Հայաստանի տարանցիկ հնարավորությունները՝ ըստ միջազգային իրավունքի
Հայաստանի Հանրապետության իշխանությունները տխրահռչակ զույգ արձանագրությունները ստորագրելու, ապաև վավերացնելու համար որպես հիմնական կռվան են վկայակոչում Հայաստանն ապաշրջափակելու անհրաժեշտությունը: Չկիսելով, այսպես կոչված, հայ-թուրքական սահմանի բացման կապակցությամբ ծփացող հրճվանքը, միանգամայն օրինաչափ եմ համարում ՀՀ իշխանությունների այս ձգտումը: Այսուհանդերձ, ընտրած ուղին ճիշտ չէ, քանի որ եթե Թուրքիան սահմանը բացի ոչ որպես միջազգային պարտավորություն, այլ որպես բարեհաճություն, ապա այն կարող է փակել ցանկացած պահի, ցանկացած մտացածին պատրվակով: Ընդսմին, Թուրքիան պատրաստակամություն է հայտնել «բացել ընդհանուր սահմանը» Հայաստանի՝ իր տարածքային իրավունքից հրաժարվելու, ցեղասպանությունը հարցականի տակ դնելու և մի շարք այլ անընդունելի զիջումների դիմաց: Դա չարդարացված բարձր գին է և ավելի շատ նման է պատանդների համար վճարվող փրկագնի, քան իրավահավասար երկրների բանակցված համաձայնության:
Արդ, անհրաժեշտ է պատասխանել մի կարևոր հարցի.
– Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները սպառել էին նշյալ սահմանը բացել տալու, ավելի ճիշտ, Հայաստանն ապաշրջափակելու բոլոր հնարավորությունները, որ այսօր դրա համար պատրաստ են վճարել մեր անցյալով և ապագայով:
Նախ նշեմ, որ Թուրքիան 1993թ. հուլիսից առ այսօր ՀՀ նկատմամբ իրականացնում է պատերազմական միջոցառում (War Measure),[1] քանի որ միջազգային իրավունքը շրջափակումը դիտարկում է որպես այդպիսին: Թուրքիայի կողմից ՀՀ շրջափակումը միանշանակորեն միջազգային իրավունքի և ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է: Ըստ այդմ, միջազգային իրավունքը, մասնավորապես նրա մի շարք կարևորագույն փաստաթղթեր, Հայաստանն ապաշրջափակելու համար տալիս է բազմաթիվ լծակներ: Միջազգային իրավունքի այդպիսի փաստաթղթերից այստեղ անդրադառնանք միայն մեկ փաստաթղթի:
Թուրքիան 1969թ. մայիսի 25-ին միացել է Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առևտրի կոնվենցիային (Նյու Յորք, 08.07.1965թ.) (Convention on Transit Trade of Land-locked States):
Սույն կոնվենցիայի 1-ին սկզբունքը ճանաչում է, որ «դեպի ծով ելք չունեցող երկրներից յուրաքանչյուրի համար դեպի ծով ազատ ելքը վճռորոշ սկզբունք է միջազգային առևտրի ընդլայնման և տնտեսական զարգացման համար»:
Նույն կոնվենցիայի 3-րդ սկզբունքը միանշանակորեն ճանաչում է անծով երկրների՝ դեպի ծով ազատ ելքի իրավունքը. «Որպեսզի ծովեզերք չունեցող երկրները ծովեզերք ունեցող երկրների հետ հավասարապես օգտվեն ծովերի ազատությունից, նրանք պետք է ունենան ազատ ելք դեպի ծով»:
Ավելին, նշյալ կոնվենցիայի 4-րդ սկզբունքը հաստատակամորեն պնդում է, որ «տարանցիկ ապրանքների համար չպիտի գանձվի որևէ մաքս»: Իսկ «տարանցիկ փոխադրումներն իրականացնող փոխադրամիջոցները չպիտի վճարեն հատուկ տուրքեր կամ ենթարկվեն այնպիսի գանձումների, որոնք ավելի բարձր են, քան վճարում են տարանցիկ երկրի փոխադրամիջոցները»:
Վերոհիշյալ սկզբունքներն ամրագրված են նշյալ կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներում: Հոդված 2-րդի 1-ին կետը նշում է. «Համաձայն սույն կոնվենցիայի պայմանների՝ ազատ տարանցման իրավունք պետք է տրվի փոխադրումներին և տրանսպորտի միջոցներին: (…) Համաձայն սույն կոնվենցիայի պայմանների՝ ոչ մի խտրականություն չպիտի դրվի ապրանքների ծագման, մեկնակետի, մուտքի, ելքի կամ վերջնահասցեի կամ որևէ այլ հանգամանքի պատճառով, որը վերաբերում է ապրանքների կամ նավերի սեփականությանը, ցամաքային փոխադրամիջոցներին կամ օգտագործվող այլ փոխադրամիջոցներին»:
Սույն կոնվենցիայի 3-րդ հոդվածը վերաբերում է մաքսատուրքերին և տարանցման գանձումներին. «Տարանցիկ փոխադրումները տարանցման երկրի իշխանությունների կողմից չպիտի ենթարկվեն մաքսատուրքերի, որևէ ներմուծման կամ արտահանման հարկերի վճարման, կամ տարանցմանն առնչվող որևէ այլ հատուկ գանձման»:
Հայաստանի Հանրապետությունը, ինչքան էլ տարօրինակ է, առ այսօր չի միացել վերոնշյալ կոնվենցիային: Կարծում եմ՝ տխրահռչակ զույգ արձանագրությունները ստորագրելու փոխարեն առաջին հերթին անհրաժեշտ է միանալ Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առևտրի կոնվենցիային և առդիր փաստաթղթերին:
Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ պետք է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Ընդհանուր համաժողովի ուշադրությունը բևեռել Թուրքիայի կողմից վերոհիշյալ կոնվենցիայից բխող միջազգային պարտավորությունները հետևողականորեն չկատարելու, հետևաբար միջազգային իրավունքի ակնհայտ, կոպիտ, բազմակի ու չարամիտ խախտումների վրա, որոնք լուրջ կռվան են ՀՀ ապաշրջափակելու քաղաքական գործընթացում:
Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը քանի դեռ չի սպառել Հայաստանն ապաշրջափակելու միջազգային իրավունքով իրեն վերապահված բոլոր հնարավորությունները, իրավունք չունի ստորագրելու տխրահռչակ զույգ արձանագրությունները:
Սպիտակ դրոշ մենք միշտ էլ կհասցնենք պարզել:
Ծանոթագրություն
խմբագրել- ↑ Jack C. Plano, Roy Oltan, The International Relations Dictionary, Santa Barbara, 1988, p. 194.
19 սեպտեմբերի, 2009թ.