահմանները, ապա խնդրո առարկա սահմանը կորոշվի Գլխավոր դաշնակից ուժերի կողմից, որոնք էլ տեղում կիրականացնեն նաև սահմանանշումը»:

Բնականաբար Գլխավոր դաշնակից ուժերը, որոնք նաև մաս էին կազմում Ազգերի լիգայի խորհրդին, առաջնորդվելու էին իրենց իսկ մշակած և որդեգրած սկզբունքներով:

Անհրաժեշտ է նշել, որ Փարիզի վեհաժողովում ԱՄՆ պատվիրակության հետախուզական բաժինը (Intelligence Section of the American Delegation) նախագահ Վիլսոնին հասցեագրված նախնական առաջարկների մեջ [թվագրված՝ 21 հունվարի, 1919թ.][6] միանշանակորեն արտահայտվել է Ախալքալաքի և Ախալցխայի ենթաշրջանները Հայաստանին միացնելու օգտին: ՀՀ սահմանները հստակեցնող առաջարկների մեջ մասնավորապես գրված է. «Թեև տեղակայված համաշխարհային առևտրի հիմնական հոսանքներից հեռու, այնուհանդերձ Հայաստանի երկու ելքերը դեպի Սև ծով և Միջերկրական կապահովեն այն կենսունակ կապը, որն անհրաժեշտ է տնտեսական անվտանգության համար: Տեղագրության և առևտրի տեսանկյունից Ադանայի [նահանգի] Կիլիկիայի տարածաշրջանը պատկանում է Հայկական բարձրավանդակին և ոչ թե նրա երկու կողմերում գտնվող թուրքական Անատոլիային կամ Սիրիային: Նախկին Ռուսական [կայսրության] Կարսի և Երևանի նահանգների, Ախալքալաքի և Ախալցիխի ենթաշրջաններով հանդերձ, ներառումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանք են պարունակում հայ ժողովրդի ամենաստվար զանգվածը»:

Նշյալ առաջարկված և ամրագրված սկզբունքները, ինչպես նաև Վիլսոնի Իրավարար վճիռը, ի կատար չեն ածվել, քանի որ Հարավային Կովկասի բոլոր 3 երկրներն էլ բռնազավթվել, ապաև բռնակցվել են բոլշևիկյան Ռուսաստանին, այսինքն՝ կորցնելով իրենց ինքնիշխանությունը, դադարել են միջազգային իրավունքի սուբյեկտներ լինելուց: Մեկ անգամ ևս պետք է կրկնել, որ բռնազավթման (1920/21-22) ապաև բռնկցման տարիներին (1922-91) տեղի ունեցած որևէ գործողություն՝ սահմանազատում, վարչատարածքային բաժանում, վարչական միավորների ստեղծում, չէր կարող և չի ստեղծել իրավական հետևանք, քանի որ բոլոր այդ գործողություններն ի սկզբանե խարսխված են եղել միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարման հետևանքով առաջացած իրավիճակի վրա, այն է միջազգայնորեն ճանաչված անկախ երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հանրապետությունների (1918-20/21) անօրինական պետականազրկումը: Հանցագործությունը չի ծնում իրավունք՝ Ex injuria non oritur jus:

Այսպիսով, միանգամայն հստակ է, որ չկա որևէ միջազգային փաստաթուղթ (international instrument), որը միջազգային իրավունքի հիման վրա և միջազգային իրավունքի ընթացակարգի կիրառմամբ որոշած լինի սահմանը ՀՀ և Վրաստանի միջև: Ավելին, չկա որևէ միջազգային փաստաթուղթ, որը հիմք կհանդիսանա Ջավախքի տարածաշրջանի (կամ ինչպես ամերիկացիներն էին գրում, Ախալքալաքի և Ախալցիխի ենթաշրջանների) վրա վրացական տիտղոսի ամրակցման համար: Ընդհակառակը, կան միջազգային փաստաթղթեր,[7] որոնց մեջ ընդգրկված սկզբունքները և առաջարկները ամրակցել են հայկական տիտղոսը խնդրո առարկա տարածքի վրա: Առնվազն տարօրինակ է, որ այսօր փորձ է արվում կուսակցական որոշումներին գերակա կարգավիճակ տալ միջազգային փաստաթղթերի նկատմամբ:

Հարավային Կովկասում սահմանների, ինչպես նաև հայ-թուրքական սահմանի, հարցը, կարող է և պետք է լուծվի միայն միջազգային իրավունքի հիման վրա արդեն իսկ կայացված վճռի (22.11.1920թ.) և հստակեցված սկզբունքների (24.02.1920թ.) կենսագործմամբ: Անհրաժեշտ է հիշեցնել, որ այսօրվա Եվրոպայի և Միջին արևելքի քաղաքական քարտեզը գրեթե ամբողջովին ձևավորվել է Փարիզի 1919-20թթ. վեհաժողովի որոշումների, սկզբունքների և առաջարկների հիման վրա: Եթե որևէ մեկն այսօր կփորձի կասկածի տակ դնել Փարիզի վեհաժողովի որոշումները Հայաստանի մասով, ուրեմն նա կասկածի տակ կդնի այսօրվա Եվրոպայի և Միջին արևելքի ողջ քաղաքական և իրավական համակարգը:


Հղումներ և ծանոթագրություն

խմբագրել
  1. Լոռվա Չեզոք գոտի՝ Լոռու Բորչալուի գավառի Ալավերդու, Ուզունլարի և Վորոնցովկայի շրջաններից կազմված գոտի՝ 09.01.1919-16.02.1921թթ.:
  2. ՀՀ ՀՔԿՓ ԿՊԱ, Հավաքածու 1, գ. 7, թ. 45:
  3. ՀՀ ՀՔԿՓ ԿՊԱ, Հավաքածու 1, գ. 7, թ. 43:
  4. United States National Archives, Records of the Department of State Relating to Political Relations between Armenia and other States, 1910-29, 760J.6715/60-760J.90C/7, Appendix I, No 2.
  5. Պետք է շեշտել, որ Սևրի պայմանագիրը կատարման համար պարտադիր փաստաթուղթ է, քանի որ այն ստորագրվել է «բարձր պայմանավորվող կողմերի» միջև և ինչպես ամրագրված է Վիեննայի Պայմանագրերի մասին միջազգայնագրի (1969թ.) 2-րդ հոդվածի 6-րդ կետով և Պայմանագրերի նկատմամբ պետությունների իրավահաջորդության մասին Վիեննայի միջազգայնագրի (1978թ.) 2-րդ հոդվածի 11-րդ կետով, կողմերը պարտավորվում են պայմանագիրն ընդունել որպես կատարման համար պարտադիր փաստաթուղթ, անկախ պայմանագրի՝ ուժի մեջ մտած կամ չմտած լինելուց:
  6. The Middle East and North Africa in World Politics, A Documentary Record, v. 2 British-French Supremacy, 1914-1945 [ed. Hurewitz J.C.], New Haven and London, Yale University Press, 1979, p. 132-7.
  7. Oրինակ՝ 1. Tentative Recommendations for President Wilson by the Intelligence Section of the American Delegation to the Peace Conference, 21 Jan 1919; 2. League of Nations Council, Report and Proposals of the Commission for the Delimitation of the Boundaries of Armenia, 24 Feb 1924; 3. Woodrow Wilson, Arbitral Award, Full Report, 22 Nov 1920, Annex I, No 2.


04 օգոստոսի, 2007թ.